Ու՞ր է այսօրվա ցայգը լուսավոր,
Ժպիտը պայծառ…
… և ճանապարհը տգեղ ու փոշոտ,
Որ հիշեցնում է անտեր մի գյուղի անդուր ճանապարհ,
Քան արտադրական մի գործարանի աղմկոտ ճամփա…
Իսկ սուրճի հոտը,
Այդ վառած սուրճի հոտը գարշաբույր`
Իր ամբողջ խորքով կիպ է թոքերս…
Փտած ճանապարհ,
Բոմժեր ճամփեքիս`
Հարբած, խփնված,
Ցանկասեր, կեղտոտ…
Ընչաքաղց երազ,
Ու իմ երազում
Կեղտաջրերով լի ավազանում
Մարդիկ են լողում
Ու որսում որդեր`
Պիրկ ու լպրծուն…
Քամի եմ ուզում`
Տարանցիկ քամի
Կաթնագույն երազ,
Լուսածոր հոգի…
Չորս պատերի մեջ
Պարփակված մարմին,
Համացանցի մեջ
Ներծծված աչքեր`
Անհույս, անհոգի ու տագնապալից…
Ու մի մտորում,
Որ վաղը կրկին ցայգ է լինելու,
Գուցե այս անգամ հաջողակ լինի…