չէ, էս անգամ բառախաղը տեղին չէր

«ՀՒՎԱՆԴՆԵՐԸ »

հավաքական

1.

Սխտորի հոտը տարածվել էր ծանոթ պատերի ներսում: Դանդաղ գալիս էր դիմացի նորովի ներկած դռնից ու մտնում ներս, խառնվում ներկաների ձմեռային վերարկուների ու ասեղների հոտին: Իսկ ներսում շատ մարդ կար, օդը առանց այն էլ ծանր էր ու դժվարամարս:

_ Էս ինչ սխտորի հոտա գալիս..չեմ հասկանում, սխտո՞ր են ուտում…

_ Տո չէ, էս մենակ սխտոր չի, ճաշի հոտա…սխտորով ճաշա երևի մեկը բերել

_ 4-րդ պալատից ճաշ են տաքացնում, Ալլանա, դրանիցա..

Խոսողը կնճռոտ 60-նն անց կին էր, որ մի ոտքը պատուհանի կողքի մահճակալին բարձրացրած միջին վիճակագրական հայացքով նայում էր միջին վիճակագրական կատետրին, որից միջին վիճակագրական արագությամբ կաթում էին գլյուկոզի ու քլորի կաթիլները:

_ Էս ինչ էլ ցավոտ ա, բալա, ցավումա…

_ Բա, ես ձեզ ասեցի, որ էտ ցավոտ դեղա, պիտի դիմանաք, – սովորական ժպիտով պատասխանեց բուժքույրն ու սկսեց քանդել հեղուկով լցված տոպրակների պարունակությունը` ընտրելով, թե այս անգամ որը պիտի դնի վերջացողի փոխարեն,

_ Կուզե՞ք դանդաղացնեմ մի քիչ, ավելի քիչ կզգաք ցավը..

_ Չէ, չէ, սենց լավա, գոնե շուտ կպրծնի, մինչև իրիկուն..

_ Դուք գիտեք, տիկին Լաուռա, ես պատրաստ եմ նաև դանդաղացնել, – նույնպիսի արագությամբ պատասխանեց Արմինեն ու սկսեց հավաքել տոպրակները:

Օրը նոր էր բացվում: Պատուհանից այն կողմ ցուրտ էր, իսկ ներսում անտանելի շոգ:

_ Ի՞նշ կա բա տատ, – լսվեց տղայի բարիտոնը դիմացի մահճակալից,- ասում ես ջիգյարով հազում ե՞ս…,- արտաբերեց նա ու սկսեց ծիծաղել,- հեսա թոռներիդ հավաքում եմ իրար գլուխ, վրեդ խաբար չկա..

_ Ո՞վա գալու

_ Անդոն հեսա կգա, պուճուրը

_ Հաա..հա, հա-հա-հա..,- տատին խեղդվեց թոքախտային հազից, որ առաջացավ փոքր թոռան մասին հանգիստ չտվող մտքից:

_ Վայ, ինչքան կարելիա, օդ չկա, օդ

Ռիմայի մոտ հավաքվել էր ողջ գերդաստանը ու դեռ հյուրերի էին սպասում:

_ Սենց բան մենակ Հայաստանում կտեսնես, մեկել Սովետում` էն որ էլ չես տեսնի..Ոնց կարելիա էսքան մարդ հիվանդի պալատում, էն էլ մի քանի հիվանդի..,- անընդհատ կրկնում էր միջահասակ հիսունն անց մի կին, որին թեթև թոքերի բորբոքումով բերել էին սիրտ-թոքային բաժանմունք ու 3 օրից պիտի դուրս գրեին,- Լաուռ ինչ ես ուզում, լավ ե՞ս..բա ես էլ ապելսինը առավոտը թափեցի զիբիլը..

Բուժքույրը գնալուց առաջ ամեն դեպքում որոշեց դանդաղեցնել տիկին Լաուռայի կատետրը, ու թողնել, որ գլյուկոզը հանգիստ իր ճանապարհը բացի կնոջ առանց այդ էլ կապտած երակների միջով, դեպի սիրտ. նա շտապելու տեղ չուներ:

_ Էէ, Ալ, հեսա աղջիկս գալույա, կա´ռնի.. Ու´ր մնաց տեսնես…

****

2.

Կեսօրից հետո ժամը 4-ն էր: Արմինեին փոխարինած փոքրամարմին ու աշխույժ քույրը ներս մտավ, որ հետևի գլուկոզների ու նատրիների ընթացքին: Խոշոր սև աչքերը սովորականի պես փայլում էին երկրորդ հերթափոխին բնորոշ փայլով: Առաջին անգամ մտնելուց հետո կկարողանա հետը մի բան կորզել ու մնացած գիշերային հերթապահությունը հաջող համարել: Առաջին անգամ էր մտնում, մարդիկ կային, ում պետք էր ասեղը փոխել…արդեն տեսնում էր, թե ինչպես են զնգում 500 դրամները բարձերի տակ: Մինչև մոտակա աշխատավարձը դեռ շատ կար, իսկ շուտով սկսվելու էին դասերը, ու աղջիկը կրկին ընկնելու էր այդ զզվելի համալսարանի զզվելի դասախոսների ճիրանները..

Նրա մտքի թելը կտրվեց, երբ ներս մտավ հերթապահ բժիշկը: Տիկին Լաուռայի տոպրակը կեսից ավելի չափով դատարկվել էր, բայց դեռ ահագին կար:

Զոնդավորումից հետո ներս էին բերում փաթաթված Ռիմային:

_ Տեսակցողները խնդրում եմ դուրս գան սենյակից,- վստահ ձայնով ասաց սանիտար կինը, որ բռնել էր սավանի մի գլխից:

_ Վերջապես, գոնե մեկը ֆայմեց..,- շարունակում էր միջին տարիքի կինը, որին 3 օրից դուրս էին գրում:

_ Հըն, Ռիմ, ոնց է՞ր..

_ Լավ, Բան չկար ոնց որ..կարևորը պարզվեց ամեն ինչ վատ չի էլի..դեղորայքով, բանով կբուժեն..

_ Բա որ ասում էի դրա մեջ բան չկա…ասում եմ ինձի արել են, բան էլ չես ըզգում, ուղղակի տհաճ մի բան

_ հա, ոնց որ ատվյոռտկով մեկը ոտդ խրի, բայց տենց ցավ չկա..

_ Ասում էի չէ…բաան էլ չկա, ինչ էիր վախենում, հիմա ասեմ, ուրեմն սենց մի 4 ժամ անշարժ պիտի պառկես..ո՞ր ոտդա, ա՞ջ, ծալել չի կարելի…պիտի ուղիղ, հորիզոնական դիրքով..

_ Բժշկուհինա գալու, մի քիչ էլ համբերեք,- դժգոհ հայացք գցելով Ռիմայի շատախոս հարևանի կողմն` ասաց սանիտարը, – հանգիստ պառկեք:

Կարճլիկ լռություն տիրեց, այն լռություններից, որ աննկատ են անցնում բոլոր ներկաների համար, որովհետև խոսակցությունը իրենք իրենց համար շարունակում են:

_ Ռիիմ, գունդը դրել ե՞ն

_ իի՞նչ..

_ Գունդը, գունդը..սենց բամբակից պիտի դնեն ծակի վրա..

_ Չեմ լսում..

_ Գունդը, մամ, ասումա գունդ բամբակի դրել ե՞ն

_ Հա, չեմ տեսել, բան չգիտեմ, աչքերս փակել պառկել էի, բան չգիտեմ,- արագացրեց Ռիման

_ Սենց ծակի վրա պինդ բամբակ են դնում, որ արյուն չգա էլի… Բա տեսա՞ր սիրտդ, անոթները բան..

_ Որտե՞ղ ախչի, – վախեցած արձագանքեց Ռիման, կարծես պետականորեն արգելված մի բանի մասին էին հարցրել:

_ Էկրանի´ն վայ..

_ Չէ, աչքերս փակել էի, ասեցի բան չեմ ուզում տենամ, բան չեմ տեսել,- կարճ կտրեց նա:

– –  –

15 րոպե անց Ռիմային բարեհաջող պառկեցրել ու տեղավորել էին մահճակալին: 5-րդ պալատը հանդարտվել էր.

Գերդաստանը դեռ չէր հեռացել:  Երկու եղբայր, հարսներն ու Ռիմայի աղջիկը շտապեցին ներս:

_ Մի կտոր բան ուտե՞ս մամ

_ Չէ ինչ ուտել..

_ Թեթև բան տվեք, եթե սոված ա, հեշտ մարսվող սնունդ, – բարձր ձայնով կրկնեց փոքրահասակ բուժքույրը,- միրգ կամ տենց մի բան..

_ Հա բա չէ, խորոված..

_ Տենց հիվանդ ունեցել ենք, մի անգամ սիստեման միացնում եմ, պիտի հաց ուտի…Սիրտը խաշ ուզեց…

_ Հա էս դիմացն էլ քյաբաբ-խորովածով էին էկել լյուքսի պալատին տեսակցության, զարմանալու բան չի, տղամարդը պիտի մարդավարի հաց ուտի… բայց դե հայերին շատ չկա..,- շարունակեց Ռիման, ինչի վրա իր հերթին չհապաղեց փնթփնթալ հիսունն անց կինը, որին 3 օրից դուրս էին գրելու`_ Հայերը…

Եվս 5 րոպե անց Ռիմայի մահճակալը շրջապտող հարազատությունը պատրաստվում էր հեռանալ: Ճռճռում էին տոպրակները, շխշխկում դատարկված թավաների կափարիչները, աղջիկներն ու հարսները վիճում էին, թե ով է մնալու գիշերը հիվանդի հետ:

_ Ոնց ե՞ք, տեսնում եք փաստորեն բան չկա, կարևորը ստուգեցինք, ստենդի կարիք չկա, դեղերով կբուժենք..,- հանգիստ թավշե ձայնով ասաց գլխավոր բժիշկը, որ 60-ին մոտ, բայց տակավին երիտասարդ տեսքով մի կին էր, այն կանանցից մեկը, որ նույնիսկ մինչև խոր ծերություն մեկ վայրկյան անգամ չեն թուլացնում քանոնի պես ուղիղ մեջքն ու տանից դուրս գալուց չեն մոռանում օծանելիքի ու դեմքի ինտիլիգենտ արտահայտության մասին: Բժիշկ Տանյան էր, Տանյա ԳեոռգեՎնա, ինչպես նրան սովոր էին կոչել հին հիվանդները:

_ Հա, բժիշկ ջան, հա, ցավտ տանեմ, հեսա, հեսա… Բժիշկ, նենց եմ ուզում ձեզ պաչեմ, – հուզված ու շնչակտուր արտաբերեց Ռիման, որի թևերն ու ոտքերը հետզոնդավորման ուղղահայաց դիրքում գրեթե չէին շարժվում, իսկ վերմակի տակից երևում էր միայն երկարավուն գլուխը` սպիտակավուն մազերով:

Տանյա Գեոռգիեվնան միայն մեղմ ժպտաց ու, առանց որևէ բան ասելու, դուրս եկավ սենյակից: Երևում է 40 տարիների ընթացքում սովորել էր մարդկանց` իրենց բոլոր դրսեևորումներում, հատկապես նրանցում, որով մարդիկ հայտնվում են բժշկի առաջ, երբ իրենց կյանքին վտանգ է սպառնում: Նա մերկ մարմիններ շատ էր տեսել, դրանք տարբեր էին ու բազմազան, մեկը մյուսից տարբերվում էր նույնիսկ ամենչնչին դետալով…

Այն, ինչ վիճակված է տեսնել բժշկին` հատկապես վիրաբույժին, բժշկական սեղանի վրա վիրահատությունից առաջ, երբեք ոչ ոք չի ըբռնի, բացի իրենից, նույնիսկ այդ սեղանին պառկածը. Տանյան վիրաբույժ չէր, բայց դա լավ գիտեր, լավ գիտեր նաև այն ճանապարհը, որով մարդիկ անցնում են իր օգնությամբ այդ սեղանին հայտնվելու համար:

_ Բա շորերս գիտե՞ս ով էր հանում-հագնցում, Ա´նո, ասեմ ամաչի…Ջահել տղա էր..,- սկսեց Ռիման ու ուժեղ ծիծաղից հորիզոնական դիրքում արդեն համարյա ուզում էր շարժել աջ ոտքը, բայց աղջիկը կանգնեցրեց:

_ Է հա ի´նչ, – շտապեց արձագանքել շատախոս հարևանը,- ասում եմ չէ, ինձ վաբշե ամեն ինչ մի հատ մեդբռատ էր անում..դրա մեջ բան չկա..

– – –

Պալատը գրեթե դատարկվել էր, գերդաստանը` հեռացել: Մնացել էին միայն տատուն այցելած թոռները մոր հետ, Լաուռին ապելսին բերած աղջիկն ու հիվանդները: «Էլի քիչ բան չի…», – մտածեց միջահասակ կինը, որին 3 օրից դուրս էին գրելու:

Առողջների ու հիվանդների հայացքներն այստեղ ամենից շատ էին միմյանց նմանվում: Նրբանցքը, որով անցնում էին մահճակալին պառկած «հիվանդները» ու մահճակալի կողքին կամ ծայրին նստած «առողջները» ոչ ոքի հանդեպ անտարբեր չէր: Կարծեմ Կամյուի մոտ է` «Շատ հոգնեցուցիչ է ժանտախտով վարակված լինելը: Բայց ավելի հոգնեցուցիչ է վարակվել չցանկանալը»: Իհարկե, այնտեղ խոսքը  մի վարակովի տենդի մասին է, որ ուշ թե շուտ անողոքաբար համակում է բոլորին ու հիվանդի կողքին առողջ լինելը մի տեսակ անիմաստ դարձնում, բայց ձևը նույնն է, տարբեր է բովանդակությունը: Այստեղ ոչ մի բացիլ չկար ու օդում միայն գլյուկոզի ու քլորի երակները չանցած միկրոսկոպային կաթիլներն էին վխտում, այստեղ վարակը մեկն էր` վախը: Դրա բացիլները անցնում էին պալատից պալատ ու միանում հուսահատությանը. մի բան, որ զարմացնում ու նյարդայնացնում էր հիսունն անց կնոջը, որին թեթև թոքերի բորբոքումով բերել էին սիրտ-թոքային բաժանմունք ու ստիպել դառնալ մի բանի ականատեսը, ինչին նա բացարձակ չէր հավատում: Մի պահ մտքերը նրան նորից տարան ամուսնու մոտ ու սկսեց հիշել վերջերս տարած ցնցումից հետո կոշտացած դեմքը..Նրանց հինգերորդ հանդիպման ժամանակ ամուսինը իրեն առաջարկություն էր արել, միասին չափչփել էին քաղաքն ու հասկացել, որ կյանք են ապրելու: Արթուրի` ժամանակի ոգուն ոչ բնորոշ ռոմանտիկան ու աչքերի փայլը գրավիչ էին, իսկ հոր գործարանում ունեցած հեռանկարները թվում էին անբեկելի: Ծաղիկներ ու անուշ կատակներ… Երեկ չէ առաջին օրը նա վերջնականապես համոզվեց, որ ամուսնու հումորի զգացումից մի կաթիլ անգամ չէր մնացել: Ամեն ինչ մի տեսակ չքվել էր, մտել իրենց սենյակի վերևից հաշված երկրորդ դարակի մութ անկյունն ու թաքնվել այնտեղ: Փոխարենը այս հիվանդանոցն էր, անզգույշ գազի խնայողությունից ստացած թոքերի բորբոքումը, չորացած ու կոպտացած ամուսինը, որ հայտնի չէ, թե հենց այս պահին ինչով էր զբաղված ու այս մարդիկ` շատ ու հոտավետ, ասեղով ու առանց, բժիշկներ, որոնք խաշից են խոսում, ու հիվանդներ, որոնք սպասում են իրենց ժամին: Սեփական եսը տեղի չեղածության հետ խառնելով` կինը շրջվեց դեպի պատուհանի մոտ գտնվող ափսեն ու կտրատեց ապելսինը. «ըհ, Լաուռ, էս մեկը մնացելա…»:

– – –

Ամեն ինչ հանգստացավ, երբ Ռիման մի փոքր քնեց:

_ Տեսաք չէ բայց էտ Կարինեին..,- ծիծաղելով ասաց տիկին Լաուռան

_ Էն կանաչը՞ սանիտար,- շարունակեց հարևանը

_ Հա, ոոնց էր նասիլկից բռնում, էտքան տղամարդ կար, որ իրան էլ մի բան հասներ մաղարիչից..

Բոլորը միահմուռ ծիծաղեցին

_ Հաա, էտ հըլը տիպա..ամենավերջին ակի ծերից էլ կբռնի, որ ցույց տա յանի ինքը բանա արել էլի…

_ Վայ, Կարինե, Կարինե

Մաղարիչի խոսքի վրա ննջացող Ռիման ավելի ուժեղ սեղմեց աղջկա ձեռքը.

_ Ա´նո, սաղ արել ե՞ք…Արտուշին ասա, որ..

_ Հա մամ, սաղ արածա, հանգիստ պառկի վայ

_ Քրոջն է՞լ, է´ն տղին, է´ն տղին..,- արագ վրա բերեց կինը:

_ Սաաղ, սա´ղ, մա´մ, ասում եմ, վայ էտ քու գործը չի, դու պա´ռկի

Արագաշարժ քայլվածքով նորից ներս մտավ փոքրահասակ բուժքույրը: Փայլող աչքերում արդեն մի փոքր հոգնածություն էր նկատվում: Նրա աչքին ոչինչ չէր փոխվել:

Տիկին Լաուռայի գլխավերևի տոպրակում արդեն շատ քիչ քանակությամբ ցավոտ հեղուկ էր մնացել:

_ Բալես, արագացրու, ջանդամ թե ցավոտ չի, արագացրու թող շուտ պռծնի, բան չի մնացել..Էն Արմինեն էր էլի, դանդաղացրեց գնաց..

Աղջիկը թեթև քայլերով մոտեցավ Լաուռային: Մի քանի վայրկյան գլյուկոզի հոսքը հավասարեցնելուց հետո տիկին Լաուռան ուշադիր նայեց տոպրակի պարունակությանը: Բուժքույրը արագացրել էր կատետրը:

3.

Երեկոյան ժամը 6-ն անց կես էր: Մի ժամ, երբ բոլոր «առողջները» վերադառնում են սեփական կյանքի մութ ու մոռացված անկյունները: Բաժնի բժիշկները, այդ թվում և ուղղամեջք Տանյա Գեոռգեվնան, արդեն տուն էին վերադարձել ու հավանաբար ամբողջությամբ անցել հասուն մարդկանց ընտանեկան կյանքի մանրամասների մեջ: 30-ամյա աղջիկը, որ սովորաբար իրենից շուտ էր տուն վերադառնում, երևի արդեն լվացել էր ափսեները, իսկ ինքը դեռ ամուսնու շապիկները պետք է հարդուկի: Երթուղայինի մեջ աչքի անցկացնելով նոր գնված հեռախոսի ստացված զանգերը` նա բոլորովին չզարմացավ, որ դրանց մեծ մասը անծանոթ համարներ էին. հիվանդների ամուսիններ, երեխաներ ու բարեկամներ, ոմանցն էլ` պարզապես ընկերներ, որոնք Տանյային զանգելով կարծես իրենց առաջ սեփական պարտքն էին կատարում` տեղյակ լինելու մի բանից, որի մասին ամեն ինչ գիտեին: Դա չէր զարմացնում գլխավոր բժշկին, ամեն ինչ ճիշտ էր, այնպես, ինչպես նրան  ժամանակին սովորեցրել էին ուսման երկար տարիներին: Տուն էր տանում 2 մեծ տոպրակ ու արդեն ծանոթ մի դրամապանակ. այդ անծանոթ համարները երբեք չէին զլանում նրան տեղը տեղին շնորհակալություն հայտնել, մի բան, որ ոմանց անկեղծ սրտից էր բխում, ոմանց կարծիքից, ոմանց  կարծրատիպերից, իսկ ոմանց մոտ էլ պարզապես գրպանից, բայց ոչ թե բխում էր, այլ դուրս քաշվում աննկարագրելի ջանքերի ու պրոբլեմների հաշվին: Սա նույնպես Տանյայի համար նորություն չէր: Նորությունը սպասվում էր միայն տանը, ուր և սառած ճանապարհով ընթանում էր երթուղայինի 76 համարը: Տանյան հանկարծ հիշեց, որ այնտեղ այսօր նորություն էր սպասվում. աղջիկը պիտի ծանոթացներ ընկերոջ հետ:

– – –

Սա այն ժամն էր, երբ 2-րդ ու 4-րդ պալատների միջև ընկած բաց հատվածը, որին «բացատ» էին կոչում, լցվում էր  մարդկանցով: Սա երեկոյան «ասքուխոսքի» ժամն էր: Նրանք, ովքեր այնքան էլ ծանր չէին, որ մահճակալից վեր չկենան, քշում էին իրենց տեղական արտադրության, ինչպես Ռիման էր ասում` «զապիկները» , որոնք ոչ այլ ինչ էին, քան կաթիլայինները, որոնցով վերևի տոպրակի հեղուկը գալիս հասնում էր երակներին, դա նման էր վերարկուների համար նախատեսված հին բռնիչի, որից կապված էր թևը. և այսպես նրանք քշելով իրենց «զապիկները» հասնում էին բացատ, շրջում միջանցքներով, իսկ եթե հետաքրքիր թեմա էր լինում, հիվանդանոցի գիշերային լույսերի տակ սկսում էին անվերջ պատմությունները:

Իսկ Ռիման այս անգամ այնտեղ չէր, որ իր սուր կատակներով զարմացներ 8-րդ պալատի տարեց մարդուն, ով ամեն անգամ տեղի-անտեղի լեզվակռվի էր բռնվում կնոջ հետ. կարելի էր նույնիսկ մտածել, թե դա նրան դուր է գալիս: Բայց այսօր էտ օրը չէր: Զոնդի ժամանակ ներարկած դեղը, այսպես կոչված «պռայասնիծելը» երեկոյան կողմ ռեակցիա էր տվել օրգանիզմում ու ուժեղ ալերգիա առաջացրել, կնոջ տաքությունը միանգամից բարձրացել էր ու սկսել էր ցնցվել: 20 րոպե առաջ էր, որ նրան ռեանիմացիա էին տեղափոխել Տանյա Գեոռգեվնայի թույլատվությամբ:

_ Ուֆ…էտ ինչ ա կատարվում ընդեղ.., ես մի տեսակ չեմ կարողանում… ձեներից չկարողացա մտնել, մնացի նախամիջանցքում:

_ Հա մեզ էրեկ են բերել, 10 օր մնացել էր ընդեղ, էսօր վերջապես պալատ..թու-թու-թու, Փառք Աստծու

_ Հա բա ինչ է, Ձերը…

_ Ամուսինս ա, 60 տարեկանա… հողամասում մենք էլ չզգացինք ոնց խփեց…

_ Իմն էլ, ճիշտա իրանը մշտական պրոբլեմներ ունեցելա, բայց դե մեկա, էս ամեն ինչին սովորե՞լ կըլնի,- տխուր ժպտաց կինը:

Այս ծանոթությունները իրարից հեռու տեղակայված պալատների առողջների միջև սովորական էին «բացատի» համար, այն էլ այս ժամին: Սրանք խոսակցություններ էին, որ հանգիստ ժամերին, այն է` 6-ից հետո կարելի էր լսել միջանցքներում ու «բացատի» բազկաթոռներին:

Բազկաթոռների ու բազմոցի այդ քառակուսի տարածքի կողքում գտնվող մատյանի մեջ փոքրամարմին բուժքույրը կատարեց վերջին գրառումը ու մի փոքր էլ մնալով հիվանդների ու առողջների այդ ազատ տարածությունում, ընկերուհու հետ որոշեց գնալ քնելու: Արդեմ ժամը 10-ն անց էր, դրսում գրեթե անանցանելի մութ, ներսում դեռ տաք ու «բացատի» գլխավերևում վառվում էր 120 վատանոց լամպը: Լույսը մեղմ էր, այնպես, որ աչք չէր ցավեցնում:

_ Դե մենք գնացինք, ժողովու´րդ ,- 8-րդ պալատի հիվանդի հերթական անեկդոտը լսելուց հետո ասաց բուժքույրը,- Ձեզ էլ խորհուրդ կտամ քնեք, հիվանդ եք չէ վերջապես,- լայն ժպտաց նա ու,  գցելով ծամոնը մոտակ աղբարկղը, հեռացավ դիմացի փոքրիկ սենյակը, որ նախատեսված էր բուժքույրների գիշերային հերթապահությունների համար:

_ Հա էլի, Լաուռ տոտա, հըմի մենք ենք ձեզ քնացնում, թե՞ դուք մեզ: Քունս տարավ, թե պետք գամ ձեն կտաք, բարի ժամանց,- հնչեց երկրորդ բուժքրոջ զրնգուն ձայնը:

Նստածները մի կուշտ ծիծաղեցին` _ Բարի գիշեր, բալես

Նրանք հեռացան: Սենյակը, ուր քույրերը մտան քնելու նպատակով, բացատից բաժանվում էր ընդամնեը մի դռնով ու դժվար նման աղմուկի մեջ քնել կարողանային, բայց ուժերը վերալիցքավորել էր պետք: Հաստատաբար մի կես ժամից ներսից կհնչեր «հիվանդներ, մի քիչ կա´մաց էլի..քնել ենք ուզում..» սովորական արտահայտությունը ու մոտ մեկ ժամից բոլորը կլռեին, մի մասը հեռանալով իրենց սենյակները, մյուսն էլ նստելով  բացատում մինչև ուշ գիշեր, բայց արդեն լուռ, կատետրից կաթացող գլյուկոզի վերջին կաթիլների ձայնի ներքո, որ ուր որ է վերջանալու էր ու թողեր, որ քնի:

Իսկ մինչ այդ աշխուժությունը շարունակվում էր: Հովհաննես պապը, որ 8-րդ պալատի հայտնի հանաքչին էր, այժմ իրեն միանձնյա աստղ էր զգում: Նա զոհի էր գտել: Թարմ ու խելացի մի նորեկի, որ առաջին անգամ էր այստեղ, եկել էր եղբորը այցելելու ու կարծես դեռ մինչև վերջ չէր հասկանում` ուր է ընկել: Նա իհարկե չգիտեր Հովո ձյայի հայտնի բառերի, զրուցակցին աննշան առիթով գրավելու ձևերի ու կիրառելի տարբերակների մասին, ու ընկել էր թակարդը: Տեսնելով դա` բոլորը գաղտնի ուրախություն ապրեցին…Այս անգամ էլ այդ մարդը անգործ չմնաց ու չսկսեց պատմել այն, ինչ սովորաբար պատմում էր մնացած ամեն ինչ լսած իր ունկնդիրներին: Հիմա կար մեկը, ով դեռ չգիտեր նախորդները: Ու անփորձ մարդուն կարող էր նույնիսկ թվալ, թե 8-րդ պալատի այդ փայլող աչքերով տղամարդը սիլի-բիլի էր անում երիտասարդ աղջկա հետ, որ հազիվ 30 տարեկան լիներ, այնպես ուղիղ էր նա նայում աղջկա աչքերի մեջ ու վստահ տոնով պատմում այն, ինչ կարծես միայն ու հատուկ նրա համար էր հորինել:

Աղջիկը առաջին օրն էր, որ եղբոր մոտ էր գիշերում: Երկար համոզելուց հետո մայրն ու կինը վերջապես զիջել էին դստերը: Իսկ տղան 35 տարեկան գորիսեցի Գրիգորն էր: Նա իրականում ծանր սրտի արատ ուներ, բայց դրա մասին ոչ ոք աշխատում էր չհիշատակել: Պարբերաբար բուժում էր անցնում Գորիսի հիվանդանոցում, բայց այս անգամ երևի ինչ-որ հույժ կարևոր մի բան կար ու նա, այլևս չկարողանալով համոզել բժիշկներին, համաձայնվեց. նրան տվեցին համապատասխան բոլոր փաաստաթղթերը ու ուղարկեցին Երևան: Այժմ գորիսեցի հիվանդը մայրաքաղաքի բժիշկների ձեռքում էր: Երեկ էր եկել ու քրոջից պակաս նորեկ չէր զգում իրեն այդ միջավայրում, բայց Գրիգորը շատ ճարպիկ էր: Գրեթե կեսօրին նա արդեն հասկացավ` ով ում բարեկամն է, ու սկսեց մտնել խաղի մեջ: Գորիսի բարբառը, որ ոչ մի կերպ նույնիսկ մի թիզ էլ չէր նմանվում Երևանյանին, մատնում էր նրա շատ ու շատ միամիտ կողմերը, բայց մեկ է, համենայն դեպս հաջորդ օրը առավոտյան նա արդեն ինտեգրվել էր կաթիլայինների ու գլյուկոզաների, «զապիկների» ու զոնդերի` Գորիսում ծանոթ, բայց Երևանում մի փոքր ուրիշ այդ աշխարհը: Ու չնայած դեռ նոր էր ժամանել` նա արդեն հասցրել էր զարմացնել ու զայրացնել բժիշկներին: Գրիգորը առայժմ գտնվում էր անմիջապես Տանյա Գեոռգեվնայի հսկողության տակ, որը նրան գալուց հետո մի քանի ժամ հանգիստ էր կարգադրել: Զգալով, որ Գրիգորը չհամակերպվող ու չհամաձայնող հիվադներից է (իսկ Տանյան դա միանգամից զգում էր, մի թռուցիկ հայացքը նրան բավական էր), բայց ոչ թե աղմուկով չհամաձայնող, այլ լուռումունջ, ինչը ավելի վտանգավոր էր; զգալով դա Տանյան նրա հետ ավելի խիստ էր եղել ու ավելացրել. «Ո´չ մի քայլել, լսում ե՞ք, ո´չ մի զբոսանք, հիմա ձեզ դա պետք չի, բաժնից դուրս չգաք»: Տղան լուռ, բայց դժկամորեն գլխով էր արել: Մեկ ժամ չանցած նա, հակառակ խոստումի, վեր էր կացել, մի քանի րոպե միջանցքում զբոսնելուց հետո նստել վերելակը ու իջել ներքև, մի կես ժամ զբոսնել հիվանդանոցի տարածքում ու վերև բարձրանալիս, վերելակի մեջ հանդիպել Տանյա Գեորգեվնային: Իրավիճակը ինչ-որ տեղ ծիծաղելի էր, բայց զավեշտը մի կերպ հաղթահարելով բժշկուհին նախատել էր նրան` կրկնելով, որ առողջությունը կատակ չէ: Ահա այդպիսին էր 8-րդ պալատի նոր բնակիչը:

Չնայած հիվանդությանը` Գրիգորը իր տարիքից առանձնապես մեծ չէր երևում: Եթե չլինեին դեմքի մի փոքր գունատությունն ու մաշկի հոգնածությունը, ձեռքերին էլ` երակները չգտնող ասեղների հետքերը, նրան կարելի էր նույնիսկ գրավիչ համարել: Նա խոսում էր ու կատակում առողջների ու հիվանդների այդ բազմության հետ, ու «բացատում» առողջ աղմուկ էր:

Հովհաննեսը նորեկ աղջկան պատմում էր, թե ինչպես երիտասարդ ժամանակ չկարողացավ ու բաց թողեց երջանիկ լինելու իր հնարավորությունը, ու թե ում հետ է սեղան նստել-վեր կացել, ու թե ինչ էր անում Խռուսչովի հայտնի ճառի ժամանակ, ու թե ինչպես էր կինը նրան լքել, երբ դեռ տակավին երիտասարդ էր` նոր էր անցել 60-ի սահմանը, ու թե ինչպես էր դա նրա առողջությանը վնասել, ու թե ինչպես էր իր տղան Գերմանիայում դոկտոր-պրոֆեսոր աշխատում ու զբաղված մարդ լինելով նույնիսկ չէր հասցնում ամիսը մեկ անգամ տուն զանգել ու հորը պատմել գլխին եկած-չեկածը, ու որ բայց այդ ոչինչ, ինքը` Հովհաննեսը,  հասկանում է, թե ինչ բան է աշխատանքը, այն էլ օտար երկրում, ով գիտի ինչ է անում հիմա  տղան…Ինքն այստեղ մնացած բարեկամներից էլ է գոհ…

Տիգրանը նրանց միակ տղան էր, բժշկական համալսարանն ավարտելով մեկնեց Գերմանիա սովորելու, երկու տարուց վերադարձավ, հետո նորից մեկնեց այնտեղ, ուր հեռանկարներ էին բացվել երիտասարդ խելացի գիտնականի համար, ու մնաց այնտեղ: Սկզբում զանգում էր, մեկել սկսեց չզանգել: Հովահաննեսը չգիտեր, թե իրականում ինչու տղան մի օր այլևս նրան չզանգեց, բայց բոլոր «առողջները», ովքեր լսել էին այս պատմությունը հարյուր հազար անգամ, վաղուց կռահել էին, թե ինչ կարող է պատահած լիներ: Կար մի բան, որ տարեց մարդուն չէին ասում, ոչ թե այն պատճառով, որ չիմանար, այլ որովհետև կարիքը բացարձակ չկար: Առանց այն էլ ապրում էր, ու վատ չէր ապրում սեփական հույզերի ու հույսերի աշխարհում, ուր տղան Գերմանիայում դոկտոր-պրոֆեսոր էր ու ուր որ է պիտի զանգեր, բայց արդեն մի քանի տարի է, ինչ չէր զանգում: Այս ամենից բացի նրանց բարեկամները ևս մի պատմություն գիտեին, ըստ որի Հովհաննեսը տղային պապուց մնացած տան վաճառքից եկած փողերն էր կտակել հենց այն րոպեին, երբ իմացել էր հիվանդության ու վիրահատության մասին: Սա էլ իսկապես երկու տարի Գերմանիայում սովորելուց հետո պլաններ ունենալով շարունակել կյանքն այնտեղ ու հորը անչափ երախտապարտ լինելով, կտակով մեկնում է Գերմանիա, առանց նույնիսկ հետաքրքրվելու, որ կտակի իրավական ձևակերպման մեջ էական սխալ կար… Առողջները արդեն չեն հիշում մանրամասները, որ Հովհաննեսը պատմում էր դեռ մի 5 տարի առաջ, բայց մի բան գիտեին, տղան անհետացել էր խոշոր գումարը ձեռքի տակ օտար երկրում ունենալուց հետո միայն: Լուրեր էին պտտվում, թե նա գուցե և սպանված լինի, կամ էլ մի անհարմար գործով զբաղվելիս.. թե չէ կզանգեր, «Տիգրանը լավ տղա էր, Տիգրանը միշտ շաբաթը երկու անգամ զանգում էր ու հարցնում ծնողների որպիսությունը…», ու դա գիտեին նաև մնացած բոլոր բարեկամները: «Մեկ օր ու այլևս ոչ մի զանգ» կոչվող  վարկածը անհավանական էր ու անհստակ: Մի բան հաստատ կատարվել էր կամ Տիգրանի, կամ նրա հետ, ինչ Տիգրանից մնացել էր: Բայց դա արդեն ոչ ոք չէր իմանա, իմանալուն ոչ ժամանակ կար, ոչ առողջություն..Կար ևս մի քանի տարվա կյանք ու գլյուկոզի կաթիլային, մեկ էլ վստահություն, որ «Տիգրանս հեսա ուր որա կզանգի ու բուժմանս փողը ինքնա տալիս, զբաղված մարդա, Գերմանիայում դոկտորա աշխատում..»:

Այս պատմությունը, որ շատերին կթվար մի ինքնատիպ նորօրյա հայկական թրիլլեր, կարող էր անհավատալի երևալ բոլորին, միայն ոչ «բացատի» բնակիչներին: Նրանցից յուրաքանչյուրը նման մի պատմություն ուներ, մի բան, որից կյանքի հոտ էր գալիս, ոչ թե թթու դրած կամպոտԵ կյանքի, այլ իսկական ու պարզ կյանքային տրամաբանության` ըստ որի նրանք հայտնվել էին այստեղ, հիվանդանոցի միջանցքի «բացատում», կատետրներով ու կաթիլայիններով, գլյուկոզի ու քլորի խառնուրդներով: Նրանք բժիշկներից լավ գիտեին միմյանց հիվանդության պատմությունները, առանց որևէ գրքի կամ մատյանի, նրանք անգիր գիտեին նաև այդ հիվանդության պատմության նմանություններն ու տարբերությունները, դրանց հատման կետերն ու զուգահեռները..

_ Էս մի զապիկս լավ չի քշումմ..պետք ա փոխել մերսեդեսի վրա,- ծիծաղկոտ ձայնով ասաց տիկին Լաուռան պալատից վերադառնալիս, ուր գնացել էր բինտ վերցնելու:

_ Հաա, դրա ակերը լավ չեն քշում, զուգարան գնալ էլ չի լինում, էն օրը Արմինեն էտ ինձ էր բերել.., – անշտապ արձագանքեց տիկինը, որին 3 օրից դուրս էին գրելու, ու նրա ձայնը հնչեց ողջ միջանցքով:

Գիշերը ժամը մեկն էր, իսկ «բացատում» հանաքներն ու աղմուկը դեռ չէին դադարում: Միայն Նորիկը, որ 40 անց, բայց հոգնած դեմքով ինֆարկտ տարած մի մարդ էր ու սովորաբար «բացատի» ժամերի կեսից արդեն ննջում էր բազկաթոռին` մոռանալով երակի մեջ ասեղը մտնելու տեղը չքորելու նախազգուշացման մասին;  միայն նա էր, որ կես ժամ առաջ, հոգնելով նստած քնելուց, հեռացել էր պալատ: Ռիմայից դեռ նորություն չկար:

Հինգ րոպե անց բուժքույրների սենյակում իրարանցում լսվեց, ռեանիմացիայում մարդ էր մահացել: Նրանցից մեկը իջավ ցած, իսկ մյուսը մնաց սենյակում: Մի քանի րոպե անց վերադարձավ նաև մյուսը: Հիվանդը կողքի բաժնից մի տղամարդ էր, իրենց հետ կապ չուներ:

Ժամը մեկն անց կեսին փոքրիկ սենյակի դուռը բացվեց, բացատ խուժեց կոֆեի անլվա բաժակների հոտը: Գրիգորը, որ նաև լյարդի պրոբլեմներ ուներ, ու հետևաբար զգայուն էր հոտերի նկատմամբ, միանգամից սրտխառնոց զգաց: Բարի ժպիտով, բայց անքնությունից ուռած աչքերով փոքրամարմին բուժքույրը մազերն արձակելով արդեն խնդրում էր.

_ Ժողովուրդ, քնեք էլի, ժամը մեկն էղավ…Էտքան ծիծաղա՞լ կլինի: Տիկին Լաուռա, ձեռք մի տվեք կատետրին, ինքը դատարկա, հանելա պետք, հեսա կգամ…

Հովհաննես պապը խոր շունչ քաշեց ու հազիվ հայացքը Գրիգորի սիրունատես քրոջից կտրելով, շրջվեց բուժքրոջ կողմը.

_ Է, Սաթիկ ջան…,- նա չէր կարողանում կանգնեցնել խզված կոկորդի ծիծաղը,-  բա որ մենք չծիծաղանք, ո՞վ ծիծաղա…

Բոլորին կարծես այդ միտքը դուր եկավ, երբեևիցե չէին մտածել, թե ինչու ամեն երեկո հենց այստեղ, «բացատում» նրանք հասցնում էին կատակել ու կարդալ միմյանց հիվանդության պատմությունները:

Գորիսեցի Գրիգորը խորամանկ ժպտաց.

_ Չէ, Հովո ձյա, դու ասա` մենք որ չծիծաղինք, ինչ տի Անինք…

4.

* * *

Գիշերվա 3-ի կողմերն էր, որ միջանցքը վերջնականապես հանդարտվեց: Լռության մեջ լսվում էին միայն տիկին Լաուռայի ցավոտ դեղից մնացած տնքոցներն ու այնտեղ`  «բացատում» մնացած Հովիկ պապու խռմփոցը, որ ամեն րոպե կարող էր ընդհատվել: Նա գիշերները հանգիստ չէր քնում:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.