փողոցի աղջիկ
հրեշ իմ, ներսդ փոքրացած անհետացող սիրտ,
հայտնվել եմ տանդ,
և գեղեցկուհի չեմ ամենևին,
և շարժումներիցս չի ծորում սեռս՝
հեշտոցս մանրադրամներով լի դրամանապանակ,
կոպեկ-կոպեկ վերջացավ փողոցներում,
սրճարաններում,
խելացի տղամարդկանց հետ զրույցներում,
ու քեզ մնացել է այս զանգուլակը,
քաշիր և կհոսեն պղտոր ջրեր,
թե հասցնես որսալ պահը,
կգտնես զուլալ շեղբն այդ շիթի
հրեշ իմ, ասֆալտին աճած
ծառերի տակ
բացել եմ կուրծքս՝
սպիտակ, փարթամ,
կուրծքս
շնչակտուր ընդառաջ նրան
ամեն ինչ շունչ հատող բառերի պես
կամ բառերից էլ շատ գեղեցիկ է,
հրեշ, ջուր իմ,
որ վայրկյանում մաքրում ես
ավազին գրված բանաստեղծությունը այս
և փսլինքի պես ետ քաշվում
մարմնիդ մեջ այնպես,
ասես դու չէիր
սա փոքրիկ կյանք է,
ասում ու առատ թքով էր լցնում բերանս
հուահատ լոզեր էին հափշտակում մեզ
դա ընդամենը փոքրիկ արկած էր,
հասկանում ես, իմ հրեշ,
մի պստլիկ արկած, որ լցրեց քթերս,
բայց ասում եմ քեզ
այդ պահին էլ
քեզ հիշեցի՝
լիզելով առնանդամին
ցողված լիմոնի շերտիկները
բյուրեղներով աղի
ես փողոցի աղջիկ եմ, հրեշ,
որ քեզ մոռանալու համար
քարշ է գալիս
չվերջացող այս ճանապարհին,
և ընթացքի մեջ մեռնում են
մեքենաները,
ծառերը ներծծվում են ընդերքների մեջ
ու քանի որ խլությանս երրորդ օրն է`
ականջներս
խեցու տաք հառաչներով
են լցվում,
ու աղմուկը թավիշի պես է հնչում
սա երեք օրական եղունգի չափ մի կյանք է,
դրա համար շտապում եմ, հրեշ,
թևերս խազելով գետնին`
գնում եմ անթև ու կռնատ
ու թող
թմբկահարվեն տերևները
քամու ոռնոցի տակ,
ականջներիս փափկությունը թափեմ
ու պարեմ պարը այս
որովհետև կյանքը շրջիկ կրկես է, հրեշ՝ սիրելիս,
որովհետև այս փողոցի աղջիկը լարախաղաց է
մոնոլոգներ թրերի մասին
օ, թուր,
ճոճվիր տղամարդկանց դեմ,
որոնք հեռացնելու են ինձ նրանից,
բացիր,
բարակ թեթև գծով բացիր
մաշկը, եթե ճեղք տեսնես,
ծառի կնճռոտած մարմինը
առանց կրծքեր,
կրծքերը թաց փայտի մեջ ներծծած,
բացիր և կտեսնես, որ ներսից
կճառագի բալե պտուկը
օ, թուր, մի թող ինձ մոտենան նրանք,
որոնք սիրելով` չխաչեցին ինձ,
չմոտեցրին ժայռաբերանին
և չստեղծեցին պատրանք իբր ուր որ է
գահավիժելու եմ
կրկնապատկիր ինձ իմ մեջ,
գնա, սլացիր,
անցիր փողոցներ,
անցիր մարդկանցից սակավացող պողոտաներ,
անցիր մարդկանցով լցվող կրկեսներ,
անցիր տներ, տներ, տներ, տներ,
հասիր գերեզմանատուն,
ճոճվիր մեռելների գլխին.
հանց շերեփ խրիմյան հայրիկի
նրանք ոչինչ իրենց հետ չտարան,
կպիր հորս,ասա նրան, որ հեռացումը նրա
աններելի էր, իսկ գալուստը
կլինի անհիմն
ասա, որ օրը 1000 անգամ
մեկ կորցնում եմ հիսուսին,
ասես թաքնվել է
նոճիներով պատված օռտայի լաբիրինթոսում,
մեկ գտնում նրան, ինչպես օռտայի
ծառութփերի մեջ աղեղը կորցրած էրոսի
և
տառերը
մեկ աղջկա նկարում թելը կորցրած
աստղեր, որ
խառնվում, միահյուսվում,
կորցնում են անկյունն ու ծայրը,
մեկ նույն աղջկա նկարում
թեկուզև ոչ սահուն գծերով քաշված
ամպեր`
հատվող միևնույն ուշացող կետում
օ, թրեր, սպանեք այդ կետը
զառանցեք այս գրվող բառը,
որը նորից նրա մասին է,
թրատեք բոլոր նրանց, որոնց կսիրեմ վաղը,
հանուն նրա, որին սիրում եմ այսօր,
մի թողեք որ շնանա
գիշերները իր`
լցված տաղտկալի,
ոչինչ չասող մթությամբ,
լցված ձանձրույթով ժամանակների
օ, թրեր, իմ ձեռնափայտ,
ապավեն եղեք ինձ իմ հուսահատ օրերին,
երբ ջրիմուռ եմ բզկտված
ձեռքերիս փոխարեն ձեզ ուսերիցս կախեցի,
և, աջուահյակ թափահարվելով, թրեր իմ,
հասկեր անգամ չգլխատեցիք
ուրեմն սլացեք, թրեր,
կտրեք պորտալարերը հեշտոցներից
դուրս վիժող այն մանուկների,
որոնց մասին
լռում են երազահանները
պտտվեք հարեմներում սուլթանների,
կտրեք ծամերը կանանց,
կանգնեցրեք աղմուկը ծնծղաների.
արձակեք գոտիները նրանց
գնացեք, թեթև հպումով համբուրեք
արամիսի մազերը,
շոյեք գլուխը,
թող արյունը ինչպես գեղեցիկ կին
հեշտանքի բարակ շիթով
զգա նրբությունը նրա
խառնեք ափերի գծերը
գնչուհիների,
մեկ-մեկ խրվեք ավազների մեջ
մոմերի փոխարեն,
ձեր բնածին տաքությամբ
***
ներսս վառող ու ուսիս անփութորեն թառած,
շրջված թուղթ իմ՝ մաքուր ջին,
սրթսրթա ականջներիս մեջ
ջրի բերած բառն այս,
քանզի ծոծրակից թափված երակն այդ
առնվազն ծովերից է
բերանս կակուղ մի բլթակ
կլանեց օձն այդ երկարությամբ լեզվի
նա աղեղնավոր է հորոսկոպով,
դրա համար մի ձեռքը
հանց տագնապ գիշերվա
միշտ գրպանում է
վրիպումների վրիպումը,
քամին՝ այս աղեղը, ջին
շուկաներում ու հասարակաց տներում
վխտացող՝
արյան պես լիաթոք թափված
իմ թունդ ջին
օգնիր մոռանամ,
որ շփում էի ներբանները նրա՝
վկաներ բիրտ ճանապարհների
-էս ո՞ւր ես էսքան երկար գնացել,-
հարցրեցի քարեր հիշեցնող ոտնատակը
ափերիս մեջ
ասաց սարսափելին,
ժամանակից շուտ ծերացած փնփնթաց,
որ երբեք չի գնում
իսկ երբ գնա,
որպես մահմեդական,
դին արհամարված կգնա
հորդորեցի՝ մի ումպ ջինի պես
կտրուկ ու վերջնական
սրընթաց գնա,
գնա այնպես, որ չիմանամ՝ եկել էր,
գնա ծաղկին չիջած ցողի պես,
ծով տեսած ճայի պես թող գնա,
դաղելով սիրտս՝ խնդրեցի, որ գնա
ասացի՝
դառնամ դերվիշդ,
պտույտիս հազարերորդ վայրկյանը,
թե կուզես` ակնթարթ կոչիր
գանգատուփս
զգուշորեն բացելով`
աննկատ թափիր առատ լույսն այդ՝
բացակայությունը քո
հին եգիպտական սխալներ
անուբիս, դեն նետիր բոլոր մարմնամասերդ,
բացի մատներիցդ,
որ ցող են` նստած մեռած ծաղկաթերթերի վրա,
տուր ինձ այն թույնը,
որ սպանում է եգիպտական արևը տաք ավազին,
բալզամ եղիր մաշկիս,
թող այն փափկի այնքան,
մինչ սիրտս դուրս ցցի ժանիքները
անուբիս՝ մեռածների կողմնացույց,
շպրտիր գլուխդ շնագայլի
և մարմնով սովորական տղամարդու
կշեռքի մի նժարին դիր սիրտը հանգուցյալի,
մյուսին՝ փետուրը մաատ աստվածուհու
հիշիր, ամեն անգամ փետուրն այդ,
երբ հաղթի,
զուրկ է թանաքից,
և թռչել չիմացող աֆրիկյան մի ծտի՝
ջայլամի վազքից է ընկել
անուբիս, բոլոր այդ խորհրդավորությունները,
որ քեզ աստված են դարձնում,
հիշիր, հեռացնում են շնագայլից,
և դու սովորական միֆ ես
պակաս ավելի,
քան նորածնի չիմացությունը աշխարհի
քեզ հաղթում են բանաստեղծությունները իրենց նրբությամբ,
քեզ վրձնահարելու փոխարեն,
ձեր այդ աստվածը՝ ռան՝
փարավոնների հայրը՝ չստացված բազեն,
կացնահարել է, անուբիս
քեզ խաբել են, շնագայլ,
սովորական բուժակ դարձրել՝
պնդելով` իբր աստված ես
քեզ ստիպել են
ձեռքումդ պահել այդ կշեռքը՝
վախից թպրտացող սրտերով,
որոնց միակ հակակշիռը մյուս նժարին դրված
այդ հորինած աստվածուհու կապարե փետուրն է,
կարծես ամենևին էլ գոյություն չեն ունեցել
հնդկացիները՝
չծնված բառեր գլուխներին
ու կարծես հիսուսը՝
դափնու տերևներ մազերին,
արթմնի երազն է շամանների
տարածքդ նշելու համար
քեզ ընդամենը միզել էր պետք, շնագայլ,
իսկ հիմա, անուբիս` մշտարթուն պահակ մեռածների,
ֆանտաստ գրողների, զանազան մոգերի,
կառնավալների, դիսնեյ հերոսների ու
հիսուսի երկրորդ գալստյան մասին կանխատեսումների
այս խայտաբղետ օրերում,
դու, գլուխդ ձեռքերիդ մեջ առած, ժամեր շարունակ
աստվաբանության ամբիոններում
ստիպված ես դասախոսություններ կարդալ
հին եգիպտական քո սխալների մասին