Պատմում է․ ստատիկ քառակուսի, օդը՝ մի քիչ խոնավ, կտուրները՝ մի քիչ մեծ՝ բնակարանի պես․ նստելու տեղերը՝ շատ, բայց փոքր։

Պատմում է․ մեծ, անծայրածիր եզրագծերով, չերեւացող տրամադրությամբ, կիսամեռ հայացքներով, մոտավորապես երանելի տեղ, որտեղ կարելի է չսպասել ավտոբուսների։

Պատմում է․ դժվար, ապրելու համար կիսապատրաստ, վճարունակությունը՝ ցածր, կիլոմետրերով բաժանվող քաղաքներ, անձրեւ, նորից կիլոմետրերով բաժանվող քաղաքներ, ու անձրեւը չի դադարում։

Թոքերի քաղցկեղից մեռած մեկը, ոտքի ոսկորները՝ բաց, երազներն արդեն չկան, հավատալու ամեն ինչը՝ սիմետրիկ գծած․ թվային հիասթափություն․ ավտոտնակները՝ նեղ ու սխալ, մտնելու տեղ չկա։

Ես ապրում եմ, սահմանափակում եմ կյանքս, կրճատում եմ այն, որքան հնարավոր է․ եւ ավելի լավ, երբ դրա մասին կարող եմ գրել,

որովհետեւ երբեմն այդ ամենն ինձ թվում է՝ ստատիկ քառակուսի, օդը՝ մի քիչ խոնավ, կտուրները՝մի քիչ մեծ՝ բնակարանի պես, նստելու տեղերը՝ շատ, բայց փոքր,

մեծ, անծայրածիր եզրագծերով, չերեւացող տրամադրությամբ, կիսամեռ հայացքներով․․․

Հետո ի՞նչ, թե ես ուշանում եմ, ծխում եմ, հոգնում եմ, ոտքերս իմը չեն, բնավորությունս սարսափելի է, կեցությունս՝ ծով դուրս ելածի պես․

ասում եմ՝ գժվել կարելի է,

եւ սա իմ մասին է, որն ուշանում է, ծխում է, հոգնում է, ոտքերն իրենը չեն, բնավորությունը սարսափելի է,

եւ նրանը, ով պատմում է՝ մեծ, անծայրածիր եզրագծերով, չերեւացող տրամադրությամբ, կիսամեռ հայացքներով, մոտավորապես երանելի մի տեղ, որտեղ կարելի է չսպասել ավտոբուսների,

եւ նրանը, ով լուզեր է, երեսը՝ ֆեյք, լցրածը՝ հիմարություն,

եվ նրանը, ով գիտի՝ ինչ է քաղցկեղից մեռնելը,

ավտոտնակները՝ նեղ ու սխալ,

նստելու տեղերը՝ շատ, բայց փոքր,

չերեւացող տրամադրությունը,

կիսամեռ հայացքը

եւ կիլոմետրերով բաժանվող քաղաքները։

***

Տարբերությունը, որից պատմում է, ոչնչանում է,

գիտակցությունը  ոտքերիս ծայրն է հասնում

ու չի քայլեցնում․

նվազագույնը, որ կարող եմ, պատմել  կյանքն է,

առավելագույնը՝ դրա բոլոր դետալները՝

որպես մանրէաբան, որ ամեն պահի կարող է ասել՝

ինչպես առաջացավ այդ քաղցկեղը։

Եվ կարող եմ ասել նաեւ, թե սահմանումն ինչքան ուժեղ է,

երբ դրա պատճառով նստում ես, նստում ես մինչեւ վերջ,

ոչ մի համաներում չի կարող փրկել քեզ,

որովհետեւ ուրիշ  նստելու տեղերն ազատ են։

Կա՞ մի տեղ, որը սահմանված չէ որպես ապրում․

տրամադրությունս ձեւազուրկ պարկ է,

որի մեջ կարող ես մտնել, գլորվել, անփույթ զգալ

թավալվել, որքան ուզում ես․

էնտեղ ազատ է թվում,

բայց ոչ դատարկ։

27․ 04․ 2015

Լյուվեն, Բելգիա

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.