Թունդ սուրճ
Քաղաքը բնորոշում են սրճարանները, ոչ թե բարձրահարկ շենքերը կամ մայրուղիները։ Քանզի առանց մինչև ուշ գիշեր բաց սրճարանների, ուր մարդիկ հաճախ և մեծ քանակությամբ սուրճ կարող են վայելել, պարզապես չի կարող լինել քաղաքային կյանք։
Սուրճը դառնահամ է։ Առաջին անգամ համտեսելով՝ չես վայելում, սակայն շուտով սկսում ես կախում ունենալ դրանից։ Սուրճը փոխում է մեզ, փոխում է մեր փոխհարաբերությունները։ Իսկ երբ փոխվում են սոցիալական հարաբերությունները, փոխվում է նաև այն, թե ինչպես ենք մենք նկարագրում մեզ և մեր հասարակությունը։ Սրճարաններում մեր սուրճ խմելն ավելի խորը տպավորություն է թողնում մեզ վրա, քան կարող ենք պատկերացնել։ Մենք այնքան ժամանակ և էներգիա ենք ծախսում դրա համար։ Նավթից հետո սուրճի առևտուրն ամենամեծն է միջազգային շուկայում։ Մարդիկ սովորել են սիրել սուրճը, և մեկ դարից էլ քիչ ժամանակահատվածում այն անցել է Եթովպիայից Եմեն, ապա՝ ամբողջ Օսմանական կայսրությամբ դեպի Կահիրե, Հալեպ և Կոստանդնուպոլիս։
Առաջին անգամ եվրոպացիները զգացել են սուրճի համը 17-րդ դարի երկրորդ կեսերին։ Քրիստոնեական Եվրոպայում բացված առաջին սրճարանը եղել է Լոնդոնում 1650-ականներին։ Այդ տարիներին Լոնդոնում եռում էր հեղափոխական շունչը, և սրճարաններն արագորեն դարձան հեղափոխականների հավաքատեղիները։ Սրճարանները նաև այն վայրերն են, որտեղ սոցիալական անհավասարությունն ավելի ակնհայտ է դառնում։
Երբ Շառլ Բոդլերը՝ արդիականության առաջին ժամանակագիրը, փորձում էր նկարագրել այդ ժամանակի Փարիզը, ստեղծում էր տեսարան սրճարանում՝ քաղաքային ցածր խավի մասնակցությամբ։ Իր հայտնի «Փարիզյան մաղձը» արձակ բանաստեղծությունների ժողովածուում նա ներկայացնում է մարգինալացված աղքատների և նոր Փարիզի փոխհարաբերությունները։ Բարոն Հաուսմանի ռացիոնալ քաղաքն իր արձակ բուլվարներով և լայն հրապարակներով տեղ չուներ աղքատների համար։ «Աղքատների աչքերը» գործում ցնցոտիներով մի մարդ իր երկու որդիների հետ շքեղ նոր սրճարանի պատուհանից ներս է նայում։
Հոր աչքերն ասում էին․ «Ի՜նչ գեղեցիկ է» ․․․ Փոքրիկ տղայի աչքերը․ «Ի՜նչ գեղեցիկ է։ Բայց այստեղ միայն այն մարդիկ կարող են գնալ, որ նման չեն մեզ»։
Բոդլերի այս ժողովածուի հրատարակումից գրեթե մեկուկես դար անց սրճարանները քաղաքի քիչ վայրերից են, որոնք հասանելի են մարգինալացվածների համար։
Թեհրանում և Ստոկհոլմում կատարած իմ դաշտային ուսումնասիրությունների ընթացքում ես նմանություններ եմ նկատել, թե ինչպես են սրճարանները դառնում այնպիսի վայրեր քաղաքում, որտեղ կարող են հավաքվել խտրականության ենթարկված մարդիկ։ Հասարակությունից դուրս մնացածների համար, լինեն երիտասարդ կանայք Թեհրանում, թե ներգաղթած ընտանիքների երեխաներ` Ստոկհոլմում, սուրճ խմելը հնարավորություն է ընձեռում մասնակցելու սոցիալական կյանքի այն հատվածին, որն այլ պայմաններում փակ է իրենց առաջ։ Ըստ Յուրգեն Հաբերմասի իդեալականացրած պնդման` սրճարանները հանրային տարածք են այն խոսույթի համար, որի վրա է հիմնվում քաղաքացիական հասարակությունը։
Զարմանալի չէ, որ սրճարանները սովորաբար բացվում են հասարակության մարգինալ զանգվածի՝ ներգաղթածների կամ փոքրամասնությունների կողմից։ Փարիզում առաջին սրճարանը բացվել է հայի կողմից 1671թ.։ Մեկ այլ հայ բացել է առաջին սրճարանը Վիեննայում՝ 1685-ին։ Իմ հայրենի քաղաքի՝ Իսֆահանի և Թեհրանի առաջին և լավագույն սրճարանները գտնվում են Ջուլֆայում՝ հայկական թաղամասում։ Նյու Յորքում առաջին սրճարանը բացել է անգլիացի ներգաղթյալ 1696թ.։ Այսօր Ստոկհոլմում գրեթե անհնար է գտնել մի սրճարան, որի տերը նեղգաղթյալ կամ ոչ շվեդական արմատներով չէ։
Սուրճ խմելը եզակի սոցիալական իրադարձություն է, որն անանուն է, թեև՝ հանրային։ Այն մարդկանց սովորեցնում է քաղաքային կյանքի ռիթմին։ Քաղաքում սուրճ խմելն ավելին է, քան ընդամենը սուրճ ըմպելն ու դրա հետ կապված բոլոր հնարավոր այլ գործողությունները։ Սրճարանում նստած՝ դու հանրային տարածքի կենտրում ես, միևնույն ժամանակ գտնվում ես քո առանձին մթնոլորտում, մենակ ես գրքիդ կամ ընկերներիդ հետ։ Սուրճ խմել նշանակում է մասնակցել սոցիալական կյանքին։ Այն տալիս է պատկանելության զգացողություն, երբ անում ես մի բան, որը նաև ուրիշներն են անում։
Պճնամոլների և պորտաբույծների (որոնց դիտում էր Վալտեր Բենյամինը Փարիզի կամարաշարերի միջով զբոսնելիս) չարտոնյալ բարեկամների պես` լուսանցք մղվածները նույնպես ցանկանում են դիտել ու դիտվել սրճարաններում: Սրճարանն ազատ ճախրանք է պարգևում ձեր երևակայությանը։ Ինչպես Փարիզի կամարաշարքը քաղաքային կյանքի մասին Բենյամինի վերջին հատորում, այնպես էլ այսօրվա սրճարանները երազելու տարածք են, վայր, ուր կարող ես խուսափել ծայրամասային մեկուսությունից, անրջավայր։ Սա հնարավորություն է լինել պակաս ներգաղթյալ, պակաս հակառակ սեռից և պակաս չնկատված։ Սակայն նաև վայր է, ուր կարելի է հիմնել քաղաքային սուբյեկտիվությունը։
Այս անցանկալի խմբերի ներկայությունը փոխում է հասարակական վայրն ու տալիս քաղաքի կազմաքանդիչ մեկնաբանությունը։ Սա գուցե կարող է բացատրել իրանական կառավարության անհանդուրժողականությունը սրճարանների հանդեպ, որոնք հանդիպելու վայր են երիտասարդ տղամարդկանց և կանանց համար, քանի որ հենց այստեղ է, որ անձնականը, արգելված սերն ու էրոտիզմը բաց են հասարակական հայացքի առջև։
Այն փաստը, որ Ստոկհոլմի ծայրամասերից երիտասարդներ կամ անձնական սենյակներից թեհրանցի կանայք, թեկուզ ժամանակավորապես, տեղ են գտնում քաղաքում, հաշվի առնելով, թե ինչ արժե սուրճը սրճարաններում, ներկայացնում է նորմատիվ քաղաքային կարգի քննադատություն և մարտահրավեր է նետում դրան։ Քաղաքը փոխելու ավելի քիչ իրավունքներ ունեցող անհատները իրենք են փոխվում՝ փոխելով քաղաքային լանդշաֆտը։ Հենց այսպես է, որ սուրճ խմելը կարող է բացահայտել քաղաքի բնավորությունը, ռիթմն ու քաղաքական դինամիկան։
Անհետացող գրախանութներ. նամակ Շվեդիայից, Տորոնտոյից և Իրանից
Ես վերադարձա Տորոնտո 2010 թ. մայիսին` որպես Տորոնտոյի համալսարանի կողմից հրավիրված դասախոս: Երբ Շվեդիան (որտեղ ապրում եմ) դառնում է կեցության համար անտանելի, իսկ Իրանը (որտեղ ծնվել եմ)` չափազանց վտանգավոր, փրկություն եմ գտնում Տորոնտոյում, որն անկասկած էթնիկ բազմազանության առումով աշխարհի քաղաքների առաջատարն է:
Բնակարան վարձեցի համալսարանի հանրակացարանների հարավային թևում, որը մոտ էր Օնտարիոյի արվեստի պատկերասրահին։ Իմ ժամանման հաջորդ օրն իսկ, անտեսելով իրերս, որոնք դեռ չէի դասավորել, ճանապարհվեցի դեպի Քուինս Վեսթ կոչվող թաղամասը, որը հայտնի էր իր մշակութային բազմազանությամբ և բոհեմականությամբ։ Դա քաղաքի կենտրոնի առավել ազդեցիկ հատվածներից է, ուր 19-րդ դարի աղյուսե փոքրիկ տնակները հպարտ կանգնած են բարձրահարկերի շվաքում։ Ինձ այս թաղամասն ամենաշատը, անխոս, դուր էր եկել Pages-ի (Էջեր) շնորհիվ, որը Տորոնտոյի լավագույն անկախ գրախանութն էր։
Գրեթե 400 մետրանոց գրախանութն առաջարկում էր պոեզիայի, կոմիքսների, գիտական, գեղարվեստական և արվեստին նվիրված գրքերի խառնուրդ, ինչպես նաև ամսագրերի և պարբերականների ուշադրության արժանի մի հատված։ Նոր ստացած գրքերը դրվում էին մուտքի մոտ, աջ կողմի վրա, առաջին բաժնում, իսկ դրանց կողքին վավերագրություններն էին։ Կողքի սեղանն ամբողջությամբ նվիրված էր պոեզիային, իսկ նրանից հետո գալիս էր կանադացի հեղինակներով ծանրաբեռնված սեղանը։ Աջ կողմի պատի վրա ձգվող գրադարակները գեղարվեստական գրականությանն էին նվիրված, իսկ ձախ կողմինները՝ արվեստին և վիզուալ մշակույթին։ Պատերի արանքում ազատ տարածքը զբաղեցնում էին գենդերային, ռասայական, փիլիսոփայական, անտրոպոլոգիական թեմաներին և գրաքննադատությանը վերաբերող գրքերը։ Pages-ն ավելին էր, քան գրախանութ։ Սեփականատերը՝ Մարկ Գալսմանը, որ նաև ամսագրերի խմբագիր էր և ռադիոհաղորդավար, անթիվ մշակութային իրադարձություններ է կազմակերպել և երեք տասնամյակների ընթացքում աջակցել փոքր և անկախ հրատարակչություններին։ Pages-ի նվիրվածությունն առաջադեմ արվեստի շարժմանն ակնհայտ էր այն բաժնում, որը «հակամշակույթ» խորագրով էր։
Pages-ը իմ տեսած ամենահոյակապ գրախանութներից մեկն իր լայն ու ոգեշնչող ընտրանիով, երևակայության աշխարհի դարպասն էր։ Տորոնտո այցելությունների ընթացքում կանոնավոր կերպով Pages մտնելը պարտադիր էր։ Այնտեղ ժամեր եմ անցկացրել՝ մի բաժնից մյուսն անցնելով, գրքեր վերցնելով ու թերթելով։ Ցանկացած այց լավ գրախանութ, եթե այն ունի փոքրածավալ գրքեր, իսկական արկած է։
Այս անգամ, փոքրիկ սրճարանում արագ նախաճաշից հետո և սպասումներով լի, պատրաստվում էի ողջ առավոտն անցկացնել Pages-ում։ Բայց Pages-ը չկար։ Չէր տեղափոխվել։ Փակվել էր։ Ընդմիշտ։ Մեռել էր, ինչպես ասացին, երբ հարցրեցի շուրջն ու փնտրեցի առցանց։ Մի քանի օրվա փնտրտուքից հետո մի նախկին աշխատակից գտա, որ այժմ աշխատում է մոտակա բուտիկում։ Նա պատմեց, որ վարձակալության հանկարծակի կրկնապատկումը վերջին հարվածն եղավ Pages-ի սրտին։ Բոհեմական և հակամշակութային այս թաղամասի առևտրայնացվելուն պես մեկը մյուսի հետևից ներխուժել են մոդայիկ բրենդները, ու վարձակալության գինը բարձրացել է։ Pages-ի վարձը 15 000 դոլար ամսավճարից շատ արագ դարձել է 30 000 դոլար։ Իսկ թաղամաս` Pages-ից մի փողոց հարավ, էր ժամանել հսկայական Chapters խանութը, որը պատկանում է Կանադայի ամենամեծ գրավաճառ Indigo Books & Music Inc.-ին, և որի երեք հարկերում խանութից հեռու գտնվող ընկերության աշխատակիցների կողմից ընտրված գրքերը թշվառորեն աննկատ էին մնում գունագեղ ու մոդայիկ խաղալիքների, սուրճի բաժակների, մարմնամարզության պարագաների, մոմերի, շոկոլադի, ջրի տարաների և յոգայի գորգիկների կողքին։
30 տարի նույն տեղում գրքեր վաճառելուց և միջոցառումներ կազմակերպելուց հետո Pages Books and Magazines-ը չկա։ Պարսիկները մարդուն կարոտելիս ասում են` «տեղդ դատարկ է»։ Pages-ի տեղը ուղիղ և փոխաբերական իմաստներով դատարկ է։ Խանութից ներս նայելով՝ տեսա դատարկ ցեմենտե հատակը, անջատված հոսանքի լարերը և առաստաղից կախված խողովակները։ Կոնկրետ վայրի՝ տեղի դատարկությունը դառը սառնություն ունի։ Այն պոռնոգրաֆիկ մերկ է։ Ամեն բան աչքիդ առաջ է։ Ոչինչ թաքցրած չի։ Էլ տեղ չկա գաղտնիքների համար, որտեղ առաջ խցկված գրապահարանները ծածկում էին պատերը, և հազարավոր էջեր «ինչ-որ բան» աչքիցդ հեռու էին պահում՝ գայթակղելով, որ վերցնես իրենցից մեկին ու թերթես։
Հաջորդ մի քանի օրերի ընթացքում ես մեծ վշտով ու կսկիծով բացահայտեցի, որ Pages-ը միակ գրախանութը չէր, որ անհետացել էր Տորոնտոյում։ Քաղաքի մնացած երեք լավագույն գրախանութները նույնպես չկային՝ This Ain’t the Rosedale Library-ն Կենսինգտոն Մարկետում, Հարբորդ փողոցի Atticus Books-ն իր օգտագործած գիտական գրքերի առինքնող հավաքածուով, ինչպես նաև, կրկին Հարբորդի վրա, Women’s Bookstore-ը՝ ֆեմինիստական գրախանութը։ Women’s Bookstore-ն իրականում լրիվ չէր մեռել, ասես կոմայի մեջ լիներ, կենաց-մահու կռիվ տար։ Ամբողջ ամառ փորձեր էին արվել նրան կրկին կյանքի կոչելու՝ առցանց գումարի հայթայթման միջոցով և նոր ներդրողներ փնտրելով։ Ժամանակ առ ժամանակ ստուգում էի իրենց կայքը՝ վստահ լինելու համար, որ այն դեռ շնչում է, ինչպես ծեր ազգականի հանդեպ ենք ուշադիր, երբ գիտենք, որ նրա օրերը հաշված են։
Դառը սառնությունը դատարկ Pages-ի, որ դեռ ոչ վաղ անցյալում լի էր գաղափարներով, երևակայությամբ, երազանքներով, պատմություններով ու ձայներով, մարդու սիրտ էր ճմլում։ Pages-ի անհետանալը նորից բացեց հին վերքերը, ինչպես մի աքսորի տառապանքներն են հիշեցնում մյուսը։ Տասնամյակներ առաջ իմ սիրելի գրքերի մի ահռելի մասը քրեականացվել էր Իրանում։ Իմ աչքով եմ տեսել, թե ինչպես են երկրի ինկվիզիտոր կառավարության ահից գրքեր վառում ու թաղում։ Այդ վառված կամ թաղված գրքերը գաղափարական մանիֆեստներ չէին, ընդամենը վեպեր էին։ Դրանց թվում շատերն իմ սիրելիներն էին՝ Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռը», որի կազմի վրա Ֆրանցիսկո Գոյայի «1808 թ․ մայիսի 3-ի մահապատիժները» նկարն էր, Ջոն Սթեյնբեքի «Ցասման ողկույզները», Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» և «Հարևանները»՝ իրանցի հեղինակ Ահմադ Մահմուդի ազդեցիկ վեպը։ Երեք տասնամյակ անց պարզեցի, որ գրքերի կիզման իմ կենդանի փորձառությունից դեռ չորս տարի առաջ չեխ գրող Բոհումիլ Հրաբալը իր «Չափազանց բարձր մենության» մեջ նման տառապանք է նկարագրել։ 1976 թ. հրատարակված այդ վեպը պատմում է այն մասին, թե ինչպես են քրեականացվել գրքերը կոմունիստական բռնապետության ժամանակ։ Այդ գիրքը պատմում է Հանտայի ազդեցիկ պատմությունը, որ երկու կրակի արանքում էր հայտնվել` գրքի հանդեպ անհագուրդ սիրո և իր աշխատանքի միջև, որն իրենից ներկայացնում էր գրքերի ոչնչացումը թուղթ կտրատող մեքենայի օգնությամբ։ Իսկ գրքերի հետ միասին անհետացան նաև գրախանութները։
Իրանում` իմ հայրենի Սպահան քաղաքում, նույնպես գրախանութները մեկը մյուսի հետևից անհետացան։ Երբ ես դեռահաս էի, «Նորան»` «Սեփահան» առևտրի կենտրոնի ամենաներս ընկած մասում մի փոքր գրախանութ, իմ ապաստարանն էր դպրոցից, պատերազմից, հեղափոխական հսկիչներից ու ծնողներիցս, ում անհանգստացնում էր իմ՝ դպրոցական ծրագրին անհամապատասխան գրքերի ընթերցանությունը։ Նրանք նաև անհանգստանում էին իմ ապահովության համար։ Վաղ 1980-ականներին գիրք կարդալը կարող էր վտանգավոր լինել։ Հիշում եմ, ինձ ասում էին, որ որոշ գրքեր թաքցնեմ դասագրքերի տակ, որպեսզի փողոցում ուշադրություն չգրավեմ։ Ինձ համար «Նորան» դեպի երևակայության աշխարհ բացվող պատուհան էր։ «Նորայում» էր, որ գնեցի համաշխարհային գրականության հոյակապ թարգմանություններ՝ Զոլայի «Հողը», Ստենդալի «Կարմիրն ու սևը», Ռոբերտ Մերլեի «Մահն իմ արհեստն է», Հենրի Ֆիլդինգի «Թոմ Ջոնսը» և Ագաթա Քրիստիի խորհրդավոր վեպերը, ինչպես նաև պարսկական գլուխգործոցներ՝ Սադեղ Հեդայաթի «Քոռ բուն», Սամադ Բեհրանգիի պատմվածքները, Սիմին Դանեշվարի «Սավուշունը», Ահմադ Մահմուդի «Մի քաղաքի պատմությունը»։ «Նորայի» տերերը 20-ն անց երկու երիտասարդներ էին։ 1980-ականների կեսերին այն հանկարծակի վերացավ, փակվեց` առանց որևէ նախազգուշացման։ Իրանում գրքի հետ գործ ունենալը՝ դրանք գրելը, հրատարակելը, վաճառելն ու անգամ կարդալը երբեք ապահով զբաղմունք չի համարվել։ Ես դեռ մտածում եմ, թե այդ երկու երիտասարդների ճակատագիրն ինչպես դասավորվեց՝ բանտ, թե աքսոր։
Այսօր Սպահանում, որն Իրանի երկրորդ ամենամեծ քաղաքն է, և ժամանակին եղել է տունը մի քանի հայտնի պարսիկ վիպասանների` Հուշանգ Գոլշիրիի և Ջաաֆար Մոդարես-Սադեղիի, կա ընդամենը մի գրախանութ, որն արժանի է գրախանութ կոչվելու։ Մի քանի տարի առաջ դրա տերը՝ միջին տարիքի թոշակառու ուսուցիչ, խղճալի ձայնով ինձ պատմում էր, որ էլ չի դիմանում։ Իրանում գրախանութներն անհետանում են ոչ թե բարձր վարձավճարների, այլ պետական ճնշման պատճառով։ Թերթերի փակման, ինտելեկտուալների, լրագրողների ու գրողների ձերբակալման հետ մեկտեղ մեծ թվով գրախանութներ են փակվում։ Գրախանութներն ապաստարան են մտքի համար, վայր, ուր կարելի է գաղափարներ կիսել, և այդ իսկ պատճառով՝ վտանգավոր են բռնապետության համար։ Կենտրոնական Թեհրանի տպագրատուն-գրախանութ «Մորղ-է Ամինի» վրա հարձակվեցին «Աստծո կուսակցության աջակիցները» (Անսար-է Հեզբոլլահ) 1995 թ. օգոստոսին։ Պատճառը «Աստվածները երկուշաբթի օրերը ծիծաղում են» գրքի հրատարակումն էր, որը վեպ է միասեռական բասիջիի՝ զինված ուժերի կամավորի մասին։ «Աստծո կուսակցության աջակիցները»՝ վիրավորված, որ իրենց կարող էին նույնացնել միասսեռականների հետ, նախ ծեծել էին աշխատակազմին, ապա գրքերի վրա բենզին էին լցրել ու հրկիզել գրախանութը։ Ոչ ոք չձերբակալվեց, ոչ ոքի չդատեցին։ 2004 թ. ձմռանը կանանց գրքերի նշանավոր հրատարակչություն «Ռոշանգարանը» (լուսավորիչներ) հրկիզվեց։ 2000-ականների կեսերին, երբ Թեհրանում գրախանութները նաև փոքրիկ սրճարաններ էին ունենում, ուր կային գրասեղաններ, և գրքերի շնորհանդեսներ էին տեղի ունենում, կազմակերպվում էին գրական հանդիպումներ, նրանց վրա իշխանությունների հարձակումներն ավելի ուժգին դարձան։ Միայն 2007 թ. Թեհրանում 6 գրախանութի վրա հարձակում է տեղի ունեցել։ Իրենց գոյությունը պաշտպանելու համար բազմաթիվ գրախանութներ դադարեցին գիրք վաճառել ու վերածվեցին գրենական պիտույքների խանութների։ Որոշները միայն դասագրքեր են վաճառում։ Բազմաթիվ լավ, հաճախ նաև «արգելված» գրքեր դուրս են եկել գրախանութների դարակներից և իրենց տեղն են գտել Թեհրանի համալսարանի դիմացի մայթերին։ Տխուր տեսարան է պարսիկ և համաշխարհային գրականության լավագույն գրքերը տեսնել կեղտոտ, պատռտված, շպրտած մայթերին։
Կանգնած եմ Pages-ի դիմաց՝ Քուին Վեսթ թաղամասում։ Վերջին օրս է Տորոնտոյում, եկել եմ Pages-ի դատարկության մի քանի լուսանկար անելու։ Գրախանութից մնացած միակ հետքը աշխատանքային ժամերի նշումն է ձախ դռան վրա՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 10-ը՝ աշխատանքային օրերին, շաբաթ՝ 10-10-ը, կիրակի՝ 11- 20-ը: Աջ կողմի պատուհանի մեծ ապակուն մի ճերմակ ցուցանակ կա՝ «Տրվում է վարձով»։ Դրա տակ մեկ այլ բան է գրված` միակը, որ կապում է այս սառը, դառը, դատարկ տարածքը երբեմնի կենսալի, աշխույժ, ոգևորիչ գրախանութի հետ։ Հազիվ է նշմարվում։ Ինչ-որ մեկը սրտի սիմվոլում գրել է Pages բառը, իսկ դրա կողքը՝ «Ես դեռ լաց եմ լինում քեզ համար»։