Տեխնո վենդետտա

 ազատություն հեղեղներին
ազատություն պոեզիային
ազատություն տեխնոյին
ազատություն սեռականությանը
բարի գալուստ սիրո հեղափոխություն


***

 մենք փախել էինք տներից, հիվանդանոցներից, համալսարաններից, հոգեբուժարաններից, քաղաքային աղբանոցներից, պոլիտիկներից, դպրոցներից հիվանդ, քածերից պոլիտկորեկտ, բոլոր փակ արկղերում սեր փնտրողներից, ֆաշիստներից վանդակներից պրծած, իրենք իրենցից փախածներից, ինքնամերժներից, ատոմային ռումբից, դրա սպառնալիքից, պայթյուններից ռոմանտիկ, ծնողներից հիմար ու տուն դարձած ակումբներից
մենք փախել էինք
փախել էինք
դուրս
հեղափոխելու

***


իմ սերնդից ես չէ՞

 եթե քեզ դուրս են արել հեքիաթից դեռ նորածին
և քո մեջ ինչոր բան մեռել է անհույս
ուրեմն հաստատ դու իմ սերնդից ես

լսիր լուսնի երգը ռադիոյով ամեն գիշեր
և փակիր աչքերդ դանդաղ հեզ ոսկե ձկնիկի նման
և ձգվող առաստաղները կբացեն
քո առաջ հին ու նոր աշխարհներ
ու տեսիլները պայծառ չտեսնված հավերժության

դժբախտությունը գալիս է առանց զգուշացնելու
բայց մենք ունենք բնազդ
մենք ուզում ենք ապրել
մեր սերունդը չունեցավ իր ձայնը
ու փնտրտուքով մենք հասանք Կիլիմանջարո (աֆրիկան մեր արյան մեջ է)
բարձրացանք գագաթն ու միացրինք տեխնո
ու երկրագունդն այս դատարկվեց վերջնականապես
իր վերջին մարդուկի դրամատիկ և ուշագրավ թռիչքով եսիմուր

քսան տարի լուսացնելով
արևածագին նարնջագույն երկինքը ուշաթափեցնում է մեզ
ու խեղդում ծխով և ֆանտազիայով ազատության ռիթմերի
իսկ դու հավատում ես այս հեքիաթին
և դու հավատում ես

ցտեսություն խղճուկ մարդուկներ
էստեղից երբեք գնացքներ
չեն գնում երբեք

ու մենք սովորեցինք թռչել

սովորեցինք բարձրանալ վեր
մինչև տիեզերական անհայտություն
մերկանալ և իջնել խաղաղ ու հանդարտ
պտտվելով գալարվելով վերևներում ու մաշվելով
վար սլացող չտեսնված երկնային աստերոիդների նման

մի ողջ սերունդ մերկ հյուծված ու որբ
մի աղոթիր խոսքերը մաշված
այլ փնտրիր արահետ
շարժվելու համար
կարևոր կանգառում կիսաճանապարհին
հիշիր բողոքի մասին
ու կործանիր ռեժիմները գարնան նման
բոցավառվելով տևական դադարից հետո
իբրև մի ճերմակ խարույկ
ու հետ բեր մոռացված մարդկայնությունը աշխարհին մարդկանց

***

ես տեսա մերկ տղամարդ և մերկ կին
և գետի հունը փոխվեց հանկարծ
և պտույտները դադարեցին
և մոլորակն այս կանգ առավ հանկարծ
և թռչունները երամներով մոլորվեցին
քանզի ես տեսել էի մերկ տղամարդ և մերկ կին
էս տիեզերքում էլ ուրիշ տեղ չկար
ու նրանք եկան ինձ մոտ
և նրանցից ինչոր մեկը սիրահարվեց իմ խելագարությանը

***

քեզ

դու հասկանում ես որ աշխարհը
ջարդուփշուր է լինում հակատիեզերական քաոսի մեջ

սակայն դո՛ւ
երբեք չես թողնի որ քո մեջ սերմանեն
ռոբոտային կյանքի բանաձևը

դու կրակ ես
դու հուր ես
դու լույս ես
դու ռիթմ ես

բայց դու հակված ես ինքնաոչնչացման

ք ո հ ո գ ի ն մ ա ք ու ր
ե
ր
կ
ի
ն
ք
է
հ ա վ ե ր ժ դ ա տ ա պ ա ր տ վ ա ծ ա զ ա տ ու թ յ ա ն …

***

դու քո կյանքն ընծայել ես երազանքին

երբ դու անցնես անսպառ աստղերի անզուսպ ճիչերի
և սպանող ճառագայթումների միջով
անամպ դատարկ երկնքի միջով
որից կարմիր անձրևն է թափվում ի վար անիծյալներիս վրա
երբ սլանաս ոտաբոբիկ դեպի որոնումը քո
եվ երբ կռահես գաղտնաբառերը լուրթ ամպեր կանչելու
եվ չզգաս ցավազրկողների ազդեցությունը
և այրվես կրակների մեջ քոնորից
ու թաթախվես ընդերքի խարույկների մեջ ու մոռանաս
շնչառությունն ու ստի սողոսկումները դեպի ներս
և խաչվես Գողգոթայում
քո վախճանը սև-սև անձրևներ կբերի
աչքերից նրանց չորացածչբեր ու կույր
ևս 2000 տարի
և աշխարհը կողողվի մաքրամաքուր կենարար ջրերով

***

չորս կողմը թուլամորթներ ու ողբ
և ես՝ մի ատրճանակ
իմ լեզվից դուրս թռչող կրակոցներով
որոնք մտնում են մարդուկների մեջ
ու խառնում ամեն ինչ
և դուրս պրծնում նրանցից հարկադիր՝ սպերմայի պես

փրկվելու խնդիր, փրկելու խնդիր
խորհրդային խեղված անցյալից պոկվող

դեպի լույսը գնացող իմ սերնդին
ես տեսնում եմ
գիժ ու մոլեգին ազատության մարտիկներին
ես տեսնում եմ

լույս նրանց սև թրաշավոր խենթ դեմքերի մեջ
պոռթկացող էմոցիա ապրելու և ճիգ փրկության
աչքերում նրանց ես տեսնում եմ
գոռացողներին

սերը սեռ չունի           
գեղեցկությունը սեռ չունի
մարդը սեռ չունի, մարդը սեր ունի
մեր հեղափոխությունը բռնություն չունի
իմ սերնդին ես տեսնում եմ

մեր ուժն էնտեղ է
որտեղ

կ
ա
ս
ե
ր

***
տեխնոյի տակ հարյուր հիսուն հատ պլանով կեքս թխեցի
ու բաժանեցի աղքատներին մեր քաղաքի
էս քաղաքը լի է զարմանահրաշ մարդկանցով
որոնք փակված են իրենց սենյակներում
էս քաղաքը լի է սպիտակ ագռավներով
որոնք ապրում են զգացմունքով
գիշերներում խորաթափանց
լրացնելով դրանց մութ ունայնությունը

ամեն սիգարետիս վերջին ծխի հետ մեկը մեռնում է
մեր քաղաքում ինչոր անկարևոր մեկը ինչպես բոլորն են
բենզինով վառում է ինքն իրեն ձանձրույթից
ու էդպես օրական ես սպանում եմ միջինը 40 դիակի
և պատվիրում նորերին մի զանգով
ես հասկացա
ավելի հեշտ է փոխարինել նրանց քան փոխել

բոլորս դատապարտված ենք դրան
որովհետև շոուն պետք է շարունակվի
մի օր ինչոր մեկը իմ փոխարեն
և ինձ համար կկպցնի սիգարետը ու կհետևի
թե ինչպես եմ ես այրվում
կրակների մեջ ողջակիզվելով

***

մետրոյում մարդիկ միշտ տխուր են թվում

օտարները տխուր ու հպումները մետրոյում
սարսուռ և փշաքաղություն մինչև ոսկորներ
և էրոտիկ լարում մարդկանց մեջ
և ուղիղ չվերթ դեպի երկինք
որ դառնաս
մոխիր
մոխիր
մոխիր
ու մասնատվես բարձրագույն օտարությամբ
բյուրեղացած մարմիններով ու թափվես ցած
խղճուկ մարդուկների վրա անիծյալ քաղաքի

 ***

խոնավ նկուղային փաբերից էս ճահճացող լճից դուրս հեռացող
գունատ գունավոր, պայծառ լուսավոր մեր սերնդին
ես տեսնում եմ
նաև մեզ՝
ճահճացող լճից մարդ հանողներիս

կեցցե «անարխիան» օրվա բոլոր ժամերին
և տարվա բոլոր եղանակներին
կեցցե մեր սերունդը որը կտեսնի իր հեղափոխությունը
հանուն մարդու

***

էդ մենք չենք անցել սահմանը
էդ սահմանն է անցել մեզ

ես ունեմ քարեր արտասվող պոեզիա
որը քարշ եմ տալիս ոտքիցս կապված
վերից վար վարդագույն բութ կացնի նման
ես ունեմ ակումբային հեքիաթ որում
երկուսից մեկը միշտ սիրում է
մյուսը խելակորույս փնտրում է այն
ինչ սիրողին հասու չէ երբեք
էն մեկի հոգին մաքուր երկինք է
իսկ էն մյուսին սիրում և մեռնում են երկուսով
մեկը մյուսի
հետևից.
*նա գտել էր իր փնտրածը


***

LSD

քսան տարի սրտիս մեջ դանակ է
ու չեմ մեռել կարծես
սրտիցս անդադար արյուն է կաթում ճանապարհներին բոլոր
գտեք ինձ արյան հետքերով
նրանք սպասում են
նրանք սպասում են
որ հոշոտեն ինձ
երբ դռները բացվեն
իսկ ես նստած եմ ծիսական սիգարետը թակարդում
երկու մատներիս արանքում սեղմած
և իմ մանուշակագույն բաժակը ձեռքիս
սուրճ եմ ըմպում
օծված ու խնկարկված
և ես ատրճանակ ունեմ
ատրճանակ սև փոքրիկ
իմ միջի գույնը ներսից դուրս
ցփնելու համար
աշխարհը իմ գույնով հեղեղելու համար

***

ես նստած եմ նստարանին սև
ու գրում եմ բանաստեղծություն
առանց քեզ
առանց դուի և առանց դուքի
բանաստեղծություն առանց ոչ մեկի
բանաստեղծություն ինչոր աշնանային օր
իմ մեջ թափված տերևների և չորացող ծառերի մասին

այգի ծառեր ու սովետական մերկ հիմար հիմար արձան
առանց հեշտոցի առանց առնանդամի և առանց պտուկների
դատարկություն է էս այգում իմ գալուստը միայն
ագռավներն են դիմավորում, դա էքզիստենցյալ դիլեմա է
ես սկսեցի խոսել ագռավների հետ մի բանի մասին
ինչի մասին լռում էի վաղուց
և ինչոր մի պահ ես հասկացա որ
էս կյանքում ինձ ամենաշատը
պետք էր թիկնակով աթոռ
ուղիղ ու վստահ նստելու համար

ես ճեղքում եմ ու պայթում
ատոմի պես արդեն քսան տարի
և արարում կապտամանուշակագույն
դաշտեր պատված ծխով մառախուղով հոգելից ու մոգական

***

ես կորցրել եմ ինձ այգիներում
էս քաղաքում մենության մեջ
ես կորցրել եմ ինձ
ես կորցրել եմ ինձ
կորցրել եմ
ու չեմ կարող գտնել
իմ մեջ սողոսկել և բույն է դրել դատարկությունը
եթե դու գտնես ինձ
եթե միայն դու
գտնես ինձ
ես կվազեմ աշխարհով մեկ
ոտաբոբիկ մերկ ու խելագարված կվազեմ
ու կճչամ իմ բոլոր բանաստեղծությունները
քեզ համար
եթե միայն դու
գտնես ինձ

նորից գրում եմ քեզ                           
դու որ գոյություն չունես
չես ունեցել բնավ և ոչ էլ կունենաս
կարգի համաձայն
ես կորցրել եմ ինձ
ու չեմ կարող գտնել
ինձքեզ

սա սխալ մոլորակ է
սա այն մոլորակը չէ
սա մեր մոլորակը չէ գրողը տանի
մենությունների ջազի տեխնոյի և տոնիկով օղու
հիմար սրճարանների ու ակումբների մեջ անգամ
ես չեմ գտնում
ոչ քեզ ոչ ինձ
քեզ
որ երբեք գոյություն չես ունեցել
միայն եթե գտնես ինձ
ինչոր տեղ թևածելով
իբրև մի թռչնակ վանդակից կորած
իբրև մի տերև քամուց հալածյալ
բաց չթողնես հանկարծ կպոկես թևերս
ու կխցկես ինձ ծոցագրպանդ
դու բաց չես թողնի ինձ սրտիդ մոտից
էս բանաստեղծության նման համարելով այն քոնը

***

տիրապետիր դադարներին
և դու կլինես հանճարեղ

 առագաստանավերը հեռանում են
դանդաղ դանդաղ
որ այրվե՜ն ինքնահրկիզվե՜ն
ու խորտակվեն իմ աչքերից հեռու
բոլորս դատապարտված ենք
մի տարօրինակ օրինաչափության որը
տանում է ի խորտակում և խավարին ընտելանալու
քսան տարի խավարի մեջ
քսան տարի դու գրում ես
մեկ երկար բանաստեղծություն տարփանքի մեջ
ատոմային ռումբի մասին
որը քո մեջ է
և քեզնից դուրս
խելահեղ պայթյունի մասին
արարված մի կրակոցով

ու աշխարհաստեղծում
ինքնաոչնչացումից

***

բարբարոս մարդիկ աղմկոտ հարևաններ
ու սիրտ ճեղքող ատոմային ձմեռ
ընկճախտ սև ակնոց հաբեր բռերով
ու մերկ ծառեր պատուհանից
և հրեշավոր գորշ մարդիկ
որ ուզում են սողոսկել պատուհանից և ակնոցիդ միջից
դեպի ներս և հոշոտել ու խժռել լուսապայծառ
աշխարհներդ գունավառ

***

երկար ու սև ստվերներդ խոհանոցում
բաժակների մեջ սառնարանում լվացարանում
շուրթերիս ձեռքերիս մատներիս ծայրերին
դու ծերացել ես էս քսան տարիների ընթացքում
կյանքը քեզ սովորեցրեց
լինել ստվեր
ինչպես բյուրեղ քարանձավում
դու չկաս էս իրականությունում
և իրականությունն էլ գոյություն չունի
իրականությունը հնարել են կեղծավորները

արդեն 20 դար ու քսան տարի
բյուրեղացած ստվերներով
ապրեցիր դու
ու գրեցիր քարանձավում հեքիաթային
քո վրա նետվող սալաքարերը
դու հավաքեցիր խնամքով ու պահեցիր
և մի օր բարձրանալով վեր
դու թափեցիր դրանք ետ ներքև
և մաքրագործող անձրևով հեղեցիր
անփառունակ դիակները

պատուհանները բացվում են
և անձրևը խառնակիչ լցվում է ներս
ու գրում ես խոնավ և հանված սիրո մասին
բանաստեղծություններ խուլ լռության մեջ
արդեն քսան տարի
մենակ մի սենյակի մեջ
կաթող անձրևներով խառնակիչ
լող են տալիս քո սենյակում տողերդ
ապավինելով ազատություն

էսօր համարձակ ես դու
իսկ երեկները միշտ ավելորդ էին
դու գիտես ինչ կլինի վաղը
սենյակդ եկածները բոլոր ավելորդ էին երեկների նման
էսօրները քեզ ստիպում են գիտակցել դա
ոչ ոչ սա վախենալու ֆիլմ չէ
սա ավելի սարսափելի է
ինչպես ֆաշիզմ
ինչպես գզգզված աստվածաշունչ
ինչպես մահապարտ
ինչպես բութ պատառաքաղ
ինչպես ինքնամերժություն
ինչպես երկրորդ մարդը քո միջի
ինչպես կրոնական ֆանատիզմ
ինչպես ռազմաճակատում դաշնակիցներ փնտրող
ու պետք չէ խոսել շշուկով
սխալը կանխելիս
գոռա և հարվածիր
որ զգաս թե չես լռում հավերժ
խոսաասա ինչոր հիմարություններ
և մոխրացիր ինքդ քո մեջ …

սա ավելի սարսափելի է

***

ուշադրություն
դու ներկայացնում ես
ս ե ր ը …

***

դու արարված ես ուտոպիստական հասարակությունից
որին վիճակված չէ ապրել
նրանք չեն բազմացել ազատության մեջ
նրանց մեջ խավար է
իսկ դու դատապարտել ես քեզ ինքնաոչնչացման
դու մեր ժամանակների հեղափոխականն ես
դու բուդդան ես, դու հիսուսն ու մուհամմադն ես որ
գոռում է՝ ժպտա նորից
ցնդած տիեզերք

***

ես քո թերությունն եմ և դու իմ
ես սիրում էի քեզ և քո եղբորը
իսկ նա մեռավ մութ գիշերվա երազում
երկուսով մնացինք …
մնացինք մենակ …

մութ գիշերում չորս պատ մեկ աթոռ
մեկ սերունդ կորած ու որբացած
և առաստաղ կախ պարանով
և առաստաղն ուսումնասիրող աչքեր հազար
և սերն այն որ մոխրացնում էր մեզ
և նրանք որ տենչում էին մահ
և նրանք որ տենչում էին կյանք

ես չեմ վախենում մնալ մենակ ինքս ինձ հետ
քանի դեռ էստեղ ենք էս սխալ մոլորակի վրա
հետո ամեն ինչ կարող է ավելի վատ լինել
իսկ ես երազում էի աշնան մեծածավալ թախիծը
որն էդպես էլ չտեսա
էլ ոչինչ չկա բռնելու
իսկ ես որսորդ եմ կույր
կորած սերնդից
հյուծված մի որսորդ

դու կորցնում ես անցնող գիշերը
ճչա ճչա ինչքան ուզում ես
մեկ է մենք չենք սովորի թռչել
էս սերնդի թևերը պոկված են
և ինչոր մեկի գրպանում
քամին կտանի մեզ միգուցե
մենք տեսանելի ու անշոշափելի պատկերներ ենք
քամին կտանի մեզ միախառնելով
կառուցիր քո թեք աշտարակը
և հեղափոխիր սրտերը աչքերը հավատը
մատուցիր քեզ անսահման կարևոր
առաքելությունդ և պայծառակերպվիր

ես լող էի տալիս արևի տաք շողերի մեջ
ցորենի հասկերի ոսկե ծովերում
ձախ ոտքիցս վարդագույն բութ կացինը քարշ տալով
ես սիզիփոսն էի իմ կացնով բութ
կացինն այդ իմ աշխարհն էր սխալ
որն հանում էի դաշտն ի վեր
և նորից սողում հետ արնալերդ

***

մենք դուրս կգանք փողոցներ
գունավորները, ձախերը, լիբերալները, ուսանողները և գժերը բոլոր
պետք է որ բոլոր երիտասարդները
դուրս գան փողոցներ
բոլորը դեպի փողոցներ
փշալարերը պոկելու
ռեժիմները հիվանդ վերից վար այրելու
լուսապայծառ բառերով և տեխնոյով աշխարհը հեղեղելու
բոլորին գրկելու համար
մարդուն մարդկայնություն հիշեցնելու համար

իմ թանկագին կըտըցրած քույրեր ու եղբայրներ
պայծառակերպենք «հիվանդներին», ատողներին և չարերին
առեղծվածով բոցավառող ճշմարտությամբ

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.