***

Թափվում եմ․

տունս բազկաթոռ է՝ կարմիր ծածկոցով,

չմտածված օրեր կան, երբ առավոտից

լուրերը դառնում են դոմինանտ,

սեռը՝ երկրորդային,

բաժանումները՝ միայն արեւելքի եւ արեւմուտքի մեջ։

Հոսում եմ սովետական պարկետի վրայով,

պատուհաններիս մեջ,

(որի փեղկերում ապրողներ ու ապրումներ կան),

թաթերս կպնում են իրար։

Ցի՛ց, դռան հետեւում մեկն է,

երկուսն են, երեքը

․․․․․․․․․․․․․․․․․․

մտածու՞մ եմ իրենց մասին

եւ իմ հարաբերության․

-լրագրող եմ՝

ուժասպառ,

կինոման,

նարկոզ տարած միջին քաշային,

հորս հետ ունեցած վերջին խոսակցությունը

եղանակից է,

հոսանքներն էլ անցնում են տանս միջով ու դուրս գալիս․

այն, ինչ բռնում եմ, իմը չէ

եւ չեմ էլ համակերպվում սեփականությանս,

տվածին, տրվածին, ինքնուրույն ծնվածին,

եւ գնացողը գնացած է,

մնացողը՝ մնացած,

ոտքերս՝ բաց,

ոտքերս՝ փակ․․․

բնակարանիս պես։

***

ես ու սերս,

ես ու մետրոյի դռները,

ես ու անհամբեր վարորդը,

ես ու սեւ, սեւ, սեւ մի քանիսը,

սարսափած վայրէջքները քայլելիս,

ուղղահայաց փողոցները,

հատվող խաչմերուկները,

լույսը՝ կանաչ, կարմիր եւ միջանկյալ,

սպասումներն ու արդարացումը,

Սարյանը, որ գինետներ է շարել իրար կողք,

բացթողումները՝ բանավոր հատկապես,

միշտ դատարկ օդանավակայանը,

թռիչքները՝ տրանզիտ,

միջնորդավորված պլանային ծնունդները,

քաղաքը, մայրաքաղաքը,

անտանելին ու տանելին,

դրանց միջեւ ընկած կեցության տարօրինակությունը,

կիսատ բացված միջնամատս,

երկար ձգվող կիսատ օրերը,

սակագները, զեղչերը,

նոտարական հաստատումները

մեկնված իրականությունը,

անմեկնելի հպումներս սառը պատերին

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Անհամատեղելի ենք։

18․ 09․ 2015թ․

***

Թույլ, թեթեւ, սահուն

գիշերն այնքան ատամ ունի․

եթե հիմա բաց ոտքերիս առաջ

քեզ գլորեմ գետնին,

ոչինչ արդեն հեշտ չի լինի․

բարձրացնելը ուժերից վեր,

սավանները՝ առագաստներ,

պատուհանը՝ մեծ լաստանավ,

եւ ներս լցվող աղմուկի հետ

մի ողջ քաղաք քեզ հետ անհետ

կտապակվի գետնի վրա։

Եվ քեզ համար արդեն մեկ է՝

Մերկ եմ, նվաղ, սաստիկ հոգնած,

թե հազարներ աչքիս առաջ

քեզ խանգարող կարմիր ներկ են․․․

22․09․15

***

Մարմինս դրված է՝

կողքի, հոգնած, սարսափելի՜ հոգնած։

2015-ն է, սեպտեմբեր,

կիսով չափ օրագրություն է ապրումս,

կիսով չափ թվայնացում․

ձեռքդ սահեցրու,

մեկ է, ոչինչ չեմ զգում,

ոսկորներս այնպես խառնիր իրար,

որ մարմինս փոխի ձեւը,

արտառոց պատկերի մեջ

ինձ էլ  չտեսնեն իրենց պատկերացմամբ

եւ թվա՝ հրեշը նստել է բազմոցին՝

թույլ, նվաղած,

ուր որ է՝ կմեռնի,

եւ թվա, որ հավերժ խաբված են եղել ինձնից,

իմ նմաններից, նրանցից, ովքեր սեր են տվել իրենց,

ովքեր ընդգծել են սրացումները,

աչք փակել նվվոցի վրա,

ովքեր կանգնել են՝ թաթերը ջարդելով ու ձեռքով թեթեւ,

թեթեւ օր են մաղթել։

Ու տվածդ թող ընկալվի որպես ստորացում,

որպես կիսատ, արդարացում չեղած մեկի,

թող քեզ փնտրեն, թող այլայլվեն ու գազազեն,

իմ մարմինը թող տեղ դառնա՝

ոտնահետքի, մատնահետքի, թքած տեղի համար,

իմ մարմինը՝ գործողություն՝

որպես անհայտ կորած մեկի․․․

26.09.2015

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.