կտրտված տեքստ

Տոն-դատապարտվածություն։ Պոլիս։

Աշխարհի էս լայնության մեջ մենք դատապարտված ենք երազել ուրիշ քաղաքների մասին: Ստամբուլ՝ իմ տոն-դատապարտվածություն: Պոլիս, հենց ինքը՝ քաղաքների քաղաք: Հենց ինքը` անուն քաղաքի: Թե՜յ, ծոր տվող հոգնություն, արագ ձանձրույթ, նավի պես ճոճվող գոյություն կյանքի մեջ: Դիքեր: Ջուր: Ցամաք, ջուր, ցամաք: Ճայ ջրի վրա, շատ ճայեր՝ սպիտակ շարժվող կետեր կապույտի դեմ: Շարժվող մետաղ ջրին հակառակ, քամի մազերիդ մեջ, մինարեթներ, ձկնորսներ, ձուկ: Անվերջ, շարժվող կապույտ, ժանգագույն, մեծ տատանում, հաստ պարաններ, ցամաք: Ջուր, ցամաք, ջուր: Գրականության մարդու մտքի տեղ, արևմտահայերենի հնչողություն ականջիդ, նավեր, Դուրյան ու Մեծարենց, Այա Սոֆյա, Բոսֆոր: Ջուր, կամուրջ, ջուր: Ու դու ի՞նչ, դու ճա՞յ: Դու մարդ: Ուրիշ տեղի մարդ: Ցամաքի մարդ: Մարդ ի՞նչ լինել: Ցամաքի, ջրի վրայով ուղղաձիգ շարժվող, հիմա ի՞նչ գրեմ, գոյությո՞ւն: Բայց ի՞նչ է գոյություն: Ցամաքի, ջրի վրայով տեսանող, լսող, զգայող, հիշող, պատմող, պատմվող, պահող, արարող, քանդող, քանդվող, կառուցող, սպանող ու սպանվող գոյություն:

Քայլում ես շենքերի արանքում եղած տարածությամբ, որին անուն են տվել՝ փողոց: Մտքիդ մեջ եղածը ու աչքիդ առաջ կանգնած շարժումը ու դու էդ ամենի մեջ, մի տեղ, ոչ կենտրոնում, բայց երբեմն նաև կենտրոնում, կանգնում ու զգում ես ոչ մի բան: Որովհետև էնքան մեծ է իմացածիդ ու զգացածիդ նաև տեսածիդ հատումը, մեծ ու խառը, չբռնվող, բառին չենթարկվող, փախնող, բայց ներկա, որ ի՞նչ անուն տաս ու ասում ես՝ ոչ մի բան: Մարդկային հոսքը ու ժամանակակից խանութների փայլփլուկ ցուցափեղկերը ու ապակե թափանցելիությունը, որը քեզ ներսից հրավեր է ուղարկում՝ ներս արի, սիրունս ու դու ի՞նչ անես, անցնե՞ս կողքով, չէ՛: Դու՝ հնազանդ հրավերին, մտնում ես սպառելու ժամանակակից աշխարհի «բարիքները», սպառես ու ուրախանաս, որովհետև այդպես է ձևը ապրելու: Էսօր: Անդադար ծռելու՝ վիզդ, ծռվելու գինն է պատմություն բռնելը, որովհետև էն հորիզոնական իրականությունը պատմության մասին չէ, կարծես: Քո մարդաչափությունն ու բնականոն դիրքդ՝ տեսնելու աշխարհը, քեզ չի պատմում ուրիշ բան: Հին-հին շենքերի առաջին հարկերը գրաված կապիտալիզմը, նույն խանութները՝ Մանգո, Բերշկա… քեզ պատմում են արդեն տեսածիդ մասին, մինչև տեսնելդ արդեն տեսել էիր ու գիտեիր ու հիմա էլ գիտես: Պիտի հաղթահարես սիրուն ու փայլփլուն խանութը, պիտի հաղթահարես մարդկային հոսքի դիմաց կանգնելը, չընթանալը, լռվելը մի տեղում, որ բացես քո համար պատմությունը, որը հիմա արդեն վերևից հսկում է քո ժամանակակից գոյությունը խանութների դեմ: Հետո հայացքդ էլի իջեցնում ես ու քայլում, բայց արդեն ունես շենքի մասին գիտելիքը ու հիմա ուրիշ կերպ է քայլվում նույն փողոցով ու հին շենքը, որը կանգնած է ու տեղ է տվել, էնտեղ՝ ներքևում, ժամանակակից կյանքի համար, ոնց որ ծնոտը կախ գցած մեծ կենդանի, որը կուլ է տալիս արդի աշխարհը:

Պատկերակռիվ:

Էն խայտառակ զորությունը, որ ունեն պատկերները: էն հետապնդումն ու ներկայությունը մեր հիշողություններին: Էս թվային պատկերի դարաշրջանը, տեսախցիկների ծովն ու մենք: Մենք որպես պատկերների զոհեր: Մենք՝ թիրախ: Նշանակետ: Մենք սեռական օրգաններ պատկերների: Որոնք վերարտադրվում են անկասելի արագությամբ որպես կյանքին զուգահեռ կյանքի մասինը, առանց որի կյանքը կյանք չի:

Բոսֆորն էի փնտրում։ Հալիճը տեսա, մտածեցի՝ ինքն ա։ Սխալվեցի։ Հետո մեծ դիք՝ Ստամբուլին բնորոշ, բարձրացանք։ Շենքն էր։ Կարմիր ճամպրուկը քարշ տվեցի աստիճաններով ցած: Դուռը բացվեց: Նայեցի իմ տանտիրուհուն: Ծանոթացանք: Նա ժպտաց ու ինձ ներս հրավիրեց: Ես անցա տուն ու ուզում էի տեսնել իմ սենյակը, ուր պիտի ապրեի ապագա 8 ամիսներին: Մենք մի 40 վայրկյան կանգնել էինք միջ-անց-ք-ում ու չէինք առաջանում: Տանտիրուհիս սառն ու երկար ժպտաց, հայացը ցած սահեցրեց ու նայեց կոշիկներիս: Ես կարգի մասին չգիտեի, բայց հասկացա ու ամաչեցի: Արագ հանեցի կոշիկներս ու նեղ, սպիտակ միջանցքով անցնելու ընթացքում տեսա ձախի վրա կախված Աթաթուրքի դիմանկարը: Ա՛յ քեզ զգայական անակնկալ: Ինչո՞ւ ես շփոթվեցի: Նկարն ինձ ի՞նչ արեց: Ես զարմացա, թաքցրեցի զարմանալս, բայց ներսս կնճռոտվեց: Ինչո՞ւ:
Գիտելիքս ու զգայական կառուցվածքս իրար հետ ինձ նյարդայնություն տվեցին։ Ես դիմադրեցի։

Մի բան, որն ամենուր է ու միշտ, դատարպարտված է կորցնելու իր ուժը: Դատապարտված է: Չլինելու: Անհետանալու: Ու նկարն էդ երկրի առաջնորդի, էնքան ամենուր է, որ ոնց որ չլինի, ոնց որ լինի ոչ մի տեղ: Ու հետո, եթե դու էլ զբոսաշրջիկ չես, ուրեմն դու այլևս չես տեսնելու Աթաթուրքի նկարը: Նա կա: Կա նյութական ներկայություն: Բայց էլ չկա: Իմ դեպքում էդպես եղավ։ Ես սկսեցի չնկատել, ոնց որ օդը․ գիտես, որ կա, բայց մոռանում ես հիշել։

Մի օր, երևի մի չորս ամիս հետո էր, սկսեցի չնկատել նկարը։

Ես հիշում եմ, ես հիշում եմ, որ մտածեցի, որ պետք չի էդ նկարին էդքան զորություն տալ, էնքան որ ազդի, բայց համ էլ կա նյութական իրականություն ու ներկայություն, որը չես կարող ուրանալ, չտեսնել։ Որ կա ու դիմացդ է ու դու տեսնում ես։ Հետո անցավ ժամանակ։ Ու իմ ուզածը դարձավ իրողություն, էլ ուզելս դուրս եկավ, ուզելուս ջանքը։ Ու ես մի օր դա ուղղակի ֆիքսեցի։ Նայեցի նկարին։ Սև շրջանակի մեջ էր, նկար էր, վրան կար ապակի, ինչպես միլիարդավոր այլ նկարներ աշխարհում, պատերին հենած, մեխից կախ։ Ու վերջ։

Զենիթ։

Կտրտված մտքեր

Ստամբուլն անձրևում է
Սև ասֆալտին ձուլված
Սև կատու
Ես տուն եմ քայլում
Սև վերարկուով
Ու ինձ հետ տանում եմ
Օրվա մթերքները առավոտի համար
Բոսֆորի թափվող ջուր վերևից՝
Թաց ու հին քաղաք:

12.12.2016

Ես եմ: Սա առաջին բանն է, որ սովորեցնում եմ հայերենով: Սովորեցնում եմ ասել՝ Ես ու ասել, որ ես-ը կա, գոյում է: Ի՜նչ հեշտ: Երբեք ոչինչ այդքան հստակ, պարզ, ակնհայտ չէ, ինչքան ասելը ես: Ու նայելը դիմացինիդ աչքերի մեջ ու տեսնելը, որ հասկացավ: Ու ինքն էլ իր մասին ասում է նույնը՝ ես: Ու ձեռքը դնում է կրծքին: Ես: Ես: Երբեք չվերագրվող բան: Տեղ: Ինչ-որ տեղ, որը քաղաք է: Ստամբուլ: Ու ասելու համար, որ ինչ-որ տեղ… ես, պետք է տեղանունին ավելացնել -ում: Ես Ստամբուլ+ում: Ես եմ: Ստամբուլում եմ: Ես, քաղաք, մեջ: Ես, մեջ, քաղաք: Քաղաք, մեջ: Ես: Ես-քաղաք: Մեջ:

an3

Զենիթի հետ եմ, որն ինձ անելիք է տալիս ու աչքս սպասումի ու փնտրումի մեջ պահում: Զենիթ՝ հին սարք, որը մաշեցնում է ժամանակակից կյանքի պատկերն ու տեսածիդ ժամանակ ավելացնում, կարևորություն, պատմության փոշի, կարոտ: Արծաթե հալոգենները զգում են լույսը: Մինարեթներով բնապատկեր, երկինք ցցված ուղղահայացներ, որոնք փայլում են նոյեմբերյան արևի տակ ու նկարելու հրավեր անում: Առարկաներն ընտրում են քեզ, ստիպում լարվել: Տեսախցիկն է, որի երկու կողմերում քարանալու է վայրկյանը: Ես շունչս պահում եմ: Բութն ու ցուցամատը պտտում են, կանգ, պատկերը որսված է: Երկար կարմիր շարֆը վզիցս կախ՝ կանգնած եմ Այա Սոֆիայի դիմաց, ամպերը խաղում են: Սոֆոն կանգնած է, ես կանգնած եմ, հերթը կանգնած է, ես նայում ու չեմ հավատում: Զգում եմ ահռելի շարժը դեպի ինձ: Դիմացս կանգնած պատկերը ինձ ճնշում է: Տրդատ ճարտարապետ: Պատմություն, գռռռալեն վրադ է լցվում մշակութայինը: Ու դու, համ մշակույթի տակ, համ էն հսկա զորության, որ դիմացդ է: Համ Զենիթը ձեռքիդ:

Զենիթ՝ ժամանակակից տեխնիկական առաջընթացից իրեն դուրս հայտարարած գոյություն, որը դեմ հանդիման է ներկայիս լուսանկարչական անկշտությանը: Գալիս, կանգնում ես պատկերի առաջ ու սեղմում ես կոճակը: Իմ պես հազարավորները, գալիս, կանգնում են պատկերի առաջ ու սեղմում են կոճակը:

Դոլմաբահչե։

Dolmak – լցնել

Լցված պարտեզ։ Բերնեբերան։ Շատրվաններ։ Դարպասներ՝ չորս կողմից։ Բոսֆորի ափին՝ պալատ։ Զարմացնելու անհեթեթ ճիգ։ Վախ։ Շատ մեծ վախ։ Աղքատություն։ Սով։ Իշխանություն ու ագրեսիա։ Էս բառերն եկան մտքիս, երբ տեսա ոսկին ու մուգ կապույտը, օլրուն կահույքն ու ծանր վարագույրները։ Լրտես հայելիներ՝ եսիմքանի մարդաբոյ։ Մոմակալներ։ Մոմ, որ արտացոլվի հայելու մեջ ու ավել լուսավորություն ստեղծի։ Պալատական եռուզեռ, հարեմ։ Կանայք, որոնք սահմանափակ կյանքի համար են։ Կանայք, որոնք բաժանում են ճարտարապետությունը՝ հարեմային մաս ու ոչ հարեմային։

Դոլմաբահչե։ Օսմանյան կայսրությունը սնանկացավ իրեն թույլ տալու համար էս պալատը։ Պարտքեր։ Պարտքեր։ Հե՜յ, պալատ։ Չսիրեցի քեզ։ Չնայած ենթադրաբար պետք է շոյի ինձ Բալյան ազգանունը՝ դրված դրա վրա կամ դրա կողքին։ Պալատ, իբրև մի անզուգական կերտվածք, թե բա ես մրցում եմ քո պալատների հետ, Արևմո՛ւտք։ Ու ես ունեմ քոնոնցից ու դեռ մի բան էլ լավը։ Չափերը, որոնց մասին միշտ ասում են զբոսավարները անտարբեր հանդարտությամբ ու ակնկալում են վաուներ, ինձ տհաճ են։

Սրահի միջով սենյակ, սրահ, միջանցք ու սենյակ ու էլի մեծ սրահ ու սենյակի միջով ուրիշ սենյակ ու էլի սենյակ ու․․․լաբիրինթոս։ Կարճ ասած՝ պալատ։ Առանց զբոսավարի դու չես կարող անցնել էս տեղերը։ Քեզ թույլ էլ չեն տա։ Դու ունես էս ամենը տեսնելու սահմանված ժամանակն ու արագությունը՝ խմբի հետ ու խմբի ռիթմով։ Ես հետևում եմ խմբին, անցնում էս տեղերով։ Աչքս բարձրացնում, բարձրացնում, բարձրացնում, հասցնում առաստաղին, հետո իջեցնում, իջեցնում, իջեցնում, խփվում գորգերին։ Պատեր՝ հեռու իրարից, շատ հեռու։ Գույներ, նախշեր, նկարներ։ Անուններ սենյակների վրա՝ կապույտ սրահ, վարդագույն սրահ, կարմիր սրահ։ Դու՝ մժեղ, մեծ պատուհանների դիմաց, բարձր դռների տակ․․․
Պալատում ցուրտ է։

Պալատում մարդիկ մրսում են։

Պալատում մարդիկ միշտ մրսել են։

Հնարավոր չի ջեռուցել էս ահ-ռելի զըմբզըմբան տարածքը։

Ու դրա համար պալատի մեծ սրահների կողքին կային փոքրիկ սենյակներ, որտեղ կարելի էր ապրել, որտեղ կային բուխարիներ ու որտեղ ապրում էին տոներից առաջ ու հետո։ Որտեղ շահը սիրում էր առանձնանալ՝ խոհի։ Ու էդ հսկա պալատում էլի փոքրիկ տարածքն էր ապրելու համարը։

Իմ ժամանակակից կյանքին սովոր մարմինը, պահանջներն ու անհրաժեշտությունը չի ընկալում էս պալատի գոյությունը, չի ընկալում պալատի գոյությունն առհասարակ։ Ու էդ հսկայական տարածքներն ու ներկայիս նրանց կիրառությունը ոնց որ աչքի սպառման օբյեկտ, ցուցադրություն ցոփ կյանքի, շահի երբեմնի դիրքի։ Ուրիշ ոչինչ։ Ոչինչ։

Ինձ տհաճ է պալատի բարձրությունն ու լայնությունը։ Սենյակների քանակն ու հատկապես ոսկեգույնը։

Պալատի պատուհաններից կարելի է տեսնել Բոսֆորը։ Ու պատերին կարելի է տեսնել ծովանկարներ։ Ոնց որ լրացուցիչ պատուհան դեպի ջուրը։ Պատ ու պատի վրա պատուհան։

an4

Չայ։

Էլի նավ, էլի ճոճվում է: Ինչ անհեթեթ: Մենք թեյ էինք վերցրել ու փորձում էինք բարձրանալ բացօդյա հատված՝ միանալու խմբին: Շատ էինք ուզում թեյ խմել, տաք ջուրը լցնել ստամոքսը: Նավն էլի տարուբերվում էր, մենք ջանքով պահում էինք մեր մարմինների հավասարակշռությունը ու թեյը մեր ձեռքում: Չթափվե՛ս: Թեյ խմելու ծեսը կապված դիտելու հետ, դիտում ես ջուրը, խմում ես: Սառը քամի էր, ջրի երկայնքով ձգվող քաղաք, որից հեռանում ես ու տեսնում ես հեռանալդ: Սպիտակ հետագիծ ջրի վրա: Հեռանում ես, հետո մոտենում, վերադառնում, հետո ընդմիշտ գնում: Ինչ ասեմ, չգիտեմ, ես չեմ հասկանում, որ ճամփորդում եմ Ստամբուլում: Ես ապրում եմ, ուղղակի, երևի ուղղակի ապրում եմ ճամփորդությունը: Ապրում եմ Երևանում, ճամփորդում եմ Երևանում: Քաղաքից դուրս: Ներս: Իրար հակառակ շարժումներ: Ճամփորդելն ի՞նչ է: Գնալ մի տեղ, հետո մյուս, տեսնել նորը, իսկ նորն ի՞նչ է: Էն, ինչ տեսել ես ֆոտոյով, հետո տեսնում ես իրականում, արդյոք դա նոր է: Մի՞թե հիմա կա միանգամայն նոր բան մեզ համար: Մենք ամեն ինչ արդեն տեսել ենք, մենք գիտենք, մենք տեսել ենք Էյֆելը, մենք եղել ենք Աֆրիկայում, գիտենք Հնդկաստանի գույների մասին, մենք գիտենք՝ աշխարհում պատերազմ է, լուռ, մենք գիտենք Սիրիայի մասին ու բոլոր էն գումարների, որ պտտվում են հանուն խաղաղության: Սեմինարներ կանենք: Կհավաքենք մի քանի ջահել մի երկու երկրից: Մենք գիտենք, մենք ամեն ինչ գիտենք աշխարհի մասին: Աշխարհը լուր մեր Ֆբ պատերին: Մենք լուսանկարվում ենք նավի վրա, մենք ու Բոսֆորը, մի երկու պատահական ճայ, երկինք, ջուր, ուրիշ նավեր, մարդիկ դրանց վրա: Ոչ մի արտասովոր բան: Մենք ուզում ենք կապ ունենալ մեր տեսածի հետ, մենք մեզ խռճկում ենք էդ տեսարանին, կարում, ֆոտո անում, պահում:

Մենք իրար գրկում ենք, հազվադեպ, նկարվելուց:

Ա(յ)ն – տեղ։

Ես օրերով թափառում եմ Ստամբուլով, մի ծայրից գնում եմ մյուսը, թևիս տակ է համակարգիչը, ամառ է, ուսապարկ, մի շիշ ջուր ու տեղեր, որ սպասում են: Ես քայլում եմ, որ գտնեմ մի հարմար ափ, մի գրավիչ տեսարան, որ նստեմ ու սկսեմ մտածել ու գրել: Ուզում եմ գրելով պահել քաղաքն իմ մեջ, անեհեթեթ ճիգ: Բեբեք, Բոսֆորի երկայնքով ձգվող ցամաք: Ափերը փակել են ռեստորանները, հյուրատներն ու աճող բիզնեսը: Մարդը տեսարան չունի: Մի քանի մետր այս կողմից, մի քանի՝ այն, մի նավահանգիստ, մի քանի մետր նավերի համար: Ու վերջ:

Նավ-ա-հանգիստ: Հանգիստ, հանգիստ, նավահանգիստ: Ի՜նչ սիրուն բառ:

Նավականգառում խլրտացող ու բազմացող զանգված, նավը կգա, մարդիկ կիջնեն, ուրիշ մարդիկ կբարձրանան, նավը կգնա ու էլի կգա: Ու օրը կլողա մի ափից մյուսը: Դու՝ սիրուն մատրյոշկա, մեջդ հազար ու մի բան լցրած, կբարձրանաս ու կտատանես ներսիդ եղածը, կնայես ճայերին, մի երկու ֆոտո կանես, նամակ կգրես, չայ կխմես: Կնայես մոտեցող ցամաքին: Նավը հատում է երկինքն ու ջուրը՝ իրար դիմաց կապույտներ: Ջուրը շնչում է ու նավը տարուբերվում է կապույտ մակերեսին: Նավը փրփրուն հետագիծ է թողնում: Ջրից երևում է քաղաքը՝ հին, նոր՝ մինարեթի պես ցցուն երկնաքերներ, աճող տարածքներ, իրար վրա ծալվող, լայն աստիճանաձև խորացող ու բարձրացող քաղաք: Դիմացից բարձր երաժշտւթյամբ նավ է անցնում։ Ջուրը տատանում է նավը, նավը տատանում է քեզ, դու տատանում ես մարմինդ: Պար նավի վրա:

Բեռների նավականգառ: Ճամփորդող իրեր:

Նավահանգիստ, խեժով սուրճ, շչակներ, ծխի քուլաներ օդ շպրտված ու նավից ցամաք անցնող ու քաղաք հեռացող մարդերի հոսք: Սիմիթի փոքրիկ, փողոցային, կարմրասպիտակ ուղղանկյուն «տներ», որոնց կարելի է տեսնել ամենուր, եթե դու Ստամբուլում ես ու փողոցում: Ու ալիքվող, ալիքվող, ալիքվող ջուր: Բոսֆոր:

Բարակ մետաղալար, որին գունավոր ժապավեններ են փաթաթել ու արհեստական ծաղիկներ ամրացրել: Դրասանգ: Ծաղկապսակ: Ո՞ւմ են պետք այդ արհեստական պսակները, ինչու են փողոցային երեխաները շրջում դրանցով, վազում անցորդների հետևից, դնում սրա նրա գլխին ու սպասում, որ գումար տան: Տեսարան, առանց որի անհնար է մտածել Ստամբուլի մասին: Երեխաներ, ոտաբոբիկ, կիսասոված, կեղտոտ, մաշված շորերով ու հայացքով: Ինչպես հաղթահարել մերժումը այդ տարիքում: Մտածում եմ երեխայի մասին: Մի մասը թուրք երեխաներ են, մյուսները՝ սիրիացի: Հա, Սիրիայում պատերազմ է:
Ես տեսա՝ ոնց վախեցավ էդ էրեխեն, ես տեսա այլայլված ու կեղտոտ դեմք ու դողացող շուրթեր փողոցում, անձեռոցիկների տոպրակը ձեռքին, երբ մի տղամարդ բռի մեջ հավաքեց էդ թեթև էրեխու վերնաշապիկը, սկսեց թափահարել ու գոռալ: Ես ականջակալներով էի, չլսեցի, բայց տեսա՝ գոռում է տղամարդը: Խուլ աղմուկ ականջիս: Բոսֆորի, նավերի, Էրդողանի, դեպի անհուսություն փոխվող կյանքի ու ցեղասպանության, հիշողությունների հեղեղի մեջ ես թուլանում ու հուզվում եմ էն մեծ անտերությունից ու որբությունից, որ ապրում է Ստամբուլում: Մայրեր՝ գետիններին, ծծկեր երեխաներով, որբեր, աշխարհի՜ որբեր: Ո՞ւմ պետքն եք դուք: Արծրունն ասում ա՝ էս երեխեքը երկար չեն ապրում: Աղբի առատություն, որբ ու տխուր երեխաներ, սոված մարդիկ, կանայք: Աղբահավաքներ:

Նըն-ջա-րան։

Հայերեն տառերի արտոնություն Ստամբուլում, միայն եթե դա հայկական գերեզմանոց է:

Գերեզմանատուն Հայոց

Ես քայլում էի քարերի արանքով, տառեր էին, անուններ: Ծաղիկների ու կանաչի առատություն։ Ննջարան։ Գրված էր քարին։ Դամբարան։ Մի ուրիշին։

ՊԱՆԹԷՈՆ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐՈՒ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐՈՒ

Կամ անուններ սովորական անձանց՝

Դեղագործ Արամ Գօլանճեան

Բերուզ Տէմիրպաշ

Հերմինե Գարասու

Անժէլ Հէքիմեան

Միքայէլեան դամբարան

Elabaşoğiu ailesi

Դամբարան Այվազեան Ընտանիք

Մի քանի թիզ հող ու ընտանիքներ, ընտանիքներ։

Կյանքեր, որոնցից մնացածը անուն ազգանունն է, փակագծեր ու թվեր անունների համար։

Անուններ, կոչումներ, մասնագիտություններ։

Թվեր, թվեր, թվեր։

Որ հիմա էնքան հին են թվում, կարծես չեն էլ եղել։

Թվեր՝ որպես զառանցական հանրահաշիվ։

Խաչեր՝ սպիտակ։

Քարեր՝ սպիտակ։

Կանաչ, կանաչ խոտ։

Բարձր ծառեր։

Ծաղիկներ ու մի քանի թիզ լռություն էդ 17 միլիոնանոց քաղաքում։

Հայկական գերեզմանոց

Ու միտքը, որ էս անունները եկել, եկել ու անհետացել են։ Ու էդ չարաբաստիկ բառը՝ ջենըսայդ, էլի ուղեղի մորմոքի պես, հայտնվում է իմ ու աշխարհի արանքում։ Ու ես հիվանդ իբրև։ Ով սրտխառնոց ունի իր հիվանդությունից։

Թունել։

«Թունելի դիմաց մի սրճարան կա, սպասում եմ քեզ»: Նամակ Լարիսայից:

Լարիսան կաթոլիկ հայի, հույնի, ասորու խառնուրդ է, խոսում է թուրքերեն: Լուսանկարիչ է: Հանդիպում ենք: Լարիսան թութունը լցնում է սպիտակ, անփայլ թղթի մեջ, փաթաթում, հետո երկար պահում ձեռքի մեջ ու խոսում: Մենք իրար՝ իրար ենք պատմում: Ոչ մի հատուկ բան:

Լարիսան ցույց էր տալիս իր նկարները. համակարգիչ, թղթապանակներ ու հանկարծ աչքս բռնեց մի բառ, սիրտս թրթռաց՝ Genocide: Սիրտս խառնում է էդ բառից: Անապատ, որբեր, սով, կիզիչ արև, մահեր: Անուն մահերի, անուն որոշման, որ կայացվել է: Ինչ-որ մի օր, ինչ-որ մի սենյակում, ինչ-որ մեկի գլխի մեջ: Ու հիմա ես, էստեղ, էս քաղաքում: Էս սրճարանում, նստել ու կարդում եմ էդ թղթապանակի անունը: Կարդում եմ ու մտքիս մեջ լսում արդեն հազարերորդ անգամ: Ջենըսայդ: Ու մատուցողը բերում է սառը լատեն ու մաղթում՝ աֆիեթ օլսուն: Ես նայում եմ Լարիսային, ժպտում մատուցողին: Ջենըսայդ: Ու հիմա ի՞նչ: Ի՞նչ անեմ:
Մենք խոսում ենք էդ բառի մասին: Ինքնության մասին, տեղի մասին: Ու էս քաղաքը, ոնց որ տարածական պոեզիա, կախարդական շենքերով, ջրերով ու ծով ողբերգությամբ:

Հետ – դարձ։

Հայաստան վերադարձա ավտոբուսով։ 16 կիլոգրամանոց գրքերի արկղ, որը պետք էր անցակետերում քարշ տայի, հանեի, դնեի, կշռեի։ Հանեի, դնեի, բռնեի։ Կշռեի։

-Էս ի՞նչ ա մեջը։

-Գրքեր։

-Ծախո՞ւ։

-Չէ, կարդալու։

Իսկ սա միակ տեքստն էր ճանապարհին գրած՝

Թզուկ ծառերով ծածկված բնապատկեր։ Բլուզկա ու լիմոնադ։ Հայ վաճառականներ։ Կամ առևտրականներ։ Պատրա՞ստ ես դանդաղ հեռանալու քաղաքից, ուր երջանիկ ես եղել ու երբեմն՝ անհոգ։ Գնում, բայց դեռ ճամփի վրա ես։ Ճանապարհը քեզ դանդաղ սահքով տանում է։ Մենք ժամերով գնում ենք սահող բնապատկերի միջով։ Կիլոմետրանոց լանդշաֆտային տեսարան՝ կտավ։ Սահք, կտավ։ Սահք, կտավ։ Ճղճղան կանացի ձայն զուգահեռ էս ամենին։ Սահք, ձայն, սահք, ձայն։ Անիվների պտույտ գլխիդ մեջ։ Գլուխդ մեծ անիվ, որ խփվում է ճամփին։ Գլուխդ՝ անիվ։ Գլուխդ՝ անիվ։ Գլուխդ՝ անիվ։

Հիմա, երբ վերադարձել եմ։

Ոնց որ երկար, մանրամասն երազ։ Ոնց որ չեղածություն։ Ոնց որ սիրուն աշխարհագրություն։ Ոնց որ նավարկություն մտքի։ Գնացած, հետ եկած, եղած ու մոռացած։ Ստամբուլ։ Ոնց որ գույնի հեքիաթ։ Հոտի, համի, բաց ներվի պես նեղ ու երկար, երկա՜ր փողոց։ Պատմության հիշողության սպառնալիք քո զգայարանին, աչքիդ առաջ թույն տեսարան, մտքիդ հետևում դառնություն։ Դու էլ մի տեղ՝ մեջտեղում եղած ողջություն։ Ոնց որ մարմնով փորձառած չլինեմ։ Ոնց որ մենակ մտածած լինեմ։ Շատ մտածած։ Ոնց որ մտքի ապրածություն։ Իսկ իմ մարմի՞նն ու նրա փորձառությո՞ւնը, որ պտտել եմ, տարել ու բերել, բարձրացել ու իջել, անցել էդ ջրերի կողքով, նստել էդ նավերը, խմել էդ թեյը, կերել էդ ձուկը։

Ես երբեմն փակում եմ աչքերս ու անցնում էդ տեղերով։ Երբեք, ոչ մի տեղ ու ոչ մի անգամ էդքան մենակություն չեմ զգացել, ինչքան անելիս էդ գործողությունը․ ես եմ, էդ քաղաքում, մենակ, ունեմ իմ մարմինը, հիշողություններն ու մտքիս մեջ մի տղայի անուն, որն անդադար կրկնել եմ․ բացեցի մուտքի դուռը, իջա դիքով ներքև, տեսա Հալիճը, երկար չնայեցի, քայլեցի երկար փողոցով, անցա վարսավիրանոցի կողքով, ժպիտով բարևեցի ջահել վարսավիրին, անցա Չըթըրի կողքով՝ քաղցր, շարքով բլիթներ, բաքլավա, ճամպրուկների խանութ, լապմերի․․․ հասա հրապարակատիպ տեղին, անցա, երկար, նեղ փողոց, վերջում՝ Գալաթա աշտարակը, հասա, անցա, ու հիմա դիքով ներքև, որի վերջում մեծ խոստում կա՝ Բոսֆոր։

Ես անդադար անցնում եմ էդ ճանապարհը։ Մտքով հազար անգամ։ Հիմա ամենաշատը էդ եմ հիշում։ Հենց ասում են Ստամբուլ, ես վայրկենապես հայտնվում եմ դիքի վրա, ոտքիս մատները սլլում են, հավաքվում կոշիկի մեջ, ոնց որ ճզմած մթերք։ Մարմինդ թափով գլորվում է ճանապարհն ի վար։ Օճառ, նարինջ, հյութ, հյութ քամող տղա, ճզմած նուռ։ Գունավոր հեղուկ բաժակում։ Դիք։ Դիք։

Ձախի վրա Զյուռաֆան է, նեղ ու երկար փողոց, որտեղ մինչև հիմա կա հասարակաց տուն։ Եթե դու իմ նման հետաքրքրասեր ես ու աղջիկ, ուրեմն երբեք մուտք չես ունենա էդ տարօրինակ տեղը, որի լինելն ինձ նվազագույնը ջղայնացնում է։

Ստամբուլ, դիք, ես դիքի վրա, ներքևում՝ Բոսֆոր։

Երբեք հնարավոր չի գրել Ստամբուլը։

Ստամբուլը կարելի է մտածել։ Մանրամասն կամ անցողակի։ Ու միայն այդքանը կամ այսքանը։

Վերջ

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.