Երբ Հարի Դիքսը մատները տանում է պահածոյի մեջ ու դուրս հանածը թափով մտցնում մինչև կոկորդը, օդը քարանում է:
Երբ Հարի Դիքսը թքից փայլող մատները նորից խցկում է մետաղյա ամանի խորքը ու մսոտ տարթի նոր շերտ հանում, գարշահոտը երկինք է հասնում:
Երբ Հարի Դիքսը լեզվի ծայրով լպստում է ամանի շուրջ լղոզվածը՝ միաժամանակ սրբելով մատները փորի ծալքերի արանքում, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Հարի Դիքսի մայրիկը:
Այս նախադասությունն արդեն իսկ լավ է, բայց դեռ շարունակություն էլ ունի:
Հարի Դիքսի մայրիկը արդեն մի ամիս է, ինչ լցնում է սառնարանը մսի պահածոներով, որոնց վրա գրված է „Bozigian“: Սա Հարի Դիքսի մայրիկի ամենամեծ հայտնաբերությունն է: Տարվա կտրվածքով:
Հնարավոր է, որ հենց Հարի Դիքսի որովայնն է առաջ տանում „B.“ բիզնեսը, բայց Մարալ Բոզիգյանը թքած ունի դրա վրա, որովհետև ամբողջ դպրոցում նա միայն ինձ վրա է նայում, թեև ես բերան անգամ չեմ դրել նրանց արտադրած մսոտ աղբը:
-Հեյ, Ջո,- ասում է ինձ մեծգլուխ Ստիվը, որի ակնոցը հավանաբար Սանտա Անա աստղադիտակի ապակիներից են սարքել,- բախտավոր շան տղա ես դու:
Եվ նա գիտի, թե ինչ է ասում: Մարալ Բոզիգյանի աչքերը մահ են, ա լյա բժիշկ Կևորկյան, կմախքի դասավորությունն էլ՝ լրիվ Քիմ Քարդաշյան: Բախտավոր շան տղա եմ ես, թեև բերան չեմ դրել նրանց արտադրած աղբը:
Դեռ սեպտեմբերին, երբ Լիզի ծնողներն արշավի էին գնացել Լոսթ Քոսթ՝ հին ոսկորներն իրար տալու, ու մենք ամբողջ ավագ դպրոցով լցվել էինք նրանց տուն, ես գիտեի, որ տարին լավ է սկսվել: Այդ օրն ալկոհոլ էլ կար, մեծգլուխ Ստիվը հոր խանութից էր թռցրել: Ամեն մեկիս միայն մի կում հասավ, բայց ինչ կում էր դա, գրողը տանի:
Ու կանգնած եմ ես Լիզենց պատշգամբում, որտեղ պարկերի մեջ գունավոր սրվակներ են լցված, չհարցնեք ինձ, թե ինչ նպատակով, ու մտածում եմ, որ կյանքը հենց հիմա կատարման մեջ է: Ի դեպ, շատ խորը էքզիստենցիալ միտք, որը հասկանալ կարող են միայն առանձնահատուկ մարդիկ:
-Բարև, լուրջ տղա,- հետևից ասում է ինձ մեկն այնպիսի ձայնով, որ մտածում եմ՝ սա նախաճաշին հում ձու է կուլ տվել:
Շրջվում եմ: Սուրբ Թերեզա: Այն մի քանի կաթիլ ջինը, որ խմել էի, կամաց հետ է բարձրանում կոկորդովս, հետո ավելի վեր ու թափով տալիս գլխիս: Հանգիստ, չխառնվես:
-Ես Մարալն եմ Բոզիգյան,- ասում է նա:
Չգիտեմ ինչ է դա նշանակում, բայց կյանքումս լսած լավագույն բանն է:
Նա ժպտում է: Իմ բերանն էլ է սկսվում բացվել: Ու այդպես բաց մնում:
Հետո ես տեսնում եմ ինձ կողքից: Արդեն խոսում եմ, նա ծիծաղում է: Ավազի ժամացույցը, որ նա կրում է այնտեղ, որտեղ ուրիշների մոտ մարմինն է, ցնցվում է մրգային դոնդողի նման: Երբ նա ծիծաղում է: Ես փորձում եմ ինձ համոզել, որ չեմ նկատում դա: Անգամ կողքից:
Հետո պատմում է, որ Մարալ նշանակում է ինչ-որ կենդանի: Իրենց լեզվով: Իսկ ազգանվան մեջ «պոզ» բառն է, «բոզիգ»՝ «փոքր պոզ»:
Հետո աղմուկ է բարձրանում: Լիզենց առաջին հարկում գորգ է վառվում: Հարի Դիքսը կանգնած է պատերի արանքում ու փորձում է իր բոլոր յուղերը տեղավորել մի պատից մյուսն անցնող անկյան մեջ: Որ կրակը հանկարծ իրեն չխորովի: Թեև կրակը հենց նրան է փնտրում՝ որպես լավ մսացու: Ու ես արդեն պատկերացնում եմ, թե ոնց է Հարի Դիքսը ճթճթում հրդեհի մեջ՝ մորթվող խոզի պես գոռալով: Բայց մեծգլուխ Ստիվը արագ հանգցնում է կրակը, ու խրախճանքն ավարտվում է: Հարի Դիքսի ճարպերը փրկված են: Լիզը գոռգոռում է բոլորի վրա, ու ամբողջ տեսարանն ինձ մի ծանոթ կոմիքս է հիշեցնում: Ցրվում ենք տներով:
Իմ քեռի Լյուկը, որ նոր է դուրս եկել ռեհաբից, դեռ մինչև այնտեղ ընկնելը միշտ նույն բանն էր կրկնում:
-Լսիր, Ջո, արա այս կյանքում՝ ինչ կուզես: Միայն թե երեք բան հիշիր: Երբեք չփորձես ծախել մի բան ավելի թանկ, քան առել ես: Երբեք չասես կնոջդ, թե իր սարքածից կերել ես ուրիշ տեղ, ու ավելի համով էր: Եվ վերջապես, ամենակարևորը, Ջո: Երբեք գործ չունենաս հայերի հետ:
Սա իմ քեռի Լյուկի կյանքի դասերն են, որոնք նա իր հետ ռեհաբ է տարել ու անվնաս հետ բերել:
Ծնողներս ասում են, որ հիմա չարժի այցելել քեռի Լյուկին, բայց ես կուզեի խոսել նրա հետ: Ես կհարցնեի նրան, թե ինչ նկատի ունի նա իր երրորդ պատգամով: Պատգամը երևի թե ճիշտ բառ է այստեղ, թեև ինձ ամենևին դուր չի գալիս: Նաև կհարցնեի, թե գիտի ինքն արդյոք այնպիսի ազգանուններ, որոնց մեջ «պոզ» բառը կա, ու արդյոք դա սատանայի վկայություն է: Իմ քեռի Լյուկը հավատացյալ է, նա այդ հարցերում մասնագետ տղա է:
Մարալի հետ ծանոթանալուց ի վեր, ես էլ եմ ինձ տվել հավատին ու հաճախ եմ մտաբերում բոլոր սրբերին:
Ահա կանգնած է նա իմ առաջ, ու հայացքս կուլ է գնում նրա վզից կախված խաչին, որի վրա հանգչում է Քրիստոսը: Այդ սուրբ մետաղի ստորին ծայրը մտած է երկու աստվածային լանջերի արանքը, որոնք կամաց բարձրանում իջնում են Մարալի շնչառությունից: Քրիստոսը կախված է ուղիղ դրախտում: Այնտեղ հայտնվելու համար անգամ ես եմ պատրաստ խաչվել:
Ես թուքս կուլ եմ տալիս ու փորձում մտքերս վերև բերել: Գոնե մինչև ստամոքսիս խոռոչ, այնտեղից դեպի գլուխ արդեն երկար ճանապարհ չի:
Ես չեմ ուզում, որ Մարալը մտածի, թե փսլնքոտի մեկն եմ, մի „average Joe“, ով իրեն կորցնում է լանջաբաց աղջիկ տեսնելիս: Ծնողներս սխալ անուն են ընտրել ինձ համար. ինձ նախատեսված չի հասարակ լինել: Այս մի Ջոն առանձնահատուկ է, ու համոզված եմ, Մարալը հենց այդպես էլ կարծում է: Այլապես նրա աչքը հենց ինձ վրա չէր կանգնի ամբողջ ավագ դպրոցում, որտեղ բոլորը պատրաստ են իրենց բութ մատը զոհաբերել նրա կողքին լինելու համար: Երբ ասում եմ՝ բոլորը, անգամ Քսավիերին նկատի ունեմ, ով ավելի թափով է, քան ես ու մեծգլուխ Ստիվը միասին վերցրած:
Չէ, ես հասարակ տղա չեմ: Ու հասարակ չլինելու համար ես փիլիսոփայություն եմ կարդում: Հարցրեք ավագ դպրոցում, թե քանիսն են ճանաչում Կիերկեգորին կամ Կանտին: Կանցնի ընդամենը մի քանի տարի, ու ես կսկսեմ հասկանալ, թե ինչի մասին են նրանք գրում, իսկ հիմա միայն կարդում եմ:
Սա իմ կյանքի պլանն է: Լինել առանձնահատուկ: Ու ես ճիշտ ուղու վրա եմ: Բոզիգյան Մարալն ինձ է ընտել: Ես ճիշտ ուղու վրա եմ:
Արժեր խոսել քեռի Լյուկի հետ:
Ստիվն ինձ կանչում է իրենց տուն վիդեոխաղերով զբաղվելու, բայց ես նախընտրում եմ պլպլացնել սուպերմարկետի հատակն ու հեռու վանել այն մտքերը, որ այնտեղով անցել է Հարի Դիքսը: Հենց մսի պահածոների շարքի մոտ հսկա կեղտահետքեր են: Ես ուշադիր նայում եմ հատակին: Չէ, Հարի Դիքսը հաստատ այսքան մեծ ոտք չունի: Մեքենայի տակից հոսում է ջուրը, խոզանակները լիզում են գետինը: Մեկ, երկու, երեք, չկա ոտնահետք: Ես բռնել եմ մեքենայի կանթից ու նայում եմ պահածոներին գրված „Bozigian“-ին: Սրանով ես անգամ շանս չէի կերակրի: Եթե ունենայի շուն, կամ եթե քեռի Լյուկն ունենար: Սրա մասին ես Մարալին ասել չեմ կարող, ի սեր բոլոր սրբերի, ես դա չեմ կարող ասել Մարալին:
Երբ աշխատանքս վերջանա, ես մի քանի դոլարով ավելի հարուստ կլինեմ, բայց ես ինձ արդեն իսկ հարուստ եմ զգում: Ինձ մոտ միշտ այդպես է, երբ բռնում եմ մեքենայիս կանթը: Հասարակ մարդկանց մոտ այդպես չի լինում:
Մտքիս կար Մարալի հետ կինո գնալ: Ու կինոյի ժամանակ ձեռքս գցել նրա ուսին, որ ինքն իմանար՝ մենք միասին ենք, ինքն իմ աղջիկն է:
Կինոն սկսվում է, հենց մտնում եմ դպրոց: Միջանցքով դեպի ինձ են գալիս երկու ավազի ժամացույցներ՝ մեկը մյուսից կատարյալ: Քրիստոսներն էլ ճոճվում են դրախտում:
-Քույրդ է՞,- փորձում եմ սովորական զրույց սկսել ես:
-Չէ, մայրս է, ծանոթացիր:
Դա հնարավոր չի: Կամ ես պիտի հավատամ պոզերի ու սատանեքի գոյությանը: Ակնհայտ է, որ միսիս B.-ն ամեն առավոտ լողանում է կույսերի արյան մեջ: Ինչ Կլեոպատրայի վաննաներ, դրանք երեկվա պատմություն են: Գրողը տանի: Այս տեսարանն իմ աչքի առաջ է:
Մայր պոզ ու դուստր պոզիկ: Boz ու Bozig:
Կյանքն իր կատարման մեջ է:
-Դու խիզախ տղա ե՞ս, Ջո:
-Այո, մէմ,-պատասխանում եմ ես մշուշի մեջ:
-Դե տես,- ասում է նա ժպտալով:
Հետո նայում է աղջկան ու գլխով անում՝ որպես հավանության նշան: Կամ ինձ այդպես է թվում, որ դա հավանության նշան է:
Դասերից հետո Լիզի ուսապարկն եմ նորոգում: Լիզն իմ մանկության ընկերն է, բայց ինձ դուր չի գալիս, որ փորձում է մեծ քույր խաղալ գլխիս: Լիզն ուղղում է ձեռքի պլաստմասե մատանիները, որոնք չորս ցենտով է գնել, հետո ջինսի վրայից թելեր է հավաքում, հետո նայում է հեռախոսին: Բայց ես գիտեմ, որ նրա մտքին միայն մի բան է, ուզում է Մարալի մասին խոսել:
-Քո մտքով երբևէ անցել է՞,- սկսում է նա:
Ես գիտեմ շարունակությունը, հեռու մնա, Լի՛զ, հավեսդ չունեմ, ուսապարկդ վերցրու, չքվիր: Չէ, Լիզն ուզում է խոսել: Նա ուզում է ասել, որ Մարալը տարօրինակ է, ոչ ոքի հետ մտերմություն չի անում, դասերին ձայն չի հանում, բայց բոլոր գնահատականները բարձր են: Ու որ նրանց մսամթերքն ուտելու բան չի, բայց միևնույն է ամսվա ամենավաճառվող ապրանքն է: Դա Լիզն իր մորից գիտի, ով վիճակագրությամբ է զբաղվում: Հենց նրա մայրն է պատճառը, որ իմ մանկության ընկեր Լիզն իրեն կյանք տեսած աղջիկ է համարում ու փորձում ինձ խելք սովորեցնել:
Վերջերս Լիզը հայտնաբերել է տեսագրություններ, որտեղ իր մայրն ու հայրը շատ անհարմար դիրքերով են: Երբ առավոտյան քեզ համար պանքեյք սարքած մորդ տեսնում ես վրան լատեքս ու կաշի քաշած դոմինայի դերում, ով հորդ հետույքի մեջ տարբեր սրվակներ է խցկում ու մտրակում, այն ժամանակ երբ վերջինս գրիլ դրած հավի լոճված դիրքում խնդրում է ավելի խիստ պատժել իրեն, դա հաստատ ազդում է գլխիդ վրա: Ու շատ վատ է ազդում, որովհետև ծնողների սեքսը անմարսելի կաղամբ է, որի մասին լավագույնը, ինչ կարող ես մտածել, այն է, որ դա չկա, գոյություն չունի: Իսկ իմանալ, որ ծնողներդ ֆետիշիստ են ու իրականում ոչ թե արշավների են գնում, այլ դոմինա խաղերի, որոնք հետո տեսագրում ու նայում են տանը, կարգին ուժեղ դոզա է: Ու Լիզն այդ դոզայի տակ է մնացել: Լիզը հավանաբար մտածում է, որ ինքն առանձնահատուկ է, որովհետև գիտի այն, ինչ գիտի: Իրականում Լիզն առանձնահատուկ չի, նա հասարակ աղջիկ է, „average Joe“, ինչ էլ տեսած լինի: Բայց ես կուզեի, որ Լիզը դա տեսած չլիներ, ու կուզեի, որ ես իմացած չլինեի, որ ինքը դա տեսել է:
Հիմա Լիզը կսկսի խրատել, որ այդ աղջկանից հեռու մնամ, սիրտը լավ բան չի վկայում: Գնա գործիդ, Լիզ: Դու ոչինչ չգիտես Մարալի մասին:
Ճիշտը որ խոսենք, ես էլ չգիտեմ:
Ես ուզում եմ ճանաչել նրան, հարցեր տալ, իմանալ: Ուզում եմ հանդիպումներ ունենալ հետը, իսկական, դպրոցից դուրս, ձեռքեր բռնելով:
-Ջո:
Պոզիկն ուղիղ աչքերիս մեջ է նայում: Ու աջ ձեռքով կամաց ուղղում է ձախ կողմի մազերը: Դրախտի հավքերը սկսում են երգել ականջներիս մեջ: Ավել ի՞նչ եմ ուզում իմանալ այս աղջկա մասին:
-Կուզե՞ս տեսնել մեր արտադրամասը:
Հենց դրա մասին եմ երազում, Հարի Դիքսի մայրիկը վկա:
-Կարող ենք գիշերը գնալ, երբ այնտեղ ոչ ոք չկա:
Նա ասաց՝ գիշե՞րը:
-Մինչև առավոտվա հինգն այնտեղ ոչ ոք չի լինում:
Առավոտվա հինգը…
Գլուխս եռում է: Ծնողներս թող իմանան, որ մնում եմ Ստիվենց մոտ: Ստիվին պիտի ասել, որ չմատնի: Գլխավոր հարցը լուծված է:
Առավոտվա հինգը: Հավքերը երգում են:
Լիզն է անցնում մեր կողքով, նա ձեռքը տանում է Մարալի մազերին ու հետ քաշում: Ափի մեջ սատկած բզեզ է, նրանցից, որ ներքև են թռչում ու ծանր բզզում, ու թվում է՝ հազիվ են մնում օդում:
-Սա մազերիդ մեջ էր,- ասում է Լիզը:
Ես գիտեմ, որ դա սուտ է:
Մարալը վերցնում է սատկած միջատը, դնում ափի մեջ ու ձեռքը բռունցք անում:
-Շնորհակալություն,- ասում է նա հանգիստ:
Ես մտածում եմ, որ հիմա կբացի ձեռքն, ու այն դատարկ կլինի: Պոզավոր ֆոկուսներ: Բայց տեսնում եմ, որ սեղմած ափի միջից դեղին հեղուկ է ծորում:
Մսաղացների մռայլ երկաթներն անշարժ են: Օդում սառած է Հարի Դիքսի վրայից փչող գարշահոտը: Ես փորձում եմ զգալ իրավիճակի ռոմանտիկան, բայց այնքան էլ չի ստացվում: Մարալը բռնել է ձեռքս, ես մրսում եմ: Քայլում ենք լուռ, ես չգիտեմ, թե ինչ գործ ունեմ այստեղ:
-Դու քաջ ե՞ս, Ջո:
Դիմացս միսիս B.-ն է: Մարալը բաց է թողնում ձեռքս, գնում կանգնում է մոր կողքին: Boz ու Bozig տեսարան: Նրանց աչքերում սառը փայլ կա: Մսաղացը միանում է:
-Դու ուզո՞ւմ ես լինել հասարակ, Ջո:
Սա նշան է, որ գնալու ժամանակն է, բայց դուրս տանող ոչ մի անցք չեմ տեսնում:
-Ես գիտեմ, որ դու ուզում ես առանձնահատուկ լինել:
Ո՞վ է խոսում, մե՞ծը, թե՞ փոքրը:
-Դու կլինես մեր այս տարվա մատաղը: Որ գործերը շարունակեն հաջող ընթանալ:
Ի՞նչը կլինեմ, այդ բառը ես չեմ հասկանում:
-Սա առանձնահատուկ լինելու լավագույն ձևն է, Ջո: Այս քաղաքում դեռ ոչ ոք մսաղացը չի նետվել:
Ու հանկարծ ես հասկանում եմ: Սա խաղ է, նրանք փորձում են ինձ: Քսանմեկերորդ դարում ոչ ոքի մսաղացը չեն նետում, այդպես չի լինում: Սա խաղ է, նրանք փորձում են իմ քաջությունը:
-Տխուրն այն է, որ ես ձեր մասին այդպես էլ ոչինչ չեմ իմանա,- ասում եմ ես հեգնանքով,- պետք էր լսել քեռի Լյուկին:
-Տխուրն այն է, Ջո,- ասում է Մարալը,- որ մենք ինքներս էլ ոչինչ չգիտենք մեր մասին:
Նրա ձայնում տխրություն չկա:
Ուսերս լարվում են, որովհետև զգում եմ, որ ինձ կամաց առաջ են հրում: Կյանքն իր կատարման մեջ է, գրողը տանի: Ու ես առանձնահատուկ Ջո եմ:
Սա ընդամենը խաղ է, կրկնում եմ ես ինձ: Հետո մտածում, որ գուցե պետք լինի սիրել Հարի Դիքսին: Հնարավոր է, ես վաղը դառնամ նրա ճարպերի մի մասը:
Հնարավոր է:
Հռիփսիմե, մի լավ ծիծաղեցի, շնորհակալություն:
Ուրախ եմ, Բաբկեն, քեզ էլ շնորհակալություն 🙂
Ոնց որ թարգմանություն լինի, լեզուն։
Պատմողը՝ Ջոն, ամերիկացի ա. «լեզուն» իրեն ա հարմարեցրած։ Հնարավոր ա, որ շատ լավ միտք չէր, բայց դե էդ էր նպատակը՝ կարդալուց զգալ, որ ամերիկացի ա խոսողը ու իր լեզվով ա խոսում։ Շնորհակալ եմ կարծիքի համար։
Լեզուն հանդուժում է: