Սյուզան Սոնթագի օրագրի առաջին հատորի նախաբանում նրա որդին` Դեյվիդ Ռիֆը նշում է, որ հավանավաբար մայրը չէր ցանկանա հրապարակել այն: Հրապարակման և ընտրության որոշումը միայն իրենն է եղել: Մայրը մահացավ` առանց հրահանգելու, թե ինչպես վարվել նոթատետրերի և կիսատ թողած գործերի հետ: Այդ մասին միակ խոսակցությունը եղել է այն ժամանակ, երբ Սյուզանը հիվանդ էր և վստահ չէր, թե կհաղթահարի արյան քաղցկեղը: Հիշատակումն ընդամենը մեկ նախադասություն էր՝ «Գիտես` օրագրերս որտեղ են»:

Սոնթագը մոլեգին ու հարատև ցանկություն ուներ անդադար ընդլայնել իր գիտելիքները: Որպես ընթերցող նա շատ էր սիրում օրագրեր և նամակներ, և գուցե ընթերցող Սոնթագը հավանություն տար որդու այս քայլին:

Օրագրերում նա գիտակցաբար և վճռականորեն կերտում է ինքն իրեն, ավելի շուտ իր մեջ ստեղծում է մի նոր մարդու, ով անմիջականորեն ապրում է սահմանված մտքերի ու հուզականության կենսագրությունը։ Օրագրերն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե երիտասարդությունից մինչև ծերություն Սոնթագն աշխարհի և ինքն իր դեմ բացառապես նույն պայքարն է մղել։

Մարգո Գևորգյան

Վերածնված

Հատոր I (1947 – 1963)

 

19/12/48

Լեզուն ոչ միայն գործիք է, այլ նաև նպատակ ինքն իր համար:

31/12/48

Վերընթերցում եմ օրագրերս: Ինչ տաղտկալի ու միապաղաղ են: Երբևէ կկարողանա՞մ անընդհատ ողբալուս վերջ տալ: Ամբողջովին լարված եմ – սպասման մեջ:

4/9/56

Հանճարեղ տանջարար էր նա, ով հնարեց  ամուսնությունը: Դա հաստատություն է, որ նպատակաուղղված է զգացմունքների բթացմանը: Ամուսնության ողջ իմաստը կրկնության մեջ է: Լավագույնը, ինչին ձգտում է` ուժեղ, փոխադարձ կախվածություն ստեղծել:

Վեճերն ի վերջո դառնում են անիմաստ` բացառությամբ եթե մեկը միշտ պատրաստ է գործողության դիմել – այսինքն վերջ տալ ամուսնությանը:

18/11/56

Ռիլկեն կարծում էր` ամուսնության մեջ սիրո պահպանման միակ ճանապարհը անվերջ բաժանվել-միանալն է:

Սեպտեմբեր 1957

Ո՞րն է հանկարծ գրել սկսելու, ձայն գտնելու գաղտնիքը: Փորձել վիսկի: Նաև տաք պահել:

31/12/57

Օրագիր պահելու մասին

Անլուրջ է օրագիրն ընդունել միայն որպես անձնական, թաքուն մտքերի պահարան – ինչպես մի սրտակցի, ով  խուլ է, համր ու անգրագետ: Օրագրում ոչ միայն ավելի ազատ եմ արտահայտվում, քան դա կարող էի անել անձնական հարաբերություններում. ես ստեղծում եմ ինձ: Օրագիրն իմ ինքնազգացողության գործիքն է: Դրանում զգացմունքային և հոգևոր առումներով ես անկախ եմ ներկայանում: Հետևաբար (ավաղ) այն պարզապես չի արձանագրում իմ իրական, առօրեական կյանքը, այլ, շատ դեպքերում, այլընտրանք է առաջարկում:

Հաճախ հակասություն կա մարդու հանդեպ մեր կատարած գործողությունների իմաստի և թե ինչ ենք օրագրում ասում մեր զգացածի մասին: Բայց սա չի նշանակում, թե ինչ որ անում ենք մակերեսային է և միայն  ինքներս մեզ խոստովանածն է խորը: Խոստվանանքը, իհարկե նկատի ունեմ անկեղծ խոստովանանքը, կարող է ավելի մակերեսային լինել քան գործողությունները: Հիմա մտածում եմ, թե այսօր ինչ կարդացի Հարիեթի օրագրում իմ մասին – այդ կտրուկ, անարդար, անխնա սահմանումը եզրափակում էր ասելով, որ չի հավանում ինձ, բայց իմ կիրքը նրա հանդեպ ընդունելի է ու հարմար: Աստված իմ, ցավոտ է, վրդովված ու նվաստացած եմ զգում: Մենք հաճախ չենք իմանում, թե մարդիկ ինչ են մտածում մեր մասին (կամ, ավելի ճիշտ, կարծում ենք թե մտածում են)…Արդյոք մեղավո՞ր եմ, որ կարդացի այն, ինչ նախատեսված չէր աչքերիս համար: Ոչ: Օրագրի հիմնական (սոցիալական) գործառույթներից  է, որ այն  ուրիշների թաքուն կարդան, նրանք (ծնողներն ու սիրեցյալները), որոնց մասին դաժանորեն անկեղծ ես միայն օրագրում: Հարիեթը երբևէ կկարդա՞ այս տողերը:

Ապականող է բարոյախոսելու, մարդկանց բարոյական չափանիշները բարձրացնելու  նպատակով գրելը:

2/1/58

Ամուսնական պատերազմներից վախեցած եմ, թմրած – այդ մահաբեր, սպանող ճակատամարտից, որ հակադրությունն է սիրեցյալների սուր, ցավոտ պայքարի: Սիրեցյալները կռվում են դանակներով ու մտրակներով, ամուսինն ու կինը՝ թունավոր սնկերով, քնաբերներով ու թաց վերմակներով:

4/1/58

Ճանաչել աշխարհը նշանակում է տեսնել այն` առանց սենտիմենտների:

24/12/59

Գրելու ցանկությունս կապված է իմ միասեռականության հետ: Այդ ինքնությունը միջոց է, որ դիմադրեմ հասարակության կողմից ինձ ուղղված զենքին:

Դա իմ միասեռականությունը չի արդարացնում: Բայց կարծում եմ` անցաթուղթ է տալիս:

11/1/60

Անկեղծությունը միշտ անկեղծ լինելն է, այլ ոչ միայն այն ժամանակ, երբ ձեռնտու է :

13/1/60

…Կարող է հինգ տարի պահանջվել, մինչև հասկանամ, թե ինչու չեմ սիրում հեռախոսին պատասխանել…

Փետրվար 1960

Սիրված լինելու պաշտամունքը Ամերիկայում – սիրված լինել  բոլորի կողմից, նույնիսկ մարդկանց, որոնց չես սիրում:

6/5/60

Հոգնել եմ կարծիքներ ունենալուց, խոսելուց հոգնել եմ:

Չթվագրված

Զգուշացիր այն ամենից, ինչը հաճախ կրկնում ես:

14/9/61

Մտածիր Բլեյքի մասին: Հանուն ուրիշների նա երբեք դատարկ տեղը չէր ծիծաղում:

15/9/61

Սեքսը միակ բարիքն է, որտեղ մահը չի կարող մեզ խաբել՝ երբ սկսել ենք ապրել սեռական կյանքով: Մեռնելը մի տարվա սեռական երջանկությունից ավելի տխուր չէ, քան մեռնելը` երեսուն տարվա սեռական երջանկությունից:

Ուրեմն, միայն կրկնվող գործողություններն են զերծ մահվան դառնահամից:

9/12/61

Ծերանալու վախը ծնվում է գիտակցումից, որ հիմա չես ապրում այն կյանքը, որ կուզեիր ապրել: Դա համարժեք է ներկան չարաշահելու զգացողությանը:

1962 Չթվագրված

Գրում եմ, որպեսզի սահմանեմ ինձ – ինքս ինձ ստեղծելու գործողություն – դառնալու ընթացքի մի մաս – երկխոսություն ինքս ինձ հետ, իմ սիրելի ողջ և մեռած գրողների, կատարյալ  ընթերցողների հետ…

3/9/62

Պետք է փոխեմ կյանքս որ կարողանամ ապրել այն, ոչ թե սպասել:

20/9/62

Միտքը պոռնիկ է:

8/8/63

Ինչ որ բան արա

Ինչ որ բան արա

Ինչ որ բան արա

Քանի որ գիտակցությունը լծված է մարմնին

Հատոր II (1964 – 1980)

6/8/64

Խոսել զգացողության, տպավորության մասին նշանակում է քչացնել այն – հեռացնել:

8/8/64

Իմ հավատարմությունը անցյալին  – ամենավտանգավոր հատկությունը, որ ամենաթանկն է արժեցել:

28/8/64

Մարդն այն է, ինչ մտածում է ինքն իր մասին:

29/8/64

Հարկավոր է աշխույժ լինել: Այս անիմանալի ցավը չի հեռանա, քանի դեռ շարունակում եմ ինձ համարել օբյեկտ, այլ ոչ սուբյեկտ:

10/9/64

Կախված լինելով գեղեցկության գաղափարից՝ ժամանակակից արվեստը հաշմանդամ է դարձել: Կարծես արվեստը «գեղեցկության» մասին է, ինչպես գիտությունը՝ ճշմարտության:

3/10/64

Ժամանակակից կյանքը վայելքի բազմաթիվ աղբյուրներ ունի, հարկավոր է միայն հաղթահարել անհամար ընդօրինակումների սրտխառնոցը:

1/11/64

Այնքան շատ եմ ուզում սեքսին վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում եմ գրելուն: Ես ուզում եմ միջոց, գործիք լինել ինչ-որ ուժի, որ վեր է ինձնից:

4/11/64

Մարդն ուրիշների մեջ քննադատում է այն, ինչ խոստովանում ու արհամարհում է ինքն իր մեջ: Օրինակ արվեստագետը, ում զայրացնում է մյուսի հավակնոտ լինելը:

17/11/64

Այդ դեպքում, ո՞րն ընտրեի: Ինձ ավելի շատ դուր էր գալիս ստրուկի դերը, այն ինձ ավելի շատ էր սնում: Բայց տեր թե ստրուկ՝ կարևոր չէ, երկու դեպքում էլ մարդն անազատ է: Իր բնավորությունից ետ կանգնել մարդը չի կարող:

1965 Չթվագրված

Մարդու բանիմաց լինելն ինձ չի հետաքրքրում. փոխհարաբերություններում միմյանց մարդկայնորեն վերաբերվելն է, որ խելամտություն է ստեղծում:

Խելագարությունը որպես ապավեն սարսափի դեմ:

Խելագարությունը որպես ապավեն դժբախտության դեմ:

16/1/65

Միջատը նույնականացնում է լույսը օդի, ելքի հետ – այդ իսկ պատճառով խողովակի մեջ մինչ մահը ապակուն կխփվի, որից այն կողմ լույսն է, արհամարհելով իր հետևում՝ խավարի մեջ գտնվող ելքը:

Բանն այն չէ, թե կարծում եմ (կամ երբևէ կարծել եմ), որ ամբողջությամբ վատն եմ: Իմ կիսատության պատճառով է, որ թվում է` անհրապույր եմ, անարժան սիրուն: Դժբախտությունն այն չէ, որ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, այլ այն, որ ես ավելին չեմ (ավելի արձագանքող, կենսունակ, մեծահոգի, ուշադիր, ինքնատիպ, զգայուն, քաջ եւ այլն):

16/7/65 Փարիզ

Որքան քիչ սպասումներ ունենամ, այնքան քիչ կտանջվեմ:

24/8/65

Նրա հեռանալուց հետո իմ սեքսուալ կյանքը  կաթվածահար է եղել: Նա մերժեց ինձ, քանի որ անկողնում լավը չէի, ես անկողնում իսկապես լավը չեմ – և մարդկանցից ինչ-որ բան վերցնելիս (նույնիսկ մի բաժակ սուրճ) սարսափելի անհանգստանում եմ` բացառությամբ այն դեպքերի, երբ վերցնելն ամբողջովին անանձնական է թվում:

29/8/65 Տանժեր

Հիմա իսկապես ճանաչում եմ տառապանքը: Ես վերապրել եմ. մենակ եմ ու չսիրված՝ որից աշխարհում ամենաշատն էի վախենում: Ես շոշափեցի  հատակը: Վերապրում եմ:

20/11/65

Մարդիկ ասում են` «սա ձանձրալի է», իբր դա է բողոքի վերջնական չափանիշը, և  արվեստի ոչ մի գործ իրավունք չունի ձանձրացնել մեզ:

Սակայն մեր ժամանակի հետաքրքիր արվեստի մեծ մասն իրոք ձանձրալի է, Ռոբ Գրիյեն ձանձրալի է:

Գուցե հիմա արվեստը պետք է ձանձրալի լինի (ինչն իհարկե չի նշանակում, թե ձանձրալի արվեստը անպայման լավն է):

Մենք  այլևս արվեստից չպետք է զվարճանք ակնկալենք: Համենայն դեպս` ոչ բարձր արվեստից:

29/11/65

Ինտելեկտը միշտ չէ, որ լավ բան է, չարժե դրան մեծ նշանակություն տալ կամ զարգացնել: Ավելի շատ հինգերորդ անիվ է հիշեցնում՝ անհրաժեշտ կամ ցանկալի այն դեպքերի համար, երբ շուրջդ ամեն ինչ փուլ է գալիս: Երբ գործերդ լավ են գնում, ավելի լավ է հիմար լինել… Հիմարությունն նույն արժեքն ունի, ինչ ինտելեկտը:

Եթե արվեստի գործի մասին ասում եք` «սա գեղեցիկ է», ապա դրա լավ կողմն այն է, որ այդ ասելով ոչինչ չեք ասում:

Արվեստի գործի ճակատագիրը նաև մահանալն է:

3/12/65

Արվեստն իրավիճակ է:

4/1/66

Ցավալի՞ է արդյոք, որ հանճարեղ չեմ: Դա ինձ տխրեցնու՞մ է: Հանճարեղ լինելու գինը պատրա՞ստ եմ վճարել: Կարծում եմ` գինը մենությունն է, անմարդկային գոյությունը, որով հիմա ապրում եմ` հուսալով, որ դա ժամանակավոր է: Ես վստահ եմ, որ առանց Իռենի վերջին 2.5 տարվա ընթացքում միտքս մի քայլ առաջ է գնացել՝ շնորհիվ մենության, քանի որ հարկ չկա պատասխաններս փաթեթավորելու, զտելու ուրիշների հետ կիսելու համար:

5/8/66 Լոնդոն

Մարդկանց հետ լինելուց հետո ես տառապում եմ խրոնիկ սրտխառնոցից: Գիտակցումը, թե ինչքան ծրագրավորված, ինչքան կեղծավոր, ինչքան վախեցած եմ:

Ես մենակ եմ – հիվանդ եմ – վեպս առաջ չի գնում և այլն: Այնուամենայնիվ, առաջին անգամ է, որ չնայած բոլոր տառապանքների + «իրականության խնդիրների» – ես այստեղ եմ : Ինձ հանգիստ եմ զգում, ամբողջական, ՀԱՍՈՒՆ:

12/8/67

Այժմ ինձ խորապես մեղավոր եմ զգում: Ինչպես միշտ եմ զգացել: Ես վամպիր եմ, մարդակեր: Սնվում եմ մարդկանց իմաստությամբ, հմտությամբ, տաղանդներով ու շնորհներով: Նրանց հայտնաբերելու, նրանց աշակերտը դառնալու, իմը դարձնելու վարպետ եմ: Արդյոք դա ինձ գո՞ղ է դարձնում: Մասամբ: Երբեք չեմ զգում, որ տանում եմ մարդկանցից: Իմ հեռանալուց հետո նրանք չեն աղքատանում: Վերցրածներս այնպիսի բաներ չեն, որ հնարավոր է խլել: Իրենք շարունակում են ունենալ, բայց այժմ ես էլ ունեմ: Այդ դեպքում ո՞րն է խնդիրը: Ու՞մ եմ վնասում: Պատասխան. Նրանց և ինձ: Նույնիսկ գողության փաստի բացակայության դեպքում գործում եմ կեղծիքի ներքո: Մարդիկ չգիտե՞ն` իրենցից  ինչ եմ ուզում: Ամեն դեպքում չգիտեն, չեն կարող իմանալ, թե ինչ կրքոտությամբ, ինչ համառությամբ եմ ուզում: Իսկ պատմել նրանց չեմ կարող, որովհետև եթե իմանան՝ չեն տա: Վերադարձնու՞մ եմ: Իհարկե: Երբեմն ավելին, քան ստանում եմ: Հարկադրաբար տալ է,  որպեսզի փարատվի մեղքի ճնշող զգացումը: Եվ,  որը ամենակարևորն է, ես միշտ լքում եմ նրանց, երբ «սովորել» եմ, ինչ հնարավոր էր սովորել, երբ բավարարված եմ: Ես «օգտագործում» եմ նրանց և ուզում անցնել նոր աղբյուրների:

7/8/68 Ստոկհոլմ

-Ուզում եմ լավը լինել:

-Ինչո՞ւ:

-Ուզում եմ լինել այն, ինչով հիանում եմ:

-Ինչո՞ւ չես ուզում լինել այնպիսին, ինչպիսին կաս:

4/2/70 Փարիզ

Հպելու, հպվելու ցանկությունը: Ես երախտապարտ եմ, երբ հպվում եմ մեկին: Դա ապացույց է, որ մարմին ունեմ, և որ մարմիններ կան աշխարհում:

10/2/70 Նյու Յորք

Պետք է ուժեղ երևամ, որը նշանակում է՝ պետք է իրոք ուժեղ լինեմ: Նրան չպետք է ցույց տամ տառապանքս, նրան ցանկանալը որպես սիրուս ապացույց: Հաճախ նույնիսկ  չպետք է ասեմ, որ սիրում եմ: Նրան բառերով չպետք է փորձեմ համոզել, թե նրա համար լավ կլինի ինձ հետ լինելը: (Սա կարթնացնի նրա կախվածության վախը): Չպետք է նրան հորդորեմ ասել, որ սիրում է: Չպետք է նրան հարցնեմ` երբ է Նյու Յորք գալիս, միայն՝ հուսով եմ` կգա:

28/7/72

Միայն մի դեպքում յուրաքանչյուր մարդ կարող է արվեստագետ համարվել – եթե արվեստը բացառապես ընկալվեր որպես պերֆորմանս – կամ դեն նետելու մի բան: Այդ դեպքում արվեստը կլիներ մի բան, որով մարդիկ զբաղվում էին, և եթե ինչ-որ արդյունք տար, պարտավոր չէիր լինի այն պահել թանգարանում: Ուստի Քեյջը իրավունք ունի ասելու, թե ուզում է, որ բոլորը արվեստագետ լինեն: Արվեստի նրա ընկալման մեջ արտադրելու գաղափարը շատ քիչ է: Ոչինչ չկա պահելու, հավերժացնելու: Այդպիսի արվեստը ինքն իրեն կործանում է:

16/5/75 Նյու Յորք

Գրել ամբողջ ձայնով:

30/6/75 Փարիզ

Միակ ընդունելի կյանքը ձախողումն է:

19/6/76 Նյու Յորք

Պետք է ոչ միայն վատ գրող լինելու քաջություն ունենամ, այլ նաև համարձակվեմ իրոք դժբախտ լինել: Հուսահատ: Եվ չփրկեմ ինձ, չարգելակեմ հուսահատությունը:

5/11/76

Գրելու նպատակը թեման պայթեցնելն է, փոխակերպելը:

20/2/77

Ես չափազանց շատ եմ կարդում՝ գրելուց խուսափելու համար:

12/12/77

Բեքեթը՝ հակադիրը Ջոյսի: Ավելի սեղմ, ավելի կոնկրետ, բծախնդիր, մռայլ… Ավելի քիչ ու հակիրճ: Այսօր կարո՞ղ է ինչ-որ մեկը Բեքեթի հակադիրը լինել՝ այսինքն ոչ Ջոյս: Բայց ոչ միայն մռայլ` և՛ մեծ, և՛ նվազ հին:

27/12/78 Վենետիկ

Գիտակցության Ճնշումները զգալու, տեղեկացված լինելու, ինչ-որ բան հասկանալու համար անհրաժեշտ է մենակ լինել: Լինել մարդկանց մեջ, լինել մենակ՝ ինչպես շնչելն ու արտաշնչելը, սիստոլան և դիաստոլան. քանի դեռ վախենում եմ մենակ լինելուց, երբեք իսկական չեմ դառնա: Ես ինքս ինձնից թաքնվում եմ:

29/4/80

Չես կարող դառնալ անգլիացի, ֆրանսիացի կամ գերմանացի, բայց դառնում ես ամերիկացի: Հորինված, անբնական երկիր:

8/5/80

Պետք է հրաժարվեմ էսսեներ գրելուց, քանի որ դա անխուսափելիորեն վերածվում է դեմագոգիկ գործառույթի: Ես կարծես դառնում եմ անհերքելի համոզմունքների կրող, որոնց ամբողջովին չեմ տիրապետում:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.