Վահան Իշխանյանի «Միքայել հրեշտակապետի կանայք»
«Սպասում» ֆիլմերը

Հայ ընթերցողին արդեն լավածանոթ,  լրագրող և պատմվածքագիր ` Վահան Իշխանյանը վերջին տարիներին սկսել է նկարել վավերագրական ֆիլմեր. դա միանգամայն բնական է, քանի որ վավերագրական ֆիլմը իր հիմքում մի տեսակ լրագրություն է, պատկերային լրագրություն, ուր գրչի փոխարեն օգտագործվում է կամերան, տեսախցիկը: Եվ միաժամանակ դա այնպիսի լրագրութիւն է, որն ունակ է նաև դառնալու գեղարվեստական գործ, որը պահանջում է սեղմ ու մշակված կառույց, հաճախ բարդ թեմաներ տեղավորելու սահմանափակ տևողության մեջ: Այն ունակ է նաև կրելու զգացմունքային լիցք, ինչը այն մոտեցնում է գրականության: Դա բնական է նաև այն առումով, որ Իշխանյանը հետաքրքրություն է ցուցաբերել նոր մեդիայի նկատմամբ, ակտիվ վեբլոգ է պահում և համշենցիների մասին իր հետազոտությունը ներկայացրել է մուլտիմեդիայի միջոցով:

Իշխանյանի երկու վավերագրական ֆիլմերի թեմատիկան նմանություններ ունեն: Առաջինը` «Սպասումը» (2012)[1] պատմում է մի քանի Եհովայի վկաների մասին, որոնք զինծառայությունից հրժարավելու համար, բանտ են նստել: Ֆիլմը կառուցվել է նրանցից մէկի բանտից ազատվելու օրը, բանտի առջև և տանը, նրան դիմավարելու շուրջ: Ֆիլմի նպատակն է ցուցաբերել և դատապարտել Եհովայի վկաների հանդեպ դաժան վերաբերմունքը: Հատկապես ազդեցիկ են բանտ նստածներից մեկի պատմածը Օհանյան անունով զինհրամանատարի սոսկալի վերբերմունքի մասին: Ֆիլմում ներկայացված և իրենց գլխին եկածը պատմող անձնավորությունները բոլորն էլ ազնիվ, հավատացյալ, ամուր և վճռական մարդիկ են, որ բոլոր ճնշումներով հանդերձ, կառչել են իրենց սկզբունքներին: Պարզ է, նկատի ունենալով ֆիլմի լրագրողական օբյեկտիվ մոտեցումը, հեղինակի նպատակն է ցուցադրել Եհովայի վկաների դեմ հալածանքը և ոչ թե պրոպագանդել նրանց դավանանքը և վճիռ կայացնել քրիստոնեության նրանց տարբերակի առավելությունների կամ թերությունների մասին: Սակայն շատ դժվար է պահել օբյեկտիվության և համակրանքի սահմանը: Ներկայացված մարդկանց շատ դրական պատկերը անխուսափելիորեն դառնում է նաև Եհովայի վկաների դրական պատկեր:

Բանտից ազատման կադրը

Բանտից ազատման կադրը «Սպասում» ֆիլմում

Հեղինակը սրատես է, և չի բավարարվել իր ուղղակի նյութի մասին հերոսների խոսքերով և երբ նրանք փիլիսոփայել են իրեն փորձառությունների մասին, առիթը բաց չի թողել դրանք ներառել ֆիլմում և ճոխացնել ֆիլմի բովանդակությունը` այն բարձրացնել մարդկային մակարդակի և չբավարարվել միայն տվյալ փոքրամասնության խնդրով: Օրինակ երբ նոր ազատված տղան խոսում է այն մասին, թէ ինչպես բանտում մարդիկ փոքր բաներով իրենց ուրախացնում են, դա արդեն բոլոր բանտ նստածների մասին է խոսում և ոչ միայն իր դավանակիցների: Հետաքրքիր է նաև այն մյուս տղայի պատմածը, թե ինչպես իրեն ծեծող զինհրամանատարի հետ տարիներ հետո հանդիպել են և ինքը ցանկանում է նրան ասել, որ «չի կոտրվել»: Դա արդեն զորեղի և զոհի բարդ մարդկային հարաբերություն է: Հետաքրքիր է նաև ֆիլմի վերջավորությունը, ուր նոր ազատված տղան իր մոր  լավատեսությանը թե ամեն բան վերջացավ, պատասխանում է, որ դա դեռ հարց ա:

Կադր «Սպասում» ֆիլմից

Կադր «Սպասում» ֆիլմից

«Սպասում»-ի ոճը, եթե հնարավոր լինի խոսել այս ֆիլմի ոճի մասին, միանգամայն անխնամ և սիրողական է: Ֆիլմը նկարվել է այնպես, ինչպես որևէ անձնավորություն կնկարեր, ասենք, իր երեխայի տարեդարձը: Դա միայն կարելի է բացատրել հնարավորությունների սակավության հանգամանքով: Համենայն դեպս, այդպիսի նկարահանումը խանգարում է դեպքերի հետ զգացմունքային կապ հաստատել: Ասենք նոր ազատված տղայի և իր ընտանիքի առաջին հանդիպման ժամանակ, դեմքերը լավ չեն երևում, քանի որ հաճախ մարդկանց թիկունքն է լցնում կադրը: Կամերայի խանգարիչ շարժումները, ձայնի անհասկանալի լինելը որոշ մասերում, ավելի են վատթարացնում դրությունը:

Երկրորդ ֆիլմը, ավելի նորը, կոչվում է «Միքայել հրեշտակապետի կանայք»(2014)[2]: Այս մեկը պատմում է Պրիվոլնոյե գյուղի կանանց մասին, ովքեր գյուղի հոգևորականի գնալուց hետո, տարիներ է ինչ իրենք են մատուցում կիրակնօրյա պատարագը: Գյուղը ժամանակին ամբողջովին ռուսաբնակ է եղել, այնտեղ ապրել է 500 ռուս ընտանիք: Այսօր ունի միայն 1100 հոգի բնակիչ, որոնցից միայն 30 ընտանիքն են ռուս: Ֆիլմի ընթացքում ծանոթանում ենք գյուղի կանանց հետ. նրանցից մեկը, որի տղան երիտասարդ տարիքում մահացել է, մտածում է, որ վշտին դիմանալու համար, մարդիկ կամ խմում են կամ աղոթում. իհարկե աղոթելը ավելի լավ է: Ծանոթանում մենք նաև այլ կանանց, նրանց նյութական դժվար կյանքի, լքվածության և անցյալի կարոտի ապրման հետ: Ներս ենք մտնում նրանց տները և դիտում ենք նրանց հարազատների լուսանկարները, հնամաշ իրերը, կահկարասին: Եվ այս բոլորը կանաչապատ բնության գրկում, որը վարպետորեն տեսագրել և գեղեցկորեն վերարտադրել է ֆիլմի օպերատոր` Թամամ Համզան: Գյուղի զանազան մասերի պատկերների շարանով է ավարտվում ֆիլմը: Այս պատկերներում տեսնում ենք կիսավեր, քայքայվող գյուղ. լքված սարքավորումներ, փլվող տներ և այլն: Այս քայքայման պատկերը, հակասական և միաժամանակ միատեղ է բնության գույնզգույն գեղեցկության հետ:

Կադր «Միքայել հրեշտակապետի կանայք» ֆիլմից

Կադր «Միքայել հրեշտակապետի կանայք» ֆիլմից

Այս կանայք, ռուս փոքրամասնությունը, ի հարկե չեն հալածվում ինչպես «Սպասում»-ի Եհովայի վկաները, սակայն նրանք մի տեսակ մոռացված են, և այդ իսկ պատճառով լքում են իրենց գյուղը և երկիրը: Այս է փոխանցում ֆիլմում մեր տեսածը: Համենայն դեպս, պարզ է, որ Իշխանյանի ուշադրության կենտրոնում է գտնվում, փոքրամասնությունների սոցիալական և նաև հոգեբանական վիճակը:

Այստեղ ևս «Սպասում»-ի նման գործ ունենք հավատացյալ մարդկանց հետ: Թեմատիկան  կրոնն է: Պարզ է կրոնական մարդկանց նկարագրելով, հեղինակը անպայման չի բաժանում նրանց հավատքն ու գաղափարները: Բայց այստեղ ևս ցուցադրելու և կիսելու սահամանը շատ նուրբ է: Կան տեղեր, որ ֆիլմը, որց որ միանում է իր հերոսներին և դառնում նրանցից մեկը: Այսպես է եկեղեցական արարողության պատկերներում, հատկապես այն կադրերում, ուր մոմերի լոյսը գրավում են կադրի առաջին պլանը:

Կադր «Միքայել հրեշտակապետի կանայք» ֆիլմից

Կադր «Միքայել հրեշտակապետի կանայք» ֆիլմից

Այս ֆիլմի ոճը, հակառակ առաջինի, շատ խնամված է: Ֆիլմի ընդհանուր զգացումը փոխանցելու մեջ կարևոր դեր են կատարում բնապատկերները, եկեղեցու միջավայրը, և գյուղի քայքայման պատկերների շարանը: Այլ խոսքով, ֆիլմի իմաստը փոխանցվում է ոչ միայն հարցազրույցներով (որոնք իհարկե այստեղ ևս առաջնակարգ դեր ունեն), այլ նաև միջավայրի պատկերներով: Գեղեցկության և փլուզման համատեղումը վերարտադրում է նաև ֆիլմի երաժշտությունը: Պարզ ու գունագեղ պատկերները արված են մեծամասնաբար կայուն (ոչ ձեջքի վրա) կամերայով, ինչը հաղորդում է դասական գեղեցկություն և նաև հողագործական միջավայրի կայունություն, լճացում համեմատված առաջին ֆիլմի քաղաքային աճապարանքի:

Պրիվոլոնոյե նկարհանումներին

Պրիվոլոնոյե նկարհանումներին

Սակայն երկու ֆիլմերի ոճային տարբերությունը չի կարելի բացատրել միայն նյութի տարբերությունով: Առաջին հայացքից դժվար է ասել, թէ երկու ֆիլմերը նույն հեղինակի գործերն են: Գիտենք, որ երկու դեպքում էլ, Իշխանյանը սցենարը գրել է նկարված պատկերների հիման վրա, ինչը նորմալ է վավերագրական կինոյի արտադրության գործում, սակայն ֆիլմի ոճը (կադրերի կոմպոզիցիան, կամերայի վերաբերմունքը և դինամիկան,  մոնտաժը, երաժշտության օգտագործման տեղերը և չափը) իրենք ունեն նույնքան հեղինակային նշանակություն ինչքան սցենարը: Սրանք որոշել են առկա հնարավորությունները և գործակիցների ճաշակը: Ինձ թվում է, որ Իշխանյանը որպէս գրչի մարդ, բավականին ուշադրություն չի դարձրել պատկերային ոճի կարևորությանը, մինչդեռ հենց որպես այդպիսին, լավ գիտի գրականության մեջ լեզվային ոճի կարևորությունը միտք և տրամադրություն փոխանցելու գործում: Կինոյում ևս, կինեմատիկ ոճը, պարզ տեխնիկական հավելում չէ ֆիլմի թեմատիկային կամ գրական բովանդակությանը, այլ ինքը դեր ունի այդ բովանդակության ստեղծման գործում: Ահա իրավացիորեն Վիգեն Գալստյանի համահեղինակի կրեդիթը ֆիլմի անվանացանկում(համառեժիսոր և մոնտաժ):

Արդեն ասացինք, թէ Իշխանյանը իր այս վավերագրական ֆիլմերում կենտրոնացել է դավանական և ազգային փոքրամասնությունների կյանքի և հարցերի վրա: Ավելացնենք, որ սա շատ կարևոր է հատկապես հայերի համար, որոնք իրենք աշխարհի զանազան երկրներում գտնվում են կրոնական կամ ազգային փոքրամասնության կարգավիճակում և պահանջում են պատկան պետությունների և ժողովուրդների կողմից արդար վերաբերմունք: Հետաքրքիր է տեսնել նրանք իրենց երկրում ոնց են վերաբերվում իրենց փոքրամասնություններին:

Այս ֆիլմերը լինելով փոքրամասնությունների մասին, նաև Հայաստանի մասին են: Մի երկրի պետության և ժողովրդի վերաբերմունքը փոքրամասնությունների նկատմամբ զատ չի կարող լինել նրա ընդհանուր հանդուրժողականությունից, և ժամանակակից մարդու իրավունքների գործադրման ստանդարտներից:


[1] Ֆիլմի 47 րոպեանոց տարբերակը  հասնաելի է յութուբում հետևյալ հղմամբ` https://www.youtube.com/watch?v=L29ZcLhOAiw , իսկ 26 րոպեանոց տարբերակը վիմեոյում հետևյալ լինքով https://vimeo.com/63239119

[2] «Միքայել հրեշտակապետի կանայք» ֆիլմը դեռևս առցանց բաց չկա: Դիտել ցանկացողները կարող են դիմել «Ինքնագրի» խմբագրություն ֆիլմի մուտք ունենալու համար:

Show Comments Hide Comments

One thought on Սպասման և քայքայման վավերագրություն

Leave a Reply

Your email address will not be published.