Նոնիտա: Իմ արբունքի տարիների ծաղիկ, իմ գիշերների տագնապ: Արդյոք քեզ կտեսնե՞մ կրկին: Նոնիտա: Նոնիտա: Նոնիտա: Երեք վանկ, նման մի նուրբ ժխտման: ՆՈ: ՆԻ: ՏԱ: Նոնիտա ես կհիշեմ քեզ այնքան, մինչ քո կերպարանքը մթության շղարշով պատվի և լինես դու դամբարանում:
Անունս Ումբերտո Ումբերտո է: Երբ այս ամենը տեղի էր ունենում ես արբունքիս հանդուգն տարերքի մեջ էի: Նրանց համար ովքեր ինձ ճանաչում էին, ոչ նրանց ովքեր տեսնում են ինձ հիմա, ընթերցող, այս խցում՝ նիհար, իմ կարծրացած այտերին մարգարեական մորուսով, այլ նրանց համար, ովքեր ճանաչում էին ինձ այն ժամանակ. ես մի արժանավոր պատանի էի, ում մեջ կար նաև մելամաղձության ստվեր, որի հարավային քրոմոսոմները պետք է որ ժառանգած լինեմ մի կալաբրացի նախահորից: Երիտասարդ աղջիկները տենչում էին ինձ իրենց ծաղկող արգանդների ամբողջ ուժգնությամբ՝ ինձանով լցնելով իրենց գիշերների երկրային տագնապները: Աղջիկներին, որոնց ճանաչել եմ, աղոտ եմ հիշում, հայացքս հազիվ էի սահեցնում մետաքսյա և թափանցիկ աղվամազերով պատված նրանց ոսկեզօծ այտերի վրայով, քանի որ ես զոհն էի մեկ ուրիշ սարսափելի կրքի:
Սիրում էի, ընթերցող բարեկամ, իմ խենթության տարիների ողջ եռանդով, սիրում էի նրանց, որոնց դու ցրված թմրությամբ անվանում ես «Ծերեր»: Իմ մարմնի ամեն մի նյարդաթելով տենչում էի անողոք տարիքի սաստիկ նշաններով ծածկված այդ արարածներին, ճկված իրենց անխուսափելի ճակատագրի բեռից, բուռն կերպով նմանեցնելով նրանց ինձ համար տենչալի ծերության ուրվականին: Նրանք անծանոթ են շատերին, անպարկեշտ, անզգայուն, մարմնով ամուր քսանհինգամյա ֆրիուլիուհիներին[2] նախընտրող ուզաժին[3] նրանց մոռացել է: կօգտագործեմ, ընթերցող, ճնշված նաև իմաստության բուռն ալեկոծումից, որ զարհուրելի է դարձնում իմ յուրաքանչյուր անմեղ շարժումը, մի եզր, որը լավագույնս բնութագրում է երևույթը՝ պարկեներ[4]:
Ի՞նչ ասել ձեզ՝ ինձ դատողներ (toi, hypocrite lecteur, mon semblable, mon frère!”)[5], առավոտյան որսի մասին, որ մեր այս ճահճոտ ստորերկրյա աշխարհում երևում է որսորդի՝ պարկեների կրքոտ սիրահարի աչքին: Դու՛ք, որ հետմիջօրյա պարտեզում պարկեշտորեն որսում եք սովորական, նոր-նոր փթթող երիտասարադ պարմանուհիների, ի՞նչ գիտեք ծածուկ, մենակյաց որսի մասին, որին հետևում է պարկեներերի սիրահարը հին պարտեզների նստարանների վրա, բազիլիկների անուշահոտ ստվերում, արվարձանների գերեզմանատների խճաքարերով պատված ճանապարհներին, կիրակնօրյա ժամերին ծերանոցների, գիշերային ժամերգության մասնակիցների ապաստարանների դռների մոտ, սրբազան երթի սաղմոսերգության և բարեգործական ձկնորսությունների ընթացքում, սիրազեղ, և ավա՜ղ անխուսափելի ողջախոհ դավադրություն պիտի մշակի, որ մոտիկից հետևի այդ դեմքերը՝ քրքրված հրաբխային կնճիռներով, այդ կատարակտից ջրոտած ակնապիճները, չոր շրթունքների թրթռուն շարժումները՝ նրբաճաշակ, անատամ բերանի ակոսում, որտեղից երբեմն գերզմայլանքի պահերին լորձի շողշողուն գետակ է հոսում այդ ջղուտ, կոշտուկներով պատված ձեռքերը, որ երերալով սահում են ու գրգռիչ դողով անշտապ հաշվում համրիչի հատիկները:
Կարո՞ղ եմ երբևէ հաղորդել, ընթերցող բարեկամ, հուսահատ տկարությունը այդ կարճատև հայացքի, թեթև հպումից ջղային սարսուռը, տրամվայի բազմության մեջ արմունկի հանկարծակի հարվածը.(«Ներեցեք տիկին, կցանկանաք նստե՞լ»: Ո՜հ, սատանայական բարեկամ, ինչպե՜ս ես համարձակվել դու նայել խոնավ, երախտագիտությամբ լի հայացքին. «Շնորհակալ եմ, բարի երիտասարդ», դու որ պատրատ էիր բեմադրել բաքոսյան կատագերգություն՝ նրան տիրելու համար): Հազիվ դիպչելով պատվելի ծնկին, որին դու թեթևակի սահելով հպվում ես՝ ոտքդ մտցնելով թիկնաթոռների արանքը՝ փոքրիկ կինոթատրոնի հետմիջօրյա ամայության մեջ: Պիրկ, քնքուշ հպումը ոսկրոտ բազկի հետ նեղ շփման հազվադեպ պահերից է, երբ դու օգնում ես որևէ ծեր կնոջ ազդալույսի տակ անցել ճանապարհը՝ ընդունելով մտահոգ երկրախույզի տեսք:
Իրադարձությունները ինձ տանում էին նաև այլ հանդիպումների: Ինչպես ասացի, բավականին հրապուրիչ տեսք ունեի, թուխ այտեր և նուրբ աղջկական դեմք՝ նոր-նոր ծնվող առնականության նշաններով: Չէի անտեսում պարմանուհիների սերը՝ ընդունելով այն ինչպես տուրք՝ բանականության տարիքի: Հիշում եմ՝ մի մայիսյան երեկո, մայրամուտից քիչ առաջ, մի հյուրընկալ ամառանոցի պարտեզում՝ Վարեզեում էր, ոչ հեռու բոսոր լճից, ուր, կարծես, արևը մայր էր մտնում, մեկնվել էի թփերի ստվերում մի տասնվեցամյա պեպենաշատ աղջնակի հետ, որ տարված էր ուժգին սիրաբորբոք զգացմունքներով: Եվ այն պահին, մինչ դժկամորեն թույլ էի տալիս աղջնակին հպվել իմ չափահասության սահմանին, տեսա, ընթերցող, համարյա գուշակեցի, առաջին հարկի պատուհանի մոտ զառամ, ծուռմեջք, կորացած ծեր կնոջ ստվերը, որ ոտքին էր փաթաթում սև, բամբակյա գուլպայի տձև լաթը: Փայլակնացայտ տեսիլը նրա, լայնացման նշաններով խոշորացած վերջույթները, անուժ ծեր ձեռքերի շարժումներով՝ քանդում էր լաթե թնջուկը, երևաց ինձ (իմ տռփանքով լի աչքեր) ինչպես մի անգութ և նախանձելի ֆալոսական խորհրդանիշ՝ կուսական շոյանք: Այդ րոպեին էր, որ հափշտակված գերզմայլանքի ուժգնացումից՝ աղմկալից պոռթկացի կենսաբանական բաղադրիչները, որոնք աղջնակը (անզգույշ գորտ, ինչպես էի ատում քեզ) վերցրեց հեծեծագին՝ ընդունելով այն որպես դեռ չձևավորված հմայքի տուրք:
Երբևէ կարո՞ղ էիր հասկանալ դու, իմ հետաձգված կրքի անմիտ գործիք, որ վայելում ես ուրիշի սեղանի կերակուրը, և կամ բթամիտ ունայնությունը քո նոր-նոր ծաղկող տարիքի ինձ ներկայացավ որպես կրակոտ անհետաձգելի կրքի մեղսակից: Հաջորդ օրը, մեկնելով ընտանիքիդ հետ, մեկ շաբաթ անց բացիկ ուղարկեցիր «Քո հին ընկեր» ստորագրությամբ: Հասկացա՞ր ճշմարտությունը՝ օգտագործելով ճիշտ ածականը՝ ցուցադրելու համար խորամտությո՞ւնդ, թե՞ դա լիցեյի ուսանողուհու ծածկալեզուն էր ի հեճուկս բանասիրության էպիստոլյար բարքերի:
Այդ պահից ի վեր յուրաքանչյուր պատուհանի մոտ սրտատրոփ դարանում էի՝ հուսալով տեսնել ութսունամյա ծեր կնոջ մերկ ուրվագիծը: Քանի՜ գիշեր եմ թաքուն անց կացրել ծառի հետևում՝ իմ մենության տռփանք մեջ՝ նայելով վարագույրով շղարշված ուրվագծի ստվերին, որ լնդերով ծամում էր ախորժելի կերակուրը: Եվ սոսկալի հուսախաբությունը, հանկարծակի և շանթահար(ապա այս սրիկային նայեք), որ ապրեցի՝ տեսնելով նրան խաբեպատիր ծածկի ստվերից այն կողմ՝ պատուհանագոգի մոտ, որ ցուցադրում էր պարուհու իր փարթամ կուրծքն ու անդալուզյան զամբիկի նմանող սաթագույն ազդրերի մերկությունը:
Այսպես ամիսներ և տարիներ էի անց կացնում՝ անհագ երևակայությամբ որսալով պաշտելի պարկեներին. նպատակային փնտրտուքները, գիտեմ, սկիզբ են առնում իմ ծննդյան անխախտ պահից, երբ անատամ ծեր մանկաբարձուհին՝ հորս փնտրտուքների անօգուտ արդյունքը, հայրս գեշերվա այդ պահին կարողացել էր գտնել միայն նրան՝ մի ոտքն արդեն գերեզմանում, ազատեց ինձ մայրական արգանդի մածուցիկ գերությունից և կյանքի լույսի շողերի ներքո ինձ ցուցադրեց իր երիտասարդ պարկեի անմահ դեմքը:
Արդարացում չեմ փնտրում ընթերցողներ, (Պատերազմը պատերազմ է), գեթ ցանկանում եմ պատմել, թե ինչ ճակատագրական եղավ դեպքերի ընթացքը, որը բերեց ինձ այդ հաղթանակին:
Երեկույթը, որին հրավիրված էի երիտասարդ մանեկենուհիների և չհասունացած ուսանողների դժգույն Պեդինգ փարթի[6] էր: Երիտասարդ կանանց ցանկասեր դյուրաթեք բղջախոհությունը, նրանց պրկված կրծքերը, որ անփութորեն հրամցնում էին բլուզի միջից պարելու ժամանակ, իմ մեջ զզվանք էր ծնում: Արդեն մտածում էի փախչել այդ գռեհիկ առուծախի վայրից, երբ կտրուկ, սուր ձայնը (կարող եմ արտահայտել այդ գլխապտույտ հաճախականությունը, խռպոտ, աստիճանաբար ցածրացող, արդեն ուժասպառ ձայնալարերը, այդ հարյուրամյա բղավոցի վերջնասահմա՞նը), ծեր կնոջ դողդոջուն հեծեծանքը լռեցրեց հավաքույթը: Եվ այդժամ դռան անկյունում տեսա նրան՝ նախածննդական շոկի միջից երևացող հեռավոր պարկեի դեմքը, խանդավառ ցանկասիրությամբ ցույց տալով արձակ ալեհեր վարսերը, կծկված մարմնով, որի սուր անկյունները ընդգծվում էին կերպասյա մաշված հին շորի տակից, բարակ, անողոքաբար ծռված ոտքերի կամարը, զստոսկրի դյուրաբեկ գիծը ամոթխածորեն իջնում էր հին, պատվելի շրջազգեստի տակից:
Անխելք աղջնակը, որ հյուրընկալն էր, ձեռքերը թափահարեց, աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Իմ տատիկն է»:
[Այս կետով ավարտվում է ձեռագրի պահպանված մասը: Հատուկենտ տողերից, որ հաջողվեց վերականգնել, կարելի է եզրակացնել, որ այս պատմությունը զարգացել է այսպես: Ումբերտո Ումբերտոն իր հյուրընկալի տանից հափշտակելով նրա տատիկին, նստեցնում է իր հեծանվի հետնամասում, փախչում՝ ճանապարհվելով դեպի Պիեմոնտ: Սկզբում տանում է նրան աղքատատուն, որտեղ տիրում է նրան, հայտնաբերելով, որ սա ծեր կնոջ առաջին սիրային փորձը չէր: Արևածագին, մինչ նա այգու կիսաստվերում ծխում է, մոտենում է մի անվստահելի տեսքով երիտասարդ և երկդիմի հարցնում, թե իսկապես այս ծեր կինը իր տատի՞կն է: Նա անհանգստացած Նոնիտայի հետ լքում է աղքատատունը, և սկսվում է գլխապտույտ թափառումը Պիեմոնտի փողոցներով: Կանելլիում այցելում են գինիների ցուցադրության, Ալբեում՝ տրյուֆելների տոնին, Նիցցե Մենֆերրատոյում անասունների տոնավաճառին, Կալյանետտոյում մասնակցում Ջիանդուայի շքերթին, Իվրեում մասնակացում Լավագույն ջրաղացպան մրցույթին, Կանդովայում՝ տոնական պարկերով վազքի: Այս խենթ, անհուն թափառումի վերջում նկատում է, որ արդեն որոշ ժամանակ է ինչ իրենց հեծանվի հետևից Լամբրետտայով[7] մի երիտասարդ է գալիս, ով խուսափում է հանդիպումից: Մի անգամ, Ինչիզա Սկապաչչինոյում, տանում է Նոնիտային կոշտուկը հեռացնելու և մի պահ դուրս գալիս՝ ծխախոտ գնելու: Վերադառնալով տեսնում է, որ ծեր կինը լքել է իրեն՝ փախնելով անծանոթ երիտասարդի հետ: Խոր հուսահատության մեջ ամիսներ է անց կացնում և վերջապես գտնում ծեր կնոջը, որ եղել էր գեղեցկության ինստիտուտում, ուր տարել էր նրան հրապուրող երիտասարդը: Նրա դեմքին այլևս կնճիռներ չկան, շիկահեր է, հյութեղ վառ շուրթերով: Ումբերտո Ումբերտոյին պատում է խոր խղճահարությունն ու հուսահատությունը այդ կործանված տեսքից: Ոչինչ չի ասում, գնում է երկփողանի հրացան և գնում փնտրելու դժբախտ այն տղային: Նրան գտնում է մի արշավի ժամանակ, երբ փայտի կտորները իրար էր շփում՝ կրակ ստանալու համար: Նա երեք անգամ կրակում է, բայց վրիպում, մինչ նրան բռնում են սև գլխարկներով և կաշվե բաճկոններով երկու քահանա: Նրան ձերբակալում են և ենթարկում վեցամսյա ազատազրկման՝ անօրինական զենքի պահպանման և անհամապատասխան եղանակին որս անելու համար:]Դեդալուս
Տպագրվել է Il Verri-ում
Իտալերենից թարգմանեց Սոնա Հարությունյանը
[1] Բելվեդերե Լանգե (իտալ. Belvedere Langhe)-Կոմունա Իտալիայի Պիեմոնտ մարզի Կունեո գավառում
[2] ֆրիուլիուհի -Իտալիայի Ֆրիուլի (իտալ. Friuli) մարզի բնակչուհի
[3] Usager (ֆր.)-ֆրիլուհիների հաճախորդ
[4] Պարկեներ (լատ. Parcae)- հռոմեական դիցաբանության մեջ ճակատագրի երեք աստվածուհիները՝ Nona, Decima, Morta:
[5] Իմ երեսպա՜շտ ընթերցո՛ղ, իմ նմանա՛կ, իմ եղբա՛յր-Շ. Բոդլեր, Չարի ծաղիկներ (թարգ. Հ. Բախչինյան)
[6] petting (անգլ.) սեռական ցանկության բավարարում առանց սեռական օրգաններին դիպչելու: Հեղինակի տեքստում petting party
[7] Լամբրետտա(Lambretta)- մոտոռոլլերի հայտի իտալական ապրանքանիշ