Անգլերենից թարգմանեց Անահիտ Բոբիկյանը

Նվիրվում է Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 200-ամյակին

Նապոլեոնի դեմ մղված պատերազմում Ռուսաստանի դարակազմիկ հաղթանակը` 1812 թ. իրադարձություններն ու զավթիչ բանակի պարտությունը դրանից երեք տարի անց, Կայսրությունում սահմանադրական բարեփոխումների մեծագույն հույսեր ներշնչեցին: Այս տրամադրությունները հանգեցրին Ռուսաստանի հյուսիսում և հարավում մի շարք հեղափոխական քաղաքական կուսակցությունների կազմավորմանը, որոնք հաղթանակի հորձանքում Արևմուտքի գաղափարախոսական արժեհամակարգին հասու դարձած սպաների և մտավորականների ժողովրդավարական այլընտրանքն էին ավետում: Ազատականների ակնկալիքներն աչքի էին ընկնում մեծ բազմազանությամբ, սկսած Մուրավյովի` սահմանադրական մենիշխանության պահպանողական տեսլականից մինչև գնդապետ Պավել Պեստելի` յակոբինյան կարգի հանրապետության հաստատման և երկրի մշակահողերի արմատական վերաբաշխման պահանջը: 1825 թ. դեկտեմբերի 14-ին (նոր տոմարով` դեկտեմբերի 26-ին) արմատական ռեֆորմատորների (բարեփոխիչների) Հյուսիսային խումբն ապստամբեց` նպատակ ունենալով համոզել մայրաքաղաքի զինվորականությանը պաշտպանելու թագաժառանգ արքայազն Կոնստանտինի թագադրման իրավունքն ընդդեմ նրա եղբոր` Նիկոլայի: Շուրջ երեք հազար ապստամբներ էին հավաքվել Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Սենատսկայա հրապարակում: Նրանց դեմ ելած կրկնակի ուժերի պարագայում անգամ հնարավոր կլիներ հաջողության հասնել, եթե չհապաղեին և վճռականություն ցուցաբերեին: Ի վերջո, Նիկոլայը հրետանու մասնակցությամբ հարձակման հրաման արձակեց և ջախջախեց ապստամբությունը դեռ մինչև նրա ծավալվելը: Ռուսաստանի ողջ տարածքում ծայր առան զանգվածային ձերբակալություններ:

Շատերը հույս ունեին, որ նոր Կայսրը` Նիկոլայ I-ը, գթասրտություն կցուցաբերի իր թագադրության կապակցությամբ, սակայն միապետը, որի թագավորումը բնութագրվելու էր «Ուղղափառություն, ինքնակալություն և ժողովուրդ» կարգախոսով1, հիասթափեցրեց վերնախավի ազատական գործիչներին: 1826 թ. հուլիսի 13-ին ցարի հրամանով դավադիրներից հինգը կախաղան հանվեցին, այդ թվում` Պեստելն ու բանաստեղծ Ռիլեևը, երկուսն էլ` բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի մտերիմ ընկերները: 300 այլախոհների հանդեպ կիրառվեցին զանազան այլ պատժամիջոցներ, ևս 120 հոգի շղթայված աքսորվեցին Սիբիր: Երիտասարդ իդեալիստներից շատերի սրտերը ժամանակին բոցավառվել էին նոր դարից ընդամենը մեկ տարով մեծ նրանց ընկերոջ` Պուշկինի բանաստեղծությունների ազդեցությամբ: Պյոտր Բեստուժևն իր հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ իր ոգեշնչումը սերել է Պուշկինի «Ձոն ազատությանը» բանաստեղծությունից: Ինքը` Պուշկինը, սիբիրյան աքսորից կամ առավել ծանր պատժից փրկվեց սոսկ պատահականության շնորհիվ: Ըստ հանրահայտ պատումի, նա ծրագրում էր մայրաքաղաք մեկնել, սակայն չարագույժ երեք նախանշան` ճանապարհը կտրած երկու նապաստակն ու ծխական քահանայի կերպարանքը, հետ պահեցին ճամփա ընկած բանաստեղծին: Հազվագյո՜ւտ հաջողություն ռուս գրականության համար: Բայցևայնպես, Պուշկինն արտաքսվեց մայրաքաղաքից. նա բնակություն հաստատեց Պսկովի մերձակայքում գտնվող իր տոհմական Միխայլովսկոյե կալվածքում: Այն ամռանը, երբ մահապատժի ենթարկվեցին դեկաբրիստները, Պուշկինը գրեց իր «Մարգարե» («Пророк») բանաստեղծությունը: Ստեղծագործության սկզբնական տարբերակն, ըստ ամենայնի, ավարտվում էր հետևյալ հանդուգն քառյակով, կամ նմանատիպ այլ տողերով`

Восстань, восстань, пророк России,

Позорной ризой облекись

И с вервием вкруг смирной выи2

К царю кровавому явись.

Կայսրը, որն ընդամենը չորս տարով էր մեծ Պուշկինից, հրամայեց իր մոտ բերել նրան:

1826 թ. սեպտեմբերի 3-ի գիշերը մի ֆելդեգեր ժամանեց նրան Միխայլովսկոյեից Մոսկվա ուղեկցելու: Այդ ճանապարհը` ցեխոտ 700 վերստ, անցան ընդամենը չորս օրում:  Մայրաքաղաքում, առանց բանաստեղծին հանգստանալու կամ անգամ լվացվելու հնարավորություն տալու, նրան անմիջապես բերեցին ցարի մոտ` Չուդով մենաստան:

Պուշկինը` «Մարգարեի» եզրափակիչ բոցաշունչ քառյակով ձեռագիր օրինակը գրպանում, մտորում էր այն մասին, որ եկել է իր վերջը: Տարիներ անց բանաստեղծի ընկերը` Ա.Վ. Վենևվիտինովը, ասել է Լերներին. «Երբ Պուշկինը հայտնվեց Կրեմլյան պալատում, նա հաստատապես որոշել էր, որ թագավորին ուղղված իր բացատրությունների անբարենպաստ արդյունքի դեպքում, մինչև հեռանալը, ինքը բանաստեղծությունը կհանձնի Նիկոլայ Պավլովիչին»: Ցարն ու բանաստեղծը զրուցում են երկու ժամ` Պետրոս Մեծի մասին, ում երկուսն էլ պաշտում էին, և տարաբնույթ թեմաների, այդ թվում` գրաքննության և ժողովրդական կրթության շուրջ:

Վերջում Նիկոլայը հարցնում է Պուշկինին, արդյոք նա կմասնակցե՞ր ապստամբությանը, եթե Պետերբուրգում լիներ:  Բանաստեղծը հայտարարում է, որ ապստամբներն իր ընկերներն են, և եթե ինքը նրանց կողքին լիներ, ապա կմիանար նրանց:  Ազնվության ու խիզախության այս դրսևորումից ակնհայտորեն տպավորված` ինքնակալը Պուշկինին ասում է, որ այսուհետ  ինքը` Նիկոլայն է լինելու բանաստեղծի միակ գրաքննողը:  Այսպիսով ավարտվում է նաև Պուշկինի վեցամյա անողորմածությունը: Հետագայում լեհ մեծանուն բանաստեղծ ու հեղափոխական գործիչ Ադամ Միցկևիչն իր կարծիքն է հայտնել Ալեքսանդր Գերցենին, որ ցարից լսած գովեստի խոսքերն են հանգեցրել ցարի հանդեպ Պուշկինի երախտագիտության ու ջերմ վերաբերմունքին:  (Պուշկինն ըստ էության գրել էր իր «Հուսով առ փառքն ու բարին» («В надежде славы и добра») բանաստեղծությունը ցարի համար, ինչը հարուցել էր Միցկևիչի դժգոհությունը, իսկ Պուշկինի ազգայնական, հակալեհական «Ռուսաստանի զրպարտիչներին» («Клеветникам России») բանաստեղծությունը, որը լայնորեն ընդգրկված էր ռուսաց լեզվի քերականության ցարական դասագրքերում, որքան անկեղծ ու արդարացի, նույնքան էլ անհաճո էր): Երբ Պուշկինը Նիկոլայի ընդունելության ավարտին պատրաստվում էր հեռանալ, բանաստեղծության ձեռագիրն ընկնում է գրպանից, սակայն նա այն կրկին պահում է գրպանում:  Նույն երեկոյան, պարահանդեսի ժամանակ, ցարն ասում է Բլուդովին. «Գիտե՞ք, այսօր ես բավականին երկար զրուցեցի Ռուսաստանի ամենակիրթ մարդու հետ: Կարո՞ղ եք կռահել` ում մասին է խոսքը»:  Բլուդովը չի կարողանում կռահել:  «Պուշկինի», – ասում է Նիկոլայը:  Ոչ հեռու կանգնած և այս խոսակցությունը լսած իշխանուհի Ա.Ի. Տրուբեցկայան հետագայում բացականչելու էր Վենեևիտինովի հետ զրուցելիս. «Ես հիմա ցարին ավելի բարի աչքերով եմ նայում: Նա Պուշկինին մե՛զ վերադարձրեց»:

Սակայն եթովպական արյան խառնուրդով, փոքրամարմին, թխադեմ Պուշկինը Հյուսիսային Ռուսաստանի բարձրահասակ ու խարտյաշ պալատականների շրջանում դեռևս վստահություն չէր ներշնչում: Սանկտ Պետերբուրգի ավանդապաշտ բյուրոկրատիան` գրաքննիչները, ցարական ռեժիմը սպասարկող գաղտնի ոստիկանության պետ Բենկենդորֆը, ստորաքարշ, երրորդ կարգի գրող Բուլգարինը, ամեն կերպ ջանում էին կաղապարել նրա ազատատենչ ոգին, ծաղրուծանակի էին ենթարկում նրա բանաստեղծական տաղանդը և հազարավոր այլ ճղճիմ ձևերով նսեմացնում նրան:  Ի վերջո, ամենայն հավանականությամբ, կայսերական իշխանավորների գործուն միջամտության շնորհիվ, բանաստեղծը հայտնվեց կնոջ դավաճանության փաստի առջև և ներքաշվեց տխրահռչակ Դանթեսի` իր կնոջը գայթակղած սրիկայի հետ անխուսափելի մենամարտի մեջ: 1837 թ. փետրվարին նա կնքեց իր մահկանացուն:

Սակայն մինչ այդ, իր ցավալիորեն կարճ կյանքի ընթացքում ստեղծված գործերում Պուշկինը լիովին և ըստ արժանվույն հատուցեց իր հակառակորդներին. նա իր արվեստը մատուցեց որպես մարգարեություն, բնածին շնորհի իրականացման սրբազան առաքելություն, որը վեր է կանգնած առօրեականության ճղճիմությունից: Եվ ռոմանտիզմի այդ դարաշրջանում բանաստեղծն ինքը դատապարտված էր մենության, հանդես գալով ոչ թե որպես արհեստավոր, այլ մուսայի սիրեցյալ ու մարմնավորում` տոգորված աստվածային խենթությամբ, վերամբարձությամբ, հեղափոխականությամբ ու կրքոտությամբ: Պուշկինի օրոք բանաստեղծի` որպես մարգարեի, ինքնապատկերը ձևավորվել էր ռոմանտիզմի դարաշրջանի աշխարհիկ ազգայնականության միջոցով, որի հիմքում դրված էին աշխարհիկ կրթության ուղղությունները:

Ռոբերտ Լոութն իր «Դասախոսություններ հրեաների հոգևոր պոեզիայի մասին» աշխատության մեջ (1747թ.), առաջադրում էր այն հարցը, որ Աստվածաշունչը կարող է ընկալվել որպես պոետիկ ստեղծագործություն, քանի որ եբրայերեն «պոետ» և «մարգարե» բառերը միևնույն իմաստն ունեն: Այդ դեպքում, Հին Կտակարանի մարգարեներն իրենց ժամանակի պոետներն էին, ուրեմն նաև ժամանակակից բանաստեղծները կարող էին հավակնել նոր դարաշրջանի մարգարեների կոչմանը: Բեյլին Պուշկինի մասին իր մենագրության մեջ3 համեմատություն է անցկացնում «Մարգարեի» և Ուիլյամ Բլեյքի «Փորձառության երգերի» շարքի առաջին բանաստեղծության` «Անսացեք բանաստեղծի ձայնին»-ի միջև, որում Բլեյքը, թերևս ժամանակի ցանկացած այլ գրողներից շատ ավելի լրջորեն ու գիտակցաբար, հարաբերակցում էր բանաստեղծի և մարգարեի դերերը:

Պուշկինի բանաստեղծություններն առլեցուն են գերբնական օժտվածության ու աստվածային շնորհի հղումներով: 1827-ին գրված «Արիոն» բանաստեղծության մեջ նա ներկայանում է որպես նավաբեկումից (նկատի է առնվում դեկաբրիստներին բաժին ընկած ողբերգությունը) հրաշքով փրկված խորհրդավոր երգիչ: Նույն թվականին նա մեկ այլ բանաստեղծություն է ձոնում արտաքսված իր ընկերներին` Во глубине сибирских руд, храните гордое терпенье: Նրա ընկերները, սակայն, բանաստեղծությունը դիտարկելով որպես գոռոզամիտ վերամբարձության դրսևորում, իրենց սեփական բանաստեղծություններում հակադարձում են, որ իրե՛նք են բանտում գտնվում, ոչ թե նա, և նրա խորհուրդների կարիքը չեն զգում: Իմ անհոգ երիտասարդության տարիներին տպավորություն ունեի, թե Պուշկինն է Поэтом можешь ты не быть, но гражданином быть обязан (բանաստեղծ կարող ես չլինել, քաղաքացի լինել դու պարտավոր ես)  արտահայտության հեղինակը, սակայն երբևէ չէի փորձել ստուգել այդ տպավորությության ճշտությունը:

Ըստ իս, հենց Պուշկինը պետք է դրա հեղինակը լիներ, սակայն, ինչպես ինձ տեղեկացրեց իմ գործընկերը` պրոֆեսոր  Ջոն Մալմստադը, իրականում Նեկրասովն էր թևավոր խոսք դարձած այս տողի հեղինակը, ասույթ, որն առ այսօր լավագույնս արտահայտում է ռուսաստանյան մտավոր կյանքին այնքան հատուկ` գրականության և քաղաքականության փոխկապակցվածությունը, որը խորթ է արևմուտքին: Հետևաբար, հենց Պուշկինի գեղարվեստական, քաղաքական, հանրային և անձնական ստեղծագործական  նվիրումի և տվայտանքի, ինչպես նաև սեփական արտառոց օժտվածության գիտակցման համատեքստում պետք է քննենք ու փորձենք ըմբռնել 1826թ. գրված նրա «Մարգարե» բանաստեղծությունը.

Духовной жаждою томим4,
В пустыне мрачной я влачился, —
И шестикрылый серафим
На перепутье мне явился.
Перстами легкими как сон
Моих зениц коснулся он.
Отверзлись вещие зеницы,
Как у испуганной орлицы.
Моих ушей коснулся он, —
И их наполнил шум и звон:
И внял я неба содроганье,
И горний ангелов полет,
И гад морских подводный ход,
И дольней лозы прозябанье.
И он к устам моим приник,
И вырвал грешный мой язык,
И празднословный и лукавый,
И жало мудрыя змеи
В уста замершие мои
Вложил десницею кровавой.
И он мне грудь рассек мечом,
И сердце трепетное вынул,
И угль, пылающий огнем,
Во грудь отверстую водвинул.
Как труп в пустыне я лежал,
И бога глас ко мне воззвал:
«Восстань, пророк, и виждь, и внемли,
Исполнись волею моей,
И, обходя моря и земли,
Глаголом жги сердца людей».

Ահա Պուշկինի հիմնական սկզբնաղբյուրը.

Այն տարին, երբ մեռաւ Օզիա արքան, տեսայ Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր նրա փառքով:  Նրա շուրջը սերովբէներ կային, որոնցից իւրաքանչիւրը վեց թեւ ունէր. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով` իրենց ոտքերը եւ երկուսով էլ թռչում էին:  Ձայնակցում էին իրար եւ ասում. «Սո՛’’’’’’’ւ’ր’’բ, սո՛ւրբ, սո`’’’ւրբ է Զօրութիւնների Տէրը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով»: Կանչողների ձայնից դռան բարաւորը վեր բարձրացաւ, ու տունը լցուեց ծխով: Եւ ես ասում եմ. «Վա~յ ինձ. ես մի տառապած մարդ եմ. ինչո`ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ եւ պղծաշուրթ ժողովրդի մէջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսայ Զօրութիւնների Տիրոջը: Եւ ահա ինձ ներկայացաւ սերովբէներից մէկը` ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից: Բերեց մօտեցրեց իմ բերանին եւ ասաց. «Ահա մօտեցրի քո շուրթերին. դա կը հանի քո անօրէնութիւնները, եւ քո մեղքերը կը սրբի քեզնից»: Եւ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, եւ կամ ո`վ կը գնայ այդ ժողովրդի մօտ»: Ու ես ասացի. «Ահաւասիկ ես, ի`նձ ուղարկիր»: Նա ասաց. «Գնա՛ եւ յայտնի՛ր այդ ժողովրդին. «Լսելով պիտի լսէք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնէք, բայց չճանաչէք. քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպէսզի չլինի թէ երբեւէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, եւ ես էլ բժշկեմ նրանց»: Եւ ես ասացի. «Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր»:  Իսկ նա պատասխանեց. «Մինչեւ որ քաղաքներն աւերուեն բնակիչ չլինելու եւ տները` մարդ չլինելու պատճառով, եւ այդ երկիրը մնայ ամայի…»  (Եսայի, գլ. 6):  Պուշկինը կարծես նաև իր բանաստեղծական պատկերների մի մասն էլ քաղել է մեկ այլ հրեա մարգարե Եզեկիելից, որը սերովբեի և տերունական գահի ավելի մանրամասն ու ամբողջական նկարագիր է ներկայացնում: Մարգարեն երեսն ի վայր ընկնում է վերջինիս հրաշափառ գեղեցկության առջև, և մի ձայն է լսում, որ խօսում էր ինձ հետ ու ասում. «Մարդո՛ւ որդի, ոտքի՛ կանգնիր, խօսելու եմ հետդ:  Եւ Հոգին եկաւ վրաս, բարձրացրեց ինձ ու կանգնեցրեց ոտքերիս վրայ (գլուխներ 1-2): Մեկ այլ հատվածում Եզեկիելը նկարագրում է, թե ինչպես էր ասկետիկ խորասուզման մեջ երկար ժամանակ  պառկած մնացել իր կողքի վրա, և գլուխ 37-ում պատմում է մի տեսիլքի մասին, որում Իսրայելի տան սպանվածների չորացած ոսկորները կենդանանում են` ծածկվելով ջղերով, ապա մսով ու մաշկով: Այս տեսիլքի առիթով ես ժամանակին կարծիք եմ հայտնել, որ այն կարող էր ձևավորվել զրադաշտական ոգեշնչման5 ազդեցությամբ` Իսրայելի այս ամենազարմանալի մարգարեին ուղղակիորեն կապելով շամանական կրոնի հետ: Բնավ պատահական չէ, որ թալմուդյան մի աղբյուր նշում է, որ հենց Եզեկիելն էր այն մարդը, որին պարսիկները Զրադաշտ6 են անվանում:

Պուշկինը հաճախ է օգտագործում Սուրբ գրքի աղբյուրները, սակայն որպես ելակետ միայն7:  Եսայու կանչը նկարագրող հատվածի վերջում Աստծո սարսափազդու որոշման անապատը տեղափոխվում է Պուշկինի բանաստեղծության սկիզբը: Կործանման  արդյունքում գոյացած հուսահատության անապատի փոխարեն` այն վերածվում է ցամաք մենության, որի կարիքը զգում է քաղաքներից փախչելու մղումով և հոգևոր ծարավը հագեցնելու նպատակով այստեղ եկած ռուս մարգարեն: Այսպիսին է վաղ շրջանի քրիստոնեության ճգնավորների անապատային կյանքի պարադոքսալ բերրիությունը, ընդ որում, նրանց կյանքի պատմություններն ուղղափառ եկեղեցու ավանդույթների անբաժան մասն են կազմում: Մեր օրերի գիտնական Փոլ Շեփըրդը գրում է. «Անապատը հայտնության վայր է, գենետիկորեն և ֆիզիոլոգիապես` անծանոթ, զգայականորեն` խստակյաց, գեղագիտորեն` վերացական, պատմականորեն` անբարենպաստ…

Անապատ են գնում մարգարեներն ու ճգնավորները, անապատը կտրում-անցնում են ուխտագնացներն ու աքսորյալները: Այստեղ է, որ հզոր կրոնների առաջնորդները որոնել և գտել են առանձնացման թերապևտիկ ու հոգևոր ապաքինման արժեքները` ոչ թե իրականությունից խուսափելու, այլ այն վերագտնելու նպատակով8: Պուշկինը սերովբեին հանդիպում է ճանապարհների հատման կետում, ոչ թե տաճարում` դրանով իսկ ընդգծելով անցումը դեպի ձեռնադրում: Այդ խաչմերուկը կարող է հանդես գալ որպես փոխաբերություն, ցույց տալով կյանքի ուղու կեսը, կամ կրիտիկական կետը, ինչպես Դանթեի մոտ: Կամ` Ռոբերտ Ֆրոսթի ապագաների ընտրությունն9 է, կամ էլ` սոսկ խաչմերուկ: Սակայն այդ պարզ հասկացությունն ինքնին բնավ պարզունակ չէ. գրեթե ամենուր խաչմերուկը մոգական է իր իմաստով, մի կետ է, ուր գերբնական ուժերը կամ համատեղվում են, կամ ցրվում:  Ապա նշվում է, որ սերովբեն քնի պես թեթև մատներ ուներ. ռուսերենում «сон» (քուն) բառը զուգորդվում է ոչ միայն անգլերենի համապատասխան բառի և մյուս հնդեվրոպական լեզուներում նշված իմաստն արտահայտող բառերի, այլև Ավեստայի khvafiia-ի հետ, այսինքն այն բառի, որը Զրադաշտը գործածում էր` արտահայտելու այն տեսիլքը, որում նա տեսել էր աշխարհի սկիզբը և բարու ու չարի միջև առաջին պայքարը: Թերևս այսպես է Պուշկինն այստեղ ներկայացնում տրանսային վիճակի նկարագիրը:

Այդուհանդերձ, բանաստեղծն իրեն պատկերում է ոչ թե քնած, այլ արթուն ու քաջատեղյակ, ըստ էության` փոխակերպված: Նրա աչքերն այլևս սովորական մարդու աչքեր չեն, այլ արծվի` մի թռչունի, որին սիբիրյան շամանները պաշտում էին սրընթաց, հաստատուն թռիչքի, ուժի և սուր տեսողության համար: Մարգարեն օժտվում է զգայարանների գերբնական սրությամբ և կարողանում է ընկալել բոլոր կենդանի արարածների շարժումները, անգամ եթե դրանք անասելի դանդաղ են ու հեռու` երկնքում կամ ծովի հատակում: Ժամանակն ու տարածությունը վերանում են, և ամեն բան փոխկապակցվում է կյանքի միասնական հոսքում:

Այս կարգի օվկիանոսյան զգացողությունները խորհրդանշում են առեղծվածային փորձառությունը, իսկ կյանքի համընդհանուր միասնականության զգացողությունը հոգեմետ միջոցների ազդեցությամբ առաջացող էքստազային վիճակների հաճախակի վկայակոչվող ասպեկտն է: Պուշկինյան մարգարեի սիրտը հանվում է կրծքից ու հրավառված` տեղը դրվում: Այս անդամատումը ևս հատուկ է շամանական հաղորդության ծիսակարգերին: Ապա անշարժ պառկած բանաստեղծին, որն անցել է այս աշխարհի և հրեշտակների քրիստոնեական մյուս աշխարհի նման արտառոց փորձառությունների միջով, պատգամում են ելնել և խոսքով բոցավառել այլ մարդկանց սրտերը:

Մինչև Պուշկինի ծնվելը, ինչպես ռուս, այնպես էլ օտարեկրացի ճանապարհորդների բազում սերունդներ են դիտարկել, պատկերել, նկարագրել և ուսումնասիրել սիբիրյան շամաններին և նրանց ծիսակարգերը: Շամանականության այս գիտակները բնականաբար կարդացել էին Հերոդոտի «Պատմությունների» չորրորդ գիրքը և զուգահեռ անցկացրել իրենց արձանագրածի և սկյութների ծիսակարգերի միջև:

Շատերը համարում էին սակայն, որ սկյութների հետնորդները ռուսներն են, այլ ոչ` Արևելյան Ռուսաստանի և նրա հարևանությամբ գտնվող սիբիրյան տարածաշրջանի թուրքական և այլ ցեղերը: Մի քանի լեզուների փայլուն տիրապետող Պուշկինը, բնականաբար, տեղեկացված կլիներ նաև շամանների մասին: Ջոն Բել անունով մի շոտլանդացի վիրաբույժ (մահացել է 1780 թ.) բավական մանրամասն նկարագրել է իր այցելած բուրյաթ շամանին, որը, նստելով մի քանի այրվող ածուխների մոտ, փայտիկների հարվածների ուղեկցությամբ երգում էր: Ապա խորասուզման ու տրանսի մեջ ընկնելով` սկսում էր ոտաբոբիկ քայլել կրակի վրայով, ժամանակ անց ուշքի էր գալիս ու պատասխանում իրեն ուղղված հարցերին10: Յոհան Գոտֆրիդ Հերդերը (մահացել է 1803 թ.) մեծագույն հետաքրքրությամբ էր ընթերցում սիբիրյան և այլ շամանական ծիսակարգերին և երգերին վերաբերող հաղորդումները: Դրանք նա համարում էր մարդկության գեղարվեստական և բանաստեղծական հնագույն դրսևորումների մասունքներ` համեմատելով ու կապակցելով առասպելական Օրփեոսի և աստվածաշնչյան մարգարեների գործունեության հետ11:

Այսպիսով, Պուշկինի բանաստեղծության մեջ երևացող իմաստային նրբերանգներն ու պատմական կապակցումները, որոնք նա կարող էր օգտագործել, լայն տարածում էին գտել այն ժամանակ, երբ բանաստեղծը տակավին չորս տարեկան էր:

Շամանականությունն իր տեղն էր հաստատել եվրոպացիների ուղեղներում և նույնիսկ որոշ չափով այն ոսպնյակի դերն էր ստանձնել, որի միջով ռոմանտիկ մտավորականներն ընկալում էին իրենց իսկ անցյալը: Մեր օրերի ռուս գրականագետները և մարդաբանները «Մարգարեում» շամանական հաղորդության ծիսակարգի ազդեցություն են գրանցել12:

18-րդ դարի գիտական մտքի անդրադարձը ռուսական կայսրության արևելյան տարածքի տեղաբնակների կրոնական ավանդույթներին կարող է նաև հիշեցնել այն իրողության մասին, որ 19-րդ դարում գրանցվեց Ասիայի մասին տեղեկատվության այնպիսի սրընթաց աճ, որ, ինչքան էլ որ դա զարմանալի թվա, այս ոլորտում միայն նեղ մասնագետներն էին կարող հավաստի աղբյուր համարվել:

Դիլետանտներն ու բանաստեղծներն ստիպված էին նահանջել: Սակայն մինչ այդ` ռոմանտիզմի ներկայացուցիչ բանաստեղծները անսահմանափակ հնարավորություն ունեին ըմբոշխնելու այդ տիրույթը` իրենց ստեղծագործական նպատակների համար ներդաշնակ թվացող ամենատարբեր երկրամասերի ու մշակույթների նյութերը միատեղելով: Հետևաբար, Պուշկինը ևս կարող էր նույնկերպ վարվել «Մարգարեում»:

Անգլիախոս համայնքում ավելի հայտնի մեկ այլ բանաստեղծության մեջ հանդես են գալիս պատկերներ, որոնք սերում են զարմանալիորեն տարաբնույթ աշխարհամասերի` Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի, աղբյուրներից, և զուգորդված են նույնանման գերբնական ունակություներով օժտված և անդրշիրիմյան, մոգական աշխարհ տեղափոխված բանաստեղծի քուն-երազում:  Խոսքն, իհարկե, Սեմյուել Թեյլըր Քոլրիջի «Կուբլա Խան» բանաստեղծության մասին է, որի տոնայնությունը, տաղաչափությունը, թեման և հերոսը որոշակի առումներով համահունչ են Պուշկինի լիրիկային: Ջոն Լիվինգստոն Լոուզն իր Road to Xanadu («Ճանապարհ դեպի Քսանադու») մենագրության մեջ մանրակրկտորեն վերլուծում է Քոլրիջի  բանաստեղծության  համար հիմք ծառայած  բազմաթիվ, հաճախ` էզոտերիկ աղբյուրները:  Գերբնականի հետ այս կարգի առնչություն ունեցող բանաստեղծություններն իրենց յուրահատուկ ճակատագիրն ունեն, այնպես, ինչպես habent sua fata libelli13:

Քոլրիջն իր երազը տեսել է 1797-ին կամ 1798-ին, իսկ բանաստեղծությունը տպագրել 1816-ին. այդ տարի նա մի նախաբան էր գրել ստեղծագործության համար, որում նշում է, թե դա իր ծրագրած նախաբանի այն մասն է միայն, որն ինքը հաջողեց թղթին հանձնել մինչև մոտակա Փորլոք գյուղից եկած աներես առևտրականների կողմից ընդմիջվելը: (Իհարկե, նրա տեսիլքը սոսկ վերացական երազի պտուղ չէր. Լոուզի տրամադրության տակ են համապատասխան նոթատետրերը, թեև հենց Լոուզի մեկնաբանությունները Քոլրիջի ստեղծագործական պրոցեսի մասին, որպես կանոն և ըստ իս` իրավամբ, անընդունելի են համարվում): Սակայն միայն 1836-ին առաջին անգամ ի հայտ եկավ Ռաշիդ Ալ-Դինի` մոնղոլների պատմության թարգմանությունն արևմտյան լեզուներից մեկով, որում պարսիկ հեղինակը մեզ տեղեկացնում է այն մասին, որ «Կուբլա Խանը պալատ է կառուցել ըստ այն նախագծի, որը տեսել էր երազում և մտապահել»:

Այսպիսով, ինչպես նշել է  Խորխե Լուիս Բորխեսը, «Մոնղոլիայի կայսրը 13-րդ դարում երազում պալատ է տեսնում և ապա այն կառուցում է ըստ տեսած երազի, ապա` 18-րդ դարի անգլիացի բանաստեղծը (ով չէր կարող իմանալ այն մասին, որ կառույցը կյանքի էր կոչվել երազի հիման վրա) երազում բանաստեղծություն է գրում այդ պալատի մասին»: Լոուզը սա տարօրինակ զուգադիպություն է համարում, քանի որ ամենայն հավանականությամբ Քոլրիջը չէր կարող կարդացած լինել Ռաշիդ Ալ-Դինի գրքում զետեղված տեղեկությունները: Բորխեսն այդ երևույթը չափազանց զարմանալի է համարում և հայտնում է հետևյալ միտքը. «Միգուցե աստիճանաբար աշխարհ է գալիս մարդկանց համար առայժմ անտեսանելի մի նախատիպ, մի հավերժական գոյ (ըստ Ուայթհեդի գործածած եզրի). նրա առաջին դրսևորումը պալատն էր, երկրորդը` բանաստեղծությունը: Ով էլ որ համեմատի այդ երկուսը, կտեսնի, որ դրանք ըստ էության նույնական են»14:

Անշուշտ, կա մեկ այլ բացատրություն, որը, թերևս, ավելի օգտակար կարող է լինել, քան ուրվականանման նախատիպերի մոգական հայտնությունն այլ աշհարհից ու չափումից:  Խոսքն այն մասին է, որ պատկերների մեծապես լիցքավորված, խորհրդանշական շարքի բանաստեղծական կամ ծիսական ուղերձներում, երբ առկա են բավարար թվով պայմաններ մատրիցայի կառուցման համար, մարդկային արտագիտակցական երևակայությունը հակված է լինում լրացնելու պակասող պայմանները:

Քոլրիջը, ապրելով մի դարաշրջանում, որի ռոմանտիկական ոգեշնչման ոլորտը հեղեղված էր տրանսի, կամ մոգական նիրհի մասին ասիական տվյալներով, ընթերցում է երազի որոշ ասպեկտներով շաղախված, սակայն կոնկրետ երազի հետ հստակորեն չկապակցված մի պալատի մասին, ապա` ավելացնում է այդ երազն իր բանաստեղծության մեջ, կամ, ավելի շուտ` բանաստեղծության ստեղծմանը նպաստած ներշնչանքի իր պատմության մեջ, և ահա հետագայում մենք պարզում ենք, որ մեծ  Խանի պալատը, փաստորեն, ստեղծվել է երազից քաղած ոգեշնչման շնորհիվ:

Միգուցե Պուշկինի բանաստեղծությունը և՞ս առնչվել է տարատեսակ աղբյուրների և տպավորությունների արտագիտակցական ընկալման միևնույն հատկանիշների հետ` համալրվելով այնպիսի ծավալուն և ստեղծագործական-երևակայական կառուցվածքներով, որոնք տեսանելի են Քոլրիջի ստեղծագործության հիմքում: Քոլրիջի բանաստեղծությունն ավարտվում է նիրհող, խառնված մազերով երիտասարդի պատկերով, որը տեսել է Դրախտը, և որից հավատացյալները պետք է զգաստանան: Սա մասամբ մարգարեի դիմանկար է, սակայն այն նաև քաղաքական իմաստ ունի` յուրահատուկ հղում է նապոլեոնյան դարաշրջանի ռոմանտիկ հեղափոխականի կերպարին, որից մարդիկ իսկապես վախենում էին, և դավադրություն կասկածող անգլիական իշխանություններին: (Մինչդեռ Քոլրիջն ու իր ընկերները խմում, երազում ու ստեղծագործում էին, Ներքին գործերի վարչությունը հետևում էր նրանց, համոզված լինելով, որ նրանք պատրաստվում են գրկաբաց դիմավորել ֆրանսիական զորքերի ներխուժումը: Մի անանուն գործակալ հայտնել էր, որ նրանք քննարկում էին «Սփայ Նոզի»* անունով մեկին: Սակայն ո՛չ Քոլրիջի ընթերցումները Սպինոզայից, ո՛չ էլ նրա հանրապետական հայացքները երբևէ չհանգեցրին այն ճնշումներին ու հետապնդումներին, որոնք բաժին ընկան նրա ռուս գրչակիցներին):

Պուշկինը ճանապարհորդել է Հայաստան, գրել է «Ճամփորդություն Էրզրում» նոթերը` 1828թ. ռուսների կողմից Երևանի Խանության գրավումից և Արևելյան Հայաստանի ազատագրումից քիչ անց: Թիֆլիսի և տարածաշրջանի այլ քաղաքների կրթված հայությունը ռուս գրականությանը ծանոթ էր արդեն 19-րդ դարում և իհարկե գիտեին Պուշկինի ստեղծագործության և դրամատիզմով լի կյանքի մասին: 20-րդ դարի ակներևաբար ամենանշանակալի ու փայլուն հայ բանաստեղծը Եղիշե Չարենցն էր (1897-1937), ծնված Ռուսահայաստանի Կարս քաղաքում:

Մի քանի տարի Մոսկվայում բնակվելով` նա ռուսերենին նույնքան լավ էր տիրապետում, որքան հայերենին: Նրա անձնական գրադարանի գրքերի մեծ մասը (մոտ ութսուն տոկոսը, ինչպես ինձ ասացին Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող նրա տուն-թանգարանում) ռուսերեն են, և Պուշկինի գրքերի նրա հավաքածուն գերազացնում է ցանկացած այլ առանձին հեղինակի գրքերի քանակը: 1934 թ. մարտին նա իր օրագրում հետևյալ գրառումն է կատարել. «Երբ ես տխուր ու հոգնած եմ լինում և ուզում եմ վարձատրել ինձ մեծագույն հաճույքով – ես փակում եմ իմ տան դռները, պառկում –  և սկսում եմ կարդալ Պուշկինը – ո՛ր գրվածքն ուզում է լինի…»15:

Թեև Չարենցը մի շարք ժանրերի վարպետ էր` սկսած 18-րդ դարի թիֆլիսահայ գուսան Սայաթ-Նովայի երգասացության ոճից մինչև fin-de-siecle-ի (դարավերջի) խորհրդանշական ու  հռետորական ոճերը (Բալմոնտի ձոներն առ անորոշն ու տխուրը) և հեղափոխական Ռուսաստանի (Մայակովսկու հուժկու ռադիո-ընթերցումները) գրական ավանդույթները, Չարենցի լավագույն բանաստեղծություններն իրականում ոչ մի առանձին ուղղություն չեն ներկայացնում: Դրանցից մեկը` «Կատուներն ու ես», պատմում է վաղ գարնան, հալչող ձյան և խանդի մասին, մյուսը` «Մահվան տեսիլ», սկսվում է թավջութակի ձգված լարի ձայնի պատկերից: Վերջում բանաստեղծի լարված հոգում հառնում է իր կախաղան բարձրանալու տեսիլքը: Բոլոր ռուս գրողների, ինչպես նաև Ռեմբոյի, Բոդլերի և Ուոլթ Ուիթմենի մոլեռանդ ընթերցող Չարենցը երբեմն կոկաինի ու հերոինի օգնությանն էր դիմում` մի դեպքում արթնանալու և գրելու, մյուս դեպքում իր պարսկական բազմոցի վրա ընդարմանալու և երազների մեջ ընկնելու, Բուդդային, Քրիստոսին ու Դանթեին հայելու: Մնացած ժամանակ մեծամասամբ խմում էր:

Այդուհանդերձ, անխոնջ գրական խմբագիր էր, անհագ ընթերցող և բազմակողմանիորեն զարգացած անձնավորություն, նաև խենթ, աննկարագրելի սիրահար: Սիրում էր զուռնաչիների նվագը, հաճախ հրավիրում էր նրանց` իր ընկերներին հաճույք պատճառելու:

Գիշերները հաճախ անց էր կացնում իր մահացած առաջին կնոջ դեմքի ծեփակերտին նայելով: Արդեն 1920-ականների կեսերին Չարենցը ԼԵՖ-ի բարձրագոչ պոեզիայից անցնում է ավելի դասական ձևերին (այդ թվում` իր իսկ ամենավաղ շրջանի ստեղծագործություններին), որոնց մինչ այդ հեգնանքով էր վերաբերվում: Մի առիթով հայտարարել էր, որ Հոկտեմբերյան հեղափոխության մասին Պուշկինի «Եվգենի Օնեգինի» հանգով երգելը նման կլիներ կարմիրբանակայինին ռուսական կաֆտան հագցնելուն (նկատի է առնվում հանդերձանքի հնացած, ծանր, շարժումները կաշկանդող լինելը):

Քսանականների վերջին, սակայն, բավական երկար ապրել է Լենինգրադում, որտեղ համակված էր Պուշկինի չարագույժ ներկայության զգացողությամբ և գրում էր այդ մասին, իսկ 1930-ին իր «Էպիքական լուսաբացը» նվիրեց Մամիկոն Գևորգյանին` իր այն ընկերոջը, որն իրեն օգնել էր բացահայտել ու սիրել Պուշկինին16:

Պուշկինի և Չարենցի հոգեհարազատությունը նշմարվում է իր ստեղծագործության բազմազան դրսևորումներում, որոնք հակադրվում են Ստալինի դարաշրջանի սովետական գրականությանը հատուկ քսենոֆոբիային, դրա` անհատականությունից զուրկ ու հակամտավորական ուղղություններին:

Ինչպես և ռուս բանաստեղծը` Չարենցն անդրադառնում է համաշխարհային գրականության բազմաթիվ գրողներին ու ստեղծագործություններին` անտիկ և ժամանակակից, և բանաստեղծություններ հղում իր մտերիմներին` զրուցակցական մտերմության և խորունկ խոհականության այնպիսի ոճում, որը հաստատապես համահունչ չէր երկրի առաջին Հնգամյա Պլանի և կոլեկտիվացման մթնոլորտին17: Եվ բնավ զարմանալի չէ, որ 1932-ին հայ գրաքննադատ Հ. Մկրտչյանը սուր քննադատության ենթարկեց Չարենցի տարվածությունը Պուշկինով, նշելով, որ բանաստեղծը թույլ է տվել «իդեոլոգիական սխալներ»:

Այդուհանդերձ, Չարենցն էր նախագահում Հայաստանի պետական հրատարակչությունը (Հայպետհրատ) և հնարավորություն ուներ տպագրելու Պուշկինից թարգմանված գործերը, անդամ էր Պուշկինի մոսկովյան Ակադեմիայի վարչության, որը վերահսկում էր Պուշկինի հիմնական ստեղծագործությունների հրատարակումը, նաև նշանակվել էր նախագահը ՀՍՍՀ այն հանձնաժողովի, որը կոչված էր 1937-ին կազմակերպելու Պուշկինի մահվան 100-ամյակի կապակցությամբ նրան նվիրված միջոցառումները18:

Չարենցը նախատեսում էր թարգմանել Պուշկինի «Պղնձե հեծյալ» («Медний всадник») պոեմն ամբողջությամբ: Պուշկինի այս էպիկական ստեղծագործությունն օժտված է վարարած Նևայի անողորմ ուժով, որը զուգորդված է Ֆալկոնեի` ձիուն հեծած Պետրոս Մեծի արձանի ուրվապատկերով` տեսիլք, որը հետապնդում, խելացնորության է հասցնում և կործանում հերոսին` թույլ ու վտիտ Եվգենիին:

Պոեմը միանշանակորեն դատապարտում է ինքնակալությունը և չէր կարող ամբողջությամբ տպագրվել Պուշկինի օրոք: Չարենցն օգտագործում է նրա սկզբնական տողերը որպես իր «Չուգունե մարդ» բանաստեղծության բնաբան և բազմիցս անդրադառնում պոեմի թեմատիկ գծերին` բնության կործանարար ուժի մութ պատկերը փոխակերպելով մարդկանց և սոցիալիստական աշխատանքի դրական էներգիայի, ընդ որում, այստեղ երևան է գալիս բարյացակամ Լենինի արձանը (այլ ոչ` Ստալինի, որի անունը բառացիորեն նշանակում է «պողպատյա մարդ»): Ավաղ, Չարենցին վիճակված չէր ավարտել պոեմի թարգմանությունը:

Թերևս անհերքելի է, որ Չարենցը զուգահեռներ էր անցկացնում վաղ տասնիններորդ դարի ինքնակալության ու Պուշկինի ճակատագրի և քսաներորդ դարասկզբի սաստկացող բռնատիրության ու իր սեփական վիճակի միջև: Պուշկինն իր մի երգիծական բանաստեղծության մեջ Բուլգարինին հեգնանքով «Ֆիգլյարին» էր կոչում, և Չարենցն այս դեպքում էլ բանաստեղծությունը որպես բնաբան է օգտագործում իր իսկ, նույնքան քաղքենի, քննադատներին պարսավելու համար: 1929 թ. հոկտեմբերին նա մի բանաստեղծություն է գրում («Ձմեռային պալատի ներքնահարկում»), որում քամահրանքով է վերարտադրում «խեղկատակ-թագավորի»` Նիկոլայ I-ի կողմից դեկաբրիստներին հարցաքննելու և նրանց բանտարկության, սիբիրյան աքսորի և կախաղան հանվելու դրվագները (ընդ որում, բանաստեղծությունն ավարտվում է կախաղան բառով): Այս վերջին պատկերը կարևոր է, քանի որ դեկաբրիստների ձերբակալությունից հետո Պուշկինն իր ձեռագրերի լուսանցքներում կախաղան հանված մարդկանց էր պատկերում, իսկ այդպիսի գծանկարներից մեկի տակ զետեղել էր նաև հետևյալ նախադասությունը. «Ես նույնպես կարող էի խեղկատակի նման օրորվել»19:

Չարենցը ևս ծանր ապրումներ է ունեցել` կոմունիստների և դաշնակցական ազգայնականների միջև ծավալված պայքարի տարիներին Երևանում վկա դառնալով ի տես հանրության կախաղան բարձրացված մարդկանց. 1920 թ. հոկտեմբերի 6-ին նա գրեց «Մահվան տեսիլը», որում հենց կախաղանն է գլխավոր պատկերը, սակայն իր բանաստեղծության մեջ Չարենցն առաջարկում է, որ հենց իրեն կախաղան հանեն, եթե միայն այդ զոհողությամբ հնարավոր լինի Հայաստանը փրկել կործանումից20:

Ինքնազոհաբերման այս տարրը բանաստեղծությանը բարոյական ու քրիստոնեական հուժկու լիցք է հաղորդում, նրա բոցաշունչ պատկերավորությունից կարելի է վստահաբար ասել, որ Չարենցը Դանթեի պրպտուն ընթերցող էր, որի Inferno-ն ինքն իր բանաստեղծության մեջ միտումնավոր նմանակում է, սակայն պատերազմից ջլատված իր իսկ երկրի առնչությամբ. ավելի ուշ ստեղծված մի ծավալուն գործում, որը նույնպես «Մահվան տեսիլ» է կոչվում, նա իր ընթերցողին ճանապարհորդության է տանում դեպի իր քաղաքական հակառակորդներով լցված դժոխք:

1937-ին ստալինյան Մեծ զտումն իր բարձրակետին հասավ. դրա համեմատ Նիկոլայ I-ի զանգվածային ձերբակալություններն ու հետապնդումներն աննշան ու անգամ քաղաքակիրթ սկսեցին թվալ: Վրացի բռնակալի դաժանության զոհ դարձած սովետական մարդկանց հավանական թիվը գերազանցում է քսան միլիոնը:

Զարեհ Ճգնավորյանի ստեղծած «Ժողովրդի թշնամի» վավերագրական ֆիլմը (ՀԲԸՄ, 1998 թ.), որը ներկայացնում է Հայաստանում ծավալված ահ ու սարսափը, ներառում է բանաստեղծի որբացած դստեր` Արփենիկ Չարենցի հետ կարճ հարցազրույցի մի դրվագ: Չարենցը տնային կալանքի տակ է գտնվել շուրջ մեկ տարի և գիտեր, որ իր հետևից նույնպես գալու են: Այդ սարսափելի ամիսների ընթացքում նա կեսգիշերին մոտ մի տեսակ տրանսի մեջ էր հայտնվում` ժամանակը կանգ էր առնում, և բոլոր ձայներն ու գույները տեղի էին տալիս հանդարտ գորշությանը, մոտավորապես այնպես, ինչպես Հարվարդի համալսարանը նոր ավարտած Ուիլյամ Ս. Բեռոուզի «Փախուստ գորշ սենյակում»-ի դեպքում (նա գրում էր, որ ատում է այդ վիճակը, քանի որ բոլոր առումներով իրեն մերժվածի կարգավիճակում է զգում, թեև Բեռոուզի փորձառությունը, հավանաբար, անհամեմատ մեղմ էր, քան ստալինյան Հայաստանում մերժված բանաստեղծինը): Բեռոուզը նման վիճակը մեկնաբանում էր որպես նեգատիվների առգրավում այն մութ սենյակից, որտեղ պաշտոնական իրականությունն է կերտվում21:

Չարենցի համար զգայությունների առկախման այս ժամանակահատվածը, որը դուրս էր ժամանակից ու տարածությունից, ինչպես նաև դաժանության ու խաբեության պաշտոնական իրականությունից, ճշմարտության միակ հանգրվանն էր, իսկ ստալինյան առօրյայի հրեշավորությունը` «զառանցանք»: Չարենցն իր մի բանաստեղծության մեջ նկարագրում է, թե ինչպես է իր այս գորշ տրանսի վիճակում տեսել Լեոնարդո դա Վինչիին, ով նույնանման տրանսային վիճակում գտնվելով, արթնացրել է իր աշակերտ Ջովաննի Բելտրաֆֆիոյին, համբուրել նրան և ստեղծել նրա դեմքի գծանկարը` դրանում նշմարելով Հիսուս Քրիստոսի դիմագծերը22:

Չարենցն սկսել է վերագտնել քրիստոնեությունը որպես հավատամք` սեքսուալ լիցքերով պարուրված այս տեսիլներում, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»` ողբի և խոստովանանքի միջոցով սեփական ես-ի հաղթահարման ուղին առաջարկող, տասներորդ դարի հայ մեդիտացիոն միստիցիզմի շարքի ընթերցմամբ23:

Արդեն 1930 թ. հունվարի 5-ին Չարենցը Նարեկացուն է մեջբերում իր ընկերոջը` Ակսել Բակունցին նվիրված գործում. «Մի եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս` իբր ապաջան սերմանող անբերրի երկրի»24:

1936 թ. դեկտեմբերի 6-8-ին Չարենցն աղոթք է գրում, որի վերնագիրն ուղղակիորեն փոխառված է Նարեկացուց:

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈ

Տետրապտիքոս

Ա

Ինչպես դարեր առաջ – վկան Նարեկացի, –

Քեզ եմ հղում ես ողբըս, ո`վ Արարիչ,

Ես` մեղսավոր քերթողըս աստվածարյալ դարի, –

Ողջակիզյալ25  արյունս վարակածին…

Վաղ աղջամուղջն այնքան ըղձյալ Այգաբացի

Մայրամուտի փոխվեց արյունալիճ, –

Ուր մեր Ա`րևն է նոր սուզվում արյունալի,

Որպես կարմիր գլուխ գլխատվածի…

Բորբ աչքերում սակայն հավատացյալ բյուրոց

Ծովածավալ արյան ցոլքը շռայլածին –

Ցոլանում է, իբրև ցոլք ցնծության մերո: –

Եվ – արեգակն է հին վերադառնում դարձյալ`

Արևմուտքից` ինչպես մահվան նաշից հառնած

Ղազարեի նման – արևը ետ դառնա…

Բ

Եվ ես դիմում եմ քեզ, ով Արարիչ, դարձյալ,

Ինչպես վկան մեր հին Նարեկացին, –

Քանզի` կարոտ ոգու և անարյուն Հացի, –

Տեսնում եմ լոկ – Կացին արեգնացյալ: –

Իբրև մի նոր վկա վաղուց աստվածարյալ`

Ես` երկրային` երկրին լոկ հավատացի, –

Չկամեցա, Աստված – ես` ինձանից բացի, -26

Ոչ գոյություն` ինձ պես գեթ կատարյալ:

Ես անսացի միայն – իմ հանճարի ձայնին: –

Ճանաչեցի լոկ նյութն ինքնարարիչ, –

Եվ` հանճարիս ուժով` ենթարկեցի այն ինձ: –

Եվ – թունավոր ինքյան, որպես կարիճ`

Ահա կանգնած եմ – զուրկ անգամ դժնի հացից, –

Եվ կախված է գլխիս – մի արեգնյալ կացին: –

Գ

Եվ ես – տխուր, ինչպես վկան Նարեկացի`

Ե`վ զարհուրյալ այնպես, և` մենակյաց`

Զարհուրելի կյանքի հանդեպ անօգ կանգնած`

Ես ո`ւմ դիմեմ, ո`վ Տեր, – արդ` Քեզանից բացի:

Ինչո`ւ այսպես անօգ ես մնացի,

Եվ այնքան բորբ` հանկարծ անվերադարձ հանգավ, –

Անդրդվելի հավատս` դեպի գալի`քն անգամ,

Եվ ինձ գերող ներկան – դարձավ անծիր:

Եվ ներբողներս` հղած ծագող Այգաբացին, –

Արեգակին և` իմ, և` իմ արյամբ առկայծ, –

Ողբ ու տրտունջ դարձան և փոխվեցին լացի:

Կյանքն եմ մեռած արդյոք ոգեկոչում դարձյալ, –

Երազելով, որ այն վերադառնա`

Ղազարոսի նման – մահվան նաշից հառնած…

Դ

Քե`զ եմ կանչում ես արդ, ինչպես Նարեկացին`

Հղում եմ ողբըս Քեզ` սրտիս խորքից, –

Ինչպես շյուղն է հղում շունչն իր Նորքից27 –

Իբրև տեսիլք` Հեռվում հառնած Արագածին…

Ինչպես դողդոջ մի շյուղ բարակածիլ`28

Մի երգեցիկ ցողուն – օվկիանում բերքի`

Ես դաշտերում անծի`ր իմ հրկիզյալ Երկրի, –

Արձագանք չեմ լսում իմ երգածի…

Բայց ես գիտեմ, որ դու` շնչով ստեղծարար,

Ինչպես անձրև վարար անեզրական արտում, –

Ո`չ մի մժեղ, կամ շյուղ – չես թողնելու ծարավ…

Ես – երգեցիկ եղեգ, – ինչո`ւ այսքան տրտում

Պիտի դողամ լույսիդ անեզրության հանդեպ,

Երբ երբեք չե`ս եղել դու այդքան նենգ…

Բանաստեղծության ավարտը` հավատք ի հեճուկս դավաճանված լինելու, ներկայացնում է Չարենցի բացականչությունը` որպես արձագանք  Խ

աչելության: Նա հակադրում է Աստծո  Խոսքի ոչ նյութական հացը անգութ Կացնի արյունաշաղախ նյութականությանը (այս թեմային նա անդրադառնում է նաև հետագա բանաստեղծություններում)` կապակցելով այս երկուսը հաց(ին)/կացին հանգավորմամբ: «Կարոտ ոգու» թեման առանցքային է պուշկինյան «Մարգարե» բանաստեղծության մեջ, և դրա բազում արձագանքները կարող ենք տեսնել հայկական քրիստոնեական բանաստեղծական ավանդույթներում, մասնավորապես` Չարենցի ստեղծագործություններում: Նա քննում է իր իսկ մեծամտությունը, նաև իր աթեիստական հասարակության հրեշավոր սնափառությունը զղջման լույսի ներքո: Չարենցն այս բանաստեղծությունը գրել է լիակատար մերժվածության օրոք, երբ ամեն գիշեր լուսադեմին սպասում էր դռան չարագույժ թակոցի: Բակունցի ձոնը կարելի է վաղ անվանել, քանի որ 1930-ին բանաստեղծի համոզմունքներում դեռևս հստակորեն զգացվում էր կոմունիստական արհամարհանքը հայ միջնադարի հոգևոր արվեստի նկատմամբ. 1933 թ. գրված` «Գիրք ճանապարհի» 18-րդ տան մեջ (Գովք խաղողի) նա դեռևս կարող էր այսպես գրել.

Օ՛, մռայլախոս դպիրներ սև , —

Դո`ւ, Շնորհալի՜ , և դո՜ւ, Նարե՜կ,

Դո՜ւք — մագաղաթյա և հանճարեղ,

Դո՜ւք — զարհուրելի, ինչպես Դարեհ,

Դո՜ւք — պատան մտքի, դո՜ւք — անարև,

Որ սրտի համար դարե՜ր, դարե՜ր

Կերտել եք դագաղ — պատյան քարե,

Եվ ոգու համար — դժնյա տառեր: —

Հարկ է ընդունել, որ այս հույզերն անկեղծ են, և որ բանաստեղծն, այնուամենայնիվ, իսկապես հակասական վերաբերմունք էր դրսևորում միջնադարի ժառանգության, կրոնական հավատքի նկատմամբ: Չարենցն ուղղակիորեն անդրադառնում է իր հոգում տիրող այս պայքարին 1936թ. հոկտեմբերի 25-ին գրված բանաստեղծության մեջ.

ՎԵՐՋԻՆ ԱՂՈԹՔ

Տե՛ր իմ, – էությո՜ւն իմ, – հարազատ իմ, – այսինքն`

Ա`յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել, –

Ա`յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել

Լինել ինձ հետ այնպե՜ս հենց, ինչպես իր հետ ինքը, –

Չե՞ս զարմանում, Տե՛ր իմ, որ ես դիմում եմ քեզ,

Ես` բանաստեղծս անահ և մարտընչողս արի`

Յուրաքանչյուր նյարդով կապված այս վեհ դարիս

Յուրաքանչյուր <………….> կրկնապատիկ հրկեզ, –

Տարօրինա՞կ է, չէ՞, որ ես դիմում եմ քեզ` –

Աստվածային վերին ճանապարհի

Ինչ-որ` սրտի՛ս նման անգյուտ ու բարի,

Արարածի` թերևս անզո՛ր ինձ պես…

Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ

Անապատում` ահեղ սամումների ժամին`

Քարավանի տերերն արնաշաղախ –

Թողած այնքան ուշիմ ու խորամիտ

Փորձառությունն իրենց` լոկ ուղտերի դեղին

Բնազդին են կառչում – և գտնում ուղի…

Այս բանաստեղծությունը, որի ցնցող մտերմությունն ու անկեղծությունը նման են ջրից դուրս ցցված ու անասելիորեն խորը գետն անցնելու համար օգտագործվող քարերին, Էմիլի Դիկենսոնին բնավ զարմանալի չէին թվա: Մերձավոր Արևելքի ուղտերի պատկերը, հավանաբար, գոյացել է Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի ազդեցությամբ: Այս բանաստեղծության ստեղծման ժամանակաշրջանում Չարենցն արդեն վերադարձել էր ոչ միայն նախորդ դարավերջի արևելահայ և արևմտահայ բանաստեղծների` Տերյանի, Իսահակյանի, Դուրյանի և Պեշիկթաշլյանի քնարականությանը, որը ժամանակին ծաղրուծանակի էր ենթարկում, այլև քրիստոնեական հավատքի հանգրվանին: Նա նորից ավանդական հայ էր, մասն էր այն ավանդույթի, որի տիրույթում ծնվել էր29:

1937 թ. հուլիսին, իր ձերբակալությունից քիչ առաջ, Չարենցը փոխանցում է իր ձեռագրերն իր ամենամոտ ընկերներին, որոնք,  ըստ մի աղբյուրի, թաքցնում են դրանք` մետաղյա տուփի մեջ դնելով ու թաղելով տնամերձ այգում30: Հուլիս ամսին  գաղտնի ոստիկանությունը բանաստեղծին ձերբակալում է, իսկ հուլիսի վերջին նա մահանում է Երևանի բանտում:

1998 թ. սեպտեմբերին, երբ համաժողովի մասնակցելու նպատակով Երևանում էի, Արտաշես Էմինը` Չարենցին ճանաչած բանաստեղծ Գևորգ Էմինի որդին, ինձ փոխանցեց Չարենցի` երկար ժամանակ պահված, երբևէ չտպագրված բանաստեղծությունների, այդ թվում` Պուշկինի «Մարգարեի» հայերեն թարգմանության, որոշ ուղղումներով, սևագրության լուսապատճենները:

Մի քանի տեղերում սա տարբերվում է այն տարբերակից, որը   տպագրվել է 1935-ով թվագրված «Անտիպ և չհավաքված երկեր»31 ժողովածուում, և մի քանի բառեր, որ անընթեռնելի էին այդ մյուս տարբերակում, հստակ են այս մեկում, ուր առկա է նաև փոփոխված մի ամբողջ տուն:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Չարենցը շարունակում էր աշխատել թարգմանության վրա, ըստ երևույթին` մինչև ճակատագրական ու շատ իմաստներով խորհրդանշական 1937 թվականը` ջանալով գտնել Պուշկինի ստեղծագործության անորսալի երաժշտության բանալին: Համենայն դեպս, պարզ է, որ նրա համար այս ստեղծագործությունը վիթխարի նշանակություն ուներ. նա մշտապես իր իսկ հանրային դերն ընկալել է որպես ներքին հակասությունների մի դրսևորում` իր ներաշխարհում միատեղելով խենթի ու մարգարեի, փիլիսոփայի ու հալածյալի հատկանիշները:

1933-34 թթ. Չարենցի «Գիրք ճանապարհին»32 գրաքննադատներն ընդունեցին լավ կազմակերպված թշնամանքով: Բանաստեղծին հովանավորող Աղասի  Խանջյանը, որը Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարն էր, 1936 թ. մահացել էր կասկածելի հանգամանքներում (այժմ մենք գիտենք, որ Բերիան էր նրան սպանել), և հին բոլշևիկ համարվող Չարենցը, թեև ծանր տվայտանքների ու ցավագին մտորումների գնով, ստիպված էր ընդունել, որ ստալինյան քաղաքականությունն, ըստ էության, Հեղափոխության դավաճանություն էր:

Բանաստեղծի վերաբերմունքը Ստալինի հանդեպ երբեք միանշանակ չի եղել: Բռնապետը կարող էր անսպասելիորեն իր բարեհաճությունը դրսևորել հօգուտ որևէ հալածյալ գրողի. Բուլգակովի և Պաստեռնակի գործերում նրա միջամտությունների մասին պատմությունները  նմանվում են հրաշապատումների կամ արևելյան բռնակալի այդրոպեական քմահաճույքի իրականացման: Ստալինը մի առիթով հարցրել է Չարենցի մասին` տեղում նրա նկատմամբ իրականացվող հետապնդումների համատեքստում, որից հետո երևանյան թերթերը ստիպված եղան հոդված տպագրել, ի լուր աշխարհի հայտնելով, որ այս հարցում ամեն ինչ կարգին է:

Չարենցը երգիծական բանաստեղծություններ էր գրում (միայն վերջերս տպագրված), որոնցում Ստալինին պատկերում էր որպես հրեշի և խեղկատակի, սակայն նաև երկարաշունչ, ստորաքարշ ներբողներ էր ձոնում Առաջնորդին (այս բառը, ռուսերենի իր համարժեք Вождь բառի հետ մեկտեղ, լայնորեն գործածվում էր սովետական իշխանական ամենատարբեր մակարդակներում, սակայն հիմնականում` Ստալինի առնչությամբ, մոտավորապես նույն ժամանակ, երբ Գերմանիայում շրջանառվում էր Ֆյուրեր բառը), որոնցում նշմարելի է բռնակալի հերոսացման, բայց նաև նրան մեղմելու փորձը` վերահաս ձերբակալության, մահվան ահի ճնշման տակ33:

Բանաստեղծի պատրանքների փարատումը, նրա ներքին մղումները տակնուվրա էին անում ու հրկիզում նրա հոգին` դեմ առ դեմ կանգնեցնելով մահվան և դրանից այն կողմ ընկած աշխարհների հետ:

Իր «Մարգարեում» Պուշկինի գործածած բառապաշարն ավելի մոտ է հին եկեղեցական սլավոներենին, քան այդ օրերի ռուսերենին. Չարենցն էլ, ապրելով մի ժամանակաշրջանում, երբ հայերենի և՛ բառապաշարը, և՛ ուղղագրությունը ենթարկվում էին ծայրահեղ պարզունակացման, համապատասխանեցվելով բյուրոկրատների ու մարդասպանների երևակայական պրոլետարական մակարդակին, իր բանաստեղծության հիմնական հատվածներում դիմում է միջնադարի դասական հայերենի արտահայտչաձևերին:

Օրինակ, նա գործածում է Նարեկացու սիրած «անսալ» բառը,  դասական «լուր»-ը գալիս է փոխարինելու ժամանակակից հրամայական «լսիր»-ին:  Բացի լեզվական արխաիկ ձևերից, ակնհայտ է վերադարձը աստվածաշնչյան նշանակալից թեմաներից մեկին: Միևնույն արտահայտությունն է մշտական թե՛ հին Իսրայելի մարգարեների, թե՛ Չարենցի հոգևոր ուսուցիչ, 10-րդ դարի բանաստեղծ Սբ. Գրիգոր Նարեկացու, թե՛ 19-դարի Ռուսաստանում Պուշկինի, և  թե՛ 20-րդ դարում Չարենցի ու նրա ուսուցիչ Ավետիք Իսահակյանի գործերում, և մենք այն տեսնում ենք բանաստեղծության առաջին իսկ տողում` «ոգու սով», ռուսերեն` «Духовная жажда»: Մարգարե Ամոսը 8.11 հատվածում կանխատեսում է, որ Տերը սով է ուղարկելու իր խոսքի դիմաց, սակայն մարդիկ այն չեն գտնելու:

Արձագանքելով նրան` Նարեկացին գրում է (19.2). (Երեւանյան հրատարակության տող 38), որ իր հույսն առ Աստված է, անգամ «Թէ ի լրութենէ բանի քոյ սովեցուսցես»: Ավետիք Իսահակյանի հանրահայտ «Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով…» բանաստեղծությունը34, որում բանաստեղծը դատապարտում է ժամանակի նյութապաշտությունը, համահունչ լինելով աստվածաշնչյան և միջնադարյան թեմաներին, դրանց հաղորդում է լրացուցիչ, արդիական նշանակություն:

Այսպիսով, Պուշկինի բանաստեղծության չարենցյան թարգմանությունը վերահաստատում է ոգու սովին անդրադարձող ամբողջական շարքը` ևս մեկ անգամ դառնալով Իսահակյանին և այն ավանդույթներին, որոնցից խուսափում էր տակավին անհավատ հեղափոխական լինելու օրոք: 1936 թ. հուլիս-օգոստոսին գրված «Իմ լուսաստղը» սոնետում Չարենցը կապ է հաստատում ոգու սովի և այն սովի միջև, որը կարող է հագեցվել լոկ բանաստեղծի ոգեշունչ խոսքով, բայց և շարունակում է զգալ իր` մարգարեի նման մերժված ու հալածյալ լինելը:

Առավոտ կանուխ բարձրացի՜ր,

Երբ դեռ նո՜ր մարմանդ լուսանում է: –

Կտեսնե՜ս լուսաստղը կապտածիր,

Որ պայծառ ցոլքով բարձրանում է: –

Ա՜խ, այդպե՜ս բարձրացավ մի օր

Աշխարհում, Չարե՜նց, քո անունը…

Բայց հետո – կլանեց անհունը

Քո լուսաստղը – ցոլուն, ոսկևոր…

Այդ ո՜չ թե Արևն էր` բարձրացավ –

Եվ սրբեց ոսկեզօծ քո ցոլքը

Իր շքեղ ցոլքերով պայծառ: –

Ո՜չ: – Չնչի`ն ամպերի սև զորքը

Պաշարեց Արևի՜ց առաջ քեզ, –

Իսկ այնտեղ, ներքևում, – երգի սով էր, –

Բայց ցնծում էր պառնասն առանց քե՜զ…35

Հատկանշական է նաև, որ Պուշկինի մարգարեական տեսիլքի թեման ընդհանուր առմամբ ոգեշնչող ու նշանակալից էր մեկ այլ մոդեռնիստ գրող Միխայիլ Կուզմինի համար (1872-1936):

Չարենցը ռուսերենից թարգմանել է նաև նրա բանաստեղծություններից մեկի մի հատվածը: Եվ մի քանի նկատառումներով իսկապես կարևոր է, որ հենց Կուզմինն է ընտրվել: Նախ, ինչպես նշել եմ, Չարենցը բիսեքսուալ էր: Նրա հոմոէրոտիկ բանաստեղծությունները երևան են գալիս նրա կյանքի վերջին շրջանում, երբ ինքը նաև առանց վարանման դառնում էր դեպի անցյալ ու աստվածապաշտություն:

Քսանականների վերջին Հայաստան է այցելում Չարենցին քաջ ծանոթ Օսիպ Մանդելշտամը: Նրա կինը` Նադեժդան, իր հուշերում գրում է, որ ռուս բանաստեղծը Հայաստանն ընկալում էր որպես Խորհրդային Միության տարածքում գտնվող, դասական արվեստի ու քրիստոնեական միջնադարյան մշակույթի օջախ, մի վայր, որտեղ զգացվում էր Իտալիայի, գեղեցկության ու անհատի ազատության շունչը: Չարենցի միասեռական բանաստեղծություններում հնչում են այդ զգացողությունները: Կուզմինն առաջին և, որ ամենակարևորն է` չքողարկված միասեռական բանաստեղծն էր Ռուսաստանում36:

Նա նաև էսթետ էր, քաղաքական հայացքներով` պահպանողական, մոլի հայրենասեր և չափազանց կրոնապաշտ քրիստոնյա: Մերժելով միահեծանությանն առնչվող բոլոր գաղափարախոսությունները` Կուզմինը մարմնի ձիրքերն ընկալում էր որպես բնական և քրիստոնեական: Իր կրոնական համոզմունքները զուգորդելով ուշ շրջանի անտիկ հեթանոսության փիլիսոփաների հանդեպ տածած իր ակնածանքի հետ` նա հաստատում էր Պլոտինուսի ուսմունքն այն մասին, որ տիեզերքը գեղեցիկ է, և սերն է այն ուժը, որ մարդուն հնարավորություն է ընձեռում ընկալել այդ սուրբ գեղեցկությունը:

Կուզմինը երկու դարերի սահմանագծին մեկնել է Եգիպտոս և գրել բանաստեղծությունների մի շարք` «Ալեքսանդրիական երգեր», որոնք ընթերցվում էին իր իսկ գրած երաժշտության ուղեկցությամբ: Կուզմինի մահվան տարում, 1936-ին, Չարենցը թարգմանել է շարքի V.5 բանաստեղծության մի մասը.

Երեք անգամ եմ ես հանդիպել նրան երես-երեսի: –

Առաջին անգամը` գնում էի ես պարտեզի միջով,

Ընկերներիս համար ճաշի ուղարկված,

Եվ` որպեսզի կրճատեմ ճանապարհը`

Պալատի պատուհանների մոտով ուղևորվեցի ես:

Հանկարծ ես լսեցի լարերի ձայն,

Եվ քանի որ բարձրահասակ էի,

Հեշտությամբ տեսա լայն պատուհանի միջով

Նրան. –

Նա նստած էր տրտում, միայնակ,

Քաշելով բարակ մատներով լարերը քնարի,

Իսկ սպիտակ շունը

Պառկած էր ոտքերի մոտ անտրտունջ,

Եվ միայն ջրացայտքի քչքչոցն էր

Ձուլվում նվագին:37

Բանաստեղծության մեջ մի քրիստոնյա զինվոր խորհում է գեղեցկության ու մահվան մասին` Նեղոսում Անտինոուսի` Կայսր Հադրիանի սիրեցյալ փռյուգացի երիտասարդի, խեղդվելու ազդեցության տակ. այստեղ Կուզմինը գործի է դնում քրիստոնեության և հեթանոսության, աստվածապաշտության և միասեռական սիրո ներդաշնակեցումը ստեղծագործության եզրափակիչ տողերում, ուր հրեշտակներն ազդարարում են Կեսարի հրամանը գեղանի տղայի սրբացման մասին: Որոշ ժամանակ Կուզմինը կնքում էր իր նամակները Անտինոուսին պատկերող դրոշմակնիքով, որի անունով նրան կոչում էին մտերիմները: Բանաստեղծությունը համահունչ է Չարենցի մտորումներին ու ցանկություններին, այդ իսկ պատճառով հենց այդ գործն է ընտրել թարգմանության համար: Կուզմինը նաև մի տեսիլք է նկարագրում 1890-ականների վերջի իր «Անապատում» (В пустыне) ստեղծագործության մեջ:

«Երկար քայլում էի ամուլ անապատում, գնալով ավելի ու ավելի հեռու` վրաս ծանրացած մեղքերի անեծքով դրդված: Թևերս այլևս անզոր էին` անցյալի գրկախառնությունների բեռից, աչքերս մթնել էին` սիրահարների ակնապիշ հայացքներից…. Ու անծայրածիր անապատի, անսահման հեռավոր երկնքի հեռավոր կողմից մի ճաճանչափայլ լույս հայտնվեց: Այն վիթխարի էր, ինչպես ավազամրրիկը, ինչպես բաբելոնյան աշտարակը: Սարսափած` աչքերս փակեցի: Կարծես արդեն մահացած լինեի: Ճնշող ու համր անդորրի մեջ չէի լսում սրտիս հարվածները:  Երբ աչքերս բացեցի, Ճաճանչափայլ Մեկը կանգնած էր իմ կողքին: Նրա ձեռքերը չէին երևում` զգեստի տակ էին: Նրա ճերմակ զգեստի տակից տեսանելի էր արյունոտ մի վերք` կարծես նիզակից կամ վարազի ժանիքից լիներ: Արժանի չէի անգամ նայելու Նրա դեմքին: Ես լոկ սողացի Նրա ոտքերի մոտ, և ծանր ու խոշոր արցունքները, անձրևի առաջին կաթիլների պես, ընկան անապատի ավազի վրա: Բերանքսիվայր ընկա այնտեղ ու արտասվում էի, արտասվում…. Թվում էր, թե երկարուձիգ տարիներ այդպես լաց եղա: Իսկ երբ վերև նայեցի` Նա ժպտում էր` բարությամբ լի: Ողորմածությամբ ձեռքերը դեպի ինձ պարզեց` ի նշան մեղքերիս թողության…. Նրա ժպիտն ու ճառագումը լուսավորում էր ողջ անապատը: Ամուլ տափաստանը վերափոխվել էր ոչ երկրային դրախտի, Հորդանանի պայծառ դաշտավայրերի: Ոտքի ելա զորացած, ուժերով լի: Տապալվել էի որպես ողբացող մեղսագործ: Հառնեցի որպես Աստծո զինվոր»:38

Պրոֆ. Ջոն Մալմստադը, որը ժամանակին լրջորեն ուսումնասիրել է այս տեքստը, թերևս զգուշավորություն է ցուցաբերել այն իմաստով, որ կարծիք չի հայտնել Պուշկինի «Մարգարեի» անապատային տեսիլքի հնարավոր ազդեցության մասին, քանի որ համապատասխան փաստագրություն այդ մասին չկա (թեև Կուզմինը տարված էր Պուշկինով և մի քանի բանաստեղծություն է նրան ձոնել… սակայն ո՞ր ռուս բանաստեղծը դա չէր անի)39:

Մալմստադը, սակայն, ընդգծում է հրեշտակի հետ բանաստեղծի հանդիպման հոմոէրոտիկ ասպեկտը և հեթանոսական ու քրիստոնեական պատկերների միտումնավոր կապակցման հնարավորությունը: Էրոտիզմն, իհարկե, հաճախ հանդես է գալիս որպես «առանցքային սնուցիչ» միստիկ փորձառությունների էներգիայի և ընկալման համար, և այս կարգի էրոտիզմը ոչ թե նսեմացնում, այլ ուժգնացնում է տեսիլքի ներքին կրոնականությունը:

Կուզմինը պաշտպանում էր Համաննի այն տեսակետը, որ սեքսուալությունը անբաժանելի է բոլոր մարդկային և աստվածատուր փորձառություններից, և այն չպետք է դիտվի հոգևորից անջատ: Մենք նկատել ենք նաև նրա` գեղեցկության վերաբերյալ Պլոտինուսի տեսակետների որոշ իմաստով ընտրանքային որդեգրումը:

«Անապատում» Կուզմինի  ինքնամաքրման պարպումը կատարվում է բուռն հեկեկոցի միջոցով (կարելի է համեմատել, թերևս, վերը մեջբերված «Ալեքսանդրիական երգերում» զինվորի արտասվելու հետ), այլ ոչ` անդամատման, ինչպես Պուշկինի բանաստեղծության մեջ: Արդյունքը, սակայն, նույնն է` Պուշկինի մարգարեն Կուզմինի Աստծո զինվորն է, այսինքն` երկուսի հոգևոր ինքնամաքրումը և վերափոխումը տեղի են ունենում  գերբնական ուժի տեսիլքի միջոցով, ինչպես նաև հոգեկան ցնցման, որը կապված է ամայի տարածքում  հին մարդու մահվան և նորի ծննդյան հետ: Ես, այնուամենայնիվ, կփորձեմ կարծիք հայտնել, որ Պուշկինի «Մարգարեն» էր ոգեշնչել Կուզմինին, ճիշտ այնպես, ինչպես շուրջ երկու սերունդ և երեք հեղափոխություն հետո այն գերեց Չարենցին:

Արդ, ներկայացնում եմ Չարենցի մինչ այժմ չհրապարակված «Մարգարեի»40 թարգմանությունն ըստ նրա ձեռագրի, որը պահպանվում էր բանաստեղծ Գևորգ Էմինի արխիվներում: Տեքստի լուսանցքներում առկա է 9-14 տողերի մի տարբերակ. ինչպես սա, այնպես էլ ավելի վաղ` 1935-ին գրված տարբերակը (հրատարակված 1983 թ.), ծանոթագրված են:

Մարգարե

Հոգու ծարավից, սովից հիվանդ`

Անապատն էի դեգերում ես,

Եվ մի վեցթևյա քերովբե անդ

Ուղեհանգույցում ինձ հայտնըվեց:

Մատները թեթև, նման նիրհի,

Հպեց նա քնքուշ իմ աչքերին.

Բացվեցին աչքերն ամենատես`

Ահաբեկ արծվի աչքերն ինչպես:

Իմ ականջներին դիպավ ապա

Եվ աղմուկ ու կանչ առան նոքա,

Եվ ես անսացի երկնի սարսումն,

Եվ հրեշտակների թռիչքը վերին,

Եվ երթն ընդծովյա զեռունների,

Եվ հովիտներում բույսի սարսուռն:

Եվ նա շրթերիս մերձեցավ մոտ,

Եվ պոկեց նա իմ լեզուն մեղսոտ`

Եւ ունայնախոս, և խաբեբա,

Եվ խայթն իմաստուն օձի եւ գեջ

Դրեց իմ սառած շրթերի մեջ

Յուր արնաշաղախ աջով ապա: —

Եվ նա իմ կուրծքը հերձեց սրով

Եվ իմ դողդողյուն սիրտը հանեց,

Եվ ածուխն` այրվող հրկեզ հրով`

Դեպի իմ հերձյալ կուրծքը հրեց:

Ին(չ)պես դի` այնտեղ ընկա լռին,

Եվ ձայնն աստուծո կոչեց առ ինձ.

Ելի՜ր, մարգարե՜, և տես, եւ լուր,

Ներշնչվիր կամոքն իմ անսահման,

Եվ դեգերելով աշխարհն հանուր

Խոսքով հրկիզիր սրտեր մարդկան:

Տող 1. հիվանդ, 1983, տոչոր, 2. անապատն, 1983, անապատում, 3. անդ, 1983, հուր, 5. մատները, 1983, մատներով; նիրհի, 1983, նիրհին, 6. 1983: Նա հուշիկ հպվեց իմ աչքերին, 8. աչքերն ինչպես, 1983, աչքերի պես, 9. Իմ ականջներին,1983, եւ ականջներիս, 10. առան նոքա, 1983-ի տպ. ձեռագրում անընթեռնելի է, 11. սարսումն, 1983, շառաչին, 14. բույսի սարսուռն, 1983, որդերի աճն, 15. 1983: Եվ իմ շրթերին մերձեցավ նա, 16. լեզուն մեղսոտ, 1983, մեղսոտ լեզուն, 18. 1983, բացթ.` և գեջ, 20. Յուր արնաշաղախ, 1983, իր արնոտ, 22. իմ դողդողյուն սիրտը, 1983, թպրտացող սիրտս, 23. ածուխն, 1983 ավելացնում է սիրտս (!) 24. դեպի իմ հերձյալ կուրծքը, 1983, դեպի հերձ ու բոց կուրծքս, 25 լռին, 1983 բացթ. 27. տես և լուր, 1983, լուր և տես, 28. ներշնչվիր կամոքն իմ անսահման, 1983, ամոքվիր կամոքն իմ հար, 29: աշխարհն հանուր. 1983, ծովեր ու բաց, 30. մարդկան, 1983, մարդկանց, 9-14 Ձռ. տարբ. Իմ ականջներին ապա հպվեց -/ Եվ աղմուկ ու կանչ իմ մեջ լցրեց-/ Եվ ես անսացի երկնի սարսումն,/ Եվ հրեշտակների թռիչքը վերին/ Եվ չուն ընդծովյա զեղունների,/ Եվ հովիտներում որդի մրսումն:

Այն հատվածների մեծ մասում, որտեղ ձեռագիրը տարբերվում է Չարենցի անտիպ երկերի 1983 թ. հրատարակված ժողովածուի տեքստից, փոփոխությունները կատարված են հօգուտ հայերենի դասական գրության` երբեմն իմաստի զգալի փոփոխմամբ, երբեմն` առանց դրա: Նկատի ունենալով Չարենցի կյանքի վերջին տարիներին նրա նկատելի հակվածությունը Նարեկի և ընդհանրապես` դասական հայերենի նկատմամբ, կարելի է ենթադրել, որ ձեռագիրը 1983 թ. հրատարակության մեջ տեղ գտած թարգմանության խմբագրված տարբերակն է, ոչ թե նախորդող սևագրությունը: Սույն ենթադրության լրացուցիչ հիմնավորման կարգով կարելի է նշել, որ ձեռագրի 14-րդ տողում, որն, ինչպես նշել ենք, էջի լուսանցքում է ավելացված և, հետևաբար, սկզբնական ձեռագրից ավելի ուշ է գրառված, հայտնվել է ավելի արխաիկ և աղոտ չու  բառը` փոխարինելով ավելի պարզունակ երթ-ը` թե՛ ձեռագրում, թե՛ 1983-ի տեքստում: Ձեռագրում ներկայացված են ավելի հաջող արտահայտություններ` «առան նոքա» (տող 10), «ածուխն» («սիրտս»-ի փոխարեն, տող 23): Նրա ոճը տեղ-տեղ նկատելիորեն մոտեցվում է Պուշկինին` 28-րդ տողում ներշնչվիր բառը հաստատապես ավելի է համապատասխանում ռուսերենի «исполнись»-ին, քան ամոքվիր-ը: Մենք նաև կարող ենք նշմարել Չարենցի պայքարը` հաղթահարելու ռուսերենի այն արտահայտություններն ու բառերը, որոնք մարմնավորում են Պուշկինի պատկերած գերբնականորեն ազդեցիկ տեսիլքը, ինչպես նաև նրա ջանքերը` համարժեք պատկերի կերտման ուղղությամբ: «Прозябанье»-ի դեպքում, որն իր հիմքում ունի зяб- արմատը, ունենք աճն (1983), որը սոսկ բույսի աճին է վերաբերում, սարսուռն  (ձեռագրում), որն այնքան էլ տեղին չէ (նշանակում է` ցրտից դողալը), և` մրսումն (ձեռագրի տարբերակ), որը, համենայն դեպս, մարսել բառի ակնարկ է պարունակում, ցույց տալով մարսողության ընթացք, էակ, որ շարժվում է, բայց այնքան դանդաղ, որ սովորական մահկանացուն ի զորու չէ նկատել այդ շարժումը:

Ինչո՞ւ է Չարենցն ավելի ուշ շրջանի տարբերակում փոխել տոչոր բառը, որը նախընտրում և հաճախ գործածում էր Նարեկը` այն փոխարինելով ավելի թույլ` հիվանդ բառով: Կարծում եմ, որ այդ փոփոխությունն արտացոլում է նրա ներքին երկխոսության արդյունքը, Չարենցի վերաիմաստավորումը և վերադարձն իր ավելի վաղ շրջանի երկերին, որոնք մերժելի էր համարում ստեղծագործական կյանքի միջնամասում: Հիվանդ բառի կարևորությունը կարելի է պարզել 1915-ին գրված մի բանաստեղծության օրինակով`

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,

Ես երազեցի արևի մասին:

Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար `

Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին:

Ես երազեցի արևի ոսկին,

Տենչացի նրա հրաշքը խնդուն`

Ուզեցի սիրել շշուկն իմաստուն`

Արևանման, արնավառ խոսքի–

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար–

Խոսքեր չկային, ու արև չկար…

Իր հրատարակած վերջին` «Գիրք ճանապարհի» հատորում, Չարենցի բանաստեղծություններից մեկը հիվանդ մարդկանց լավատեսություն ներշնչելու փորձ է, սակայն հենց ինքն իր հեղափոխական երիտասարդության տարիներին ծաղրուծանակի էր ենթարկում 1915 թ. այս բանաստեղծությունը: «Սնոուդոն, կամ ավտոմատ կոմունիզմ» վերնագրված իր երգիծական կինո-ֆելիետոնում Չարենցը պատկերում է կապիտալիստ Մակդոնալդին, որը բոլշևիկներից սարսափած` գրում է. «Ես հիվանդ եմ, ես խելագարվում եմ». սա միանշանակորեն քամահրական հղում է իր իսկ նախահեղափոխական երիտասարդության օրոք գրած բանաստեղծությանը:

Այժմ, հավանաբար համոզվելով, որ Աստծո բաղձանքով պայմանավորված ոգու տկարությունն ավելի նախընտրելի է, քան բարբարոսի քաջառողջությունը, նա վերականգնում է հիվանդ բառի «արժանապատվությունը», անգամ` Պուշկինի գործածած բառիմաստի փոխանցման պակաս ճշգրտության գնով:

Ինչպես արդեն նշել ենք, Չարենցն իր ուշադրությունը սևեռում էր Պուշկինի և հայ բանաստեղծների սերունդների համար չափազանց կարևոր ոգու սովի հասկացության վրա: Մենք տեսանք նաև, որ նրա երկերում միաձուլվում են մարմնական սիրո և հոգևոր հավատքի հասկացությունները` ներդաշնակ ամբողջություն կազմելով ճիշտ այնպես, ինչպես Չարենցին հիացնող Կուզմինի երկերում: Չարենցագետ Դավիթ Գասպարյանը ժամանակին հրապարակել է բանաստեղծի թղթերի մեջ պահպանված մի տարօրինակ, չթվագրված հատված41: Այն կարծես որոշակի արտահայտության մեկնաբանություն լինի, կամ հովվապետի աղոթք իր հոտի բարօրության համար, որում սիրո տենչանքը ներկայացված է հոգևոր սովի և ծարավի հարթության վրա: Անսպասելիորեն մի նոր բառով հարստացող երգեցիկ կրկնությունների միջոցով, մութ կամ լուռ  բառերին անակնկալ հնչեղություն հաղորդելով և գրեթե զուգահեռաբար տանելով իր սիրո և նրա ողբերգականության ընդմիջված, աղոտ, ցավագին նկարագրության գիծը` Չարենցը հասնում է ծայրահեղ վշտի ընկալմանն ու հիպնոսացմանը հավասար արդյունքի: Բոլոր ծանոթագրությունները, վերծանումներն ու փակագծերում բացթողումների նշումները Գասպարյանինն են:

Մութ (անապատում) դեգերում

(երկու տող անընթեռնելի են)

Ոգու

Տառապած շրջում էր

Մառ անապատում դեգերում ես

Հոգու ծարավից մղված

(երեք տող անընթեռնելի են)

Հոգու ծարավից մղված

Եվ նստած էի և (ոգելով)

Քո սիրածն էի տառապելով

Մթին սենյակում (անընթեռնելի) ես

Երբ վերից ընկած մի նրբավարդ

Կ (…) գլխի վրա նստած …

Եվ քաղցից էի ու ծարավից

Մառ անապատում դեգերում ես

Ծարավից էի հոգևոր ես

Հոգևոր սովից, ծարավից կեղ

Մառ անապատում դեգերում լուռ

Գազազում էի սիրուց մղված

Մութ (անապատում) դեգերում ես:

Հոգով ծարավ էի, կարոտից սև

Ես սիրուց էի, կարոտից սև

Մութ անապատում դեգերում լուռ, —

Հոգու ծարավից ես ընդմիշտ

Հոգու ծարավից

Ես դավից էի, դավից մղված

Մութ անապատում դեգերում լուռ

հոգևոր սովից

ծարավից էի…

Պուշկինի պատկերած տեսիլքի ազդեցության տակ բանաստեղծի հոգում ծագած խոհերը կարելի է նշմարել նրա մի շարք այլ երկերում, որտեղ Չարենցը սահմանում է պոետական արվեստը, վերահաստատում է հայ ժողովրդի և քրիստոնեության անցած ուղին. այս խոհերը կլանում են բանաստեղծին նրա կյանքի վերջին տարիներին:

Սակայն այս փոփոխությունն ամբողջովին անհնար կլիներ ըմբռնել, եթե նկատի չունենանք Չարենցի կողմից իր իսկ մարմնական ցանկությունների ընկալումը, կրքի ու հավատքի, կամ`  հավատքի որոնումների, համատեղումը, արդի համաշխարհային գրականության մեջ սեփական տեղն ունենալու նրա հպարտ գիտակցումը և նրա չափազանց մտերիմ ու խորունկ վերաբերմունքը մասնավորապես ռուս գրականությանը, և հատկապես` ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինին, որի ուղին զարմանալիորեն նման էր Չարենցի ճակատագրին, որի կյանքի ամսաթվերն իսկ կարծես կանխորոշած լինեն այդ ճակատագիրը:

Այս իմաստով, «Մարգարեի» միջոցով ինքնամաքրումը, ստալինիզմի, աթեիզմի, բռնության մեղքերի դրժումն ազդարարեցին նաև նրա փոխակերպումը: Չարենցը չէր ձգտում մինչհեղափոխական Հայաստանի` ազգայնամոլության, պետության հետ սերտաճած եկեղեցու և այլնի վերահաստատման: Նա ակնկալում էր միանգամայն այլ մշակույթի հաստատում, որը կտարբերվեր թե՛ միջնադարից, և թե՛ երեսնականների բռնատիրական ժամանակաշրջանից` մշակույթ, որի հիմնական արժեքները պիտի լինեին գեղագիտական և կրոնական, մարմնական և հոգևոր  ներդաշնակությունը, նաև` ազատությունն ըմբոշխնող ու ազատ զարգացում ապրող արվեստը: Այսպիսով, Չարենցը, ինչպես և Պուշկինը, իր երկրի մեծագույն բանաստեղծն էր և միաժամանակ` ճշմարիտ աշխարհաքաղաքացի, համաշխարհային գրականության քաղաքացի: Չէ՞ որ նա էլ վկա էր դարձել հայտնության և ուներ իր տեսլականը:

Ծանոթագրություններ

1. Ցար Նիկոլայի չարագույժ, Սուրբ Երրորդության օրինակով կազմված կարգախոսն էր` «Ուղղափառություն, Ինքնակալություն և Ժողովուրդ»-ը: Այդ ժամանակաշրջանի մասին տե՛ս` Nicholas Riasanovsky, Nicholas I and Official Nationality in Russia, 1825-1855 (Berkeley: University of California Press, 1969).

2.Այս տողն, իր արխաիկ բառապաշարով, թեթևակի փոփոխել և գործածել է սովետական բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն իր ծավալուն «Ստեպան Ռազինի մահապատիժը» պոեմում` Այսպիսով, այս աներեույթ քառյակը և բանաստեղծության մեջ ներկայացվող պատկերը վաղուց էին հայտնի ռուս ընթերցողին` տե՛ս նաև` John Bailey, Pushkin: A Comparative Commentary (Cambridge: Cambridge Univ. Press, 1971, 146).

3.Bailey, Pushkin, 145. 18-րդ դարում Աստվածաշնչյան գրաքննադատությունը, փոքրիշատե սկսվելով նշված աշխատությունից, հետագայում տարածվեց հիմնականում Գերմանիայում: Այն կարևորում էր Սուրբ Գրքի բանաստեղծական և առասպելաբանական վերլուծությունները: Այսպես` Մարգարեները բանաստեղծներ էին, սակայն ժամանակակից բանաստեղծը ևս Մարգարե էր դառնում: Այս հարցի մեկնաբանությունների մասին մասնավորապես Քոլրիջի երկերում տե՛ս` E.S. Shaffer, “Kubla Khan” and ”The Fall of Jerusalem”: The Mythological School in Biblical Criticism and Secular Literature, 1770-1880 (Cambridge: Cambridge Univ. Press, 1975).

4.Ավելի վաղ տարբերակում Պուշկինն իր այս բանաստեղծությունն սկսում էր «Великой скорбию томим» տողով (А.С. Пушкин, Полное собрание сочинений, том 3.1: Стихотворения, сказки (Издательство  АН СССР, 1948), որտեղ տեքստը էջ 30-ում է, իսկ տարբերակները` 578: Այսինքն` նա վերաիմաստավորել է այդ տողը և ընտրել ոգու ծարավի թեման` որպես առավել կարևոր:

5.J.R. Russel, “Ezekiel and Iran,” forthcoming in S. Shaked, ed., Irano-Judaica V, Jerusalem.

6. Albert de Jong, Traditions of the Magi: Zoroastrianism in Greek and Latin Literature (Leiden: Brill, 1997), 320, citing Dr. Peter Kingsley.

7.Б.Коплан, К стихотворению “Пророк”, Пушкинский сборник памяти профессора Семена Афанасьевича Венгерова (Москва- Петроград: Госиздат, 1923), (Пушкинист IV, ред. Н.Б. Яковлев, 1922), 327-8, քննադատում է Լերներին այն թեզի համար, ըստ որի աստվածաշնչյան տեքստերի ազդեցությունը բանաստեղծի վրա աննշան էր: Կոպլանը նշում է, որ Եսայու 6-ից օգտագործված է բավականին մեծ հատված:

8. Man in the Landscape: A Historic View of the Esthetics of Nature, cited by Jon Krakauer, Into the Wild (New York: Anchor Books,1997), 25.

9. “The Road Not Taken”: «Դեղին թավուտում ճանապարհը բաժանվեց երկու մասի», և այլն: Հեղինակն ընտրում է այն ուղին, որն, ասես, «անցորդի կարիք էր զգում», բայց հետո խորհում է, որ սխալվել է: Զայրացած բանաստեղծը կարդում է իր երկը մեծահարուստ բոստոնցի նախագահի երդմնակալության ժամանակ. այս երկուսի նորանգլիական կեղծ ու պարզունակ միստիկան գրողին թվում է միանգամայն զուրկ որևէ հմայքից կամ ճաշակից, բայց, դրա հետ մեկտեղ, Իոսիֆ Բրոդսկին բարձր էր գնահատում Ֆրոսթին, այնպես որ` երևի կա մի բան, որ ես լավ չեմ հասկանում:

10. Մեջբերումը` Georgia Flaherty,Shamanism and the Eighteenth Century (Princeton: Princeton University Press,1992), 47.

11. Նույն տեղում, ch. 6.

12. Տե՛ս Ֆրեյդենբենգի և Կաբոյի ուսումնասիրությունները, մեջբերված Ե.Վ.

Ռևունենկովայի կողմից` “Shamanism and Poetry,” M. Hoppal and O.J. von Sadovszky (eds.), Shamanism: Past and Present, vol. 2 (Budapest: Ethnographic Institute of the Hungarian Academy of Sciences, 1989), 395.

13.(լատ.)Գրքերն ունեն իրենց ճակատագիրը (ծնթ. թարգմ.):

14. “The Dream of Coleridge,” in Jorge Luis Borges, Other Inquisitions 1937-1952 (New York: Simon & Schuster, 1965), 14-17.

15.Մեջբերումը` ԵԺ VI: 483, Էդուարդ Ջրբաշյան, Պուշկինը և հայ բանաստեղծները (Երևան, ԳԱ, 1999 թ.), 172.

16. Ջրբաշյան, Պուշկինը, 150-1.

17. Դավիթ Գասպարյան, Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան (Երևան, ԳԱ 1983), 352-4. Պոն, Վերլենը, Բոդլերը և այլոք հայտնվում են նրա բանաստեղծություններում սկսած քսանականների վերջից:

18. Հարցազրույց է տվել  Խորհրդային Հայաստան օրաթերթին 1936 թ.-ի հունիսի 12-ին և На рубеже Востока-ին հունիսի 21-ին գրքերի, ֆիլմերի, պիեսների, պարգևատրումների, նույնիսկ` Հայաստանի Ստեփանավան քաղաքից ոչ հեռու գտնվող ռուսական Գյառգյառ գյուղը, որտեղ կանգ էր առել Պուշկինը, «Պուշկինո» վերանվանելու մասին: Տե՛ս` Չարենց, ԵԺ, հատ. VI, 358-64, ծանոթագրություններ 698-700-ում, որտեղ նշվում է, որ «Չ-ի վերջին տարիների սևագրություններում պահպանվել են թարգմանական էջեր Պուշկինի բանաստեղծություններից»:

1936 թ. կեսերից հետո, տեղեկանում ենք նույն ծանոթագրություններից, «արդեն Չ-ը չի մասնակցում» բոլոր այդ միջոցառումներին: 1967 թ. լույս տեսած այդ ժողովածուի խմբագրական կոլեգիան, իհարկե, չէր կարող նշել, որ բանաստեղծին ուղղակի հեռացրել էին դրանից: Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեն 1974-ին մի գրքույկ հրատարակեց` «Պուշկինին` հայ բանաստեղծներից» վերնագրով, որում, Ավետիք Իսահակյանի 1949 թ. գրած հիացական նախաբանից հետո, տպագրված էին քսանյոթ հայ բանաստեղծների երկեր` նվիրված Պուշկինին: Չարենցի բանաստեղծությունն առաջինն էր (Իմ սենյակում երեկ նստած/կարդում էի Ալեքսանդրին…): Բանաստեղծություններից տասնհինգը գրվել էին 1934-ի և 1938-ի միջև ընկած ժամանակահատվածում, ճնշող մեծամասնությունը` 1937 թ., այսինքն` ռուս մեծանուն բանաստեղծի մահվան հարյուրամյակի տարում:

Այդ նույն տարում իր գրած «Պոետն ու արքան» բանաստեղծության մեջ Հովհաննես Շիրազն անդրադառնում է Միխայլովսկոյեից Պուշկինի ճանապարհ ընկնելու դեպքին, սակայն չի հիշատակում «Մարգարեն»:  «Ճանապարհ դեպի Էրզրում» (1949) բանաստեղծության մեջ Գևորգ Էմինը Պուշկինի ուղևորության փաստը գործածում է որպես փոխաբերություն` Արևմտյան Հայաստանի բաղձալի ազատագրման հետ այն կապելով:

19.Bayley, Pushkin, 24

20. Սուրեն Աղաբաբյան, Ե. Չարենցի «Մահվան տեսիլը», Սովետական Հայաստան ամսագիր (Երևան), 8, 1982: 24-5, մեջբերում է բանաստեղծ Պարույր Սևակի բարձր գնահատականը, ըստ որի այս բանաստեղծությունը հազվագյուտ հանճարի դրսևորում է, առլեցուն չափազանց ազդեցիկ աստվածաշնչյան ոգով, և որոշ իմաստներով մոտ է միստիկ Նարեկացուն:

21. Conrad Knickerbocker, interview with W.S. Burroughs, St. Louis, Mo., 1965, in G. Plimpton (ed.), Beat Writers at Work: The Paris Review (New York: The Modern Library, 1999), 16.

22. Չարենցի մարգարեական անուրջների մասին մեկնաբանությունները տե՛ս իմ հետևյալ հոդվածում` “The Armenian Counterculture That Never Was: Reflections on Yeghishe Charents”.

Հատկանշական է, որ Չարենցը Բելտրաֆֆիոյին 16-ամյա է կոչում ոչ թե արդի արևելահայերենով, այլ դասական վեշտասնամյա ձևով, և այն շեշտում է` բանաստեղծության ամենավերջին բառը դարձնելով:

Այս խզումը ժամանակակից լեզվական միջոցներից համառող արխաիզմի դրսևորում չէ, այլ` Հայաստանի քրիստոնեական անցյալի վերահաստատման ու ընդունման վկայություն, ընդ որում այն միահյուսվում է Չարենցի բիսեքսուալության նույնքան խիզախ ու պայմանականություններից զուրկ դրսևորման հետ: Անտիպ արխիվային նյութերի մեջ պահպանված մի բանաստեղծության մեջ նա գովերգում է երիտասարդ տղայի սերը և կրկին գործածում վեշտասնամյա  բառը:

23. 1998 թ. սեպտեմբերին հնարավորություն ստացա տեսնելու Նարեկի Չարենցին պատկանող օրինակը Երևանում գտնվող նրա տուն-թանգարանում: Փոքրիկ գրքույկ էր, այնքան շատ թերթած, որ էջերն արդեն մաշվել էին, իսկ կազմը` թուլացել: Միանգամայն պարզ էր, որ բանաստեղծն աղոթքների գիրքն ընթերցում էր մշտապես ու լրջորեն:

24. Գրիգոր Նարեկացի, Նարեկ: Մատեան Ողբերգութեան, Բուենոս Այրես: Արարատ Հրատարակչություն, 1948), գլ. 2, 5; CW IV: 114.

25. Ողջակիզյալ. այս պատկերն ուղղակի փոխառություն է Նարեկի առաջին գլխից, որտեղ սուրբն ինքն իրեն և իր աղոթքներն առաջարկում է որպես զոհաբերություն, այն հույսով, որ դրանք որպես խունկ կընդունվեն, երբ ողբի հուրն իրեն կլանի, և չեն մերժվի իր մեղքերի այրվող ճարպի գարշահոտի պատճառով:

26. Բացահայտ հղում Առաջին Պատվիրանին:

27. Նորքը, Երևանի արվարձան լինելով, նաև հանդես է գալիս որպես 1933 թ. գրված մի բանաստեղծության վերնագիր («Գիրք ճանապարհի» ժողովածու): «Նորքը» նվիրվել է քնարական բանաստեղծ Վահան Տերյանին, որի բանաստեղծական ոճը Չարենցն իր հեղափոխական երիտասարդության օրոք ծաղրի էր ենթարկում, սակայն հետագայում համակվեց Տերյանի հանդեպ մեծագույն նվիրումով ու ակնածանքով:

28. Շյուղը կարող է սրինգ կամ շվի լինել (պարս. նեյ)  Ջալալ ալ-Դին Ռումիի Մատնավիի ձեռքում, որն իր նվագով պատմում է իր Պաշտելի Աստծուց բաժանվելու ցավի մասին, կամ էլ` այն եղեգը, որով բոց էր ելնում և ծնվեց հայ վիշապաքաղ, Հերակլեսյան աստված Վահագնը, կարող է և լինել այս ամենը միաժամանակ:

29. Կարելի է չափից շատ տարվել բանաստեղծի հակակոմունիստական հատկանիշների վերհանմամբ: Սակայն հարկ է նրան ընկալել այնպես, ինչպես կար` որևէ առանձին գաղափարախոսական ուղղությանը նրան չդատապարտելով:

Ըստ իս, վերջերս բանաստեղծի դստեր` Արփենիկ Չարենցի հրատարակած գրքույկում (Եղիշե Չարենցի աղոթքները, Երևան: «Անտարես», 1999, 76 էջ) նրան սրբացնելու փորձ է արվում, որպես աղոթք ներկայացնելով այն բանաստեղծությունները, որոնք չեն եղել այդպիսին. բանաստեղծը հավատացյալ է ներկայացվում գրեթե իր կյանքի սկզբից, իսկ նրա ուշ շրջանի զղջումը համարվում է հավատքի մեջ ապրած կյանքի եզրափակիչ փուլ, այլ ոչ` վերագնահատման արդյունք, որը հաճախ հանգեցնում է նման զղջման:

Հետաքրքրական է, որ հեղինակը քննում է քրիստոնյա հավատքի` հոգևոր վերափոխումն ու մարդ արարածի մեղավորությունը, անգամ հավատափոխության ու Աստծուն վերագտնելու հնարավորությունն ընդունող դիրքորոշումները, և ներածում դրանք ճիշտ ու սխալի մասին մարքսիստական աշխարհայացքի անողոք պատկերացումների դաշտ: Արդյունքում ստանում ենք մի անիրական, երկչափ, անբիծ Չարենց, որը հետևողականորեն անցնում է իր կյանքի ճանապարհն աստվածապաշտ մանուկից մինչև իր վերահաս մահը խաղաղությամբ ընդունող հասուն անհատ, ինչպես կանցներ խորհրդային իշխանության նախանշած «հոկտեմբերիկ – կոմերիտական – կուսակցական» ուղին…

Միանգամայն հասկանալի է բանաստեղծների մերձավորների կողմից նրանց հետմահու սրբացման մղումը. Ռեմբոյի մայրը պաղատում էր Վերլենին ոչնչացնել որդու բանաստեղծությունները, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի ընտանիքի անդամները պահանջում էին, որ նրան նվիրված հանդիսությունների ժամանակ և հրապարակումներում չհիշատակվի մեծ բանաստեղծի բիսեքսուալությունը` մի պահանջ, որը, բարեբախտաբար, Իսպանիայի ժողովուրդն անտեսեց:

Տվյալ պարագայում, կարելի է միայն համաձայնել Դայանա Տեր-Հովհաննիսյանի և Մարզպետ Մարկոսյանի` Եղիշե Չարենցի ընտիր երկերի ժողովածուի նախաբանի վերջին պարբերություններում արտահայտված հետևյալ մտքի հետ` եթե Չարենցն արևմտյան բանաստեղծ լիներ, նրա թուլություններն ու ըմբոստ պահվածքը կենթարկվեր իրական ուսումնասիրության, սակայն քանի որ այդպես չէր` բանաստեղծին շնչահեղձ արած ու կործանած խորհրդային ամբողջատիրական համակարգը փոխարինվել է ազգայնական ու կրոնական շովինիզմի գաղափարախոսությամբ, որն իր ուրույն ձևով է շնչահեղձ անում ու կործանում բանաստեղծին:

30. Այդ մտերիմներից ամենահայտնին նկարչուհի Ռեգինա Ղազարյանն էր: Տե՛ս` նրա «Հուշեր Չարենցի մասին»-ը Դավիթ Գասպարյանի «Չարենցի հետ. հուշեր» գրքում (Երևան, «Նաիրի», 1997 թ.), 339-374:

31. Ե. Չարենց «Անտիպ և չհավաքված երկեր», Երևան, 1983թ., 424-5:

32. Գրքում տեղ են գտել Պուշկինի մի քանի բանաստեղծությունների թարգմանություններ, արված 1933 թ. մայիսին, այդ թվում` «Ապրում էր մի աղքատ ասպետ…» և «Որթատունկի աստվածն ուրախ…») բանաստեղծությունները:

33. Տե՛ս Դավիթ Գասպարյան, «Ողբերգական Չարենցը. կյանքի և ստեղծագործ(ության) նորահայտ էջեր» (Երևան, «Նաիրի», 1990 թ.), և նույն գիտնականի լրացուցիչ նյութերը` «Նորահայտ էջեր» (Երևան, 1996 թ.):

Գերմանական ֆյուրերականության  և խորհրդային առաջնորդի ինստիտուտների համաժամանակ ձևավորումը հստակորեն վկայում են այդ երկու համակարգերի բազմաթիվ նմանությունների մասին:

Երբեմն նույնիսկ այդ երկուսի գեղանկարչությունն էր համահունչ, տե՛ս Իգոր Գոլոմշտոկի Totalitarian Art in the Soviet Union, the Third Reich, Fascist Italy and the People՛s Republic of China (New York: Icon Editions, 1990) նախաբանը: «Զառանցանք» հասկացությանն անդրադառնալով, որն արտահայտում էր Չարենցի առօրյա կյանքը երեսնականներին, տե՛ս` Sheila Fitzpatrick, Every day Stalinism. Ordinary Life in Extraordinary Times: Soviet Russia in the 1930՛s (New York: Oxford University Press, 1999).

34. Այս բանաստեղծությունը հաճախ տեղ է գտնում ամենատարբեր ժողովածուներում, տես` Ավետիք Իսահակյան, «Երկեր» (Երևան, Հայպետհրատ, 1955 թ.), 39:

35. Ե. Չարենց, Հատընտիր (Երևան: Սովետական գրող, 1987), 453:

36. Կուզմինի «Крылья» վեպը մեկ դար առաջ նախանշում է Ժիդի ”Corydon”-ը, նա շատ ավելի բացախոս է, քան Պրուստը: Բոլշեվիկների օրոք միասեռականությունն ապաքրեականացվեց, սակայն ստալինյան բիրտ վարչակարգն այն կրկին օրենքից դուրս հայտարարեց 1934 թ. ընդունված օրենքով, որով բանտարկության դատապարտվեց հայ հայնրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը 1980-ականների սկզբին:

Կուզմինն անթաքույց ապրում էր իր սիրեցյալի հետ և մահացել է բնական մահով` երեսնականների համար սա ճակատագրի աննախադեպ բարեհաճության նշան էր: Միասեռականությունն այժմ օրենքով չի հետապնդվում ո՛չ Ռուսաստանի Դաշնությունում, ո՛չ Հայաստանի Հանրապետությունում:

37. Ե. Չարենց «Անտիպ և չհավաքված երկեր», Երեւան, 1983թ., 407:

38. Տես` John E. Malmstad and Nicolai Bogomolov, Mikhail Kuzmin: A Life in Art (Cambridge, MA: Harvard University Press, 1999), ՛4.

39. Պրոֆ. Մալմստադն ինձ հայտնել է, որ իրականում ինքը ևս շատ է խորհել Պուշկինի և Կուզմինի  տեսիլքների հնարավոր կապի մասին, սակայն ի վերջո որոշում է ընդունել` չհամեմատել նրանց: Այդուհանդերձ, ցանկացած ռուս մտավորական այդ կապը կարող է տեսնել` այն ակնհայտ է:

40. Չարենցը գուցեև այդ մասին չգիտեր, բայց հայերենում մարգարե բառը, որը որպես կանոն գործածվում է այնպես, ինչպես հունարենում prophetes-ը և ռուսերենում prorok-ը, իր ծագումնաբանությամբ փառահեղորեն համապատասխանում է բանաստեղծության գործառույթին. այն առաջացել է հին պարսկերենի manthra-karya (մանտրաների ստեղծող) հասկացությունից, այնսինքն` բանաստեղծ, որն օժտված է հոգեկան ուժ և մոգական, երկրային ազդեցություն ունեցող բառեր ստեղծելու գերբնական կարողությամբ: Այդպիսով, մարգարեն խոսում է ոչ միայն Աստծո անունից, այլև դա անում է, բառի բուն իմաստով, արարչական, հատուկ ստեղծված խոսքի միջոցով: Հրեական և քրիստոնեական մշակույթները խարսխված են միևնույն կուռ համոզմունքի վրա, որ Աստված արարել է աշխարհը Logos-ի միջոցով, անգամ Թալմուդն էլ հաստատում է, որ ճշմարիտներն ի զորու կլինեին սուրբ տառերի օգտագործմամբ նոր աշխարհներ արարել, եթե չլիներ մարդկանց մեղավորության գործոնը:

41. Նորահայտ էջեր», 297:

*բառացիորեն` «մեծ քթով լրտես», իրականում` Սպինոզա անվան աղավաղված տարբերակ, (ծնթ. թարգմ.):

Show Comments Hide Comments

2 thoughts on Չարենցը` մարգարե

Leave a Reply

Your email address will not be published.