*
մինչև վերջ մեջս
ես կորցրել էի նրա հետքը
չէի էլ մտածում հետդարձի մասին
մի կյանք ունեի
իմն էր ամբողջը
ես էի դրա տերը
արդ վարվում էի հետն ինչպես ուզում էի
որոշել էի սպասել այդպես անվերջ
մինչև կտեսնեի տրտում դեմքը
արծիվ հաստ քիթը
բարակ շուրթերը
փամփլիկ մատները
մինչև վերջապես
կգար օրը
երբ գիրկս կառնեի նրա մարմինը
կհոշոտեի այդ հաստ մարմինը
կծվատեի հոտավետ մարմինը
կքառատեի նախ երկարությամբ
հետո լայնությամբ
մեկիկ մեկիկ կառանձնացնեի բջիջները
կլցնեի ամբողջ զանգվածը ավտոմատ լվացքի մեքենայի մեջ
որն արդեն քանի օր է չի աշխատում
խոհանոցի լվացարանի մեջ
որի ծորակը քանի ամիս է ժանգոտած է
պատշգամբում դրված բեկոյի1 հին արկղերի մեջ
որոնք քանի տարի է որ հողմահարվում են
կտանեի լոգարան ու կլվանայի վաննայի մեջ
որտեղ քանի ամիս բույն է հյուսել սարդն ու այլևս չեն վառվում երեք լույսերը
հետո երբ տեսնեի որ գլուխ չեմ հանում ամենից
գիրկս կառնեի ողջ այդ բջջակույտը
կսեղմեի անվերջ անգամներ մինչև շունչս կհատեր
կլցնեի դրանք գրպաններս
մեկիկ մեկիկ կշարեի շրթներիս եզրերին
կկպցնեի բոլոր մատներիս եղունգների ծայրերին
կկախեի բոլոր տեղերիս մազերին
դրանցով կզարդարեի տունս
շենքի բակը
թաղամասը
քաղաքի մուտքը
իսկ վերջում
ամենա ամենավերջում
սիրելիիցս կազմված ողջ այդ շփոթն օգտագործելուց հետո
բջջածեփ մատներով կխառնեի խյուսի մնացորդներն ու կգտնեի ամենակարևորը
ու
անշուշտ
անկասկած
շեշտակի
անուղղակի ձևով
մնացորդների մի անկյունում ընկած կլիներ սիրելիիս ձիգ պիրկ ցիցը
որն
անկասկած
անդերև
հուսակորով
ու սիրատած մտքերով տարված
հատուկ թողած կլինեի հատուկ այդ դեպքի համար
եվ երբ տեսնեի
կյանքաստեղծ վերջույթը
միանգամից
անվարան
ու հուսառատ շաչյունով
կգրկեի բջջածեփ մատներով իմ բահակերտ այդ արարիչն ու կխոթեի մեջս
կխոթեի մեջս
մինչև վերջ մեջս
կիջեցնեի շրջազգեստս
ու կքայլեի այդպես
նրան միշտ մեջս
կքնեի այդպես
նրան միշտ մեջս
մինչև վերջ մեջս
կապրեի՝ նրան հետս
ամենուր հետս
կաշխատեի՝ նրան կողքս
հավերժորեն կողքս
*
առավոտյան ֆեյսբուքը
առավոտյան ֆեյսբուքը դատարկ է
ինչպես անտակ տակառը որտեղ ոչինչ էլ չկա
ինչպես մտքի կաճառը որը ճգնում է մտքեր ցնկնել
ինչպես ամուլ կինը որը դադարել է ինչ-որ բան երազել
ինչպես առավոտյան լռությունը
որը լի է անհույս կարիքով
սիրո տենչանքով
սիրո կարոտով
ճնճղուկների խենթ ճռվողյունով
հարևանիս կոտրտված եղունգներով
հնդկահավի շրթունքով
նրա մասին հիշողություններով
անհայտ ծագմամբ հերոսի մասին տվայտանքով
կեղտոտ հոտերից անվերջ փախնելու ու ցկյանս դրանց հետ բախվելու տրտունջքով
սե՞ր ես
սեր դարձիր ուրեմն
ինչո՞ւ ես անվերջ թափառում ֆեյսբուքում
*
ծափահարեք ինձ
պետք էին
ծափահարություններ
ստոծանուս մեջտեղում գտնվող կետի համար
պետք էին
եզրույթիս նվվացող ցավը հանգստացնելու
գլխամաշկս մաքրելու
թեփից զտելու
դոշս ուռցնելու
թաղում զազրախոսելու
էդ մասին գրելու
ճակատիս կպցնելու
ունքերս հանելու
հետույքս սրբելու
համար
*
բոքսեմ բերանիդ
իմ տան չեղած զարթուցիչը զնգում է
հարևանս այդ ձայնից հռհռան ծիծաղում է
զեմֆիրան հետը միալար երգում է
իսկ ես հընթացս փնտրում եմ
քե՛զ
ե՛րկար
շա՛տ երկար
չափազա՛նց երկար ժամանակ
ամե՛ն տեղ
ամենուր
գրքերի էջերում
ընկերներիս աչքերում
գրասեղանիս ստորին դարակում
շորերիս գրպանում
զեմֆոյի երգերի նոտաներում
ակնոցներիս ապակիների ստվերներում
ժամացույցի սլաքների արանքներում
հին ճամփեքիս մոլորված անկյուններում
հին ճամփեքիս մոլորված անկյուններում
դու ոնց որ երազ լինես
օճառված պղպջակ
շանս պնչից թռած ժպիտ
պողպատե սրճեփի կեղտակույտ
ո՞նց վարվեմ քո հետ
հը՞
չբոքսե՞մ բերնիդ մի հատ
*
կառապանի հարցը
ո՞ւր ես դու գնում
ձմռան այս օրը
երբ բոլորը տանը նստած են
ես երազում եմ այն մասին
որ մի օր կդառնաս իմ կառապանը
ինչ կասե՞ս
կարծում եմ՝ լավ միտք է
աղմկոտ փողոցներում մի լավ պախկվելու համար
ու դու ասացիր՝ ոչ
իսկ ես չհավատացի
դե ուրեմն կարող ես փնտրել քո ձիուն
մյուս տարի
քանի որ եկողը ձիու տարի է
թեպետ կարող ես անգամ սիրահարվել
անցյալ տարում մնացած ծիտիկներին
որոնք այսօրվա պես ծլվլվում են լուսամուտիս
դե
կարծում եմ գնալուս ժամանակն է
քանի որ չգտա այն
ինչի համար եկել էի
*
հարցերի հարցը
լրագրային սեղանի վրա բազմած տոտիկներիս հետ յոլա չգնալու հանգամանքն աչքի առաջ ունենալով
միացրել էի նախկինում մագնիտոֆոն կոչվող սարքը որը հիմա վերաիմաստավորվել
ու կոչվում էր չգիտեմ ինչ
բայց ես դրան անվանում էի iTunes ու հետը լավ հարաբերությունների մեջ էի
քանզի վասնզի ընկերանում էր հետս երբ հոգեբանական ինչ-ինչ վիճակների մեջ էի
որոնց մարդկային խելոք տեսակը կոչել էր ճգնաժամ
կամ էդ կարգի մեկ այլ բան
ու որի հետ հեչ համաձայն չէի
լավ իմանալով որ դրանից բան չի փոխվելու
ու որի վրա թքած ունենալու կամ չունենալու երկընտրանքին սկսել էի վերաբերվել այլընտրանքի տեսակետից
լավ հիշելով մոտիկ անցյալս
երբ դրան կոչում էի տանձիս
ու դադարել էի դարդոտել
ամեն պատահական առիթով
թեպետ
այդուհանդերձ
հետևաբար ու այնուամենայնիվ
երկար ժամանակ էր
ինչ մտածում էի պատշգամբում ձագտած մկների մասին
որոնց հերթով բռնում ու ցած էի նետում պեգասային բարձունքից
ու քանի օր էր սակայն որ չէի լարում թակարդը
քանզի վասնզի վերջին բռնված մուկը
չէր մեռել ու խոսում էր հետս
ու չգիտեի ինչպես վարվեի հետը
թեպետ ակնհայտ էր մեր չընկերության փաստը
ու չգիտեի ինչպես բացատրել այդ տարրական փաստը
վերջին նուրբ տոտիկներից մեկը նենգ թակարդի մեջ թողած մկանը
որ հոխորտում էր ինչպես առլյուծը2
*
ճխլտված վզով մուկիկի հարցը
տանս տարածքներում ապրող մուկիկներից մեկը բնադրվել էր խոհանոցի կահույքի հետնամուտքում
ու նրա գոյության մասին չէի էլ իմանա
թե չլինեին սև մանրիկ ծրտիկները
որ ամեն օր թողնում էր այստեղ ու այնտեղ
մասնավորապես, խոհանոցի կահույքի հետնամասի սահմաններում
ու չէի ուզենա երբևէ սպանել նրան
ավելի ուշ՝ նրանց
թե չտեսնեի հատակին թափված վարունգի կճեպի վրայի պստլիկ հետքիկները
ու չէի ուզենա երբևէ սպանել նրանց
թե չլիներ վախը
որ կարող էին շատանալ.
ասել էր ախր նախկին հարևանս
որ մուկիկը միայնակ չի լինում
ու երբ առաջինն ընկավ թակարդը
որ լարել էի նախապես մտքումս ներողություն հայցելով
որ խլելու եմ կյանքը՝ բկին դնելով յուղոտ պանրի մի կտոր
որը չէր էլ հասցրել ուտել
ու պստլիկ քիթիկն ընդամենը կպել էր պանրի անուշ բույրին
ու ծանր երկաթե պարանն իջել էր պարանոցին
ստիպելով նրան լքել այս կյանքը
չէի կազմակերպի էս ամեն ինչը
թե չլիներ վախը
որ կարող էին զույգով բազմանալ ու դառնալ մի քանիսը
հետո տասն ու քսանը
հետո հազարը
հետո գրոհել միասին
տանից վտարել
կամ էլ բանտարկել
թաքուն հարձակվել գիշերով
երբ փամփլիկ մարմինս հանգչեցնում եմ անկողնում ու առնում անուշ քունս
հետո կրծոտել սկզբից նույն փամփլիկ մսերս
հետո ոսկորներս
կամ էլ հակառակը
ու հենց էդ վախից դրդված
ուզեցի հայտնաբերել
թե ճի՞շտ էր արդյոք նախկին հարևանս
ու երբ պատշգամբում դիտմամբ թողնված կերակրի մնացորդն առավոտը չկար
արդեն հասկացա ինչն ինչոց էր
ու երկրորդ անգամ լարվեց թակարդը
էս անգամ արդեն գայթակղելով մի կտոր երշիկով
ու առավոտյան մի լացելու տեսարան էր
ու չգիտեի ինչ անել հոգևարքի մեջ մահացող մուկիկի հետ
երբ առավոտյան տեսա
որ երկաթե պարանը նուրբ վզիկին ինչպես ապարանջան կրած մուկիկը չի մահացել,
ա՛խ
չէր մահացել ու գլուխը ցնցում էր էս ու էն կողմ, ա՛խ
ու չէի էլ մտել պատշգամբ արթնանալուն պես
երբ լուսամուտից տեսել էի որ թակարդը լիքն է
ու կես ժամ թրև էի տալիս տանս մեջ
իսկ խեղճ մուկիկը դեռ տանջվում էր այդքան ժամանակ, ա՛խ
ցնցելով պստլիկ գլխիկն էս ու էն կողմ, ա՛խ
ու էդպես ցնցելով թակարդը քարշ էր տվել պատշգամբի մի ծայրից մյուսը, ա՛խ
ու ամբողջ ժամանակ ցնցում էր գլխիկը, ա՛խ
ու երբ մտա պատշգամբ
նայեց աչքերիս մեջ
ու տեսա նրա հայացքը
ու նա տեսավ թե ոնց մտա պատշգամբ
իմ խեղճ մուկիկը
որն ամբողջ էս ժամանակ կերել էր ընդամենը մեկ հատիկ վարունգ
ծիրանի մի տասը հատ կորիզ
ու մանր մունր այլ աղբ
ու անմիջապես մոտեցա թակարդին
չհավատալով որ դեռ մեռած չէ
հանեցի երկաթե սողնակը
ու մուկիկը վազեց ճխլտված վզով
անտանելի տեսարան էր
ասեմ
ճխտլված վզով մուկիկը
որն ուզում էր ապրել
ու նա վազեց
նայելով աչքերիս մեջ
յուր թշնամուն
որ կանգնած էր դեմ դիմաց
ու նա՝
մուկիկի թշնամին
ու նա՝
զազրելի այդ թշնամին
իրեն չկորցրեց
անմիջապես վազեց մուկիկի հետևից
որ սողալով փորձում էր փրկել կյանքը
վերցրեց նրան գետնից ու շպրտեց ութերորդ հարկից
կներե՛ս մուկիկ
որ վերջակետ դրեցի ճամփորդությանդ
մեկ օր էլ իմ վերջը կտա
էն թշնամին
որ հաճախում է բոլորի տուն
կներե՛ս
մուկիկ
*
կեղտոտ բանկայի ու գողացած թեյի հարցը
ոչինչ չկա աշխարհում ավելի հաճելի
քան գրելը այն ժամանակ
երբ բոլոր պլաններդ ձախողել ես
երբ շուրջ բոլորը թափված
ու ամեն ինչ հոտած է
երբ տունդ ցուրտ է ու մեջքդ կռացած է
երբ քունջ ու պուճախից գտնում ես քանի մը հատ պոպոք ու ատամներդ խրում մեջը
երբ հասկանում ես
ճանապարհը դեպի խելացի հասարակություն բառակապակցությունն անմիտ է
ու բոլոր ճանապարհները նույնն են
ու բոլոր մեղմասացություններն անկապ են
ու մեղմասացություն կոչվածն անիմաստ է
ու միակ իմաստն այս պահին
թեյնիկով ջուրն է որ եռում է գազին
ու միակ իմաստն այս պահին այն մեկ հատիկ թեյն է որ գտա մի պուճախում
ու միակ իմաստն էս պահին
էն պոպոքներն են որոնք խրթխրթում են ատամներիս տակ
ու թեյի տաք բաժակը որ բռնել եմ ձեռքերում
ու թեյի փոքրիկ տոպրակը որ գողացել եմ ինձ հայտնի տեղից
որ գողացել ու պահել եմ խասյաթիս համաձայն
ու այս օրը
որ միշտ գալու է
երբ տանը թեյ չկա ու ջուրը բաքում հաստատ պրծած է
ու այդ գողացված թեյը
որ գողացել եմ խասյաթիս համաձայն ու երևույթը որ հենց էսօր այն պետք եկավ
ու այդ ջուրը
որ պահում եմ կեղտոտ մեկ լիտրանոցի մեջ ու ամեն օր խմում դրանից
ու այն մաքուր բանկաները որ ունեմ դարակներում պահած ու չեմ գործածում
ու դրանք գործածել եմ երբևէ
ու դրանք այլևս պետք չէ գործածել
ու հնարավոր է դրանք մեկ օր ջարդեմ
կամ էլ վաճառեմ
ինչպես արեց մայրս
որպեսզի ինձ բաժին չհասնեն
ու այն պահը երբ դրանք բաժին էին հասել այլոց
և այդ օրը երբ կատաղել ու ձենս գցել էի շենքով մեկ
ու այդ օրվա հիշողությունը երբ հերթական անգամ եկել էր
գիտակցություն էն բանի
որ մերս ինձ ծնել է
որպեսզի մեկ օր մեռնեմ
ու նա չի մեռնում դեռևս
ու նա կտեսնի, հավանաբար, ինչ-որ բաներ
մասնավորապես
այս օրը
երբ տանը քանի մը հատ բանկա ունեմ
որոնք մաքուր են ու չգործածված
մինչդեռ ես խմում եմ կեղտոտ բանկայից
ու այն ընկերս որ հրապարակավ պախարակեց ինձ
ու ես կարդացի այդ պարսավագիրը
թեպետ արամը3 դրան անվանեց պամֆլետ
սակայն ինձ մեկ էր
ու անիմաստ են բոլոր պամֆլետները
որոնք կոչվում են պարսավագրեր
ու իմաստալից է այս մեկ բաժակ թեյը
որը խմում ու խմբագրում եմ ամերիկա շարքս
————-
1 Beko- Լվացքի մեքենայի բրենդ
2 Առլյուծը առյուծի մանկական արտասանության ձև
3 Խոսքը «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի մասին է, որ իր խմբագրականներից մեկում պամֆլետը անվանեց պարսավագիր: