Մայայի գրած առաջին պատմուածքը մի աշխարհի մասին էր, որտեղ վերարտադրուելու փոխարէն մարդիկ կիսւում էին ։ Այդ աշխարհում ամէն մարդ կարող էր ցանկացած պահի վերածուել երկու էակի՝ իւրաքանչիւրն իր կէս տարիքի։ Ոմանք նախընտրում էին կիսուել երիտասարդ ժամանակ. օրինակ, տասնութ տարեկանը կարող էր կիսուել երկու ինը տարեկանի։ Միւսներն սպասում էին մինչեւ որ լաւ գործ ունենային ու ֆինանսապէս ապահով լինէին եւ կիսւում էին միայն միջին տարիքում։ Մայայի պատմութեան հերոսուհին անկէս էր։ Նա հասել էր ութսուն տարեկան եւ, չնայած հասարակական անընդհատ ճնշմանը, յամառօրէն չէր կիսւում։ Պատմութեան վերջում նա մահացաւ։
Լաւ պատմուածք էր՝ չնայած աւարտին։ Այդ մասի մէջ ինչ-որ ճնշող մի բան կար, մտածեց Ավիատը։ Ճնշող ու գուշակելի։ Բայց պատմուածքի աւարտի համար Մայան իրականում շատ գովասանքներ ստացաւ գրելու արուեստի դասընթացի մասնակիցներից, որին յաճախում էր։ Ուսուցիչը, ըստ երեւոյթի, յայտնի գրող էր, սակայն Ավիատը երբեք չէր լսել նրա մասին։ Ուսուցիչը Մայային ասաց որ աւարտի մէջ հոգեկան փնտռտուքի մի բան կար, կամ նման մի ապուշ խօսք։ Ավիատը տեսաւ թէ այդ խօսքը որքան ուրախացրել էր Մայային։ Մայան շատ յուզուած էր, երբ նրան պատմում էր դրա մասին։ Նա գրողի ասածն արտասանեց այնպէս, ինչպէս մարդիկ Աստուածաշնչից մի տող են արտասանում։ Եւ Ավիատը, որը սկզբում փորձել էր առաջարկել այլ աւարտ, նահանջեց ու ասաց, որ դա ճաշակի հարց է, եւ ինքը շատ բան չի հասկանում դրանից։
Մայայի մօր գաղափարն էր որ ինքը յաճախի ստեղծարար դասընթացի։ Ասել էր որ ընկերուհու աղջիկը գնացել է եւ մեծ հաճոյք ստացել։ Ավիատը նոյնպէս մտածում էր, որ Մայայի համար լաւ կը լինի աւելի շատ դուրս գալ, ինքն իր հետ ինչ-որ բան անել։ Ավիատը միշտ էլ կարող էր թաղուել աշխատանքի մէջ, բայց Մայան վիժումից յետոյ երբեք տնից դուրս չէր գալիս։ Երբ տուն էր գալիս, Մայային գտնում էր ընդհանուր սենեակում՝ բազմոցին ուղիղ նստած. չէր կարդում, հեռուստացոյց չէր դիտում, նոյնիսկ չէր լալիս։ Երբ Մայան տատանւում էր՝ դասընթացին գնալ թէ չգնալ, Ավիատը գիտէր՝ ինչպէս համոզել նրան։
– Մի անգամ գնա, փորձիր,- ասաց,- ինչպէս երեխան ճամբար է գնում։
Աւելի ուշ հասկացաւ որ մի փոքր անզգայ է եղել՝ երեխայով օրինակ բերելու համար, քանի որ ընդամէնը երկու ամիս էր անցել այն բանից յետոյ: Բայց Մայան իրականում ժպտաց ու ասաց, որ իրեն գուցէ ճամբար գնալ պէտք է։
Նրա գրած երկրորդ պատմուածքը մի աշխարհի մասին էր, որտեղ տեսնում էիր միայն այն մարդկանց, ում սիրում էիր։ Գլխաւոր հերոսը ամուսնացած տղամարդ էր, որը սիրահարուած էր կնոջը։ Մի օր կինը միջանցքում ուղիղ բախուեց ամուսնուն. ամուսնու ձեռքի բաժակն ընկաւ յատակին, փշրուեց։ Մի քանի օր անց կինը նստեց ամուսնու վրայ, երբ նա մրափում էր բազկաթոռին։ Երկու անգամն էլ կինը գլուխն ազատեց ու պատճառաբանեց՝ թէ ուրիշ բանի մասին էր մտածում, չէր նայում երբ նստեց։ Բայց ամուսինը սկսեց կասկածել, որ կինն այլեւս չի սիրում իրեն։ Իր տեսութիւնը փորձելու համար ամուսինը որոշեց կտրուկ մի բան անել. սափրեց բեղի ձախ կողմը։ Տուն եկաւ կէս բեղով, ձեռքին մի փունջ հողմածաղիկ։ Կինը շնորհակալութիւն յայտնեց ծաղիկների համար ու ժպտաց։ Ամուսինն զգաց, որ կինը շօշափում էր օդի մէջ, որ իրեն փորձի համբուրել։ Մայան պատմուածքն անուանեց «Կէս բեղ», եւ Ավիատին ասաց, որ երբ բարձրաձայն ընթերցել էր դասարանում, ոմանք լացել էին։
– Օհօ˜,- ասաց Ավիատն ու համբուրեց նրա ճակատը։ Այդ գիշեր նրանք կռուեցին մի յիմար բանի համար։ Մայան մոռացել էր նրան ինչ-որ հաղորդագրութիւն փոխանցել, թէ ինչ, եւ Ավիատը գոռացել էր նրա վրայ։ Մեղաւորը Ավիատն էր, եւ վերջում ներողութիւն խնդրեց։
– Աշխատանքիս վայրում դժոխային օր էր,- ասաց ու շոյեց Մայայի սրունքը, փորձելով սիրաշահել նրան իր պոռթկումի համար։ – Ներո՞ւմ ես ինձ։
Կինը ներեց նրան։
Ուսուցիչը մի վէպ էր հրատարակել ու կարճ պատմուածքների ժողովածու։ Ոչ մէկն էլ առանձնապէս յաջողութիւն չունեցան, բայց եղան մի քանի լաւ գրախօսականներ։ Գոնէ Ավիատի գրասենեակի մօտ գտնուող գրախանութի վաճառողուհին այդպէս ասաց նրան։ Վէպը շատ հաստ էր, վեց հարիւր քսանչորս էջանոց։ Ավիատը գնեց պատմուածքների ժողովածուն։ Պահում էր գրասեղանի դարակում ու փորձում մի քիչ կարդալ ճաշի ընդմիջումների ժամանակ։ Ժողովածուի իւրաքանչիւր պատմուածքի դէպքերը տեղի էին ունենում մէկ այլ օտար երկրում։ Դա մի տեսակ խաբէութիւն էր։ Շապիկի վերջին էջի կենսագրականի մէջ ասւում էր, որ գրողը տարիներով աշխատել էր որպէս զբօսավար Կուբայում եւ Աֆրիկայում, եւ նրա ճամփորդութիւններն ազդեցութիւն էին թողել նրա գրութիւնների վրա։ Կար նաեւ հեղինակի փոքր, սեւ-սպիտակ լուսանկարը։ Լուսանկարում նա այն մարդու ինքնագոհ ժպիտով էր, որն իրեն բախտաւոր է զգում, որ հէնց այդ մարդն է, որ կայ։ Մայան Ավիատին յայտնեց, որ գրողն իրեն ասել էր, թէ երբ դասընթացն աւարտուի, նրա պատմուածքները կ’ուղարկի իր խմբագրին։ Ու, թէեւ Մայան չպէտք է մեծ յոյսեր փայփայի, այսուհանդերձ այս օրերին հրատարակիչները նոր տաղանդներ էին փնտռում։
Մայայի երրորդ պատմուածքն սկսւում էր տարօրինակ կերպով։ Մի կնոջ մասին էր, որը կատու ծնեց։ Պատմուածքի հերոսը ամուսինն էր, որը կասկածում էր, որ կատուն իրենը չէ։ Ամէն անգամ, երբ ամուսինն իջնում էր աղբը թափելու, մի գէր, շիկակարմիր կատու, որը քնում էր զոյգի ննջարանի լուսամուտի տակ դրուած աղբամանի կափարիչի վրայ, ծուռ հայեացքով նայում էր նրան։ Վերջում ամուսնու եւ կատուի միջեւ կատաղի բախում տեղի ունեցաւ։ Ամուսինը կատուի վրայ քար նետեց, իսկ կատուն պատասխանեց կծոցներով ու ճանկռտոցներով։ Վնասուածքներ ստացած ամուսինը, կինը եւ փիսիկը, որին կինը կերակրում էր կրծքով, գնացին հիւանդանոց, որպէսզի ամուսնուն սրսկեն կատաղութեան դէմ։ Ամուսինը նուաստացած էր ու ցաւեր ունէր, բայց փորձում էր լաց չլինել։ Փիսիկը, զգալով նրա տառապանքը, ազատուեց մօր գրկից, մօտեցաւ նրան ու քնքշօրէն լիզեց դէմքը, ասելով մի մխիթարական «Մեաու»։
– Լսեցի՞ր,- յուզուած հարցրեց մայրը։ – Ասաց՝ «հայրիկ»։
Այդ պահին ամուսինն այլեւս չկարողացաւ պահել արցունքները։ Եւ երբ Ավիատը կարդաց այդ հատուածը, ինքն էլ ստիպուած էր մեծ ջանք գործադրել, որպէսզի լաց չլինի։ Մայան ասաց, որ սկսել էր այդ պատմութիւնը գրել, նոյնիսկ դեռ չիմանալով, որ նորից յղի է։
– Տարօրինակ չէ՞,- հարցրեց նա-, որ ուղեղս դեռ չգիտէր, բայց ենթագիտակցութիւնս գիտէր։
Յաջորդ երեքշաբթի, երբ Ավիատը պէտք է Մայային վերցնէր դասից յետոյ, նա եկաւ կէս ժամ շուտ, մեքենան կանգնեցրեց կայանատեղում ու գնաց նրան վերցնելու։ Մայան զարմացաւ՝ նրան տեսնելով դասարանում։ Ավիատը պնդեց որ իրեն ծանօթացնի գրողի հետ։ Գրողից մարմնի օծանելիքի հոտ էր փչում։ Նա թոյլ սեղմեց Ավիատի ձեռքը եւ ասաց, որ եթէ Մայան նրան ընտրել է որպէս ամուսին, ուրեմն նա պիտի որ շատ իւրայատուկ անձնաւորութիւն լինի։
Երեք շաբաթ անց, Ավիատը գրանցուեց ստեղծարար շարադրութեան սկսնակների դասարանում։ Դրա մասին Մայային ոչինչ չասաց եւ ապահովութեան համար քարտուղարուհուն պատուիրեց որ եթէ տնից զանգահարեն, ասի որ ինքը կարեւոր հանդիպման է, եւ իրեն չի կարելի անհանգստացնել։
Դասարանի միւս անդամները մեծ մասամբ հասուն կանայք էին, ովքեր նրա վրայ խոժոռ հայեացներ էին նետում։ Նիհար, երիտասարդ ուսուցիչը գլխաշոր էր կրում, իսկ դասարանի կանայք բամբասում էին նրանից՝ ասելով, թէ ապրում էր գրաւեալ տարածքներում գտնուող մի բնակավայրում եւ թէ քաղցկեղ ունէր։ Նա բոլորին խնդրեց ՝
– Գրէք՝ ինչ որ գլուխներդ կը գայ,- ասաց նա։ – Մի´ մտածէք, ուղղակի գրէք։
Ավիատը փորձեց դադարել մտածել։ Շատ դժուար էր։ Շուրջը նստոտած տարեց կանայք գրում էին արագութեամբ, ինչպէս ուսանողները, ովքեր շտապում էին աւարտել քննութիւնը, նախքան ուսուցիչը կը կարգադրէր գրիչները ցած դնել: Մի քանի րոպէից ինքն էլ սկսեց գրել։
Նրա պատմութիւնը մի ձկան մասին էր, որն իր համար երջանիկ լողում էր ծովում, երբ մի չար վհուկ նրան դարձրեց մարդ։ Ձուկը չկարողացաւ համակերպուել իր կերպարանափոխութեանը եւ որոշեց հետապնդել չար վհուկին ու ստիպել, որ իրեն կրկին ձուկ դարձնի։ Քանի որ նա չափազանց արագաշարժ ու ձեռներէց ձուկ էր, վհուկին հետապնդելու ընթացքում յաջողացրեց ամուսնանալ եւ նոյնիսկ հիմնել մի փոքր ընկերութիւն, որը կարծրախէժ առարկաներ էր ներմուծում Հեռաւոր Արեւելքից։ Հսկայական գիտելիքների շնորհիւ, որ ձեռք էր բերել ձուկ եղած ժամանակ, որը կտրել էր եօթ ծովերը, ընկերութիւնը սկսեց ծաղկել եւ նոյնիսկ իրականացնել բաժնետոմսերի հանրային վաճառք: Այդ ընթացքում չար վհուկը, որը մի քիչ յոգնել էր այդքան տարիների չարութիւնից, որոշեց գտնել բոլոր մարդկանց եւ արարածներին, ում կախարդել էր, ներողութիւն խնդրել նրանցից եւ վերադարձնել նրանց իրենց բնական վիճակին։ Ինչ-որ մի պահի նա նոյնիսկ գնաց տեսնելու այն ձկանը, որին դարձրել էր մարդ։ Ձկան քարտուղարուհին խնդրեց որ վհուկը սպասի, մինչեւ նա աւարտի արբանեակային հանդիպումը Թայուանի գործընկերների հետ։ Իր կեանքի այդ փուլում ձուկը հազիւ էր յիշում, որ ինքն իրականում ձուկ էր։ Իր ընկերութիւնը իշխում էր աշխարհի կէսը։ Վհուկը մի քանի ժամ սպասեց, բայց երբ տեսաւ, որ հանդիպումը շուտ չի աւարտուի, հեծաւ աւելն ու թռաւ-հեռացաւ։ Ձկան գործերը գնալով լաւանում էին, մինչեւ մի օր, երբ նա իրօք ծեր էր, դուրս նայեց ծովափնեայ տասնեակ հսկայ շէնքերից մէկի լուսամուտից, որը գնել էր անշարժ գոյքի ճարպիկ գործարքով, ու տեսաւ ծովը։ Ու յանկարծ յիշեց, որ ինքը ձուկ է, շատ հարուստ ձուկ, որը վերահսկում էր մեծաթիւ ձեռնարկութիւններ, որոնք վաճառւում էին արժէտոմսի շուկաներում՝ ամբողջ աշխարհում, բայց, միեւնոյն է, ձուկ։ Ձուկ, որը տարիներ շարունակ չէր համտեսել ծովի աղը։
Երբ ուսուցիչը տեսաւ որ Ավիատը գրիչը վար է դրել, հարցական հայեացքով նայեց նրան։
– Իմ պատմութեան համար աւարտ չունեմ,- ներողամտօրէն Ավիատը շշնջաց, որպէսզի չանհանգստացնի տարեց կանանց, ովքեր դեռ գրում էին։
Պատմուածքը լոյս է տեսել 2012թ. յունուարի 2-ին «Նիւ Եորքէր» շաբաթաթերթում:
թարգմանեցին Սիրան Ավանեանը եւ Վիգէն Ապրիլեանը