Ինքնագիր գրական հանդեսի 7-րդ համարը արդեն գրախանութներում է(Արտբրիջ, Բյուրոկրատ, Մետրո, Իլիկ): Դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալյումե բարում կլինի Ինքնագիր 7-ի և Ինքնագրի անգլերեն գրական ծաղկաքաղի՝ makukachu anthology of contemporary armenian literature շնորհանդեսը:

Այս առիթով Ինքնագիրը հրապարակում է Ինքնագիր 7-ի խմբագրականը:

dsc00394

«Ինքնագիր» հանդեսն իր համար մշտապես ձևակերպում է գրականության, գրական քննարկումների և գրական միջավայրի ձևավորման ու կազմակերպման, գրական փոխանակումների իր տեսլականը: Առաջին տարիներին դա դեռ սովետական շրջանից գործող ամբողջատիրական համակարգի և իներցիայով շարունակվող կամ նոր առաջացող գաղափարախոսական թելադրանքից անկախ գրականության ստեղծման ու տարածման խնդիրն էր:

Այսօր հանդեսը շարունակում է իրագործել գրականության մասին իր պատկերացումները` գրականության խնդիրը տեսնելով ոչ թե պարտադրված դիլեմայի առջև կողմնորոշվելը` քաղաքական զինվորագրո՞ւմ, թե՞ ապաքաղաքական հոգևոր գործունեություն, ինչը տարածված պրակտիկա է մեր օրերում, այլ գրականություն մտածելը`որպես սեփական, ինքնուրույն ու յուրահատուկ աշխարհի ստեղծում: Այդ աշխարհի քաղաքականությունը ստեղծում են հեղինակները, որը ոչ միայն պարզապես հակադրվում է քաղաքական համակարգին, այլ ինքն է սահմանում իր օրակարգը: Գրականությունը ոչ թե սպասարկում է հասարակական պահանջները, այլ ինքն է ստեղծում հասարակություն, ինչպես գիտությունները, քաղաքականությունն ու փիլիսոփայությունը, բայց ի տարբերություն ու ի լրումն սրանց` փրկելով աշխարհը միանման ու միաչափ պարզունակությունից: Այս դիրքորոշման շնորհիվ է, որ հանդեսը կարողանում է ընդգրկել ամենատարբեր գրություններ նաև փորձարարական այնպիսի գրողներից, որոնք հավակնում են իրենց գործերով մասնակցել գրականության այդ աշխարհաստեղծ առաքելությանը:

«Ինքնագիրը» հրատարակել է նաև անգլերեն հավաքածու, որի վերնագիրը (Deviation, 2008 թ.), խորհրդանշում էր հանդեսի որդեգրած գրական քաղաքականությունը` «շեղվել» մայրուղային համարվողից` ստեղծելով կենտրոնացված հարթակից դուրս գրականություն:

Հավաքածուի նախաբանը` Manuscripts From Shattered Drawers, ներկայացնում էր հանդեսի գրական գործունեությունը:

Սովետը չկար, բայց դեռ շարունակվում էին դարակներում գրական գործեր պահվել, որոնք չէին համապատասխանում իշխող գրական հաստատությունների ցենզուրային: Ուրեմն, տարածք ստեղծել ոչ միայն սովետական և հետսովետական «դարակային» գրականության համար, Սովետի օրոք արգելված մոդեռնիստական տարբեր ուղղությունների օտարված ժառանգությունն ընդունել դարասկզբին ընդհատված տեղից ու մտածել շարունակությունը նոր ժամանակներում, նաև «կոտրած» երկրի` Հայաստանի` իրարից «բեռլինյան» պատով սահմանազատված գրական գործունեությունն ի մի բերել` սփյուռքյան գրական գործերի ներառմամբ քարտեզագրելով ժամանակակից հայ գրականությունը:

«Ինքնագիր» գրական հանդեսը հիմնադրվել է 2005-ին, անգլերեն առաջին անթոլոգիան տպագրվել է 2008-ին:

Ութ տարում փոխվեց Հայաստանը. կենտրոնացված հարթակը նաև այլ ճաքեր տվեց, ու առաջացան գրական տարբեր տարածքներ, տաբուները նոսրացան, ցենզուրան տեղ-տեղ հաղթահարվեց, բայց գրականության գլխին կախվեց մեկ այլ թելադրանք` կոմունիստականին փոխարինելու եկած ազատականը` շուկան կամ, ավելի ճիշտ` շուկայի ուրվականը: Բեռլինյան պատից այս կողմ անցած նոր ուրվականը, Եվրոպայում շրջող նախորդ ուրվականի` կոմունիզմի պես շատ ավելի հմայիչ թվաց ասդին, քան իր ծննդավայրում: Եվ կոմկուսի նախկին «վաստակավոր» կոչումները փոխարինվեցին մի կողմից` երկրի նախագահի մրցանակով, մյուս կողմից` «բեսթսելըր» կոչումով, որը բարձր գրականության հավակնորդներին անգամ հրապուրեց` չնայած փոքր երկրի համար անգամ փոքր իր թվաբանությամբ: Ուրեմն, գրականությունը` իշխանության ու շուկայի պատանդ: Նոր պայմաններում «Ինքնագիր» հանդեսը ձևակերպեց իր գրական անկախությունը` սկզբունք ունենալով նաև շուկայական թելադրանքից ազատ տարածք մնալ ու տուրք չտալ ոչ շուկայական ամբոխահաճո, ոչ էլիտար միտումներին:

Սակայն բեռլինյան պատի անկումը միայն շուկա չէ, որ բացում է, այլև հանդիպման հնարավորություն Ուրիշի հետ` պայմանավորելով սեփական ինքնության վերաձևակերպումը: Ժամանակակից հայ գրականությունը ինքն-ուրիշության փորձընկալման յուրահատուկ հնարավորություն ունի` երկու գրական լեզու` արևելա/արևմտահայերենը` իրենց տարբեր պատմաքաղաքական ու սոցիալ-մշակութային շտեմարաններով: Սակայն այդ փորձընկալման համար կարևորը ոչ թե միմյանց հայելն է, այլ` միասին` զանցումն անդին: Իրար միջով` դուրսը:

«Մեր լեզուն կը սկսինք սիրել երբ կ՚օտարանայ: Անոր օտարացումը մեզ կը դիւթէ կամ կը զգլխէ: Սակայն այլեւս չենք փարիր անոր»` ասում է Գրիգոր Պըլտյանը: Լեզվի օտարացման համար, սակայն, թերևս կարիքը կա անհնարին լռության կամ Բաբելոնի, դադարի կամ ուրիշ/ների: Ինքն իր վրա փակված, իրեն փարված մենախոսքը «լուռ հայելի» է, որին նայողը ինքնաթովված համր ծաղկի է փոխակերպվում: Ինչպե՞ս պոկել ամալգամը, որ հայելին դառնա ապակի` թափանցելով ուրիշին:

«Ինքնագիրն» արդեն բաց դարակներն է դասավորում` կոտրելով նաև երկաթե վարագույրին փոխարինած «լուռ հայելին», որը օտարացմամբ տրվող բացահայտումի փոխարեն` ինքնանույնացման զմայլմամբ է գայթակղում: Հավաքածուի համատեքստում են հայտնվել Հայաստանում ու երկրից դուրս ստեղծագործող հեղինակներ, ում արևելահայերեն կամ արևմտահայերեն երկխոսությունը ուրիշի հետ, բազմապատկվելով կոտրած հայելու բեկորներում, բազմապատկում է Ուրիշի փորձընկալման ձևերը` ըստ ավանդական սփյուռքի ու անկախությունից հետո բաց սահմանների շնորհիվ Հայաստանից այլ երկրներ տեղաշարժվելու հնարավորությամբ տրվող կենսափորձի:

«Ինքնագիրն» այդպես ոչ միայն ինքն իր մասին գրություն է դառնում, այլև գրությամբ ձևակերպում է Ուրիշի հետ առնչությամբ վերստեղծված նոր ինքնություն:

Յուլիա Կրիստևան իր «Բուլղարիա, իմ ցավ» էսսեում «խաչմերուկի հրեշներ» է անվանում իր պես գաղթական գրողներին, որ գրում են նորաբնակ երկրի լեզվով` դրա մեջ ներմուծելով մայրենի լեզվից սողոսկող հատկանիշներ: Հայ գրականությունը «խաչմերուկի հրեշների» ավելի վաղեմի ցանկ ունի, բայց ահա արձանագրում է վերադարձ մայրենի լեզվին, երբ օտարագիր փորձի ժառանգները ընտրում են հայերենը` ոչ միայն փոքրացնելով լսարանը, այլև երբեմն ավելին` գրելով անհայրենիք լեզվով` արևմտահայերենով, որ մեռնող լեզու է համարվում: Գուցե այդ պատճառով են նաև երբեմն ընտրվում վիզուալ պոեզիայի տարբեր տեսակներ, որ պատկերն առաջ մղվի, բայց հիմնականում, որպես Թարգմանչաց տոն ունեցող ժողովուրդ, հավատալով թարգմանության անփոխարինելի առաքելությանը:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.