սենեակիս   պատին   ետեւ

ապրող  դրացիս` Ալին

թէ   քիւրտ   էր

թէ  ալ   բանաստեղծ …

ասոր   բա՛խտ   կ’ըսեն…

գնա՜  գնա

նորէ՛ն  գնա

հասիր  ֆրանսա

մէկ  ալ   ի՜նչ  տեսնես …

քիւրտը  եւ  դուն

դուռ  դրացի

կ’ապրիք  կողք  կողքի

կամ  կռնակ  կռնակի…

գլո՛ւխս   կ’արդուկէր

քիւրտ   բանաստեղծ  դրացիս`

Ալին …

մեր  Մեծ  Տիկինին  ձօնած

բանաստեղծութիւն  մը   ունէր

եւ   անպայմա՛ն   կ’ուզէր

բանաստեղծութեան  իր  գիրքը

ես`

իր  հայ  դրացուհին

հետս  տանէի   մայր   հայրենիք

ի՛մ   ձեռքովս    յանձնէի

Մեծ    Տիկինին…

անշո՛ւշտ   մերժեցի

շա՛տ  կտրուկ

յօրինելով

անտրամաբանական

հազար  ու   մէկ

պատճառաբանութիւն

եւ   պատճառաբանութիւններ …

Ուզէ  նեղուի՜,

ուզէ  չնեղուի,

ինծի  ի՜նչ

վերջի՛ն  հոգս  էր…

երբ  հասկցաւ

թէ  յամառ  եմ,

զիս  համոզելը  դժուար`

գրեթէ  անկարելի ,

Ալին  առաջարկեց

յառաջիկային`

շատ  մօտիկ  ապագային

հետս  գալ  մայր   հայրենիք`

Հայաստան…

շունչս   կեցաւ

սի՛րտս  փրթաւ …

աչքերուս  առջեւ

յանկարծ  կախուեցաւ

սարսափելի    տեսարանը…

այն  տարիներուն

այդ  տարիքիս

ես  կին   մը  առանձին`

այսինքն  առանց  ամուսինին

եւ   ամօթի  զգացումին

ազա՜տ    թափառի    լեռ  ու  ձոր

հերիք  չէր

հետն  ալ

քիւրտ  բանստե՞ղծ  մը …

ի   զուր   անիծուէի՞…

պատկերէն  սարսափած

շատ  շուտով  ընդունեցի

քիւրտ  բանաստեղծ  դրացիիս`

Ալիին

վաղեմի   առաջարկը`

առնել  սա  գիրքը

տանիլ  ու   յանձնել

եւ  վերջապէս

ձերբազատուիլ  մղձաւանջէն…

եւ  գացի…

ո՛տքս  կոտրէր    չերթայի…

օգոստոսեան   խանձող  արեւուն  տակ

բարձրացայ

Բաղրամեանէն  վեր…

տատամսող  զարկիս

դուռը   հազիւ   բացաւ

տիկին  մը`  սարսափելի

եւ  կիսաբաց   դռնէն

վերէ՜ն  վար

վարէ՜ն  վեր

չափեց  զիս

ու  չափչփեց

չեմ  գիտեր  ի՛նչս

ապա

առանց  ներս  ընդունելու

ինքնավստահ    հեգնանքով`

 կանո՛ւխ  էք  եկել …

ըսեր  էի

մէ՛յ   մըն  ալ   ըսեմ`

ո՛տքս  կոտրեր

ու    չգայի …

ահաւասիկ  հիմա

կրա՛կը   ինկած   էի  …

ժամացոյցը  կ’ըսէր

թէ  ընդամէնը

քառո՛րդ  ժամ `

տասնհինգ  վայրկեան

կանուխ  եմ  հասեր…

ըսի  լաւ

իջնեմ  վար

փողոցը  սպասեմ

քառորդ  ժամէն`

տասնհինգ  վայրկեանէն

ետ  վեր  ելլեմ

եւ   սա  չըլլալիք   գիրքը

վերջապէս

Մեծ  Տիկինին  յանձնեմ

ու  ազատի՜մ

կեանքս  հանգի՜ստ  շարունակեմ  …

իջնեմ   ու    ելլեմ

սա   տասնհինգ   վայրկեանը

արդէն   գլորած  եմ…

ոչի՛նչ

        մտէ՛ք`

շարունակեց    սարսափելի   տիկինը

եւ    իր  հեգնական  նայուածքով

կիսաբաց  դռնէն

զիս  առաջնորդեց

դէպի    Մեծ  Տիկինին  սենեակը …

չհասկցայ

թէ  ի՛նչս  չէր  հաւնած…

կամ  թէ  ի՛նչ  մեղք  գործած   էի…

ես  ուրկէ՞  գիտնամ…

թերեւս

բանաստեղծ   դրացիիս     քի՞ւրտ   ըլլալը…

տամ   ազատիմ

շուտով  յանձնեցի  սա  գիրքը

Մեծ  Տիկինին

եւ   հակիրճ

երկու  բառով

իմ    ու  քիւրտ  դրացիիս

առեղծուածը  յստակացնելով

հետն   ալ   հազար  ներողութիւն

քառորդ  ժամուան

եւ   այցելութեանս   համար

ապա   նահանջող  քայլերով

ուզեցի    սահիլ

սա    պատկերէն  դուրս   սպրդիլ

երբ   յանկարծ

Մեծ  Տիկինը

իմանալով  թէ  պճեղ  մըն  ալ   եգիպտահայ եմ `

Էդ  Եգիպտոսո՞ ւմ   ես

                                                                 էդպէս  սեւացել…

դէպի  դուռը  նահանջող  քայլերս

քարացան…

գաւաթս   յորդած  էր…

չէ՞  որ  մենք`  կիներս

փոքր  ժամանակ

կ’ունենանք  սեւ  սեւ  գանգուր  մազեր

ապա

ամուսնանալու  տարիքին  երբ  հասնինք

յանկարծ   կ’ունենանք

շիփ   շիտակ

դեփ  դեղին  մազեր

այսինքն

կը  դառնանք

գրեթէ  եւրոպացի…

ո՛չ  եգիպտոսում`  

                                                                                  այլ

                                                 Երեւանի  փողոցներում    եմ

                                                                               էսպէս  սեւացել

պատասխանեցի  ես`

մի   ոմն

քիւրտի  նման

սեւ  սեւ   աղջիկ…

յանկարծ

մայրացաւ  Մեծ  Տիկինը

թէ`

էդպէս  չասե՜ս

                                       յանկարծ  սխալ  բան  կը  հասկացուի…

 

 

 

           ով  ինչ  ուզէ

                 թող  հասկնայ`

պատասխանեցի  կոտոշներս   տնկած

ու   պատկերէն  դո՛ւրս  սահեցայ

ետիս  ձգելով

դուռը   փակող  սիրելի  տիկինը`

սովետին    կարմիր

վերջին     շողերը…

այսօր`

տարիներ  ետք

մեր   մայրաքաղաքին

փողոցի  մը   մայթին

հիւրընկալ   մէկ   նստարանին   նստած

երջանկութեամբ  կը  դիտեմ

նո՛ր  սերունդին

ածուխի  նման

սեւ  սեւ

գանգուր  ու  խիզախ

մազերը…

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.