Գնացքում ինչ լեզու ասես չէի լսում. շվեդերեն, հոլանդերեն, անգլերեն, գերմաներեն: Հաշվի առնելով, որ Շվեդիայից եկող, օդանավակայանով անցնող ու գլխավոր կայարանով անցնող գնացքն էր, պիտի որ զարմանալի չլիներ ուղևորների բազմազանությունը: Ու հաշվի առնելով, որ ընդհանրապես մարդիկ գնացքներում կարդում են, պիտի որ ուշադրություն չդարձնեի, որ բոլոր լուռ ուղևորները կարդում են: Բայց երբ հասանք Հումլեբեք կայարան, գնացքը գրեթե դատարկվեց, ու մարդկանց հոսքը շարժվեց մի ուղղությամբ. դեպի Լուիզիանա ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ մոտ կես ժամից գրական փառատոնի վերջին օրն էր սկսվելու:
Կոպենհագենից 50կմ հյուսիս Լուիզիանա ժամանակակից արվեստի թանգարանում 2010թվից ամեն տարի անցկացվում է Լուիզիանայի գրական փառատոնը: Ես հասա փառատոնի չորրորդ՝ վերջին օրը՝ օգոստոսի 23-ին:
Եկել էի հիմնականում իռլանդացի գրող Քոլմ Թոբինին տեսնելու համար. գրողների ողջ ցանկից միայն նրա գրքերից էի կարդացել: Բայց քանի որ երկար ճանապարհ էի անցել ու մուտքի տոմս գնել, մյուս գրողների հետ հանդիպումներին էլ եղա:
Յան Լիանկե և Լեոնարդո Պադուրա
Յան Լիանկեն չինացի գրող է, նրա հայտնի գրքերից մեկը կոչվում է «Լենինի համբույրները»: Ասում են՝ գրում է ժամանակակից աշխարհում Չինաստանի ունեցած դիրքի մասին: Լեոնարդո Պադուրան կուբացի է: Դետեկտիվներ է գրում:
Բեմում լեզվական խառնաշփոթ. Լրագրողը Պադուրայի հետ խոսում էր իսպաներեն, հետո հարցերն ու Պադուրայի պատասխանները հենց ինքը թարգմանում դանիերեն: Թարգմանչուհին դանիերենները Լիանկեի համար թարգմանում էր չինարեն, Լիանկեին՝ դանիերեն:
Իսպաներենի ու դանիերենի համակցությունն օգնեց, որ Պադուրային գրեթե ամբողջությամբ հասկանամ, բայց Լիանկեի դեպքում տեղ-տեղ բացեր էին մնում: Պադուրան խոսում էր Չինաստանի ու Կուբայի նմանությունից (երկուսն էլ կոմունիստական են), Կուբայում չինացի էմիգրանտների մասին, որոնք հասարակությունից մեկուսացած են: Բայց դե ինչ-որ պահից գլուխս սկսեց պայթել էդ լեզվական խառնաշփոթից, ու կեսից գնացի ծովափում նստեցի, մինչ հաջորդ հանդիպումը կսկսվեր:
Քենեթ Գոլդսմիթ և Ռեյչըլ Քուշներ
Ռեյչըլ Քուշներն ամերիկացի արձակագիր է: Ասում են՝ միակ հեղինակն է, որի առաջին երկու գրքերը ներկայացվել են Ամերիկայի Ազգային գրքի մրցանակի: Իր «Հրաձիգները» վեպից հատված կարդաց, որտեղ կերպարներից մեկը մենախոսում էր house-ի և home-ի, basement-ի և cellar-ի ու dinner-ի և supper-ի հոմանիշների տարբերությունների մասին: Սովետահայ անգլերենի դասատուների ջանը սաղ, որ մեզ փորձում էին համոզել, թե dinner-ը ճաշն է, supper-ը՝ ընթրիքը, չգիտեին որ երկուսն էլ ընթրիք է, տարբերությունը՝ մեկը հագեցնող, մյուսը թեթևոտ: Վեպը 70-ականների Նյու Յորքի արվեստագետների մասին է:
Քենեթ Գոլդսմիթն ամերիկացի պոետ է: Հատված կարդաց իր «Ես տեսությանը նայում եմ միայն, երբ հասկանում եմ, որ ինչ-որ մեկն իր կյանքը նվիրել է մի հարցի, որի մասին միայն թեթևակի եմ մտածել. վերաիմաստավորելու իմաստները» տեքստից: «Ես արտիստ էի, հետո դարձա պոետ, հետո՝ գրող: Հիմա, երբ հարցնում են, ասում եմ՝ տեքստային ծրագիր եմ»,- էսպես է սկսվում տեքստը: Ու հենց էս տողերից էր, որ գլխումս լամպըչկա վառվեց, ու հիշեցի, որ ինչ-որ տեղ ինչ-որ ժամանակ կարդացել եմ նրան:
Հետո, երբ լրագրողը սկսեց խոսացնել երկու գրողներին, միանգամից սկսեցին իրար կծմծել: Քուշները.
-Քեզ կարո՞ղ եմ Քեննի անվանել:
-Պրոֆեսիոնալ միջավայրում Քենեթ եմ, ընկերների համար՝ Քեննի, բայց կոյուղու մարդն ինձ Քեն է ասում:
Միմյանց գործերից ըսկի ծանոթ չեն: Երբ լրագրողը հարցրեց ժամանակակից գրականությունից, Քուշները պատասխանեց, որ չի կարդում իր ժամանակակիցներին, ու որ հիմա գրականությունն էն վիճակում է, որ հանգիստ ինքը կարող է ընտրել՝ ում հետ համեմատվել: Ասաց, որ նախընտրում է արդեն մեռած գրողների հետ մրցել, հենց նրանց էլ կարդում է: Բայց ոչ մի անուն չտվեց:
Գոլդսմիթն ասաց, որ նոր բան ստեղծել այլև հնարավոր չէ: Պետք է արդեն եղածները վերադասավորել: Համալսարանում դասավանդում է: Ասաց, որ ուսանողներին սովորեցնում է պլագիատ անել: Իր համար ամեն ինչ պոեզիա է. թվիթները, ֆեյսբուքի ստատուսները, մեյլերը, բլոգային գրառումները, ծրագրի սխալի պատճառով առաջացած անընթեռնելի սիմվոլները:
Գոլդսմիթն ու Քուշները ոնց որ մրցեին, թե ով ավելի մեծ տպավորություն կգործի հանդիսատեսի վրա: Լրագրողն էլ խեղճացել, քաշվել էր մի կողմ:
-Հերիք ինտերնետից խոսենք,- ասաց Քուշները: Թեմա, որին Գոլդսմիթն անընդհատ վերադառնում էր:
Լրագրողը հարցրեց, թե ինչ կառաջարկի: Քուշները վրա տվեց.
-Լրագրողը դու ես, ե՞ս պիտի ասեմ:
Վերջում գրականության ապագայի մասին հարց տվեց, որը մոտավորապես ձևակերպված էր «կարևոր ու անկարևոր բառերի մասին»: Գոլդսմիթը լրագրողին կպավ, թե՝ անկարևոր բառ չկա, թե՝ հենց անկարևոր բառերն են, որ կարևոր են:
Քոլմ Թոբին և Ռիչարդ Ֆորդ
Քոլմ Թոբինի անունը ո՛չ թե ընկերներիցս եմ լսել, ո՛չ թե ինտերնետում եմ փորփրել ու հայտնաբերել, ո՛չ թե վեպի հիման վրա նկարահանված ֆիլմ եմ տեսել այլ գտել եմ տարիներ առաջ Խրոնինգենի գրախանութներից մեկում: Ֆուադ Լարուիի նոր գիրքն էի փնտրում, երբ չգիտեմ ոնց ուշադրությունս ֆրանսերենի բաժնից շեղվեց դեպի անգլերեն, տեսա Քոլմ Թոբինի իռլանդական ազգանունը, գիրքը վերցրի, թերթեցի ու առանց երկար-բարակ մտածելու առա: «Բրուքլինն» էր: Քոլմ Թոբիննը՝ հազարումի մրցանակ ստացած, ժամանակակից ամենահայտնի իռլանդացի գրողներից է:
Իսկ Ռիչարդ Ֆորդը, որի անունը չէի լսել, պարզվեց՝ Ամերիկայի ամենակարևոր ժամանակակից գրողներից է: Էլի լիքը մրցանակներ է ստացել, էդ թվում՝ Պուլիցեր: Երբ լրագրողը ներկայացրեց երկու գրողներին, ասաց, որ վախենում է՝ բոլոր մրցանակները նշել, որովհետև ինչ-որ բան կմոռանա: Ֆորդն էլ թե՝ հա, ու մենք էլ չէինք զարմանա, որ էդքանը հիշում էիր, բայց կնեղանայինք, եթե մի բան բաց թողնեիր:
Թոբինը «Նորա Վեբստերից», իսկ Ֆորդը՝ «Թույլ տուր քեզ հետ անկեղծ լինել» գրքից հատված կարդաց: «Նորա Վեբստերը» Իռլանդիայի արևելյան ափին գտնվող Վեքսֆորդի նիստուկացի մասին է, իսկ «Թույլ տուր քեզ հետ անկեղծ լինելը»՝ Նյու Ջերսիում տեղի ունեցած փոթորկի:
Ի տարբերություն նախորդ գրողական զույգի, այս երկուսը միմյանց գործերին լավ ծանոթ էին, իրար ցիտում էին, նշում իրենց դուր եկած հատվածները, կոմպլիմենտներ շռայլում: Լրագրողն էլ լավ պատրաստված էր. կարդացել էր երկուսի գործերն էլ ու շատ յուրօրինակ հարցեր էր տալիս: Օրինակ, հարցրեց առաջին և երրորդ դեմքով գրելու մասին. Թոբինի վեպը երրորդ, իսկ Ֆորդինը՝ առաջին դեմքով է: Թոբինը խոստովանեց, որ առաջին դեմքով գրել չի կարողանում ու որ Ֆորդը դա շատ լավ է անում: Իսկ Ֆորդն ասաց, որ Թոբինը երրորդ դեմքն էնպես է օգտագործում, որ թվում է՝ առաջին դեմք է:
Այս երկուսն էլ խոսեցին ժամանակակից գրականության մասին: Թոբինը թե՝ պիտի գտնես աշխարհի էն հատվածը, որի մասին չի գրվել: Ինչ-որ իռլանդացի հեղինակի նշեց, որը նույնպես Վեքսֆորդից է ու Թոբինից տասը տարով մեծ:
-Բախտս բերել է, որ Վեքսֆորդի թեման թողել է ինձ:
Հետո ասաց, որ կյանքի մեծ մասը Դուբլինում է անցկացրել ու որ Դուբլինի մասին գրելու ցանկություն էլ է առաջանում: Նկարագրեց հունիսյան երկար օրը Դուբլինում, որ գնում ես ծով լողանալու, հետո փաբ՝ խմելու: Հետո թե.
-Բայց եթե սրա մասին գրես, կդառնա «Ուլիսես»:
Ֆորդի թիրախն ամբողջ Ամերիկան է, ու եթե նույնիսկ Նյու Ջերսիի մասին է գրում, լեզուն տարբեր չէ, հասկանալու խնդիր չկա: Թոբինի թիրախը Վեքսֆորդի բնակչությունն է, որովհետև նրանք ունեն սեփական արտահայտությունները, սեփական վարքուբարքը, ինչը ըսկի Իռլանդիայի մնացած մասերի բնակչությունը չի հասկանա, ուր մնաց՝ ամբողջ աշխարհը:
Վերջում Ֆորդի ու Թոբինի գրքերի վաճառք էր, հեղինակներն էլ մակագրում էին: Ուզում էի առնել, էն էլ անգլերեններն արդեն վերջացել էին, իսկ դանիերեն թարգմանություն առնելու իմաստ չկար: Բայց կարևորը՝ փառատոնի տեղն իմացա: Մյուս տարի ավելի պատրաստված կգամ:
[…] 2015-ից սկսած գրեթե ամեն տարի օգոստոսի վերջին գնում եմ Լուիզիանայի գրական փառատոն։ Լինում է մի օրով, լինում է՝ ազատ օր եմ վերցնում, բոլոր չորս օրերին, ինչպես անցյալ տարի, լինում է՝ միայն մի երեկո, ինչպես կովիդի ժամանակ էր։ Բայց փառատոնն իմ դանիական կյանքի անբաժան մասն է դարձել, ու աշխատում եմ ոչ մի դեպքում բաց չթողնել։ […]