Մահից առաջ տատիկս՝ հավաքեց վերջին ուժերն ու  զանգահարեց  գրականագետ Հովհաննես Ղանալանյանին.«Օնիկ ջան, հույսս դու ես,գրքի խմբագիրն ես, գիրքը անտեր չթողնես»:

Գիրքը տատիկիս կյանքի վերջին տասնամյակի աշխատանքի ամբողջությունն էր՝ «Ավետիք Իսահակյանի անտիպ ու չհավաքված նամակները»: Գրականագետ Հովհաննես Ղանալանյանը(1911-1994) գրքի առաջաբանի հեղինակն էր ու խմբագիրը: Նա  նաև շատ մտերիմ էր Իսահակյանի հետ, դոկտորական ատենախոսությունն էլ 1955-ին, Մոսկվայում, պաշտապանել էր Իսահակյանի թեմայով:

Ղանալանյանն էլ չկարողացավ հրտարակել այն, և միայն այս տարի տատիկիս՝ Արփիկ Ավետիսյանի կազմած «Ավետիք Իսահակյանի նամակները» գիրքը տպվեց, (հրատրակման տարեթիվը 2016-ն է, հրատարկիչ Երևանի պետհամալսարանի հրատարակչութուն): Սակայն այս գիրքը, այն նույնը չի ինչ պատրաստել էր հրատարկման տատիկս:

isahakyan

Տատիկս` գրա­կա­նա­գետ Ար­փիկ Ար­շա­կի Ավե­տի­սյա­նը (1912-1991), 1950-ականների սկզբից մինչև 1990-ը,  աշ­խա­տել է Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թանգա­րա­նում (ԳԱԹ): Նա «Գ­ևորգ Ախ­վեր­դյան» մե­նագ­րու­թյան հեղինակն է (Եր­ևան, 1963, «Հայ­պետհ­րատ»), կազ­մել ու ծա­նո­թագ­րել է Զա­պել Եսա­յա­նի նամա­կա­նին (Երևան, 1977, ԵՊՀ հրա­տա­րակ­չու­թյուն), գրել է բազմաթիվ հոդվածներ Հայաստանի և Սփյուռքի պարբերականներում: Բայց Իսահակյանի նամականու տպագրությանը սպասում էր մեծ լարվածությամբ:

Կյան­քի վերջին տա­րի­նե­րը նվի­րել էր ան­տիպ  ու տարբեր արխիվներում, պարբերականներում ցրված նամակները հա­վա­քե­լու գոր­ծին: 1990-ին նա­մա­կա­նին պատ­րաստ էր տպագ­րության: Գիրքն ար­ժա­նա­ցել էր ՀՀ Մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան­, ԵՊՀ գիտ­խորհրդի հա­վա­նու­թյա­նը: Ըստ ԳԱԹ-ի 1990 թ. նոյեմ­բե­րի 22­-ի գի­տա­կան խորհր­դի ար­ձա­նագ­րու­թյան` «Գիտ­խոր­հուր­դը հա­վանու­թյուն տվեց կազ­մած և
խմ­բագր­ված «Նա­մա­կա­նուն»` այն ըն­դու­նե­լով որ­պես ավար­տուն աշ­խա­տանք, որ լիովին պատ­րաստ է հրա­տա­րակ­ման հա­մար»: ԵՊՀ հայ գրա­կա­նու­թյան ամ­բիոնի 16 նոյեմբերի 1990 թ. նիստի ար­ձա­նագ­րու­թյու­նը վկա­յում է. «Լս­վել է ԳԱԹ­-ի կող­մից ներ­կա­յաց­ված «Ավ. Իսա­հա­կյա­նի նա­մակ­նե­րը» (կազ­մող` Ար­փիկ Ավե­տի­սյան) աշ­խա­տան­քին կարծիք տա­լու հար­ցը: Շատ օգ­տա­կար ժո­ղո­վա­ծու է: Այս­տեղ հա­վաք­ված են Իսա­հակյա­նի 1895-1957 թթ. գրած նա­մակ­նե­րը: Դրանք բազ­մաբ­նույթ են և շատ կող­մե­րով հարստաց­նում են մեր իմա­ցու­թյու­նը Իսա­հա­կյա­նի մա­սին: Ժո­ղո­վա­ծուն ու­նի ոչ միայն գրա­կան-գե­ղար­վես­տա­կան, այլև պատ­մահա­սա­րա­կա­կան ար­ժեք, որով­հետև այդ նա­մակ­նե­րում ար­տա­հայտ­ված են մեր ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րա­կան փորձու­թյուն­նե­րի առ­թիվ Իսա­հա­կյա­ն  խոհերն ու մտա­ծում­նե­րը: Ժո­ղո­վա­ծուն ամ­բողջաց­նում է Իսա­հա­կյա­նի գրա­կան ժա­ռան­գու­թյու­նը:

Ղուկասյան փողոցի  11 տան պատշգամբում Իսահակյանի ընտանիքը՝ տիկին Սոֆիկը, որդին՝ Վիգենը, հարսը՝ Իզաբելլան, Երևան, 1938

Ղուկասյան փողոցի 11 տան պատշգամբում Իսահակյանի ընտանիքը՝ տիկին Սոֆիկը, որդին՝ Վիգենը, հարսը՝ Իզաբելլան, Երևան, 1938

Որո­շում` դրա­կան կար­ծիք տալ «Ի­սա­հա­կյանի նա­մակ­նե­րը» ժո­ղո­վա­ծո­ւին և երաշ­խա­վո­րել հրա­տա­րա­կու­թյան»:  Հա­տուկ կար­ծիք էր  գրել գրա­կա­նա­գետ, պրո­ֆե­սոր Սևակ Ար­զու­մա­նյա­նը (1929-2004):

1991 թ. գիր­քը «Լույս» հրա­տա­րակ­չու­թյու­նում էր՝ պատ­րաստ տպա­գ­րու­թյան:

Տատիկս արդեն վատառողջ էր ու կանխազգում էր, որ եթե իր հետ մի բան պատահի, գիրքը կարող է և լույս չտեսնել: Ու , փաստորեն, չսխալվեց:

Գիր­քը չտ­պագր­ված` տատիկս մա­հա­ցավ: 1991-ին Հայաստանի քա­ղա­քա­կան, տըն­տեսա­կան վի­ճա­կն այն­պի­սին էր, որ գր­քի տպագր­ման ծախ­սը պե­տու­թյունն այլևս ի վի­ճա­կի չէր հո­գալ, և ձե­ռա­գի­րը տպա­րա­նից վե­րա­դարձ­րե­ցին մորս: Որոշ ժա­մա­նակ ան­ց ԳԱԹ­-ից պա­հան­ջե­ցին իրենց հանձ­նել գր­քի ձե­ռա­գի­րը` հիմ­նա­վոր­մամբ, որ դա իրենց աշ­խա­տակ­ցի պլա­նային աշ­խա­տան­քն է, և  որ իրենք այն պետք է հրատարակեն: Մայրս ձեռագիրը վերադարձրեց:

Անցավ 2-3 տարի, գիրքը, սակայն, լույս չտեսավ: Մայրս Հայաստանի պատմության թանգարանում էր աշխատում, ԳԱԹ-ի հարևանությամբ, և գրեթե ամեն օր մտնում էր ԳԱԹ՝ ճշտելու, թե ինչու՞ չի տպագրվում: Մինչև որ նրան ասացին, որ …գրքի ձեռագիրն անհայտացել է: Նախևառաջ, մայրս դիմեց Վարպետի թոռանը՝ Ավիկ Իսահակյանին: Վերջինս հավատացրեց, որ ձեռագիրն իր մոտ չէ , և ինքը գաղափար չունի՝ որտեղ է այն: Փնտրտուքը որևէ արդյունք չտվեց: Անցավ որոշ ժամանակ, և մի օր եղբայրս հեռախոսազանգ է ստանում: ԳԱԹ տնօրենն էր: Նա եղբորս հանդիպման հրավիրեց՝ ասելով, թե խոսելու բան ունի նամականու ձեռագրի շուրջ: Հանդիպեցին Ձկան խանութի մոտ, ու տնօրենը (նրա անունը տպագրելը նպատակահարմար չենք համարում, հատկապես որ՝  ողջ չէ) ասաց, որ ձեռագիրն իր մոտ է: Առա­ջար­կեց աջակ­ցել գր­քի տպագ­րու­թյա­նը` պայ­մա­նով, որ ին­քը հա­մար­վի հա­մա­հե­ղի­նակ: Եղբայրս անմիջապես մերժեց և քանի որ մասնագիտությամբ իրավաբան է,  ներկայացրեց քրեական հոդվածները, որոնցով դատի կտա տնօրենին, եթե վերջինս փորձի գիրքը տպագրել իր համահեղինակությամբ: ­Կարճ ժա­մա­նակ ան­ց տ­նօ­րե­նը մա­հա­ցավ, և մենք կորցրեցինք ձեռագրի հետքը:

Նրա  ըն­տա­նի­քի ան­դամ­ները հավատացրին,  որ ձե­ռա­գի­րը իրենք փո­խանցել են ԳԱԹ­-ի­ն, սա­կայն ձե­ռա­գիրն այն­տեղ գտնել չկարողացան: Մինչ օրս ան­հայտ է՝ որտեղ է այն:

Տատիկիս ար­խի­վում, բա­րե­բախ­տա­բար, գ­տանք գրքի սևագիր՝ ոչ համակարգված, ոչ ամբողջական տարբերակը: Մայրս` ազ­գագ­րա­գետ Իոն­նա Ավագյա­նը, աշ­խա­տեց այն ավար­տուն տես­քի բե­րել, սա­կայն չհասցրեց…

Մտքովս էլ չէր անցնում անգամ թղթապանակները բացել, տեսնել՝ինչ կա: Վստահ էի՝ որ ուժ ու ցանկություն չեմ ունենա այդ, իմ կարծիքով, ինձ համար հետաքրքրություն չներկայացնող անթիվ թղթերը կարդալու, համակարգելու: Մայրիկիս մահից հետո տատիկիս ամբողջ արխիվը բերեցի ինձ մոտ: Մտածում էի՝ ինչպես տեղավորեմ, որ քիչ տարածություն զբաղեցնի: Ու դասավորելու պրոցեսի ժամանակ էլ  հասկացա՝ պիտի գիրքը ավարտեմ: Ու նաև զբաղվեմ արխիվի ուսումնասիրությամբ:

Ամ­բող­ջաց­նել նա­մակ­ներն` ըստ թվագ­րու­թյան, ըստ պահ­պան­ված ցան­կի, ծանո­թագ­րել, լրացնել կո­րած ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րով նա­մակ­նե­րը, չա­փա­զանց աշ­խատա­տար էր: Ինքս էլ չհասկացա ինչպես՝ մի օր դրանք բոլորն արդեն գեղեցիկ դասավորված էին թղթապաակների մեջ:  Ո­րոշ ծա­նո­թագ­րու­թյուն­ներ, տեր­մին­ներ վե­րախմ­բագր­ման ան­հրա­ժեշ­տու­թյուն էին զգում. ի վեր­ջո, գր­քի ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում կա­տար­վել էին մինչ 1988 թ. և մա­սամբ կրում էին խորհր­դային իրա­կա­նու­թյան կնի­քը: Նամականու վրա աշխատելու ընթացքում ինքս համալրեցի նամականին մի քանի նամակով (գրքում այդ նամակները նշված են): Գրքի վերջում ընդգրկեցի նաև անվանացանկ-բառարան և հակիրճ տեղեկություն­ներ նամակներում հիշատակված պարբերականների մա­սին:

Ի­սա­հա­կյա­նն իր կյան­քի զգա­լի մա­սը (շուրջ 25 տա­րի) ապ­րել է տա­րագ­րու­թյան մեջ, Եվ­րո­պայի տար­բեր քա­ղաք­նե­րում (Պո­լիս, Ցյուրիխ, Վիեն­նա, Բեռ­լին, Լայպ­ցիգ, Փա­րիզ): Ի­սա­հա­կյա­նի կեն­դա­նու­թյան օրոք լույս չտե­սան նրա նա­մակ­նե­րը: Մա­հից հե­տո միայն, Բեյ­րու­թում, հրա­տա­րակ­վեց «Ի­սա­հա­կյա­նի նա­մակ­ներ» խո­րագ­րով ժո­ղո­վածուն (1959): 20 տա­րի ան­ց՝ 1979 թ., ՀՀ ԳԱԱ Մա­նուկ Աբե­ղյա­նի ան­վան գրա­կա­նու­թյան ինս­տի­տու­տը տպագ­րեց Իսա­հա­կյա­նի նա­մակ­նե­րը: Եր­կե­րի 6-րդ հա­տո­րի մեջ մտավ ԳԱԹ-ի գրա­կան ֆոնդե­րում պահ­վող նա­մակ­նե­րի զգա­լի մա­սը` 333 նա­մակ: 4 տա­րի հե­տո՝ 1983­-ի­ն, «Բա­գին» հան­դե­սում, Մար­տի­րոս Սա­րյա­նը հրատա­րա­կեց Վիեն­նայի Մխի­թա­րյան միաբա­նու­թյան ան­դամ Ներ­սես Ակի­նյանին, Վե­նե­տի­կի Մխի­թա­րյան միաբա­նու­թյան ան­դամ, մա­տե­նա­դա­րա­նի տնօ­րեն Բառ­նա­բաս Պի­լե­զիկ­ճյա­նին, «Ա­րեգ» ամ­սագ­րի խմ­բա­գիր, գրա­կա­նա­գետ Սիմոն Հա­կո­բյա­նին հաս­ցեագ­րած Իսա­հա­կյա­նի  նա­մակ­նե­րը: Այդ ընթաց­քում և հե­տա­գա տա­րի­նե­րին թե՛ Հայաստանում,  թե՛ Սփյուռ­քում տպագր­վե­ցին Իսա­հա­կյա­նի նա­մակ­ներն ու ելույթ­նե­րը: «Պատ­մա­բա­նա­սի­րա­կան հան­դե­ս», «Գ­րա­կան թեր­թ», «­Սո­վե­տա­կան գրա­կա­նու­թյուն», «Հայ­րե­նի­քի ձայն» պար­բե­րա­կան­ներում տպագրվե­ցին Կա­րեն Մի­քայե­լյա­նին, Կամ­սար Գրի­գո­րյա­նին, Եր­վանդ Քոչա­րին, ն­կա­րիչ ամու­սին­ներ Սար­գիս և Վա­վա (Վար­դու­հի) Խա­չատ­րյան­նե­րին, Վիեն­նայի Մխի­թա­րյան միաբա­նու­թյան ան­դամ­նե­րին հաս­ցեագր­ված բազ­մա­թիվ նա­մակ­ներ, որոնք կա­րիք ու­նեին մի ժո­ղո­վա­ծո­ւի մեջ հա­վաք­ման, ի մի բեր­ման: Այդ ար­ժե­քա­վոր նա­մակ­նե­րը մոռացումից փր­կե­լու ցան­կու­թյամբ էլ տատիկս սկսեց հավաքել ինչ­պես մա­մու­լում տպագր­ված, այն­պես էլ ԳԱԹ-ի գրա­կան բաժ­նի ֆոն­դե­րում պահ­պան­վող ան­տիպ նա­մակ­նե­րը:­Հա­վա­քա­ծուն հարս­տա­ցավ տատիկիս մտերիմ ընկերների՝ Ռու­բեն Զա­րյա­նի, Նաի­րի Զա­րյա­նի, Հով­հան­նես Ղա­նա­լա­նյա­նի, ինչպես նաև բա­նաս­տեղծ Մար­տին Քա­րա­մյա­նի, Անդ­րա­նիկ Հով­սե­փյա­նի, Հմա­յակ Սի­րա­սի ան­ձնա­կան ար­խիվ­նե­րում պահ­պան­վող ան­տիպ նա­մակ­նե­րով: Հա­վաք­վեց 235 նա­մակ:­

Սոֆյա Իսահակյան-Քոչարյան

Սոֆյա Իսահակյան-Քոչարյան

Իսահակյանի` երի­տա­սարդ տա­րի­նե­րին գրած նա­մակ­նե­րից քիչ բան է պահ­պան­վել, և այդ առու­մով հա­տուկ նշա­նա­կու­թյուն են ձեռք բե­րում առա­ջարկ­վող ժո­ղովա­ծո­ւում զե­տեղ­ված Իսա­հա­կյա­նի վաղ շր­ջա­նի նա­մակ­նե­րը: 1925 թ. հուն­վա­րի 26­-ի­ն, Վե­նե­տի­կից Փա­րիզ` ըն­կե­րո­ջը՝ Վարդ­գես Ահա­րո­նյանին գրած նա­մա­կում կար­դում ենք. «Ինչ­պե՞ս չգ­նամ [հայ­րե­նիք]: 15 տա­րի է` հե­ռացել եմ, կա­րո­տը խեղ­դում է ինձ, ոչ մի եր­կիր չի քա­շում ինձ` ո՛չ Փա­րի­զը, ո՛չ Բեռ­լի­նը, ո՛չ Կա­հի­րեն, հաս­կա­նու՞մ ես այս­: Ո՛չ մի երաժշ­տու­թյուն, ո՛չ բա­լետ, միայն թա­ռը, շվին, զուռ­նան, մեր աղ­ջիկ­նե­րի պա­րե­րը…­Մեր խո­րո­վա­ծը, քյուֆ­թեն, մեր թար­խու­նը, լա­վաշ հա­ցը:­Դու այդ լավ ես հաս­կա­նում, և, գի­տեմ, պի­տի նա­խան­ձես­: Այս էլ իմացիր, իմ բո­լոր ըն­կեր­ներն այն­տեղ են» («Ի­սա­հա­կյա­նի նա­մակ­ներ», Բեյ­րութ, 1959): Ընթերցողները նոր տվյալ­ներ ու գնա­հա­տա­կան­ներ կգտ­նեն Չա­րեն­ցի, Թու­մա­նյա­նի, սփյուռ­քա­հայ մի շարք գրող­նե­րի, մշա­կու­թային ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րի վերա­բե­րյալ: Ս­տա­լի­նյան շր­ջա­նում և դրա­նից հե­տո Իսա­հա­կյա­նի ոչ բո­լոր նա­մակ­ներն են տպագր­վել առանց գլավ­լի­տի մի­ջամտու­թյան: Դուրս են թողն­վել ազ­գային գործիչ­նե­րին վե­րա­բե­րող տո­ղե­րը, նրանց անուն­նե­րը: Կր­ճատ­վել և նա­մակ­նե­րից հանվել են Իսա­հա­կյա­նի` Չա­րեն­ցին ու նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը բնու­թագ­րող տո­ղե­րը:­ Արփիկ Ավետիսյանը վե­րա­կանգ­նել է  նախ­կին հրա­տա­րա­կու­թյուն­նե­րում եղած նման  բաց­թո­ղում­նե­րը:

Ծանոթանալով Իսահակյանի նամակագրությանը, աշխատանքի բերումով այդ նամակները գրեթե անգիր անելուց հետո իմ  եզրակացությունը ամենևին էլ մասնագիտական հարթությունում չէ. նամակների գրականագիտական արժեքը գուցե գրականագետները ներկայացնեն: Ինձ շատ հետաքրքիր էր հետևել մեկ մարդու կյանքին՝ 20 տարեկանից մինչև 82 տարեկան: Այդ կյանքի ընթացքում նա վերապրեց  1896-ի հայկական ջարդերը, մասնակցեց ազգային-ազատագրական պայքարին, անդամագրվեց Դաշնակցությանը, ապրեց 1914-ի Առաջին համաշխարհայինը,  Հայոց ցեղասպանությունը, 1917-ի Ռուսական հեղափոխությունը, 1918-1920 թթ. Առաջին հանրապետությունը, դրա տապալումն ու բոլշևիկյան, Խորհրդային Հայաստանի ստեղծումը, ստալինյան բռնաճնշումների շրջանը, ապա Երկրորդ համաշխարհայինը՝ 1941-ին, ձնհալի տարիները… շատ իրադարձություններով ոգևորվեց ու սարսափելի հիասթափվեց: Մի նամակում օրհնում էր ռուսներին, մյուսում՝ նզովում, մի նամակում ոգևորված էր Դաշնակցությամբ, մյուսում համարում է իրեն սպառած կուսակցություն, մի նամակում հիանում է Վուդրո Վիլսոնով, մյուսում նրան անվանում խաբեբա… Իր նամակներում նա իրեն զգում էր աշխարհի բոլոր իրադարձությունների մասնակիցը, մտորումների առարկան որքան օրվա հացն էր, նույնքան էլ տիեզերքը, փիլիսոփայությունը, համայն մարդկության ճակատագիրը: Բայց կյանքի մայրամուտին նրա նամակագրության նյութը շատ կոնկրետ էր՝  կոնկրետ մարդը: Տիեզերական խնդիրները, համայն հայության ճակատագիրը նրան հետաքրքրում էր կոնկրետ մարդու ճակատագրի պրիզմայով: Վկան՝ ԳԱԹ արխիվում պահվող բազմաթիվ խնդրանք-դիմումները պետական պաշտոնյաներին, դատախազներին՝ լուծել կոնկրետ մարդկանց խնդիրները, չվնասել մարդուն: Ինչպես օրինակ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Շմավոն Առուշանյանին 1956-ին գրած այս նամակը.

«Մեծարգո՜ ընկ. Առուշանյան Դատապարտյալ Հովակիմ Ասքանազի Զաքարյանի ընտանիքը շատ թշվառ կացության մեջ է` ծանրաբեռնված փոքր երեխաներով, միակ աշխատավորը երեխաների մայրն է, որի վրա ընկած է նաև ծերունի և պարալիտիկ հոր խնամքը: Խեղճ կինն օրվա ապրուստից դուրս` պիտի վճարի տան վարձը, որն իր ուժերից վեր է: Այս խղճալի դրությունը նկատի ունենալով` շատ եմ խնդրում ՁԵզ, մեծարգո՛ ընկեր, ներման կարգով կամ գոնե պայմանով` դատապարտյալին արձակեք բանտից, որ նա հնարավորություն ունենար աշխատելու և պահելու ընտանիքը: Խորին հարգանքով` Ավե­տիք Իսա­հա­կյան( ԳԱԹ, Ավ. Իսահակյանի ֆոնդ, № 869):

Իսահակյանի մայրը՝ Ալմաստ խանումը

Իսահակյանի մայրը՝ Ալմաստ խանումը

Ստորև ներկայացնում ենք մի քանի նամակ ժողովածուից:

Հովհաննես Թումանյանին

7 հուլիսի, 1901-1902, Ալեքսանդրապոլ

Սիրելի՛ Օհաննես

Ձենս կլսես Ալեքսանդրապոլից: Արտասահման գնալս չհաջողվեց[1].

սահմանից ետ դարձա, սուրբ Ռուստեմում էի ապրում, այժմ կսկիմ, կկորիմ.խառը ժամանակներ են, գուցե եւ քո մոտ երեւամ հանկարծ: Ո՞նց է առողջությունդ, թանկագի՛ն, շա՛տ թանկագին առողջությունդ: Հրաշալի է Սասունցի Դավիթը[2]: Միակ պակասությունը` բնության պատկերներ, նկարագիր չկար, բայց որքան որ սա լավ է, վախենում եմ, որ Մհերդ վատ դուրս գա: Նա խոշոր տիպ է, բայց չարիք, բացասական, դեմոնական: Նրա վրա շատ պիտի մտածես, մանավանդ որ նա կիսատ է, իսկ վերջը` շատ վատ, անմիտ, թեեւ կան ասողներ, թե եթե Մհերը դուրս գա, հայու ստրկությունը կվերջանա, թագավորությունը կսկսվի, բայց դա չկա ժողովրդական վարիանտում, այլ մի քանի ազգասերների բերանում: Իսկ դու պիտի հարազատ լինես ժողովրդին եւ ոչ թե ազգասեր, կամ Աղայանի պես. Քյոռ Օղլուն[3] շինել է հայ եւ Սասուն նստեցրել, կամ թե Գաբր<իել> քահանայի[4] պես,որ ազգային պոեմներ շինել` Պարույր Պարետ[5]

Ըստ իս` Մհերը[6] հին Արտավազդն է, չարիքի ոգին, չարի մարմնացում,որ եւ պատժվում է պարսից Զոհրապի պես, իսկ դրանով ոգեւորվել դժվար է,վախենում եմ, որ Դավթի պես հաջող դուրս չբերես: Դավիթը լավ տիպ է,առողջ, թարմ, ժողովրդական, դրական. արժե նրանով ոգեւորվել:Շատ հետաքրքիր է քո կարծիքը Մհերի մասին, եւ ի՞նչպես ես գրելու…Վերջացրու «Հազարան բլբուլ»-դ[7]. ահա մեծ գործ. շուտ արա, թե չէ կմեռնես, կմնա, ափսոս է:

Դերենիկը[8] ի՞նչ է շինում. Շանթով չեմ հետաքրքրվում… Ատում եմ Շանթին… Սիրում եմ քեզ եւ Դերենիկին. մյուսների հերն անիծած, թեկուզ եւ Ավ. Ահարոնյանի: Համբ.՝

քո՝ Ավո

Արտատպվում է «Գրական թերթ»-ից, 1933, No 6:

Իսահակյանի հայրը՝ Սահակ աղա Իսահակյանը

Իսահակյանի հայրը՝ Սահակ աղա Իսահակյանը

Համո Օհանջանյանին

30 մայիսի, 1919

Սիրելի՛ Համո

Այսօր ստացա բացիկդ, շատ ուրախացա եւ շատ շնորհակալ եմ գրածներիդ համար, մեկ-մեկ գրիր. շատ պարտավորած կլինես ինձ: Գիտեմ, որ շատ զբաղված ես, բայց վնաս չունի: Շատ տանջվում եմ մեր պաշտելի ժողովրդի անորոշ վիճակի համար: Գրում ես, որ շատ վրդովված եմ: Ինչպե՞ս չվրդովվել, երբ տեսնում ես՝ մի կողմից՝ դաշնակցականները ուզում են (կամ ցույց են տալիս, թե ուզում են) հայությունը ազատել թուրքերի ճանկերից, մյուս կողմից 3-400 000 ամենաընտիր հայերի դնում են թուրքի լծի տակ: Իրենց աչքի առջեւ, իրենց անտարբերությամբ, կոտորեցին Բագուն, ջնջեցին Շուշիի եւ Արեշի հայությունը[9]: Այդ բավական չէ, նոր կատաստրոֆների դուռ են բանում այդ սրիկա, էգոիստ ավազակները իրենց շահերի համար, որովհետեւ ուզում են Կովկասը ունենալ, դրա համար իրենց հովանավորած վրացի եւ թուրք ժողովուրդների սահմանները մեծացնում են՝ գրավելով Լոռիի հանքերով հարուստ գավառը, Ղարաբաղը, հերոսական Ղարաբաղը՝ իր հարուստ հանքերով: Ձգտում են Նոր Բայազետի հյուսիսային ափերը գրավելու, ուր հարուստ, ճոխ են մագնեզի, խրոմի, երկաթի, գրաֆիթի, անագի հանքերով: Իսկ Գետաբե՞կը, որ հայ շրջանի մեջ է: Անգլիան՝ անկուշտ, անհագ, հիպոկրիտ[10], վամպիր: Ֆրանսիան էլ գրավում է Դիարբեքիրը՝ ցորենի ամենահարուստ դաշտերը եւ Արղանա-Մատենի կլասիկ հանքերից, որ իրենց թրքոֆիլ բուրժուաների գերին դառնանք:

Մենք իրավունք ունենք լիուլի մեր հողերի վրա, որովհետեւ մենք նրանցից շատ ենք կռվել, շատ ենք զոհվել: Մենք կռվել ենք մեր հայրենիքի համար, իրենք՝ իրենց գրպանի համար:

Լսե՞լ ես, որ ջարդարար Թազիէֆին անգլիացիք «Սիր» տիտղոսն են տվել, եթե չամաչեն, Թալեաթին էլ կտան:

Այսօր Գրինֆիլդից[11] նամակ ստացա, ուղարկել է ճապոնական պետության, պրուսական պետության սահմանադրականը, նույնպես պարսկականը, հետո բելգիական սահմանադրության գրքերի վրա ընդարձակ ցուցակ՝ ֆրանսերեն – գերմաներեն լեզուներով: Չգիտեմ, ում տամ թարգմանելու, բավական ընդարձակ բաներ են, ես բոլորովին ժամանակ չունեմ եւ, երեւի,չեմ էլ կարող. շատ մասնագիտական է, մտածում եմ՝ մեկին գտնեմ: Գրածդ նամակը պարզ չէր – դու ուզում ես, կարծեմ, հենց այս երկրների՝ Շվեդ, Նորվեգիա, Հոլանդ, Դանիա եւ այլն, երկրների սահմանադրությունները Փարիզ էլ կարելի է գտնել:

Ստացա Ռոհրբախի[12] կազմած գիրքը, շատ լավն է, տեսքով 144 մեծ երեսներ՝ հետաքրքիր բովանդակությամբ: Գրած է նույնիսկ Դաշնակցության ծրագիրը: Լավ նյութեր կան: Պատկերների թիվը՝ 128 հատ:

Պիտի գրեմ, որ շատ ղրկեն:

Զվեգդիչը[13] երեկ ինձ պատմեց, խնդրեց, որ Հայաստանի մասին գրելիք հոդվածը շուտով հասցվի (հիշում ես, չէ՞, որ առար Սիմոնին տալու)[14]:

Ստիպիր Սիմոնին մի բան գրե, նույնպես քարտեզը, որ կարող էր հայկ. պատվիրակության քարտեզը փոփոխելով ղրկել. նա միտք ունի եւ առանձին բրոշյուրով հրատարակել, դրա համար մենք հանձն պիտի առնենք որոշ քանակ տարածելու: Աչքաբաց հրեա է, օգտվել է ուզում: Թող օգտվի, մենք էլ շահ ունենք:

Ձեզ մատաղ, ամեն բան արեք Ղարաբաղը, Լոռին չկորցնեք: Սեբաստիա, Կեսարիա հայերիս սրտին բան չեն ասի, իսկ Ղարաբաղ, Սյունիք,Դավիթ Բեկ, Դուման, Թուման, Մենակ… Անկարելի է, եւ, վերջապես, ղարաբաղցուն չի կարելի ընկճել: Մելիքների որդիները նորեն ռուսներին կբերեն, թուրքերը չեն կարող նրանց տեր լինել … Երբեք:

Ջերմ բարեւներ, Ձերդ՝ Ավետիք

Հ.Գ. Հանգանակությունը՝ հօգուտ հայ կարոտյալների, շարունակվում է  Գրինֆիլդի քաղաքում, եւ հույս ունի, որ 50000 մարկի հասնի: Համաձայն չէ դրամը փոխադրել, որովհետեւ մարկի կուրսը շատ ընկած է, ոչինչ կդառնա, այլ մտածում է նյութեր առնել եւ ուղարկել ուր որ պետք է: Նյութեր, օրինակ, դեղեր, եթե թույլ տան դուրսը տանել, բայց երկաթեղեն իրեր, գյուղատնտեսական գործիքներ, մեքենաներ ավելի հեշտությամբ թույլ կտա այնտեղի կառավարությունը: Խնդրում է, որ ձեզ գրեմ, ինչ ապրանքներ հարմար կդատեք եւ ու՞ր ուղարկել, մանավանդ որ ուղարկելը դաշնակիցների թույլտվությամբ եւ նրանց միջոցով պիտի լինի:

Նորից բարեւներով՝ Ավետիք

Խնդրում եմ նորից գերիների մասին, որ գոնե առանձին լագերի մեջ դնեն: Ասում է՝ դիմում ենք միշտ, սակայն առանց հաջողության, միայն խոստումներ:Վեպս եմ գրում զօր ու գիշեր[15], որ պատրաստ լինի մինչեւ տուն գնալս:

Արտատպված է «Գրքերի աշխարհ» շաբաթաթերթից, 1991 թ., մարտի 31, No 280:

Ավետիք Իսահակյան, Ժնև, 1902 թ.

Ավետիք Իսահակյան, Ժնև, 1902 թ.

Գուրգեն Բորյանին[16], 31 օգոստոսի, 1938, Ծաղկաձոր

Սիրելի՛ ընկեր Գուրգեն Բորյան Ձեր սիրալիր նամակին ավելի շուտ կարող էի պատասխանել, բայց ուզում էի որոշ բան գրել: Իմ սրտին շատ մոտ է որևէ գրությամբ արձագանքել կոմունիստական երիտասարդության տարեդարձին: Այդ ուղղությամբ խորհում եմ, բայց տակավին նյութ, սյուժե չեմ գտել: Ամիս ու կես շարունակ պիոներների զվարթ կյանքը հոսում է իմ առջևից, դիտում էի և հաճախ ներկա էի լինում խարույկներին ու հանդեսներին: Տեսակցում էի ջոկատավարների հետ, մի երկուսին կանչեցի մոտս, խոսեցրի, խնդրեցի նյութ տալ, հերոսական դեպքեր, բայց չկարողացան, չունեին: Պիոներների կենցաղը տեսնում եմ` առավոտից սկսած` մինչև նրանց քնելը, բայց դա պատմվածքի օբյեկտ չէ: Դեպքեր, հանգույցներ, ակտեր չկան, որպեսզի կենդանի մարդ հայտ բերես, հոգեբանություն տաս, վերլուծումներ անես: Իսկ կոմերիտների կյանքին, դժբախտաբար, բնավ ծանոթ չեմ: Մնում է, որ Երևանում ընկերներն ինձ օգնեն, նյութ տան, բովանդակություն, ֆաբուլա տան: Ես նոր մարդ եմ մեր նոր իրականության մեջ, ինձ պիտի օգնեն, թեև խոստանում են որոշ ընկերներ, բայց խոստումները խոստում են մնում: Կարմիր բանակի տարեդարձին նույնը եղավ. խոստացան սյուժե տալ ու չտվին: Երևի պահում են իրենց համար: Իմ դրությունը Պիրանդելլոյի[17] դրամայի հերոսների հակառակ վիճակն է` յոթ հեղինակներ որոնում են իրենց հերոսներին, որ գրեն: Ընկերներից նրանք, որոնք 20 կամ 10 տարիներ շարունակ ապրել են խորհրդային երկրի մեջ, ահագին պաշար ունեն նյութերի, կամ նրանք, որ եղել են պիոներ և կոմերիտ, պիտի ընդառաջեն և նյութեր տան, ինչպես կիրառվում է ուրիշ տեղեր, այլապես, ռուսների ասածի պես, մատը ծծելով` հնարավոր չէ իրականություն վերարտադրել: Իմ տեսած և ապրած կյանքը` 63 տարեկան մարդու, նախապատերազմյան շրջանը Ռուսաստանում և նրանից հետո` Եվրոպայում: Այդ կյանքից ինչքան ուզվի, կարող եմ տալ, բայց այժմեական արժեք չունի: Դրա հետևանքով` իմ կացությունը` իբրև հին գրողի, նախանձելի չէ, մանավանդ մի գրողի, թող ներվի ասել ինձ, որ ուզում է իր անունը ստորագրել ոչ խալտուրային գրականության ներքո: Սիրելի ընկ. Բորյան, իմիջիայլոց, իմ` այստեղ կատարած աշխատանքներից դժգոհ չեմ: Վերջացրի մի պոեմ` «Հայրենի հող» վերնագրով[18], որ Երևանում պիտի ձեռնարկեմ գրել և վերջացնելու եմ մի անախորժ գործ[19]` Ստենդալի «Սև և կարմիր» վեպի թարգմանության համեմատությունը բնագրի հետ: Մոտ օրերս կվերադառնամ Երևան: Ցավում եմ, որ ժամանակ չունեցաք Ծաղկաձոր գալու: Ջերմագին բարևներ ընկ. Հրաչյային և Ձեզ` իմ և տիկ. Սոֆիկի կողմից:

Ձեր` Ավե­տիք Իսա­հա­կյան

Տպագրվում է` ըստ բնագրի, ԳԱԹ, Գ. Բորյանի ֆոնդ, № 192:


[1] Իսահակյանը հայ ազգային ազատագրական շարժումներին մասնակցելու, 1896 թ. մայիսին Արեւմտահայաստանի ազատագրական պայքարի մասնակիցների համար գաղտնի դրամական միջոցներ հայթայթելու եւ զենք ուղարկելու համար հետապնդվում էր Թիֆլիսի պահնորդական բաժնի կողմից: Հետապընդումներից եւ կալանքից խուսափելու նպատակով՝ որոշում է հեռանալ արտասահման, բայց չի հաջողվում. սահմանից ետ է դառնում:

[2] Թումանյանը «Սասունցի Դավիթ» պոեմն ավարտել է 1902 թ. աշնանը: Առաջին անգամ տպագրվել է 1903 թ. «Մուրճ» ամսագրի 2-5-րդ համարներում: «Սասունցի Դավիթ» պոեմին Իսահակյանը, վստահաբար, ծանոթ եղել է մինչեւ տպագրվելը, «Վեր-նատան»-ը, 1902 թ.:

[3] Ղազարոս Աղայանը «Արկածներ Քյոռ-Օղլու կյանքից» երգախառն հեքիաթը գրել է 1887-1893 թթ., լույս է տեսել 1908 թ., Թիֆլիսում: Ըստ Աղայանի` «Քյոռ-օղլին գող չէր եւ ոչ ավազակ, այլ ինքնագլուխ իշխան, իսկ այդ անկախությանը հասել էր անվեհերությունով եւ քաջագործություններովը: Նա չէր հափշտակում ու կողոպտում, այլ հարկ ու մաքս էր առնում եւ չտվողներին անխնա պատժում: Բայց Իրանի թագավորը նրանհամարում էր ավազակ. այդպես էին ճանաչում նրան եւ սուլթաններն ու խալիֆները, որոնց կարծիքը Քյոռ-Օղլու համար նշանակություն չուներ»:

Քյոռ-Օղլուս աթոռն է անառիկ Սասուն,

Հսկաների թիվն է մինչեւ քառասուն:

[4] Խոսքը  գրող Ռաֆայել Պատկանյանի հոր` «Արարատ» (1850) հանդեսի խմբագիր Գաբրիել քահանա Պատկանյանի մասին է, որի ստեղծագործությունների գերակշռող մասը կազմում են պատմական, դիցաբանական պոեմները, վեպերը, ողբերգությունները («Անուշավան», «Վարդան» եւ այլն):

[5] Գաբրիել Պատկանյանը «Մահ Պարետի» պոեմում անդրադարձել է պետական գործչին, որը մտահոգված երկրի զարգացման հեռանկարներով, ռազմական ու քաղաքական հզորությամբ՝ հիսուն տարի ղեկավարել է երկիրն` առանց հարկ վերցնելու:

[6] Իսահակյանը Մհերի մասին սկզբում ունեցել է բացասական կարծիք, նրան համարել «չարիքի ոգի, չարի մարմնացում», սակայն հետագայում, իր նշանավոր «Սասմա Մհեր» վիպերգում, փոխել է կարծիքը:

[7] «Հազարան Բլբուլ»-ը Թումանյանի վաղ սկսած եւ չավարտած ամենանշանավոր երկերից մեկն է: Նա ձեռքի տակ ունեցել է մի շարք պատումներ: Բանաստեղծի արխիվում պահվում են նյութի երեք ժանրի մշակումները:

[8] Իսահակյանի եւ Դեմիրճյանի առաջին հանդիպումը եղել է Թիֆլիսում, 1896 թ.: Երեք տարի անց, 1899 թ. ամռանը, Իսահակյանը նամակով հրավիրում է Դեմիրճյանին Ալեքսանդրապոլ եւ Ղազարապատ: Հրավիրագրի հետ ուղարկում է հետեւյալ բանաստեղծությունը.

Եկ անգին ընկեր, իրար սրտի մեջ

Եվ իրար հոգով եկ սուզվենք, ապրենք:

Եվ ժամանակի ու տարածության

Գաղտնիքն քննենք, զգանք, հասկանանք

Մեծ տիեզերքն ու մեզ:

Իսահակյանի եւ Դեմիրճյանի բարեկամությունը շարունակվել է մինչեւ նրանց կյանքի

[9] Ընդհանուր առմամբ, 1918 թ. մարտից 1919 թ. հունիս ընկած ժամանակահատվածում, Բաքվում եւ գավառներում հայ զոհերի թիվը, ոչ լրիվ տվյալներով, անցնում էր 50 հազարից (Գեւորգ Ստեփանյան, «Հայերի կոտորածներն ու ինքնապաշտպանական մարտերը Բաքվի նահանգում 1918-1920 թվականներին», էջ 46, Երեւան, 2008):

[10] Հունարեն՝ կեղծավոր:

[11] Խոսքը գերմանացի հասարակական գործիչ Ջեյմս Գրինֆիլդի (1873-1939) մասին է, որը մոր կողմից հայ էր: Կինը եւս հայուհի էր՝ Քաթարինա Թումանյանը: Գրինֆիլդը 1919-1920 թթ. Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչն էր Գերմանիայում:

[12] Պաուլ Ռոհրբախ (1869-1956), գերմանացի հրապարակախոս, քաղաքական գործիչ, պատմաբան, ճանապարհորդ: Իսահակյանն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Ռոհրբախի հեղինակությամբ 1919 թվականին լույս տեսած «Armenien» (Stuttgart: Engelhorn) գիրքը:

[13] Չկարողացանք ճշտել:

[14] Նկատի ունի Սիմոն Վրացյանին:

[15] Խոսքը «Ուստա Կարո» վեպի մասին է:

[16] Գուրգեն Բորյան (1915-1971), բանաստեղծ, դրամատուրգ: Իբրև «Գրական թերթ»-ի խմբագիր` դիմել էր Իսահակյանին` թերթի համար պիոներների կյանքից ակնարկ գրելու առաջարկով: 1938 թ. ահա թե ինչ էր գրել Բորյանը. «…Ա.Իսահակյանի շուրջ պատրանք է ստեղծվել: Եվ այն ընկերները, որոնք ուզում են սրանով օգնել ընկ. Իսահակյանին. սրանով նրան արջի ծառայություն են անում: Սակայն այստեղ մոտեցման հարց կա. 20 տարի է Հայաստանը խորհրդայնացել է, իսկ Ա. Իսահակյանը արդեն մի քանի տարի է` ապրում է Խորհրդային երկրում, և մեր կուսակցությունը ուզում է, որ, ինչպես մեր գրողների միության մյուս անդամները, և նույնպես ընկ. Իսահակյանը, արձագանքի այսօրվա կյանքին: Մի՞թե ընկ. Իսահակյանը չի կարող մի բանաստեղծություն գրել, ասենք թե, մեր երեխաների մասին: Նա վարպետ է, բայց որպեսզի բանաստեղծություն գրի մեր երեխաների համար, պետք է սրա համար սիրտ ունենա»: Բորյանի այս նամակը Վարպետը արտագրել է կարմիր թանաքով, որը պահպանվում է ԳԱԹ Իսահակյանի ֆոնդի 2-րդ բաժնում, № 2007:

 [17] Խոսքն իտալացի գրող և դրամատուրգ, Նոբելյան մրցանակակիր Լուիջի Պիրանդելլոյի (1867-1936) «Վեց գործող անձ՝ հեղինակի որոնումներում» դրամայի մասին է:

[18] Իսահակյանի «Հայրենի հողը» պոեմը տպագրվել է 1940 թ., «Ընտիր երկեր»-ի 2-րդ հատորում (Լեգենդներ, պոեմներ, առակներ):

[19] Ստենդալի «Սև և կարմիր» վեպի հայերեն թարգմանությունը լույս է տեսել երկու հատորով. համապատասխանաբար` 1941 և 1949 թթ., Հայպետհրատի կողմից: Թարգմանիչներ` Բ. Հարությունյան, Ա. Ջրբաշյան:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.