Չհամբուրեց:

Պատմե՞մ:

Չէր համբուրի:

Շրջանը շրջանին:

Չի համբուրի:

Խնդրեցիր, ու չհամբուրեց: Բան չմնաց՝ վայրկյաններ:

Էքլիփսը: Շրջանը՝ համարյա շրջանի մեջ:

Կարող էր: Կարելի էր, կհասցնեիք … մինչև Նա ներս կգար:

Կլռվի:

Խավարումը՝ կարճ պիտի տևեր,

չանցավ:

Շրջանը՝ կես: Դուրս չեկավ:

Առանց համբույրի էքլիփսը լռվեց:

Վայրկյաններ, թե ինչ, պիտի որ տևեր: Գուցե քիչ ավել:

Մեջքդ… պողպատե մի խոշոր մուրճով ջարդված, փուլ եկար գետին:

Սենյակից սենյակ, արագ անկողին՝ շորերով բանով. ննջասենյակ եկավ՝ իզուր: Աչքերդ չոր, չոր, ոչ մի դող, անկապ՝ իբր ինչ-որ բան:

Էքլիփսը կիսատ:

Ներկայացում չէ՞ր:

Հետո արդեն երեքով վարագույրի մոտ. արևային ակնոցի կեսն են կիսում, Բեկեի տանը՝ Նյուգոթի Պայաուդվար կայարանի դեմ: Քրքջում են իրենց լեզվով:

Չես հասկանում:

Սոսկալի մեխանիզմը դղրդաց փոշոտ շողերի մեջ, ցնցվեց, բայց չհաղթահարեց՝

երկնակամարը չշարժվեց, լռվեց. լույսը լրիվ տեղը չեկավ առաջվա պես:

Ու հետո էլ:

………………………………………………………………………………….

Նախկինում ամեն անգամ գիշերվա սև հոգեվարքից, վերջ ի վերջո, կշարժվեր մոլորակի կոր հողագույնը հռնդյունով՝ վրադ:

Խեղող շողի առաջին շեղբը խլացնող շռինդով կբացեր դղրդացող գմբեթի կամարը,

անհամադրելի որևէ երկրային էակի, առավել ևս քնատ՝

ահավոր տիեզերական մեխանիզմը՝ ժանգոտ ու անհաղորդ, անհողդողդ, անդառնալի:

Ու ամեն անգամ, գրեթե, կիսախավար ամայության մեջ կնկատեիր մի հողագույն աղվես երկաթգծերի արանքը ճղելիս:

Ամեն ամիս:

Կարծես սահմանն անցնելու քո ամենամսյա հարկադրանքի հեգնական կրկնակ, սփոփիչ պարգև՝ աղվես խառնած սև մղձավանջի հողագույն ծեգին՝ մեկ ամսից ավել երկրում մնալու արգելանքի մեջ՝ նրա մոտ ու հետ: Սահմանապահները թակում են արդեն:

Սահմանապահները թակում են:

Ուրիշ մարդ չկա ամբողջ վագոնում: Կարծես թե չկա: Բայց կլինեն, կային:

Հիմա միանգամից. ծանոթ դաջվածքը կես ծանոթ լեզվի, երկաթ դակիչի, դռան շխկոցի ուրիշ երկաթին:

Հաշիվդ համրիր.

չեն հանելու կնիքը՝ երկար կլռվի թղթերիդ վրա:

– Ուղեբեռ չունես. միայն սա՝ բացիր:

Սա էլ կլռվի շփոթիդ, վրա քրտինքիդ վրա՝

լույսը ծագեց: Դեռ ոչ.

ոչ հիմա:

Արդարացիր առտու-գիշերով հողագույն երկրի սահմանի գլխին սև համազգեստի կոճակների դեմ՝ մեկ-մեկ շարանով՝ փաստարկված, պատճառաբանված, արտոնագրված, վավերագրված, արձանագրված՝ էլ չգիտեմ ինչ, սև, կապույտ, կարմիր թանաքների էքլիփս փուլերով կիսահորանջող մեջ-մեջի կնքված: Մանուշակագույն կնիքով ձեռքիցդ ընկավ էլի ինչ-որ բան ՝ անշուշտ կարևոր: Չխառնվել չսովորեցիր: Լրիվ արթնացար,

ուրեմն՝ չի՜զ, չիիիի՜զ: Բայց այդ ի՞նչ ընկավ՝

ո՞ւր:

Երբ մի քանի ամիս՝ էքլիփսից առաջ,

թե՞ հետո էր դա,

նվեր էիր տանում՝ մանյակ օղերով, հետն էլ մատանի ծոցագրպանում՝

նրան՝ Նյուգոթի, սկզբից Քելեթի,

իրոք գեղեցիկ մանյակ օղերով, հետն էլ մատանի՝ կնիքը վրան,

գողեր հետդ վագոն բարձրացան, մեջները նանար՝ գողական շեկլիկ՝ գուշակեց ազգդ դեռ ներս չմտած՝ – աչքերից,- իբր՝- խորամանկ,- դե ի՞նչ:

Նստեցին կողքդ՝ նույն իսկ խցիկում ու բացեիբաց խոստացան գռփել, որ քարն էլ պայթի՝ մինչև առավոտ:

Նման էգերի՝ վայրի խմբեր, դեռ սովետի բանակից գիտես. այս կողմերի անտառներում խիտ  մոլոր տղերքին կապում էին ծառին ու հերթով շինում՝ կապած ձվերով, մինչև հոգի տան: Դու ո՞նց ես պրծել, խորամանկ աչքեր:

-Ձեր խորհրդարան,- հավատալո՞ւ բան, ասին, թե մտել-փռթել են երեկ, իբր շատերին:

Ուրախ գողեր էին.

կրծքներին խաչեր, կոնյակ ուզեցին քրիստոնեական առաջին երկրի կենացի համար:

Դու էլ հետները աչք չփակեցիր, մինչև ցանվեցին առավոտ չեղած՝ ուսիդ խփելով՝

«Բռավո օհօհօ՜»՝

բան չտարան.

չկարողացան, առաջվա նման:

Երջանի՞կ ես: Ավելի՝ հպարտ.

աչալուրջ ու սթափ` չթողիր տանեն: Բայց ի՞նչ էր եղել:

Երջանիկ կլինես, անսպասելի, սահմանի վրա՝ ամսականներիդ խոնարհումի մեջ՝ մոտ մի տարի ու կես սրանից հետո:

Երկար կտևի, ասեմ՝ յոթ տարի պիտի մաքոքվես երկաթգծերին, ու ամեն անգամ` զույգ ստուգում վրադ:

Չես ուզո՞ւմ լսել:

Անքուն, ինքնագոհ՝ ձեռքդ ծոցիդ քիփ, մի կես ժամ չանցած թղթերիդ վրա սահմանադևի կնիքն ստացար զարմանալիորեն առանց ձգձգման, բայց

ետ դնելիս՝ ծոցդ զարդ չկար:

Ո՞ւր ընկավ. չկա:

Օղեր ու շղթա, հետն էլ մատանի՝ կնիքը վրան:

Միայն կնիքներ` օլիմպիական օղակների պես՝ կարմիր, կապույտ, սև՝

թղթերդ մնան քեզ մխիթարանք մարզանքիդ համար:

Էլ տեղ չթողիր՝ տակն ու վրա: Համազգեստների կոճակների հետ զարդերդ թռան՝ սևերը տարան,

վստահ ես հաստատ՝ ոչ գողերը՝ ուրախ գողերը:

Հենց հանեցիր, մի կողմ դրիր փաստաթուղթ տալուց՝

թռցրին տարան:

ոտուձեռ ընկար ետևից՝

բա ոնց՝ համեցեք. ի՞նչ դիմում, կաշառք, սպառնալիք, աղերս գիշերվա չէ-ին՝ սահմանի չէ-ին:

Գնացքի ճռինչը ականջ կճղեր, թե չզկռտար:

Մոռացիր անցանք:

Մի ուրիշ անգամ… դե արագ՝ հիմա…

Ասում ես, հա՜յ-հա՜յ, մոլորակների շրջումն է անվերջ դղրդում ցնցվող գիշերվա գլխին` լույսը բերելով շեղբ-շեղբ ուղեղիդ-ուղեղիդ աշեք՝ բորբոք ու քնատ նախածեգերի առնացող տեմպին՝ կարոտ կնիքի, համբույրի կարոտ ու երազախաբ:

Կնիքի համբույր, համբույրի կնիք.

համբույր ու համբույր ու համբույր. սահմանապահները թակում ե՞ն նորից:

Ոչ՝ քեզ է թվում. մի կողմից մյուս կես ժամ կքաշի, մինչև նորից հոգիդ կքաշեն, որ կնիք բախշեն: Ինչքան տարբեր են այս ու այն կողմում հարցերդ լուծում:

Մինչև այդ փակիր աչքերդ ծեգին:

Խելքիդ ուղեղծիր տիեզերամասշտաբ՝

հոգնած գնացքն է պողպատը թակում. և ուրիշ ոչինչ:

Ղժժում է արգելակներով, գերլայնէկրան պատրանքիդ վրա.

բարոկալ ու թատերական պաթոսիդ շեղված:

Մաշված դարին end. ինչպես գնացքին: Հեչ բան չմնաց՝

մի քանի տարի՝

ո՞ր դարից ես դու՝ նույնիսկ comp չունես,

ստվերի բաժին, ոչ միայն ստվերի.

ուշիմ  մարմիններ քոնը հոգալով կպահեն դիրքերը, հույսերդ` չտես.

ջանավարները թե պիտակ կնքեն, վրադ կմնա:

Բայց ինչ էի ասում՝

մի տարի ու կես սրանից հետո Երջանիկ կզգաս:

Կուզե՞ս` շարունակեմ:

Անհավատալի՜:

Ցուրտ ու փոթորիկ, աջ ու ձախ սպիտակ:

ձյունը կխթի երկաթգծերը անորոշ երկար: Գիշերը լռված սահմանամերձ կայարանում  կստիպվես մնալ:

Դատարկ սրահում քեզանից բացի գնչուների խումբ իր ճարն է տեսնում. երեխաներին տեղավորում են բա-բայ անելու ծուռ դիֆտ ու փայտից հին նստարանին, իրենք էլ ձգվում քեզ բավական մոտ՝ նույն շարքի վրա՝ եղած-չեղածով մոտավոր ծածկված:

Միառժամանակ քիթդ վեր ու վար. իբր քնած չես: Վերջիվերջո՝ վար:

Ձյունը չի դադրում:

Առավոտ չեղած բացում ես աչքդ,

մեջքդ ես փորձում, ոտ ու ձեռ՝ չէ, կան:

Ցուրտ է երևի ու վերից վար կաթ: Բայց անասելի երջանիկ ես,

չէ՞:

Երջանկությունը հաճույք, ապրում չի՝ ապրելակերպ պիտի որ լինի, նույնիսկ ավելին, այնուամենայնիվ…

Երբեք չես եղել այսպես երջանիկ. չասեմ՝ չես լինի: Տարօրնակ հստակ է ու պարզ՝

հիմա, հենց հիմա

երջանիկ ես:

Ճռնչում է գնացքը նորից. ողնաշարը մզզալով ճզմվում:

Այո, երջանիկ.

ոչ առաջ, հետո, անցյալ-ապագա՝ հենց այս պահին՝ այստեղ. տակավին քնած գնչուների մոտ՝ միայն մի քանի նստատեղ բաժան, ձյան մեջ լռված վերջին ու անշուք կայարանի մեջ, խճաբետոնի հատակի վրա:

………………………………………………………………………………….

Թարթիչների մեջ կարմիր, գույնզգույն կնիքներն են ծագող շողերի, մեկմեկու շաղում,

սիրտդ խփում է գնացքի տեղակ:

Հիշեցիր՝ ելիր.

Անհարմար դիրքից կամ գուցե կարից շալվարդ է պրկվում այս ժամին՝ գիտես:

Սահմանապահները թակում են արդեն:

Ծանոթ դաջվածքը կես ծանոթ լեզվի, երկաթ դակիչի, դռան շխկոցի ուրիշ երկաթին:

Տարբեր են սրանք՝ տարբեր կեցվածքով, տոնով մաքրությամբ, ինքնագիտակցմամբ, անդրդվելի կասկած ծարավով, տարբեր՝ բնազդով. (ավելի կոնկրետ, հերիք է շաղ տանք)

ուկրաինական-հունգարական սահմանի վրա, հունգարական-ռումինական սահմանի վրա, բուլղարական սահմանի վրա, սերբական ու ետ` արդեն այլ կարգով: Չեխիա հասնելիս հուզված էիր այնքան, որ բան չես հիշում: Որքա՜ն է անցել դասի օրերից Կ.-ի դղյակում…

Պատերազմական խավարի պիտույք մոմերդ այստեղ դարձան «ռոմանտիկ», ու պսակները ոչ թե զոհերի, այլ տոնի դեկոր, տաք-տաք ցնցուղներ օրը տասն անգամ` ի հատուցումն մրոտ կարոտիդ, ոնց վերածվեցին կրակոցները հրավառության այս փողոցներում նոր տարվա շեմին, մահաբեր բոթի սուլոցների տեղ հեղվելով հարբած երգեհոնային զառանցանքի մեջ հսկա տաճարում մինչև լուսաբաց գրկախառնվող անծանոթների արցունքների հետ գինով կամ առանց

Սրանց միջև տարի էլ չկար, միայն՝ սահմաններ, սահմանապահներ…

Մեկն ավստրոհունգար իմպերիալ հուշով՝ արժանապատիվ զզվանքը դեմքին քո խավար դեմքից, մյուսը ոտի տակ գլուխ պահելով, շեկը՝ գողական, աչք տնկած բանիդ, աղա, ստրկամիտ բարդույթավորված, սառը մեքենա, դառը, ծաղրական և բարեհամբույր, …. ի՜նչ լավն ես ինքդ. ձերոնք քեզ պեսին էին միշտ քեզ ցանկանում,

ինչ էլ որ լինի, կնիք է պետք հիմա՝ Նրան տեսնելու,

Նրան տեսնելու մի օրինական պատճառաբանում՝ հավատարժան փաստ:

Ինչքա՞ն կարող ես ստվերը փորել՝ ուսանող լռված:

Նրան թե՞ Նրան, Բեկեի տանը, գուցե երկուսի՞ն:

Այնուամենայնիվ, գուցե Դանո՞ւբը:

Ասեմ Դանուբի՞ն,

ո՞վ ունես ընկեր Դանուբից սրտանց՝ որ պարզաջրվես խավարումներիդ:

Դե, ներողություն:

Որտեղ էլ լինի:

Ո՜ւր էր քեզ ընթացք լայնահուն շնչով, արժանապատիվ հաստատ շարադրանք. հազիվ ծերպից ծերպ, պղտոր գետնի տակ կուրացած Գետառ Զանգվի բարդույթով. – ճղճիմ, ոխակալ ու շնչակտուր՝ փրփուրը բերնիդ.- հանկարծ սոթ չտաս քյոխվայի դիրքից՝ հարիֆ չկարծեն:

Հիմա ուշադիր հոգնած անձնագրիդ:

Կարծես թե անցար՝ կնիքն է հանում,

-Կազմն է քրքրված, ինչ-որ շատ մաշված:

Շուտ վեր թռչելու հեչ կարիք չկա. հիշում ես` ինչպես հինգ անգամ խփեց ու չեղյալ դարձրեց հինգ կնիքները՝ անցյալ հունվարին:

Երկուսով էիք: Ավելորդ անգամ:

Վերջին անգամն ցավոք այս հին աշխարհում:

Ձյունը խթել էր երկաթգծերը. գնացքը լռվել մինչև «ո՞վ գիտի», իսկ ոչինչ չկա՝ մի քիչ տաքանաք. չեմ ասում կոնյակ:

Գիշերով իջաք ձյունածածկ չոլում:

Բախտներդ բերեց. ահա կառաշար հիշեցնող մի բան կորած-մոլորած կայարանի մոտ: Շատ բեռնավորված մարդկանց արանքով, մարդկանց արանքում տեղ չկա՝ վերջը նստեցիք, ու շարժվեց ցրտին մի քանի թափից՝ բարեբախտաբար, բրթելուց հետո:

Մութ, մաշված դեմքեր աջից ու ձախից, սև շուկայում ապօրինի ապրուստ շահելու բեռներով լծված: Աչքիդ կիրակի՝ նայում ես նրան.

մի օղը չկա:

Աչքերը լցվեց:

Չես գտնի հիմա՝ նորից կբերես:

Կես օղով արդեն ՝ սահմանին հասաք:

Հավաքեցին, վարորդին տվին անձնագրերը` ամեն մեկի մեջ հազարը դրած: Մի մեծ գումար չէր, բայց արի ու տես մոտներդ չկա: Ու ձեզ երկուսով իջեցրին չոլում գիշերվա բուքին:

Մեքենան լիքը թողնում են գնա, ծխով ու մխով, ինչքան էլ իզուր պահանջես՝ սպասեն, կամ ապահովեն մի ուրիշ միջոց:

Մեքենան գնաց:

Մենակ լինեիր… շուտով կլինես:

Մի ահավոր ցուրտ:

Սահմանապահը մեծ մորթե քուրքի մեջ, փակվեց խցիկում՝ ապակու ետև, ջեռուցիչի մոտ:

Չի ուզում լսել՝ լեզու չգիտի:

Աչքերդ մթնեց. ի՞նչ դուռ՝

դուռը չի պահի,

քուրքի օձիքից քաշի դրան դուրս, ու աղջկան ներս՝

դուռը արդեն ներսից ես փակում. ինչ լինի՝ լինի:

Մինչև կգային դրա հարային՝ ձեզ բնից հանեն… չկարողացար՝ որ լաց չլինի:

Ի՜նչ երկարացնեմ:

Քեզանից բացի Նա խնդիր չուներ.

կնիքն ստացավ՝ ճիշտ անձնագրի մեջ, արդեն պետի մոտ՝ ժամ ու կես լեզու թափելով: Չեն հասկանում, իբր չգիտեն ոչ մի բարբառ իրենցը թողած:

Նրա ջանքերով քեզ էլ վերջում կնիքը հասավ, բայց

իսկույն չեղյալ խփին վրայից, երբ պահանջեցիր, որ ձեզ տեղ հասցնեն:

Չէին հավատում, զույգ հազար չունեք, կեսն էլ չունեք, էլ չասեմ՝ կոնյակ,

կամ ուրիշ բան կար՝ խիստ կասկածելի. -Ռուսի ու թուրքի խառնուրդ եք ցեղով:

-Նաև ուրիշի:

Հիշում ես՝ այստեղ ազգային, կարծեմ,  փոքրամասնություն օժանդակելու պետական ֆոնդից «ազգակիցներիդ» սարքած հանդեսը. պարում էին ինչ-որ օտար տարազով, օտար երգի տակ, ինչ-որ ուրիշներ, որ գրանտն էին ստացել ու մեջ-մեջի արել՝ ազգիդ անվան տակ:

Կամ էլ, ե՞րբ էր, Բեկեն մի անգամ, տանվարձի համար կաստյոլի դիմաց ժամադրել էր քեզ: Հետո ներս տարավ՝ իբր ցույց տալու բարոկ կոթողը: Ու լուռ մռայլվեց՝ խաչ չհանելուդ ավազանի մոտ, միայն դուրս գալիս նոր թեթևացավ. հոգին հանեցիր` մինչև հանեցիր. Չէ, մուսուլման չես, ոչ էլ ուրիշ բան. ապահով լինի՝ թող մտածի՝ չես: Ասենք՝ ո՞վ գիտի:

Աղջիկը նրա՝ թե թունդ կռվելիս ծնողներն իրար հայ են անվանում ամենավերջին հայհոյանքի տեղ: Բուդապեշտ մտած Բաբաջանյանի կարմիր տանկերին չտամ օղորմի: Լսեցի հետո ուրիշ հաշիվներ՝ գողական, թեմի իրար բացառող երկու գլխերից… հիմա չեմ հիշում:

Ու ըհը կրկին. կնիք ու չեղյալ:

Այդպես հինգ անգամ՝ կնիքը խփվեց, չեղյալը վրան: Էլ տեղ չմնաց կնիքի համար,

գիշերվա համար:

Բայց տաք էր գոնե:

Սրանց հարևան Դաչերի երկրում լավ համբավ ունի տեսակդ հնուց՝ յաթաղան ուտող իշխան սարսափի օրերից կարծեմ, ասուպի տարուց. ամրագրված «սևամաղձություն» փորագրության մեջ:

Մատդ փուշ մտնի` տատուդ ես հիշում` անցած աշխարհիդ ողբը մեջ գցած «արգելված սգի սևամաղձությամբ».

թե «չկա աղետ ընկած չլնի մեն-մի սերնդին՝ տասին չափազանց».

ճակատագրի ուրիշ ճար չկա՞-  կոտեմ ու տատու. դա շատ ես ծամել ականջների հետ, որ խելքը ուտես կնիքի համար ու համ էլ ուրիշ կլոր փաստերի:

Քեզնից տարագի՞ր՝ ետ կգաս ծռված, ուշ թե շուտ մեղա, օվկիանոսներն էլ հույսով անցնելիք արգելք չեն լինի. պլոճիկ չունես՝ էլ ի՞նչ ուրիշ գիր: Հերիք յուղ վառես՝ մի գործով զբաղվիր, կամ գոնե սուս կաց:

Դուրդ չի՞ գալիս,

ոտ ու ձեռ ընկած «գաղթականի թոռ՝ օ՜, լաճ բնավեր», «բռնադատվածի», կամ ինչ քեզ կոչես, անպատասխանատու քո փայը կգա գնչուների հետ ձյան մեջ «անտունի», արդեն լսեցիր- մի տարի ու կես, թե ինչքան հետո, հաշիվը դու տես, կլնես երջանիկ՝ անիշխան անկապ, «օտար ամայի» Բինգյոլիդ վրա: Խեթ-խեթ մտիկ՝

քո գործը մնաց:

Հենց վեցերորդ անգամ, չգիտեմ թե ոնց, կնիքը դրին էլ չեղած տեղում,

Նա ձեռքդ ճանկեց,

թղթերդ խլեց ու դուրս հրեց -by: Արագ պուկ-փախեք: Չհարցնեք, թե ուր:

Կտաս՝ ընկերդ արտիստ վրան ստորագրի, կախի «կնիք-բեկանված» conceptual art.

– Մի ստորագրությա՞մբ:

– Դու է՞լ ես «ուզում հետքերդ թողնել կեսգիշերային ավազի վրա, որ երբ լուսաբացին արտացոլված լինեն ցողերում, լինեն շողերում»…

Անուշ գոլորշի: Քեզ շատ եմ սիրում կլոր պպզած:

– Սիրեիր՝ չէիր անի: Չէիր անի էդքան: Մի նայիր, գնա՛:

Անձայն քայլում եք ամայի չոլում մառախուղի մեջ:

Աջ ու ձախ չկա, ո՛չ լույս, ո՛չ գիշեր, մի տափակ երկիր:

Հարթ. դար-փոս հոս չկա՞:

Երկրաշարժ չկա, թու-թու-թու՝ պրծա՞ր:

Գարունը մեկ հեղեղվում է՝ գրեթե կիսով չափ, Դանուբի ջրով. լրիվ սևահող:

Ռոմանտիկ զբոսա՞նք.

չհամարձակվե՛ս:

Էլ չի գա քեզ հետ,

բառեր չես գտնում. հետո չես գտնի:

Քթերի ֆս-ֆս

համերաշխություն.

միայն քթերի:

Նրա կոշիկը քոնի պես հո չէ՞ր:

Քամին ետ եկավ,

ետ մնաց կրկին:

Կատակ եմ ասել՝ թե հանկարծ պարզվի սահմանն եք կտրել՝ սուս անցել եք ետ.

այստեղ փշալար ու պատեր չկան. պատ կկառուցեն, բայց Բալկաններում…

Հերիք է պատմես.

քայլում եք վաղուց՝ Նա խորը ձյան մեջ, իսկ դու վերևով.- Ո՞նց էլ չես խրվում:

Տեղն ու տեղը խրվեցիր հանկարծ բանից անտեղյակ:

Ձյունը խզխզա՞ց:

Ձեր հետքերից զատ ձյունին հետք չկար:

Ձեր հետքերից զատ և ոչ մի կնիք:

Ձեր հետքերից զատ…

գուցե՝ աղվեսի՞:

…………………………………………………………………………………

Երկաթգիծը

չեղածը կտրեց.

Ո՞ր կողմը բռնեք:

Մի քանի քայլից երևաց մի մարդ՝

երկաթգծի մարդ՝ հանդիմանական, ծանոթ գլխարկով. տարավ ետևից:

Վերջը ինչ-որ շենք՝ կայարան թե ինչ. -Այստեղ կսպասեք:

Պատի քարտեզից աչք կտրե՞ց խելքդ՝ ինչքան ճանապարհ.

երեք հարյուր քանի կիլոմետրի չափ:

Ինչ-որ մեկը կանգնածների մեջ շատ ծանոթ թվաց. երկար փեշերով վերարկու հագին, սուր հայացքը մեղավոր ստվերից ու կրունկներով բոյը երկարած: Հայացքներով իրար մատնեցիք՝ ազգակիցներ եք. թե՞ հայելի տեսար:

Մի երևակայիր՝ հայելում կերևաս:

Որ «մոտիկացավ» մեծապատիվ, բերանը թեքոտ

Կանխեցիր արագ՝ «հայ եմ, բայց սոված»:

Անեկդոտն այդպես էլ տեղը չբերին ծանոթ տեղացիք:

-Սահմանապահները,- երկաթգծինը հորանջել զղջաց,- շուտով կերևան: Այստեղ կսպասեք:

Անցակետ էր նորից-նոր բերել՝ ասֆալտինն անցաք՝ սա էլ գծերի:

Գլխով արեցիք: Ձեզ դա էր պակաս:

Հենց պոչը քաշեց,

առանց ծպտունի.

-սահմանապահները,

վեր կացեք՝ թռաք:

Նորից ոչ մի ուր՝

թաց-թաց չոլերով, մառախուղի մեջ,

բայց հեռվից հեռու մագնիսների պես աչքներդ կպած երկաթգծերին խավարն էին հրում:

………………………………………………………………………………….

Որտեղից որտեղ, շատ հեծանիվներ, չես էլ հավատում՝ ձյան մեջ՝ կողք կողքի:

Էլի լացացրիր. ուզում ես բռնե՞ն` հեծանիվի գող մեղադրանք դրած՝ բոթում է առաջ:

Լռված ձյան մեջ, լռված քունի մեջ, շեմլիքների կույտ՝ անլույս, անկրակ, ասես մարդ չկա. հազիվ էլ լիներ:

Շատ, թե քիչ անցած` էլի կողք-կողքի շատ հեծանիվներ` խրված ձյուներում:

Վրադ չի նայում՝ անցնում է առաջ: Աչքիդ չթվաց:

Ինչքան կքայլեք ֆսֆսացնելով` լոկ Բեկեն գիտի:

Հետո նույնը՝ որերո՞րդ անգամ: Ի՞նչ են անում հեծանիվները հոս՝ մարդու համար չե՞ն:

-Ոչ միայն հացիվ, այլև հեծանիվ- Քելետի, Նյուգոտի:

Հեռվից մեքենա: Վազեցիք այդ կողմ:

Արգելակեց առանց մի լույսի ահագին հեռու. հետո ետ տվեց:

Երկու անգամ էլ կողքով անցնելիս, մեղքս ինչ թաքցնեմ՝ մեջը մարդ չկար:

– Ղեկին մարդ տեսա՞ր:

Դուռ բացելը՝ հայոց պատմություն. իսկ ներսը

ոչինչ՝ նստատեղ չկա, հատակ բան չկա, առաստաղ չկա: Սահմանի թիրախ ձեր գյուղ չես եկել:

Երկու ձեռքով ղեկից կախված տղա էր քշում` ոտքի ծայրերը ոտնակներին ձիգ, որ բոյը հասնի ղեկի արանքից մի բան տեսնելու:

Գլխով ներս կանչեց: Ինչ արած՝ առա՜ջ:

Մի կերպ կառչեցիք եղած-չեղածից, դուռը զրմփաց: Բարի ճանապարհ: Ոտքներիդ տակից ձյունոտ գետինը շարժվեց ու գնաց, վազեց՝ հակառակ:

Խոսքը դուռ չի, որ զոռով բացես

չիմացած լեզվով մնում էր լռել.

տղայի քեֆն ընկավ գետինն ու դուրս…

Ի՞նչ խելքիդ փչեց. խոսքի փոխարեն բռնել ու երգել: Սխալվեցիր, ջա՛ն: Ձայնդ դուր չեկավ, թե չարդաշ չուզեց նախքան բարի լույս. կանգնեց, իջեցրեց երկաթգծի կամուրջ չհասած՝ ճամփաբաժանին:

-Հարբած ես՝ անգամ երբ խմած էլ չես: Ինչո՞ւ իրենցը…

Հազիվ թե չոր այս անգամ դուրս գաս` խաչքարը վիզդ: Չէ,՜ սա Դանուբը չէր…

Մռայլոտ գետ էր` ժանգոտ գամերով զիգզագը վրան:

Գուցե Դանուբն է, այնուամենայնիվ՝ առավոտվա դեմ:

Ի՜նչ տխուր է գետը դրսերում՝ քաղաքից հեռու՝ առանց լույսերի, առանց զարդերի, առանց շպար ու տոն.

անճանաչելի անդուր ու վանող, վաղնջենական զորությամբ տարտամ, սառն, անդրդվելի:

Խոսել չի լինում:

Արդեն երգել ես:

Վերջը կհանվես հանրային չոլում՝ մինչև վերջ տկլոր, ու ճար չի լինի ծանոթներիդ պես արվեստ կոչելու:

Գլխի կընկնեի՞ր.

կապարե թախիծը ցրելու համար …

գրկում է պահում յոթ մայրաքաղաք կենսախինդ լույսով, զարդարվում պես-պես հրավառությամբ, ճոխ պալատներով, կրում մանյակներ, դարս-դարս վզնոցներ կամրջակապ ու լուսաշարան, զբոսանավերի ճիչ ու խուտուտից խնդում սեթևեթ, խաղում ու հրճվում իր տաճարների, թանգարանների արտացոլանքով, երկրե երկիր գայթակղելով քեզ՝ երկինքը կրկնած, քաշում փեշերին, կամ ում էլ լինի՝ առավել ևս ջրազուրկ-չտես, հեշտանքի ծարավ. դե տարագիրն է տեղը PR-ում ամենաթունդը` հակառակ հալին՝ տակ չզգա իրեն:

Վալս. -Ի՞նչ:

Վալս պարել… գիտե՞ս:

Ի՜նչ վաղանցուկ են զարդերն այդ չնչին իր թախծի հանդեպ, ի՜նչ թեթևսոլիկ ու պատահական:

-Աղվեսի քիթը քթին չհասա՞վ…

Կայարանը, տե՛ս:

Գնացքը, գուցե, շատ չի ուշանա լուսաբացի պես:

Քելետի, Նյուգոտի, մինչև Քելետի մի տոմսի գումար կարծեմ կճարվի:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.