Բլենդերի մեջ կաթը լցրեցի, բանանը կտրտեցի-գցեցի, կոճակը սեղմեցի՝ դռռռռ, կաթն ու բանանը խառնվեցին, դարձան մի մարմին: Մարմինը սիրուն լցրեցի բաժակի մեջ, ու հենց բերանս լցվեց, համը ինձ տարավ Գոայի ու Գոկառնայի ափերը, ու կարոտս ավելի աճեց: Ինչ-որ բան պակա՞ս է, հա, պապայան:
Չէ, պիտի վերադառնալ: Բնակարանս մեկին տամ ու գնամ, մենակ մի բան կպահանջեմ՝ տնիցս հանկարծ գիրք չպակասի: Բայց ինչի՞ մտահոգվել: Ծանր չի՞ գրադարանիս հոգատարության բեռը հետս քարշ տալ: Ծանր ա, բա ինչ ա:
-Ես ունեմ Նիցշեի 12 հատորը:
-Ինչի ռուսերեն 12 հատոր Նիցշե ա տպվե՞լ:
Բյուրոկրատ գրախանութում եմ, Արամը՝ գրախանութի աշխատակիցը, ինձ ասում է գրական նորությունները:
-Իհարկե, 2006-ին ա տպվել:
-Ես գիտեի` էն երկու հատորյակն ա մենակ:
-Սվասյանի կազմածը: Չէ, նորը տպվել է, Սվասյանի թարգմանություններն էլ մեջը: Տեսեք, ցույց տամ:
Ու Արամը բացեց սմարտֆոնը: Պատկերվեց գրադարան: Կարծեցի էլեկտրոնային գրադարան է, ունեի մի այդպիսին, շատ հարմար էր, Հնդկաստանում հետս էր, գրադարանի կոճակին հպվում ես, ու բացվում է վիրտուալ գրապահարանդ, ճիշտ իրականի պես՝ գրապահարանի դարակներով` գրքերը շարված: Հինգ գի՞րք ես բացել, հինգն էլ գրապահարանում կլինեն, ուզածդ գրքի վրա մատով սեղմում ես, բացվում են էջերը, կարդացիր, մատով թերթի, էջի պես սահուն պտտվելով թերթվում է: Էդ մոդելի վատն էն էր, որ մարտկոցը շուտ էր նստում, մի վեց ժամ հազիվ էր պահում, պիտի լիցքավորեիր, որ էլի կարդայիր: Լիցքավորվում էր համակարգչից, վարդակից միացնելու սարք չունեի, ուրեմն, պիտի համակարգիչն էլ միացնես, բայց ոչ բոլոր գնացքներում էր լինում միացնել: Բանգալորից Կալկաթա գնացքում դե արի համակարգիչ միացրու, մի սեկցիայում 10-15 հոգի, սեղմված նստած ենք: Ու այդպես երկու օր: Ավտոբուսում ընդհանրապես հույս չկա: Ուրեմն, վեց ժամը լրացավ, գրադարանդ նստում է:
Անցյալ տարի աղջիկս Քինդըլ նվիրեց, ճիշտ ա, սա չունի վիրտուալ գրապահարանի պատկեր, թերթվող էջերի նուրբ պարը, բայց շաբաթով լիցքավորումը պահում է, իսկ որ հազարավոր կիլոմետրերով ճամփորդում ես, Քինդըլը իդեալական ա, հաստատ էրկու օրում չի նստի:
-Վիրտուա՞լ:
-Չէ, ինչ վիրտուալ,- թեթևորեն նեղվեց Արամը,- իսկական, սա իմ տան գրադարանն է, նայեք: Ֆոտո եմ արել: Ահա Նիցշեի հատորները,- ու մատներով խոշորացրեց սմարթֆոնի պատկերը: Գրապահարանը այնքան վճիտ էր, որ թվում էր, թե վիրտուալ իմ գրադարանից է, որ հես ա մատով կտտացնես, հատորը կբացի,- Էս էլ տեսեք, Սելինի չորս հատորը, սա էլ Բորխեսի հատորները,- հպարտորեն ժպտալով ցույց է տալիս Արամը:
Չէ, վիրտուալ չի, Արամի տան գրապահարանի լուսանկարն է:
-Բայց ինչի՞ ես էսքան գիրք առնում, Քինդլ վերցրու, ամբողջ գրադարանը կլցնես մի բարակ տուփի մեջ:
-Չէէ,- Արամը նույն հպարտությամբ քմծիծաղ տվեց,- գիրքն ուրիշ է, գիրքը ձեռքդ վերցնում, շուռումուռ ես տալիս:
– Հա, կան տենց մարդիկ, որ գրքի համար ուշքները գնում ա, ես մեկին գիտեմ՝ Ֆերեշեթյանը:
-Այո, Ֆերեշեթյանը, Հրաչը:
-Ո՞ր Հրաչը,- դեռ չպատասխանած իմացա,- հա, Սարիբեկյան,- հեռուստատեսությամբ հաղորդում էի տեսել՝ կոչվում էր «Իմ գրադարանը», թե նման մի բան: Հրաչ Սարիբեկյանը նույն այս հպարտության ժպիտով իր տան գրադարանն էր ցույց տալիս՝ գրքերը հերթով հանում, կամերային ցույց տալիս, ու խնամքով դնում տեղը: Ինչպես Գագիկ Ծառուկյանը իր կենդանաբանական այգու գազաններին ցույց կտար:
-Բայց Ֆերեշեթյանը ավելի… բան է…
-Ի՞նչ է:
-Ֆերեշեթյանը բոլոր գրքերը կարդում է:
-Ճիշտ, կարդում է: Սարիբեկյանը չի՞ կարդում:
Գիրքը միայն կարդալու համար չի, որ կողքիդ է, քեզ մենակ չես զգում:
-Հըլը հոտ քաշի:
Ֆերեշեթյանի տանն եմ, ոտս չդրած քարշ է տալիս գրապարահանների մոտ: Բացել է գիրքը ու դեմ տվել քթիս: Հոտ եմ քաշում: Իրոք հոտ է գալիս, յուրօրինակ հոտ: Տարօինակ գիրք է, իր բոլոր հյուրերին հոտոտել տալուց հետո էլ հոտը չի պրծել: Մշտադալար հոտ:
Ֆերեշեթի բոլոր գրքերը տեսողական ու հոտառական զգայարանով ընկալելուց հետո, անցանք մյուս զգայարաններին.
-Հըլը ձեռք տուր:
Ու ես շոշափում եմ: Հետո շոյում:
-Հըլը կեր:
Չէ, էս մեկը չի ասել, սուտ չասեմ, նրա գրքերի համը ես չտեսա: Բայց ինքը իմի համը տեսավ՝ Վազգեն Շուշանյանս, Պլատոնովս տարավ ու էլ հետ չտվեց:
Վարդանը նոր գրքեր է հանում պայուսակից ու Արամի ու Հրաչի էն նույն հպարտ ժպիտով դնում Լևոն Ներսիսյանի դիմաց: Էֆենդիի Սայաթ-Նովայի բնակարանում ենք: Ֆերեշեթը թվարկում է գրքերը՝ էս Բորխես, նոր չորս հատորյակ է տպվել, Կորտասար, Գադամեր, Յասպերս, Բախտին, Հայդեգեր: Քանի Ֆերեշեթը գրքերի ֆոկուսն է անում, Էֆենդին լուռ է, նույնիսկ չի ասում՝ 7 ու կես րոպեից պիտի գնաք, Լևոնը լուռ հետևում է Վարդանի ձեռքին, այդ աճպարարությանը, որ փոքր պայուսակից այդքան շատ գիրք է հանում: Երբ վերջին գիրքը դնում է սեղանին, նոր հարցնում է.
-Վարդան, այսքան գիրք ինչո՞ւ ես առնում:
Վարդանը ժպտում է, բայց արդեն այլ ժպիտով, ոչ այն հպարտության ժպիտով, ավելի մեղմ, ավելի համեստ:
-Վարդան, մենք ապրել էինք մի ահավոր երկրում, և որպեսզի հասկանայինք, թե դա ինչ երկիր է, շատ կարդում էինք, կարդում էինք ամենատարբեր բնագավառների գրքեր, մեզ պետք էր շատ բան իմանալ բացատրելու համար այդ չարիքը: Այդ երկիրը այլևս չկա, այլևս կարիք չկա այդքան տարբեր գրքեր կարդալ: Ինչո՞ւ ես այսքան գիրք կարդում: Վերցրու մի նեղ գիծ և խորացիր ու մասնագիտացիր դրա մեջ: Այսքան գիրքը ավելորդություն է:
Վարդանի ժպիտը մնացել է, բայց ավելի մեղմացած, ավելի համեստացել ու ցանկություն ունի անհետանալու, սակայն նրա տերը համառորեն նրան թույլ չի տալիս փախչել:
Դևրիկյանը, որդին չէ, հայր Դևրիկյանը, Գևորգ Դևրիկյանը Սովետի ժամանակ մի ֆելիետոն էր գրել. հարուստ ընտանիք է, շքեղ կահույք է ձեռք բերել, նաև շքեղ գրապահարան, մեջը շարված են հատորներով գույնզգույն գրքեր: Հյուրերից մեկը ուզում է գիրք հանել, դուրս չի գալիս, քաշում քաշում է, էլի դուրս չի գալիս, ավելի ուժեղ է քաշում, մեկ էլ ամբողջ գրադարակի գրքերի շարքը դուրս է պրծնում: Պարզվում է տան տերը գրադարակի բոլոր գրքերի մեջ շամփուր է խրել, որ շարքը չխախտվի, որ գրքերը հավասար կանգնեն:
Իրականում եղե՞լ է սա, թե ոչ, երևի Դևրիկյանը հորինել է: Բայց դա մի հորինվածք է, որ նկարագրում է սովետական գրքասիրության իրականությունը:
Լերմոնտով փողոցի վրա հատուկ գրախանութ կար, ուր բաժանորդագրվում էին հատորներով գրքերը: Նոր հատորնե՞ր էր պատրասվում հրատրակության, Դոստոևսկի՞, Ռոմեն Ռոլա՞ն, Դրայզե՞ր, իմացե՞լ ես արդեն, ուրեմն առավոտ շուտ պիտի հերթ կանգնեիր, որ հասցնեիր հատորները բաժանորդագրվել, իսկ հետո էլ ամեն հատորի համար առանձին հերթ կանգնել: Գրքեր էին լինում 20 հատորով, 30 հատորով, հատորը լույս էր տեսնում ամիսը մեկ, երկու ամիսը մեկ, տարին մեկ, երկու տարին մեկ, հերթական հատորը տպվում էր, խանութից առնում, ու խնամքով դնում ես մյուս հատորների կողքին: Սիրունություն: Գրապահարանում հատորները շարված էին, ինչպես սերվանտում չեխական հախճապակե վազերն էին շարված:
Հատորների մի հսկա հավաքածու ուներ հորեղբայրս՝ Վովան, հատակից մինչև առաստաղ ձգվող ստենկա-գրապահարանում գույնզգույն հատորները շարված էին: Կարդո՞ւմ էին արդյոք: Չգիտեմ, գուցե կինը՝ Նառան, Չեխովի հատորները երբեմն բացեր, ռուսերենի մասնագետ էր, դաս էր տալիս Ֆիզկուլտ ինստիտուտում: Բայց մյուսները դժվար բացեին: Իբսենի հաստ հատորները ո՞վ էր կարդալու:
Սովետը հենց փլվեց, հորեղբայրս էլ մեռավ, Նառան, դուստրը՝ Անուշը, ու որդին՝ Դավիթը տուն-մուն ծախեցին ու արտագաղթեցին: Մնացին միայն գրքերը ու Վովայի հորաքույր՝ Ռիպան: Գրքերը հանձնեցին քրոջս: Մի քանի ամսից Ռիպան մեռավ, բայց գրքերը ապրեցին, նույնիսկ մութուցուրտ տարիներին չգցեցին փեչը:
Նրանց մեկնելուց մի տասը տարի անց, հիմա էլ քույրս էր վերանորոգում տունը ու Վովայի ժառանգած Չեխովի, Իբսենի, Անատոլ Ֆրանսի հատորները խորդանոցից հանեց, որ ցրի: Մի քիչ խոնավացած, բայց նորմալ վիճակում էին: Ո՞ւմ տա, դե գիրք թափելը մի քիչ բարեկիրթ չի: Ես վերցրեցի, տարբեր արկղներում շարեցի, ու մի տասը տարի էլ մնացին իմ միսենյականոցում: Սենյակս նեղացավ, բայց խելքս չավելացավ: Հենց Անին բացեց իր «Ականաթ» սրճարան-պատկերասրահ-գրադարանը, տարա «Ականաթի» գրադարանում շարեցի: Մի քանի օր հետո գնամ, տեսնեմ` Չեխովի երկու հատորը չկա, ցրել են: Նեղվեցի, ափսոս, Չեխովը մեծ գրող է: Հետո ինձ թափ տվի, մարդուն պետք է եղել, ցրել է, մնար որ ի՞նչ, մանավանդ «Ականաթը» փակվեց, ու հիմա հատորները ինչ-որ նկուղում են մնացել: Ուրեմն, Ֆերեշեթն էլ լավ էր, գրքերը հետ չտվեց, Պլատոնով էի ուզում մի օր բացել, ասի` ուզեմ Պլատոնովս, ուզեցի, ասեց թարգմանում եմ: Լավ, թարգմանի: Բայց որ թարգմանի պրծնի էլ, մեկ ա, էլ չեմ ուզի: Շատ ես ուզում Պլատոնով, ինտերնետից քաշի, գցի քինդըլ, կարդա:
Հայրական տանս էլ կան հատորներ՝ Րաֆֆու հատորները, որ պատանի ժամանակ ես էի խնդրել հորս` գրվեր, մեկ էլ Տոլստոյի հատորները, որ հայրս էր գրվել: Րաֆֆին մեկ-մեկ պետք է գալիս, բացում մեջբերում եմ անում, թե ինչպես է Առաքելական եկեղեցին աղանդի վերածում հայությունը. «Ազգության գաղափարը պայմանավորվում է ոչ թե կրոնով, այլ նրա ցեղական հատկություններով, որոնց մեջ առաջին տեղը բռնում է լեզուն, որ է և միշտ կլինի ազգի պահպանության հիմքը: Դա է, որ մշտական է, դա էլ անբաժանելի է մարդկությունից: Լեզուն թեև փոփոխվում է, բայց իր փոփոխության մեջ ավելի կյանք է ստանում, զարգանում է և կատարելագործվում է: Մի մարդ կարող է ոչ մի եկեղեցու չպատկանել և մինչև անգամ անկրոն լինել, բայց չէ կարող որևիցե լեզվով չխոսել: Խոսքը միշտ կմնա, որքան ապրում է մարդկությունը, նա հավիտենական է»:
Եթե Րաֆֆու հատորները էլեկտրոնային գրքերի վերածեն, գցեն ինտերնետ, հատորները էլ պետք չեն գա: Բայց հայ տպարանատերը ամեն ինչ անում է, որ էլեկտրոնային գրականությունը չտարածվի, հաստ-հաստ նոր գրքեր են տպում ու կոկա-կոլայի պես տալիս աստղերի ձեռը, որ գովազդեն, ու սպորտային մեկնաբանը «Քամելիազարդ տիկինը» ձեռքին ժպտում է՝ գիրք կարդալը մոդայիկ է: Իսկ եթե չուզես առնել, գարշանքով կշրջեն ճակատը կնճռոտ ու կասեն ուղտ ես՝ ինչպես մի ուրիշ գովազդում՝ «Միայն ուղտը չի սիրում գիրք կարդալ»: Ո՞րն է լավ, քամելիազարդ տիկինը կարդաս, սպորտային մեկնաբան դառնա՞ս, թե՞ չկարդաս ուղտ դառնաս: Այսպիսի երկընտրանքի առաջ է կանգնացնում հհ արժանապատիվ քաղաքացուն տպագրական բիզնեսը: Ուղտ դառնալը անվճար է, մեկնաբան դառնալու համար պիտի ձեռդ ջեբդ տանես ու առնես մի գիրք, որի վերնագրի մեջ ուղտը անգլերեն է: Ի՞նչ գիրք: Մի անուն գիրք, անուն ունեցող գիրք: Շուշան Ավագյանի «Գիրք անվերանգիրը» հաշիվ չի: Որովհետև տպագրության բիզնեսը նեղսրտում է՝ «Հայաստանում լույս է տեսնում 2000 անուն գիրք, բայց վաճառվում է 50 անուն գիրք»: Իսկ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 570 անուն ապրանք և բոլորը վաճառվում է:
Քանի հայերեն գրականության թվայնացումը լռված է, լավ, մի անուն գիրք կարելի է առնել, ո՞րը, օրինակ առ «Ռուսուլմանի նոթեր»ը, «Ասողիկն» է արտադրել, շատ լավ համային որակներ են ստացել, հակառակորդ ֆիրման լուրեր է տարածում, թե սալյանկայի համ է գալիս, բայց սուտ, ասենք թե գալիս է, ինչ վատ համ ունի սալյանկան, մենակ ուղտը չի ուտի: Մի անուն առնես, հերիք, կշտանալիք չի, մնացած հայերեն անուն գրքերը տանը ունես, պահի, մի թափի մինչև ջեբի էլեկտրոնային հայ գրականության ուղտը մեր դռանն էլ չոքի:
Իսկ այ, Տոլստոյը կա ինտերնետում, կարաս քաշես, լցնես քինդլըդ, բայց մենք չենք պատրաստվում Տոլստոյի հատորներից ազատվել: Ոչ թե որ Տոլստոյի համար խելքներս գնում է, չէ, հորս հիշատակն ենք հարգում, նրա սիրելի, ամենասիրելի գրողն էր, նրա կյանքի կարևոր մասն էր: Քանի որ Տոլստոյի հատորները ոչ բացելու ենք, ոչ թափենք, ոչ էլ ուրիշին տանք, արժի դրանց միջով մի շամփուր խրել, որ լռված, որպես սուրբ հուշարձան, մնան մեր գրապահարանում:
«Բյուրոկրատից» դուրս եկա, բայց սպասի, Արամին ինչ-որ բան չասեցի: Ի՞նչը բաց թողեցի: Լավ, գրադարակներում գրքերը շքեղ շարված են, ինքը՝ Արամը, ի տարբերություն Դևրիկյանի նկարագրած գրքասերների, բոլոր գրքերը կարդացել է, մի անգամ հաստատ, ավելի շատ հավանածները երկու անգամ, գուցե երեք անգամ: Ե՞վ, գրքեր, որոնք էլ չեն բացվելու, արժի՞ պահել տանը: Հիմար հարց եմ տալիս: Պարզ չի՞, եթե սիրում ես, եթե գիրքը քո կյանքի իմաստն է, ինչպե՞ս չպահես: Բայց ինչ-որ ծանրություն եմ զգում, Արամին չասված խոսքի պատճառով նրա գրադարանը ինձ ծանրացնում է, ծանր բեռ է, Արամի փոխարեն ես եմ քրտնում գրքերի կապոցները տեղից-տեղ տեղափոխելուց:
Մեր իրերը յոթ կտոր էին, գնացքից գնացք, ավտոբուսից գնացք, կայարանից ռիկշա, հետո բնակարան ճամփին յոթ կտորը քարշ էի տալիս: Մանավանդ վերջին ամիսն էր դժվար, Գայատրին չէր կարողանում բեռ վերցնել, մեջքը ուժեղ ցավում էր, ուրեմն, ես պիտի տանեի: Շա՞տ էին իրերը, իմը երկու կտորն էր՝ մեկը շորեր, մյուսը` կոմպ-մոմպ: Իսկ Գայատրիինը հինգը, հինգ կտոր իրը շա՞տ է: Հըլը եթե մի ճամպրուկն էլ հաշվենք համատեղ՝ կենցաղային իրեր, ափսե բան: Ուրեմն, չորս կտոր:
Ես Երևանում բնակարան, մեջը սառնարան, գրասեղան, գրապահարան, ունիտազ, հեռուստացույց, ափսե-մափսե էի թողել. որ կապկպեի, բեռնատարի մի թափք կլցվեր: Իսկ Գայատրին ոչինչ, նա ոչինչ չունի, ոչ տուն, ոչ կահույք, ոչ հեռուստացույց: Մի քանի իր թողել էր Վրինդավանում ու վերջ: Նրա գրեթե բոլոր իրերը մեզ հետ էին. մի ճամպրուկը թագուրջիներն են, աստվածները՝ Կրիշնան, Ռաթան, Չայտանիան ու ևս մի Կրիշնա, փոքրիկ Կրիշնա: Ամենածանր ճամպրուկն է, թագուրջիները ծանր մետաղից են: Մյուս իրերը ավելի թեթև: Մի վեշն էլ գազի բալոն է, էլի` ընդհանուր օգտագործման: Ուրեմն, Գայատրիի վեշերը դառան երեք կտոր: Գազի բալոնը պետք էր՝ անհրաժեշտություն կերակուր էփելու համար: Բայց երբ Պատապուրտիից պիտի գնայինք Գոկառնա, բալոնը հետներս չվերցրինք, բեռներս վեց կտոր դարձավ: Ու ճիշտ արինք, պարզվեց, որ կարելի է առանց կրակ ունենալու էլ սնվել: Նախաճաշն էր կաթով բանան, Գայատրին բլենդերով կաթն ու բանանը խառնում էր, ու ծնվում էր մեր կերակուրը: Խրճիթի պատի տակ նստում, սնվում էինք: Քինդըլն էլ պետք չէր գալիս, ծովը, օվկիանոսը, հետո մայրամուտը, նստի, քո աղեղի պարանոցը լարի նետի նման, մեդիտացիա արա, ուղեղդ մաքրի, ինչքան գիրք ես լցրել, ինչքան զիբիլ ունես` թափի, հետքը թողնելով փոշու անծայրածիր քարավան: Ուղտի պես: Ուղտի կերածի չա՞փ էինք ուտում:
Լևոն Ներսիսյանը ճիշտ էր ասում, ինչ կարդաս, եթե նեղ ոլորտդ գտել ես, արդեն ինչ պետք է գիտես՝ վեցի կողմերը արևը մայր է մտնելու, ու դու նստելու ես ավազին դեպի արևելք, մեջքով արևին, աչքերդ փակես ու մանտրայով մաքրություն անես գլխիդ մեջ, մինչև թավ պարանոցով, վճիտ աչքերով ուղտ դառնաս, մանտրան քերի այբբենարանը, մայրենի բնությունը, hայոց լեզուն, English-ը, որի սովորացրած երեք բառին սաղ կյանքումդ ուզում ես մի երեքն էլ գումարես, չի ստացվում, չստացվելը, թվաբանությունը, հանրահաշիվը, կենսաբանությունը, պատմութունները՝ հայ ժողովրդի, ՍՍՀՄ, համաշխարհային, գծագրությունը, կիսատ-պռատ ֆիզիկան ու չսովորած քիմիան, հայ գրականությունը, Մուրացան ու Պռոշյան, Րաֆֆի, Թումանյան մեծությունը, Տերյան քնարականությունը, Չարենց մեծությունը, Բակունց, русская речь 5 класс, , русская речь 6 класс՝ Պուշկին, Լերմոնտով, Դոստոևսկի, Չեխով, հա՝ Հեմինգուեյ-Սարոյան-Մարոյան ու դալշե, անպայման «Նոր կտակարանը», որ դպրոցը ինձնից թաքցրեց, բայց հայրս ուսուցանեց, էնպես ա վախացրել, որ յեքա մարդ ես դառնում, ինչքան մաքրում ես, վախը չի անցնում, հատուկ մաքրող մանտրայով կջնջի՝ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ շարքը, բոլորը, ամենը, Բանասիրական ֆակուլտետի հինգ տարիների սովորածս՝ գրականության տեսություն, պոետիկա, ձևաբանություն, շարահյուսություն, հնչյունաբանություն, բառագիտություն, բարդ նախադասության շարահյուսություն, դիալեկտիկական մատերիալիզմ, պատմական մատերիալիզմ, բոլոր գրականությունները՝ միջնադար, ժամանակակից, արտասհմանյան, ռուս, է՞լ, կյանքի դպրոցի սովորածն ու չսովորածը, նույնիսկ գնացքի մեջ վերջին կարդացածդ գրքերը՝ Լեկլեզիոյի «Դիեգո ու Ֆրիդան» ու Վերժինի Դեպարտի «Քունիր ինձը», որի հերոսներն էլ են ճանապարհորդում՝ այդ առաքյալ կանայք, որ դեմը դուրս եկածին գյուլլելով` աշխարհը ուզում էին փոխել դեպի լավը, թե՞ մուռ հանելու ծրագիր ունեին: Փոխելն ու մուռ հանելը նույն բանը չի՞: Էն ժամանակ, որ կարդացի, նրանք առաջին դարի քրիստոնյայի տպավորություն թողեցին, որ թշնամի մարդկանց որս են սկսել: Հոգևորսություն: Եվ հերոսների պես անհաջողակ ֆիլմը: Պոլ Բոուլզի «Երկնքի հովանու տակ» վեպը, հնդկական գնացքների չըխչըխկոցին զուգահեռ լսում ես Սահարայի գնացքի չուկ չուկ չարակը ու իմանում, որ Բերտոլուչին իր ֆիլմով քունել թողել է վեպը, թափել է Կիտի տառապանքների շղթան՝ ամիսներ շարունակ ծեր ու ջահել երկու արաբների կողմից բռնաբարվելը, ջահելից կախվածությունը, նրա միջոցով կյանքի մեջ իմաստ փնտրելը, ի վերջո խելագարվելը: Այ սենց, իմանում ես որ սիրածդ ֆիլմը չնաշխարհիկ տափակություն է: Մանտրան և՛ վեպը կմաքրի և՛ ֆիլմը և՛ ֆիլմով խաբվածությունդ:
Բայց հենց գնացք նստեցիր, փնտրելու ես Քինդըլը:
Գի՞րք, ինչ գի՞րք, թղթի վրա տպվա՞ծ, 400 էջանո՞ց հաստ ծանր գի՞րք, լավ, 200 էջանո՞ց քիչ ծա՞նր: Ֆերեշեթը, որ Հնդկաստան գար, քանի՞ կտոր բեռ կունենար, հիսո՞ւն, հարյո՞ւր, հինգ հարյո՞ւր, մի՞ բեռնատար, երկո՞ւ բեռնատար: և ոլորվում էր այն բեռնաշարը դեղին ռիկշաների շարքերի միջով:
Եվ Գայատրին է որ… ընչազուրկ, անտուն, առ մահամանտրա մի վայշնավ, հավերժ ճամփեքին, որ բեռնաթափման է տանում քեզ:
Ոչ մի ավելորդ ծանրություն:
Եթե այդ գրքերում ասվում է այն, ինչ կա Քինդըլում, ապա դրանք անօգուտ են: Եթե այդ գրքերում ասվում է մեկ այլ բան, ապա դրանք պետք է տեղափոխել Քինդըլ: Ուստի երկու դեպքում էլ պետք է այրել բոլոր գրքերը:
Տպագիր գիրքն էլ դարձել է գազօջախի, սառնարանի, պահարանի, մահճակալի, սեղան-աթոռի պես ավելորդություն: Իսկ գիրք իհարկե ունեի, ոչ տպագիր, անմարմին գրքեր: Մի քանի գրամանոց էլեկտրոնային գրադարանում 10-20 հազար գիրք է տեղավորվում, գրպանումդ` 20 հազար գիրք: Նոր տեխնոլոգիաների կախարդները մեզ ազատեցին հսկա բեռից:
Բայց կախարդական տուփերը չեն ընդունում պահպանողական գրքասեր ինտելեկտուալները, միայն ֆիզիկական շփում, ինչպես սեքսուալ պարտնյորի հետ, միայն գիրքը շոյելով են բավարավում: Գրքի ոչ այնքան հոգին են սիրում, ինչքան մարմինը: Ֆիզիկական մարմինը՝ գիրքը մանեկենուհի:
Իսկ բլենդե՞րը: Այ առանց բլենդեր անհնար է, մանավանդ, եթե գազ չունես, առանց բլենդեր ո՞նց ապրես, հո չես կարա ավոկադոն առանձին կծես կաթը առանձին խմես, մրգերն ու կաթը առանց իրար հետ խառնելու ուտելը ճաշել չի, ճաշը բլենդերով խառնած, դոնդող-մածուցիկ մարմին պիտի լինի: Bայց պարտադիր չի մեծ ծանր, սեղանի վրա դնելու բլենդեր, նրանից որ Հնդկաստանի կարոտից Երևանում առա: Փոքր-շարժականը լրիվ հերիք ա, Գայատրիի ձեռքի բլենդերից, որ քիչ տեղ գրավի, նրանից որ առանք Մապուսայից, էն որ 1500 ռուպիից հազիվ իջավ 1200-ի, էն որ Վրիդնավանում իզուր էժանը չառանք:
Որ մնում ես մանտրայի ու քինդըլի արանքում, քինդըլը հաղթում է ու քեզ բերում է Երևան ու հետզհետե կռանում ես բեռի տակ՝ բնակարան ու հարևան, զազիր ու նանիր, ազգ ու հայրենիք, վայրի ու բոցոտ, ոլոր ու մոլոր, բույր ու համբույր, բարեկամ ու թշնամի, օրոր ու շորոր, թափուր ու ազատ, կույս ու սուրբ զմրուխտյա հեռուն, ադեկվատ ու անադեկվատ, գարշանք ու նողկում, Լֆիկ ու Ազնավուր, կեղծ ու ժպտադեմ, Հանրապետական ու Երկիր ծիրանի, շղթա ու կապանք, հոմոֆոբիա ու ռուսաֆոբիա, խորշակ ու մրրիկ, սաս ու սիթի, չարն ու բարին, վագր ու առյուծ, կինն ու համայնքը, Սասնա ծռեր ու գաղութային քաղաքականություն, կեղծիք ու պատրանք, Եվրասիա ու եվրասոցացիա, բույրով ու թույրով, քրեաօլիգարխիկ ու լրջագույն, Արմավն ու նոճին, լեգիտիմ ու ընտրակաշառք, նենգ ու դրուժան, Լենինգրադյան ու Ազգալդյան, չարակամ ու վատ, քյառթ ու պրադվինուտի, հողն ու փոշին, Մալաթյա ու Մասիվ, անշեղ ու անվախ, Լեննական ու Վանաձոր, հացի ու կրքի, դոմիկ ու սայլուկ, ավան ու ոստան, Սերժ ու Ամուլսար, կոռուպցիայի ռիսկ ու իրավապաշտպան, խռիվ ու ցրիվ, Դոդ ու Սաշիկ, հաշտ ու պայծառ, նիսյա ու փոխանցումով, քյոշք ու խրճիթներ, գործ տվողի ինստիտուտ ու պատմության ինստիտուտ, վատն ու չարը, Ավրորա ու Նժդեհ, գյուղ ու շահաստան, շուկա ու կլա, ոսկե աշուն ու ապրիլի 24, հաղթական ու վեհ և տուգանքներ, տուգանքներ, այն բանի համար, որ քերել ես այդ բոլորը մտքիցդ:
Զգույշ, էնքան գռուզիդ չլինես, որ էլ վերջ, չկարանաս բեռնաթափվել ու անհուսությունից կատաղես: Բայց ելք կա՝ դառնալ զվարթ ուղտ արձակ պարուսաններով հուժկու, մոլեգին, այնպես խոլաբար սլանաս, ճախր առնես հրեղեն թափով, խենթ ու խելագար:
Րաֆֆին հատորներով հազիվ թե, բայց էլեկտրոնային, հայերեն, լիքը ։)