Գիշերվա ժամը հազարն էր, որ Անահիտի հևասպառ ձայնը քնիցս արթնացրեց:

-Որ իմանաս, թե ո՞ւմ եմ տեսել, է՛, մենակ իմանաս, կառավաթից կընկնես,- խոսափողի մեջ բարբաջում ա հազար տարվա ընկերուհիս ու հազիվ եմ ինձ զսպում, որ խոսափողի տեղը տրուբկա չգրեմ:

-Սքոթլանդն ո՞վ ա,- կիսաքնած քրթմնջում եմ ու մտքիս մեջ չեմ էլ կարում, թե բան ասեմ, վասնզի, այլևս արթնացած եմ:

Սքոթլանդը, պարզվում է, ընկերուհուս նախկին յարն էր, ում հետ չէր ամուսնացել բարեկամների ինադու:

– Վարդուշը մթով մարդուն կոխել էր անկյուն ու վրա տվել, թե ինչքան վախտ պիտի ավելորդ բերան պահեն,- նույն պատմության ամենատարբեր վարիացիաները լսել եմ ողջ կյանքիս ընթացքում,- էն վախտ էլ մեր Էշը կար, ես էլ դրեցի ու մերոնց ինադու պսակվեցի Էշի հետ:

Պսակվեց Էշի հետ ու զույգ ոտով ընկավ քաքը: Անահիտը: Ծիծիլիոն տարվա ընկերուհիս: Չնայած տենց էլ չհասկացա, թե երբ դարձանք ընկերուհի: Էն էլ ծիծիլիոն տարվա:

Էշը, ուրեմն, ռեժիմով ծեծում էր ընկերուհուս: Նա վսյակի սլուչայ: Որ իրեն հանգիստ պահեր: Փաստորեն, պարզվել էր, որ հանգիստ չի պահում: Քանի որ մի անգամ մուտքի մեջ ռաստվել էի, թե ոնց էր երկու ձուն ջարդել հարևան Սոփեստ տոտայի գլխին: Իսկ Սոփեստ տոտան բեգեմոտի նման կնիկ մըն էր, որ ապրում էր հայտնի չէ, թե ինչի համար: Մեկ փաստ, այդուհանդերձ, հայտնի էր: Սոփեստ տոտան ծնվել էր, որպեսզի բաժակով ականջ դներ հարևանների պատերին: Նա ամեն առիթի դեպքում հաճույքից մռլտացող դեմքով շեշտում էր, որ իրեն հայտնի է, թե որ հարևանը երբ է զուգարան գնում, և գնալուց էլ` ինչ կարգի կարիք հոգում: Այդ պրոցեսն անվերջանալի շղթա էր, որի սկզբին ծանոթացա, երբ վեց տարեկան էի:

-Ես Հեղուշի մեռնելն իմացա,- նույնպիսի հաճույքից շողացող դեմքը տպավորվել էր մեջս վեց տարեկանից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Անահիտի մայրը վախճանվել է: Հոգին ավանդելուց առաջ Հեղուշը գոռացել էր, ու Սոփեստ տոտան, որ ննջում էր զույգ ականջները հարևանների պատին դեմ տված, անմիջապես հասկացել էր, որ Հեղուշի վերջը եկել է:

Այդպես Անահիտը որբացավ ու մնաց հորեղբոր ու նրա կնիկ Վարդուշի հույսին, որոնց խոհանոցում կիտունված ամանեղենի բլուրները տարիներ շարունակ լվաց, մինչև դարձավ պարմանուհի ու հորիզոնում հայտնվեց Սքոթլանդը:

Սքոթլանդը պարզվեց` հայրենադարձ էր ու մեր պատվասեր ազգականների քիմքին ոչ հարիր: Էն տարիներին, իմացար, հայրենադարձ լինելը ճիշտ չէր, ու էդ հանգամանքը ծանր նստեց փխրուն ու բարալիկ Անահիտի վրա, որ մանուկ հասակում մարդ էր ճղում: Անահիտը, ուրեմն բոլորովին էլ Անահիտի չէր ձգում ու լրիվ լաչառ Սվետ էր: Նա մանուկ հասակում հանդգնել էր փայտից աթոռակը հագցնել օղորմածիկ Գենիկ տոտայի ծանրումեծ ոտքին էն բանից հետո, երբ բակային խաղերի ընթացքում Գենիկ տոտայի աղջիկը, որը պակաս լաչառ չէր՝ համարձակվել էր լաչառության գծով մրցավազքի մեջ մտնել Անահիտի հետ: Որի  արդյունքում Անահիտը գզել էր Գենիկ տոտայի աղջկա բրդոտ գլուխը, չռփել երեսին ու անվանել փնթի խոզ, ինչի հետ, թերևս համաձայն էի, որովհետև Գենիկ տոտայի աղջիկը մեկ շաբաթ շարունակաբար կրում էր նույն մանր պուտիկներով, բաց կապտավուն երանգի շորը, որ կարել էր մայրը: Նա այնքան էր կապվել շորին, որ հագից չէր հանում, ու ով գիտի` այդպես էլ քնում էր: Համենայն դեպս, փաստ էր, որ երբ Անահիտը նրան անվանեց փնթի խոզ՝ մանր պուտիկներով, բաց կապտավուն շորը լրիվ կեղտոտվել էր գնդակի հետ ունեցած մեկշաբաթյա շփումից. գոռզագոռզը մեր սիրած խաղերից էր, իսկ բակը` ջրափոսերով լի:

-Փնթի խոզ,- անվանեց Անահիտը Գենիկ տոտայի աղջկան, ու նա հակադարձեց.

-Բա դու ի՞նչ ես, քրջո՜տ:

Ու հենց ստեղ ա, որ ասում են, թե այ էդ մի բանը չպետք էր ասել: Որովհետև քրջոտ բառի վրա Անահիտի ֆազերը ողջ ուժգնությամբ քցեցին:

-Ի՞նչ, քրջո՞տ, ախչի, հիմի ես քեզ ցույց կտամ քրջոտն ով ա,- գոռաց Անահիտն ու վրա պրծավ Գենիկ տոտայի աղջկան: Նա զույգ ձեռների մեջ առավ Գենիկ տոտայի աղջկա գլուխն ու սկսեց գզել նրա բրդոտ գանգատուփը: Ոչ մեկս չէինք համարձկավում միջամտել, միայն լուռ ու շունչներս պահած` ակնդետ նայում էինք, թե ոնց է Անահիտը ձևում Գենիկ տոտայի աղջկան: Կարծում եմ, որ համաձայն էի երկուսի հետ, այդ պատճառով էլ չմիջամտեցի: Որովհետև Անահիտը ճիշտ էր. Գենիկ տոտայի աղջկա շորերը կեղտոտ էին: Որովհետև Գենիկ տոտայի աղջիկը նույնպես ճիշտ էր. Անահիտի շորերի տակը անհավասար կտրված էր ու եթե էսօր նման տեսակի կտրվածքները մոդայիկ և «սծիլնի» կարող են լինել, էն տարիներին համարվում էր ամոթալի:

Անահիտը մի լավ գզեց Գենիկ տոտայի աղջկան, և նա լաց լինելով գնաց տուն: Դրանից հետո` ողջ մուտքը լարված սպասում էր, թե ինչ է լինելու պատմության վերջը: Մենք տեսանք, թե ոնց Գենիկ տոտան ծանր-ծանր բարձրացավ վերև` Անահիտի հախից գալու համար. էդ ժամանակ արդեն Հեղուշը մահացել էր, ու Անահիտը` փոքր եղբոր հետ ապրում էր չորրորդ ռանգի մի բարեկամի հետ:

Մուտքի երեխեքով շունչներս պահած սպասում էինք,  երբ Գենիկ տոտան` ոտքը կաղալով իջավ ցած: Պարզվեց Անահիտը թռել էր Գենիկ տոտայի դեմքին ու ձեռքն ընկած աթոռը շպրտել ոտքին:

-Ամա՛ն, լաչա՛ռ ա, լիրբ մերն ա, որ կա,- ձեն ձենի տվին հարևանները, որոնցից մեկի` ավելի կոնկրետ, Սոփեստ տոտայի գլխին տարիներ հետո Անահիտը կոտրեց մեկ զույգ ձու:

***

Նրա մայրը պոռնիկ էր: Ծեր, մեռած կնոջ հետևից հեշտ էր բամբասել: Սոփեստ տոտան տեսել էր սակայն: Սեփական աչքերով: Գագոն տնից դուրս գալուց քամակին մի հատ շրխկացրեց: Աչքովս եմ տեսել: Ծեր, տռզած արևը վկա: Եվ ո՞ւմ գործն էր բայց: Այդ նույն Սոփեստ տոտայի ավագ դուստրը` օրը ցերեկով կզում էր ընկերուհու ամուսնու դեմքից ուղիղ մեկ մետր ներքևի հատվածում: Մինչև Սոփեստ տոտան էդ ընթացքում կլուծեր հայրիկիս հարցերը: Ասում են` աչքը գցել էր հայրիկիս պլորներին: Տեսնող է եղել: Աչքերը թունդ շողում էին: Երբ պատմում էր: Իմ ներկայությամբ: Հետո իմացա.  հայրիկիս մասին էր:

Ծեր, մեռած կինը մահից առաջ ուռել էր: Բառի ուղիղ իմաստով: Մարմինը դարձել էր ուռած լեշ: Ծեր ուռած լեշը ժամանակին շինվում էր բաղի միջին` ուրիշ մարդու հետ: Սեփական մարդուն սիկտիր էր արել ու լավ էր արել էր: Ո՞վ էր մեղավոր: Որ կյանքն էդպիսին է: Ծեր, տռզած արև: Պոռնիկից լավ էլ աղջիկ էր ծնվել: Որի բախտը խիստ  չբերեց: Մանուկ հասակում մարդ էր ճղում ու ճիշտ էլ անում էր: Ծե՛ր, տռզած արև: Ծեր տռզած արևն ինձ կայֆ էր տվել ու բոլոր զգայարաններս անջատել էի: Թե չէ` կմեռնեի: Բայց ես պետք եմ դեռ: Ինչ-որ մարդկանց: Ասում են, թե դուխ եմ տալիս: Ետ տվեք իմ դուխիները: Չեմ տա ոչ ոքի: Ես դրանց կարիքն ունեմ:  Ի՜մն են, ի՛մը:

Անահիտը որբացավ: Երբ ծեր պոռնիկը հոգին ավանդեց: Էնքա՜ն եմ սիրում պոռնիկ բառը: Նրա մայրը պոռնիկ չէր: Ուղղակի հայրն էր տկար տղամարդ: Ծեր լոյլող մի ստվեր: Միայն խմում էր: Մեջն էլ հոգի չկար: Ծեր տռզած լեշն էլ, երբ լեշ չէր տակավին, արև էր ճառագում ու դեմն առնելու համար տղամարդ էր պետք: Խոշոր տղամարդ: Որտեղի՞ց գտներ խոշոր տղամարդ: Խաբուսիկ կյանք է: Ծե՛ր, տռզած արև: Տռզած նստել է: Ալարում է շարժվել:

Ցանկանում էի քնել, սակայն չէր ստացվում: Կարելի էր մեռնել: Բայց ասում են, ինչ-որ մարդկանց պետք եմ: Ինձ մեծ գործեր են սպասվում: Կոմսուհի: Փոքր ժամանակ լավ դաս էի սերտում: Բայց թարսի պես մենակ էս խոսքերը մնացին: Թե չէ կհիշեի նաև Մարատի մահը: Ես հեղափոխական չեմ: Թողեք իմ դարդով տապակվեմ: Գնացեք, դարձեք թնդանոթի միս: Ես վաղուց դարձել եմ: Եվ թող չպարծենա ինչ-որ մեկը, թե պրծնելու է: Մենք բոլորս վանդակում ենք: Ծեր տռզած արևի տակ ու կանաչ խոտերի վրա:

***

Անահիտին առաջին անգամ հիշում եմ, երբ գնացինք ուխտի: Չէ: Դրանից առաջ էլ հիշողություններիս մեջ կար: Գենիկ տոտայի աղջկա բրդոտ գլուխը դրանից առաջ էր գզել, իսկ սույն անցքից առաջ էլ մայրն էր մահացել: Ծեր տռզած լեշը: Որը լավ էլ տռուզ էր ու լեշի հետ կապ չուներ: Հետո լեշ դարձավ: Երբ պառկեց դագաղի մեջ: Ուռած լեշ: Ծեր, տռզած պոռնիկ:

Նա միջահասակ, մանր-մունր կազմվածքով բարակիրան աղջիկ մըն էր, որի օրգանիզմը տարիներ հետո սկսեց թարախ արտադրել: Ձախ կրծքից մոտ 4 սմ. վերև գտնվող հատվածից: Մինչ այդ շարքից դուրս էին եկել արդեն երիկամները, սիրտը միշտ էլ ծակում էր, դաշտանի հետ խնդիր ուներ, որից տարատեսակ ուռուցքներ էին ձևավորվում օրգանիզմի տարբեր հատվածներում, ձախ այտամկանը ժամանակ առ ժամանակ այտուցվում էր, ոտքերը` ուռում, բայց զավեշտն այն էր, որ մեջքին շալակած մի պարկ հիվանդություններն անցքին չէր. էդ օրգանիզմով չորս երեխա էր ծնել: Էշից: Որը ռեժիմով ծեծում էր նրան, որ հանգիստ պահի: Թեպետ չէր պահում: Ու ճիշտ էլ անում էր: Նման որակի Էշին հասնում էր: Որ վրից թռներ: Չգիտեմ: Չգիտեմ: Մի օր շենքը պայթել էր աղմուկից, որ Անահիտը Էշին դավաճանում է: Ընկերոջ անկողնում: Էշի ընկերոջ: Էդ տարին էստեղ չէի: Եկա` իմացա: Սոփեստ տոտայից, որի գլխին դրանից քանի մը տարի առաջ ջարդեց մեկ զույգ ձու:

***

Երբ Անահիտը գնաց մեր շենքից, դեռ երեխա էի: Լավ հիշում եմ դպրոցի բակում մեր հրաժեշտը: Հագին դպրոցական ֆորմա էր: Շագանակագույն զգեստով ու սպիտակ, փոռիկավոր գոգնոց: Ոտքերին խոշոր սպորտային կոշիկներ էին: Արտասահմանյան արտադրության: Նա միշտ էլ լավ էր հագնվում: Թեպետ այն շորի տակերը, որի պատճառով Գենիկ տոտայի աղջիկը մի լավ ծեծ կերավ, անհավասար կտրտված էին:

– Ես մեր դպրոցից գնում եմ,- կոտրված հայացքով ասաց Անահիտն, ու դրանից սիրտս ճմլվեց:

Նրան սիրում էի: Փխրուն ու բարալիկ մարմնով Անահիտին: Նա լավ աղջիկ էր, սրտամոտ ընկեր: Հոգին թևածում էր հողերից վերև: Ինքն ի՞նչ մեղավոր էր, որ կյանքը բեմ է, ուր իր դերը ինքը չէր ընտրել:

– Բա ո՞ւր ես գնում,- հարցրի տխրոտիկ:

– Հոպարենցս տուն, էլ ստեղ չենք կարա մնանք, էնտեղի դպրոցն էլ կգնամ,- կարճ կապեց Անահիտն ու էդպես էլ բաժանվեցինք:

Նրանց չորրորդ ռանգի բարեկամը, որ մոր մահից հետո եկել ու խնամում էր անչափահաս որբուկներին, ասել էր, որ այլևս չի կարող հանդուրժել Անահիտի անհնազանդությունն ու գնում է յուր ճանապարհով: Ու գնաց: Որից հետո Անահիտն ու եղբայրը կորան իմ տեսադաշտից ու երկար տարիներ այլևս չհայտնվեցին: Եղբայրը մեզանից շատ մեծ էր ու հետը կապված ոչ մի հիշողություն չունեմ, իսկ քույրը, թեպետ` լաչառ, բայց լավ լաչառ էր: Դեմքի վրա շարված մեկ զույգ խաղացկուն աչքերով: Դրանց խաղը նկատեցի այն օրը, երբ միասին գնացինք ուխտի:

Հայրիկիս ավտոբուսով էինք: Տատիս հարևանությանը տանում էր ուխտի` դեպի Հայաստանի հեռու հեռավոր սրբատեղիներից մեկը: Նրան տեսնելով` շատ ուրախացա: Պարզվեց` նրա հորեղբայրը տատիս հարևանն է: Դպրոցի բակի մեր բաժանումից անցել էր մոտ երկու տարի: Այս անգամ տրտում չէր: Աչքերը խաղում էին սպիտակ, դուրեկան ու ժպտուն դեմքին:

– Ո՞նց ես Անո,- ուրախ-ուրախ ժպտացի ու ողջագուրվեցինք: Դեռ էն ժամանակից ձանձրանում էի: Լիքը մարդկանց մեջ: Անահիտի ձեռքին Իրվինգ Սթոուն կար: Միքելանջելոյի կյանքը: Էդ ժամանակ, կարծես վեցերորդ դասարան էի: Առաջին անգամ կարդացի արվեստագետի կյանքը: Մենք նստած էինք իրարից հեռու նստարաններին, ու ձեռքից վերցրել էի գիրքը: Ամբողջ ճանապարհին միայն կարդում էի: Հընթացս հայացքներ գցում  նրա բարալիկ գոյության ուղղությամբ ու նկատում, որ աչքերը դեմքի վրա խաղում են: Պարզվեց ավտոբուսի մեջ մեր տարիքի տղա կար: Որին անցքիս տեղ չէի դրել: Փոխարենը նա տանձի տեղ էր դրել Անահիտին, ու մինչ ես տարված էի Միքելանջելոյի կյանքով, նրանք սիրաբանում էին: Հայրկիս զգոն հայացքի հսկողության տակ:

– Մեկ էլ չտեսնեմ էդ պոռնիկ չաթլախի հետ ընկերություն անես,- ուխտից գալուց հետո հայրիկս ճառ կարդաց գլխիս ու արգելեց այլևս շփվել նրա հետ: Թեպետ առիթ էլ չկար:

Պոռնիկ չաթլախ որակումն, այդուհանդերձ, ինձ ամենևին դուր չեկավ, թեպետ հայրիկիս չէի կարող չհնազանդվել: Ու էն տարիներից էլ մեջս բուն դրեց ըմբոստը: Փխրուն, բարակիրան ու նրբամաշկ Անահիտն ինձ դուր էր գալիս: Սակայն, երբ հայրիկս արգելեց պոռնիկ չաթլախի հետ շփվել, հաջորդ ուխտի ընթացքում աշխատում էի հեռու մնալ նրանից, թեպետ մեզ հասակակից այն տղան չկար: Մենակ էինք: Ու ինքն էլ անընդհատ գալիս-կպչում էր: Ես էլ անկապ պատճառաբանություններով հրաժարվում էի: Բայց թույլ տեղս գտել էր:

– Բա՛րև, անսահմանություն,- նախորդ ուխտի ժամանակ գոռացել էի սարի գագաթից դեպի ներքև ձգվող ծաղկապատ հորիզոնն ու անսահմանությունը բարևել էր զիս:

– Արի գնանք սարի գագաթից գոռանք` բարև, անսահմանություն,- ասաց նա ու համոզվեցի:

Միասին չափչփեցինք քաչալ սարերը, չորեքթաթ հասանք մոտակա լեռան գագաթն ու էնտեղից բարևեցինք անսահմանությանը: Կանգնեցինք վերևում ու մանկական աչուկներս սիրեցին դեպի անծայրածիր հորիզոնը տանող համայնապատկերը, շնչեցինք լեռնային մաքուր օդն ու զիլ ձայնով ծիծաղեցինք. դեռ չգիտեինք, թե կյանքն ինչ խութեր էր պատրաստել մեզ համար:

Մի բոլ բարևեցինք անսահմանությանն ու փութով հետ վերադարձանք: Բարեբախտաբար, մեր անհետացումը ոչ ոք չէր նկատել: Մանավանդ հայրիկս: Որ խստիվ արգելել էր շփվել պոռնիկ չաթլախի հետ:

Պոռնիկ չաթլախը, սակայն, բոլորովին էլ պոռնիկ չէր: Առավել ևս՝ չաթլախ: Նա շատ շուտով հասկացավ մասսայի ուժն ու ուզեր, թե չուզեր՝ պիտի ենթարկվեր: Չէր կամենում ենթարկվել միայն Էշին, որովհետև էշը Էշ էր: Կատարյալ խոտակեր: Էշը արյունարբու մարդասպանի աչքեր ուներ ու անասնական հայացք, որի մեջ մարդկայինը տգույն մաս էր՝ բնազդների ճնշման ազդեցության տակ: Նա Անահիտից մեծ էր կլոր 12 տարի ու երբ նրան առաջին անգամ տեսել էր՝ ընկերուհիս ընդամենը 15 տարեկան էր: Սիրտն անթեղված Սքոթլանդի անշեջ սիրով: Նա մոտեցել էր թռվռան ու անհոգ ընկերուհուս, նայել աչքերի մեջն ու ասել, որ քնելու է հետը:

– Քո աղջիկությունն ինձ ես տալու,- հուզմունքից վետվետացող կրծքով ասել էր Էշն ու խոսքի տերը եղել: Իսկ լսածից սարսափած մանուկ Անահիտը թունդ վախեցել էր Էշից ու իրեն գցել Սքոթլանդի սիրազեղ գիրկը: Որտեղից դուրս էր հանել պատվասեր ազգականների ու մասսայի զորեղ ճնշումը:

Սքոթլանդը հայրենադարձ էր ու պետք է գնար երազի երկիր: Մտքին դրել էր՝ Անահիտին էլ հետը տանել: Աղմուկ էր բարձրացել ընկերուհուս հսկայական գերդաստանում:

– Բա մեր կեղտոտ ամաններն ո՞վ պիտի լվա,- վրա էր տվել հորեղբոր աղջիկ վհուկ Սվետը, որն ավելի շատ կախարդի էր նման, քան՝ վհուկի:

Անահիտը տասը տարեկանում հայտնվելով հորեղբոր տանը՝ դարձել էր աղախին յուր հորեղբոր աղջիկների և տան հյուրերի համար: Նա օրնիբուն մաքրում էր տան ծակուծուկերը, լվանում 15 հոգանոց գերդաստանի կեղտոտած պնակների բլրակույտերն ու հարդարում կախարդ Սվետի մազերը: Կախարդ Սվետը փչացած ատամներ ուներ ու գռեհիկ շարժուձև: Նա օրը ցերեկով՝ բոլորի աչքի առաջ տռում  ու պահանջում էր, որ օդը հոտոտեն: Բարալիկ ու փխրուն Անահիտին դա դուր չէր գալիս, բայց լաց չէր լինում, որովհետև աննկուն կամք ուներ ու սրտի լարերի խաղին հետևելու ցանկություն:

Հորեղբայրը դեմ էր եղել Սքոթլանդին, պատճառաբանելով, որ Ամերիկան հեռու է Հայաստանից, ու իրենք չեն կարող օգնել նրան, եթե պարզվի, որ այդ Սքոթլանդը անպիտանի մեկն է, ինչի համար նրանց ունեցած հիմքը այն էր որ նա հայրենադարձ է: Հայրենադարձների ու հայաստանցիների դիմագծերի միջև ակնհայտ տարբերություն կար, որը դուր չէր եկել կախարդ Սվետին: Սքոթլանդը, սակայն, առնական կեցվածքով, գեղեցկադեմ ու խոստումնալից երիտասարդ էր: Ու ով գիտի, թե կախարդ Սվետը, հորեղբոր կինն ու հսկա գերդաստանի մնացած անդամները չէին նախանձել փխրուն, բարակիրան Անահիտի բախտին ու քար չէին գցել ճանապարհին: Կախարդ Սվետի մտքում, հավանաբար, չէր տեղավորվել միտքը, որ իրենց տան քոծը Ամերիկայում կարող է արքայադուստր դառնալ:

– Մենք մեր աղջկան չենք տա էդ ախպարի ճտին,- ձեռքը սեղանին զարկելով տռել էր կախարդ Սվետն ու Սքոթլանդի հետ ապագան կապելու հարցը փակել:

Հորեղբայրը, որ Անահիտին շատ էր սիրում, մի կողմ էր կանչել բարակիրան պարմանուհուն ու բացատրական աշխատանքներ տարել հետը:

– Էնի քեզ հարմար չի,- ասել էր,- մեր ցեղին չի սազի: Էնի ախպար ա, դու՝ տեղացի: Համ էլ ով գիտի քեզ ֆռռցնում ա, էդ ախպարների մտքինը ոչ մեկ չգիտի, անունիդ հետ ա խաղում, գիտի որ անտեր, որբ աղջիկ ես, ուզում ա պատվազուրկ անի: Բայց մեծ թիքեն ականջը կտենա:

– Ինքն ինձ սիրում ա,- գոցգոցուն սրտով առարկել էր Անահիտը:

-Դու հլը փոքր ես, որ հասկանաս: Սեր չկա: Դրանք հեքիաթներ են ու չգիտեմ, որ քամին ա լցրել գլխումդ: Արի դու մեր Գոմշակերանց Լյովին առ, լավ տղա ա, մեծ ա ու արդեն՝ նստած: Էնի գիտի կյանքի ղադրն ու գլխի մեջ քամիներ չեն վզզվում, ոնց որ քո Սաքի գլխում:

– Հա՛, բա ո՜նց, մեր Գոմշակերանց Լյովը իսկը Անոյի բանն ա,- անպոչ գդալի պես խոսակցության մեջն էր ընկել կախարդ Սվետն ու տեղում մի հատ գմփցրել:

– Էտի ինձնից 12 տարի մեծ ա, եքա մարդ ա ու աչքերն էլ դուրս չեն գալիս,- հեկեկացել էր Անահիտն ու վազել Սքոթլանդի մոտ:

Աղջիկն անհանգիստ հոգի ուներ և սիրո ծարավ սիրտ: Նա Սքոթլանդի մոտ դատարկել էր  խոսակցության մանրամասները, սակայն տղան նոր էր ավարտում դպրոցը: Տասն և յոթ տարեկան էր: Դեռ չգիտեր անելիքը: Բայց սիրածի համար պահն օրհասական էր: Անահիտը սեղմվել էր Սքոթլանդին, ձեռքերով պարուրել նրա սիրտն ու շշնջացել, որ իրենից է կախված յուր ապագան: Նրա գիտակցության մեջ մեխվել էր Գոմշակերանց Լյովի արյունարբու աչքերը, որ նրան տեսնելուն պես գռմռացել էր յուր ազապությունն առնելու մասին կեղտոտ մտքերի ուղղությամբ:

– Մերոնք ինձ պսակում են Գոմշակերանց Լյովի հետ,- շշնջացել էր փխրուն աղջիկն ու սեղմվել սիրածին: Նրանք թեթևակի համբուրվել էին, որի բույրից Անահիտի մարմինն սկսել էր անկանոն շարժվել: Աղջկա կոնքամիջյան կոկոնը թեթևակի թռթռացել էր ու անգիտակցաբար զարկվել տղայի եղած-չեղածին: Անահիտը նայել էր Սքոթլանդի նվաղած աչքերի մեջ ու սրտի խորքում երազել՝ հենց էնտեղ տրվել նրան: Միայն թե չիրականանան Գոմշակերանց Լյովի մռայլ կանխատեսումները:

Սքոթլանդը վարանել էր: Նա չէր կարող որոշում ընդունել, քանի որ նոր էր ավարտում դպրոցը: Անահիտն էլ անչափահաս էր, դեռևս 15 տարեկան:

– Մենք Ամերիկա ենք գնալու, մամաս արդեն էնտեղ ա, դակումենտներն ենք դզում, որ մյուս տարի գնանք,- միայն ասել էր Սքոթլանդը:

Նրա հայրը խստաշունչ մարդ էր ու դեմ՝ տղայի վաղաժամ ամուսնությանը: Սակայն  Գոմշակերանց  Լյովը՝ բարակիրան Անահիտի կուսաթաղանթը գազանաբար պատառոտելու դավադիր մտքերով, կանգնած էր սիրասուն զույգի առաջ ու երկընտրանքի հնարավորություն չկար: Սքոթլանդը պիտի փախցներ Անահիտին: Ուրիշ ճար չկար:

– Ես չեմ թողնի, որ քեզ գցեն Գոմշակերանց Լյովի արյունարբու ճանկերը: Մենք միասին կփախչենք:

– Դեպի անսահմանություն,- հրճվել էր Անահիտն ու թեթևացած սրտով վազել տուն:

-Լյոխ էր սիրածդ,- տարիներ հետո ասելու էր Անահիտի Յարը: Այն նույն Յարը, որի անկողնում իբրև բռնել էին այլևս չորս երեխայի մայր Անահիտին այն բանից հետո, երբ Սքոթլանդը չէր կարողացել խոսքի տերը լինել, երբ Գոմշակերանց Լյովը հարսի քողը քաշելով փխրուն Անահիտի գլխին, տարել էր հորանց տուն ու թռել խեղճի վրա, երբ ծվատելով նրա կուսաթաղանթը՝ արնոտ պռոշներով հաղթանակած գոչել էր. «Տեսա՞ր, որ խոսքիս տերը եղա», երբ հուսահատված Սքոթլանդին սպասելու անպտուղ նկրտումներից՝ մութ անկյունում ռաստ էր եկել հորեղբոր ու նրա կնոջ խոսակցությանը, երբ կինը գոռացել էր ամուսնու վրա.

-Ինչքա՞ն պիտի ավելորդ բերան պահենք:

***

Փխրուն Անահիտը Էշի հետ բավական երկար ձգեց. կլոր 10 տարի, որի ընթացքում Էշը կնոջը ստիպում էր, որ յուր միջնորդությամբ երեխաներ ծնի: Կարծում էր՝ դրանով հավիտյանս կապելու է Անահիտի ոտքը մի տանը, որտեղ տնփեսա էր ու չսիրված հարևան, որի վրա գրանցվել էր բոլորից թաքուն՝ հույսով, որ մի օր լինելու է տան իրական տերը, որտեղ ամեն Աստծո օր տուրուդմփոց էր ու որտեղից մի օր վերջնականապես սիկտիր արեց կինն այն բանից հետո, երբ Էշը փորձեց իրեն Եզի տեղ դնել, երբ մի օր վերջապես հատնեց կնոջ համբերությունն ու լցվեցին բոլոր բաժակները:

Հենց այդ օրն էլ Անահիտը երկու ձուն ջարդել էր Սոփեստ տոտայի արդեն սակավամազ գլխին: Ասում են, որ նրա մազերը թափվել էր այն հևակտուր տքոցների դարդից, որ լսվում էր  նոր եկած պատկից հարևանի տանից. նրանք երիտասարդ ամուսիններ էին ու ողջ գիշեր անզուսպ սիրում էին զմիմյանս:

Անցքը, ուրեմն, կարևոր չէր: Թեպետ կարող եմ կարևորել: Հնարավոր է, որ հենց լափ էլ կարևոր էր: Որովհետև հենց դրա արդյունքում փոխվեց արդեն հաստացած մարմնով Անահիտի կյանքը: Գոմշակերանց Լյովը կատաղել էր: Ինչպես միշտ: Պատճա՞ռ: Ինչքան ասես: Նա կարող էր կնոջը պատվիրել, որ նստի աջ ոտքը ձախին գցած ու հաջորդ պահին ծեծել՝ պատրվակով, թե ինչու չի նստել ձախը՝ աջին գցած:

Եվ, ուրեմն Գոմշակերանց Լյովը թունդ կատաղել էր: Նրա բացակայությամբ հաճախակի էին դառնում յուր մտերիմ Ընկերոջ այցելությունները, որին ինքն անձամբ պատվիրել ու պահանջել էր, որ իր բացակայությամբ կնոջը շուտ-շուտ տեսության գա, հատկապես այն օրերին, երբ երկար ժամանակով գործուղման մեջ էր. կասկածի որդը կրծում էր սիրտն մտահոգությունից, թե ինչով է զբաղված կինը: Մի անգամ տանը սկանդալ էր սարքել, թե ինչու Ընկերոջ այցելության ժամանակ խոհանոցից դուրս չի գալիս ու չի միանում Օզոնի շերտի ճաքի մասին իրենց աշխարհային քննարկումներին:

Հերթական անգամ վերադառնալով ու Ընկերոջը տանը տեսնելով՝ նրա գնալուց հետո տեսարան էր սարքել, թե այդ ինչ պատճառով է նա այդքան հաճախ այցի գալիս ու դանակն առած՝ ընկել էր կնոջ հետևը:

-Դե սիկտիր, բոզի տղա, դո՞ւ չես ասել, որ Գուգոյին լավ ընդունեմ,- հերթական անգամ չէր պարտկվել Անահիտն ու խելապատառ արագությամբ վազել դեպի մուտքի դուռը: Այդ ընթացքում արդեն Մուտքը՝ նախագահ Սոփեստ տոտայի գլխավորությամբ, գումարել էր արտահերթ նստաշրջանը: Օրակարգում Էշի հարցն էր: Անահիտը դուռը բացեց այն ժամանակ, երբ Սոփեստ տոտան սանդղահարթակի վրա ճամարտակում էր առ՝ Մուտքում գործող կանոնները չհարգելու Էշի վարքը, ու երբ Էշը լսեց, որ յուր անձը քննարկման առարկա է, հայհոյեց նրան, իսկ Անահիտը՝ ճանկելով այդ պահին պատահաբար վերև բարձրացող ութնամյա Արմուշիկի ձեռքի տոպրակը, թափով հագցրեց Սոփեստ տոտայի գլխին, որի հետևանքով նրա սակավամազ ճակատից ներքև հոսեց տոպրակում եղած երկու ձվի ջրիկ դեղնուցը:

-Դմակ ունես՝ ոռդ փակի,- շան ծեծ կերած ու համբերությունը հատած գոռաց Անահիտը,- տես ինչեր են խոսում աղջկադ մասին, հանգիստ թող իմ ընտանիքը:

Դրանից հետո նստաշրջանը շարունակվեց Սոփեստ տոտայենց տանը: Ծանր գիշեր էր: Շատ ծանր: Բոլորս շունչներս պահած՝ սպասում էինք: Թե ինչով կվերջանար Սոփեստ տոտայի ու Էշի կռիվը: Ծեր կինը հաշվի էր կանչել Էշին ու որոշել Մուտքում գործող օրենքի ողջ ուժով նրան պատասխատվության ենթարկել:

-Տո դու ո՞վ ես, որ իմ մասին տենց խոսաս,- մինչև ութերորդ հարկ լսվում էր Էշի գոռոցն ու, Մուտքը դղրդում էր նրա ահարկու ձայնից:

Այդ ընթացքում Անահիտն ապսպրել էր կանչել կողքի մուտքի էլեկտրիկին ու խնդրել, որ դռան կողպեքը փոխի, ինչն էլ նա արել էր մեծագույն հաճույքով՝ գլխի ընկնելով պատճառը:

Էշն ու Սոփեստ տոտան այդպես էլ չէին կարողացել ընդհանուր հայտարարի գալ, որին հասնելու երկարատև ու անպտուղ փորձերից հետո, երբ Գոմշակերանց Լյովը փորձել էր բացել մտքում իր սեփականը որակած տան դուռը՝ կանգնել էր փաստի առաջ: Անահիտը փոխել էր տան կողպեքն ու իրեն դատապարտել երկարատև մեկուսացման: Որովհետև, երբ Սոփեստ տոտայենց տանը շարունակված նստաշրջանին հաջորդած երրորդ ռաունդ սկանդալից հետո պարզ էր դարձել Անահիտի որոշումը, Մուտքը գումարել էր արտակարգ նստաշրջան ու իտոգի եկել. «խի մերը  լա՞վն ա, որ յոլա ենք տանում, մարդ  ա էլի, մի օր կծեծի, մի օր՝ կսիրի, էն 4 էրեխուն ումո՞վ ա պահելու: Ամա՛ն, պոռնիկ ա: Ես էլ ասըմ եմ, թե էն տղեն խի ա սաղ օրը դրանց տունը տնկված: Պոռնիկ մոր պտուղն ա: Ծե՛ր, տռզած պոռնիկ»:

Այդպես Անահիտը բաժանվեց Էշից, որին տասը տարի յոլա տանելու  արդյունքում մի բեռ հիվանդություն շալակեց: Նա այլևս նախկին փխրուն, բարակիրանը չէր, այլ հաստամարմին՝ մեծ քամակով կնիկ: Նրա միակ որդին տնից փախավ հոր մոտ, իսկ երեք աղջիկներին պահեց ինքը: Էշի ամենամոտիկ Ընկերոջ օգնությամբ, որ դարձավ նրա Յարն ու կյանքի անդավաճան ընկերը:

Մուտքը, և այնտեղ բնակվող ծանրումեծ կանայք հեռավորություն էին պահում Անահիտից՝ հասկացնելով, որ ինքը շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ իրենց հետ նույն սեղանից սուրճ խմելու շնորհին արժանանա:

***

Իրենց վերջին հանդիպումից կլոր 18 տարի հետո Սքոթլանդը հայտնվեց: Ոչ թե Ամերիկայից, այլ Ռուսաստանի մի նվազ գավառից: Ուր գնացել էր այն բանից հետո, երբ ամառային մեկ տգույն օր ընկերների ու կապույտ մեքենայի հետ գնացել էր ուսումնարանի բակ, որտեղ Անահիտը սովորում էր ութն ավարտելուց հետո, որն անծանոթ միջավայր էր ու լի՝ չկամ ու գծուծ մտքերով. փխրուն, բարակիրան ու ճտպտան Անահիտին չսիրողները լիքն էին, վասնզի շուտով պարզվել էր, որ նրա հետևից  կապույտ մեքենայով մի առնական տղա է գալիս, որ ժամեր շարունակ տնկվում է բակում ու սպասում դասերի ավարտին: Տասնյոթամյա Սքոթլանդը դուխից շատ ուժեղ չէր ու ժամանակներն էլ այլ էին: Ժամանակի ու տարածության տոնայնությունից կախված ձևավորվում էր մարդկային բովանդակությունը, սակայն դուխը ժամանակ ու տարածություն չէր ճանաչում, ու հենց դուխն էլ մտահոգվել էր, որպեսզի Սքոթլանդը մոտենա մի աղջկա, որ նախանձի պարկեր ուներ թաքցրած սրտի խորքում:

Սքոթլանդը այն օրը, երբ  պիտի Անահիտին փախցներ, մոտեցել էր Անահիտի ամենամոտիկ ընկերուհուն, որ իր հարցին, թե ոնց գտնի Անահիտին, ցրողական պատասխան էր տվել  ու Անահիտին էլ այդ մասին չէր ասել: Երբեմն մարդկային աչքունքի մի կայծ շատ բան կարող է փոխել, սակայն աստղերի դասավորությունը չէր նպաստում Անահիտի ու Սքոթլանդի միավորմանը, ու Սքոթլանդի դուխը սառն աղջկա անտարբեր պատասխանից ավելի էր ընկել: Ընկերներն էլ կրակի վրա յուղ էին լցրել՝ հիշեցնելով, որ Անահիտն անչափահաս է, իսկ հայրն էլ՝ դեմ:

Տարիներ ձգվող պատմության ոչ մի մանրամասնություն չէր կորել նրանց հիշողությունից, երբ իրենց ճանապարհները մեկ օր հատվեցին: Օրը ցերեկ էր, ու դա չէր կարևորը: Կարևորը տարիներ շարունակ օդից կախված էր եղել, սակայն մեկ շիշ ջերմուկ էր պետք, որպեսզի Անահիտն այդ մասին իմանար:

Անահիտի քեռակնոջ մի ոտքը վաղուց այն աշխարհում էր, ու այդ օրն էլ Մահ ձյաձյան շախ էր հայտարարել նրան, ու տնեցիք անմիջապես զանգել էին Անահիտին՝ ասելով, թե ծեր կնոջը մեկ շիշ ջերմուկ է պետք: Մահն ու ջերմուկը: Ջերմուկը հաղթեց: Այն բանից հետո, երբ Անահիտը, որ սովորել էր քեռակնոջ հայտարարած «տագնապներին», ոտքը ժամեր շարունակ կախ էր գցել ու օրվա վերջին տանից դուրս եկել: Նա երբեք չէր մոռացել Սքոթլանդին, սակայն ինչպես ասում են. «это было давно и неправда»: Սքոթլանդի մասին հիշողություններին նա վերաբերվում էր որպես հեքիաթի պատումի: Նա գաղափար չուներ Կապույտ ճնճղուկների արահետի մասին, ու կյանքի մասին ունեցած պատկերացումները սահմանափակվում էին այն փոքրիկ տարածությամբ ու այնտեղ տեղի ունեցող գործողություններով, որտեղ ժամանակը պտտվում էր այնպես, ինչպես ամենուր: Նա, օրինակ, վաղուց հասկացել էր, որ աշխարհն այն տունն է, որտեղ ծնվել էր ու հետո վերադարձել Էշի հետ,  նրա միջնորդությամբ երեխաներ էր ծնել ու հետո սիկտիր արել, մերձեցել  Յարի հետ ու ինչ-որ կերպ քարշ էր տալիս գոյությունը: Ինչպես բոլորը: Կամ ավելի ճիշտ՝ շատերը: Սքոթլանդը, ա՛յո, եղել է իր կյանքում, բայց դա այնքան վաղուց էր, հիմա ինքը մեծ կին է, երեխաներ ունի և իրեն նվիրված Յար: Սքոթլանդը մնացել էր անցյալում, կամ ավելի ճիշտ՝ Կապույտ ճնճղուկների արահետում:

Նրանք հանդիպեցին քեռակնոջ տան դիմացի մայթին, երբ Անահիտը՝ ջերմուկի շիշը ձեռքին՝ արագ քայլերով առաջանում էր:

***

-Աչքերիս չհավատացի,- հեռախոսի միջից հևակտուր պատմում էր Անահիտն ու արդեն լրիվ արթուն էի: Ավտոմատ աչքս ընկավ ժամին՝ խոր գիշեր էր. կոնկրետ ժամն էլ հեչ կարևոր չէր,- ախչի ջան, մեկ էլ տենամ մի մարդ կայնեց դեմս ու նայեց աչքերիս մեջ: Նայեմ-տենամ՝ ինքն ա:

Անահիտը մոռացել էր քեռակնոջն ու Մահ ձյաձյային, իսկ ժամեր տևած խոսակցության ընթացքում էլ ջերմուկի շիշը անընդհատ ոլորում էր:

-Եկել եմ հետդ ամուսնանամ,- շիտակ նայելով Անահիտի աչքերի մեջ ասել էր Սքոթլանդն, ու Անահիտը ոչինչ էլ չէր մտածել:

-Խելքը գցել ա, ես նորվա երեխե՞ն եմ, որ պսակվեմ,- բարբաջում էր Անահիտը, որի քառասունը դեռ չի բոլորել, սակայն կարծում է, թե հասել է վերջակետին:

Սքոթլանդը պարզվում է, Անահիտի պսակվելուց հետո գնացել էր սովետական բանակ ու հետ վերադառնալուց հետո հետաքրքրվել նրանով: Անահիտը նրա մտքից երբեք դուրս չէր գալիս. նա ծնվել էր յուր համար, ու ինքը պետք է տիրանար իր բախտին: Սքոթլանդը հետաքրքրվել էր Անահիտի մասին ու իմացել, որ առաջնեկն արդեն ծնվել էր, ու էդ միտքն ավելի էր հուսաթափ արել առնական տեսքով, սակայն դուխից թույլ երիտասարդին: Ճակատագիրն ամեն անգամ խանգարում էր նրանց միությանը: Նա նույնպես պսակվել էր՝ մոր սրտով մի աղջկա հետ. լավ տանից, ում հետ ապրել էր մոտ 18 տարի ու միջնորդել, որ երկու երեխա ծնի, ում հետ քնում էր գիշերները, սակայն երազի մեջ տեսնում Անահիտին, ում հետ երբեք էլ չհաշտվեց ու յոլա էր տանում նույն տանիքը կիսելու բախտն ունենալու անհրաժեշտությունից դրդված: Նա սկսել էր խաղալ կազինոյում ու ով գիտի՝ մտածում էր էնտեղ դուխ հավաքել:

Մի անգամ դուխը հավաքել ու լքել էր կնոջը. հերթական վեճից հետո, երբ կնոջ երեսին ասել էր, որ չի կարողանում քնել հետը, որ մտքում մի կին կա միայն. դպրոցական սերը, որ կոչվում է Անահիտ, գոռացել էր, որ լքելու է կնոջն ու երկիրն ու գնալու է այն ուղղությամբ, ուր աչքը կտրում է: Նա պտտվել էր մեջքով ու հետևանց մատը դրել աշխարհի քարտեզի վրա.

-Որտեղ մատս կպավ, էնտեղ էլ գնալու  եմ,- գոռացել էր ու տեսել, որ մատը դրել էր Աֆրիկայի հարավային հատվածում:

Սքոթլանդը որոշել էր խոսքի տերը լինել: Գոնե այս անգամ: Լքել էր կնոջն ու երեխաներին, վերցրել էր մեկ զույգ շալվար ու մի փոքր գումար ու գնացել էր Աֆրիկա: Ա՛ֆրիկա: Լսվում էր հեռախոսի միջից, իսկ ժամը դառնում էր ավելի ու ավելի ուշ: Քեռակինը հերթական անգամ հաղթել էր Մահ ձյաձյային, ու երբ Անահիտը բացակայող հայացքով մտել էր տուն՝ բոլորը զարմացել էին, թե ջերմուկն ինչի է բերել:

***

Սքոթլանդն ու Անահիտի Յարը պետք է որ հանդիպեին: Շատ ժամանակներ անց այն բանից հետո, երբ, այնուամենայնիվ, Անահիտը պսակվեց էշի հետ ու նրա միջնորդությամբ 4 երեխա ծնեց, որից հետո նրան սիկտիր արեց ու տարիներ շարունակ ենթարկվեց Մուտքի ծանրումեծ կանանց լուռ հալածանքներին, երբ մտերմացավ Էշի ամենամոտ ընկերոջ՝ ապագա Յարի հետ ու նրան քարշ տվեց յուր աշխարհ, երբ ճակատը հենեց նրա ուսին ու հենց այդ դիրքով էլ ապրեց հետը, երբ տարիներ շարունակվող լուռ ապրումներից կորցրեց մի քանի ծիծիլոն մեգաջոուլ կենսական էներգիա ու լրջորեն վնասեց առողջությունը, երբ պոռնիկ մոր ու նրա անունը ժառանգած լինելու գիտակցության մտայնությունից տառապած՝ պարկերով հիվանդություն հավաքեց մարմնում, տարբեր ուղղություններով այցելություններ կատարեց բազմաբնույթ բժիշկների մոտ, խմեց նրանց նշանակած պարկերով դեղերն ու վնասեց բոլոր օրգանները, փխրուն, բարակիրան մարմնի վրա հավաքեց երեսուն և հինգ կիլոգրամ ավելորդ զանգված, երբ վերածվեց հաստաքամակ ու հաստամարմին մի կնկա:

Մինչ այդ հանդիպումը սակայն, Սքոթլանդը թույլ ջանքեր էր գործադրել Անահիտի հետ վերամիավորվելու ուղղությամբ և, որպեսզի ինքն իրեն ու Անահիտին համոզի, որ ցայդօրը սիրում է նրան, հինգ տարին մեկ պարբերականությամբ զգացնել էր տալիս յուր գոյության մասին:

Օրինակ, նրա պսակվելուց հետո, երբ արդեն առաջնեկից հետո ծնվել էր երկրորդը, ու Էշը տակավին թագավոր էր կտրած ու բարեկամների աղջիկներին շաբաթներով հյուրընկալում տանը՝ որպես Անահիտի գլխին պահակ, ուրեմն, զանգել ու մտերմացել էր այդ անհաշիվ բարեկամուհիներից մեկի հետ ու ժամադրվել հետը: Նրանք մտերմացել ու ժամանակ առ ժամանակ հանդիպում էին: Ենթատեքստով, որ բարեկամուհուց Անահիտի մասին տեղեկություններ է քաղելու: Այդ հանդիպումների ժամանակ բարեկամուհին տանում էր Անահիտի երկրորդ աղջկան, ում համար Սքոթլանդը պարկով շոկոլադ էր գնում ու գրկից չէր իջեցնում: «Արյունս քաշում ա»,- առաջին հանդիպմանն ասել ու նույնը շարունակում էր կրկնել բոլոր հանդիպումներին:

Բարեկամուհին մտերմացել էր Անահիտի հետ ու հետը կիսվել, որ Էշին իրենց ցեղում ոչ ոք չի սիրում: Նա դարձել էր Անահիտի ընկերուհին ու մեկ օր կազմակերպել Սքոթլանդի ու Անահիտի հանդիպումը այն բանից հետո, երբ մի քանի հանդիպում անց հանկարծ Սքոթլանդն աղջկան խոստովանել էր իրենց հանդիպումների իրական իմաստը, որ իրեն հետաքրքիր է միայն Անահիտն ու նրա ճակատագիրը. որ կա՝ նա է, չկա՝ նա է, որ ուզում է իմանալ նրա բարօրության մասին ու հետաքրքրվում է, թե արդյո՞ք երջանիկ է Էշի հետ: Բարեկամուհին՝ տակավին 16 տարեկան դեռատի ռոմանտիկ մի աղջնակ, խիստ  հուզվել էր երիտասարդ զույգի դժբախտ ճակատագրով ու Սքոթլանդի դրդմամբ՝ Էշից թաքուն, Անահիտի ու երկու երեխաների հետ պայմանավորված ժամին ՝ գնացել էր այգի:

«Հեռվից տեսա, որ ինքն ա, սիրտս քցեց, բայց չտենալու տվի,- հետո պատմելու էր Անահիտը,- էն սատկած Գայանն էլ նենց մի դերի մեջ էր մտել, որ մտքովս չանցավ, թե կազմակերպած պատմություն ա»:

Սքոթլանդն ուզեցել էր պարզապես մոտիկից տեսնել նախկին սիրածին, ում գրկում սեղմելու ու շուրթերը թեթևակի համբուրելու բախտն էր ունեցել: Նա չէր մոռանում Անահիտի վետվետուն մարմինն ու դեմքի վախվորած արտահայտությունն այն օրը, երբ լացակումած սիրտը դատարկել էր, որ հորեղբայրն ուզում է պսակել արյունարբու արտաքինով ու գամփռի հայացքով Գոմշակերանց Լյովի հետ: Նա իրեն մեղավոր էր զգում Անահիտի առջև, որ տղամարդկությունը կամ ավելի ճիշտ՝ դուխը չհերիքեց, որպեսզի ճակատագրական այն օրը Անահիտին փախցներ, որ ընդառաջ գնալով կյանքի հոսանքին՝ քար գցեց թե իր, և թե Անահիտի բախտին:

Երկար ու ձիգ տարիների ընթացքում Սքոթլանդին տանջում էր միայն միտքը, թե արդյո՞ք երջանիկ է Անահիտը: Ինքը մի կերպ կապրի, ամուսնացել է, թեպետ չի սիրել, դե կին է էլի, սիրուն էլ կին է, չնայած տախտակի պես չոր է, փոխարենը՝ լավ ընտանիքից է, աներն էլ՝ հարուստ է. ա՛յ իրեն տարավ մոտն ու գործի դրեց, բարեկամները մեծահարուստ ու ազդեցիկ մարդիկ են, ինքն էլ է գործ դրել ու լավից-վատից ապրում է: Հետո ի՞նչ, որ սրտի դարդը կազինոյում կամ պոռնիկների գրկում է մոռանում: Միայն թե Անահտիը լավ լինի: Հավիտյանս իմն ես: Անահի՛տ: Քո  պայծառ մարմինն ու վետվետուն հոգին: Այն խաղացկուն աչքերն ու սեթևեթող ժպիտը: Դրանք չէր փոխի սառը դեմքով ու դանդալոշ շարժուձևով յուր կնոջ հետ, որ գիշերները ոտքերը չռած պառկում էր ու վերջացնելուց հետո շրջվում դեպի պատը:

Մեր Անահիտը սակայն այս ընթացքում դարձել էր արդեն 22 տարեկան ու հասկացել մասսայի զորեղ ուժը, որ ինքը որբ է ու թիկունքին մարդ չկա, որ հայրը հարբեցող էր, իսկ մոր հետևից էլ բամբասում էին. ինքն էլ, ասում էին՝ մոր տիպարն է: Անահիտը գիտակցել էր, որ հսկա գերդաստանի շառավիղ է և ուսերին կրում է նրանց ծանր ու մեծ անունը, որ ինքն այլևս պսակված կին է ու երկու երեխայի մայր, որ Սքոթլանդը նույնպես արդեն պսակվել էր. այդ մասին հետաքրքրվել ու ծածուկ իմացել էր: Ի՞նչ ունեին այլևս կիսելու. եղածն արդեն եղել էր. ամեն մարդ իր ճամփով. Էշը ամեն վայրկյան իրեն հետևում է ու չեղած բանից կռիվ սարքում: Իր ճակատագիրն է. պետք է լուռ կրի: Մտածում էր երիտասարդ 22-ամյա Անահիտն ու առնվազն տասը տարի հետո գլխին տալիս. «Տո՛, իրանք էլ, իրանց անունն  էլ, հիմի որ ես լավ չեմ, իրանք ի՞նչ են անում, եղունգ ունես՝ գլուխդ քորի: Ես էի էշ, որ Սաքի պես գյոզալական տղուն ձեռիցս բաց թողի: Պտի հենց էն վախտ սիկտիր արած ըլնեի Էշին ու հետը փախնեի»:

Սքոթլանդը Գայանեին առաջարկել էր Անահիտի ուղեղին կաթեցնել միտքը, որ հիմա ինքը 24 տարեկան է ու արդեն՝ հասուն: Արդեն ինքն է իր կյանքի տերն ու եթե անգամ հայրը չընդունի՝ ինքն ի վիճակի է կրել ողջ բեռը: Նա առաջարկել էր հետները վերցնել երկու երեխաներին ու գնալ երկրից: Անահիտը, սակայն, այդ օրը չտեսնելու էր տվել Սքոթլանդին ու չէր թույլ տվել, որ իրեն մոտենա, իսկ օրեր անց, երբ Գայանեն՝չդիմանալով, բացվել ու պատմել էր եղելությունը, սիրտը տակնուվրա էր եղել, փակվել էր զուգարանում ու մի կես ժամ լաց եղել: Նրա կոտրված սիրտն ավելի էր կոտրվել գիտակցությունից, որ չի հասել Սքոթլանդին, ում սիրել ու ժամեր շարունակ սպասել էր այն կապույտ մեքենային՝ հույսով, որ մեկ օր իրեն առնելու է մեջն ու հավիտյանս տանելու հորեղբոր տանից, որտեղ ամանեղենի բլրակույտեր էր լվանում ու քաշում փչացած ատամներով կախարդ Սվետի կեղտոտած հոտը:

Դրանից հետո, երբ Սքոթլանդը հերթական անգամ հասկացել էր, որ Անահիտն այլևս ամուսնացած կին է, հավաքել էր փասափուսան, կնոջ ու երեխայի հետ գնացել էր յուր ռուսաստաններն ու սրտի՝ բոլորից թաքուն պահած հատվածում դրել Անահիտի պատկերը: Նրա գոյության մասին գիտեր անգամ տախտակ մարմնով ու սառը դեմքով կինը, քանզի վասնզի ամեն կռվի ժամանակ կնոջ վրա էր շպրտում փխրուն ու բարալիկ մարմնով Անահիտի հետ ապրելու մասին երազների փշրված կտորտանքները:

***

Անահիտն ու Սքոթլանդը բաժանումից տասնութ տարի անց հանդիպեցին: Հետո ի՞նչ: Այդ տղամարդիկ տխմարակույտեր են: Անահիտն իր կյանքն ուներ, թեկուզ հիվանդությունների պարկը շալակին: Տասնութ տարին տասնութ օր չէ: Ժամանակ է հոսել: Նա սիրում էր իր Յարին, ու Յարն էլ իրեն: Ո՞ւր էր այդ անպիտան Սքոթլանդը այդքան տարիներ: Դո՞ւխ էր հավաքում: Դե թող գնա այնտեղ, որտեղից եկել է: Հիմա արդեն նախկին փխրունն ու բարակիրանը չէ: Հաստաքամակ կին է. էշի միջնորդությամբ չորս երեխա ծնած: Չկա նախկին էնտուզիազմը, Սաք: Ես աղջիկներ ունեմ, իմացար: Դու էլ: Դու կին ունես, իմացար: Ես էլ՝ Յար: Իմ վրա մի կյանք ա դրել: Քո թայը չի, իմացար: Դուխով տղա ա, իմացի: Անպսակ տղա ա՝ նամուսի մեռած: Բայց տուն կտաներ: Ինձ: Բա՞ երեխեքս: Բա հերն ու մե՞րը, բա հարևաննե՞րը: Տենց էլ ապրեցինք: Մի վարձով տանը: Էն գիշերն էր ու մենք: Մեկ-մեկ էլ քեֆ-ուրախություն, ընկերություն-բան: Կարայի երեխա բերեի: Բայց հո ցուցանք չէ՞ի: Բա երեխե՞քս, հարևաննե՞րը: Տենց էլ մնացինք: Ես՝ հորս տանը, երեխեքիս հետ, ինքը մենակ՝ էլի հոր տանը:

***

Դեպքն, իրականում, եղել էր մեկ տարի առաջ, սակայն էդ ընթացքում թողել էի, որ Անահիտը ժամերով բարբաջի հեռախոսի մեջ, իսկ ես մի կողմ էի դրել ընկալուչն ու իմ կյանքով ապրում էի:

Դեպքերը զարգանում էին ժամանակային տարբեր հարթություններում, ու հավես ու ցանկություն չունեի՝ դրանք իրար կպցնելու: Ինչ-որ մարդիկ կլինեն, որ այդ առումով մտքեր կունենան: Նրանք, հավանաբար, ինչ-որ բան կմտածեն: Կամ՝ ոչ: Կամ կգնան յուրյանց ճանապարհով: Ինչ-որ ժամանակ առաջ գրած կլինեմ. բոլոր պատճառաբանությունները մեկնաբանություններ են:

Ցանկանում եմ տվայտվել, սակայն չի ստացվում: Ներսս չոր է, դեմքս՝ միանգամայն կայուն: Ինչ կմտածեմ ես տարիներ հետո: Այն օրն էր, որ փորձեցի քանի մը փունջ հայացք նետել դեպի հետ: Ի՞նչ կարող էի անել, երբ ինձնից չկախված հանգամանքների բերումով արել էի այն, ինչ արել էի: Այսինքն ծնվել էի: Պետք էր ուրեմն ապրել: Եթե ծնվել ես: Միևնույն է՝ մեկ օր մեռնելու էի: Ինչո՞ւ ուրեմն ընտրեի այն ճանապարհը, որով, իբր, գնում են բոլոր մարդիկ: Կրկնությունը գիտության մայրն է: Այս կարգի ասույթները սերտում էի տակավին ութ տարեկանից և կարծում, որ կյանքում ամենակարևորն այս կարգի ասույթների իմացությունն է: Դրանից խելոք լինելու հավանականությունը մեծանում է: Մտածում էի ես: Այդպես են մտածում բոլորը: Ահավասիկ, բոլոր այն հղումները, որ արվում են Դելյոզին, Սարտրին  և այլոց: Հղում չունեցող տեքստը նման է անկուրծք կնոջը: Ինչպիսի հիմար միտք: Ովքե՞ր են, ընդհանրապես, հնարում կանոններն ու հավատում դրանց: Մարդկությունը կարիք ունի նոր՝ անհղում տեքստի: Բոլոր պատմությունները ոչ մի բանի մասին են, այսինքն ամեն ինչի: Ինչո՞ւ պիտի Սքոթլանդը հանդիպի Անահիտի Յարին: Չէ՞ր կարող խտտել Անահիտ սիրածին, դնել ծոցն ու քայլել յուր ճանապարհով: Սենյակիցս նեխած պանրի հոտ է գալիս, ու այն ինձ հաճելի է: Կրծում եմ մի ցամաքած խնձոր, որ գտա խոհանոցիս՝ բոլորից մոռացված անկյունում, մի կերպ սրբեցի ու ատամներս խրեցի մեջը: Չէի ցանկանում, որ Սքոթլանդ տղեն ու Անահիտի Յարը հանդիպեին: Հետո ի՞նչ, որ տղեն դուխից թույլ էր: Բոլոր պատմությունները նույն բանի մասին են: Նրանք տեքստից դուրս անիմաստ վերջաբան են ունենում, քանզի վասնզի բոլոր մարդիկ մտածում են կրկնել աշխարհում վաղուց հաստատված կարգը: Սքոթլանդ տղեն 18 տարի շարունակ Անահիտին չէր հանել մտքից, միշտ էլ մտածել էր հետն ապրելու մասին, իսկ Անահիտի Յարը պատմությունը հաստատ փչացնելու էր: Նա կգար ու սիկտիր կաներ նախկին առնական տիպարով տղեկին, որից մնացել էր այն, ինչ մնացել էր: Մնացածը թողել էր կնոջն ու երեխաներին ու եկել էր Անահիտի հետևից: Ամեն անգամ մեկը խանգարում էր: Շատերին, օրինակ, խանգարում է կյանքի նկատմամբ ունեցած հայտը, և, նրանք չեն կարողանում թողնել իրենց աշխարհն ու գնալ Կապույտ ճնճղուկների արահետ: Մարդիկ, օրինակ, կարծում են, որ միայն վերջացած հիմարները կարող են մտածել Արահետում ապրելու մասին, որ Արահետը գոյություն ունի ինչ-որ մարդկանց երևակայական դաշտում, որոնք հոգով միշտ երեխա են ու այդպես էլ չեն մեծանում: Մեծ մարդիկ կառավարում են աշխարհը:  Տարածված ընկալում է: Մեծ մարդիկ խաղում են մեծերի խաղն ու իրենց ենթարկում բոլորին, առաջին հերթին՝ մանկամիտներին: Ու ամեն ինչ ստացվում էր նույնը: Նույն պատմությունը:  Սակայն պետք էր փոխել պատմության ընթացքն, ու թույլ չտվեցի, որ Սքոթլանդն ու Անահիտի Յարը հանդիպեն:

Յարին, սակայն, շատ էլ լավ գիտեի, ու լսում էի նրա փրփրակալած ձայնը, որ պահանջում էր իրեն ներմուծել տեքստ: Նա ցանկանում էր Սքոթլանդ տղուն քաղաքակիրթ ձևով սիկտիր անել, բայց փոխարենը ստացավ ոչինչ: Նա թողեց տուն-տեղը, վաճառեց ինչքն ու լքեց երկիրս: Այնտեղից սկայպով կաղկանձում էր, սակայն ականջներս փակել էի: Գիտեի, որ լավ մարդ է: Ընկերուհուս թևն ու թիկունքը: Հազար տարվա ընկերը: Առանց նրա ի՞նչ էր անելու Անահիտը: Գոմշակերանց Լյովի արյունարբու ճիրաններից ե՞ս էի ազատել, որ նեխած պանրի հոտով սենյակում մտքեր էի մոգոնում: Իհարկե՝ ոչ:

Սակայն չեղյալ համարեցի Սքոթլանդի ու Անահիտի Յարի հանդիպումը: Հենց այդպես: Կամ ավելի ճիշտ՝ այսպես: Գրչի մեկ զարկով: Ինչպես ասում են:

***

Երեկո էր ու անում էի ոչինչ: Այդ ընթացքում հիշեցի Անահիտին ու վերցրեցի ընկալուչը, որի միջից դեռևս լսվում էր նրա շնչասպառ ձայնը:

-Էն օրն էլ կնիկն էր զանգել, իմացար, հետս դուք-ով էր խոսում ու խնդրում էր, որ իրա մարդուց հեռու մնամ,- հևասպառ պատմում էր Անահիտը,- բայց ես իրա մարդի հետ, ախր, գործ չունեմ: Էդ ինքն ա իմ հետ ուզում գործ ունենալ:

Անցել էր կլոր մի տարի: Ու երևի երկու ամիս: Որի ընթացքում որոշ բաներ էին փոխվել: Այդ թվում՝ ես: Մոտեցումները: Որոշ հարցերի վերաբերյալ: Այդքան տարբեր մարդկանց միևնույն տեքստում հավաքելու տրամաբանական պատճառների սկզբնաղբյուր մտքերի հոսքը չգտնելու պարագայում ոչինչ անել պետք չէր: Առավել ևս երկար մտորել: Յարն իր տեղում էր: Այսինքն՝ Ռուսաստանում:

***

Սքոթլանդն ու Անահիտը կրկին հանդիպեցին: Այս անգամ՝ տեքստում: Ավելի ճիշտ կլիներ ասել՝ Կապույտ ճնճղուկների արահետում: Նրանք երջանիկ էին: Ու Անահիտը առաջվա բարակիրան պարմանուհին էր, ու Սքոթլանդը՝ նախկին առնական տեսքով պատանին: Ու նրանք սիրում էին զմիմյանս օրեր շարունակ ու թքած ունեին աշխարհում սահմանված կարգի վրա:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.