Հարգելի տիկին/պարոն,

Վեց ամիս առաջ տեղափոխվել եմ Դանիա, բայց դեռ չեմ ստացել կացության իրավունքս: Դեսպանատան տված նամակում հստակ ասվում էր, որ հենց քաղաքապետարանում գրանցվեմ, կացության քարտս չորս շաբաթվա ընթացքում կուղարկվի հասցեիս: Ես ձեզ դիմել եմ գրանցվելուցս մեկ ամիս անց, բայց ինձ ասացին, որ ևս երկու շաբաթ սպասեմ: Հետո ասացին՝ ևս չորսը: Հետո նորից բիոմետրիկ տվյալներս վերցրին: Հետո երկու ամիս պիտի սպասեի:

Արդեն երեք ամիս է, ինչ ամեն օր ձեզ նամակ եմ ուղարկում, բայց չեք պատասխանում: Երևի անգլերեն եմ գրում, դրա համար: Հավանաբար համոզված եք, որ արդեն պիտի կարողանամ դանիերեն արտահայտվել կամ պարզապես ամաչում եք ձեր անգլերենից: Հանգիստ կարող եք ձեր լեզվով գրել: Սովորել եմ, որ իմ անգլերեն մեյլերին դանիերեն են պատասխանում: Բացի դրանից, գրավոր խոսքը շատ ավելի լավ եմ հասկանում, քան բանավորը, չնայած գաղափար չունեմ, թե կարդացածս ոնց է արտասանվում: Ծայրահեղ դեպքում գուգըլ թրանսլեյթը կա ու կա:

Հիմա երևի կթռնեք դեմքիս ու կասեք, որ էս ընթացքում պիտի բավարար չափով դանիերեն իմանայի, որ հարցումս անգլերեն չուղարկեի: Հա բայց դա ինձնից չի: Ձեզ հետ էնքան էլ հեշտ չի: Երեկ սրճարանում տաք շոկոլադ պատվիրեցի: Չգիտեի՝ կրեմ ոնց են ասում: Վաճառողուհին ինչ-որ բան հարցրեց, և հասկացա, որ կրեմի մասին է: Բացականչեցի՝ “uden”: Գլխով արեց, ես էլ մեջս ուռեցի, որ վերջապես ասելիքս հասկացրի: Բայց մի երկու վայրկյանից հետ եկավ, անգլերեն հարցրեց՝ կրեմո՞վ, թե՞ առանց:

Էն օրն էլ գործընկերուհուս հետ խոսում էի, բայց ասածներիցս բան չհասկացավ, նույնիսկ երբ անգլերեն թարգմանեցի: Երբ վերջապես հեգեցի ասելիքս, բացականչեց. «Հա՜, նկատի ունես dødtræt, իսկ դու ասում ես՝ døltræt»: Հետո շրթունքները ծամածռելով սկսեց բացատրել, թե ինչով է ø-ն ø-ից տարբերվում: Դրան էլ ավելացրեց փափուկ ու կոշտ դ-երի մասին լեկցիան, որն արդեն միլիարդ անգամ լսել էի, մենակ մի հարյուր անգամ հենց իրենից: Ասացի՝ փափուկ դ չեմ լսում, լ եմ լսում: Ասաց՝ լ չի, փափուկ դ ա: Ասացի՝ մեկ ա լ եմ լսում: Ասաց՝ փափուկ դ ա, անգլերեն th-ի նման: Մեռնեմ թե th եմ լսում:

Մի անգամ մի փորձառու դասատու ինձ խորհուրդ տվեց փափուկ դ-ն արտասանելու համար լեզու ցույց տալ: Կներեք, բայց ես չեմ ուզում ամեն անգամ հիմարի նմանվել, երբ ուզում եմ ասել՝ սատկած եմ: Իսկ ես շատ հաճախ եմ սատկած լինում, հատկապես երբ օրերը մթնում ու կարճանում են, անձրևն էլ չի դադարում:

Լեզուն ու եղանակը չհաշված, լավ է Դանիայում: Այ որ կացության քարտս էլ ուղարկեք, լրիվ ընտիր կլինի: Էստեղ իմ անձնական տարածքն ունեմ: Երևանում շնչելու ժամանակ հեչ չկար: Անընդհատ կային մարդիկ, որոնք դուրս էին կանչում: Նենց չի, որ ես չէի ուզում իրենց տեսնել, ուզում էի: Բայց շաբաթվա վերջում լրիվ քամվում էի: Հետո ժամանակ էր պետք, որ վերականգնվեմ: Իսկ հեռախոսս նոնստոպ զանգում էր: Կարող էր ընկերուհիներիցս մեկը լիներ, որ հարցնում էր, թե որ համարի երթուղայինն է Կոմիտասից Օպերա գնում կամ էլ մամաս էր լինում, անհանգստանում էր, թե որտեղ եմ: Իրա պատճառով էր, որ հեռախոսս չէի անջատում: Հենց անհասանելի եմ դառնում, խառնվում է իրար, սկսում ընկերներիս զանգել, հետո՝ ավելի հեռու ընկերներիս, հետո ֆեյսբուքում ստատուս է գրում, իսկ վերջում՝ ոստիկանություն:

Չեմ հիշում դանիական համարիս վերջին անգամ երբ են զանգել: Երևի մամաս եղած կլինի, ես էլ ջիմ գնալու պատճառով օֆլայն դառած: Էսպես կյանքը հիասքանչ է. մի երեք լավ ընկեր, իսկ մնացած ժամանակը՝ ինքս ինձ հետ: Հիմա արդեն մենակ երկուսն ունեմ, էն մեկին ռադ արեցի: Բայց դա անձնական է, դրա մասին չի նամակս:

Երևանը չեմ կարոտում, լուրջ չեմ կարոտում: Իհարկե, էնտեղ արև ու կապույտ երկինք կա, ուտելիքն էլ համով է: Թուզն էնտեղ կիլոյով, ոչ թե հատով են վաճառում: Բայց ահավոր ծխած է: Ամեն անգամ Երևանից հետ գալուց հետո օրեր շարունակ իրերիս վրայից ծխի հոտն եմ վերացնում: Երևանում էդ հոտը չես զգում, որովհետև բոլորի վրայից է գալիս:

Էլ Երևան չեմ գնա: Իրոք Կոպենհագենում ավելի լավ է: Չեմ հասկանում՝ ինչու են էքսպատներն էսքան դեպրեսված էստեղ: Էրեկ լիքը ահավոր պատմություններ լսեցի, թե ոնց են մարդիկ օրերով լացում, չեն ուզում ուրիշների հետ շփվել, հետո էլ գնում են բժշկի, նա էլ չի ուղարկում հոգեբույժի մոտ, ասում է՝ Դանիայում լիքը դեպրեսված մարդ կա, եթե անցած շաբաթ չես բռնաբարվել, կարիք չկա, որ օգնություն ստանաս:

Մի ամիս առաջ ես էլ գնացի բժշկի, բողոքեցի, թե սատկած եմ: Երակիցս լիքը արյուն վերցրեց, ուղարկեց անալիզների: Զանգեցի, արդյունքներն իմացա: Ասաց՝ երկաթը նորմալ, վիտամին D-ն նորմալ, շաքարը նորմալ, վահանագեղձը նորմալ: Ձմեռ ա, դրանից ա: Եթե գարնանն էլի սատկած լինես, նորից զանգի: Աչքիս զանգեմ, ասեմ՝ բռնաբարել են:

Էս էքսպատներն էլ կարծում են, թե մնացած երկրներում ամեն ինչ օք ա: Որ ասում եմ՝ ամեն տեղ նույնն ա, չեն հավատում: Էն ա, մոտիկ ընկերուհիս վերջերս Իտալիա ա տեղափոխվել: Նենց բաներ ա պատմում, որ ես էղած-չեղած աստվածներին շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ հյուսիսներն են բաժին ընկել:

Մենակ ֆիզիկական կոնտակտն եմ մի քիչ կարոտում: Չէ, սեքսի մասին չեմ ասում: Մարդկանց ուղղակի հպվելը նկատի ունեմ: Մենք՝ հայերս, իրար շատ ենք ձեռք գցում, շատ ենք գրկում: Դանիայում հազվադեպ եմ որևէ մեկի կպնում: Ու եթե նույնիսկ գրկում եմ, իսկական չի, էներգիայի փոխանակություն չի, ավելի շուտ ողջույնի տեսակ ա: Մի քանի օր առաջ յոգայի դասին եռանկյան դիրքը սխալ էի արել: Դասատուս մոտեցավ, ձեռքով ուղղեց: Նե՜նց լավ էր:

Թեմայից չշեղվենք: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ հասցես շուտով փոխվելու է: Առաջին անգամ տեղափոխվելուց հետո ձեզ ուղարկեցի նոր հասցես, բայց վստահ եմ, որ դուք ձեր Մեծ եղբոր համակարգի շնորհիվ արդեն գիտեիք դրա մասին: Նոր հասցես էս քանի օրը կիմանամ, դեռ տուն չեմ ճարել: Ինչու՞ է ձեզ մոտ էսքան դժվար տան հարցը: Արդեն երրորդ անգամ պոտենցիալ բոմժ եմ դառնում ու մի քանի օր առավոտից երեկո տուն եմ ման գալիս: Էս ընթացքում հեչի պես մի հարյուր հատ նամակ գրած կլինեմ: Ու ինչի ասես չեմ հանդիպել: Մեկը, օրինակ, Ամայում ընդամենը 10 քմ սենյակի համար 7500 էր ուզում: Վա՞տ էր: Չորս տարեկան երեխայի մի մայր էլ տան կեսը վարձով տալիս էր էն պայմանով, որ վարձակալողն ամենահաճախը երկու ամիսը մեկ պիտի հյուր ընդուներ: Հասկացանք, որ իմ սոցիալիզացիան խիստ սահմանափակ է. մենակ չորեքշաբթի օրերն եմ ընկերներին տրամադրում: Բայց ի՞նչ է նշանակում երկու ամիսը մեկ: Ես եմ ու ամեն չորեքշաբթի ուզում եմ մարդ բերել:

Մի միայնակ տղամարդ տունը վարձով տալիս էր պայմանով, որ շաբաթ-կիրակի օրերին տարածքն ազատեմ, որ ինքը գա: Էսօր էլ հնդկական ակցենտով մեկը զանգեց ու սկսեց աղաչել, որ իր բնակարանի մի սենյակը վարձով վերցնեմ: Ասում էր, թե ժամանակին էնտեղ զույգ էր բնակվում, էն էլ բաժանվեցին, հիմա աղջիկը մենակ է մնացել ու հետը քնող է ման գալիս: Մի ուրիշն էլ թե՝ սենյակը կարող ես վերցնել, բայց հասցեն չես կարող գրանցել, փոխարենը 500 կրոնի դիմաց ուրիշ հասցեում կգրանցեմ:

Մինչ տուն կճարեմ, կարող եք կացության քարտս հին հասցեիս ուղարկել: Ձեզ մոտ վերահասցեավորումը շատ լավ է աշխատում: Երբ բանկային քարտս հաշիվ բացելուց երկու ամիս հետո վերջապես ստացա, հին հասցեիս էր ուղարկվել, բայց նորի փոստարկղում գտա: Ամեն դեպքում, հույս ունեմ դուք ավելի շուտ կուղարկեք, քան ես կհասցնեմ նոր տուն տեղափոխվել: Խնդրում եմ՝ ուղարկեք ինձ իմ կացության իրավունքը: Իսկապես դրա կարիքն ունեմ. ես պետք է էս շաբաթ-կիրակին Իտալիայում անցկացնեմ, թե չէ չեմ դիմանա:

Show Comments Hide Comments

One thought on Կացության իրավունք

  1. Vahagn Petrossyan says:

    Умница)

Leave a Reply

Your email address will not be published.