Էբերսբերգ: Հենց քթիս տակ է, բայց երբևէ չեմ եղել: Ինչ պիտի լինի էդ կողմերում: Երևի բավարական թունդ ակցենտ: Գարեջրային տոներ: Ցից բեղերով, կայտառ բիձեք: Էլ ինչ: Դե եսիմ: Փոքր համայնք է՝ հաստատ ոչնչով աչքի չընկնող:
Յուրգենին չհաշված:
-Շարժվում ես դանդալոշի նման: Հեչ կանացի չի քայլվածքդ:
-Գլուխս մի տար:
-Բայց սիրուն ես: Ու քաղցր:
-Հա բա ինչ, մի հուրի-փերի:
-Հը՞ն, բան չհասկացա, գերմաներենդ ահավոր է:
-Դա հայերեն էր:
-Իսկ էն լուրջ ասեցի՞ր: Դե եղբոր վերաբերյալ:
Նայում եմ վրան: Տեսքից՝ մութ կասկածներ չառաջացնող, կարգին տղամարդ: Մի քիչ էլ որ պրիչիսոնն ու մեյքափը տեղը գցես, բակենբարդն էլ թեթևացնես, կարելի է նույնիսկ օծանելիքի գովազդի համար առաջադրել: Պատկերացնում եմ, ինչ հետաքրքիր է նայվում լսարանում, ու ոնց են ջահել ուսանողուհիները կուլ գնում գունավոր ֆանտազիաներին: Դասավանդածն էլ՝ հոգեբանություն. կատարյալ էրոտիկա կիսադատարկ գլուխների համար: Ու թե ինչու մենք էս տեսքի դասախոսներ չունեինք ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետում. արդար չի էս աշխարհը:
Բայց ես հո գիտեմ, կարգին տեսքի հետևում կատարյալ խփնվածի մեկն է: Կատարյալ ինտելեկտուալ ու կատարյալ խփնված: Ոնց որ մերոնք կասեին՝ շատ սովորելեն գոգրեն խարաբ է էղել:
Ու ինչքան ափսոս է, որ մանկությունս զուրկ է եղել էս կարգի դեմքից: Իհարկե կուզեի էսպիսի եղբայր: Ընդհանրապես, վատ չէր լինի մի երկու տարով մեծ եղբայր ունենալ: Հենց Յուրգենի նման:
Հոնքերը կիտում է:
-Եղբա՜յր: Ախր դա լրիվ հակասեքսուալ է:
Ակունք իմաստության:
Ու դեռ շարունակում է.
-Ես քեզ ֆիզիկապես դուր չե՞մ գալիս:
Ինչքան լեգիտիմ կհնչեր էդ հարցը, եթե չիմանայի նրա գլխում ապրող բլոճների մասին:
Ցույց է տալիս իր հին նկարները: Երևում է, որ շատ ավելի ամրակազմ է եղել:
-Մկաններս կորցնում եմ. երևի հորմոնալ է:
Հա, հեշտ չի, երբ ինքդ քեզ համար տաբուներ ես հնարում, անունը դնում «բարձրագույն բարոյականություն» ու դեռ աստծուն էլ խառնում էդ գործին:
Իտալացիները հո ճիշտ են ասում. «Նա, ով կույս է, մինչ ամուսնության առաջին գիշերը, կույս կմնա իր ողջ կյանքում»: Եվ դա միայն տղամարդկանց է վերաբերվում:
Թեև շատ հուզիչ է, որ տղամարդն էլ կարող է մինչև քսանքանի տարեկանը «էն միակին» սպասել: Ու տասնըքանի տարի մենակ նրա հետ լինել՝ ֆիզիկական բացարձակ հավատարմության մեջ:
Բայց դե հիմա էդ կապն ավարտվել է: Էն էլ չորս տարի առաջ: Բա հետո՞:
Հետո՝ նորից կույս: Որովհետև այլընտրանքը անբարոյական է: Մինչև հոգիները չհասնեն գերագույն վերերկրային մերձեցման:
Հա, լավ, էդ էլ վատ չի ու անգամ նույնչափ հուզիչ է: Բայց հարցն էն է, որ ոչ մի կին չի կարողանում Յուրգենի հոգու հետ մերձենալ, որովհետև նրա հորմոնալ դիսբալանսը հասել է արդեն բոլոր չակրաներին: Ու հետը մի քիչ երկար շփվելուց հետո լավագույնը, ինչ կարող ես անել, օձիքդ կծելն է, որ էդ չոռը հանկարծ քեզ էլ չկպչի:
-Իմ զուգընկերը պիտի աբսոլուտ լինի,-ասում է:
Ես կարծում էի, դա միայն օղին է լինում:
Ասում է ու հերթով բռնաբարում իրեն հանդիպող կանանց: Հոգեպես, բնականաբար: Եվ միայն աստծո օրհնանքով, ով ի դեպ իր լյարդում է ապրում: Չգիտեմ՝ ինչի հենց էնտեղ: Երևի ալկահոլիկ է անաստվածը, էհ, աստվածը:
Բռնաբարելուց էլ էն կարգի է բռնաբարում, որ էդ խեղճ կանայք փախչում են՝ առանց հետ նայելու: Տուն-տեղ ծախելով, անձնագիր-ազգանուն փոխելով: Որ Յուրգենն իրենց տեղը, անգամ աստծո օգնությամբ, չգտնի:
-Եթե դու միայն լսեիր իմ ներքին եռխոսությունը:
-Երկխոսությո՞ւնը:
-Չէ, եռխոսությունը: Մենք երեքով ենք:
Ահ, լյարդի բնակչին էի մոռացել:
Դուռը բացում եմ:
-Դու հիմա տուն ես բերում համարյա անծանոթ տղամարդու: Էն էլ՝ կեսգիշերին:
-Դու անվնաս ես:
-Ի՞նչ գիտես,- ձայնին էլ մի էնպիսի խորհրդավոր երանգ է տալիս,- ես կարող եմ պատմել, ինչ խելքիս փչի:
-Վստահում եմ քեզ:
-Ինչպես եղբո՞րը:
Գլխով եմ անում, ու ներս ենք մտնում:
-Ես մի հատ նայեմ ամեն ինչ, լա՞վ:
Սկսում է շրջել սենյակներով:
-Ոչ մի դեկորացիա: Տարօրինակ է: Հեչ հատուկ չի կնոջը:
-Հասկացանք արդեն, քայլվածքս, տունս. կնոջ նման չեմ:
-Բայց…
-Քաղցր եմ, էդ էլ ես ասել: Ի դեպ, քաղցր սիրո՞ւմ ես, սպասիր, բերեմ:
Սկսում է կուլ տալ „enerBIO“ բլիթները:
-Զգացվում է, որ բիո է: Բայց շատ կերա, հիմա փորս էլի կմեծանա:
Ինչ փոր: Մի քիչ էլ, ու ոսկորները շապիկը կծակեն, դուրս կգան:
-Տար, չաղանում եմ:
-Թե ուզում ես, կեր, ինչի տանեմ:
-Ես շատ բան եմ ուզում, որ չեմ անում:
Ու նայում է վրաս ամորձատված կատվի նման:
Հետո անցնում ենք տիեզերական զրույցների: Չմոռանալով բոլոր կարկառուն փիլիսոփաներին ու հոգեբաններին:
-Այնպես չէ՞, կոլեգա:
-Իհարկե, կոլեգա:
Քիչ-քիչ սիրտս կասկած է ընկնում: Իսկ գուցե ես մենա՞կ եմ նստած բազմոցին ու խոսում եմ ինքս ինձ հետ՝ իմ սիրած հոգեբան պապիկներին մեջբերելով: Տարբերակ է:
Փնտրում եմ տարբերակը հաստատող նշաններ: Քաղցրավենիքի հանդեպ վախը: Բարոյական մարազմատիկ տաբուներ:
Էս հո ես եմ: Ինքս ինձ հետ:
Արժի դիմացի շենքում ապրող թուրք հարևանուհուս զանգել, ով սիրում է, հեռադիտակն առած, հետևել անվարագույր պատուհաններիս հետևում ընթացող կյանքին:
-Նազա՞ն, բարև աչոն, բինոկլը ձեռքիդ տա՞կ է:
-Դեեե…
-Ինչ կլինի, մի հատ նայիր, հյուրասենյակում մենա՞կ եմ նստած, թե մի կյաժ տղամարդ կա կողքիս:
-Ո՞նց թե տղամարդ:
-Հեչ, եղբայրս է, ըմմ… կամ կոլեգաս: Յունգից ենք խոսում: Կամ էլ ինքս ինձ հետ եմ խոսում:
-Խմա՞ծ ես:
Էհ, նրանից էսօր բան չես իմանա:
Իսկ գոյություն չունեցողը շարունակում է խոսել: Էնքան, որ արդեն գլուխս գնում է:
Մեկ էլ՝ լռություն: Երևի նկատում է, որ աչքերս փակվում են:
-Հիմա ի՞նչ ենք անում,-հարցնում է լրջությամբ՝ ուսերին հասնող մազերը դնելով ականջի հետևում:
-Դու՝ տուն, ես՝ քնելու:
-Կհանդիպե՞նք էլի:
-Բաճկոնդ չմոռանաս:
Ճանապարհում եմ մինչև մուտքի դուռը:
-Մեքենայիդ տեղը կգտնե՞ս:
-Հա, -ասում է,- բայց դու էլ պիտի հետս գաս. նվերդ դեռ մեքենայիս մեջ է:
Ու սկսում է քայլել լրիվ ուրիշ ուղղությամբ:
-Բա ասում էիր՝ կգտնես,-ծիծաղում եմ:
Տանում եմ մեքենայի մոտ: Հանում է կապույտ թղթով փաթաթած նվերը ու մեկնում ինձ:
-Կարո՞ղ եմ քեզ գրկել,- հարցնում է:
-Ըհը, նույնիսկ կարող ես թուշիկս պաչիկ անել. ծնունդս էր ի վերջո:
Վրաս է նայում սառած հայացքով:
-Ես շուրթերով ոչ մի կնոջ չեմ կպչում:
Քիչ էր մնում մոռացած լինեի գլխում ապրող բլոճների մասին:
-Ես ընդամենը թուշս նկատի ունեի:
-Չեմ կարող:
Ու շարունակում է.
-Բայց թույլ կտա՞ս դեմքով հպվել վզիդ:
Էս մեկը երևի լսողական հալյուցինացիա էր:
Քնել է պետք: Վաղը լույսը կբացվի, բոլոր ցնորքները կվերանան: Յուրգենն էլ հետը:
Առավոտվա հինգ անց տասնվեց՝ հաղորդագրություն. «Բարև քույրիկ, ինցեստային երազներ եմ տեսել, վերլուծե՞նք»:
«Գլուխս մի տար»:
Աշխատանքի ճանապարհին անցնում եմ Zöttl-ի մոտով: Երկու օր առաջ Արփիին էի մետրոյում տեսել, քննության էր գնում: Տեսնես՝ ոնց հանձնեց:
Մտնում եմ Zöttl: Թարմ բուլկիների հոտից կամաց գլխապտույտ է առաջանում: Ի՞նչ բուլկի առավոտ շուտ: Ձեռք եմ տալիս փորիս: Ո՛չ մի դեպքում:
Թիթիզիկը տեղում է:
-Քննությունդ ի՞նչ եղավ:
Հոնքերի կեսը չկա. որպես պատիժ ինքն իրեն բմբլահա՞ն է արել:
-Դեռ չգիտեմ, լսի: Ուֆ, տականքներ, շուտ ասեիք, իմանայինք, յա: Ախչի ջան, հոնքերիս համա՞ր ես տենց նայում:
-Հա, երևի թե:
-Լսի, երկու շաբաթից Հայաստան եմ գնում, ուզում եմ տեղը տատու անեմ: Բայց էն զըռռ սև տատուներից չէ, է: Էն լավերից, բնական:
Գլխով եմ անում, իբր թե շատ եմ հասկանում էդ զիզի բաներից: Ջահելիկը շարունակում է.
-Հետ գամ, էլ ստեղ չեմ աշխատելու: Հաբե քայնեն բոկ մեը:
-Հետս ինչի՞ ես գերմաներեն խոսում:
-Քայնե ահնունգ:
Ծիծաղում է:
-Լսի, լավ հիշեցի, քեզ բան պիտի հարցնեմ: Դու էդ գործերի մեջ ես, կիմանաս: Ուրեմն մորքուրիս հաշվով եմ ասում: Ինքը հոգեբույժից թուղթ ունի, ներվային վիճակների պահով, էլի: Յանիմ քաղաքական հետապնդումներ, բաներ կան, դրա պատճառով իրա հոգեկան վիճակը լավ չի: Դե մի խոսքով, դու արդեն հասկացար: Հիմա էդ թղթով որ գա ստեղ, ազյուլ կտա՞ն, թե հետ կուղարկեն:
-Կեղծ թղթերով գալն էդքան էլ լավ միտք չի:
-Հա , բայց էլ ի՞նչ ձև կա: Օրինակ դու ո՞նց ես մնացել: Հիմա ի՞նչ վիզայով ես:
-Քաղաքացիություն ունեմ:
-Լուուուո՞ւրջ: Էդ ո՞նց:
-Ուշացա գործից, իրիկունը կխոսենք…
-Դե թռի, լավ, կերևաս:
Արդեն դուրս եմ գալիս, մեկ էլ հետևիցս լսում եմ.
-Ա՜, չէ, իրիկունը ստեղ չեմ: Էսօր շուտ եմ դուրս գալու, Էբերսբերգ եմ գնում:
Շրջվում եմ:
-Ի՞նչ գործ ունես Էբերսբերգում:
-Ընկերուհուս մոտ փարթիի եմ հրավիրված: Լսի, հոնքերս շատ անկապո՞տ են:
-Չէ, անկապոտ չեն, քաչալոտ են: Բայց ոչինչ, տեղը սրտիկներ նկարի, կսազի փարթիին:
Օրվա ընթացքում իրար հետևից երկար նամակներ են գալիս: Յուրգենի գրավոր խոսքը մութ ջրհոր է՝ մեջը վխտացող կանաչ գորտերով: Բանավորն էլ: Նստած կարդում եմ ամբողջ օրը. աշխատել չի ստացվում: Խորը ինտելեկտուալ մտքերը տեղ-տեղ ցնորք են հիշեցնում: Ու լիքը հարցեր ունի: Ուզում է իմանալ՝ վերջին երեսունհինգ տարում ինձ քանի հոգի է կպել: Էնպես չի, որ կպնել էլ կա, կպնել էլ: Չէ, իր համար ամեն ինչն էլ հաշիվ է՝ ձեռք բռնելուց սկսած: Բարոյականության չափիչը միացրել է:
Քանի՞ հոգի է ձեռքս բռնել: Չեմ հիշում: Եվ սա կա-չկա շատ անբարո պատասխան է:
Պառկած ենք խոտերին. երկնքին եմ նայում, բայց ոնց որ տեղը առաստաղ լինի:
-Դու որտեղի՞ց հայտնվեցիր:
-Ուզում ես մամայիս հետ ծանոթանա՞լ,- հաստատ ժպտում է,- հարցդ ենթագիտակցաբար էդ ցանկությունն է արտահայտում:
Անտանելի են հոգեբանները:
-Քո նմանին ոնց էլ լսարան են թողնում:
-Արի դասախոսություններիս, կտեսնես:
Ուզում եմ ձեռք տալ մատների ծայրին. հետաքրիքր է՝ սառն է, թե տաք: Նայում եմ աչքերի մեջ: Հանգած խարույկներ: Փչես վրան, մոխիրը երկինք կկապի:
-Դու գոյություն ունե՞ս:
-Քեզնից է կախված:
Հետո պատմում է Պետրայից: Երկար է պատմում: Լրիվ տեսնում եմ պատմածը: Յուրգենը՝ ափերից դուրս եկած, իրեն կորցրած: Բայց հանգիստ է պատմում, նույնիսկ նրա մասին, թե ոնց է կնոջը երկու օր սենյակում փակել:
-Վերջում ասում էր՝ խնդրում եմ, սպանիր ինձ: Իսկ դու կարծում ես, թե անվնաս եմ:
-Էդքան էլ չեմ սխալվում. ի վերջո չես սպանել: Թեև պոտենցիալն առկա է, դրանում ոչ մի կասկած: Ֆիլմերի սիմպո մանյակներից ես:
-Կինո՞ եմ քեզ համար: Եղբայրն ավելի լավ էր…
Ուշադիր զննում է դեմքս:
-Քիթդ տարօրինակ է, չի նյարդայնացնո՞ւմ:
-Չէ, իսկ քե՞զ:
-Եթե նյարդայնացներ, դու հաստատ կիմանայիր դրա մասին:
Առաստաղից կախված է Պետրան՝ կտրած քթով: Տեղը՝ գազար: «Խնդրո՜ւմ եմ, սպանի՛ր ինձ, քանի դեռ աչքերիս տեղն էլ կոճակ չես դրել»:
-Լյարդս նորից ցավում է: Վերջերս խնդիրներ ունեմ կրոնի հետ:
Մի բան էն չի էս մարդու հետ: Մի՞: Մեկն էլ, երկուսն էլ: Երեքույուչորսն էլ վրայից:
-Հիմա ի՞նչ ենք անում:
Ինչ ենք անո՞ւմ: Հրաժեշտ ենք տալիս. միակ խելքը գլխին բանը, ինչ կարող ենք անել: Լավ եղիր, Յուրգեն: Ու հեռու մնա: Ինձ իմ սեփական բլոճները լրիվ հերիք են:
-Դու էլ ես ուզում փախչել: Մյուս կանանց նման: Թող գոնե եղբայրդ լինեմ:
Հետո սկսվում են չեղած հարաբերությունները պարզելու տափակ օրերը: Ու նաև գիշերները:
Քնել է պետք: Էս ցնորքը կկորչի շուտով, ու կքնեմ վերջապես:
-Ո՞նց կարող ես ինձ հանել կյանքիցդ՝ էն ամենից հետո, ինչ եղավ: Երբ թողեցիր գրկեմ քեզ, և նույնիսկ ուզում էիր, որ թուշդ պաչեմ:
Խայտառակություն: «Դարչոն Կեկելին պաչիլ ի ու թողիլ»: Չնայած՝ էս դեպքում սկի չի էլ պաչիլ:
Հեռախոսս անջատում եմ:
Կանգնած է օֆիսիս դռան առաջ:
-Դու ոտքից գլուխ թերություն ես,-շպրտում է երեսիս,- բացարձակ լավը չես՝ ոչ որպես մարդ, ոչ որպես կին: Բայց կարող եմ օգնել քեզ ուղղվել:
Բարև, իմ ներքին ձայն. փաստորեն դու երեսունութամյա շիկահեր տղամարդ ես՝ բավարական ակցենտով: Ով կմտածեր:
Դուրս եմ ուղեկցում, ինչն ավելի շատ նման է տոթ սենյակից ճանճ քշելուն:
-Բիրգիտ,-հարցնում եմ կոլեգայիս,- առավոտյան երբ եկար, տեսա՞ր ինձ ներքևում:
-Հա, մի պահ նկատեցի աչքի պոչով:
-Ախմախ հարց եմ տալիս, գիտեմ, բայց կողքիս ինչ-որ մեկը կա՞ր, թե՞ մենակ էի:
Զարմացած վրաս է նայում: Հեռախոսը զնգում է, պիտի պատասխանի: Մատով ինձ նշան է անում՝ «մի րոպե»:
Կոպերիս վրա աշխարհի բեռն են դրել: Տուն հասնել, ընկնել անկողնուն ու բերանից ջուր գնալով քնել: Դուրս եմ գալիս աշխատասենյակից: Բիրգիտը դեռ խոսում է:
Մետրոներ, կանգառներ: Կանգառներ, մետրոներ: Բայց արդեն վերջն երևում է:
Մնաց մի չորս հարյուր քայլ՝ մինչև անկողին: Անցնում եմ Zöttl-ի մոտով: Արփին ապակու հետևից տեսնում է ինձ ու ոգևորված ձեռքով անում, որ ներս գամ: Հավես չունեմ: Բայց ինչպես կասեր քեռիս՝ գլուխդ կկոտրեմ, խաթրդ չեմ կոտրի: Ներս եմ գնում: Հոնքերից հետք անգամ չի մնացել. երևի վաղն արդեն Հայաստան գնալու օրն է:
-Լսի, ո՞ւր էիր էս քանի օրը, սպասի քեզ նկարներս ցույց տամ: Քո ասածով էլ արեցի: Էն որ ասեցիր՝ սրտիկներ նկարի: Ընտիր ստացվեց: Հլը նայի:
Ու ցույց է տալիս ինչ-որ խըժը-բըժը սելֆիներ՝ հետևի ֆոնին լիքը մարդ:
-Էս էն Էբերսբերգի փարթի՞ն էր:
-Հա բա, լավ չի՞:
Մանուշակագույն սրտիկներ՝ Արփիի քունքերին: Լավագույն պատկերը չի քնելուց առաջ: Իրար հետևից թերթում է նկարները, վերջ չկա:
Մեկ էլ կոպերիս ծանր բեռը թափով ներքև է ընկնում, ու աչքերս լայն բացվում են:
-Հլը մի նկար հետ գնա: Կմեծացնե՞ս ֆոտոն:
Ծանոթ սիլուետ՝ աջ անկյունում:
-Սա ո՞վ է:
Արփին զննում է հեռախոսի էկրանը:
-Լավ չեմ հիշում, ինչ-որ անկապ դեմք էր, կարծեմ հարևաններից էր, թե ինչ:
-Անունը չե՞ս հիշում:
Գլուխը թափ է տալիս:
-Յուրգեն չէ՞ր:
-Յուրգե՞ն, չէ, լսի… Այսինքն, չեմ հիշում, եսիմ: Բայց չէ ոնց որ… Ճանաչո՞ւմ ես:
-Չգիտեմ, դեմքը լավ չի երևում:
Հեռախոսը վերցնում եմ ու սկսում անցնել բոլոր նկարներով. էլ ոչ մի տեղ նույն սիլուետը չկա:
Արփին լուռ հետևում է: Հեռախոսը դնում եմ ձեռքի մեջ: Հոգնած եմ: Կանգնած եմ դիմացը. ոչ խոսում եմ, ոչ գնում:
Թիթիզիկը շփոթված է:
-Հիմա ի՞նչ ենք անում:
Պատահական մի հարց:
-Զիլինա ենք խաղում:
Ասում եմ ու սկսում չորս հարյուր քայլը: