Հոկտեմբերի սկիզբն էր, երբ Ջենին հայտնվեց TLZ-ի մաշված գրասենյակում: Մենակ չէր, Տուրբոն էլ հետն էր:
-Հարցեր ունե՞ք,- երկու շաբաթ առաջ՝ ինտերվյուի ժամանակ, դիմել էր TLZ-ի տնօրենը Ջենիին:
-Եթե ինձ վերցնեք, կարո՞ղ եմ շանս հետ գալ աշխատանքի. իրեն որ տանը մենակ եմ թողնում, զանգում է հարևաններին, հաչում խոսափողին:
Ջենիին վերցրել էին, իր տաքսային էլ հետը:
Թիէլցեթում ոչ մի ջահել աշխատող չկար. մինչև Ջենիի հայտնվելն ամենափոքրը Հայդին էր, որի քառասունը մի քանի տարի առաջ էր լրացել:
-Մեկ էլ էնպես եմ քրտնում, որ բուղը տալիս է ջանս,-վերջին շրջանում հաճախ էր փնթփնթում Հայդին,-քեզ մոտ էլ էր էդպես լինո՞ւմ:
-Հա, իհարկե, կլիմաքսն էդպես գիտի, լավ է, ես արդեն դուրս եմ դրանից,-պատասխանում էր Անկեն՝ դրակոնին հաղթածի հպարտությամբ,- հավատա ինձ, ամենալավ տարիքը հիսունհինգից հետո է:
Հայդին տարիքի մասին սովորաբար չէր խոսում: Միայն տրանսպորտում լուռումունջ համեմատում էր իրեն ամեն տեսած կնոջ հետ: Թե որն է իրենից ջահել, որը՝ չէ: Էն, որ նրանից շատերն իրենից ավելի սիրուն էին, ավելի նիհար կամ ավելի լավ հագնված, իր ջանի բուղը ոչ շատացնում, ոչ քչացնում էր: Միայն տարիքը:
Հայդիի ամեն տարին մյուսից չէր տարբերվում: Հունվարից դեկտեմբեր անցնող միօրինակ շրջանը, որը կրկնվում էր տարեցտարի, պիտի որ կանգնեցներ ժամանակը Հայդիի համար: Նա պիտի որ քարանար մումիայի նման՝ այլևս չտրվելով ժամանակին: Բայց տիեզերքը դեռ չէր հասել էդ հանճարեղ մտքին, ու Հայդին հաստատուն քայլերով թոշնում էր:
Նրա դեմքին միշտ հաստ դիմափոշի էր, որը վզի մոտ կտրուկ ավարտվում էր, իսկ քթի վրա պուտերով կուտակվում ծակոտիների մեջ: Ինչ էլ հագներ, ոնց էլ իրեն դզեր-փչեր, նա տեսքի չէր գալիս: Իսկ դասական շարֆերը, որոնք միշտ վրան էին, անգամ երբ հագին գյուղական տրեխներ էին, ավելի էին բոբոշացնում նրա ամբողջ կերպարը:
Սենյակում նրա շուրջը տարբեր չափերի վենտիլյատորներ էին շարված, որոնք Հայդին միայն իրեն հայտնի հերթականությամբ միացնում էր՝ կլիմաքսի բղից ազատվելու համար:
Գուցե հենց նույն «Կ» անունով մոնստրն էլ մեղավոր էր, որ Հայդիի մարմինը գնալով ճարպակալում էր. նստելիս աթոռի կողքից կախվում էին ազդրերի ծալքերը, իսկ փորն իջնում էր գոգին:
-Գիտե՞ս էրեկ ինչ ասեց Շտեֆանի ընկերն իմ մասին:
Անկեն նայեց կոլեգային:
-Ասեց՝ Հայդին ինչ նման է Շրեկի կնոջը: Համ տեսքով, համ բարությամբ, համ քաղցրությամբ: Ու բոլորը դա շատ հաջող կոմպլիմենտ համարեցին: Շտեֆանն էլ ժպտաց, բան չասեց: Չասեց՝ չէ, նման չի:
-Շրեկի կինը ո՞րն է,- հարցրեց Անկեն:
Ու երբ Հայդին նրան ցույց տվեց մուլտի կլորիկ հերոսուհուն, Անկեն աչքերը լայն բացեց՝ կոմպի էկրանին տեսնելով իր կոլեգայի կանաչ տարբերակին:
-Չէ՜, հեչ նման չի, ինչ են խոսում, բանի տեղ մի դիր:
-Բայց Շտեֆանը ժպտաց,-կրկնեց Հայդին:
Եթե Յոհանեսն էլ լսած լիներ, ինքն էլ հաստատ կժպտար: Ութ տարեկան տղաները լավ գլուխ են հանում Շրեկերից: Բայց Հայդին իր տղայի մասին ոչինչ չասեց, միայն ամուսնու անտակտությունից դժգոհեց:
Իսկ Յոհանեսի մասին Հայդին ուրիշ բաներ էր խոսում: Թե ոնց է իր բախտը բերել, որ ինքն էդպիսի խելացի տղա ունի, թե ոնց են դպրոցում բոլորը գովում նրան, թե ինչ թվանշաններ է տուն բերում, թե ինչքան գրքեր է արդեն կարդացել, թե ոնց են իրենք հեռուստացույց միայն կիրակի առավոտները նայում, թե քանի տեսակի սպորտի է գնում, թե ոնց են աստվածներն էդպիսի կատարելություն ստեղծել ու իրեն նվիրել: Անկեն ուրախանում էր Հայդիի ուրախությամբ՝ անկախ նրանից, որ կոլեգայի մամայական փսլինքներն իրեն քիչ էին հուզում: Անկեի աղջիկը հասուն մարդ էր, ապրում էր ուրիշ քաղաքում. նրանք ամիսը երկու անգամ կարճ խոսում էին, ու ոչ մեկը մյուսի կատարելությամբ չէր տառապում:
Հայդին վաղուց էր Թիէլցեթում, իսկ Անկեն հավանաբար էնտեղ էլ ծնվել էր:
Հայդին իր աշխատանքն առաջին օրվանից էլ չէր սիրում, բայց դա մի բան էր, որ հարմար տեղավորվել էր իր քառակուսի կյանքում, զմռսվել մնացել մեջը, ու եթե մի քիչ տակերը փորեիր, հավանաբար բորբոս էլ կգտնեիր:
Թիէլցեթում օդը կանգնած էր, ու ոչինչ չէր փոխվում: Բայց մի օր թեթև քամի անցավ իրենց օֆիսով, երբ թոշակի գնացած կոլեգայի փոխարեն հայտնվեց Ջենին՝ Տուրբոյին հետևից գցած:
Ջենիին հնարավոր չէր չնկատել: Նա ճռճռան քթով դեղին մարկեր էր՝ սևուսպիտակ տեքստի վրա խազած:
Նրա ներս մտնելու պահից ջահել արյան հոտը խփեց բոլորի քթին:
-Քսանյո՞թ,- նորից հարցրեց Հայդին՝ փորձելով անցյալի խորքերից վերհիշել, թե արդյոք էդպիսի տարիք ընդհանրապես գոյություն ունի:
-Բա ինչի՞ Թիէլցեթն ընտրեցիր,-հարցրեց Անկեն:
-Շատ չխորացա էս պահին. առաջին պատահած գործը վերցրեցի, էնքան որ մի քիչ փորձ հավաքեմ, հետո կտեղափոխվեմ:
-Էհ, բոլորս էլ էդպես ենք սկսել ու թթվել մնացել էստեղ,- ծիծաղեց Անկեն:
-Մենք թթվողը չենք, չէ՞, Տուրբխեն:
Ու գաճաճը հավեսով թափ տվեց պոչը:
Հոկտեմբեր ամիսն էր, ու Տուրբոն ջահելական թիթիզ կոստյումով էր. ճաշակով իր տիրոջից հետ չէր մնում:
-Էս շորերը որտեղի՞ց ես առնում շան համար,-հետաքրքրվեց Հայդին, որը Տուրբոյի հագուկապի մեջ շարֆի պակասություն էր տեսնում:
-Կոնկրետ էս մեկը Տոկիոյից ենք առել, Տուրբոյի ցանկությամբ: Տեսավ թե չէ, ականջներով ծափ տվեց. էլ նրան ցուցափեղկից պոկել չէր լինի:
-Դու Ճապոնիայում ես եղե՞լ:
Հայդիի համար Գերմանիայից էն կողմ մեկ էլ Ավստրիա կար, ուր գնում էր ամեն արձակուրդի՝ մամայի ու պապայի մոտ, չհաշված էն արձակուրդները, երբ մնում էր տանը՝ պատուհաններն ու դարակները մաքրելու:
Ճապոնիայից բացի Ջենին ուրիշ տեղերում էլ էր եղել: Ու Հայդիի աչքերը փայլում էին, երբ նա հանգիստ ու «ինչ կա դրա մեջ» տոնով պատմում էր իր ճամփորդությունների մասին:
Օֆիսում շատերի համար Ջենին աչքի փուշ էր: Նրա կարմիր մազերը, ծվծվան ջահել ձայնը, կատակով խոսելը, զիզի շունն ու մնացած ամեն ինչը ներվահան էին անում Թիէֆցեթի նամշահոտներին: Բայց Հայդին ու Անկեն էդպես չէին: Անկեն աջը քաշած իր գործն էր անում, ու նրան ոչինչ առանձնապես չէր հուզում. կողքից կատակում էին, ինքն էլ էր ծիծաղում, բան էին պատմում, լսում էր ու ձեռքի հետ մի անշառ բան բստրում: Ոչ մեկի թանին թթու չէր ասում, ոչ մեկի հավին քշա չէր անում: Ջենիի լինել-չլինելը իր կյանքում ոչինչ չէր փոխում:
Հակառակ իր կոլեգայի, Հայդին տարված էր Ջենիով: Դա ուրիշ մոլորակ էր իր համար, որտեղ ինքը երբեք ոտք դնել չէր կարող. Միայն կարող էր զննել հեռվից ու բերանը բաց հիանալ: Նա ամեն առիթով գնում էր Ջենիի սենյակ, ոտքը կախ գցում, մինչ ջահելիկը ծվծվալով իր կատակներն էր անում ու ոգևորությամբ քննարկում աշխարհում կատարվող ամեն մի բան, որոնցից շատերի մասին Հայդին գաղափար չուներ:
Ընդմիջմանը Ջենին Տուրբոյին էր կերակրում ու մի խնձոր կրծում, մինչդեռ Հայդին հանում էր պայուսակից հաստլիկ սենդվիչները ու արագ-արագ կուլ տալիս: Երբեմն Շտեֆանն էր գալիս ու կնոջ համար մի քսան շիշ ջուր բերում: Հայդին ինքն իրեն ստիպում էր շատ ջուր խմել, որ նիհարի: Սենդվիչների դերն էդ կարևոր գործում սովորաբար անտեսվում էր:
Օրվա վերջում Հայդին երկու ցուցակ էր կազմում, մեկը՝ թե ինչ է անելու հաջորդ օրը աշխատանքին, մյուսը՝ տանը: Մի օր ոնց էր եղել, «տան ցուցակն» ընկել էր Ջենիի ձեռքը ու սա կարմիր գլուխը տրորելով կարդացել էր. «Շնորհակալություն հայտնել Մարտինային, Յոհանեսի հետ գրադարան գնալ, ջրել օրխիդեան, հավը հանել սառցախցից շաբաթ օրվա համար, … , …»:
-Էսօր պայմանագրերի հետ մի թուղթ էլ ավել ես դրել մոտս. ահագին կարևոր ինֆո էր իհարկե, մենակ թե Մարտինային չեմ ճանաչում, որ շնորհակալություն հայտնեմ, իսկ հավը դեռ երկու օր առաջ ենք կերել,-ժպտալով ասեց Ջենին՝ ցուցակը դնելով Հայդիի սեղանին:
Հայդին նայեց թղթին ու երջանկացավ՝ տեսնելով իր կորցրած ցուցակը:
-Հիմա ասա, որ սա կատակ էր, ու քո էս ցուցակը լուրջ չի,-ավելացրեց Ջենին:
-Ես ամեն օր էլ գրում եմ, թե հաջորդ օրն ինչ ունեմ անելու, թե չէ չեմ կարող գիշերը հանգիստ քնել:
-Մարտինային շնորհակալություն հայտնե՞լ, պիտի էսպիսի բաներն իսկապես գրի առնե՞ս:
-Հա, ինչ կա որ:
-Լավ, շատ ես ուզում՝ հեռախոսիդ մեջ ռիմայնդեր դիր, էլ ցուցակն ինչի՞դ է:
Բայց Հայդիի հեռախոսը մենակ զանգելու ու էսէմէսի համար էր. նրա հեռախոսը ուրիշ բան ոչ կարող էր, ոչ էլ թե իր տերը դրա կարիքն ուներ:
-Ո՞նց թե մենակ զանգելու համար, նույնիսկ տատիկիս հեռախոսն էդ օրին չի: Տուրբոն լսեր, թաթը կխփեր ճակատին: Ֆեյսպալմ:
Ու բոլորը միասին ծիծաղեցին, Անկեն էլ հետները:
Երեկոյան Հայդին հարցնելու էր Շտեֆանին, թե ֆեյսպալմն ինչ է:
Ու հաջորդ օրն ասելու էր Անկեին.
-Ես ու Ջենին ինչ հաճախ ենք ծիծաղում միասին, ինձ թվում է, մենք շատ նման հումորի զգացում ունենք:
Անկեն արագ պատասխանելու էր, որ էդպես էլ կա՝ մտքում ֆեսյպալմ անելով. ինքն էդ բառը վաղուց գիտեր:
Ջենիի օրը մեծ զբաղվածությամբ աչքի չէր ընկնում, ու երբ Հայդին գալիս էր իր մոտ բլբլալու, նա միայն ուրախանում էր, թեև առանձնապես ընդհանուր թեմաներ չունեին: Հայդին պատմում էր իր հրաշք երեխա Յոհանեսից, իր ամուսնուց, որից մեծամասամբ գոհ էր ու երևի թե երջանիկ էր հետը. համեմատելու բան չուներ, որ հաստատ համոզված լիներ:
-Դու ընկեր չունե՞ս,-հարցրել էր Հայդին:
-Չէ, չունեմ,-պատասխանել էր Ջենին:
-Ոչինչ, դեռ կհանդիպես քեզ հարմար տղամարդու:
-Արդեն հանդիպել եմ, -ասեց Ջենին ու գրկեց իր գաճաճին, որն անմիջապես ծափ տվեց ականջներով,- թեև «հարմարը» հեչ իմ բառը չի:
Դա Հայդիի բառն էր: Հարմար աշխատանք, հարմար ամուսին, հարմար կյանք: Ոչ լավ, ոչ վատ, այլ հենց հարմար: Դա բառապաշարից չէր գալիս, այլ ավելի խորքերից:
Տարեմուտի կորպորատիվ փարթիին գնալն էլ էր Հայդիին հարմար. Յոհանեսն ու Շտեֆանը Դրեզդենում էին:
Ջենին էնտեղ էր՝ իրեն ահագին նման մի աղջկա հետ:
-Քո՞ւյրդ է,-հարցրեց Հայդին ու ձեռքն անմիջապես մեկնեց անծանոթ աջկան,-Հայդի Համբուրգեր, ուրախ եմ ծանոթանալ: Դուք ինձ ինչ-որ մեկին եք հիշեցնում:
-Ողջույն Հայդի, ես Ռեգինան եմ,-ու աչքով արեց,- ու գուցե Run, Lola, Run-ի Լոլային եմ հիշեցնում:
-Լոլային ես եմ ավելի նման,-Ռեգինային գրկելով՝ մեջ մտավ Ջենին,- դու ավելի շատ Fifth Element-ի Լիլուն ես:
-Հա, բա չէ, լրիվ Միլա Յովովիչ եմ:
Հայդին զգաց, որ էդ զրույցն իր ակվարիումից դուրս է, ու Անկեին գտնելու ժամանակն է:
Երեկոյի ընթացքում նա դեռ աչքի պոչով հետևում էր Ջենիին ու Ռեգինային, մինչև հաստատ համոզվեց` ոչ, չէ, քույրեր չեն: Բայց դրանից հետո էլ երբեք չանդրադարձավ էդ թեմային:
-Չես ուզո՞ւմ ուրիշ աշխատանքի դիմել,- գարնան սկզբին հարցրեց Ջենին,- ինչքան լսում եմ, հա դժգհում ես Թիէլցեթից:
-Հա, ինքդ էլ ես տեսնում, որ մի կարգին գործ չի, ուղղակի հետն էլ գիտեմ, որ դժվար թե ինձ ավելի հարմար բան ճարվի:
-Իսկ դու փորձիր:
-Համ էլ ես հավատացյալ եմ, -շարունակեց Հայդին,- կարծում եմ՝ հենց էնպես չի, որ ես էսքան երկար ժամանակ էստեղ եմ. ուրեմն էդպես է Աստծո կամքը:
-Արի դու դեռ սկսիր նոր աշխատանքների դիմել, ու եթե մի տարվա ընթացքում ոչ մի նոր բան չգտնես, նորից կվերադառնանք աստծո կամքի մասին տեսությանդ: Դո՞ւ ինչ կասես Տուրբխեն:
«Աստծո կամքի մասին տեսությունդ» թե ուրիշ մեկի շուրթերից դուրս գար, Հայդին անմիջապես կհաներ թուրթվանքը ու կընդուներ Նինձա -Կրիայի մարտական դիրք, բայց Ջենիին ամեն ինչ ներելի էր:
Ամռան վերջին Ջենին հայտնեց, որ հոկտեմբերից տեղափոխվում է Սիմենս:
-Էդ ո՞նց,- հայացքը մի պահ կտրելով թղթերից՝ հարցրեց Անկեն:
-Դիմեցի, վերցրեցին:
-Տուրբոյին է՞լ:
-Հա, բա ինչ. ես աշխատանքի դիմելուց Տուրբոյի ռեզյումեն էլ եմ ուղարկում:
Հայդին կամաց ասեց.
-Ուրախ եմ քեզ համար:
Ու էդ օրն այլևս չխոսեց Ջենիի հետ, հաջորդ օրն էլ:
Հրաժեշտ տալիս Անկեն ոգևորությամբ գրկեց Ջենիին.
-Ապրես, խելոք աջիկ, տարոսն էլ՝ մեզ:
Հայդին էլ գրկեց ու լավ բաներ մաղթեց Ջենիին:
-Կապի մեջ կմնանք,- Հայդիի ականջին ասեց ջահելիկը:
Ու խոստումը պահեց: Ամսվա մեջ գոնե մի անգամ իմեյլ էր ուղարկում Հայդիի աշխատանքային հասցեին ու հարցնում իրենից, Թիէլցեթից, հետն էլ իր նոր գործից պատմում: Հայդին պատասխանում էր հավեսով, բայց հետն էլ տխրում էր, որ Ջենին կողքի սենյակում չէր, այլ լրիվ ուրիշ տեղ: Մի անգամ որոշեց նրան հարցնել, թե կուզենա արդյոք իր հետ համերգի գնալ: Թեև ինքը համերգներ չէր սիրում, բայց ուրիշ բան մտքով չանցավ՝ Ջենիին հանդիպելու համար: Պատասխանն եկավ երկու օրից. ցավոք, չէր կարող, ուրիշ պլաններ ուներ էդ օրվա համար: Բայց նոր առաջարկ էլ չկար՝ ուրիշ անգամ հանդիպելու:
Ու Հայդին էլ ոչինչ չգրեց իրար տեսնելու մասին:
Երբ հաջորդ տարվա մարտին Ջենին իրեն ուղարկեց Սիմենսում թափուր տեղի մասին հայտարարությունն ու ասեց, որ կօգնի պատրաստել դիմումը, Հայդին մի պահ վախեցավ: Իսկ եթե ստացվե՞ր: Ու ինքը գնար Թիէլցեթից:
Երկար նայեց նամակին ու ջնջեց: Նորն այլևս չէր ստանալու: