-Արա, կամաց ընգեր ջան,-

Ասեց Կյաժը Մոծիլին:

-Դու, ինձ ընգեր մի ասա,-

ասաց Մոծոն մեր Կյաժին:

Կյաժը բոքսեց Մոծիլին,

Մոծն էլ խփեց մեր կյաժին,

Կյաժը զանգեց իմ ձեռին,

Ես զանգեցի Գագոյին,

Գագոն զանգեց Անդոյին,

Անդոն վերցրեց իր քուչին,

Ու մենք հելանք շրջանային,

Շրջանայինում կուչկված

Տղերքին վռազ  գտանք:

Էդ ի՞նչ էղավ, Ո՞նց էղավ

Մեզնից առաջ ո՞վ էկավ`

Կյաժը Մոծին ախպերացավ:

Էսօր գնացել էի կռվի, թե՞ վաղն էր, չեմ հիշում: Գերեզմաններում էինք Պայմանավորվել, Սաքո Վարդանյանի շիրիմի մոտ, ասել էր` ծնվել ա 1985-ին, ապրել ա մինչև 2011: Մի Սաքո Վարդանյանի շիրիմ գտա, բայց փորագրածը ջնջվել էր, մնացել էր «19..-..1.», տակի գրածի կեսն էլ էր ջնջվել, մենակ մնացել էր. «ապրեց ……………. մե….վ եր..իկ»: Փորեցի գերեզմանը, մեքենայի մեջից հանեցի կմախքը, հարցրի` ո՞ր թիվ ես, ասեց` 1901, հարցրի` ուրիշ Սաքո Վարդանյան ճանաչո՞ւմ ես ստեղից, որ 1985թ. ա, ասեց` հա, մի շաբաթ առաջ են բերել, մի էրկու կիլոմետր վերև պետք ա բարձրանաք, ասեցի` մերսի, ու քանի որ խոսելու ընթացքում, ձեռքը պոկվել էր, մի հատ էլ ասեցի` կներես, ասեց` ոչինչ, ոչ առաջինն ես, ոչ վերջինը: Հետ դրեցի անկողնու մեջ, վերմակով ծածկեցի, շիրմաքարի վրա փորագրեցի 1901-ը, բայց մնացածը չէի հարցրել, որ ճշտեի, գրեի ու գնացի:

Ճամփին մտածում եմ՝ կամ 20-րդ դարի տասականներին ա մահացել կամ 2010 կամ 2011, ամեն դեպքում կամ շատ կարճ ա ապրել կամ շատ երկար, բայց եթե փորագրած թվերը մաքրվել են, ուրեմն տասականներին ա մահացել, բայց եթե վերջին փորագրված բառը եր..իկ էր, որը հավանաբար երջանիկ պիտի էղած լիներ, իսկ նախավերջինը մեռավ, ուրեմն դժվար տենց շուտ երջանիկ մեռներ: Մտքերս ցրվեցին, երբ տեսա, որ մի տեղ նոր մարդ են թաղում, դիակը դուրս էր էկել դագաղի մեջից ու գոռգոռում էր հարզատների վրա. «Ես ձեզ ասել էի, չէ՞, որ տերտեր չկանչեք»: Տերտերը մեղքս էկավ, մտածեցի, որ էս պահին ինքը կուզեր գետինը մտներ, թաղվեր:

Մի քիչ էլ քայլեցի ու տեսա, մեկը փոս ա փորում: Ֆռաց ինձ տեսավ ու ասեց.

– Ի՞նչ ես կանգնել, կարո՞ղ ա իմ համար եմ փորում, քո համար եմ փորում, հըլը արի ձեռ գցի:

Նայեցի կողքը, տեսա` իմ փնտրած Սաքո Վարդանյանի շիրիմին եմ հասել: Փոս փորողի հետ էի պայմանավորված: Իմ փոսն էր փորում, որ կռիվ անենք սպանի, գցի մեջը: Մոտեցա բահը վերցրի, սկսեցի ես էլ փորել, ինքն ասեց.

– Լավ, դու փորի ես քարը սարքեմ: Ո՞ր թիվ ես:

Ասեցի` 1988: Փորագրեց «1988-2011», տակն էլ գրեց. «Մեռավ, որտև սխալ ախչկա էր ուզում»: Ասեցի.

– Աղջիկը ղ, ջ-ով ա գրվում:

-Ասեց.

– չես տեսնո՞ւմ գրել եմ սխալ աղջկա, ուրեմն սխալ պիտի գրվի:

Հետո էլ ասեց.

– Ծանոթացի, տեր հայրն ա:

Շրջվեցի տեսա հետևս տկլոր, երկար սև մորուքով ինչ-որ մեկը աղոթք ա ասում:

Ասեցի` բարև ձեզ, ես Հովհանն եմ: Ձեն չհանեց, աղոթքն էր շարունակում:

Հետո Թշնամիս նորից դիմեց ինձ.

– Խունկը մեռնելուց հետո՞, թե՞ մեռնելուց առաջ:

Ասեցի, որ նեղություն չքաշի, ես հետս հոտավետ մոմեր եմ բերել ու տվեցի տեր հորը, ինքն էլ դրեց գրպանը, ասեց. «Ապրես, զավակս»: Հետո Թշնամիս նորից դիմեց ինձ.

– Լացող բերե՞լ ես հետդ: Ես մարդ չճարեցի, որ կգան քեզ համար լացելու:

Ասեցի, որ էդ մեկը հաշվի չէի առել, բայց հեռախոսիս մեջ Դորիան խմբի «Ես կուլամ»-ը ունեմ: Ասեց.

– Յախք: Բայց դե, եթե ուրիշ բան չունես, հո չե՞նք թողնի առանց լացելու թաղվես:

Մի քիչ մտածեց ու ասեց.

– Վերջ, ոնց որ ամեն ինչ պատրաստ ա:

Գրպանից դանակ հանեց ու խփեց սրտիս: Ասեցի, որ սիրտ չունեմ, գլխիս խփի: Խփեց ճակատիս, դանակը ֆռացրեց մեջը, կապույտ արյունը աչքերիս տակը կապտեցրեց, դանակը հանեց ճակատիցս ու ասեց, որ պառկեմ փոսի մեջ: Իջա փոսը, պառկեցի, կարճ էր փոսը, ոտքերս ծալված մնացին, ամբողջ գիշեր ցավում էր: Հողը լցրեց վրաս: Հեռվից աղոտ լսում էի տերտերի աղոթքը: Հետո հեռացող ոտնաձայները: Փորձեցի քնել, սկզբից չէր ստացվում, հողը լցվում էր բերանս, քիթս խանգարում էր, ասեցի` հերիք ա լցվեք քիթս բերանս, խանգարում եք քնեմ: Էլ չլցվեց: Քնեցի: Երազումս տեսա, որ տերտեր եմ ու բոլոր մարդիկ մահացել են: Մենակ ես էի մնացել աշխարհի վրա ու Թշնամիս: Ինքը փոս էր փորում, ես աղոթում: Մեկ էլ ինձ ասեց.

– Լավ էլ գործ ես ընտրել, ես ստեղ տանջվեմ` փոս փորեմ, դու քո համար կանգնած խոսաս, արի ձեռ գցի, կարո՞ղ ա գիտես մենակ ինձ համար եմ փորում:

Ես էլ գրպանիցս խունկ հանեցի, լցրեցի վրան ու վառեցի, ինքն էլ մեռավ: Ըտեղ զարթնեցի: Հիշեցի, որ ընկերս պիտի որ հետս էկացած լիներ, բայց հենց մտանք գերեզմաններ, իրան զանգեցին ասեցին, որ շատ արագ տուն գա: Ես իջա մեքենայից, իսկ ինքը սլացավ հետ: Մտածեցի՝ դուրս գամ տեսնեմ, ինչ ա էղել: Չէի կարողանում դուրս գալ, հողը ծանր էր: Որոշեցի գետնի տակով գնամ: Մի անկյունում մի խումբ կմախք-մարդիկ կռվում էին, ոնց հասկացա տարածքի կռիվ էր, որովհետև մեկը գոռաց` 2սմ առաջ ես տվել, մյուսն էլ գոռաց` էդ իմ տարածքն ա, Հետո տեսա, որ մի կմախք-տղա կմախք-աղջկա գլխին ոսկորով խփում ա, դադար տվեցի, որ տեսնեմ` ինչ է լինում, կմախք-աղջիկը ընկավ գետնին ու նույն վայրկյանին հայտնվեցին ուրիշ կմախք-տղաներ ու ոսկորներով սկսեցին խփել տղա-կմախքին, աչքս թեքեցի դեպի հորիզոն ու տեսա, որ ինչ-որ մեկը ինձ նման`մարդ, նայում է այս ծեծկռտուքը ու շարժվեցի առաջ: Տեսա Փոսի Ռուբոյին (օրենքով գող, ամոթից էր մեռել, երբ պարզել էր, որ բերդի տեղը նախագահի աթոռին ա նստել), հասկացա որ պանթեոն եմ հասել, որոշեցի էդտեղից էլ դուրս գամ: Պանթեոնում թաղվելը հպարտություն ա, պանթեոնից թաղված դուրս գալը կրկնակի հպարտություն: Ստեղի հողը թեթև էր, հողը հայտնիների վրա թեթև ա էղել: Դուրս էկա ու Զանգեցի ընկերոջս ձեռքին, ասեց, որ բլրի լանջին ա, գնամ վերցնեմ իրան: Բլրի լանջին գտա պայուսակ` ընկերս էր: Վերցրեցի ընկերոջս ու վազելով գնացի Իռաենց տուն: Իռան էն աղջիկն ա, որի մասին գրված էր շիրիմիս վրա: Հասա իրանց շենքի մոտ զանգեցի: Ասեցի.

– Իռ, Հոմերոսն ա, քո օգնության կարիքն ունեմ:

Ասեցի-պրծա ու լսեցի հեռախոսի մեջ. «Բաժանորդն անհասանելի է…»: Նորից զանգեցի, ասեցի.

– Իռա Հարութն ա, քո օգնության կարիքն ունեմ:

Ու տեսա Իռայի տան լույսը վառվեց: Իռան ասեց.

– Ի՞նչ ա էղել:

Ասեցի, որ հեռախոսով խոսելու չի, իրանց տան դիմացն եմ: Ու Իռան 2011-րդ  հարկից թռավ, անձրևանոցով իջավ: Վազելով էկավ կանգնեց դիմացս: Հարցրեցի.

– Իռ, ինչո՞ւ խալաթով:

Իռան ասեց.

– Չգիտեմ ինչո՞ւ խալաթով եմ:

Պայուսակը բացեցի, ցույց տվեցի ընկերոջս գլուխը ու ասեցի.

– Իռ, ընկերս ա, ավարիա ա տվել, շտապ պետք ա հիվանդանոց հասցնել:

Իռան նայեց, տեսավ ընկերոջս փշրված գլուխը: Սկսեց խոսել, բերանը բացվում փակվում էր, բայց ես իրան չէի լսում, մենակ տեսնում էի ձայնը: Ձայնային ալիքներն էի տեսնում, մոտենում էին դեմքիս, փաթաթվում ականջներիս, խուտուտ տալիս, թողնում, գնում: Իռան վերցրեց ընկերոջս գլուխը, սկսեց կճպել մանդարինի պես: Տակից նոր գլուխ դուրս եկավ, ավելի մաքուր, ավելի պայծառ, ավելի երիտասարդ ու համեղ: Տվեց ինձ ասեց.

– Կեր:

«Ախր, ընկերս ա, ո՞նց կարամ ուտեմ», – մտածում եմ ու նայում եմ Իռային:

Իռան միտքս կարդում ա, նորից ա ասում.

– Կե’ր:

«Ընկերս ա, ո՞նց կարամ չուտեմ», – մտածում եմ ու կծում ճակատից:

Ճակատի վրա մնում են ատամներիս հետքերը, էդ հետքերը կամաց-կամաց մեծանում են, երկար ժամանակ հայացքս չէի կարողանում կտրել: Կտրեցի, երբ Իռան ասեց, որ վազեմ հիվանդանոց ու հալվեց, կորավ: Վազում եմ հիվանդանոց, բայց չեմ հասցնում, ոտքերս կամաց-կամաց խրվում են ասֆալտի մեջ, վազքս դանդաղում ա, բայց հասնում եմ հիվանդանոց` մինչև գոտկատեղ խրված ասֆալտի մեջ: Հիվանդանոցի մոտ տեսնում եմ մոտ 20 հոգի ինձ նման, ձեռքներին նույն պայուսակից: Պայուսակիս մեջի ընկերս էլ էր մեջները, իր ձեռքին պայուսակ, պայուսակի մեջ էլ իմ գլուխը: Փաթաթվում եմ, հարցնում եմ` ո՞նց ես, պատասխանելու փոխրեն ինքն ա հարցնում` ո՞նց ես: Էրկուսս էլ գիտենք, թե մյուսը ոնց ա, լավ չենք, որովհետև պայուսակի մեջ ենք, լավ ենք, որովհետև ոտքի վրա ենք: Հարցնում եմ` ո՞նց պրծավ կռիվը: Ինքը պատասխանելու փոխարեն նույնն ա հարցնում: Էրկուսս էլ գիտենք, թե ոնց պրծավ կռիվը, որովհետև էրկուսս էլ պայուսակի մեջ ենք: Իմիջիայլոց, մյուսներն էլ են զույգ կազմել ու նույն բանն են խոսում:

Հիվանդանոցի դուռը բացվեց, բուժքույրը, որը բոլորիս մայրն էր, ասեց, որ բժիշկն արդեն պատրաստ ա մեզ ընդունելու: Բոլորս դուրս եկանք ասֆալտի մեջից ու հերթով մտանք ներս: Բժիշկը գահին նստած մեզ էր սպասում, հերթով մոտեցանք ծնկի իջանք ու համբուրեցինք նրա ձեռքը: Դեմքին նայելուց ամեն մեկը տեսավ իր Թշնամուն, բայց մի տարբերությամբ, որ այս անգամ նա նաև մեր մեծ ախպերն էր:

Երբ համբուրելու արարողությունը պրծավ ու բոլորս իրար կողք կանգնեցինք, բժիշկն էլ վեր կացավ ու սկսեց խոսել.

– Սաղդ սխալ եք: Բայց մենք կբուժենք ձեզ: Տաք գլուխներին մի թաթալոշով կբուժենք, սառը գլուխները կտաքացնենք ու էլի մի թաթալոշով կբուժենք:

Պարզվեց բոլորիս գլուխը տաք ա, պետք չէր տաքացնել: Ամեն մեկս ստացավ իր թաթալոշը, իսկ դրանից հետո բոլորովս հասանք ու սկսեցինք խփել բժշկին, Թշնամո՞ւն, թե՞ եղբորը: Էնքան խփեցինք, որ Հիպոկրատին քեռի կանչեց ու մեռավ:

Հիմա ես Թոխմախում գերեզման եմ փորում, հեսա կգան ինձ տենալու:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.