Գրիշն սպառող էր` մանրակրկիտ, նույնիսկ քթի մազ սպառող: Սովորական սուպերմարկետում մինչև հասարակ մածուն էր ընտրում, խանութի ողջ անձնակազմի հոգին հանում էր: Էնքան հարց էր տալիս, էնքան ապրանքը շուռումուռ էր տալիս, հոտոտում, լպստում, շոշաշափում ու մաժմժում էր, ապրանքը ապրանքային տեսքից գցում էր, հետո էլ սկսում էր բացատրություն պահանջել ապրանքի վատ ապրանքային տեսքի համար:
Ոչ մի վարսավիր Գրիշի սֆաթը մեկ անգամից ավել չէր ցանկանում տեսնել, ոչ մի վուլկանիզացիայի արհեստավոր, մատորիստ կամ խադավիկ, որ Գրիշի 25 տարեկան ֆորդ տրանզիտը մեկ անգամ սարքել էր, երկրորդ անգամ չէր ցանկանում նրա հետ գործ ունենալ: Գրիշը քթի մազության Աստվածն էր, Գրիշը հենց ինքը՝ Քթի Մազն էր, Գրիշը մանյակ էր: Գրիշը նաև սովորություն ուներ առաջարկվող ապրանքը կամ ծառայություն մատուցողին փորձության ենթարկել, մինչև վերջ հասկանալու համար դրա կամ նրա էությունը, ուղնուծուծը: Եթե դեզոդորանտի վրա գրված էր՝ վտանգավոր է և դյուրավառ, Գրիշն անպայման դեզոդորանտը փորձության էր ենթարկում կրակով, եթե վերնաշապիկը չպիտի լվացվեր 40C-ց բարձր ջրով, Գրիշն անպայման 50-60 աստիճան ջրով փորձում էր, ապա մանրամասն զննում արդյունքը: Եվ ամենակարևորը. եթե որևէ ապրանք կամ ծառայություն չէր համապատասխանում ապրանքի կամ ծառայության մասին նկարագրված պահանջներին կամ ներկայացված որակներին, Գրիշը պատժում էր: Պատժում էր դաժանորեն, անխուսափելիորեն և ինչպես ինքն էր համոզված՝ արդարացիորեն: Որպես ուշադիր և հետևողական սպառող՝ միանգամայն տրամաբանորեն որևէ ապրանքի կամ ծառայության որակների մասին արտադրողի կամ մատուցողի կողմից ինչ-որ կերպ՝ պիտակի վրա, գովազդով կամ նույնիսկ բանավոր հրապարակվելու պահից, ներկայացված չափորոշիչները համարում էր իր սեփական, անօտարելի իրավունքով իրեն պատկանող և իր կողմից ներկայացված պահանջներ, որոնց համապատասխանությունը պետք էր մինչև վերջ պահանջել, իսկ չբավարարելու դեպքում՝ անխնա պատժել: Օրինակ, եթե սանտեխնիկը խոստանում էր, որ իր վերանորոգելուց հետո հարյուր տոկոս ծորակն այլևս չի կաթի, բայց կաթում էր, Գրիշը սանտեխնիկին առևանգում էր, իր ֆորդ տրանզիտով բերում էր Շենգավիթի Բարաքներում գտնվող իր սեփական տուն, որտեղ արդեն կես դար մենակ էր ապրում, իջեցնում էր նկուղ, ու կապկպելուց հետո ռետինե խողովակը հետույքը մտցնելով, այն միացնում էր կաթկթացող ծորակին: Հա, Գրիշն իսկապես մանյակ էր: Անհնար էր հիշել՝ հատկապես որ ճակատագրական պահից այդպես սրվեց ու սաստկացավ Քթի Մազ Գրիշի սպառողական ծայրահեղ պահանջկոտությունը, բայց դա արդեն կարևոր էլ չէր, քանի որ այն արդեն գտնվում էր իր զարգացման առավելագույն կետում: Նա չափազանց մեծ դժվարությամբ էր ընտրում, բայց եթե հանկարծ ընտրության մեջ իրեն խաբված էր զգում, պատժում էր աներևակայելի դաժանությամբ: Գրիշի տան բակը մի իսկական գերեզմանոց էր, թե պատժված ապրանքների, որոնք նա վերջին մի քանի տասնամյակում ձեռք էր բերել խանութներից, թե նույնիսկ մարդկանց, որոնք այս կամ այն կերպ գործնական հարաբերություն էին ունեցել Գրիշի հետ և չէին կարողացել արդարացնել նրա սպասելիքները: Պատժված մարդիկ, իհարկե, այնքան շատ չէին, որքան ապրանքները, անհամեմատ քիչ էին, հազիվ չորս հոգի՝ հարյուրների դիմաց, բայց դա միայն այն պատճառով, որ Գրիշը մի երկու տարի էր ընդամենը, ինչ եկել էր այն համոզմունքին, թե ծառայությունը նույնպես ապրանք է, այն մատուցում են ինչ-որ հմտությամբ կամ գիտելիքով, իսկ քանի որ թերի գիտելիքին կամ անորակ հմտությանը պատժել հնարավոր չէ, ապա պիտի պատժել այդ գիտելիքի կամ հմտության կրողին, որն էլ պատասխանատու է հաճախորդին հիասթափեցնելու կամ խաբելու համար: Արդյունքում Գրիշի բակում թաղված էր մեկ սանտեխնիկ, մեկ մատորիստ և տարբեր բանկերի երկու վարկային մասնագետ:
Ծառայություն մատուցող մարդկանց և ապրանքների նույնացումը Գրիշի ուղեղում արդեն վերջնականապես ավարտվել էր, երբ տրվեց համապետական ընտրությունների մեկնարկը: Պետք է հաշվի առնել, որ Գրիշը մինչ այդ հեռուստացույցով միայն գովազդներն էր դիտում, իսկ մնացյալ անցուդարձով համարյա թե չէր հետաքրքրվում, սակայն հենց այս մի համապետական ընտրությունները կարծես շրջադարձային եղան, քանի որ Գրիշն անսպասելի գիտակցեց, որ նոր անսահման դաշտ է հայտնաբերել, որտեղ որպես սուպեր պահանջկոտ սպառող, որպես Քթի Մազ ընտրող՝ անսպառ դրսևորվելու տեղ կա, և իհարկե անմիջապես լարեց ուշադրությունն ու սևեռվեց ընտրապայքարի վրա: Ինքնագովազդի և ինքնաներկայացումների շքերթը նույնիսկ ստիպեց Գրիշին հետազոտել ու փորփրել տարբեր լրատվականների արխիվային նյութերը: Որքան Ապրանքները մեկը մյուսին հերթ չտալով պատմում էին իրենց առավելությունների և մյուսների թերությունների մասին, խոստումներ էին շռայլում ու ինքնավստահ ելույթներ ունենում, այնքան Գրիշի բլոկնոտը լցվում էր ժամանակագրությամբ, համեմատություններով ու սեփական անելիքների համար անհրաժեշտ գիտելիքների և գործիքների ցանկով, որոնք նա պիտի ձեռք բերեր կամ ինքնուրույն պատրաստեր: Հուրախություն իրեն՝ միայն առաջին շաբաթվա ընթացքում հայտնաբերեց մեկ տասնյակի հասնող արդեն փորձած Ապրանք, որոնք նրան խիստ հիասթափեցրել էին, ուստի մինչ անհայտ ապրանքներին դեռ ուշադիր զննում էր և փորձում ինչ-որ բան գտնել, երկրորդ շաբաթվա ընթացքում իր նկուղում բռնաբարելով սպանեց երկուսին (այս պատժի համար բոլոր գործիքները ձեռքի տակ կային, ուստի միակ բարդությունը պատժի ենթակա Ապրանքներին բարեհաջող առևանգելն էր), ուրագով ջարդեց մեկի ծնոտը և պտուտակահանով հանեց չորրորդի աչքերը:
Շաբաթ օր էր, երբ հարմարեցրեց նաև հինգերորդի հարցը: Գրիշը ֆորդը արգելակեց տան դարբասի դիմաց, հանգիստ իջավ, բացեց դարբասը, մեքենան քաշեց բակ և կողպեց դարբասը: Բացեց մեքենայի հետևի դռները, հայացք գցեց գետնին անշարժ պառկած, գլխին պարկ քաշած կոստյումավորին ու վառեց սիգարետը: Կոստյումավորն անհանգիստ թպրտաց ֆորդի հատակին՝ անհասկանալի ձայներ հանելով ու ծանր շնչելով: Գրիշը ատամներով կծեց սիգարետի ֆիլտրն ու անշտապ մոտենալով ու բռնելով կոստյումավորի ոտքերից՝ քաշեց դուրս: Կոստյումավորը մեքենայի թափքի կես մետր բարձյությունից պարկի պես թըրըմփաց գետնին, ինչ-որ խուլ ձայն հանեց ու անշարժացավ՝ ամենայն հավանականությամբ կորցնելով գիտակցությունը: Գրիշը կատարյալ անտարբերությամբ կոստյումավորին քարշ տվեց մոտ 50 մետր մինչև տուն և 12 աստիճան ներքև՝ նկուղ, ոչ մի անգամ հետ չշրջվելով: Նկուղում սիգարետի մնացուկը մի կողմ նետեց, անմիջապես պարանով կապեց կոստյումավորի ոտքերից ու նախապես հարմարեցրած հատուկ լծակով ձգելով վերջինիս ոտքերից՝ գլխիվայր կախեց առաստաղին ամրացված կեռից: Ապա հանգիստ բարձրացավ վերև, սառնարանից մի շիշ Գյումրի գարեջուր վերցրեց ու մոտեցավ սեղանին: Մինչ նոութբուքը կմիանար, բացեց գարեջուրն ու մի շնչով կես գցեց: Մտածեց՝ հայերենով դժվար թե համապատասխան նյութ գտնի, ուստի ռուսերենով փնտրելու տեղում գրեց՝ как снимать шкуру с человека? Ամենագետ գուգլն, իհարկե, չհիսթափեցրեց. Մի քանի նյութ բերեց Աֆղանստանում մոջահեդների կողմից կիրառվող «Կարմիր կակաչ» մահապատժի մասին, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես էին դուշմանները գերի ընկած սովետական զինվորներին նախ մեծ չափաբաժնով թմրամիջոց ներարկում, ապա մինչ վերջինս գտնվում էր թմրամիջոցի ազդեցության տակ, թևատակերից մաշկը քերթում էին մինչև գոտկատեղն ու թարս շուռ տալիս գոգնոցի պես: Եթե զինվորը դեռ կենդանի էր մնում, ապա թմրամիջոցի ազդեցության թողնելուց հետո, շատ արագ մահանում էր ցավային շոկից կամ սարսափից: Սակայն այս նյութերը Գրիշին, այնքան էլ պետք չէին՝ չնայած մի քանիսը հետաքրքրությամբ կարդաց: Նրան կոնկրետ հետաքրքրում էր մարդու մաշկը քերթելու տեխնիկան:
Գուգլի բերած նյութերից մեկի մեջ աչքին ընկավ՝ как вкусно приготовить человека? վերնագիրը: Հղումներով անցնելով՝ հայտնվեց Էֆթանազիայի եկեղեցում, որը նախ կոչ էր անում՝ Փրկիր մոլորակը, ինքնասպան եղիր, իսկ հետո մանրամասն նկարագրում էր՝ ինչպես մարդուց մսացու սարքել: Մի կողմ թողնելով նորահայտ կրոնի փիլիսոփայական-գաղափարաբանական հարցերը, Գրիշը գարեջրի մնացորդի հետ կլանեց մարդամսի մասին տեքստը, փակեց նոութբուքն ու քայլերն ուղղեց դեպի նկուղ: Կոստյումավորն արդեն ուշքի էր եկել ու ծանր տնքում էր: Գրիշը դազգահի վրայից վերցրեց ածելիներից մեկը և կտրելով ու պոկոտելով հագուստը սկսեց անշտապ մերկացնել իր զոհին: Վերջինս, որքան էլ ուժասպառ, սկսեց անհասկանալի բղավել ու անկանոն թպրտալ առաստաղից կախված: Նրա մարմինը այսուայն կեղմ էր ճոճվում, խանգարելով Գրիշին հանգիստ մթնոլորտում կատարել իր առաքելությունը: Վերջապես Գրիշի համբերությունն սպառվեց, և նա, վերցնելով անկյունում դրված բահը, առանց վարանելու տափակ մասով հարվածեց կոստյումավորի՝ պարկի մեջ գտնվող գլխին: Վերջինս կրկին անշարժացավ, կորցնելով գիտակցությունը: Գրիշը հանգիստ մերկացրեց զոհին, թողնելով միայն գլխի պարկը, ապա սիգարետ վառեց ու կարծես կողմորոշվելու համար, թե որտեղից սկսի, մի քանի պտույտ գործեց զոհի մերկ մարմնի շուրջ՝ մանրամասն զննելով մարմնամասերը: Հետո սիգարետը մի կողմ նետեց, նոր ածելի վերցրեց ու մոտենալով զոհի հետույքին՝ խամ մսագործի պես զգուշորեն կտրեց մաշկը: Զոհն անմիջապես ուշքի գալով սկսեց գոռալ ու թպրտալ առաստաղից կախված: Գրիշը, որ հազիվ էր տրամադրվել, նյարդայնացած մի կողմ նետեց ածելին, կրկին վերցրեց բահն ու իրար հետևից սկսեց հարվածել զոհի գլխին այնքան, մինչև վերջինս անշարժացավ, իսկ պարկն ընկավ գլխից՝ բացելով նրա արնաշաղախ ու ջարդուխուրդ եղած դեմքը: Գրիշը շնչասպառ կանգ առավ, մի կողմ նետեց բահն ու մի նոր ածելի վերցնելով արդեն ինչ-որ անհասկանալի ինքնավստահությամբ նոր կտրվածք անելով զոհի հետույքին, սկսեց քերթել վերջինիս մաշկը՝ կենտրոնացած ու բավակաչափ հմտորեն: Կաշին քերթելով արդեն հասել էր պոչուկին, երբ հատուկ նշանակության ջոկատը դիմակավորված ներխուժեց Շենգավիթի Բարաքներում գնվող նրա տուն: Հատուկ ջոկատայիններից առաջին երկուսը, նկուղում տեսնելով հանրահայտ քաղաքական գործչի մաշկահան ու արյունլվա մարմինը՝ առաստաղից լեշի պես կախ, քիչ մնաց ուշաթափվեին: Նրանցից մեկը, արյունոտ ածելին ձեռքին զարմացած Գրիշի վրա զենքը պահելով, մի կերպ բղավեց՝ պառկիր, կկրակեմ… արագ…: Գրիշը արյունոտ ձեռքով անշտապ սիգարետ վառեց, մի երկար ծուխ ներս արեց, ապա անմիջապես էլ մտածեց՝ էդքան կա՞ս, որ, այ գանդոն… հես ա տեսնենք, կկրակե՞ս, թե՞ չէ… և բարձրաձայն ու քմծիծաղով նետեց՝ կլիրս կպառկի… : Հատուկ ջոկատայինները ասես մի պահ սառեցին Գրիշի անսպասելի ու ինքնավստահ պատասխանից, նրանցից մեկն այդպես էլ սառած կմնար ու հաստատ չբավարարելով Գրշի բարձր սպառողական պահանջմունքները՝ կպատժվեր ամենայն խստությամբ, բայց բարեբախտաբար երկրորդը արագ ուշքի եկավ և մի անվերջանալի կրակահերթ բաց թողեց Գրիշի ուղղությամբ՝ ձեռքի հետ ցանցի վերածելով նաև առաստաղից կախած քաղաքական գործչի լեշը: Գրիշը հասցրեց գոհ ժպտալ: