*
ես կարող էի սկսել մտքերիս արտահոսքը գիշերվա փիլիսոփայական նկարագրությամբ,
մութ սենյակների ու կողպված փեղկերից լսվող քամու տհաճ փսփսոցով,
գրանցել նոթատետրում քրոջս, քնած ժամանակ, խոսելու հանգամանքը,
որ ավելի շուտ քաղցր մրթմռթոցի է նման, երկու իրականությունների արանքում,
իսկ ես, սովորաբար, լաց եմ լինում, կամ վիճում երազներիս շոշափելիության հետ:
համակարգչիս ստեղնաշարը թռվռում է, հատակին սուրճի բաժակ կա,
և ես հուսով եմ, որ վաղը, դասախոսիս հետ պատերազմելիս, դեմքիս հոգնածության հետքեր չեն նշմարվի,
ու ստիպված չեմ լինի բացատրել մագլերին*,
որ դատարկությունից հոգնած աթոռին ինքը, գինսբերգն է նստած,
ով ինձ հուշում է, որ երբեք ուշ չէ՝ ոչինչ չանելու համար:
հոդված գրելու ընթացքը հետազոտության մասին երազելու
ու հինգշաբթիները կարոտելու ժամանակահատվածն է,
որտեղ լրագրողն ասես պլաստիկ վիրաբույժ լինի,
որ էստեղից-էնտեղից կտրելով ինչ-որ պատկեր է ստանում՝
համապատասխան սահմանված թվերին՝ էջերի, տառաչափի, ընթերցողների այցելության…
այ թե ամսեվերջյան թվերը համընկնեին թիթեղյա ցանկությունների ու սպասելիքների հետ:
մեր տունը երկու սենյակ և երեք պատուհան ունի,
խտացված էկրանիս մեջ տասներեք պատուհան կա բացված,
և ես ճամփորդում եմ աշխարհի խելացի քաղաքներով,
իսկ ժամանակը ամսեվերջյան զրոների պես է թռչում,
ու գիշերվա նվաղ նահանջը հուշում է ուսումնական կիսամյակը քնաթաթախ սկսելու
ու բաժակի հատակին կուտակված մրուրի կանուխ թարմացման մասին:
խուլ կեսգիշերով չքրքրեցի բառերը,
ու բանաստեղծությանը չկերակրեցի ոսկե ձկնիկներով,
ես քեզ սիրում եմ, ալեն
դատարկ հայելուդ մեջ նայելու հնարավորության,
և այս միապաղաղ գիշերն ինձ հետ անցկացնելու համար:
**
մեր տունը միջին տարիքի տղամարդ է,
հորս փոքր եղբոր հասակին,
ծխախոտի համար կորացված եզրերով հաստլիկ մատներով,
ալիքի ջղային հերարձակմամբ,
որ երբեք չի ծնվել,
ու պապիկիս հայրանունն էդպես էլ անտեր ժառանգություն է մնացել՝
մկրտության նախօրեին, ընտանեկան հրաժարականից հետո:
երբ հորաքույրս կորցրել է հավատը՝ սիրո, ու գտել՝ աստծո հանդեպ,
մեր տան պատերը եկեղեցի չեն դարձել նրա համար,
այլ՝ կացարան՝ առանց հող ջրի,
ու որմերը պատնեշ են շինել գինու և նշխարհքի միջև:
գրապահարանում տատիկը սպասքն է շարել
ու ցանկապատել ապակե շղարշով,
հյուրասենյակի թանգարանում նմուշներին ձեռք տալ չէր կարելի,
այսպես բոլոր խորհրդային բնեսրահներում էր ընդունված,
որտեղ կրկնվում էին նույնիսկ մակագրությունների պաթետիկ դրսևորումները, տարեթվերը, իրադարձությունները, մարդիկ…
ու ռաֆայելի փոխարեն եռագույնի անկանոն դասավորությամբ տիրամայրերի ու քողարկված էրոսի ստվերներն էին թափառում դարակների փոշոտվող պճնանքի միջով,
մինչդեռ գրքերը խորդանոցի վերին հարկում էին, կոշիկներին զուգահեռ,
և երևակայություն էր պետք աթոռին հավասարակշռությունը պահելու ու մուրաբաների գայթակղությունից կարդալու ցանկությունը չկորցնելու համար:
անկախությունը մեր տուն մայրս է բերել՝
հումուսի ու սիրիական սուրճի համով,
94-ին կնքվել է զինադադարը,
ու քրոջս ծնունդը ուշացած լույսի ճրագ է դարձել ավանդական հասարակարգի հյուսքում,
հայրս սիրում է մորս,
ինչպես բաճկոնը՝ կախիչին, պատերազմը՝ խաղաղությանը:
ճաշի առաջին ափսեն կենացի ու սեղանի գլխի պես է՝ պապին է հասնում,
պատերազմին չմասնակցելու, անկախությանը չհավատալու հանգամանքն ինձ չի խանգարում սերնդափոխության խնդիրներից հաճույք ստանալ ու գնահատել հուսախաբության փորձառությունը,
պատրիարխալ հասարակությունն ինձ առանց այդ էլ պատառների է բաժանում՝
ամենաքիչը դռանը շուտ հասնելու ու բացելու համար,
բայց ես գիտեմ, որ մեռնելուց հետո նրան ավելի շատ կսիրեմ,
և գուցե կարոտեմ ավելի շատ,
որովհետև մարդիկ մեռնում են սիրվելու,
ապրում՝ սիրելու համար:
այս բանաստեղծությունը վերջ չունի,
ես 20 տարեկան խնձորենի եմ փակ երկնքի տակ,
գիշերը չիմացածս հիշելով եմ լուսացնում,
ու համեմատում տիգրանի մեղեդին անկախության, երկնքի, սաղմոսավանքի ու մեր փոքրիկ տնից ելնող կվարտետային շնչառության հետ։
***
ժամը երկուսն անց է,
գինզին** ուշանում է,
մայրս սկսել է խռմփացնել,
ու ինձ չի հաջողվում դասավորել մտքերս ինքնարտահայտման ու հուսահատության արանքում։
ես պայքարում եմ հավասարության, կանանց ու սեռական փոքրամասնությունների իրավունքների, ներառականության համար,
և շփոթվում «պայքարել» բառից:
գիտակցումը, որ հանդուրժողականությունն ուղղակի թրենդային է,
ոնց տղաների մորուքը, կարճ սանրվածքը, բարձր հատվածները ջինսե տաբատի, սպանում է ինձ,
ու ես չգիտեմ՝ որտեղ թաքցնել բացարձակ չիմացությունս։
առաջին դեմքի հոգնակիով գրելուց ետ է պահում չլինելու զգացողությունս,
հա, հիմա միայնակ լինելն էլ է արդիական.
մի երկու թվիթթ, բուքովսկի, զեմֆիռա, չեղած ջին, վիսկի, սեր…
ես քաղցած եմ, դատարկ
ու հաշմանդամության չեղած տեսակներ եմ ինձ վերագրում,
ոնց բժշկականի երրորդ կուրսի ուսանողները:
ասաց՝ հատկանիշներն անհարկի շահարկելով վիրավորում ես իրական կրողներին,
ու ես չգիտեմ՝ ինչպես պատկերել անկարողությունս, որ բժշկական մոդել չստացվի,
մինչդեռ հասարակության մեջ ոչ մի կերպ ընդգրկված չեմ,
իսկ եկեղեցու մասին միայն մեռնելու վտանգը զգալիս ու զատկի փլավն ուսումնասիրելիս եմ մտաբերում:
գործել սովորել չստացվեց, ալլեն,
ու ֆեմինիստներն ինձ դուր չեկան,
մի օր դու էլ չես գա, ու կլքեմ քեզ,
ասաց՝ ես գիտեմ առանց ցավեցնելու հեռանալու գաղտնիքն ու մոտ չեկավ։
Տիգրանը ջղային շարժումներ էր անում տաբատի գրպաններում դրամ փնտրելիս,
ականջիս ասաց՝ էստեղ փշրած թխվածքաբիթով համեղ յոգուրտ կա ու կաթով ամերիկանո,
իհարկե թե որոշեմ ընտրել մետրոյի չորս ելքերից մեկն ու վերջապես դուրս գալ վերմակի տակից։
ես զառանցում եմ, ալլեն,
և մեր կեսգիշերյան դատարկաբանությոնը օգնում է հուսալ,
որ համալսարանում ազատությունից խոսող հիմարն ու վերբալ փսլինքներիս մեղավորը ես չեմ:
գրողը տանի, ես հոգնել եմ ինձ կտրատելուց,
ու թե հաջողվի կուլ տալ՝
մարսելիս մի բան էն չի գնա, ու՝ կխորտակվեմ։
գինզի, թքիր ինձ հանրապետության փողոցի անկյունում՝
աննկատ ու առանց հետքերի,
իմ երկրում բոլորն են բոլորին այդպես անում:
բոլորակ:
ինձ մի պատճառ տուր՝ վաղը նույն ժամին այստեղ լինելու
ու ինքս ինձ դիմանալու համար։
* «Հարի Փոթեր» վեպից են մագլերը հրաշքին չհավատացող մեկն է, միևնույն ժամանակ նրանք կախարդի տաղանդ ունեն, բայց ժառանգաբար կախարդ չեն
** Ալեն Գինսբերգի ընկերական դիմելաձևը