Թասը դնում եմ անձրևի տակ և նստում գետնին՝ սպասելով, որ մեկնումեկը կլցնի:
Թասը դնում եմ անձրևի տակ և նստում գետնին՝ սպասելով, որ մեկնումեկը կնկատի:
Թասը դնում եմ անձրևի տակ և նստում մոտակայքում՝ սպասելով, որ մեկնումեկը կնկատի:
Թասը դնում եմ անձրևի տակ և թաքնվում մոտակայքում՝ սպասելով, որ մեկնումեկը կնկատի:
Թասը դնում եմ անձրևի տակ և թաքնվում մոտակայքում՝ հուսալով, որ մեկնումեկը կնկատի:
Թասը դնում եմ դռան տակ և թաքնվում մոտակայքում՝ հուսալով, որ մեկնումեկը կնկատի:
Երեխային դնում եմ դռան տակ և թաքնվում մոտակայքում՝ հուսալով, որ մեկնումեկը կնկատի:
Երեխային դնում եմ դռան տակ և թաքնվում մոտակայքում՝ հուսալով, որ տերը կնկատի:
Երեխային դնում եմ դռան տակ և թաքնվում մոտակայքում՝ հուսալով, որ տերը կքշի:
Երեխային դնում եմ մեքենայի տակ և թաքնվում մոտակայքում՝ հուսալով, որ տերը կքշի:
Քշեց:
Երեխան երեք օրական էր։
* * * _ _ _ * * *
Քննիչը նորից նույն բառերով հարցնում է: Հանգիստ պատասխանում եմ․
– Ես էլ չեմ իմանում: Անձրև է գալիս, սոված եմ, թասը նման է ոտնլվայի թասին․․․
Քննիչի գործը իմ գործը բացահայտելն է: Բայց նա երազում է փակելու մասին․ տեսնում եմ աչքերի բացվածքից:
-Ոտնլվան ինչ կապ ունի,-գոռում է:
Բժիշկ-հոգեբանն է գալիս:
-Դեպքի վայրում ոչ մի թաս էլ չի եղել,- ասում է նա,- իսկ երեխան մոտ մեկուկես ամսական է եղել: Անամպ, արևոտ օր է եղել, իսկ սոված էիր թե ոչ՝ գործի համար էական չի:
Բժիշկը քննիչից քննիչ է: Քննիչը չի հավատում, որ սկզբում երեխա չկար, միայն թասն էր: Նորից եմ բացատրում․
-Թասը դնում եմ անձրևի տակ և նստում գետնին․․․
Բժիշկը պետք է ինձ գտնի, մինչդեռ կորցնում է իրեն: Իմ բառերից նրանք կորցնում են իրենց: Ձախլիկ բռունցքը ծեփում է քթիս: Արյուն է գալիս: Քննիչը տանում է նրան:
Հետո արձանագրությունը դնում է դեմս:
-Կա՛մ ստորագրի, կա՛մ նոր ցուցմունք գրի՛,- պահանջում է:
-Նոր բառերո՞վ:
-Ինչպես որ եղել է, այդ բառերով:
Բժշկից չեմ նեղանում․ բժիշկ է, էլի՛, ի՞նչ պիտի իմանա բառերով խաղալու մասին: Բայց քննիչը, քննիչը, ախր, քննիչը պիտի հասկանա: Քննիչը բառեր է դուրս քաշում ուրիշների միջից այնպես, ինչպես ես՝ իմ միջից: Հատ եմ փախցնում ու սկսում եմ քանդել, ու հին գործվածքը հալվում-անհետանում է, իսկ կծկած թելով նորն եմ գործում: Հասկացո՛ղը պիտի քննի:
-Ինչպես որ եղել է, հենց այդ բառերով էլ գրել եմ:
-Ի՞նչ է, թասը, անձրևը, դո՞ւռն էլ են եղել:
Բժիշկն է մտնում ներս:
Հավաքում եմ համբերությանս հետ քիթուբերանիցս դուրս թափված արյունս։ Անձեռոցիկը գույնը փոխում է։ Ձեռի հետ մանրում եմ, ցանում սեղանին։
-Դրանք բառեր են,-կրկնում եմ,-եղած-չեղածը բառեր են: Թասը, երեխան, անձրևը, դուռը, մեքենան, տերը․․․ եթե բառեր չեն, ուրեմն ի՞նչ են:
-Դու աննորմալ ես,- հատիկ-հատիկ շպրտում է բժիշկը:
-Չեմ հասկանում,- ասում է քննիչը:
-Բառերում կյանքեր կան,- պնդում եմ ես:
Բժիշկը ծնոտով կռանում է ճակատիս:
-Հակառակն է,- կրճտացնում է ատամների տակ,- կյանքում բառեր կան:
Քննիչը հետ է քաշում նրան:
-Իսկ ոտնլվան ի՞նչ կապ ունի,- այդ ընթացքում հարցնում է մի տեսակ ոգեշնչված:
-Ինչի՞, մնացածները կապ ունեի՞ն,-զարմանում եմ ես։
Հիմա էլ բժիշկն է հետ քաշում քննիչին:
-Դու տարբերություն չե՞ս տեսնում երեխայի և «երեխա» բառի միջև,- հարցնում է այդ ընթացքում։
-Եթե տարբերություն լիներ երեխայի և «երեխայի» միջև, աշխարհն անհեթեթություն կլիներ,- ժպտում եմ ես:
-Փորձենք այսպես,- բժիշկը նստում է,- ենթադրենք երեխան կոչվում է, օրինակ, «տանտանտան»․․․
-Փորձենք,- համաձայնում եմ:- Տանտանտանին դնում եմ մեքենայի տակ․․․ Թե՞ ամենասկզբից փորձենք:
Քննիչը ձեռքերով ծածկում է երեխայական-անհասկացող աչքերը:
-Պինդ է,- փնթփնթում է ձեռքի տակից,- չեմ հավատում: Ձևի՜ստ: Ձևերիիիիիի՜ստ:
Գոռոցի վրա հսկիչը ներս է ընկնում: Քննիչին տանում են: Բժիշկը նրանց հետևից դուրս է գնում: Արձանագրությունը քաշում եմ դիմացս, նորից կարդում եմ: Անգիր եմ արել: Ոչ մի ընդհանուր բան չկա իմ պատմության հետ: Մի-երկու բառից բացի: Իմն ավելի լավն է:
Սպասում եմ: Չեն վերադառնում: Սպասում եմ: Պատերն էլ անգիր արեցի: Սենյակն էլ հետը։ Աչքս ընկնում է վերևից կախված տեսանկարող աչքին: Չի թարթում: Կուրացե՞լ է: Չեմ հավատում: Շունչս պահած, րոպեները վայրկյան-վայրկյան հաշվելով, նայում եմ: Չի թարթում, կարմիրը չի թարթում: Կամաց մոտենում եմ դռանը, քաշում: Բացվում է: Գլուխս զգույշ դուրս եմ մեկնում: Հսկիչներն ո՞ւր են: Լռություն է: Կամաց-կամաց ելնում եմ խցից: Դանդաղ ընդառաջ եմ գնում միջանցքի խորքում փայլփլող օդին: Արագ-արագ նետվում եմ դուրս:
Արագ-արագ ցատկոտում են մտքերս:
Արագ-արագ թաքցնում եմ մտքերս:
Արագ-արագ թաքցնում եմ հետքերս:
Քայլ-քայլ թաքցնում եմ հետքերս:
Քայլ-քայլ ջնջում եմ հետքերս։
Քայլ-քայլ ջնջում եմ բառերս:
Բառ-բառ ջնջում եմ բառերս:
Բառ-բառ բառում եմ բառերս: