***

դու կին ես

գունավոր ապակի

ներսից դուրս նայող

եղունգով խազած ապակի

շուրթի ճաքը լիզող

ինքն իրեն ապաքինող

հաստ կրծկալի տակից

պտուկով աշխարհին նայող

կոպերի պես փխրուն ու անհարթ

թարթչի տատանումներով

տառապանքը ներս հրող

ճերմակ աղբակույտում

շարունակ ինքն իրեն սուզող

չհասկացված

չգիտակցված

իրական կին

ցաքուցրիվ մազերն

արմատից սանրող

ինքն իրեն գունավորող

դրսից ներս չնայվող

կին-հայելի

ներսից դուրս նայող

անարյուն

աներակ

անկիրք

անտարբեր

սառը

ապակյա կին

թողած մատնահետքերը լվացող

մերկանալու չափ գայթակղիչ

գեղեցիկ հագուստով հմայող

ուրիշներով իրեն տրվող

կին-հայելի

ներսից դուրս նայող

դեպի ներս խորացող

դեպի դուրս խորացող

գունավոր ապակի(ն)

***

մեռած իմ ընկեր

արյունոտ մարմինդ

սպասումիս մեջ տեղավորեցի

որ դատարկ չմնամ

մաշկս կուլ է տալիս օտար ստվերներ

շուրթերս անասելիք են

անզգա ոչինչ

համբուրիր ինձ այս մեռնող գիշերվա մեջ

որ արյանս հոսքը լսելի լինի մակարդվելիս

քո ամենամոտ ու կողքին

ամենասպասմանս մեջ

ամենավերջին պահին

ընկնում եմ ամեն կողմից

ամեն հայացք վայրէջք է ու կրկնակի մահ

երանի փշրվեի ձեռքերիդ մեջ

ու ավարտվեի

ինչպես ամենասովորական ապակի-աղջիկ

դու խոսում էիր հերոսների լեզվով

երբ ես կախաղան էի բարձրանում

դու երգում էիր

երբ ես հնչյուն էի դատարկվում

դու ալիք-ալիք մեռնում էիր

որ ինչ-որ մի բան շարունակի ապրել

ինչ-որ շատ կարևոր մի բան

շատ կարևոր

***

● անխնա կտցահարեք,ճանկռեք,քերծեք ինձ թռչուններ,

● ես ծառ եմ ու համբերություն չունեմ,

● կտրեք ինձ ,պոկեք, պատառ-պատառ արեք,

● վառեք, փչեք, ինձ դե´ն նետեք,մարդի´կ,

● ես ծառ եմ ու համբերություն չունեմ,

● փոխեք տեղս, փոխեք արմատներս,փոխեք գույնս,փոխեք ձևս,

● փոխեք տունս, փոխեք փողոցս,փոխեք երկիրս,փոխեք մոլորակս,

● փոխի´ր ինքդ քեզ, սպանի´ր ինքդ քեզ,

● դու ծառ ես,դու քրջոտ ծառ ես,

● անհամբեր ու քրջոտ ծառ ես , ծա´ռ:

***

● ամեն ինչ.

● դանակի շեղբը կծկված մատների արանքում,

● ուռած, կարմրած ու տրաքած աչքերը,

● պատուհանի դիմացի սիրուն, կանացի ցցերը,

● մինչև պորտ հոսող ու դեռ էլի հոսող ու չընդհատվող արցունքը,

● դինոզավրի գրոտեսկային նկարը խարխուլ պատին,

● գրքի ժանգոտած ու բորբոսնած կազմի ներսում

● ճմռթված ու կուչ եկած էջերը,

● միջնամատի կոտրված եղունգը բթամատով սրությունը որոշելիս,

● անտեղի ու անիմաստ մտքերը,

● և այն, որ չգիտեմ, թե էս բանաստեղծությունը ինչու սկսեցի գրել,

● ու ամենամենասարսափելին այն,որ չգիտեմ,թե ոնց եմ ավարտելու,

● իսկ դրանից ավելի սարսափելի, որ էս ամենը ավարտ չունի,

● դրա համար էլ գնացեք զուգարան, որ տակներդ չանեք հանկրած,

● էս մեկն անավարտներից ա:

***

բութ,բութ,բութ երեխա

ցավի տոպրակ սրտով,

կրծոտիր թռչնիդ խաշած միսը,

ծծիր ոսկորները,

հաճույքից լիզիր շուրթերդ,

մատներիդ թմբիկները,

գուրգուրիր ինքդ քեզ,

քո սերը հեռացավ քեզնից,

հեռացավ քեզնից…

հիմա լիքը ջուր կա հոգումդ,

դատարկելն ա դժվար,

սատկա´ծ ձուկ,

հիմար երեխա,

հիմար,հիմար,հիմար,

դույլերդ բավական չեն,բավական չեն,

միզիր որտեղ պատահի`

տանը, ծառի տակ, ասֆալտին,

քո սերը հեռացավ քեզնից,

հեռացավ քեզնից…

***

Երբ գնաս

աշխարհի չափ լոլիկի հյութ կխմեմ,

կխմեմ էնքան,մինչև փորս տրաքի,

հեռուստացույցով լսեցի էսօր,

որ սրտին օգտակար ա…

գնո°ւմ ես,

գուցե հե°տ դառնաս,

օգնիր ինձ դատարկեմ ներսինս, վատ եմ…

մերսի,արդեն կարող ես գնալ:

***

Լուս

քո գնալուց հետո

շարունակում եմ մահանալ

երբ գաս տերևներ բեր հետդ

որ հողի տակ ծիլեր չտամ հանկարծ

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.