(Փոխառություն Բոբ Կաուֆմանի On բանաստեղծության)
Վրե՛ն հերոյինի արցունքի մեջ խեղդված նորակոչիկների կույտերի սաղմնային հույսերի:
Վրե՛ն նորակոչիկների կույտերի Պարկերով ու աղմուկով լեցուն գրպաններով դեպի տիեզերք թռիչքի:
Վրե՛ն զոլավոր ուղեղի նյարդային կույտերի ու հուսալքված էլեկտրո-վիրաբույժների:
Վրե՛ն անմիտ քննարկումների ու պատմական խումհարների ալկոհոլային կույտերի:
Վրե՛ն եգիպտացորենի փաթիլների ու ամպագոռգոռ իմպոտենտ Ամերիկայի հեռուստատեսային կույտերի:
Վրե՛ն կարկատված մտքի ու հունական տառեր վերծանողների համալսարանական կույտերի:
Վրե՛ն մեգաթոնային մահերի ու տիեզերական անեսթեզիայի ռազմական կույտերի:
Վրե՛ն թեոլոգիական երգիծաբանության կրոնական կույտերի ու
Վրե՛ն մի դար ձգվող ձայնագրությունների և ստատիկ իրադարձությունների ռադիո կույտերի:
Վրե՛ն ֆիլտրով պաղպաղակի ու լուծվող լուծվողների գովազդային կույտերի:
Վրե՛ն կոմիքսների գայթակղության, փչացած կիթառների դեռահաս կույտերի,
Վրե՛ն դրածո թեկնածուների ու ծիսական ստերի քաղաքական կույտերի:
Վրե՛ն հոգյակների և այլ սիմվոլների գեղարվեստական ֆիլմերի կույտերի:
Վրե՛ն խոսակցական թերապիայի ու վերլուծված վախերի ինտելեկտուալ կույտերի:
Վրե՛ն սեքսուալ վերնագրերի ու գիտական կոմիքսների օրաթերթային կույտերի:
Վրե՛ն հիմա մեռիր, վճարիր հետո դիահերձարանների սիրով բաժանված կույտերի:
Վրե՛ն իմաստաբանական անհուսության և գաղափարային առևտրականների փիլիսոփայական կույտերի:
Վրե՛ն մասնավոր դպրոցների սեռական հասունացման և անատոմիական ապստամբությունների միջին խավի կույտերի,
Վրե՛ն լքված ամերիկյան բլրակների վրա թողած ուլտրա-իրական սիրո կույտերի,
Վրե՛ն ընկած տերևների ու մարգարեի խոնավ աչքերի միայնակ պոետների կույտերի: