Համացանցի տարբեր հարթակներում բանակի և զինծառայողների վերաբերյալ ակտիվ քննարկումների խոշոր ալիք է բարձրանում, հատկապես այն ժամանակ, երբ սահմանում իրավիճակը սրվում է, զինծառայող է սպանվում կամ երբ հարցը վերաբերում է բանակային կյանքի ներքին խնդիրներին։
Հասարակության լայն շերտերում բանակի շուրջ հետաքրքրվածությունն առիթ հանդիսացավ հետազոտություն կատարելու, որն ամփոփվեց իմ մագիստրոսական թեզում՝ նվիրված հայկական բանակում սոցիալականացման մեխանիզմներին, որում արված որոշ եզրահանգումներ տեղ են գտել այս աշխատանքում։
Կատարված հետազոտության համար կարևորագույն նյութ են հանդիսացել իմ կողմից անցկացված 70 խորացված հարցազրույցները, որոնք արվել են զորակոչիկների, ծառայության մեջ գտնվող, ծառայությունն ավարտած երիտասարդների, ինչպես նաև սպաների հետ, երեք տարվա ընթացքում որոշակի պարբերականությամբ։ Դրանց մեծ մասն անց է կացվել Երևանում, իսկ մի քանիսը՝ Լուսակերտի ուսումնական և Դիլիջանի զորամասերում։ Ծառայության մեջ գտնվող զինվորներից մի քանիսի հետ հարցազրույցներն արվել են հեռախոսազանգի միջոցով։ Ինտերվյուները հրապարակելիս պահպանվել է անանունության սկզբունքը։
***
Բանակը կարելի է բնորոշել որպես փակ համակարգ, որով և բացատրվում է միայն նրա ներսում առկա ծառայողական կանոնները, ներծին արժեքներն ու նորմերը։ Բայց նույնիսկ այդ դեպքում հնարավոր չէ բացառել քաղաքացիական կյանքից բանակ ներթափանցող որոշ երևույթներ, որոնք սկսում են ակտիվ շրջանառվել բանակի ներսում։
Բանակն ինքնատիպ մի աշխարհ է, որտեղ նորակոչիկի հայտնվելն ուղեկցվում է որոշակի շոկով[1]: Որպես այդ շոկի հաղթահարման միջոց զորակոչիկները, բանակ մուտք գործելիս, իրենց հետ բերում են սոցիալական և մշակութային որոշակի կապիտալ[2], որոնք գործի են դրվում ադապտացման գործընթացների ժամանակ և նպաստում են անհատի սոցիալականացմանը բանակային մշակույթին։
Զինծառայողի սոցիալական կապիտալը նրա ընկերական և բարեկամական կապերն են, հայրենակցական խմբերն ու ծանոթությունները։ Մշակութային կապիտալը, համապատասխանաբար, քուչայական[3] և գողական[4] միջավայրում ծնունդ առած այն օրենքներներն են, կաղապարներն ու կարծրատիպերը, որոնցով զինծառայողները փորձում են առաջնորդվել բանակի ներսում հարաբերություններ հաստատելիս ու դրանք կարգավորելիս։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում կապիտալի այդ ձևերը շրջանառության մեջ դնելը հանգեցնում է կանոնադրության շրջանցմանը և որպես դրա արդյունք՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հաստատմանը բանակում։ «Ոչ կանոնադրական» հարաբերություններ ասելով հասկանում ենք միջանձնային փոխհարաբերությունների կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք գործում են կանոնադրականին զուգահեռ և կարող են դրսևորվել ինչպես ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեռական բնույթի բռնությունների տեսքով[5], այնպես էլ ստանալ փոխօգնության, ոչ պաշտոնական «արդարադատության» և այլ դրսևորումներ։ Այստեղ ներկայացված են այդ հարաբերությունների այն ձևերը, որտեղ գործի են դրվում զինծառայողի՝ քաղաքացիական կյանքում ձեռք բերած մշակութային և սոցիալական կապիտալը։
***
Զորակոչման ենթակա երիտասարդների տարբեր սերունդների կողմից ժամանակի ընթացքում սոցիալականացման ընթացքում ծագող բարդությունները հաղթահարելուն ուղղված յուրատեսակ մեխանիզմներ են մշակվել։ Դրանցից է, օրինակ, նախքան բանակ զորակոչվելը երիտասարդների մեծ մասի կողմից արդեն ծառայություն անցած իր ընկերների փորձին դիմելու միտումը՝ բանակի մասին հավաքած այդ տեղեկությունը փորձելով ծառայեցնել որպես ցնցումը հնարավորինս շուտ հաղթահարելու միջոց։ «Զինվորները գնալուց առաջ սենց բան են ասում. «Իմանանք՝ էդ չաստում դրվածքը ոնց ա» (այդ զորամասում ինչպիսի ներքին կանոններ են գործում)։ Պետք ա իմանա՝ որ չաստում ու շրջապատում իրան ոնց պահի։ Մի տեղ կարա հելնի, կռիվ անի, ճիշտ դուրս գա, տենց (կռիվ անելով) իրա ծառայությունն անցկացնի, մի տեղ ավելի շատ հանգիստ[6]»։ Բայց որքան էլ զորակոչիկը նախապես լավ տեղեկացված լինի այդ աշխարհի մասին, միևնույն է, «մշակութային ցնցումն» անխուսափելի է, որովհետև օրակարգը, ինչպես նաև նրան շրջապատող միջավայրի՝ տիեզերքի ատրիբուտները փոխվում են:
Նոր միջավայրը զինծառայողին ներկայանում է որպես քաոս: Այդ քաոսից դեպի կոսմոս անցման գործընթացն զինվորների միջև հարաբերությունների կարգավորման բարդ մեխանիզմ է։ Ընդհանրապես ծառայության սկզբնական հատվածում լարվածությունը հատկապես մեծ է, պայմանավորված նրանով, որ դերերի բաշխում նորակոչիկների միջև դեռևս չի կատարվել։ Անորոշության հաղթահարման, իրար ճանաչելու և արդեն դրանից բխող դիրքերի բաշխում իրականացնելու համար որպես անփոխարինելի միջոց է ծառայում կոնֆլիկտը՝ այն քաոտիկ ուժը, որի ժամանակ նորակոչիկը գործի է դնում սոցիալական և մշակութային իր ողջ կապիտալը։ Նա փորձում է հաղթահարել քաոսը, այնուամենայնիվ, դիմելով իր կուտակած նախկին փորձին և բոլոր այն խորհուրդներին, որ նրան տվել են իր ընկերները, ծանոթները բանակ զորակոչվելուց առաջ։ Մի կողմից, մշակութային կապիտալը մարմնավորող կաղապարներն ու վարվեցողության նորմերի հետ կապված կարծրատիպերը ընկալման պատրաստի տարբերակներ են, որոնց շնորհիվ անհատը որոշակի պատկերացում է կազմում տվյալ իրավիճակի կամ երևույթի մասին նախքան դրան անմիջականորեն առնչվելը՝ տվյալ պարագայում դառնալով ադապտացման անփոխարինելի մեխանիզմ։ «Մի անգամ ինքը բան ասեց, որ ակնհայտ աբսուրդ էր, ես ծիծաղեցի, ինքն ասեց՝ ով որ իմ ասածի վրա ա ծիծաղում.. (այստեղ, ենթադրաբար, հայհոյանք է հնչել-լրացումն իմն է՝ Ա.Պ.) ու ես լռվեցի, ես ինչ պիտի էդտեղ անեի, ես չգիտեի։ Երբեք բազար չէի արել[7], էդ հմտությունները չունեի։ Էդ վեց ամիսն իմ համար շատ վատ էր, մինչ էդ ես դիմադրում էի։ Բանակում լրիվ ուրիշ օրենքեր են գործում։ …Ես պետք է խփեի, եթե դու չես արել դա, դու քեզ մեղավոր ես զգում։ Ձևն էր տենց, ու եթե դու չես արել, պիտի կզած[8] ման գաս[9]»։ Մեջբերումից հասկանալի է, որ բանակում կան վարքային որոշակի կանոններ, որոնց տիրապետելը բանակում առանցքային է դառնում ինքնահաստատման և դրանից բխող հետագա կոնֆլիկտներում «հաղթող» դուրս գալու կամ դրանցից խուսափելու համար։
Մյուս կողմից, հաղորդակցության մեջ կարծրատիպերով առաջնորդվելու միտումը հաճախ հակասություն է ծնում՝ բախվելով մյուս զորակոչիկների նախկին փորձին և զորամասում արդեն ձևավորված նորմերին: «Որ (երիտասարդ տղաները) գնում են ընդեղ (բանակ), բարդությունների առաջ են կանգնում, նրանից ա, որ իրանց, մինչև բանակ գնալն, ասում են սենց կանես. ավելը ստեղից վերցնես, դնես ստեղ, բանակում էդ թեմա ա(կոնֆլիկտի բռնկման առիթ): Ինքը տենց գաղափարով գնում ա բանակ։ Կարող ա մեկը տենց, թեկուզ իրան չճանաչելով, վատ բան դրա մեջ չտեսնելով, ասի՝ ախպերս, էս հեռախոսը կվերցնես-դնես էն կողմ, ինքը հիշում ա՝ իրան ինչ են ասել։ Դրա համար դու պտի շուտ պատկերացում կազմես քեզանով` որը որից հետո ա[10]»։ Այստեղ մենք գործ ունենք «ֆոնային ակնկալիքների»[11] հետ, որոնք ուղեկցում են նորակոչիկին ծառայության հատկապես սկզբնական շրջանում։ Դրանք հաղորդակցության ժամանակ առաջացնում են ինչ-ինչ բարդություններ, պայմանավորված նրանով, որ մարդիկ ունեն որոշակի պատկերացումներ կապված այս կամ այն երևույթի հետ և շարժվում են՝ ելնելով այդ նշանից։ Գոյություն ունեցող սոցիալական իրականությանը բախվելուն պես այդ ակնկալիքները չարդարացվելու դեպքում քանդվում են։
Հարաբերությունների կարգավորման գործում հայրենակցական, ընկերական կապերն այն երկրորդ կարևոր կապիտալն են, որոնց զինծառայողները դիմում են ոչ միայն ծառայության անցնելու սկզբնական հատվածում, այլև ծառայության ողջ ընթացքում։ Երբ այդ գործի մեջ դերակատարում են ստանձնում հայրենակցական կապերն, ապա, որպես կանոն, նախքան զորակոչիկի ծառայության անցնելը հեռախոսազանգի միջոցով նրա համար համապատասխան մթնոլորտ է ստեղծվում զորամասի ներսում. «Եթե քո համար չզգանգեն, չես կարող ծառայել։ Ամեն ինչ կախված ա նրանից, թե քեզ ոնց կդիմավորեն[12]»։ Այլ զորակոչիկներ իրենց դիրքերնն առաջին իսկ օրերին ամրապնդելու համար դիմում են իրենց ընկերական ցանցին. «Գնացի, ճիշտն ասած ծանոթները շատ էին, ընդեղ լավ դիմավորեցին։ Մի տասը հոգի էին երևի: Տարան ներս, հարցրեցին՝ մարտունեցի ով կա, ասի՝ ես եմ, բա՝ էսինչին ճանաչում ես, ասի՝ հա։ Սենց։ Հետո գնացինք ներս, եկան-տարան, ընդեղի «լավերից»[13] էին[14]»։ Նմանատիպ ցանցերի ստեղծումն օգնում է նորակոչիկին հաղթահարել այն ցնցումը, որը նրան սպառնում է անծանոթ միջավայրում։
Բանակի ներսում զինծառայողի՝ քաղաքացիական կյանքում ձեռք բերած սոցիալական ու մշակութային կապիտալի առկայությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն առաջացած կոնֆլիկտների մեջ իրեն համապատասխան կերպով դրսևորելու, այլև հետագա կոնֆլիկտներից խուսափելու գործում։ Բանակում կարևորվում են որոշակի կոմունիկացիոն հմտությունների տիրապետելու աստիճանը, որը ձեռք է բերվում նախաբանակային կյանքում սոցիալականացման ընթացքում։ Դա ենթադրում է տղամարդկային միջավայրում ներգրավվածություն, արտաքին աշխարհի հետ շփման, «ռազբոռկաներին»[15] մասնակցելու համապատասխան փորձ, ինչի արդյունքում տղամարդը ձեռք է բերում այլ տղամարդկանց հետ հաղորդակցվելու որոշակի հմտություններ. «Դրսի ռազբոռկաներին մասնակցելն էնքանով կարա օգնի, որ փորձի ձեռքբերում ա, ինքնավստահություն ա հաղորդում։ Խոսալու ձև գիտես, մանրունքներ գիտես, դիմացինի բառերից կառչել գիտես[16]»։ Բանասացներից մեկի կարծիքով քաղաքացիական կյանքում այդ հմտություններին տիրապետելը մեծ չափով անդրադառնում է նաև բանակային հարաբերությունների վրա. «Տասովշիկները[17] նենց չի, որ բանակում են դառնում տասովշիկ, իրանք դրսից տասովշիկ էլ գալիս են. դրսում երեխա են մեծանում, բանակն էլ երեխեքի տեղը չի։ Սաղ օրն ինտերնետի (ի նկատի ունի՝ համակարգչի) դեմը, մի հատ իրիկունը չեն հելնի քաղաք ֆռռան[18]»։
Որոշակի կոմունիկացիոն հմտություններին տիրապետելը զինծառայողների կողմից կարևորվելը պատահական չէ, քանի որ ինչպես «քուչա»-յում, այնպես էլ բանակում լեզվակռիվները (verbal duels)[19] գերակշռում են կոնֆլիկտում ֆիզիկական ուժին դիմելու նկատմամբ։ Նման կոնֆլիկտների ժամանակ երևում է «քուչի» բանավոր ավանդույթների իմացության աստիճանը, ռեակցիայի արագությունը և դիմացկունությունը։ Լեզվի ճկունությունը երբեմն զինծառայողին թույլ է տալիս նաև շրջանցել իրենց իսկ ստեղծած նորմերը, ինչպես հետևյալ օրինակում. «Դոգմաների հետևից չպտի ընկնես, քառակուսիներից պտի դուրս գաս, ու ամեն ինչի տակից էլ դուրս կգաս։ Օրինակ, եթե մեկը պտի ծխի, առաջինը պտի մյուսներին հյուրասիրի նոր ինքը ծխի, անշնորհքություն ա, չէ՞։ Ասում ա, ես առաջինն իմ թոքերն եմ վնասում, հետո նոր ձերը»։
Սոցիալական ցանցին դիմելու ավանդույթը լայնորեն շրջանառվում է ինչպես ծառայության սկզբում, այնպես էլ դրա ընթացքում առաջացած խնդիրների դեպքում. ընդ որում դրանք կարող են օգտագործվել և կոնֆլիկտի թեժացման դեպքում, և կարող են նպաստել այն կանխելուն։ Երբ զինվորների միջև կոնֆլիկտը շարունակական բնույթ է կրում, այն միտում ունի տեղափոխվելու մեկ այլ հարթություն, ինչը նշանակում է, որ կոնֆլիկտի մեջ կարող են ներգրավվել հակառակորդ կողմերի ընկերները քաղաքացիական կյանքից. «էդ ընկներներն իրանց մոտ շատ են՝ քսան-երեսուն հոգի[20]»։ Քաղաքացիական կյանքում ունեցած կապերը նմանապես կարող են կանխել կոնֆլիկտը մինչև այն բռնկվելը. «Օրինակ կռիվ ա ըլնում, քաղաքացիականներին զորամաս բերելու հետ կապված, ես զանգում եմ Պողոսին, իմ հակառակորդը զանգում ա Պետրոսին, Պետրոսը զանգում ա իրա ընկեր Վաղոյին, Պողոսն էլ ա զանգում իրա ընկեր Վաղոյին, ու դուրս ա գալիս՝ էդ Վաղոն նույն մարդն ա։ Ու կոնֆլիկտը մինչև չաստ[21] հասնելը ցրվում ա արդեն[22]»։
Կապի միջոցների կիրառումը բանակում առանձին ուշադրության է արժանի, քանի որ նախկինում այդ հնարավորությունից ոչ բոլորը կարող էին օգտվել։ Կապի միջոցների հասանելիությունն իր հետ մի շարք փոփոխություններ է բերում, ինչի մասին վկայում է բանասացի բերած հետևյալ օրինակը. «Ասենք զանգում են, էս ինչ մարդը գիտի, տեղ ա հասել հեռախոսով, որ իմ հարևանի տղեն Հայկազովում չաստ նայող[23] ա, կարող ա հարց լուծի, զանգում ասում ա՝ տղես ընկել ա Հայկազով, կարաս մի բան անես։ Ինֆորմացիան բանակից չի կարա դուրս չգա, հիմա հաստատ։ Էն ժամանակ ծառայում գալիս էին, նոր էին իմանում կամ չէին էլ իմանում[24]»։
Այսպիսով, հեռախոսների և համացանցի հասանելիությունը հանգեցնում է նրան, որ քաղաքացիական կյանքի ու բանակի փոխառնչությունն ու կապվածությունն ավելի է մեծանում։
Զինծառայողները կարևորում են ոչ միայն արդեն ունեցած կապերն օգտագործելը, այլև բանակում ընկերներ ձեռք բերելը, որի անհրաժեշտությունը կարելի է բացատրել փակ համակարգերին բնորոշ կոլեկտիվ ինքնագիտակցության առկայությամբ։ Այս դրույթը լավագույնս արտահայտում են հետևյալ խոսքերը. «ով խումբ չուներ, առանձին էր, իրան ճնշում էին[25]»: Խմբային ինքնագիտակցությունը բանակում այն որոշիչ գործոններից է, որը նպաստում է ոչ կանոնադրական հարաբերությունների վերարտադրմանը։ Դրա մասին է վկայում հետևյալ իրավիճակը. «Օրինակ Արտաշատում ենթասպաներին վերաբերվում էինք նույն ձևով, ինչ որ սպաներին, պատիվ տալ, կողքով անցնելուց անպայման։ Որ գնացի հետո Ղարաբաղ, տարբերությունը շատ մեծ էր։ Քայլում եմ, ենթասպային պատիվ եմ տալի, անցնում եմ կողքից, վրես ծիծաղում են, բա էս ինչ ես անում, չի կարելի։ Արտաշատում իրանց ընդունում էին որպես սպային հավասար, իսկ Հայկազովում լրիվ հակառակը»։ Հետո ավելացնում է. «Բնական ա, դրանից հետո ինձ ստիպում եմ, որ հարմարվեմ։ Որովհետև էդ պատիվ տալը մի տեսակ վիրավորական էլ էր համարվում մեր կողմից, որ ոնց որ վիրավորենք իրանց, ոնց որ իրանց ասենք՝ դու աֆիցեր ես։ Եթե օրինակ էդ ենթասպային ես պատիվ էի տալի, ինքը նեղվում էր դրանից[26]»։ Բանակում իշխող կոլեկտիվ ինքնագիտակցությունը ստիպում է զինվորներին հաշվի առնել, նույնիսկ հաշվի նստել մնացածի կարծիքի հետ։ Նրանց համար դա որոշակի մարտավարություն է ծառայությունը բարեհաջող անցկացնելու և ուրիշների հետ կոնֆլիկտի մեջ չմտնելու համար. «Դու բանակում ամեն ինչ անում ես, որ քո համար լավ լինի, էդ ենթադրում ա, որ ուրիշների կարծիքը միշտ ազդում ա, որովհետև դու մենակ չես ընդեղ, էդ կոլեկտիվ կյանք ա, չես կարա հաշվի չնստես ուրիշի կարծիքի հետ[27]»։
Կա մի օրինակ, ըստ որի հասկանալի է, որ ոչ կանոնադրական հարաբերությունները նախընտրելու պրակտիկան զինծառայողների շրջանում առավել ընդունելի տարբերակն է. «Մի հատ սերժանտ կար, մի շաբաթ գալիս էր ճիշտ ժամին, կանգնում էր, որտեղ մենք պիտի շարվենք։ Դիսցիպլինա[28] կար, բայց ինձ չէին սովորացրել դիսցիպլինա, սովորացրել էին ոնց հնարավոր ա, գլուխդ պահի[29]»։ Ոչ կանոնադրականը զինծառայողների համար, հիմնականում, միակ ընդունելի գործելակերպն է, ինչը երևում է հետևյալ օրինակում. «Ենթասպաների հետ շփվելուց, ով որ կար, գործ տվող էր, կարող ա գնար, շտաբում ասեր՝ էս զինվորը սենց ա։ Մի երկու անգամից արդեն (զինվորները) գիտեին, որ տենց ա, արդեն հեռու էին մնում (այդպիսի ենթասպաներից), կամ զգույշ էին խոսում իրանց հետ։ Իսկ ով որ տենց չէր, ոնց որ զինվորը զինվորի հետ խոսա[30]»։ Իր խոսքում պատմողը նկատի ունի, որ այն ենթասպաներն, ովքեր գործում էին կանոնադրության համաձայն և վերադասներին տեղեկացնում էին զորամասում տեղի ունեցած ինչ-որ միջադեպի մասին, որը հենց բանասացը որակում է որպես «գործ տալ», այդպիսի ենթասպաների հետ շփվելիս զինվորները որոշակի հեռավորություն էին պահում՝ նրանց համարելով ոչ յուրային։
Բանակից զորացրվելուց հետո նույնպես երիտասարդն իր հետ քաղաքացիական կյանք է տանում բանակում ձեռք բերած որոշակի կապիտալ, որը կարելի է համարել բանակ ներմուծած կապիտալի և բանակում ձեռք բերվածի սինթեզ։ Բանակում ծառայությունը նրա համար յուրահատուկ փորձաշրջան է, որտեղ տղամարդը ձեռք է բերում հարաբերությունների կարգավորման համապատասխան հմտություններ։ Զինծառայողներն իրենք շեշտում են այն տարբերությունը, որն առկա է իրենց և իրենց չծառայած ընկերների միջև. «Տղերքով որ հավաքված ենք լինում, ասում են՝ ծառայել ես, որտեղ ես ծառայել, ով որ չի ծառայել, սուսիկ-փուսիկ իրա համար նստած ա, ինչ-որ միջավայր ա ստեղծվում։ Ոնց որ հասկանան, որ իրան կհասկանաս, նույն դժվարությունը դու ես կիսել[31]»։
Նույնիսկ զորացրվելուց հետո զինծառայողն իրենց համարում է այդ փակ համակարգի անդամ։ Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ բանակային կոնֆլիկտի մեջ խառնվող քաղաքացիներից ոչ մեկը պատահական չի ընտրված։ Եթե կոնֆլիկտը չի ենթադրում ֆիզիկական բռնություն, այլ վերոբերյալ տերմինով ասած «լեզվական մենամարտ» է, ապա կոնֆլիկտի մեջ ներքաշված քաղաքացի ընկերը պետք է լինի ծառայած կամ գոնե տեղյակ լինի բանակային կոնֆլիկտների յուրահատկություններին՝ «ամեն բազար վարող մարդ չի, որ պատկերացում ունի էդ աշխարհի մասին, ծանոթ ա բանակում հանդիպող իրավիճակներին[32]»։
Բացի բանակային կոնֆլիկտներ վարելու փորձառությունը, բանակում ձեռք բերված կապերը ևս կիրառվում են զորացրվելուց հետո քաղաքացիական կյանքում։ Չնայած ոմանք բավարար զգուշավորություն են պահպանում բանակում սերտ հարաբերություններ հաստատելու կապակցությամբ, քիչ չեն նաև այն բանասացները, որոնք կարևորում են բանակում ընկերոջ դերը, համեմատելով նույնիսկ մանկության ընկերների հետ։ Դա բացատրվում է նրանով, որ միմյանց հետ փորձություններ հաղթահարելը մեծ արժեք է ներկայացնում «բանակային նեղ կյանքում»։ Հաճախակի բերվող օրինակներից են զորացրվելուց հետո շարունակական բնույթ կրող ընկերությունները, անհրաժեշտության դեպքում միմյանց օգնության հասնելու միտումը և այլն։
Սակայն ուշադրությունից չպետք է վրիպի նաև այն, որ եթե ընկերությունը նույն կարգավիճակով տեղափոխվում է քաղաքացիական կյանք, նույնը չի կարելի ասել բանակում ունեցած «հակառակորդների» վերաբերյալ. «Հիմա եթե հանդիպեմ մի մարդու, ով բանակում հեղինակություն ա եղել, ինքը կյանքում ինձ չի ասի դու էս չես, էն չես, կամ ես իրան չեմ ասի, դու չգիտեմ ով ես։ Իմ պատկերացմամբ տենց ա, որ մենք հավասար ենք արդեն[33]»։ Պատճառն այն է, որ բանակում գործող հարաբերությունների կարգավորման մեխանիզմներն այլևս չեն գործում, քանի որ քաղաքացիական կյանքում չափման կրիտերիաներն այլ են։
Այսպիսով, բանակը կյանքի բազմաթիվ աշխարհներից մեկն է, որտեղ, ինչպես մյուս աշխարհներ մուտք գործելը, ուղեկցվում է նոր միջավայր մուտք գործելուն հատուկ ցնցումով։ Ըստ այդմ զինվորները բանակում սոցիալիզացման պրոցեսը բարեհաջող անցնելու համար շոկի հաղթահարման մեխանիզմներ են մշակում։ Հետևաբար որպես ադապտացիոն մեխանիզմներ են հանդես գալիս քաղաքացիական կյանքից ներմուծված արժեքներն ու այնտեղ ունեցած կապերը, ինչն անվանել ենք սոցիալական և մշակութային կապիտալ։ Դրանք այն միջնորդ արժեքներն ու այդ արժեքները կրող անհատներն են, որոնք դյուրացնում են սոցիալիզացման գործընթացն անծանոթ ու այլ կանոններով աշխատող կառույցում։ Զինծառայողներն մշակութային ու սոցիալական կապիտալն օգտագործում են ոչ միայն ծառայության սկզբում, այլև ընթացքում, ինչպես կոնֆլիկտները լուծելու, այնպես էլ դրանք կանխելու կամ դրանցից խուսափելու նպատակով։
Այդ ամենի արդյունքում ձևավորվում է բանակային հաղորդակցային մի կուռ համակարգ, ինչը շարունակում է վերարտադրվել այնքան ժամանակ, քանի դեռ ֆունկցիոնալ է և իրեն արդարացնում է։
* Ուսումնասիրությունը հենվում է մի շարք տեսությունների վրա, ինչպիսիք են Պ. Բուրդյեի աշխատության տղամարդկային գերիշխանության մասին (Бурдье П. Мужское господство, М., 2005), Ի. Պրիգոժինի սիներգետիկ տեսության մեջ տեղ գտած քաոսից կոսմոսի ստեղծման գաղափարը (Пригожин И., Стенгерс И.Порядок из хаоса: Новый диалог человека с природой, М., 1986), Կ. Բաննիկովի աշխատության՝ նվիրված ռուսական բանակի ժամկետային զինծառայողների դոմինանտ հարաբերություններին (Банников К. Антропология экстремальных групп. Доминантные отношения военнослужащих срочной службы Российской армии, М., 2002), Է. Պոնոմարյովայի աշխատության, որում ուսումնասիրվել է «քուչայի» սոցիալական տարածությունը Երևանի թաղերում (Пономарева Э. Социальное пространство куча՛: теории и практика неформальной конфликтологии ереванских кварталов, СПб., 2014 (на правах рукописи)), Ա. Շյուցի զարգացրած «կյանքի աշխարհ» հասկացությունը (Шюц А. Избранное: Мир, светящийся смыслом, М., 2004): Բացի տեսական գրականությունից վերլուծություններ անելու համար կարևոր աղբյուր է ծառայել նաև բանակի թեման արծարծող ժամանակակից հայ գրականությունը՝ իրեն հատուկ ընդգծված չափազանցությամբ, բայց և համակարգը ներսից դիտարկելու բացառիկ հնարավորությամբ։ Նման գործերից են Կարեն Անտաշյանի «Փիղը», Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը», Ա. Հարությունյանի (Չուկ) «Ասպետը», «Հարի Փոթերը», Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ», «Ռոբինզոն» և մի շարք այլ ստեղծագործություններ։
[1] Վերոնշյալ դրույթի համար հիմք եմ ընդունել փիլիսոփա և սոցիոլոգ Ա. Շյուցի «կյանքի աշխարհ» հասկացությունը. Այն բնորոշվում է որպես առօրեականության աշխարհ, որը ստեղծվում է մարդկանց հաղորդակցման արդյունքում, և որպես դրա հետևանք յուրաքանչյուրի համար այն սուբյեկտիվ աշխարհ է՝ դրան վերագրվող իմաստներով և արժեքներով լեցուն։
[2] Տվյալ հասկացությունները վերցված են Պ. Բուրդյոյի «Կապիտալների ձևերը» աշխատությունից, որտեղ նա առանձնացնում է կապիտալի չորս ձևեր, որոնցից երկուսը՝ մշակութային և սոցիալական կապիտալ հասկացությունները հոդվածում տեղ են գտել որպես զորակոչիկի այնպիսի հիմնարար կապիտալներ, որոնցով նա մուտք է գործում բանակ։ Սոցիալական կապիտալը Բուրդյոն սահմանում է որպես իրական և պոտենցիալ ռեսուրսների համախումբ, որը կապված է փոխադարձ ծանոթության և ճանաչման քիչ թե շատ ինստիտուցիոնալացված հարաբերությունների կայուն ցանցին տիրապետելու, կամ այլ կերպ ասած, խմբին անդամակցելու հետ։ Մշակութային կապիտալը անհատի մշակութային գործունեության արդյունքում ձեռք բերված այն ռեսուրսներն են, որոնք կիրառելի են նրա կյանքում և փոխարկելի են այլ կապիտալների (տնտեսական, սոցիալական, սիմվոլիկ)։
[3] քուչա֊ բակ
[4] գողական֊ քրեական աշխարհից ներմուծված բակային մշակույթ։ Գողականը պարտադիր չի որ գողություն անի(ծն֊խմբ.)։
[5]Нарушение уставных правил взаимоотношений: “дедовщина” и “землячество”, http://armyrus.ru/index.php?option=com_content&task=view&id=771, 11.02.15.
[6]Ս.Կ., 18տ., զորակոչիկ, դաշտային նյութեր,Երևան, 2014։
[7] բազար անել-լեզվակռիվ անել, հաշիվներ մաքրել
[8] կզած ման գալ-շահագործվել
[9]Շ.Գ., 25տ., զորացրված,դաշտային նյութեր,Երևան, 2015:
[10]Ա.Վ., 21տ., զորացրված, դաշտային նյութեր,Երևան, 2015:
[11] Այս հասկացությունն առաջ է քաշել էթնոմեթոդոլոգ Հ. Գարֆինկելը, որը ենթադրում է այս կամ այն գործողության սոցիալապես ընդունելի կաղապարներ, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց ճանաչել կատարվող իրադարձությունները և դիտարկել դրանք որպես արդեն ծանոթ երևույթներ։
[12]Տ.Ա., 18տ., զորակոչիկ, դաշտային նյութեր, Երևան, 2014:
[13] լավեր (լավ տղա)- ենթադրում է մի շարք հատկանիշների ամբողջություն, որի շնորհիվ տղան հարգանք է վայելում շրջապատում (այդ հատկանիշները մանրամասնորեն նկարագրված են Կարեն Անտաշյանի «Փիղը» պատմվածքում, հղումը՝www.antashyan.com/the-elephant/ )
[14]Հ.Զ., 24տ., զորացրված, դաշտային նյութեր,Երևան, 2015:
[15] ռազբոռկա (ռուս. разборка)- կոնֆլիկտ, որի ժամանակ երկու կողմերը հարաբերություններ են պարզում (տերմինը ծագել է «գողական» միջավայրում)
[16]Մ.Մ., 23տ., ծառայող, դաշտային նյութեր,Երևան, 2015:
[17] տասովշիկ (ռուս. тасовщик) – զինծառայողներ, որոնց շահագործում են բանակում հեղինակություն վայելողները
[18]Վ.Ա., 22տ., ծառայող, դաշտային նյութեր,Երևան, 2015:
[19]Пономарева Э., նշվ. աշխ., էջ 67:
[20]Ա.Խ., 20տ., ծառայող, դաշտային նյութեր, Լուսակերտ, 2015:
[21] չաստ (ռուս. военная часть) – զորամաս
[22]Հ.Զ., 24տ., զորացրված, դաշտային նյութեր, Երևան, 2015:
[23] չաստ նայող- հեղինակություն, որը բանակում ձևավորված հիերարխիկ բուրգի վերևում է գտնվում
[24]Կ.Ե., 23տ., զորացրված, դաշտային նյութեր, Երևան, 2015:
[25]Տ.Շ., 27տ., զորացրված, դաշտային նյութեր, Երևան, 2015:
[26]Կ.Մ., 23տ., զորացրված, դաշտային նյութեր, Երևան, 2015:
[27]Հ.Զ., 24տ., զորացրված, դաշտային նյութեր, Երևան, 2015:
[28] դիսցիպլինա (ռուս. дисциплина)- կարգուկանոն
[29]Շ.Գ., 25տ., զորացրված,դաշտային նյութեր, Երևան, 2015 (համեմատում է երկու զորամասերը, որտեղ է անցել է նրա ծառայությունը՝ Էջմիածնի ուսումնական զորամանսը և Մեհրաբի սահմանապահ գունդը)։
[30]Կ.Մ., 21տ., ծառայող, դաշտային նյութեր, Երևան, 2014:
[31]Ա.Գ., 24տ., զորացրված, դաշտային նյութեր,Երևան, 2014:
[32]Հ.Զ., 24տ., զորացրված, դաշտային նյութեր, Երևան, 2015:
[33]Պ.Բ., 24տ., զորացրված, դաշտային նյութեր,Երևան, 2015: