Ինձ կհարցնես՝ ի՞նչ պատահեց։
Կարճ կկապեմ՝ «ռուսական ռոմանս»։
Չնայած անցել է սերը,
Հնչում է հնոտ նվագն այս։
Արհեստական կրկես, անսպասելի համադրություն, սարքովի վտանգ, մեծահոգության անխուսափելիություն, ինքնասահմանափակման դեղատոմսեր, բնազդի մատնություն, թաքնված լավատեսություն, հումորի թալկություն – ահա մի քանի արտահայտություններ, որ ծնվում են Չինուհու (բեմական անունը՝ Chinawoman, իրական անունը՝ Միշել Գուրեվիչ) երգերի հետ ծանոթությունից։
Ինչպես իր հարցազրույցներից մեկում խոստովանում է ռուսական ծագումով Տորոնտոյում ծնված և Բեռլինում ապրող երգահանը, համերգները սկսում է լռությամբ, մի կում օղիով և հիշեցմամբ, որ էս ամեն ինչը նոտաների հետ կապ չունի։ Ես էլ իմ հերթին հիշեցնեմ, որ մանկական ոտանավորի կերպարանքով այս տպավորությունները և դատողություները պարզապես անգլերեն տեքստերի թարգմանություններ են՝ մեղեդիներից ու պատկերներից խաբված։
Սեդա Շեկոյան
Օտար սիրահարներ
Աչքերը թափառում են երկնքում
Մինչ ձեռքերն ամուր գրկել են։
Երեկոն նոր ա թափ առնում, բայց
Հյուրերի աչքը դռան վրա ա:
Տարիներով սահող
Անորոշությունից հետո
Հինգ տարի անց կասես.
«Նա երբեք էլ իմ հագով չէր»:
Օտար են սիրահարները,
Ի՞նչ քննարկես,
Սրտերը հավատարիմ կմնան,
Բայց ճշմարտությունը կասվի ուրիշին:
Երբ շրջվես ու գնաս
Կասես ում ես սիրում
Իսկապես
Աշունը գալիս ա հանկարծակի`
Նայելով աչքերի մեջ օտար,
Դպրոցականների նման, որ ընկերներ չեն,
Բայց փողոցում, միևնույն է, կապված են:
Մթության մեջ մոլորված`
Զանգում ես միակ համարով:
Կախարդական պահերը կորած չեն,
Դրանք կվերապրեն բոլոր կասկածներդ:
Օտար են սիրահարները,
Ի՞նչ քննարկես,
Սրտերը հավատարիմ կմնան,
Բայց ճշմարտությունը կասվի ուրիշին:
Երբ շրջվես ու գնաս
Կասես ում ես սիրում
Իսկապես
Ուրիշների հետ
Տարին երկու անգամ
Ինձ թվում է տեղին
Հոգ տանել
Մեկի հատուկ կարիքները,
Որ աճում են
Անխուսափելի։
Տեսել եմ արդյունքը կարգապահության․
Մեկին, որ քմահաճ էր լինելու,
Դարձնում են գազան։
Միշտ էլ ուղիղ խոսքի կողմից եմ եղել,
Հիմա զգում եմ՝ որոշ բաներ
Չքննարկելն է լավ։
Ուրիշների հետ,
Կարիքը՝ լինելու ուրիշների հետ։
Մի քանի ժամով։
Բայց դու նա ես, ում ընտրել եմ
Լավագույնը՝ ուրիշներից
Ո՞նց լույս սփռել
Մնացածի նման
Չթողնել նաև սրա իշխանությունը, զի
Արժանի չեն թագավորելու
Վախերը՝
Մեր մեջ պահ տրված։
Բայց մենք խելոք ենք,
Կարող ենք ճեղքել բանաձևերը,
Ծիծաղել փոքրիկ տհաճությունների վրա։
Միշտ էլ ուղիղ խոսքի կողմից եմ եղել,
Հիմա զգում եմ՝ որոշ բաներ
Չքննարկելն է լավ։
Բայց արժի լինել ուրիշների հետ,
Կարիքը՝ լինելու ուրիշների հետ։
Մի քանի ժամով։
Անփոփոխ են կապույտ աչքերը
Էսօր ցերեկը, ավտոբուսում
Աղջիկ տեսա՝ իննսուն տարեկան,
Այդքան շուտ փոխված մարմնից դուրս էկող
Կապույտ աչքերով։
Գլխարկը մատնում էր ճաշակով կնոջ
Քայլելը հիմա՝ լրջագույն ձեռնարկ,
Դանդաղ հետ կդառնա տուն,
Մի տեղ, ուր վաղուց է մենակ։
Անփոփոխ են կապույտ աչքերը,
Թեև մարմինն է ծեր։
Կապույտ աչքեր, վերջին վկաներն եք,
Անփոփոխ կապույտ աչքեր
Ծերացած մարմնի։
Կապույտներդ պատմում են՝
Ինչ էիր ուզում դառնալ
Երբ մեծանաս։
Կապույտ աչքեր՝ արտացոլված
Լճի մոտ՝ մոր հայացքում,
Կապույտ աչքեր՝ լեռն ի վար
Սիրած մարդու հետ, գրկում․
Տեսնես ապրո՞ւմ է հիմա։
Աղջիկներն են խնդում-մնդում,
Ծերին ո՞վ կնկատի։
Բայց դատն արդար ո՞վ կշրջանցի։
Կգա հերթը ամեն մեկի։
Անփոփոխ են աչքերը կապույտ,
Իսկ մարմինը՝ ծերացած։
Կապույտ աչքեր, վերջին վկաներն եք,
Անփոփոխ կապույտ աչքեր
Ծերացած մարմնի։
Կապույտներդ պատմում են՝
Ինչ էիր ուզում դառնալ,
Երբ մեծանաս։
Ռուս բալերինա
Տաս տարի ա պետք,
Որ բարձրացնես ոտքդ,
Հետո էլի հինգ,
Որ մի քիչ տեսքի գա։
Երեխաներից սովետական
Շրջան ա կազմվել –
Չափված են – ձևված։
Ո՞վ է աստղը,
Կրքի հերոսը, ում մասին կասեն․
«Նա իր շունչը փչեց Մեծ կքանիստով»։
Իմ մայրիկը
Բալերինա է։
Ռուս բալերինա։
Կարապ էիր,
Իսկ հիմա լողում ես Կարիբյանում։
Գլուխ չեն հանում՝ ոնց ես ապրում
Առանց արվեստի։
Սաղ հարցնում են․
Ո՞ւր ա Մարին,
Չի երևում թատրոնում ու
Փարթիներին։
Հա
Հիմա բամբուկ ա մաքրում
Հեռու արտիստական թոհուբոհից։
Մտքովս չէր անցնի, որ կարա ապրի
Առանց արվեստի։
Կարապ էր,
Հիմա լողում ա Կարիբյանում։
Լա-լա-լա-լա-լա-լա
Կյանքը փոխվում ա․
Խոհանոցում ես մի օր լռված,
Ինտելեկտի հետ միացած,
Հաջորդ օրը կորվետի մեջ՝ գազ տված։
Կյանք ա, փոխվում ա
Ապրում ես բեմի համար
Մեկ էլ պոչկեքդ վարի ես տալիս։
Կյանքի ժամանակ
Ժամանակ արվեստի
Երբեմն շատ են խանգարում իրար
Բայց, մայրիկ, արի հանդիպենք
Կարիբանայում։
Միասին մենք արվեստի
Բարձրագույն ձևն ենք։
Սիրո առաջին վեց ամիսները
Կիմանաս էդ պահը,
Երբ աշխարհը մեկ էլ ճեղքվում ա,
Հանդիպում ես հարազատ մեկին,
Վեպի գլուխը արագ գրվում ա։
Վեց ամիս։
Էս ջեքփոթ ա քիմիական,
Մերն ա թիվը հաղթական։
Կապրեմ առաջին վեց ամիսները
Աշնանը, ձմռանը,
Մինչև որ ճիշտը ժայթքի,
Մինչև որ բացես քո մեծ բերանը։
Ամենալավ բաներից մեկը
Ցնդեց սերոտոնինի վազքով
Աստված գիտի՝ ինչքան եմ սպասել
Առաջին վեց ամիսներին։
Նախքան խուզարկումների,
Թերապիաների սկիզբը
Մենք պարեցինք հանդիպման գիշերը
Հիմա կարիք ունենք պարի դասերի։
Հիշիր սկիզբը ամեն ինչի։
Աստիճան դիր, դըզմըզենք աստղերը,
Գործարկենք առաջին վեց ամիսները։
Ամենալավ բաներից մեկը
Ցնդեց սերոտոնինի վազքով։
Կգործարկեմ սիրո վեց ամիսները՝
Գարնանը, ամռանը։
Մինչև որ ճիշտը ժայթքի,
Մինչև որ բացես քո մեծ բերանը։
Աստված պահի ընկերներիս՝ սոցիալապես հետամնաց
Քո աչքերը
Չեն սովորել կյանքին:
Սիրում եմ աչքերդ,
Երբեք չեն սովորի կյանքին:
Հանդիպեցինք ծայրամասում,
Միակ խմբում՝
Մենակների։
Ի՞նչ պատահեց։
Մի րոպե չանցած
Ցրվեցին մտքերը՝
Լավ հավաքած։
Սիրում եմ աչքերդ,
Միշտ կլինեն մի քիչ բեռնված։
Ո՞վ կմտածեր
Սենց խնդալու դեմք՝ իմ առաջ
Հիմա ավարտվում ա
Քո դեմքով
Ո՞վ կմտածեր
Որ կավարտվի քո դեմքով՝
Խնդալու։
Ի՞նչ պատահեց։
Մի րոպե չանցած
Ցրվեցին մտքերը՝
Լավ հավաքած։
Սիրում եմ աչքերդ,
Միշտ կլինեն մի քիչ բեռնված։
Աստված պահի ընկերներիս՝
Սոցիալապես հետամնաց։
Ռուսական ռոմանս
Սիրուն նիհիլիստ
Ամեն վայրկյանը դառնում է ներկա
Սիրո մեջ ամեն ինչ կամ ․․․
Չե՞ս հավատում
Նայիր այս կյանքին
Ցածր խաղադրույքն էլ արժի ոչինչ
Զգա-
Հիթը
Ու ձմեռը՝ ձմեռների
Սիրտը՝ ձյան վրա
Մաքսիմումի
«Մինչև վերջը ժամանակների
Կողքիդ կլինեմ»
Խենթություն է սա
Ինձ կհարցնես՝ ի՞նչ պատահեց։
Կասեմ՝ «ռուսական ռոմանս»։
Չնայած անցել է սերը,
Հնչում է հնոտ նվագն այս։
Մի հնոտ նվագ
Գիտեինք բառերը սրտով
Մինչ հանդիպումը
Երբ տեսար քո մութ կողմը
Իջեցրիր ներքև այդ սերը
Ներքևում կլինեն նոր
Հանդիպումները
Բաներ կան
Կյանքում գլուխ չես հանի։
Կհարցնես՝ ի՞նչ պատահեց։
Կարճ կկապեմ՝ «ռուսական ռոմանս»։
Չնայած անցել է սերը,
Հնչում է հնոտ նվագն այս։