*

Նեթուզեր Լուզեր Լուզերը (ծննդյան անունը՝ Անի Կանաչյան) կասկածվում  է հանրության տեղեկացվածության իրավունքը  ոտնահարելու մեջ։  Ցանցազրկված է կենտրոնական զննվարչությունում։ Մեզ հաջողվեց սեփական աղբյուրներից պարզել, որ   հնարավոր է՝  նրան մեղադրանք առաջադրվի «Հանրային տեղեկացվածության իրավունքի ժխտում» հոդվածով։ Նրա մտազննումը կտևի մի քանի ամիս։  Ընթացիկ արդյուքների մասին մենք պարբերաբար տեղյակ կպահենք մեր հետևորդների հանրությանը։

«Ոստայնաթերթ» վայրկյանաթերթ, հիմա

Հավանում:7859641 Կիսում:587139 Կարծիք:157459

Վերջին կարծիքները Դիտել բոլորը

Տեսնես էդ հավանողները ի՞նչով են մտածել

Քո նմանները տեղ չունեն մեր հասարակության մեջ

Քեզ պիտի ամիսներով զրկեն ցանցից, որ իմանաս

Սրտի խոր ցավով եմ նշում, որ հավանած լինելով «Ասպետական միաբանություն» էջը՝ չեմ կարող քեզ ուղղել արդարացի հայհոյանքներս, քանի որ առցանց կանոնադրությունը պահանջում է զուսպ լինել կնոջ հանդեպ։

Ես ճանաչում էի հարգարժան պապիկիդ, ափսոս, որ քո նման թոռներ ունի։ Գոնե ցանցում գրեիր, թաղման իրադարձությանը կմիանայի, այ  անպատասխանատու։ Ինչ ցավ է ինձ համար։ Մեծի հանդեպ հարգանք չկա մեր ժամանակներում։ Ես կբողոքեմ։

ԱՅԼԱՍԵՌՎԱԾ։ Պապի ջան, ես քեզ շատ եմ հարգում։ Ես անմիջապես կգրեմ քո մահվան մասին։  Մի տխրի։ Քո պատճառով պապիկիս սիրտը վատացավ, ա՛յ չմահավան։ Քիթդ էնքան ես ցցել, որ ո՛չ պապիդ մասին ես մտածում, ո՛չ  մանկության փողոցիդ ընկերների ընկերությունն ես ընդունում։

Դու անարգում ես մեր պապերի հիշատակը, այ լուզեռ։

Կարծիք հայտնել

* * *

Հանկարծակի էկրանի վերածված պատից կատաղի հնչեց  զանգը։  Անին սթափվեց։ «ՈՏՔԻ»,- խոշոր տառերով պահանջեց պատը։ Անին կանգնեց։ «Այսօր ձեզ հետ սկզբնական զրույց կվարի հոգեզննիչ Թովմասյանը»,- գրեց պատը։ Հայտնվեց հոգեզննիչը։

-Նստեք։

Ձայնը փափուկ էր,  հանգստացնող։

-Մեղադրանքին արդեն ծանոթ եք։

– Ըհը։ Ես…

– Քանի որ հետո դեռ առիթներ կունենաք այդ մասին խոսելու, հիմա պարզապես մոռանանք դա և զրուցենք։ Ուզում եմ մի քիչ ավելի մանրամասն կարծիք կազմել ձեր մասին։ Քիչ հետո պատրաստ կլինի ձեր հավանումների ամբողջ պատմության վերլուծությունը, և կքննարկենք…

Աչքերը ցավում էին հոգեզննիչի խոշորացած աչքերին նայելիս։ Անին չէր կարողանում չնայել էկրանին. հասկացավ, որ  իր աթոռի դիրքն է պատճառը՝ շատ հարմար էին տեղակայել։

Հոգեզննիչի հայացքը մի պահ հանգիստ թողեց նրան՝ զբաղվելով  տվյալները աչքի անցկացնելով։

-Ուզում եմ խոսել ձեր թաքնված հանրագրերից,- մատնահարումը չդադարեցնելով՝ ասաց նա։

– Ի՞նչերից։

– Ձեր թաքնված, կամ ձեր թաքցրած հանրագիրներից։- Նա ժպտում էր, ասես նոր հոբի էր գտել իր համար։

– Ըըըըը….

– Կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ որոշեցիք թաքցնել դրանք բոլորից, նույնիսկ՝ ձեր ամենամոտիկ ընկերների ցուցակից։ Ինչո՞ւ եք գրել, եթե գրել եք միայն ձեզ համար։

Անին հայացքը փախցրեց դիմացից։ Թովմասյանը մատը շարժեց։  Հիմա նա խստորեն խոժոռվում էր նաև աջ պատից։

– Երկա՞ր եմ սպասելու,- ձեռքը նորից մկնիկին դրեց նա։

– Ըըըըը…. ես…

Նա ինչ-որ բան մուտքագրեց։

-Կարդում եմ ձեր թաքցրած հանրագիրը։ «Ձեզ չեն սիրի, որովհետև դուք այս աշխարհից չեք։ Ի՞նչ տեսաք այս աշխարհից, կամ ի՞նչ լսեցիք և ումի՞ց. տեսածը այստեղից չէր, լսածը այստեղից չէր։» Ի՞նչ է սա։

– Դա մի հին աստվածաշնչից եմ արտագրել…

– Տեղյակ եմ։ Բայց ինչո՞ւ եք գրել։ Ձեր էկոցանցի պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ հավատացյալ չեք, ոչ մի աստծո և ոչ մի կրոն չեք դավանում, չնայած երբեմն տեղեկություններ եք հավաքում որոշների մասին։ Ընդունելի է։ Բայց դժվարանում եմ ընդունել  այսպիսի բաներ  գրելը և գրելուց հետո հանրության աչքից թաքցնելը։ Ի դեպ, որտեղի՞ց ձեզ այդ գիրքը։ Ըստ ցանցում ձեր ամբողջ պատմության համապարփակ վերլուծության՝ դուք երբեք այն չեք տեսել, պիտի շեշտեմ, էլեկտրոնային ֆորմատով։ Ուրեմն լսել եք բանավոր կամ գուցե նախնական թղթե գրքերի՞ց եք կարդացել։

– Պապիկիս գրքերից էր…

Անին ձեռքերով գրկեց երեսը։ «Նա չպիտի տեսնի իմ արցունքները, նա չպիտի տեսնի իմ արցունքները….»

Հատակը կարծես տատանվեց  ոտքերի մոտ։ Շարժումից վախեցած՝ արցունքե աղոտ քողի միջով տեսավ հոգեզննիչի  շրթունքները՝ հենց ոտքերի տակ։

-Անի՛։ Ի՛նձ նայի՛ր։

-Ի՛նձ նայիր,- ատամները ցույց տալով՝ կրկնեցին շրթունքները։

– Իմ ցանցաքննիչ ընկերոջ գյուտն է,- հոգեզննիչը չէր կարողանում թաքցնել ուրախությունը,- հաճախ է պատահում, որ անձը հրաժարվում է նայել հոգեզննիչի կամ ցանցաքննիչի աչքերին, մենք էլ սենյակը վերասարքեցինք այնպես, որ ցանկացած պահի ամեն ինչ կարողանանք էկրանի վերածել։ Այնպես որ,  հարգելի՛ Լուզեր Լուզեր, խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ և պատասխանել՝ օգնելով իմ պաշտոնեական պարտականությունների կատարմանը։ Մի՛ մոռացեք, որ ես ձեր ընկերներից եմ և հետևաբար նաև որոշ ընկերական պատասխանատվություն ունեմ ձեր հանդեպ։

Անին նորից սկսեց դիմացը նայել։ Հայացքը խոնարհած՝ հատակի աչքերի մեջ նայելը  կատաղության կհասցներ։

-Ինչո՞ւ եք գրել այդ հանրագիրը և թաքցրել։

– Ես… չգիտեմ… չեմ թաքցրել…

– Իսկ սա՞։ Գրել եք ձեր պապիկի մահից երկու օր հետո, կարդացածս նախորդ հանրագրից մոտ քառասունչորս ժամ առաջ. «Մեր անմահ լինելու պատրանքը ավարտվում է ծնողների մահվան հետ։ Ծնողների մահվան առաջին նախանշանը նրանց ծնողների մահն է։ Իսկ պապին միշտ ասում էր՝ ինձ թաղելուց չվախենաք։ Մաման միշտ վախենում էր։ Պապան ջղայնանում էր։ Բայց նրանք մահացան իրենց անմահության պատրանքի մեջ։ Նրանք չկարողացան սպասել ծնողների մահվանը։  Ժամանակ չտվեցին նրանց։ Նրանք մահացան՝ խախտելով իմ՝ մահը անտեսելու իրավունքը։ Նրանց մահը ինձ ու պապիին զրկեց մահվան մասին չմտածելու հանգստությունից։ Իսկ պապին գնաց նրանց մոտ՝ թողնելով ինձ։ Նրանք ինձ խորթացրին կյանքից։ Նրանց կարոտը ինձ մոտեցնում է մահվանը։ Առանց նրանց ապրելը շարունակ պայքար է։ Ես ստիպված եմ ապրել ինչպես բոլորը։  Բայց  մեռածների հետ ավելի եմ հարազատանում՝ իմանալով, որ նրանց համար արդեն թափանցիկ եմ։ Կեղծելու կամ անկեղծության ջանքեր թափելու կարիք չկա։ Նրանք ամեն ինչ տեսնում են։ Պատերը նրանց չեն խանգարում։»  Ի՞նչ պատերի մասին է խոսքը, Լուզեր։

– Այս սենյակի պատերի,- հաստատակամ ասաց Անին։

– Օ՜։- Նա  ինչ-որ բան  մուտքագրեց՝ հայացքը չկտրելով Անիից,- դուք իրոք սրամիտ եք։ Եվ, փաստորեն, հավատում եք հոգու անմահությանը,- ժպտաց՝ հայացքը էկրանին տեղափոխելուց հետո։

-Այո՛։

– Այնուամենայնիվ, պիտի կրկնեմ հարցս. ո՞ր պատերի մասին է խոսքը։

– Նաև այս սենյակի պատերի։

– Անի, ձեր տվյալների համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ խուսափում եք կարծիք արտահայտելուց։ Հասարակական կյանքում ձեր ակտիվությունը դրսևորվում է հիմնականում համր հավանումներով։ «Համր» ասելը  ճշգրիտ չէ, որովհետև հավանումն էլ է խոսուն։ Ճիշտ է, դուք գրեթե չունեք իրար հակասող հավանումներ, այսինքն՝ անկեղծ կամ գոնե հետևողական եք «Հավանել» սեղմելիս, սակայն դուք գրեթե միշտ լուռ եք, շատ քիչ կարծիքներ ունեք հանրային իրադարձությունների մեկնաբանությունների ցանկում և շատ քիչ հանրագրեր՝ ձեր պատին, իհարկե, այս բացահայտված  թաքուն հանրագրերը չհաշված։ Դա ինձ կասկածելու հիմքեր է տալիս, իսկ ձեր այս արտահայտությունը՝ «կեղծելու կամ անկեղծության ջանքեր թափելու կարիք չկա», ինձ ստիպում է ենթադրել, որ ըստ ձեզ՝ հանրությունը զբաղված է պատերին կեղծելով կամ անկեղծության ջանքեր թափելով։ Անի՞։

– Ոչ,- ասաց Անին,- ես պարզապես ինտրավերտ եմ։ Պապիս «չխոսկան» էր ասում։

-Այո՛։ Տեստերի արդյուքները իմ առջև են։   Տեղյա՞կ եք, որ Ցանցի զարգացման սկզբնական շրջանում մարդիկ հաճախ էին ունենում այսպես կոչված «անցանց» շփումներ, նրանց մեծ մասը նախընտրում էր «կենդանի» զրույցը «իսկական» ընկերների հետ։ Հետագայում, երբ ցանցը կատարելապես ընդգրկեց  առօրյան, հոգեզննիչներից ոմանք կարծիք հայտնեցին, որ  որոշ հատուկ դեպքերում շատ բարդ է լինելու անձի էությունը պարզելը, քանի որ երբեմն մարդիկ այնքան են հմտանում դիմակով հանդես գալու մեջ, որ միայն լրացուցիչ՝ անցանց ընկերների հետ առերեսումը կամ նրանց ցուցմունքները կարող են վերջնական կարծիք ձևավորել։  Մեր ժամանակներում տեխնիկական պատճառներով դժվար է անցանց ընկերներ ձեռք բերելը, իսկ դուք հաստատ չունեք ոչ մեկը։ Ուրեմն օգնեք ինձ, որովհետև ցանցաքննիչների հանձնախումբը դատավճիռ է կայացնելու ըստ իմ տված բնութագրի, իսկ ես կասկածում եմ, որ դուք հանրության տեղեկացվածությունը սահմանափակելու հակում ունեք։

-Այդ հանրագրերը ես չեմ թաքցրել,- կրկնեց Անին։ Եթե դա թաքցնել է կոչվում, ապա ինչո՞ւ արգելված չի այդ  հնարավորությունը։ Թաքցնել կլիներ, եթե ընդհանրապես չգրեի դրանք: Պահեի մտքումս։ Բայց ես գրել եմ, որովհետև ուզել եմ մի տեղ գրած ունենալ։ Ես իմ համար եմ գրել։ Բնականաբար,  տեղյակ եմ, որ  դրանք ցանկացած պահի կարող են մատչելի լինել Հանրապետության, հետևաբար՝ նաև հանրության համար։  Ուրեմն ես ոչինչ չեմ թաքցրել,  պարզապես նեղացրել եմ շփման շրջանակը։

– Նեղացրել եք այնքան, որ, կներեք հնաբանության համար, օղակի պես սպառնում  է ձեզ։

– Միգուցե… Բայց  չէ՞ որ դուք այդ մասին իմացել եք ինձ ներկայացված մեղադրանքի պատճառով։ Իսկ ինձ մեղադրել են ընդամենը պապիի մահվան մասին հանրագիր չգրելու համար։

– Ընդամե՞նը։

– Ես ինձ կորցրել էի… ոչ մի բանի ցանկություն չունեի…

– Պարզ  է։- Թովմասյանն արագ ինչ-որ բան մուտքագրեց։- Բայց չպետք է մոռանալ, որ մենք պատասխանատու ենք հանրության  առաջ։  Ցանցաքննիչները ձեզ հետ կզրուցեն այսօր կամ վաղը կամ վաղը չէ մյուս օրը։ Ցտեսություն։

* * *

ՍԿԱՆԴԱԼ

Ինչպես տեղեկացրել էինք մեր սիրելի հանրությանը, շուրջ մեկ տարի առաջ նեթուզեր Լուզեր Լուզերին  մեղադրանք էր առաջադրվել հարազատի մահվան մասին ցանցում հանցավոր անփութությամբ չազդարարելու և դրանով հանրության տեղեկացված լինելու իրավունքը չարակամորեն ոտնահարելու համար։ Նա իր պատիժը կրելու էր մեկուսարանում՝ զրկված լինելով ցանց մուտք գործելու բոլոր հնարավորություններից, սակայն անցնելով հանրագրային թերապիայով նախատեսված բուժման կուրսը։ Այսօր մեր թղթակցին հաջողվեց պարզել, որ Լուզեր Լուզերի մեկուսախցում հայտնաբերվել է հետևյալ գրառումը. «Դուք կարող եք ինձ զրկել գրելու հնարավորությունից, բայց ոչ մտածելու։  Չգիտեմ՝ որքան կդիմանամ դեռ, բայց ձեր նման երբեք չեմ դառնա։ Դուք ամեն ինչին ձեր ձևն եք տալիս, իսկ ես դեռ ի վիճակի  եմ եղունգով փորագրել  պատին պապիս լեզվով՝ մի այբուբենի տառերով, որը շատ դանդաղ մեռնում էր  ցանցում, երբ պապս ինձ  գրել էր սովորեցնում։ Դուք դա երբեք չեք հասկանա»։ Գրառումը փորագրված է եղել պատի՝ հատակին մոտ մասում։ Այն պատահմամբ հայտնաբերել է հավաքարարը։  Սկզբում նա մտածել է, որ գաջը տեղ-տեղ քերծվել է մահճակալը տեղափոխելու հետևանքով, սակայն իմանալով, որ մահճակալն ամուր գամված է և հնարավոր չէ տեղաշարժել, հայտնել է հսկիչին (նեթուզեր Վոլ Վոչ)։ Վերջինս, վատ բան կասկածելով Լուզերի շփոթված լռությունից, լուսանկարել է պատը  և ուղարկել փորձաքննության։ Անպատշաճ վայրում հանրությանը անհայտ լեզվով գրելու համար Լուզեր Լուզերը տեղափոխվել է հոգեզննարան։  Հետագա զարգացումների մասին մենք տեղյակ կպահենք մեր հետևորդների հանրությանը։

«Ոստայնաթերթ» վայրկյանաթերթ, հենց հիմա

Հավանում:Ոչ մի Կիսում:Ոչ մի Կարծիք:Այս նորության մասին դեռ կարծիքներ չկան։ Եղի՛ր առաջինը, հայտնի՛ր կարծիքդ։

Կարծիք հայտնել

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.