Թարգմանություններն արված են «Արիել» ժողովածուից

Լեսբոս

Խոհանոցում ապականում է ։
Կարտոֆիլները թշշում են։
Իսկը Հոլիվուդ՝ անպատուհան.
Ծորացող լույսը գալիս-գնում է սարսափելի միգրենի նման,
Դռան տեղը թղթե ժապավեններ են.
Բեմի վարագույրներ, այրու խոպոպներ։
Ու ես, սիրելիս, պաթոլոգիական ստախոս եմ,
Իսկ երեխաս, նայի՛ր, բերանքսիվայր գետնին է,
Աքացի է տալիս, որ անհետանա, փոքրիկ, անլար խամաճիկը,
Տես, շիզոֆրենիկ է,
Գույն է տալիս-առնում, տագնապի կծիկ է․
Իր կատվիկներին պատուհանից դուրս խցկեցիր՝
Ինչ-որ ցեմենտից ջրհորի մեջ,
Որտեղ նրանք արտաթորում են ու փսխում ու նվում, իսկ նա չի լսում։
Ասում ես՝ նրան տանել չես կարող.
Վիժվածքն աղջիկ է։
Դու, որ լամպը պայթած, անսարք ռադիո ես՝
Անձայն, անպատմություն, նորի
Ստատիկ աղմուկից զուրկ։
Ասում ես՝ պիտի կատվիկներին խեղդեմ։ Շատ գարշահոտ են։
Ասում ես՝ պիտի աղջկաս էլ խեղդեմ։
Երկու տարեկանում որ գիժ է, տասում կոկորդը հաստատ կկտրի։
Մանկիկը ժպտում է, նա գեր խխունջ է՝
Լինոլեումի փայլուն նախշերին պառկած։
Կարող էիր ուտել նրան։ Այս մեկը տղա է։
Ասում ես՝ ամուսնուցդ օգուտ չկա։
Հրեա-մայրիկը գանձի պես փայփայում է նրա քաղցրիկ անդամը։
Դու մի երեխա ունես, ես երկուսը։
Պիտի Քորնուոլի[1] ժայռերին նստած մազերս սանրեմ,
Վագրանախշով վարտիք հագնեմ, սիրեկան պահեմ։
Մենք մի այլ կյանքում պիտի հանդիպենք, հանդիպենք օդում՝
Ես ու դու։

Մինչդեռ այստեղ ճարպի ու երեխայի կեղտի գարշահոտ է։
Վերջին քնաբերից դեռ թմրած ու ծանր եմ։
Թխվածքների ծուխը, դժոխքի ծուխը
Սողոսկում է մեր գլխի մեջ, ոսկորների ու մազերի,
Երկու թունոտ թշնամիներ ենք։
Քեզ Որբ եմ կոչում, որբ։ Դու հիվանդ ես։
Արևից խոցեր ես ստանում, քամուց՝ թոքախտ։
Գեղեցիկ էիր ժամանակին։
Նյու Յորքում, Հոլիվուդում տղամարդիկ ասում էին․«Պրծա՞ր։
Քաղցրս, գիտե՞ս, բացառիկ կին ես»։
Հաճույքը խաղ էր, խաղ էր, խաղ էր։
Իմպոտենտ ամուսինը քարշ ընկած գալիս է մի բաժակ սուրճի:
Փորձում եմ նրան իր տեղը խցկել,
Հին շանթարգել,
Թթվային լոգանք, քեզանով լցված անծիր երկինքներ։
Նա ծանր շարժվում է պլաստիկ, սալարկված բլուրներն ի վար
Ջարդուխուրդ եղած տրոլեյբուսի պես։ Կայծերը կապույտ են,
Կապույտ կայծերը ցաքուցրիվ.
Կվարցի պես հազար բեկոր են լինում։

Օ գանձ։ Օ զարդ։
Լուսինն այդ գիշեր հիվանդոտի պես
Արյունոտ պարկն էր
Քարշ տալիս ասես
Նավահանգստի լույսերի վրայով։
Ապա դառնում առողջ,
Կարծր ու հստակ ու սպիտակ։
Մահու չափ վախեցրեց թեփուկափայլը ավազի վրա։
Ավազը բռերով վերցնում էինք, սիրում,
Հունցում խմորի նման, մուլատի մարմնի։
Մետաքսի նման ավազահատիկներ։
Շնիկ ամուսնուդ մի քած հետևից տարավ։

Հիմա ես լուռ եմ, ատելությունը
Հասել է կոկորդիս,
Թանձր եմ, թանձր,
Համր ու անբարբառ։
Փաթաթում եմ կարծր կարտոֆիլները լավ հագուստի պես,
Փաթաթում եմ երեխաներին,
Փաթաթում եմ հիվանդ կատուներին։
Թունոտ սկիհ,
Իրականում սիրով ես լի։ Գիտես` ում ես ատում։
Գունդն ու շղթան գրկած` մոտենում է դարպասին`
Դեպի ծովը տանող,
Որ նրան կուլ է տալիս՝ սև ու սպիտակ,
Ապա դուրս թքում։
Ամեն օր նրա մեջ, ինչպես սափորի, հոգի ես լցնում։
Որքան ուժասպառ ես։
Ձայնդ իմ ականջօղն է,
Ճոճվում ու ներծծում է, արնախում չղջիկ է:
Հերիք եղավ։ Հերիք եղավ։
Դուրս ես նայում դռնից։
Խեղճ վհուկ։ «Ամեն կին էլ պոռնիկ է։
Ո՞նց ասեմ»։

Սիրուն կահկարասիդ
Փաթաթվում է քեզ՝ մանկան թևի պես
Կամ հողմածաղկի, ախ, այդ ծովը,
Անուշս, այդ կլեպտոմանը։
Դեռ կիսահում եմ։
Ասում եմ` հետ կգամ։
Գիտես՝ ինչի համար է սուտը։

Քո Զեն երկնքում անգամ մենք չենք հանդիպի։

Ջերմախտ 103°[2]

Մաքո՞ւր: Ի՞նչ է դա:

Դժոխքի լեզուները

Կամկար են, կամկար, ինչպես եռալեզուն

Գեր, կամկար Սերբերուսի[3],

Որ ծանրաշունչ փռվել է մուտքին: Անկարող է նա

Լիզելով մաքրել

Շիկացած ջիլը, մեղքը, մեղքը:

Լալիս է պատրույգը:

Չանցնող հոտը

Հանգած մոմի:

Սեր իմ, սեր իմ, ինձնից թույլ ծուխ է թափվում

Իզադորայի[4] շարֆերի նման, ու վախենամ՝

Շարֆերից մեկը հանկարծ խճճվի անիվների մեջ:

Այսօրինակ դեղին, մռայլ ծուխն

Ինքն իրենով առանձին տարր է: Այն վեր չի ելնի,

Այլ կպտտվի մոլորակի շուրջ`

Խեղդելով ծերերին, խեղճերին,

Թուլակազմ,

Ջերմոցում պահված մանկանն իր անկողնում,

Զազրելի խոլորձն

Օդում իր կախովի այգիներն է կախում:

Սատանայական հովազ:

Ճառագայթումից գույնը գցում է

Ու մի ժամում մեռնում:

Շնացողների մարմինը ճարպով է պատում,

Ասես Հիրոշիմայի մոխիր, ու մաքրում հետքը:

Մեղքը: Մեղքը:

Սիրելիս, ողջ գիշեր

Առկայծել եմ` վառվել-մարել, վառվել-մարել:

Սավանները ծանրանում են անառակի համբույրի պես:

Երեք օր: Երեք գիշեր:

Կիտրոնահեղուկ, հավահեղուկ,

Ործկում եմ հեղուկից:

Չափազանց մաքուր եմ թե՛ քեզ համար, թե՛ ուրիշ մեկի:

Մարմինդ

Ցավեցնում է ինձ, ինչպես աշխարհն Աստծուն: Ես լամպ եմ,

Գլուխս` ճապոնական

Թղթից լուսին, ոսկե, մաշված մաշկս`

Չափից դուրս նուրբ ու գրեթե անգին:

Ջերմությունս քեզ չի զարմացնո՞ւմ: Իսկ լո՞ւյսս:

Ասես մի հսկա կամելիա լինեմ,

Փայլում եմ, գալիս ու գնում, նոպա նոպայի հետևից:

Թվում է` վեր եմ ելնում,

Թվում է` բարձրանում եմ.

Շիկացած մետաղի շիթեր են թռչում, ու ես, սեր իմ, ես

Մաքուր ացետիլենե

Կույս եմ`

Շուրջս վարդեր,

Համբույրներ, հրեշտակներ,

Այն ամենն, ինչ վարդագույն իրերն են նշանակում:

Ո՛չ դու, ո՛չ նա,

Ո՛չ նա, ո՛չ ուրիշը.

(Եսերս տարրալուծվում են, պոռնիկի հին ներքնաշորեր)

Դեպի Դրախտը:

Մեդուզա[5]

 

Քարոտ բերանից խցանի պես դուրս թքած ցամաքից այն կողմ

Սպիտակ փայտիկների վրա տնկված աչքեր են,

Ծովի անհեթեթությամբ լցված ականջներ,

Քո նյարդազուրկ գլուխն է, աստվածակծի՛կ,

Գթության ոսպնյա՛կ,

Շոշափուկներիդ

Վայրի բջիջները խճճվում են իմ նավի ստվերում.

Կարմիր խարանը ուղիղ կենտրոնում՝

Հրմշտվում են սրտերի նման,

Մակընթացության ալիքը ճողփում դեպի մոտակա կետը մեկնումի՝

Իրենց Հիսուսի մազերը քարշ տալով:

Մի՞թե փրկվեցի:

Միտքս դեպի քեզ է սլանում՝

Պատենավոր, հին պորտալար, ատլանտյան մալուխ,

Որ, տարօրինակ կերպով, միշտ նորոգ ես մնում:

Դու կաս մշտապես՝

Որպես դողացող շունչ գծի մյուս ծայրին,

Որպես ջրի ցայտ

Իմ կարթաձողին՝ շլացնող ու բարեհաճ,

Ներծծող ու հպվող:

Ես քեզ չեմ կանչել:

Չեմ կանչել երբեք:

Բայց մեկ է, մեկ է՝

Դեպ ինձ ես գալիս ծովի վրայով,

Հաստ, կարմիր ընկերք,

Շանթահարում ես խեղճ սիրահարներին:

Կոբրայի լույս,

Որ ֆուքսիա բույսի արյունն ես

խմում: Շնչել չէր ստացվում,

մեռած ու դատարկ էի,

Մերկացված ու բաց:

Քեզ ո՞ւմ տեղն ես դրել:

Հաղորդության նշխա՞ր ես, հապալասե Մարիա՞մ:

Չէ, ես մարմինդ չեմ ճաշակելու,

Ինձ բանտարկող շիշ ես,

Զազրելի՛ Վատիկան:

Սիրտս մահու չափ խառնում է տաք աղից:

Ներքինիների պես խակ ցանկություններդ

Ֆշշոցով են նայում իմ մեղքերին:

Հեռու, հեռու ինձնից, լպրծուն շոշափուկ,

Ոչինչ այլևս մեր միջև չկա:


[1] Թերակղզի Բրիտանիայի հարավ-արևմուտքում

[2] Հեղինակը նկատի ունի մարդու մարմնի ջերմաստիճանը ըստ Ֆահրենհայթի: Բանաստեղծությունը գրելու օրերին Փլաթն իրականում ջերմել է ըստ Ֆահրենհայթի 103 աստիճան ջերմությամբ:

[3] Հունական դիցաբանության մեջ անդրաշխարհի մուտքը հսկող եռագլուխ շուն

[4] Հեղինակը նկատի ունի ամերիկացի պարուհի Իզադորա Դունքանին, ում շարֆը, խճճվելով անիվների մեջ, պարուհու մահվան պատճառն է դարձել

[5] Բանաստեղծության մեջ Փլաթը զուգահեռներ է անցկացնում հունական դիցաբանության հայտնի Մեդուզա Գորգոնայի և սեփական մոր միջև

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.