«Նուրբ որսը» Պոլ Բոուլզի «Նուրբ որսը և այլ պատմվածքներ» 17 պատմվածքից կազմված ժողովածուից է, որն առաջին անգամ լույս է տեսել 1950 թվականին:

Տաբելբալայում կաշի վաճառող երեք Ֆիլալի կային՝ երկու եղբայրներ և նրանց քրոջ երիտասարդ որդին: Երկու տարեց առևտրականները լուրջ, մորուքավոր մարդիկ էին, ովքեր սիրում էին շոգ ժամերի դանդաղ ընթացքում ներգրավվել բարդ աստվածաբանական բանավեճերում, շուկային մոտ գտնվող իրենց խանութում[1] նստած, իսկ երիտասարդը գրեթե միշտ ժամանակն անցկացնում էր սևամորթ աղջիկների հետ փոքրիկ կաղտիե ղեզեղվե[2]-ում: Նրանցից մեկն ավելի կրքոտ էր, քան մնացածները, այդ պատճառով տղան տխրեց, երբ մեծահասակներն ասացին, որ իրենք շուտով պետք է գնան Տեսալիտ: Սակայն, գրեթե ամեն քաղաքում կար իր կաղտիեն, և Դրիսը համարյա վստահ էր, որ ցանկացած կաղտիեում կկարողանա գտնել իրեն հարմար մեկին՝ անկախ իր ներկայիս խառը զգացմունքներից, այսպիսով հեռանալու հետ կապված նրա թախիծը երկար չտևեց:

Երեք Ֆիլալիները, մինչև ճամփա ընկնելը, սպասում էին եղանակի ցրտելուն: Քանի որ ուզում էին հնարավորինս արագ տեղ հասնել, ընտրել էին ամենաարևմտյան արահետը, որն անցնում էր հեռավոր տարածքներով, որոնք սահմանակից էին Ռեգիբա ավազակ ցեղերի հողերի հետ: Շատ ժամանակ էր անցել, ինչ բիրտ սարեցիները քարավանով ցած էին իջել համադներից, շատերն այն կարծիքին էին, թե Սարհոյի պատերազմից հետո նրանք կորցրել էին իրենց զենքի ու ռազմամթերքի մեծ մասը, ինչպես նաև՝ ոգին: Եվ երեք հոգանոց ուղտավորների փոքրիկ խումբը դժվար թե կարողանար Ռեգիբաների նախանձը շարժել, որոնք այսպես թե այնպես, հարուստ էին Ռիո դե Օրոյից և Մավրիտանիայից խլած ավարով:

Տաբելբալայի իրենց ընկերները, որոնց մեծ մասը նույնպես Ֆիլալի կաշվի առևտրականներ էին, տխուր ուղեկցեցին նրանց մինչև քաղաքի ծայրը, ապա հրաժեշտ տվեցին ու նայեցին, թե ինչպես նրանք նստեցին իրենց ուղտերն ու դանդաղ հեռացան դեպի պայծառ հորիզոն:

  • Եթե Ռեգիբաների հանդիպեք, նրանցից առաջ չանցնեք,- գոռացին:

Տաբելբալայից դուրս գալուց երեք-չորս օր հետո կհասնեին վտանգավոր տեղերին, իսկ ևս մի շաբաթ անց Ռեգիբաների հողերը կմնային հետևում: Կեսօրին եղանակը զով էր: Գիշերները հերթով հերթապահում էին: Երբ Դրիսն էր արթուն մնում, հանում էր փոքրիկ սրինգը, որի սուր հնչյուններից տարեց քեռին հոնքերն էր կիտում, ապա խնդրում ավելի հեռու նստել իրենց քնապարկերից: Ամբողջ գիշեր նա նստած նվագում էր բոլոր այն տխուր երգերը, որ միտքն էին գալիս. նրա կարծիքով ուրախ երգերը պատկանում էին quartier-ին, ուր մարդ երբեք իրեն մենակ չէր զգում:

Երբ քեռիներն էին հսկում, նստում էին հանդարտ ու նայում իրենց դիմաց՝ խավարի մեջ: Միայն իրենք էին՝ երեքը:

Իսկ հետո մի օր մենավոր կերպարանք հայտնվեց, ով արևմուտքից գալիս էր դեպի իրենց՝ անկենդան հարթավայրի միջով: Ուղտին նստած մի մարդ էր, այլ մարդկանց որևէ նշույլ չկար, չնայած իրենք զննում էին հարթավայրն ամեն ուղղությամբ: Որոշ ժամանակով կանգ առան: Նորեկն իր ուղղությունը թեթևակի փոխեց: Նորից շարժվեցին, նա կրկին փոխեց: Կասկած չկար, որ նորեկն ուզում էր խոսել իրենց հետ:

– Թողեք գա,- մրթմրթաց տարիքով ավելի մեծ քեռին՝ ևս մեկ անգամ զննելով դատարկ հորիզոնը: – Բոլորս էլ հրացան ունենք:

Դրիսը ծիծաղեց: Նրա համար անհեթեթություն էր անգամ մոտ թողնել մեկ հոգու պատճառով անհանգստանալու միտքը:

Երբ վերջապես կերպարանքը մոտեցավ այնքան, որ ձայնը կլսվեր, կանչեց մոլլայի ձայնով.

– Սալամ Ալեյքում:

Նրանք կանգ առան, բայց չիջան ուղտերից, այլ սպասեցին, որպեսզի նորեկն ավելի մոտ գա: Շուտով նա նորից կանչեց, այս անգամ տարեց քեռին պատասխանեց, բայց հեռավորությունը դեռ չափազանց մեծ էր, որ ձայնը տեղ հասցներ, ու տղամարդը չլսեց նրա ողջույնը: Վերջապես այնքան մոտեցավ, որ հնարավոր եղավ տեսնել՝ նա Ռեգիբաների հագուստ չէր կրում: Նրանք իրար մեջ մրթմրթացին.

– Հյուսիսից է գալիս, ոչ թե արևմուտքից:

Եվ բոլորը թեթևություն զգացին: Համենայն դեպս, երբ նա հասավ իրենց, նրանք դեռ ուղտերի վրա էին ու հանդիսավոր գլուխ խոնարհեցին նստած տեղից՝ շարունակելով նայել նորեկի դեմքին և նրա հագուստներում փնտրել ինչ-որ կեղծ նոտա, որը կբացահայտեր հնարավոր ճշմարտությունը՝ որ նորեկը Ռեգիբաների հետախույզներից էր, իսկ մյուսները սպասում էին համադների վրա նստած ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա, կամ նույնիսկ շարժվում էին նրա հետքերին զուգահեռ՝ մոտենալով այնպես, որ միայն մայրամուտից հետո հայտնվեն տեսադաշտում:

Անշուշտ, անծանոթն ինքը Ռեգիբաներից չէր: Նա արագաշարժ էր ու աշխույժ, բաց գույնի մաշկ ուներ, իսկ դեմքին՝ քիչ մազածածկույթ: Դրիսը զգաց, որ իրեն դուր չեն գալիս նրա մանրիկ, շարժուն աչքերը, որոնք ասես կլանում էին ամեն բան, սակայն ոչինչ չէին մատնում, սակայն այդ անցողիկ ռեակցիան ընդամենը մի մասն էր կազմում ընդհանուր անվստահության, որն ամբողջովին հօդս ցնդեց, երբ իմացան, որ նորեկը Մունգարի է: Մունգարն աշխարհի այդ մասում գտնվող սուրբ վայր է, և նրա սակավաթիվ բնակիչներին հարգանքով են վերաբերվում ուխտավորները, ովքեր գնում են մոտակա տաճարի ավերակները տեսնելու:

Նորեկն առանձնապես ջանք չէր թափում թաքցնելու ո՛չ այդ տեղանքում մենակ լինելու պատճառով զգացած վախը, ո՛չ էլ այժմ երեք այլ մարդկանց հետ գտնվելու ուրախությունը: Բոլորն իջան ուղտերից և իրենց ընկերությունը կնքելու համար թեյ պատրաստեցին, իսկ Մունգարին դասավորեց փայտածուխը:

Երրորդ բաժակն ըմպելու ընթացքում առաջարկեց, որ, քանզի քիչ թե շատ նույն ուղղությամբ էին գնալու, ինքն իրենց ընկերակցի մինչև Տաուդենի: Նրա պայծառ աչքերն անցնում էին մի Ֆիլալիից մյուսին, նա բացատրեց, որ ինքը հրաշալի է կրակում, ու որ կկարողանա իրենց համար ճանապարհին վիթի միս հայթայթել, կամ գոնե աուդադի[3]: Ֆիլալիները խորհեցին, վերջապես ամենատարեցն ասաց.

– Համաձայն ենք:

Նույնիսկ եթե պարզվեր, որ Մունգարին այնքան էլ ճարպիկ որսորդ չէ, ինչպես ներկայացնում էր, գոնե ճամփան երեքի փոխարեն չորսով կանցնեին:

Երկու օր անց, ծագող արևի հզոր լռության ներքո Մունգարին մատնացույց արեց իրենցից դեպի արևելք ընկած ցածր բլրակները:

– Տիման է: Գիտեմ այս կողմերը: Այստեղ սպասեք: Եթե կրակոց լսեք, եկեք, դա կնշանակի, որ այնտեղ վիթեր կան:

Մունգարին ոտքով հեռացավ՝ մագլցելով քարերի արանքով, և անհետացավ մոտակա բարձունքի հետևում:

«Նա մեզ վստահում է,-մտածեցին Ֆիլալիները, – նա իր հետ չվերցրեց իր մահարին[4], շալերն ու մնացած իրերը»: Ոչ ոք ոչինչ չասաց, բայց ամեն մեկը գիտեր, որ մյուսը նույն բանն է մտածում, ու մի տեսակ ջերմությամբ լցվեցին օտարականի հանդեպ: Վաղորդյան ցրտին նրանք նստած սպասում էին, իսկ ուղտերը որոճում էին:

Հավանական չէր թվում, թե մոտակայքում վիթեր կլինեն, բայց եթե լինեին, իսկ Մունգարին այնքան լավ որսորդ լիներ, որքան իրեն ներկայացնում էր, ապա հնարավոր էր, որ այդ երեկոյան իրենք վիթից պատրաստված մեչավի[5] վայելեին, իսկ դա պարզապես հրաշալի կլիներ:

Արևը դանդաղ բարձրանում էր մուգ կապույտ երկնքում: Ուղտերից մեկը վեր կացավ ու դանդաղ հեռացավ՝ հուսալով փշածաղիկ կամ թուփ գտնել քարերի արանքում կամ անցյալ տարվա անձրևներից հետո մնացած որևէ բան: Երբ ուղտը տեսադաշտից կորավ, Դրիսը գնաց նրան որոնելու, ու հետ բերեց մյուսների մոտ՝ գոռալով.

– Հո՜:

Նստեց: Հանկարծ կրակոց լսվեց, հետո երկար, դատարկ ընդմիջում եղավ, ապա՝ երկրորդը: Ձայնը բավականին հեռվից էր գալիս, բայց պարզ լսվում էր բացարձակ լռության մեջ: Ավագ եղբայրը վեր կացավ:

– Ես կգնամ: Ի՞նչ իմանաս, գուցե և վիթեր կան:

Նա մագլցեց ժայռը, հրացանը ձեռքում, ու անհետացավ:

Կրկին սպասեցին: Այս անգամ, երբ կրակոցներ լսվեցին, դրանք երկու հրացաններից էին:

– Գուցե վիթ խփեցին,-բացականչեց Դրիսը:

Ալլահի օգնությամբ, – պատասխանեց քեռին՝ վեր կենալով ու հրացանը վերցնելով: – Գնամ ես էլ բախտս փորձեմ:

Դրիսը հիասթափված էր: Հույս ուներ, թե ինքն է գնալու: Եթե միայն մի վայրկյան շուտ վեր կացած լիներ, դեռ հնարավոր կլիներ, բայց երևի թե ամեն դեպքում իրեն կթողնեին այդտեղ մահարիներին հսկելու: Ամեն դեպքում, հիմա արդեն չափազանց ուշ էր, քեռին արդեն վեր էր կացել:

– Լավ:

Քեռին քթի տակ ինչ-որ երգ մրթմրթալով՝ հեռացավ: Երգը արմավենիների և թաքուն ժպիտների մասին էր: Մի քանի րոպե Դրիսը դեռ լսում էր երգից պատառիկներ, քանի որ բարձր հնչյունները հասնում էին հեռավորության վրա: Հետո ձայնը կորավ ամենակուլ լռության մեջ:

Սպասեց: Արևն սկսում էր այրել: Գլուխը փաթաթեց չալմայով: Ուղտերը հիմարաբար իրար էին նայում, վզները ծռում ու բացում դեղնա-շագանակագույն ատամները: Մտածեց սրինգ նվագելու մասին, բայց կարծես դրա ժամանակը չէր, չափազանց անհանգիստ էր, չափազանց շատ էր ուզում հրացանը ձեռքին նրանց հետ լինել, բարձրանալ ժայռերն ու մասնակցել նրանց խորամանկ որսին: Մտածեց Տեսալիտի մասին, տեսնես ինչպիսին էր այն: Երևի թե այն լի էր սևերով ու տուարեգներով, հաստատ ավելի մարդաշատ կլիներ, քան Տաբելբալան՝ իր միջով անցնող ճանապարհի շնորհիվ: Կրակոց լսվեց: Սպասեց, բայց ուրիշ ձայն չեկավ այս անգամ: Նորից իրեն պատկերացրեց քարերի արանքում, փախչող կենդանուն նշան բռնելիս: Քաշեց ձգանը, կենդանին ընկավ: Հետո մյուսներն եկան, ու ինքը բոլորին որսաց: Մթության մեջ ճամփորդները նստեցին կրակի շուրջն ու դեմքները յուղից փայլեցնելով՝ սկսեցին ուտել խորոված միսը: Բոլորը գոհ էին, և անգամ Մունգարին ընդունեց, որ երիտասարդ Ֆիլալին իրենց միջի լավագույն որսորդն էր:

Շոգից նա ննջեց, միտքը թափառում էր փափուկ ազդրերից ու պինդ, փոքրիկ կրծքերից կազմված լանդշաֆտում, որոնք բարձրանում էին ավազաբլրերի նման, երգի հնչյունները լողում էին, ասես երկնքում ամպիկներ լինեին, օդը խիտ էր յուղոտ վիթի մսի համից:

Նստեց ու արագ շուրջը նայեց: Ուղտերը վզները գետնին ձգած պառկած էին: Ոչինչ չէր փոխվել: Վեր կացավ, անհանգիստ զննեց քարքարոտ բնապատկերը: Երբ ննջում էր, գիտակցություն էր սողոսկել ինչ-որ մեկի թշնամական ներկայությունը: Զգացողությունը մտքի վերածելով՝ ճչաց: Այդ փոքրիկ, շարժուն աչքերն առաջին անգամ տեսնելիս նա արդեն իսկ չէր վստահել դրանց տիրոջը, բայց քանի որ քեռիները նրան ընդունեցին, կասկածամտությունը հետ մղվեց: Այժմ, քնի մեջ ազատվելով՝ այն կրկին գլուխ էր բարձրացրել: Նա շրջվեց դեպի տոթ բլուրը և ուշադիր նայեց քարերին, ստվերներին: Հիշողության մեջ նորից լսեց ժայռերից հնչած կրակոցները, ու հիմա գիտեր, թե դրանք ինչ էին նշանակում: Հեծկլտալով՝ վազեց նստելու իր մահարին, կենդանուն վերև ձգեց ու արդեն անցել էր մի քանի հարյուր քայլ, երբ հանկարծ հասկացավ, թե ինչ է անում: Նա ուղտին կանգնեցրեց՝ մի պահ հանգիստ նստած մնաց, և վախով ու անորոշությամբ հետ նայեց դեպի խարույկը: Եթե քեռիները մեռած էին, ուրիշ բան չէր մնում անելու, քան հնարավորինս արագ դուրս գալ բաց անապատ, հեռու քարերից, որտեղ կարող էր թաքնվել Մունգարին:

Եվ այսպես, առանց իմանալու Տեսալիտի ճանապարհը, առանց բավարար ուտելիքի ու ջրի պաշարի, նա առաջ ընթացավ՝ ժամանակ առ ժամանակ արցունքները սրբելու համար մի ձեռքը բարձրացնելով:

Երկու-երեք ժամ նա շարունակեց այդպես, գրեթե չնկատելով, թե ուր է գնում իր մահարին: Հանկարծ ուղիղ նստեց, հայհոյեց ինքն իրեն ու կատաղած՝ կենդանուն շրջեց դեպի հետ: Հենց այդ պահին քեռիները կարող էին նստած լինել իրենց ճամբարում Մունգարիի հետ, խարույկ վառել ու մեչավի պատրաստել՝ իրենք իրենց տխուր հարցնելով, թե ինչու զարմիկը որոշեց լքել իրենց: Կամ գուցե արդեն իսկ ճամփա էին ընկել իրեն փնտրելու: Իր պահվածքի համար որևէ արդարացում չկար, այն զուտ սարսափի արդյունք էր: Երբ մտածեց դրա մասին, է՛լ ավելի զայրացավ ինքն իր վրա: Իր պահվածքն աններելի էր: Կեսօրն անցել էր, արևն արևմուտքում էր: Ուշ կլիներ, երբ հետ հասներ: Անխուսափելի հանդիմանությունների և ծաղրող ծիծաղի կանխատեսումից, որոնցով իրեն դիմավորելու էին, զգաց, թե ինչպես է դեմքը շիկնում ամոթից, ու չարացած կրունկներով խփեց մահարիի կողերին:

Դեռ չէր հասել ճամբարին, երբ երգի ձայն լսեց: Դա զարմացրեց նրան: Կանգ առավ ու ականջ դրեց: Ձայնը չափազանց հեռու էր, որպեսզի ճանաչեր, բայց Դրիսը վստահ էր, որ Մունգարիի ձայնն էր լսում: Շարունակեց մոտենալ բլրակի կողմից, որտեղից բաց տեսադաշտ կբացվեր դեպի ուղտերը: Երգեցողությունը դադարեց՝ իր տեղը զիջելով լռությանը: Պարկերից մի քանիսը արդեն բարձել էին ուղտերի վրա, հեռանալու պատրաստություն էին տեսնում: Արևը մայր էր մտնում, ժայռերի ստվերները երկար ձգվում էին երկրի վրայով: Դրիսը ձայն տվեց՝ պատրաստ կենդանուց իջնելու: Գրեթե միևնույն ժամանակ շատ մոտիկ կրակոց եկավ, ու լսեց, թե ինչպես փամփուշտը սվվալով անցավ գլխի մոտով: Հրացանը բարձրացրեց: Մեկ ուրիշ կրակոց, սուր ցավ զգաց թևին, հրացանն ընկավ:

Մի պահ ապշած նստել էր տեղում՝ թևը բռնած: Հետո կտրուկ ցած իջավ ու սկսեց սողալ քարերի արանքով՝ առողջ ձեռքով փորձելով հասնել հրացանին: Երբ դիպավ դրան, երրորդ կրակոցը լսվեց, որը զենքն իրենից մի քանի քայլ այն կողմ շպրտեց՝ կորցնելով փոշու ամպի մեջ: Ձեռքը հետ քաշեց ու նայեց. այն սևացել էր ու արնահոսում էր: Այդ պահին Մունգարին հայտնվեց իր ու հրացանի արանքում: Մինչ Դրիսը կհասցներ վեր կենալ, Մունգարին վրա հասավ ու իր զենքի փողով տղային հետ շպրտեց գետնին: Վերևում անխռով երկինքն էր, Մունգարին վճռական վեր նայեց: Նա նստեց դեմքով դեպի վեր պառկած երիտասարդի վրա ու հրացանի փողը դեմ արեց վզին, հենց կզակի տակ, ու ցածրաձայն արտաբերեց.

– Ֆիլալի շուն:

Դրիսը մի տեսակ հետաքրքրությամբ նրան նայեց: Մունգարին հաղթել էր, մնում էր միայն սպասել: Տղան նայեց նրա դեմքին արևի լույսի տակ, ու յուրահատուկ ուժ նկատեց: Իրեն ծանոթ էր դեմքի նման արտահայտությունը, այդպես հաշիշից է լինում: Դրա տաք ծխի մեջ մարդ կարող էր շատ հեռանալ իրական աշխարհից: Նրա չարախինդ դեմքին չնայելու համար Դրիսը այս ու այն կողմ էր թեքում հայացքը: Միայն երկինքն էր երևում: Հրացանի փողը խեղդում էր:

– Քեռիներս որտե՞ղ են,-շշնջաց:

Մունգարին ավելի ուժեղ սեղմեց կոկորդին հրացանով, թեքվեց զոհի վրա ու մի ձեռքով քաշեց նրա սեղուելը[6]՝ այդպիսով նրան մերկացնելով գոտկատեղից ներքև, ինչից Դրիսը մի թեթև դողաց՝ մարմնի տակ զգալով սառը քարերը:

Ապա Մունգարին պարան հանեց ու կապեց տղայի ոտքերը: Բարձրացավ դեպի գլուխն ու կտրուկ հրացանի փողը սեղմեց պորտին: Մի ձեռքով շորերի փեշերը գցեց տղայի գլխին, իսկ մնացած մասով փաթաթեց  դաստակները: Կտորի ավելորդ մասը կտրեց հին ածելիով: Այդ ընթացքում Դրիսը քեռիների անուններն էր տալիս, բարձր կանչում էր մերթ մեկին, մերթ մյուսին:

Տղամարդը հետ քաշվեց ու զննեց քարերին պառկած երիտասարդի մարմինը: Նա մատը սահեցրեց ածելու սայրի վրայով, հաճելի զգացողություն ունեցավ: Առաջ եկավ, ցած նայեց ու տեսավ Դրիսի փորից ցած երևացող առնանդամը: Լրիվ չհասկանալով, թե ինչ է անում, նա բռնեց այն ափի մեջ մի ձեռքով, իսկ մյուսով, ասես մանգաղով հնձվոր, կտրեց: Միանգամից պոկվեց: Կլոր, սև անցք մնաց կաշվի վրա, մի պահ դատարկ հայացքով զննեց: Դրիսը ճչում էր: Ամբողջ մարմնի մկանները պրկվել էին:

Մունգարին դանդաղ ժպտաց՝ ատամները բացելով: Նա ձեռքը դրեց տղայի փորին ու հարթեցրեց մաշկը: Հետո մի փոքրիկ ուղղահայաց անցք բացեց այնտեղ, ու երկու ձեռքով անդամը ներս մտցրեց, մինչև այն լրիվ մտավ մարմնի մեջ:

Երբ ձեռքերը մաքրում էր ավազով, ուղտերից մեկը հանկարծակի խռնչաց: Մունգարին վեր թռավ ու կատաղած շրջվեց՝ ածելին բարձր պահած: Հետո, իր նյարդայնությունից ամաչելով, զգալով, որ Դրիսն իրեն է նայում ու ծաղրում (չնայած տղան ցավից ոչինչ չէր տեսնում), ոտքով խփեց նրա փորին, տղան ցավից կծկվեց: Հետևելով նրա շարժումներին՝ Մունգարին մի նոր միտք հղացավ: Հաճելի կլիներ երիտասարդ Ֆիլալիին մինչև վերջ նվաստացնել: Հարձակվեց տղայի վրա: Այս անգամ նրա հաճույքն աղմկոտ էր ու անշտապ: Աստիճանաբար քնով անցավ:

Լուսաբացին արթնացավ ու ձեռքը տարավ ածելուն, որն ընկած էր մոտերքում: Դրիսը թույլ տնքում էր: Մունգարին նրան շրջեց ու սայրը սկսեց քսել կոկորդին հետ ու առաջ, սղոցի նման, մինչև համոզվեց, որ կտրել է շնչափողը: Հետո վեր կացավ, հեռացավ ու վերջացրեց ուղտերին բարձելու գործողությունը, որ սկսել էր նախորդ օրը: Երբ ավարտեց, բավական ժամանակ ծախսեց մարմինը դեպի բլրի ստորոտը քարշ տալու ու քարերի արանքում թաքցնելու համար:

Ֆիլալիների ապրանքը Տեսալիտ տեղափոխելու համար (քանի որ Տաուդենիում գնորդ չէր լինի) անհրաժեշտ էր նրանց մահարիներն իր հետ տանել: Հիսուն օր անց տեղ հասավ: Տեսալիտը փոքր քաղաք է: Երբ Մունգարին սկսեց կաշին սրան-նրան ցույց տալ, մի ծեր Ֆիլալի, ով այնտեղ էր ապրում, ում մարդիկ կոչում էին Ծեր Չիբանի, նրա հոտն առավ: Նա եկավ ապրանքն ուսումնասիրելու որպես պոտենցիալ գնորդ, իսկ Մունգարին այնքան հիմար գտնվեց, որ ցույց տվեց կաշիները: Ֆիլալի կաշին ոչնչի հետ չէիր շփոթի, միայն Ֆիլալիներն էին զբաղվում դրա մեծածախ վաճառքով: Էխ Չիբանին հասկացավ, որ Մունգարին դրանց անօրինաբար է տիրացել, բայց ոչինչ չասաց: Ծերունին գնաց Դատարան, երբ մի քանի օր անց մեկ այլ քարավան եկավ Տաբելբալայից, որտեղ երեք Ֆիլալիների ընկերներն էին, ովքեր հարցուփորձ արեցին նրանցից ու շատ զարմացան, որ նրանք դեռ տեղ չեն հասել: Որոշ դժվարություններից հետո նա գտավ մի ֆրանսիացու, ով պատրաստ էր իրեն լսել: Հաջորդ օրը Պարետն իր երկու ենթակաների հետ այցելեց Մունգարիին: Նրանք հարցրեցին, թե որտեղից իրեն երեք հավելյալ մահարիներ, որոնց վրա դեռ մնացել էին Ֆիլալիների ցնցոտիներից: Նա խորամանկ պատասխաններ տվեց: Ֆրանսիացիներն ուշադիր լսեցին, շնորհակալություն հայտնեցին ու հեռացան: Մունգարին չտեսավ, որ Պարետը աչքով արեց մյուսներին, երբ դուրս եկան փողոց: Դրա համար էլ նստած մնաց իր բակում՝ առանց իմանալու, որ իրեն արդեն դատել ու մեղավոր էին ճանաչել:

Երեք ֆրանսիացիները վերադարձան Դատարան, որտեղ նստած էին նոր ժամանած Ֆիլալիներն ու Էխ Չիբանին: Պատմությունը նոր չէր, Մունգարիի մեղավորությունը կասկածի տեղիք չէր տալիս:

– Նա ձերն է,-ասաց պարետը:- Արեք նրա հետ ինչ կուզեք:

Ֆիլալիները նրան շնորհակալություն հայտնեցին, ապա մի փոքր խորհրդակցեցին ծեր Չիբանիի հետ, ու խմբով դուրս եկան: Երբ հասան Մունգարիի տուն, նա թեյ էր պատրաստում: Մունգարին գլուխը բարձրացրեց ու ողնաշարով դող անցավ: Սկսեց գոռալ, որ ինքն անմեղ է, նրանք ոչինչ չասացին, բայց զենքով սպառնալով կապեցին ու գցեցին մի անկյուն, ուր նա շարունակեց խոսել ու հեծկլտալ: Ֆիլալիները հանգիստ խմեցին Մունգարիի թրմած թեյը, նորից թրմեցին, ու մթնշաղին ճամփա ընկան: Մունգարիին կապեցին մահարիներից մեկին, նստեցին իրենց ուղտերն ու լուռ (բացի Մունգարիից) դուրս եկան քաղաքի դարպասներից դեպի անդին ընկած անծայրածիր տափաստանը:

Գիշերվա կեսը նրանք առաջ ընթացան, մինչև հասան անապատի բացարձակ ամայի մի տարածք: Քանի Մունգարին ուղտին կապված զառանցում էր, նրանք մի ջրհորի նման անցք փորեցին, իսկ երբ վերջացրեցին, նրան ցած իջեցրեցին ուղտից, առանց կապերը քանդելու, ու կանգնեցրին անցքի մեջ: Հետո նրա մարմնի շուրջը մնացած տարածքում ավազ ու քար լցրեցին, մինչև միայն գլուխը մնաց գետնի մակերեսին: Նորալուսնի գունատ լույսի տակ նրա սափրած գլուխն առանց չալմայի քարի էր նմանվում: Նա շարունակում էր աղաչել, երդվում էր Ալլահով ու Սիդի Ահմեդ Բեն Մուսայով, որ ինքն անմեղ է: Բայց նույն հաջողությամբ կարող էր երգել, միևնույն է, իրեն ուշադրությոն չէին դարձնում: Վերջապես Ֆիլալիները ճամփա ընկան դեպի Տեսսալիտ, ու շատ չանցած կորան տեսադաշտից:

Նրանց գնալուց հետո Մունգարին լռեց, նրան մնում էր սպասել մի քանի սառը ժամ, մինչև արևը դուրս կգար, որն իր հետ կբերեր տաքություն, ապա՝ շոգ, ծարավ, կրակ, տեսիլքներ: Հաջորդ գիշեր նա արդեն չէր հասկանում, թե որտեղ է, ցուրտ չէր զգում: Քամին գետնի վրայի փոշին լցնում էր Մունգարիի բերանը, քանի դեռ նա երգում էր:


[1] Բնագրում հեղինակը օգտագործել է hanoute արաբերեն բառը, բայց քանի որ դա նույն խանութ բառն է և ըստ Աճառյանի «Արմատական բառարանի» երկուսն էլ փոխառված են ասորերենից, նախընտրվեց հայերեն տարբերակը:

[2] quartier réservé (ֆրանս.) վատ համբավ ունեցող թաղամաս

[3]  aoudad(արաբ.) քարայծ

[4] mehari(արաբ.) ուղտ

[5] mechoui(արաբ.)  մսով ուտեստ

[6] serouelle (ֆրանս.)  շալվար

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.