ԷԼԵԳԻԱ
Կտոր ամպ՝ միջոց լույսի – ուղեկից լուսնին, ինչպե՞ս հրաժեշտ տալ հանդեսին այս հրաշագեղ…
Լույսը կբացվի՝ բույրով շաղախված անհոգության, հետմիջօրեին գարունքի խինդ ու բերկրանք, աշնանահունչ ինչո՞ւ կհայտնվի թախիծ…
***
Տղերքից վերհուշ անցյալի՝ չմնաց նույնիսկ… Մահը ջնջեց այն անկյանք սրտերից…
Շունչ առնելու վայրկյան չլինի և թող, զենիթում՝ արեգակնային հրայրք անխռով…
Խոտհարքային շրջանին այս համատարած…
***
Թիթե՞ռ, թե՞ աստղեր. հորինված անկյունին առաստաղի՝ փոշու
վրա սարդոստայնի… Ամռան անհոգ միջօրեի ժամը շուտով կխփի,
հուշից դեպի հույզ – ճամփաբաժանին կամ փայլատակումի՝ աստղի այն երազահունչ գուցե իրական, սակայն՝ վերջինը…
***
Վերհուշն ինձ կրկին հեռուն կտանի… Խոր աշուն՝ գիշեր լուսնալույս… Նույնը և այնտեղ, այլև մի ինչ-որ շունչ պոետական… Եվ պատառիկներ իրողության ու պատրանքի միջև…
Կարոտս՝ ոչ այս հուշը իրական, այլ՝ երազս կորսված…
***
Խորքից դարերի անհատնում խորհուրդ, խոհե՜ր բացակա՝
կցոլարձակեն վերատպության Վան Դեյկի, հայացքից զրահավառ
զինվորի…
Պատառիկ թուղթ մի՝ ընկած հատակին, կարծես հենց այնպես…
***
«Դու առաջինը չես, վերջինը չեմ և ես»…
Ժամանակին երգվեց երգն այս ամռան օրերի սիրատենչ… Թողած ոսկյա հրապույրը մարմնի, կամքի ուժը՝ ի՞նչ…
Պահ անրջանքի կամ իրական կյանքի՝ խեղաթյուր պատկեր…
ԻՄԻՏԱՑԻԱ. – Ա.
Կքայլի փութով այն Դյութը դեպի, որ կձեռքի հեռվից…
Բայց մոտենալով, կհապաղի քայլքը՝ անիրական ու դատարկ հայացքից…
Գարնան արթնության՝ ուրախ հրապույր… Սիրո վեհաշուք վսեմ Տաճարից…
ԻՄԻՏԱՑԻԱ. – Բ.
Կբացվի ճամփան մեր՝ երկուսիս դիմաց… կապելով կամ բաժանելով մեկմեկու սրտեր…Մեկն ասես անհաղորդ հոգսին առօրյա, մյուսը՝ գերի միայն գեղության…
Ընդհանուր գծված ճամփա՞ ծերության…
***
Գավաթ՝ դատարկված մինչև հատակը, որտեղ սոսկ մրուր…
Պատկերքը նրանց, որ չսիրվեցին բնավ…
Սերը ինչ-որ տեղ կծնի գուցե թե ատելություն… Ամռան տապ, դարձի ճամփա, սեր անբիծ… Արահետ մի՝ տանող կրկին դեպի կյանք…
***
Գծված նախաշեմին գարնան, պատկեր նորալուսնի, ուղեկից աստղափայլի ու պահի միջև, մտքեր՝ ժողված ողջույնի անտարբեր –
անշտապ կքայլեմ կացարանս դեպ, իսկ գուցե այցելեի Այլուհո՞ւն…
***
Ամպերի մուտքից կխամրի մի՞թե փայլը Կապույտի…
Տեսիլքը Նրա կհայտնվի մի պահ… Հյուսված սրտի անմարմին
խորհրդին՝ ինչպես անուրջներիցս ժայթքած ցոլքերը հրեղեն…
Անշարժ դիպվածից սոսկ ձեռքներս իրար…
***
Եվ աբսուրդի մեջ առկայծում սիրո… Բախտը երբևէ ի՞նձ էլ
կժպտա…
Ընթացք ռիթմիկ՝ լուսամուտի ապակուն գծված, անձրևանոցների՝ մեծի ու փոքրի…Կենսաբույր հետքեր՝ անձրևից գարնան…
***
Պահից կեսգիշերի կձգվի այցը… Մեկի հուզաշխարհը գրեթե մյուսին անտես, անհաղորդ…
Վարագույրին պատշգամբի՝ շուշանագեղ ու ծաղկունքազարդ…
Սրտերին մոտալուտ աշունքվա թախիծ, կգուշակի ոչ հեռվից երգը ծղրիդի…
***
Գետանցումի պահ, դարձյալ նույն ճամփան… Խոկումներում տվայտանք հոգու – ցնորք ու գիշեր… Հապա էակն այն, ում առջև մի պահ ոգին ընկրկեց, խոսի թող սի՞րտը…
Պահի այս ու գրի միջև համակարգչի ստեղնաշար…
***
Ձգվեր գուցե հարսիկների զրույցը մտերմիկ: Հնարավոր հարցերը բոլոր չպարզած՝ լքեցին սակայն երկուսն էլ իրա՛ր…
Ամայացավ ծաղկած կեռասենու ճյուղը…
Ի լրումն պատուհանիս՝ վառեցի սենյակիս լույսը…
***
Գրկած ծնկներ, թևս փարած թիկունքին, գգվանքներ ականջին կշշնջամ հեշտանքի… Հյուսված ներշնչանքին տողեր երախտիքի…
Սիրտը դարձրած աշխարհի կենտրոն՝ հրաշք Կայան մի երկրիս վրա…
***
Աղջիկն այդ դպրոցական՝ կտա՞ իր սերը, թե՞ կզոհեմ հոգիս խանդի պատրանքին… Քմահաճ, նման մտածումից զերծ, կամ գուցե սկիզբ առած ճանապարհն այս ձգվի՝ ինչպես որ կա՞ ամայի…
***
Շիթեր անձրևի – մոտիվ բերկրանքի՞, թե՞ արտասուքի անզուսպ
կաթիլներ… Ժխոր փողոցի կամ դիտանոցից սրճարանի այս, սկիզբ առած անանուն տեսիլը Հույսի…
Գյուղիս «տանիքի տակ այն՝ կարո՞տ իմ դարձին»…
***
«…Չկորցրի երազը աստղկա գիշերին»…
Պահին ծագումի հունչը գարունքի զորությամբ քամու վերակերտած ողջ Անցումը հուզաշխարհիս, իրականի ու ապրումի զուգադիպո՞ւմ,
ոգեկոչում, բնության անուշագեղ Կանչից…
***
Թմբիրի մեջ անցկացրի մի ամբողջ տարիք…
Օրը մանրաքայլ կբացվի գարունքի ծաղկունքաշատ, անընդհատ կրկնվող հեռախոսազանգը կհիշեցնի ներկայությանս կան ու չկան… Մատներս կփնտրեն միս ու արյունը՝ երազիս կորսված…
***
Գարնան երեկո. անշտապ հենց այնպես կիջնեմ փողոցով՝ ներանձնականիս բեռան տակ հազիվ քայլելով, մինչդեռ կիսալուսինը, որ կպավ հայացքիս, կսուրար ճյուղերի արանքով՝ անհամեմատ արագ… Մեկ պատրանք՝ երկու տարբեր իրողության…
***
Գարնան երեկոյին նույնքան թախիծ՝ որքան աշունքվա… Ծղրիդի
երգը՝ փոխարինված գորտի խմբերգով, հորիզոնի աղոտ վերջալույսին համալրված էլեկտրականի դեղինը թախծահունչ… Կյանքի ու մահվան տարբերության նշույլ գրեթե չկա…
***
Կքայլեմ փողոցն ի վար մտախոհ, մենակ… Լուսնի բարակ մանգաղը թեքված ժխորին քաղաքի, խոհերս անթաքույց դրվագեին վերհուշերից կյանքիս՝ ի մի բերված սրճարանում… Երկմտանքս, արդյո՛ք, կսիրե՞մ կրկին…
***
Հայտնվեց մի օր, բայց հեռացավ շտապ՝ թողած անբաժան թախիծը և ինձ…
Ամռան շոգից անէացավ այս վերհուշը ևս… Մեկնեմ գուցե, դառնամ կրկին սրճարանը այն. թող ինքն էլ չհասկանա՝ թե ո՛ւմ համար…
***
Ամռան անփոփոխ ամեն մի վայրկյան անցյալի – որպես հուշ՝ վերակերտելով լուսապատկեր նայվածքը նրա կտարրալուծվի խոկումներիս մեջ…
Անհույս լույսերում ընկողմանած մայթերը
փողոցի – կտանեն ինձ մոտակա սրճարան՝ իրիկնահովին…
***
Քայլքս ընդհատեցի անուշ հուշից նրա… Թաց սաղարթը կպցնելով շնչին – խենթ սիրահարը սոսուց պոկվող սաղարթների հանդեսի… Իսկ պուրակապան համերկրացիս այսօր էլ կժողվեր քամուց թափվող տերևները՝ պարարտ աղբ որպես…
***
Օրիորդ մի, որ կանցներ նայվածքով հպանցիկ, կարդա գուցե կամ կռահի հայացքիս մեջ պոռթկում ոգու՝ հույզերին իր համարժեք… Ձմռան երեկոն նույն անխոս՝ պարգևեց խոհերիս շունչ, նորեն՝ աղվորի միջոցով…
***
Լինեի թռչուն, ճախրեի անլուր քաղաքի վրա, թեկուզ ինչպես այն հավքերը բնիկ, ձմռան գորշ պատկերին՝ իրիկնամուտի…
Անխոնջ լռությամբ կհայտնվեմ մերթ պատուհանի առաջ կամ
սենյակից խոհանոց՝ լարված նյարդերով…
***
Խոհեր, որ մերթ կընթանան առաջ ու կդառնան ետ, հեռու մեծն անուրջներիցս, երկնքից աստղեր ցած բերող – օրվա հետմիջօրեին… Բնաշխարհիս զվարթությանը մաս կազմելու փոխարեն կիսեցին
կրծքիս բույն դրած թախիծը «ժպտադեմ»…
***
Բնությունն ասես շունչ-մարմին առած՝ կհանդիմանի անցվորիս, հանձին անխոհեմությանս՝ իմաստնության ու խորհրդի հանդեպ Մա՜յր-բնաշխարհի…
Քայլքս ինձ կտանի ցոլքերին իրիկնային, ուր կփորձեմ չերազել այլևս…
***
Թե ով կքայլի իրոք առջևից դարի կամ ժամանակը կտա նախապատվություն, անշուշտ նրան կընծայվի ապագայի պսակը դափնե… Գործաստեղծումի սին մտավարժանքից մնա ինձ բաժին ճնճղուկների զվարթ աղմուկը օրվա այս ժամին…
ԽՈՐՔԸ ԱՆՏԱՌԻ…
Անձրևի սաստկացում, դարձյալ մեղմացում՝ կդարձնեին
ճամփորդությունը խիստ ռոմանտիկ… Իսկ ընկերոջս խոսքը կհնչեր
կարծես Խոստովանության հանգունակ մի բան՝ «կսահի սաղարթը քիչ հետո հետույքիս բացի վրայով»…
ՀԵՔԻԱԹ ԻՆՉՊԵՍ
Երազիս կրկին կգա այցի Նե՝ դեմքով այլ մեկի, ներքուստ, սակայն,
էակ՝ սրտիս մոտ… Հարազատ տիպար՝ առօրյայի մեջ, իսկ հոգու փայլը չխամրած փոքր-ինչ՝ նո՛ւյնը կմնա:
Կթվա ամեն ինչ հեշտագին այնպե՜ս…