Մարտի 31֊ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսեց քայլարշավ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի(առաջին երկուսը որպես նախագահ, ապա երրորդ անգամ իշխելու համար սահմանդրությունը փոխեց, և որպեսզի սահմանդկրական փոփոխությունը դիմադրության չհանդիպի, խաբեց թե չի պատրաստվում երրորդ անգամ մնալ)։ 14 օր անց՝ ապրիլի 13֊ին հասնելով Երևան բարձրացրեց համահայկական հեղափոխախական այնպիսի ալիք որ ի վերջո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ ԱԺ֊ն էլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Հեղափոխության ժամանկագրությունը Հետքում։ Հետհեղափոխական 1֊ին գրառումը հրապարակվե է Հետքում, իսկ 2֊րդ հրապարակումը ՖԲ֊ում։ Երկուսն էլ համար լրամշակված են։
Լուսանկարները Նազիկ Արմենակյանի
Ազատականությունը համայնքայնության թշնամին է
Նիկոլ Փաշինյանի հեղափոխության անվանումը՝սիրո և համերաշխության, հակադրվում է Հայաստանի անկախությունից ի վեր երկրում բուն դրած անձնապաշտության ու անձնական շահի մթնոլորտին։
Համաժողովրդական ցնծությունը և համերաշխությունը մարդկանց էգոիզմը (եսապաշտությունը) ճնշել և վերածնել են համայնքային գիտակցությունը։ Հնարավոր կլինի՞ պահել այն ու պետությունը կրկին ձևակերպել որպես համայնքային կառույց։
Ուրախալի է, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 24֊ին տված մամուլի ասուլիսում ասաց, որ իր սիրելի քաղաքական գործիչներից մեկը Չե Գևարան է։
Սակայն համաժողովրդական ալիքը բարձրացնող ազնիվ երիտասարդների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ազատական է, և եթե նրանք օրինակ են վերցնում Չե Գևարայի խիզախութունն ու տաղանդը, ապա կանտեսեն նրա համայնավարությունը, իսկ նրանց անհատապաշտության գաղափարը կխանգարի համայնքային գիտակցության վերելքը պահել։
Ազատականությունը երկու պաշտանմունք ունի՝ մրցակցություն և մասնավոր սեփականություն։
Երբ այս երկու բանը դառնում են մարդու կյանքի իմաստը, նրան դարձնում են էգոիստ. եթե մասնավոր սեփականությունը կյանքի իմաստն է, ապա վերածվում է մոլուցքի ու սահման չի ճանաչում, չկա այն կետը, որտեղ այդ իմաստը կսպառվի, ուր նա կկանգնի ու կասի՝ հերիք է հարստանամ: Ուրեմն պետք է խլի ուրիշների՝ այլ անհատերին ու համայքներին պատկանող սեփականությունը, զրկվածներին էլ կամ կթողնի աղքատության մեջ, կամ իր տիրույթներում կաշխատեցնի։ Իսկ միայն մրցակցության վրա հիմնված տնտեսությունն ու մշակույթն էլ խաղից դուրս են նետում նրանց, ում կյանքի նպատակը մրցակցելը չէ, և հասարակության էլիտան դառնում են նրանք, ովքեր ավելի լավ են կարողանում հոշոտել մրցակիցներին։
Ձախը չի մերժում մրցակցությունն ու մասնավոր սեփականությունը, սակայն վստահ է, որ մարդու էությունն էգոիզմն ու սեփականություն կուտակելը չէ, մասնավոր սեփականությունը ոչ թե կյանքի իմաստ է, այլ կարիքներ բավարարելու միջոց. համայնավարական տեսլականում մարդն ուղղակի կարիք չի ունենա մասնավոր սեփականության։ Մրցակցությունն էլ կարող է հատուկ լինել որոշակի բնագավառներին, մասնավորապես` սպորտին։
Աչքներիս առաջ է անկախ Հայաստանի պատմությունը. 27 տարվա ընթացքում իշխել է ազատականությունը, բոլոր կառավարությունների կուլտը սեփականաշնորհումն էր, որի արդյունքում Հայաստան համայնքի ունեցվածքը յուրացրին մի քանի անհատներ (հին իշխանությունը եթե մնար, ապա սեփականաշնորհվելու էին նաև բարձրավոլտ էլեկտրակայաններն ու մնացած ամեն ինչ, ու պետությունը վերջնականապես վերածվելու էր մի խումբ սեփականատերերի անվտանգությունը պաշտպանելու հիմնարկի)։
Իսկ իրար փոխարինող իշխող խմբավորումների ու նրանց շուրջ առաջացած կլանների ու օլիգարխների սեփականության սահմանները ընդլայնելու ու բանկային հաշիվները անդադար բազմապատկելու մոլուցքն էլ նրանց գամած էր պահում իշխանությանը ու թույլ չէր տալիս` երկրում ժողովրդավարական փոփոխություններ լինեն։
Վերջապես հրաշք եղավ. ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, փոխեց իշխանությունը։ Մի ծանր, անդրդվելի քար հանվեց Հայաստանի վրայից։
Այժմ եկել է հարցեր տալու ժամանակը, թե ի՞նչ ուղղությամբ կգնա Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է` ամեն ինչ անելու է, որ այլևս ընտրությունները չկեղծվեն, նաև որ օլիգարխներն այլևս պետական կառույցներ չմտնեն։ Հավատում ենք։ Բայց արդյո՞ք այս փոփոխությունները փողի իշխանությունը կվերացնեն։ Եթե շարունակելու է իշխել ազատականությունը, ապա փողն իշխանությունը չի կորցնի, ազատականությունը ազատության մեկնարկն է տալիս, իսկ հաղթողը միշտ փողն է լինում։ Այո, գուցե այլևս ընտրությունները չկեղծվեն, կամ օլիգարխները պատգամավոր կամ նախարար չդառնան, բայց իշխանությունը միայն կառավարությունում ֆիզիկապես ներկա լինելով չէ, նրանք փող կդնեն ու կստեղծեն իրենց կուսակցությունները և իրենց ներկայացուցիչներով կգրավեն Ազգային ժողովը։
Ազատականությունը դավանող անհատն ինչքան էլ ազնիվ լինի, ինքը հարստանալու մոլուցք չունենա, քարոզելով ու իրականացնելով իր գաղափարները՝ ակամա խթանում է մարդկանց մեջ էգոիզմը, քայքայում մարդու համայնքային բնույթը։ Ղարաբաղյան շարժման և ՀՀՇ-ի առաջնորդների մեջ էլ կային մարդիկ, ովքեր հարստության հետևից չընկան, բայց նրանք իրենց ազատական քարոզներով, խրախուսելով մասնավոր սեփականությունն ու մրցակցությունը` դարձան այն չարիքի հեղինակները, որը խժռում է Հայաստանը։
Ուրեմն, ազատականության արշավը կանգնեցնելու համար մոտ ապագայում անհրաժեշտ է ձևավորել ձախ քաղաքական ուժ։
Իսկ մինչ այդ, անհրաժեշտ է նոր իշխանություններին բացատրել, որ համայնքը, որի շնորհիվ իրենք իշխանության եկան, ազատականությունը կրկին քայքայելու է։ Ուրեմն, եթե նրանք անկեղծորեն միասնության ջատագովներն են ու ընդունում են, որ միասնական համայնքն է իրենց իշխանության բերել, ապա պետք է ցանկանան այն պահպանել։ Իսկ ինչպե՞ս։ Սկզբի համար մի քանի խնդիր.
Անհրաժեշտ է պետության դերը բարձրացնել տնտեսության մեջ, կանգնեցնել սեփականաշնորհումը, ապա` մի շարք խոշոր արդյունաբերություններ վերապետականացնել, որ դրանց եկամուտները ոչ թե երկու հոգու գրպանը գնան, այլ երեք միլիոնից կազմված համայնքի՝ պետության բյուջե մտնեն. այսպիսով պետականացվեն հանքարդյունաբերությունը, ցեմենտի գործարանները և այլն, ամբողջ տրանսպորտը դառնա պետական։ Եթե ճիշտ է հեղափոխության հռետորությունը միասնության, եղբայրության, հավասարության ու արդարության վերաբերյալ, ուրեմն այդ միասնական ժողովուրդը կարող է հոգ տանել իր միասնական սեփականության մասին։
Մենաշնորհի դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն ներկրումների ազատականացմամբ(Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելով հայտարարեց որ որևէ ապրանքի ներկրման արգելք պիտի չլինի)։ Երկրի ամբողջ առևտուրը, մասնավորապես` Երևանում, մոնոպոլիզացված է։ Անհրաժեշտ է Երևանի միջից վերացնել հսկա «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, որը խժռեց հազարավոր մանր ու միջին առևտրական հաստատություններ ու դարձավ արտագաղթի պատճառներից մեկը։ Պետք է սահմանվեն խանութների տարածքների որոշակի նորմեր ու արգելվի, որ նույն անձը որոշակի քանակից ավելի խանութ ունենա։
Այս դժվար ժամանակում կապիտալի իշխանությունը եթե հնարավոր չի վերացնել, ապա կարելի է նվազեցնել ի շահ հանրության մտցնելով պրոգրեսիվ հարկման համակարգը, այսինքն տնտեսվարողի երկամուտների աճին համեմատ հարկերի տոկոսները ավելանում են։ Հեղափոխության վերջին օրերին հրապարկում էին հայտնվել Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մի քանիսը, մասնավորապես Խաչիկ Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը։ Եթե նրանք իրոք սիրում են Հայաստանը ու աշխատում են երկրի համար ու իրենց զգում են հանրության մի մասը, ապա պետք է պատրաստ լինեն իրենց եկամուտների 80 տոկոսը մուծել այդ հանրության բյուջեն։ Իսկ եթե չեն ցանկանում, ուրեմն, նրանց հայրենասիրությունը մի կեղծիք է, որի ետևում ձգտում են երկիրը թալանել ու սեփականությունը ընդլայնելով իշխանություն հաստատել զանգվածների ու երկրի վրա։
Հայաստանում աշխատավորները ստրուկների կարգավիճակում են, աշխատանքից հեռացվելու ու սոված մնալու ահից նրանք վախենում են իրենց իրավունքները պաշտպանել ու արհմիություններ ստեղծել։ Անհրաժեշտ է, որ պետությունը նրանց թիկունքը դառնա, նոր օրենքներով պարտադրի ձեռնարկություններին, որ ստեղծվեն աշխատավորական անկախ արհմիություններ։ Պետությունը պետք է խրախուսի, որ աշխատավորական ու նաև աղքատ, գործազուրկ դասակարգերն ունենան իրենց քաղաքական կուսակցությունները, որոնք զսպիչ դեր կխաղան կապիտալիզմի ախորժակի դեմ։
Քաղաքական ու տնտեսական հավասարության հեռանկարը կբերի նաև առավել անկախ դատարանի կայացմանը։ Ինչո՞ւ. եթե երկրում անհավասարություն է, և հարուստ լինելը պատվաբեր է, իսկ աղքատ լինելը՝ ամոթալի, ինչքան էլ դատարանն անկաշառ լինի ու իրավաբանորեն անկախ դառնա, միևնույն է, նա թեքվելու է պատիվ ունեցողի կողմը, Ֆեմիդայի կշեռքի մի նժարը ծանրանալու է կապիտալիստի նկատմամբ ակնածանքից, նրան մագնիսի պես ձգելու են հարստությունն ու շքեղությունը։ Եթե հասարակության մեջ հնարավորինս հավասարություն լինի` դա կբերի նաև արդարադատության, դատարանները կհավասարակշռվեն ու միայն գերհարուստներին չեն ծառայի։
Այսպիսով, ժողովրդական խոսքով ասած՝ «գեղ կանգնի` գերան կկոտրի» ասացվածքին նորից չփոխարինի «եղունգ ունես` գլուխդ քորի» ասացվածքը։
Ժողովրդավարության համար մի կարևոր բաղադրիչ լուծվում է՝ որ վարչապետը ոչ միայն պատրաստ է հանության բոլոր հարցերին պատասխանել, այլև ինքն է անընդհատ այդ հնարավորությունը ստեղծում։ Սա մի ձեռբերում է որ պետք է պահպանել։
Ձախ ակումբի ֆեյսբուքյան էջին կարող եք ծանոթանալ այստեղ
Հեղափոխության ձեռքբերումը
25 տարի ոչ մի ղեկավար մամուլի ասուլիս չէր տվել։ 1֊ին նախագահ ԼՏՊ֊ն արհամարհում էր հայ լրագրողներին ու հայ հանրությանը, մամուլի ասուլիս չէր տալիս, ու նաև հայ լրագրղներին էլ հարցազրույց չէր տալիս(գուցե ինչ որ պալատական լրագրողի տված լինի մի անգամ), բայց հենց ֆրանսիայից մի լրագրող հայտնվեր գցվում էր միկրաֆոնին։ պատկերացում կա, որ նա այնքան ինքնասիրահարված եսապաշտ է որ իրենից դուրս աշխարհ չի տեսնում։ Այդքան էլ այդպես չի, նա ինչքան արհամարհում է հայ հանրությանը, այնքան խորն ակնածանք ունի «միջազգային հանրություն» կոչվող տերությունների նկատմամբ։
2֊րդ նախագահ Քոչարյանն էլ չեմ հիշում, որ մամուլի ասուլիս տված լինի։ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ մի երկու անգամ իր պալատական լրագրողներին հավաքել հաճելի հարցեր է լսել ու դրանց պատասխանել։ Սերժն էլ ոչ այնքան արհամարհում էր հանրությանը, այլ այն ուղղակի նրա համար գոյութուն չուներ։
Երեք նախագահներն էլ միայն Նոր տարուն ի պաշտոնե հեռուստացույցով 10 րոպե խոսում էին ու վերջ, այդպիսով ավարտվում էր նրանց միակողմանի շփումը հասարակության հետ։ Եթե նոր տարվա տոնին ուղերձով դիմելու ավանդույթը չլիներ, այդ ուղերձներն էլ չէին տա։
Ինչո՞ւ էր այդպես. երեքն էլ արհամարհում էին նրանց ովքեր հարուստ չեն ու իշխանություն չունեն, աղքատ կամ ժուժկալ ապրող մարդը նրանց համար մարդ չի, նրանք միայն փողն ու իշխանությունն են հարգում, նրանց համար երկիրը ոչ թե ժողովուրդն էր, այլ ուժայիններն ու փողատերերն էին՝ իրենց կլաններով, նրանց հետ էին քննարկում խնդիրները, նրանք էլ իրենց իշխանությունը ապահովում էին՝ ընտրություն կեղծելով ու նման բաներով։ Ժողովուրդ, հասարակ մարդի՞կ, ով են որ բանի տեղ դնեին։
Հանրությունը այդ երեքին էլ տեղը դրեց, ԼՏՊ֊ին ու Սերժին անմիջականորեն, 1-ինին էնքան թուլացրեց որ ուժայիններ գցեցին ու տեղը նստեցին։ 3֊րդին էլ հանրությունը չթողեց որ ուրիշները գցեն, ինքը թուլացրեց ու գցեց։ 2֊րդն էլ հեղափոխության ժամանակ իրան կորցրեց երբ տեսավ իշխանությունը փոխում են ոչ թե հարուսնտերի թայֆեքը, այլ հասարակ մարդիկ ու գցվեց պահելու 2-րդի իշխանությունը։
Ահա թե ինչու նրանք չշնորհավորեցին վարչապետին, ոչ թե որ Նիկոլին չեն սիրում, ոչ, նրանք ինչքան էլ միմյանց հակակրեն, միևնույն է, իրենց ունեցած իշխանության պատկարցմամբկապված են, նրանք չեն ուզում ընդունել, որ աշխարհում ամեն ինչ փողն ու բռնությունը չեն որոշում, որ նրանց ում արհամարհել են, պարզվել է որ կարող են իշխանություն փոխել։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը փոխել է, մենք տեսնում ենք մի ղեկավար որ «վերևում» նստած չի, վարչապետ ընտրվելու առաջին օրից՝ մայիսի 7֊ից լրագրողների հարցերին է պատասխանում, հաջորդ օրը՝ Ստեփանակերտում մամուլի ասուլիս է տալիս։ Բայց ոչ միայն յուրաքանչյուր լրագրողի հարցերն համբերատար լսում ու դրանց պատասխանում է, այլև ինքն է ստեղծում պայմաններ որ լրագրողներ հարցեր տան, ու նաև պարբերաբար ուղիղ եթերներով մարդկանց հետ զրուցում է։
Նախագահական նստավայրի գրասենյակը ուղիղ եթերով ցույց տալը ոչ միայն ծանոթացնում էր այն ապարտեմենտը որտեղից իշխել են երկրին, այլև սիմվոլիկ ժեստ էր, որը քանդում է իշխանության ու հանրության բաժանող պատերը։
Նրան հետևում են նաև նախարարները, նորանշանակ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը իր աշխատանքային առաջին օրը հեռախոսով ուղիղ եթերով մանրամասն պատմեց իր բոլոր հանդիպումների մասին։
Արդյո՞ք հեղափոխությունից հետո Հայաստանը ժողովրդավարական կդառնա, արդյո՞ք ժողովուրդը իշխանություն փոխելուց բացի նաև իշխանություն կդառնա. փոփոխություններ կլինեն, բայց երեք նախագահները այնքան են խորացել սոցիալական անհավասարությունը, ու փողը այնքան մեծ իշխանություն ունի, որ կարծում եմ դեռ վաղ է խոսել ժողովրդավարության մասին։
Այսուհանդերձ, անհրաժեշտ է արձանագրել դեպի ժողովրդավարություն ևս մի կարևոր քայլ, երկրի ղեկավարի ու ժողովրդի անմիջական շփման կարևոր ձեռքբերումը, երկրի ղեկավարի ամենօրյա հաշվետվությունը ժողովրդին. արձանագրել, որպեսզի այն պահպանվի ու դառնա ավանդույթ։