01:48, Շաբաթ

…Ու դռան շրխկոց: Վճռական տոնով «ռադ էղի»-ն կնոջ դեմքին շպրտելուց հետո նա հեռացավ…առանց անգամ սպասելու, որ կինը մի բան ասի, կամ գոնե «ռադ լինի»: Հետաքրքիր են, չէ՞, տղամարդիկ՝ ասում են «ռադ էղի», բայց այնքան անզուսպ են, որ չեն սպասում «ռադ լինես»: Իրենք են վեր թռնում տեղներից ու գնում՝ անպայման դուռը շրխկացնելով, որ զգաս կատարվածի ողջ դրամատիզմը…ՆԱ ԳՆԱՑ:

Այս արտահայտությունը մեծ տառերով է գրված, որ ընդգծվի ՆՐԱ (տղամարդու) կարևորությունը: Եկեք ինքներս մեզ չխաբենք ու ընդունենք, որ շատերիս համար դա հավասարազոր է մահվան: Բարեկամներն ու ընկերները ավելի գերադասում են լսել ամուսնացած կնոջ բողոքներ ու ծանր կյանքի մասին պատմություններ, քան մի կնոջ, ում թողել են: Այո… «բրախած կինը» վտանգավոր դիագնոզ է, որը բուժման չի ենթարկվում… դա զզվելի սպի է, որը պլաստիկ վիրահատությամբ չի անցնի ու ընդմիշտ կմնա դեմքիդ՝ վախեցնելով բոլոր քեզ նմաններին:

Երևի այդ պահին Աննան  էլ էր նման մի բան մտածում, ու փորձում հասկանալ, թե ինչու ամուսինը չթողեց, որ ինքը «ռադ լինի»… հետո հասկացավ, որ ինքն ուղղակի գնալու տեղ չուներ էս գիշերվա կեսին:

Սենյակը դատարկվեց ու Աննան մնաց մենակ՝մտքում միայն իր սիրած ֆիլմի հերոսուհի Սքարլեթ Օ’Հարայի խոսքերն էին՝ «Ես դրա մասին կմտածեմ վաղը»: Ինքն էլ Սքարլեթի պես որոշեց գնալ ննջասենյակ ու քնել՝ վերջիվերջո բոլոր նորմալ մարդիկ ժամը մեկին դրանով են զբաղված:

6:25

Սուրճի սերն արդեն հասավ ջազվեյի եզրին: Աննան չհասցրեց այն ժամանակին հանել ու կեղտոտեց առավոտյան լվացված գազօջախը: Աննան զզվում էր հետքերով գազօջախներից, միշտ հետևում էր, որպեսզի այն կողքից, տակից ու վրայից մաքրված լինի ու անգամ յուղի կետիկ չպարունակի: Սուրճ թափելու դեպքում էլ նա առանց երկարացնելու «թռնում էր սպունգի հետևից» ու մի ակնթարթում վերադարձնում գազօջախին իր նախկին փայլփլուն տեսքը` կողքից, տակից, վրայից:

Այս անգամ նա, խախտելով իր կենցաղային ծեսը, արհամարհեց թափված սուրճն ու գազօջախի կեղտոտությունը, վերցրեց իր դառը սև սուրճն ու գնաց հյուրասենյակ:

10:00

Աննան նայում է դստերն, ով համակարգչի առջև նստած ինչ-որ ֆիլմ է նայում ու թեյ խմում… տաք, գունավոր համով հոտով թեյ: Աննան նայում է իր բաժակի մեջ` տաք ջուր ու գդալ… ինքն էլ չի հասկանում, թե ինչու է դատարկ, տաք ջրի մեջ գդալ դրել, եթե այնտեղ ոչ շաքար կա, ոչ լուծվող սուրճ… ոչ մի համ ու գույն… ինչի՞ն է պետք խառնել դատարկությունը: Հանեց գդալը թափանցիկ ու արդեն մի քիչ խամրած բաժակի միջից ու դրեց մի կողմ:

Նայում է բաժակին` դատարկ, ներսում` դատարկ… ի՞նչ անի: Ոչինչ չի ուզում… նայում է աղջկան ու զգում, թե ոնց է իրեն զայրացնում մյուսների կողմնորոշվածությունը… բոլորը գիտեն ինչ են ուզում խմել, ուտել… որ ափսեյի մեջ, ժամը քանիսին… ինչ են ուզում նայեն, անեն էս կյանքում… բոլորը, բայց ինքն արդեն չէ:

Իրա ուզածն ինչ էր` ծերանալ, թոռներ ունենալ ու իմանալ, որ մեկը կա, ով ունիտազի բաչոկը փչանալուն պես կսարքի, լույսի, գազի, ջրի, հացի, կալբասի փող կտա ու բարեկամական հավաքներին նենց կխմի տակը, որ հաջորդ օրը խոսացածը չի հիշի: Իսկ հիմա ի՞նչ: Ամեն ինչ կա… լույսի, գազի, ջրի, հացի, կալբասի փող կա, բաչոկը սարքած ա, բայց բարեկամների մոտ նա մենակ ա գնում ու բոլորը զուսպ ժպիտները դեմքին նայում են վրան, հումորներ անում արդեն անցյալ դարձած ամուսնու մասին ու զգույշ շնչում ինչպես սուր-վարակիչ հիվանդությամբ վարակվածի հետ կշփվեին, որ հանկարծ չվերցնեն վտանգավոր բրախվածության վիրուսը:

Նա հայացքը թեքեց, բաժակը վերցրեց ու դրեց խոհանոցի սեղանին, որից երբեք չէր հեռացնում պանիրը: Չգիտես ինչու նա մտածում էր, որ պանիրը սառնարանից փչանում է, ստամոքսը թարմ բանջարեղենից, իսկ ամուսնական կյանքը ֆիզիկական հպումներից:

– Խանութ եմ գնում բան պե՞տք ա, – արագ ասեց ու առանց պատասխանի սպասելու գնաց իր սենյակ` հագնվելու:

Մալախիտի հին օղեր, որոնք ջահել ժամանակ տեղ գնալուց էր դնում ու իրա հարուստ ժամանակվա շուբան: Էս երկուսի առկայությունը նշանակում է, որ նա գնում է խանութ` մի երկու-երեք ժամով կորելու ու վերջում մի հատ թշվառ ու վառած բուխանկա բերելու:

Կարող է թվալ, թե նա չափազանց դժվար է ընտրություն անում ու ողջ քաղաքը տակնուվրա է տալիս, մինչև գտնում է հատուկ այդ տեսքի ու այդ աստիճանի վառած հաց, բայց իրականում հացը պատրվակ է…նա, չգիտես ինչու, մտածում է, որ դուրս եկողն անպայման պետք է տանը մնացողին հայտնի դուրս գալու պատճառ…այլապես տգեղ կլինի ու սխալ:

11:30

Հացը ձեռքին նստած է «Երևան» նստարանի վրա ու նայում անցնող-գնացողներին: Նույն հայացքով նա նայում է ռուսական հեռուստասերիալներ, պոպ-երգիչների սեռական կյանքի մասին հաղորդումներ, իր երեխաների հաց ուտելուն ու առհասարակ` կյանքին: Ձեռքերը գոգին դրած, ակնոցներն աչքերին, որ ոչինչ բաց չթողնի ու տուն մտնելուն պես պատմի աղջկան կամ տղային…

14:00

Աննան դուռը փակեց ճանապարհելով դստերն ու դեռ մի րոպե էլ չանցած արդեն մենակ զգաց: Հեռուստացույցի ձայները սենյակը լցնում էին անիմաստ ձայներով: Աննան դա երբեք չէր նկատել ու նրան դա երբեք չէր զայրացրել այնքան, ինչքան հիմա: Նա վճռական մոտեցավ իրենց տան կախարդական փայտիկին, որին ավելի հաճախ անվանում են «պուլտ» ու անջատեց հեռուստացույցը: Զզվանքով նայեց այդ պուլտին ու շպրտեց այն բազմոցի վրա:

Ինքն էլ չջոկեց ինչու իրեն թեթևացած զգաց: Կատարյալ լռություն, եթե չհաշվենք հարևանների հեռուստացույցից արտանետվող ղալմաղալը: Աննան գնաց խոհանոց ու նստեց իր տեղում: Սեղանին սպիտակ դատարկությամբ փայլում էին երկու ափսե՝ իրենն ու դստերը: Նա որոշեց իր ափսեի սպիտակությանը վերջ դնել: Նա կճաշի՝ մենակ:

Աննան արդեն երկար ժամանակ է մենակ չէր ճաշել, այնպես որ նրա համար սա մի տեսակ անհարմար ու… անսովոր էր:

Դանդաղ ու առանց «մամ մի հատ էլ կետչուպը բեր էլի» ընդհատումների ճաշելուց հետո Աննան վեր կացավ, որ սկսի «սեղանը հավաքել»: Մի պահ նա սառավ ու վայր դրեց ճաշոտ ափսեն… երևի հենց այդ պահին նա հասկացավ, որ շտապելու կարիք չկա ու ոչ ոք, հատկապես հանգուցյալ կիսուրը չի զայրանա, եթե նա աման-չաման լվալու ծիսակարգը մի քիչ հետաձգի:

Անսովոր էր զգալ «ով շուտ կհավաքի»  կամ «ով ում հախից շուտ կգա խոհանոցում» ամենօրյա կենցաղային մրցույթի բացակայությունը: Նա մենակ է, կիսուրն, ինչպես նշվեց` մահացած… հավանաբար անդրշիրիմյան աշխարհում է մեկին գտել ու ինքնագնահատականի բարձրացման նպատակով հետը մրցում, թե ով ավելի արագ սեղան կդնի-կհավաքի կամ տռուսիկ կփռի…

20:43

«Ռոմանտիկ մելոդրամաներ»: Որքան վաղուց էր Աննան ուզում նայել այդ դիսկում խցկված չորս ֆիլմերը՝ հատկապես  “P.S. I love you”-ն: Ասում են լավ, հուզիչ ֆիլմ է:

Արագ հայացք նետելով չհավաքված սեղանին, Աննան հստակ որոշում կայացրեց՝ ՀՈՒԶՎԵԼ  ու միացրեց հեռուստացույցը:

20:48

Նա անգամ չէր կարող պատկերացնել, որ այդքան արագ կհուզվի…դեռևս ֆիլմը չդրած: DVD-ի հետ այդքան էլ սեր չունեցող Աննան այդ պահին ամենայն խորությամբ գիտակցեց, որ մենակ է ու անգամ այդ՝ ամենահիմար գործողությունն իր համար խնդիր է…նրա աչքերը լցվեցին ու կոկորդը սղմեց: Տարօրինակ ռեակցիա: Նա վերջին անգամ նոր ամուսնացած ժամանակ էր լացել, հետո չգիտես ինչու առիթ չեղավ…

Այսինքն եղավ ու լինում էր, բայց նա լռում էր, կամ էլ իրեն հանգստացնում մայրիկի սիրած նախադասությամբ՝ «սկզբից վատ պտի լինի, որ հետո սաղ լավանա…դիմացի»:  Այս խոսքերի հետ Աննան մի ողջ կյանք անցկացրեց ու առիթը բաց չէր թողնում տարբեր պատճառներով զռռացող դստերն էլ փոխանցել դարերից եկող ճշմարտությունը:

«Սկզբից վատ պտի լինի, որ հետո սաղ լավանա…դիմացի»…սա ունիվերսալ դեղահաբ է, որն օգնում էր դիմանալ ամեն անգամ, երբ տիկին Ծովինարը (Աստված նրա հոգին լուսավորի) բողոքում էր իր արած լվացքից, կամ առանց դուռը թակելու մտնում իրենց ամուսնական ննջասենյակը, կամ էլ քննադատում հագած շորերը, շնչելու ձևը, ժպիտը, ընկերներին ու առհասարակ` գոյությունը: «Սկզբից վատ պտի լինի, որ հետո սաղ լավանա…դիմացի»…սա դարձել էր Աննայի անձնական մանտրան, որն օգնում էր պայծառ դեմքով դիմավորել ուշ տուն եկող ամուսնուն ու դիմանալ ոչ կայուն տնտեսության պատճառով երբեմն դատարկ սառնարանին ու ցուրտ ննջարանին:

Բայց այդ ամենն անցավ գնաց, ճիշտ այնպես, ինչպես ասում էր նրա մայրը՝ տիկին Ծովինարը մահացավ, ամուսնու մոտ խոց հայտնաբերեցին, ինչը կտրուկ փոխեց նրա բնավորությունն ու ամենակարևորը՝ տուն գալու ժամերը… սառնարանն ու ցուրտ ննջասենյակն էլ մնացին անցյալում:

21:10

Աննան միացրեց ֆիլմն ու վազեց դեպի ամուսնու բազմոց: Ֆիլմը դանդաղ էր ընթանում ու սկզբում դեռևս լացելու պահեր չկային: Աննան մի պահ իրոք ձանձրացավ pause-ի վրա սեղմեց ու գնաց ննջարան: Փափուկ խալաթը հագին նա վերադարձավ ու շունչ քաշելով կրկին սեղմեց pause-ի կոճակը՝ իր ու երկու ժամանոց ֆիլմի մենամարտը շարունակվում էր…

23:52

…Արցունքները սղղալով ծածկեցին նրա «ամերիկայից բերած» խալաթը ու նա զգաց, որ կինոն ավարտվել է՝ էդ ինքն է մտքերով ընկել ու չի տեսել, ինչպես է էկրանը սևացել:

Արդեն ուշ է, թե չէ մի հատ էլ ֆիլմ կնայեր… էլի սրա պես հուզիչ մի ֆիլմ, որտեղ հերոսուհին մենակ է մնում, բայց վերջում հաղթահարում միայնությունն ու փոխում իր կյանքը: Ամեն անգամ նման կինո նայելուց հետո Աննան որոշում էր փոխվել` առաջին հերթին նիհարել, հետաքրքրություն ձեռք բերել, մի զբաղմունք գտնել ու դառնալ հետաքրքիր անձնավորություն, ումից օրինակ կվերցնեն… բայց միևնույնն է հաջորդ առավոտ նրա դիետիկ գրեչկային միանում էր սեղանին դրված ուտեստների 60%-ը, հետո մի քիչ էլ գրանդ քենդիի շոկոլադապատ վաֆլին, էժանագին գաթան, նոր տարուց մնացած անարգված  բամբաներկան ու… տաք ջրով բաժակը, որը ոչ սուրճ է ոչ թեյ… ու Աննան հասակնում էր, որ բացի Մօդնիյ պրիգովոռից ու ռուսական էստրադայի աստղերի սեռական կյանքից ինքը դժվար ինչ-որ հետաքրքրություն գտնի ու առհասարակ դժվար մի բան փոխի իր կյանքում…

Աննան էլի էր մի նման բան ուզում նայել, բայց անպայման լավ ավարտով, որ այն գոնե մի քիչ մեղմացներ իր՝ գիշերային սովի պես հանկարծակի ու սուր, մենակության զգացումը:

Աննան աչքերը սրբեց ու հեռուստացույցն առանց անջատելու քայլեց դեպի ննջասենյակ՝ մտածելով, թե մահճակալի որ կողմում կքնի: Հետաքրքիր է, որ վերջին տաս տարիների ընթացքում նա առաջին անգամ էր դրա մասին մտածում…այն էլ ֆիլմի հերոսուհուց ոգեշնչված: Տարօրինակ է, չէ՞, Նրանց` կինոյի հերոսներին մեկ-մեկուկես ժամը բավարար է, որպեսզի ամբողջ կյանքը փոխեն: Դու էլ նայում ես նրանց ու քեզ թերի զգում, որովհետև քո մեկ ժամը հազիվ բավարարում է, որ գունագեղ բանջարեղենը վերածես միագույն ու տարօրինակ հոտով մասսայի, որը մի օր բորշ ես անվանում, մյուս օրը սոուս, մուսակա… նրանք մի խնդիր են լուծում ու վերջ, ավարտում իրենց կյանքն ու գոյությունը էկրանի վրա, իսկ դու մի խնդիր լուծելուց հետո ձեռք ես բերում տասը… Ու ամենաբարդ պահերն իրենց կյանքում,  մեկը մյուսին հաջորդող ու չտարբերվող րոպեները սղվում ու կտրվում են:  Ողջ հրաշքը մոնտաժի մեջ է… բայց չգիտես ինչու Դու որքան էլ խմես, տէլեվիզր նայես կամ երկար քնես կամ այլ կերպ իրականությունից փախչես, միևնույնն է՝ մի քանի ժամից ավելին չես կարող բաց թողնել ու մոնտաժել: Դու, ի տարբերություն նրանց, դատապարտված ես ապրել ու զգալ կյանքիդ յուրաքանչյուր րոպեն ու ոչինչ քեզ դրանից չի փրկի:

Այս գիշեր Աննան էլի չէր կարողանում քնել… այնքան խառը զգացմունքներ էին պտտվում, որ միակ փրկությունն էր՝ մթին նստել ու նայել դուրս: Մի քանի րոպե լռության մեջ անցկացնելուց հետո Աննան զգաց իրեն միաձուլված փողոցի, մեքենայի ձայների, մութ շենքերի հետ… էնքան շատ ձայն կա, էնքան շատ մարդ՝ տարբեր ու բոլորն իր պես տառապում են տարբեր վախերով, որոնց մեջ ամենասարսափելին մենակ մնալու վախն է… Փողոցն ակնթարթային լույսով սփռեց վերջին մեքենան. Քաղաքը քնեց:

Show Comments Hide Comments

2 thoughts on Բրախած կին լինելու անհարմարության մասին

  1. Gayane Darbinyan says:

    Shat lavner, Shnorhakalem.
    Mezanic jurakanchyurn ir patmutyunn uni…
    Kan nayev chakatagri koxmic braxac kanayk, u hnaravor chi tarberakel te vor menakutyunne aveli cavot…

  2. Ani says:

    chgitem guce iskapes aveli cavot e lqvac linele, es inqs em lqel u chem apsosum, tunn angam nran toxeci u erexaneri het skseci aprel varzov….skzbum tsanr ei tanum lselov nra hertakan amusnutyan masin…heto gta inz, poxeci masnagitutyuns, nor krtutyun staca ashxatanqin zugaher…shat xndirner haxtahareci… tun gneci…u skseci aprel inqs inz het nerdashnak… sakayn el chamusnaca….de erexaneri het hesht cher lini….u hima vayelum em menutyuns….guce jamanakn e handipel mekin…chgitem

Leave a Reply to Gayane Darbinyan Cancel reply

Your email address will not be published.