Շաբաթվա մութ կողմը
Երկուշաբթի
Երեքուշաբթի
Չորեքուշաբթի
Հինգուշաբթի
Ուշբաթ
Ուշաբաթ
Միուշաբթի
Լապտերասյուների բույրը
(«Շաբաթվա մութ կողմը» բանաստեղծության երազը)
Սենյակում այնքան ցախավել կա
Որ հատակն ավլելու տեղ չկա
Ծլընգ
Ծլընգ
Ծլընգ
Բողոքեցին կախված պղնձե սնամեջ խողովակները
Որոնց գլուխ էր քսվել
Աջ աչքը քերեց
Անվտանգության տեսախցիկի օբյեկտիվը
Գույները խախտեցին ուրվագծերը
Ավելների ցախերը ծաղկեցին
Մեջքի վրա պառկած մի շուն կար դռանս առաջ
Մի կին անհետացավ լապտերասյան հետևում
Զատկի պես պայքարում էր շունը
Որ կարենա կանգնել իր բազմաթիվ
Քաոտիկ թարթափող ոտքերի վրա
Կինը շարունակում էր իր զբոսանքը
Այդ լապտերասյունը ձեռքում
Ճանապարհին քաղելով
Եվս մի քանիսը
Ճկույթիս ծայրը հենեցի գետնին
Շունը մագլցեց
Բայց պլստաց ու նորից ընկավ մեջքի վրա
Թաթերը թույլ պտույտներ էին գործում օդի մեջ
Փչացած պրոպելլերի թիերի պես
Կինը թաղեց իր քիթը
Լապտերասյուների փնջի մեջ
Ու հոտ քաշեց կուրացնող լույսերից
Երջանիկ տեսք ուներ
Դիմազուրկ
Փողոցը թաղվեց մթության մեջ
Ես մեջքի վրա պառկեցի պայքարող շան կողքին
Մեր վրայով փայտփորիկների երամ թռավ
Ներխուժելով ծաղկող ցախավելների սենյակ