Երբ բոլորը դեռ զբաղված էին ամեն ինչով, ու աշխարհի բոլոր կատուներն արդեն մոռացել էին մլավելու ձևերը, ու մարդիկ է՛լ ավելի հավեսով էին կրակում միմյանց վրա, արևն էլ չաղացել էր մի երկու-երեգ անգամ, կանայք էլ երջանիկ էին ու բավարարված, ու երբ սամուրայները այլևս չէին խոնարհվում (ինչպես առաջներում) լռությունը խախտելու թույլատվությունն ստանալու համար, ու երբ այլևս չէին լսում միմյանց, ու այլևս բան չկար ասելու, Դաեն ասաց…
Ասաց, որ տեսել է, թե ոնց էին մի օր մի խումբ տղաներ տասնմեկհարկանիի տանիքից բաց թողնում փոքրիկ կատուների, ու կատուները չէին հասնում գետնին, նոր մեռնում, օդում արդեն սատկած փշրվում էին անհարթ ասֆալտին: Դաեն ասաց, որ այդ տղաներին դժվար կլիներ բացատրելը, թե ինչու պետք չէ փոքրիկ կատուներին բաց թողնել շենքերի տանիքներից, ու փոխարենը Դաեն թափ հավաքեց, վազեց ու այծի պես բզեց տղաներից մեկին, ու այդպիսով բաց թողեց խեղճին տանիքից, բայց ի տարբերություն կատուների, նա մեռավ ասֆալտին փշրվելուն պես, ոչ թե՝ օդում: Դաեն ասաց, որ դրանից հետո տղաները հասկացան:
Դաեն ասաց, որ այդ ժամանակ նա մի վեց-յոթ տարեկան էր, ու իրոք ուրիշ ճար չուներ. «էդպես էր պետք անել»:
Հետո Դաեն ասաց, որ մի օր իր հայրը գարաժում գարեջրի տեղը բենզին էր խմել ու վատացել էր, ու հորը շտապ օգնությունով տարել էին, ու բժիշկները ծիծաղում էին Դաեից թաքուն, բայց Դաեն ասաց, որ տեսել էր՝ ոնց էին ծիծաղում, ու լացել էր. բայց հետո, երկա՜ր մտածելուց հետո ինքն էլ էր սկսել ծիծաղել արցունքների արանքից:
Դաեն ասաց, որ հայրը չէր նեղացել, երբ իմացել էր, որ նա լացել է, հետո ծիծաղել արցունքների արանքից: Դաեն ասաց, որ հայրը լավ մարդ էր, ու նրան ոչ մեկ չէր ճանաչում: Հայրն էլ իր հերթին ոչ մեկի չէր ճանաչում: Դաեն ասաց՝ երևի հենց դրա շնորհիվ էր հայրը լավ մարդ:
Դաեն ասաց, որ քսաներկուսում դեղին ու կարմիր անապատներում, երբ կռվում էին դեղին ու կարմիր ու սև ու շագանակագույն մարդկանց դեմ, ինքը երջանիկ էր ու ազատ, որովհետև պաշտպանում էր հայրենիքն ու դրա պատիվը ու գաղափարները, որոնք երբեք չէին եղել անապատներում ու մեծ ուղտերի հետ ու նման շոգին: Դաեն ասաց, որ գաղափարները չէին կրակում, կրակում էր զենքը, ու զենքը թարգմանիչն էր գաղափարների ու մաշկի գույների միջև:
Ավելի ուշ Դաեն ասաց «Գույները բան չեն որոշում, ու անապատում անտանելի էր. չարժեր գնալ», հետո ավելացրեց «Գաղափարներն էին սպանում, ազնիվ խոսք: Գաղափարները: Զենքեր չկային անապատում»:
Դաեն ասաց, որ տեսել է հինգամյա երեխայի, որին հասկանում էին, և ութսունութամյա կնոջ, որին լսում էին: Դաեն ասաց, որ երկուսն էլ ձանրձացել էին կյանքից:
Դաեն ասաց, որ Եգիպտոսում տեսել է բուրգերը ու գետը ու ծովափը ու աղջիկներին ու Մարդառյուծին, ու որ բուրգերով արդեն քանի տարի է՝ ընդամենը մի քանի մարդ էր հետաքրքրվում: Դաեն ասաց, որ Մարդառյուծի քիթը նման էր իր հոր քթին: Երկուսն էլ ջարդվել էին ֆրանսիացու ձեռքով: Դաեն ասաց, որ Փարիզում տեսել է Աշտարակը, ու որ այն սովորական աշտարակ է, ու տեսել է՝ ոնց են հազարավոր սովորական մարդիկ հավաքվում սովորական աշտարակի մոտ ու հերթ կանգնում, որ բարձրանան նրա մարմնի վրա: Դաեն ասաց, որ Փարիզը յուրահատուկ քաղաք է, աշտարակը՝ ոչ:
Դաեն ասաց, որ տեսել է՝ ոնց են խմում, խմում, խմում ու հետ տալիս… կամ՝ ոնց են խմում, խմում ու հետո նորից խմում ու հետո մոռանում ամեն ինչ: Սեփական անունն էլ: Երեխաների անունն էլ: Ամեն ինչ: «Երկուսն էլ անհետաքրքիր դեպքեր են, ձանձրալի պատմություն». ասաց Դաեն:
Դաեն ասաց, որ ոչ մեկ նրան երբեք չի սիրել, ասաց, որ երևի նրանից է, որ դա իրեն պետք չի էլ եղել: Ասաց նաև, որ տարբեր տարիքում քառասուն երկու կնոջ հետ է քնել, որոնցից տասներկուսի հետ արթնացել է ու չի զղջացել: Դաեն ասաց, որ դա էլ նրան առանձնապես պետք չէր, բայց նա երբեք չի մոռանա նրանց. «Վատ չէր, պատմելու բան կունենամ»:
Դաեն ասաց, որ երբեք էլ չի պատմել այդ կանանց ու նրանց հետ քնելու մասին, որովհետև «անհետաքրքիր դեպքեր են, ձանձրալի պատմություն»:
Դաեն ասաց, որ փորձել է աշխարհի ամենաբարձր գագաթները բարձրանալ՝ համոզվելու, որ քարտեզները ճշգրիտ են: «Չստացվեց» ասաց Դաեն: «Չհամարձակվեցի… ափսոս են քարտեզները»:
Դաեն ասաց, որ ոչ մեկի երբեք պետք չի եղել վստահել կամ չվստահել: «Նրանք միշտ էլ արել են էն, ինչ ուզել են, ու ես միշտ էլ գիտեի՝ ինչ էր նրանց ուզածը»:
Դաեն ասաց, որ տեսել է նկարչի, որը գոհ էր,
Հարբեցողի, որն ասել էր «հերիք է»,
Մուրացկանի, որը ոչինչ չէր խնդրում,
Թափառականի, որն ամեն ինչ ուներ,
Բռնաբարի, որը մեղավոր չէր,
Գիտնականի, որն ամեն ինչ գիտեր,
Խելագարի, որն ամեն ինչ գիտեր,
Մանկապղծի, որը կույր էր,
Աղջնակի, որ երբեք չէր մեծանալու,
Մարդասպանի, որ տեսել էր Աստծուն,
Էլեկտրիկի, որը երբեք վստահ չէր,
Գյուտարարի, որն ասել էր «հերիք է»,
Հյուսնի, որը գիտեր բոլոր ծառերի անվանումները,
Բանտարկյալի, որն իզուր էր նստած,
Ֆիզիկոսի, որ երբեք չէր սխալվել,
Կենսաբանի, որ տեսել էր աստծվածներին,
Մետաղագործի, որի մատները տեղում էին,
Մեքենագործի, որի մատները տեղում չէին,
Քանդակագործի, որը կավ էր ուտում,
Քաղաքական գործչի, որը գիտեր՝ ինչ է անում,
Թմրամոլի, որն ասել էր «հերիք է»,
Ընթերցողի, որը հասկացել էր կարդացածը,
Գրողի, որն ամեն ինչ ասել էր,
Իմաստունի, որին այլևս ոչինչ չէր հետաքրքրում,
Կատվի, որն անհանգիստ էր,
Կոդագրի, որ տեսել էր Աստծուն… հայելու մեջ,
Խոսնակի, որը լռում էր,
Փիլիսոփայի, որը որոշել էր լռել,
Երգահանի, որը երազում էր խլանալու մասին,
Տիրակալի, որը ոչինչ չուներ,
Ստրուկի, որ բոլորին ներել էր,
Որսորդի, որն առանց փամփուշտ էր անտառ դուրս եկել,
Աղեղնավորի, որը մի ձեռք ուներ,
Մոր, որին այլևս ոչինչ չէր հետաքրքրում,
Հոր, որ խոստովանել էր իր հնությունը,
Տեր-հոր, որը գիտեր՝ ինչ է անում… բոլորի հետ,
Ծերունու, որը կարևոր էր ջահելների համար,
Աուտիստի, որին վստահում էին,
Հիմարի, որն ամեն ինչի պատասխանն ուներ,
Օտարի, որին ընդունում էին,
Թշնամու, որին ճանաչում էին,
Լեզվաբանի, որն ամեն ինչ հասկացել էր,
Թարգմանչի, որը չէր հասկացել լեզվաբանին,
Դիպուկահարի, որի ձեռքը միշտ դողում էր,
Վիրաբույժի, որի ձեռքը երբեք չէր դողում,
Ընկերոջ, որն ուշացել էր,
Կնոջ, որը վերջապես հանգիստ էր,
Եղբոր, որը չէր ծնվել,
Աստծո, որը լալ էր,
Մարդու, որ գիտեր, թե երբեք չի մեռնելու…
Դաեն ասաց, որ այս ամենը տեսել էր մինչև քառասուն տարեկանը, մինչ այն պահը, երբ սիրեց բոլորին ու ոչ մեկից ոչինչ չպահանջեց այլևս:
Դաեն ասաց, որ երևի կմեռնի յոթանասունչորս տարեկանում, ու որ ոչ մեկ նրան չի հիշի, ու պետք չի լինի հիշել Դաեին: Ասաց, որ տեսել է ամենատարբեր ազգերի մոտ՝ ոնց են հուղարկավորում ու թաղում, ու որ արարողություններից ոչ մեկն էլ հետաքրքիր չէին: Դաեն ասաց, որ երբեք էլ ոչ մեկին չի հասկացել, ու որ իրականում պետք էլ չէր հասկանալ ոչ մեկի:
Դաեն ասաց, որ ոչ մեկ և ոչինչ կարևոր չէ: Որ կարևորը արևն է, ու այն ծագում է բոլորի համար. «Ոչ մի խնդիր՝ արևի հետ… ամեն ինչ միշտ տեղում է»:
Դաեն ասաց, որ երբեք այլևս թույլ չի տվել, որ կատուներին բաց թողնեն տանիքներից՝ ինչ նպատակով էլ լինի: Ասաց, որ ոչ մի կատու չի մահացել իր ներկայությամբ: Դաեն ասաց, որ իր կյանքի ընթացքում հասցրել է հիսունվեց մարդ սպանել, հիսունին՝ դիտավորյալ, վեցին՝ հանկարծակի: Դաեն ասաց, որ ձեռք է մեկնել վտանգի մեջ ընկած հարյուր երկու մարդու: Հարյուր երկուսից չի հասցրել փրկել ընդամենը երեքին: Դաեն ասաց, որ այն իննսունիննին չի հիշում, և որ երեքին երբեք չի մոռանա:
Դաեն ասաց, որ էլ ոչինչ չկա պատմելու. «Բոլորն էլ անհետաքրքիր դեպքեր են, ձանձրալի պատմություն»:
Դաեն ամեն ինչ ասաց:
Դաեն ոչ մի նոր բան չասաց…