Ո՞վ է Չարենցը: Հնարավո՞ր է, արդյոք, գրողի մասին համընդհանուր, «օբյեկտիվ» ընկալում, մանավանդ երբ գրողը Չարենցն է:
Այս հարցը կարող է առաջանալ ամեն դարաշրջանի ավարտին և նաև ամեն անգամ, երբ Չարենցի նոր անտիպներ են հրապարակվում: Ժամանակները փոխվում են, «օբյեկտիվությունն» էլ հետը, ինքը Չարենցն էլ էր փոփոխվում, բայց նաև ժամանակների հետ Չարենցին փոխում են, հարմարեցնում իրենց հերթագայող գաղափարախոսությունները: Տիրապետող քաղաքական հայացքները Չարենցի բարդ ու բազմաշերտ ստեղծագործությունից թորում են իրենց ցանկալի գաղափարները` մոլորություն համարելով նրա այլ կողմնորոշումները: Եվ այդպես նա մեկ հեղափոխության երգիչ է, մեկ` ազգայնական պատգամախոս:
Չարենցն ինքը պարբերաբար տարվում էր ինքնաժխտման կրքով, որից օգտվելով գրաքննադատությունն էլ մի Չարենցով մյուս Չարենցին է ժխտում ու ժխտումներում կորցվում է հենց Չարենցի փոփոխվող ու բազմազան լինելը:
Սակայն խնդիրը չի ավարտվում միայն նրանով, որ ըստ օրվա գաղափարախոսական դավանանքի է չարենցյան «ծայրահեղությունների»ե ու «հակասությունների»ե կծիկից հյուսվում միագիծ առանցք: Հասարակական գիտակցությունն իր հերթին պոեզիայի ու գրականության մասին ստանդարտացված բարոյական ու գեղագիտական պատկերացումների համապատասխան (ավանդական, դասական «Տաղարան» կամ «Նավզիկե») ձևում է չարենցյան այնպիսի առանցք, որի մեջ ոչ մի կերպ չի հավաքվում, տեղավորվում ամբողջ Չարենցը:
Այդ ձևվածքից դուրս մնացած Չարենցի «առանցքները» մնում են գրականության մայրուղային ընկալման լուսանցքներում («Կապկազ-թամաշայից» ու «Ռոմանս անսերից» մինչև այստեղ հրատարակվող անտիպներ):
«Ինքնագրի» հենց առաջին նյութի ծանոթագրություններում կկարդաք. «Եթե Չարենցն արևմտյան բանաստեղծ լիներ, նրա թուլություններն ու ըմբոստ պահվածքը կենթարկվեր իրական ուսումնասիրության, սակայն քանի որ այդպես չէր` բանաստեղծին շնչահեղձ արած ու կործանած խորհրդային ամբողջատիրական համակարգը փոխարինվել է ազգայնական ու կրոնական շովինիզմի գաղափարախոսությամբ, որն իր ուրույն ձևով է շնչահեղձ անում ու կործանում բանաստեղծին»:
Պրոֆեսոր Ռասելը, հրապարակելով Չարենցի անտիպները, բացում է բանաստեղծի մեկ այլ կերպարը, որ թաքցվել է հայ ընթերցողից: Ու հարցի պատասխանը` ո՞վ է Չարենցը, դառնում է ավելի բարդ, բայց նաև ավելի է ընդգծվում նրա բազմամշակութային պատկանելությունը, «Իրանի արևին», «Նաիրիի թախծին» ու «մոսկովյան կարմիր հրին» գումարվում է նրա բազմասեռականութունը` իր մեջ խտացնելով ժամանակակից հասարակությունների մեջ կողք-կողքի գոյատևող ամենատարբեր ենթախմբերը:
Ու Չարենցը դառնում է մի տեսակ ժամանակակից դեմոկրատիայի խորհրդանիշ, և քանի դեռ նրա մի դեմքը թաքցվում է Հայաստանում, ուրեմն դեմոկրատիայի պակաս կա:
Բազմամշակութային խճանկարում էլ «Ինքնագրում» կողք-կողքի են հայտնվել փարիզյան «թմրամոլային խելակորույս տոնը» (Թերզյան)` թարգմանված դասական ուղղագրությամբ ու խիստ գրական հայերենով, և Սևանի հոգեբուժարանում Սովետի ժամանակներից աքսորյալի մինիմալիստական քնարերգությունը (Ժամկոչյան):
Իրականության մարմնին դիպչելու անհնարինությունից բանաստեղծի` միայն սեփական անուն-լոգոն իբրև «ինֆորմացիոն մարմին» սփռելու, բազմապատկելու փորձը (Սուպերպոետ), և բանաստեղծության անհնարինությունից, այնուամենայնիվ, բանաստեղծության «թղթե իրականություն» արարելու իներցիան (Հակոբյան):
Ցեղասպանությունն իբրև տատիկի հնացած սնդուկից հանված, գյումրվա բարբառով սարսափ-հեքիաթ, որ պատմվում է բացակա հերոսին (Դանիելյան), և իբրև ժամանակակից իրավունքի կոնտեքստում «ցեղասպանության թոռի» հանձնառությամբ բանաստեղծական սահմանում` անգլերենով (Սեմերջյան): Բերբերյանի վեպի հատվածում մարդկային հարաբերությունները գործարքներով փոխարինած «ապակու և պողպատի աշտարակների» բնակչի հաշվարկներն են, որ անգամ տերևների նախշերի մեջ միայն լոգարիթմ է տեսնում: Իսկ ամեն ինչ հաշվելու, անհաշվելին հաշվելու մոլուցքի հանդեպ Սևակի հեգնանքը («հաշվում եք, հաշվում…»), ասես, կապվում է Խոստիկյանի գործին. թղթադրամի տրցակից անհետանում են թվա և տարբերանշանները` որպես ներկա տնտեսական ճգնաժամի, անհաշվելիի ու համրանքի հարաբերության ճգնաժամի խորհրդանիշ, ու տրցակից միակ հաշվելին մնում է անհաշվելին` Չարենցը:
Բազմազանության խճանկարը ընդգրկում է նաեւ ամռանը կանանց համար «Ուտոպիանայի» կազմակերպած ու իմ վարած գրական workshop-երի ընթացքում ստեղծված տեքստերի մի մասը` այս անգամ` Ալինա Պողոսյանի և Բյուրակն Իշխանյանի պատմվածքները: