Աստվածն արթնացավ սարսափելի տրամադրությամբ, թերևս, ինչպես ամեն օր վերջին 7569 տարվա մեջ: Սահեց այգի, թեքվեց թզենու կողքով աջ ու կանգ առավ իր փոքրիկ ծաղկանոցի մոտ: Ամայի ծաղկանոցում հազիվ մի քանի մանուշակներ թույլիկ, ասես ներողամիտ ժպտում էին Աստծուն, և ամեն օր կրկնվող այս տեսարանն ամեն անգամ այնպես էր հուզում Նրան, որ աչքերը լցվում էին: Սիրտը բարակում էր, հոգին ալեկոծվում, և Աստծո առավոտյան զայրույթը հօդս էր ցնդում: Ժամանակավոր, իհարկե: Այս անգամ էլ բացառություն չեղավ: Նա մոտ տասնհինգ րոպե նայեց համեստ մանուշակներին, մի քանի կաթիլ արցունք գլորեց այտն ի վար ու հետ սահեց իր կացարանը: Ինչ խոսք, Աստված չափազանց զգացմունքային էր:
Ադամին դրախտից վռնդելուց հետո մեկ ձեռքի մատների վրա կարելի էր հաշվել, թե քանի անգամ էր հետաքրքրվել մի որևէ մարդու կամ ընդհանրապես մարդկության ճակատագրով: Ամեն անգամ չափազանց վատ էր վերջանում, դրա համար էլ չէր հետաքրքրվում: Անտանելի բարկանում էր ու մի քանի հազար տարի անիմաստ տառապում դեպրեսիայից: Հենց սկզբից էլ պարզ էր, որ մարդիկ իսան չեն: Հենց մեկը` աստվածաշունչ կոչվող` իբր արարչագործության պատմությունը նկարագրող ստերի հավաքածուն ինչպիսի՞ ստորություն էր իր հանդեպ: Այդ «սուրբ» կոչվող գրքում մի պատմություն չկար, ուր Աստծո արարքների դրդապատճառները գլխիվայր շուռ տրված չլինեին:
Ի՞նչ է նշանակում՝ «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»: Այսինքն Աստված պարզունակ հաշվարկներ չի կարող անել, որպեսզի պատկերացնի՝ մի քանի հազար տարում ինչպիսի դեմոգրաֆիական պատկեր կունենա Դրախտու՞մ, կամ Աստված այնքան միամիտ է, որ արգելված պտղի քաղցրության մասին առակը չգիտի ու իր իսկ կողմից ստեղծված էակների հակումների ու հոգեկերտվածքի մասին որևէ գաղափար չունի՞, որպեսզի նման հիմար սահմանափակումներ դնի մարդկանց վրա:
Կամ, որ ամենակարևորն է, Աստված էնքան փոքրոգի, վախկոտ ու նախանձ մեկն է, ով չի ցանկանում, որ իր ստեղծագործությունը կատարյալ լինի բոլոր իմաստներո՞վ: Որևէ արարչի հանդեպ ավելի վիրավորական բան դժվար էր մտածել: Մինչև էսօր կուլ չի գնում: Այնինչ իրականությունն ուղիղ հակառակ պատկերն ուներ: Աստված Ադամին ու Եվային կանչել էր իր մոտ, ասել էր՝ «Հենց Կենաց ծառի պտուղները հասունանան, կերեք այդ պտուղները, բայց օրական մեկ հատ, քանի որ դուք ինքներդ էլ պիտի հասունանաք աստիճանաբար, որպեսզի ձեր հոգիներում ու մտքերում խառնաշփոթ չլինի, և հետո, այդ պտուղները չարաշահելուց անտանելի ցռիկ են ընկնում, իսկ իմաստնությունն ասում ա՝ որտեղ ապրում ես, այնտեղ մի քաքի, և ընդհանրապես, որքանո՞վ ընդունելի կլինի՝ ամբողջ Դրախտս ապականեք: Մի խոսքով, կյանքում ինչ ուզում ես արա, պիտի ճիշտ տեխնոլոգիան պահես, որպեսզի որակի հանդեպ հավակնություններդ արդարացված լինեն, եթե նույնիսկ կրթությամբ ու զարգացմամբ ես զբաղվում: Կարող ես, իհարկե, նոր մոտեցմամբ խախտել տեխնոլոգիական ընթացքը, բայց եթե ամբողջ խորությամբ տիրապետում ես նախորդին և ի վիճակի ես էքսպերիմենտդ վերահսկողության տակ պահել: Պատահական գլուխգործոցներին ես չեմ հավատում: Գուցե սխալվում եմ, անսխալական ոչ ոք չկա, բայց դե հիմա ես էդպես եմ կարծում: Ամեն դեպքում, եթե նույնիսկ պտուղները չարաշահեք, ու ձեր մտքերում ու հոգիներում խառնաշփոթ սկսի, մեղքը ձեր վիզը, դուք ձեր կյանքը, բայց Դրախտս մխտռեք՝ չեմ ների, հիշեք: Սիկտիր կանեմ, նա խույ: Կգնաք ձեր փայ էդ մի քանի տարի կյանքը ձեր ուզած ձևով կապրեք, դրա իրավունքը դուք ունեք, բայց ձեր իրավունքները վերջանում են ուղիղ այնտեղ, որտեղ սկսում են իմ իրավունքները, ուստի իմ տարածքից դուրս ինչ քաք ուզում եք կերեք: Ու հա, ես անհույս էսթետ եմ, Կենաց ծառն էլ իմ հայտնագործությունն ա, հեղինակային իրավունքով-բանով, ու կգնաք դուք ձեր համար ինքնակրթության ու ինքնակատարելագործման ձեր մեթոդները կստեղծեք: Համոզված եմ՝ ամեն բան առավելագույնս պարզ ու արդարացի ա: Հարցեր, առաջարկություններ, խնդրանքներ կա՞ն… Չկան: Դե ֆռֆռացեք, քանի Պապան սաղ ա»:
Այ էսպես էր եղել ամեն բան՝ ու ընդհանրապես՝ ես ձեր համար, դու՞ք ում համար… այ անաղուհաց բոզի տղերք, մտածեց Աստված: Օձի պահն էլ մի ուրիշ խայտառակություն էր: Օձն էս պատմության մեջ լրիվ ուրիշ մեղք ուներ, քանի որ ընդամենը պահակ էր Դրախտում ու պարտավոր էր Աստծուն ժամանակին տեղյակ պահել, եթե ինչ-որ բան էն չլիներ: Իսկ օձը, Եվայով մինչև պոչի ծերը տարված, համարյա մի ամիս Ադամի ու Եվայի խայտառակ փարթիի ականատեսն էր եղել ու Աստծուն մի բերան չէր ասել՝ հասի, Կենաց ծառի պտուղները հերիք չի դրած օրը յոթ-ութ հատով խփշտում են, մի մասն էլ լցրել են տակառը, թթվեցրել ու հիմա սպիրտ են քաշում ու ամբողջ օրը տրաքած խեղճ կենդանիներին հերթով կանչում վրաները կայֆեր են բռնում. մեկին հեծնում են, մեկին երգացնում են, մնացածը չասենք… Դրախտդ սարքել են բարդակ, կարճ ասած: Ո՞վ լինի՝ չկատաղի:
Աստված ձեռքը թափ տվեց ու մտածեց՝ ինչ լինում ա, թող լինի, էսօր չգիտես ինչի, ցեցն ընկել ա ջանս, ուզում եմ տեսնեմ, էտ դեգեներատներն ինչո՞վ են զբաղված: Մոտեցավ ու կախվեց «Սուրբ ջրհորի» վրա:
Գիշերվա հազարն էր, բայց Գագոյի քունը չէր տանում: Կեսօրին արդեն ապառիկ, գրանցում-մրանցում, նոր համար ու մնացած թղթաբանությունը վերջացրել էր, իրիկունը ժամը ութին անվահեծերը փոխել էր, իսկ ժամը գիշերվա 12-ին իր 8 տարեկան սեմյորկա BMW-ն երջանկությունից թփրտացող սրտով ընկերոջ՝ Վզգոյի լվացման կետում լվացել, մաքրաքմքուր, պլպլան բերել-կանգնեցրել էր Մուրացան փողոցի իրենց տան դիմաց: Երկուսին քսան էր պակաս, իր նոր մեքենայի մեջ նստած, հիացմունքից ապուշացած՝ շոյում էր ղեկը, հետո ուշքի եկավ, արագ հավաքեց ընկերուհու համարն ու առանց երկար-բարակ նախաբանի հրահանգեց՝ ազիզ, ոբշըմ, գալիս եմ, մի ձև արա, դուրս արի… ոնց ուզում ես արա, գալիս եմ:
Ապա գործի գցեց մեքենայի շարժիչը, մի քանի անգամ գազ տվեց, բավարարված ականջ դնելով գազանիկի խուլ մռնչոցին, կողքի նստատեղից վերցրեց նոր բուրավետիչը, որը ոչ միայն բույր էր ավետում մեքենայի սրահում, նաև Աստծո անընդհատ ներկայությունն ամենուր, քանի որ վրան խաչերով նկարազարդված պահպանիչ աղոթք էր գրված, և կախեց հայելուց:
Տեղից պոկվեց, Բութանիայով դուրս եկավ երկաթգծի կայարան, թեքվեց Արցախի պողոտա, ու Վստրեչի խաչմերուկում կանգնեց կարմիր լույսի տակ: Երաժշտությունը քոքեց մինչև վերջ, ծոցից հանեց վզի խաչը, համբուրեց, հետո հայացքը գցեց դիմացը ձգվող դատարկ փողոցին, ապա հայելուց կախ պահապան աղոթքին ու մրթմրթաց՝ էհ, փառքդ շատ, Աստված ջան, մի հատ փորձեմ գազանիս զորությունը…
Աստված անհանգիստ գոռաց ջրհորի մեջ՝ չանես, արա… լսու՞մ ես, այ իդիոտ, չանես…
Գագոն մի քանի անգամ կանգնած տեղում գազ տվեց՝ ասես տրամադրվելով ու գազանիկին տրամադրելով: Աստված տագնապահար շուրջը նայեց՝ չիմանալով ինչ անել, ու կրկին կախվեց ջրհորի վրա… Արա քո հետ եմ, հանգիստ գնա ընկերուհուդ տուն. պակազուխա բաների հետևից մի ընկի…
Գագոն արդեն մտքով սլանում էր ու վայրկյաններն էր հաշվում լուսացույցի վրա… Աստված այս անգամ կոնկրետ անունով գոռաց՝ արա Գագո, դու հո ուռո՞դ չես, արա… այ գանդոն, գոնե ռեմենդ գցի, գնալու ես մատաղ լինես ստոլբին այ դեգեներատ…
Աստված հայացքը հառեց երկինք, ասես վերին ուժերից օգնություն հայցելով, անսահման ապուշության դեմ անօգնական…
Արա Գագո, էն Քիսոդ քո խաթեր սաղ տնեցիքին խաբել, տնից թռել ա, որ քեզ տեսնի, այ ապուշ, նույնիսկ տրուսիկ չի հագել, խփնված անուղեղ… 3… 2… 1… Գագոն տեղից պոկվեց ու… հալալ ա գերմանացիքի կերած կաթը. 8 տարեկան BMW նենց թռավ, ոնց որ ծիտ, բայց հալալ ա նաև սովետի կերած կաթը, որովհետև 40 տարեկան Կռազի խեռին էլ չի՝ դեմից ինչ գերմանացի ծիտ ա գալիս. ինքը ոնց 40 տարի գլորել ա, տենց էլ գլորում ա՝ կատոկելով ռաստ եկած ամեն բան… Բայց Գագոն լավ վարորդ էր, հասցրեց նկատել լույսերն անջատած Կռազը, որ, հոծ գիծը տրորած, դանդաղ սողում էր ընդառաջ: Կտրուկ աջ քաշեց ու ճակատ ճակատի փաթաթվեց սյանը:
24 տարեկան Գագոն էնքան սրիկա դուրս եկավ, որ հերիք չի խեղճ Քիսոյին ցրտին մի ժամ կանգնացրեց փողոցում, մի հատ էլ Աստծո հազարամյա դեպրեսիայի պատճառ հանդիսացավ:
Աստված թքեց «Սուրբ ջրհորի» մեջ, արագ սահեց իր կացարանը, նյարդային քանդրտեց դարակները, հանեց Lucky Strike –ի տուփը, որ մի կես դար առաջ հերթական անգամ թողնելուց հետո մի կողմ էր նետել ու դողացող ձեռքով վառեց սիգարետը: Աստված երդվեց, որ էլ երբեք, ոչ մի դեպքում չի հետաքրքրվի մարդկանց ճակատագրով, ոչ մի դեպքում: Եվ իհարկե էս մի հատիկն էր միայն ծխելու ու տուփը մի կողմ նետեր: