Ինչ նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ վարչապետության 100օրվան նվիրված օգոստոսի 17֊ի հանրահավաքի ելույթում հայտարարում է. «Ժողովրդից գողացվածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է մինչև վերջ»։
Ո՞րն է կոչվում ժողովրդից գողացված։
Բոլշևիկները մինչև 1917թիվը իշխանության գալը հստակ իրենց գաղափարախոսությունը հռչակում էին, որ ստեղծելու են համայնական երկիր և հեղափոխությունից հետո իրենց օրենքները հաստատեցին և սկսեցին սեփականազրկման քաղաքականությունը՝ էքսպրիոպրիացիա, բուրժուաների ու արիստոկրատների ունեցվածքը խլեցին և դարձրեցին համայնական։
Նրանց համար այն ամենը, ինչ կապիտալիստներին և արիստոկրատներին էր պատկանում, ժողովրդից գողացված էր ։
Սրա ծայրահեղ դրսևորումը եղավ Կամբոջիայում. Պոլ Պոտն ու Յանկ Սարին ընդհանրապես վերացրին սեփականության գաղափարը որպես բուրժուական, նույնիսկ մի հեծանիվ ունեցողին բուրժուա էին հանում ու գնդակահարում, նույնիսկ անձնանուն ունենալն էր բուրժուական, անունները փոախրինել էին համարներով, Պոլ Պոտը ընկեր N 87-ն էր։ Արդյունքում 2,5 միլիոն մարդ սպանեցին։
Փակագծում նշեմ, որ փիլիսոփայական է մարքսիստական տեսլականը՝ առանց մասնավոր սեփականության հասարակության, որ մասնավոր սեփականությունը բերում է շահագործման, որ մարդու բնույթը միայն սեփականության հետևից վազելը չի, կա մեկ այլ բնույթ, որին պետք է ձգտի մարդկությունը: Սակայն ուսմունքը յուրացրեցին տարբեր մշակութային խմբեր ու տարբեր ձևերով կիրառեցին, որոշ դեպքերում և՛ մեծ ողբերգություններ բերեցին, և՛ կոմունիզմի տեսլականը ավերեցին։
Նիկոլ Փաշինյանը կոմունիստ չի, ճիշտ հակառակը՝ լիբերալ է, մշտապես եղել է լիբերալ շրջանակների մեջ, եղել է լիբերալ քաղաքական գործիչների թիմերում, որոնց գաղափարախոսությունը հիմնված է մասնավոր սեփականության, պետական ունեցվածքի սեփականաշնորհման, մրցակցության վրա։
Այսինքն, Սովետական Հայաստանի ունեցվածքը գողանալը լիբերալներն անվանում են սեփականաշնորհում։
Բայց այս կոնտեքստում քննենք, թե ի՞նչ կարող է նկատի ունենալ Փաշինյանը՝ «գողացված կոպեկը» վերադարձնել ասելով։
Արդյո՞ք նկատի ունի 1990-ականների կեսերի արդյունաբերության սեփականաշնորհումը, երբ հազարի չափ ձեռնարկություններ սեփականաշնորհեցին, հաստոցները քոքից կտրեցին ու որպես ջարդոն վաճառեցին դրսում։ Կամ որ անտառները հեկտարներով կտրում ու վաճառում կամ օգտագործում էին արդյունաբերության մեջ։ Կամ քաղաքաների տարածքների սեփականաշնորհումը՝ մանկապարտեզներ, շենքեր, հիմնարկներ, տարածքներ և այլն։ Եթե այո, ապա այդ թալանը իրականացնողները եղել են ՀՀՇ֊ի շրջանակները, ամենաբարձր, շատ բարձր պաշտոններ ունեցող անձինք ու նրանց եղբայրներն ու բարեկամները, նրանք, որոնց շրջանակից էր նաև Փաշինյանն ու իր «Հայկական ժամանակ»ը, նրանց հետ էր 2008֊ին ուս֊ուսի տված պայքարում իշխանությունը նվաճելու համար։
Սեփականաշնորհման մի քանի փուլ է եղել, որոնցից առաջինը՝ 1990-2000 ականների սեփականաշնորհմանը թալան անունը կտան նաև լիբերալները, քանի որ գործարանը յուրացնելն ու կտրտել, միայն որպես ջարդոն ծախելը քիչ լիբերալներ կանվանեն մասնավոր սեփականությունը զարկ տալով տնտեսության զարգացում։
Չեմ կարծում, թե Փաշինյանը պատրաստ է ունեզրկել իր նախկին և գուցե նաև ներկա գործընկերներին, դրա ոչ գաղափարախոսական, ոչ բարոյական ծրագիրը չունի: Փաշինյանը իր ելույթում խոսեց նաև այն մասին, թե ստեղծելու են անցումային արդարադատություն, որի մասին մի օր առաջ հայտարարություն տարածեց իր ոչ վաղ անցյալի դաշնակից ՀԱԿ֊ը՝ ՀՀՇ֊ի շարունակությունը, ու նաև ՀԱԿ֊ը կոչով ու մեծ ակտիվությամբ մասնացում էր Փաշինյանի 100 օրվա հանրահավաքին, աջակցում է Փաշինյանի ներկայացրած Երևանի քաղաքապետի թեկնածությունը, այսինքն նրանց փոխհամագործակցությունը նոր փուլ է մտել։ Ի՞նչ է նշանակում անցումային արդարադատությունը մի երկրում, որը արդեն 15 տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ է։ ՀԱԿ֊ի և վարչապետի խոսքերի միահյուսումից երևում է, որ անցումային արդարատությունը հաշվեհարդարի և մարտի 1-ով դատապարտված իրենց կուսակիցներին հերոսացման համար է։
Ի դեպ, ապրիլ֊մայիսյան սիրո ու համերաշխության հեղափոխության օրեին Փաշինյանը առաջնորդվում էր գործող օրենքներով և Սահմանդրությամբ ու նրա ծրագրում չկար անցումային արդարադատության մասին խոսք(Անցումային արդարաֆատության վտանգների մասին տես ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը)։
Ինչո՞ւ բոլշևիկներից սկսեցի խոսքը, քանի որ բոլշևիկները, նաև ուրիշ ձախեր, ավելի ազնիվ են, նրանք հռչակում են իրենց ծրագրերը և իշխանության գալով իրականացնում դրանք, իսկ լիբերալները լղոզվելու շատ լայն դաշտ ունեն (նույն բանի անունը մի դեպքում կդնեն սեփականաշնորհում, մեկ այլ դեպքում թալան, մի դեպքում խոսքի ազատություն կքարոզեն, մեկ այլ դեպքում բերան կփակեն և այլն), մի բան կխոստանան, սակայն իշխանության գալուց հետո լրիվ հակառակը կանեն։
Իսկ գուցե «գողացված կոպեկը» հետտերպոտրոսյանական շրջանի սեփականաշնորհմա՞նն է վերաբերվում, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում։ Հաստատ՝ ոչ, հուլիսին հաղորդագրություն տարածվեց, որ Կառավարությունը աջակցելու է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը նոր պղնձաձուլարան կառուցելու համար, իսկ այս ընկերությունը պատկանում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ հանքարդյունաբերող ու նաև Թեղուտի հանքը շահագործող՝ Վալերի Մեժլումյանին։ Ուրեմն, եթե «գողացված կոպեկը» պղնձի հանքերը լիներ, ապա Մեժլումյանին ոչ թե կաջակցեր, այլ կունեզրկեր։ Նաև եթե հանքերը ժողովրդից «գողացված կոպեկ» համարեին, ապա Ամուլսարը կփակեին, կամ էլ բոլոր հանքերը կվերադարձնեին ժողովրդին, այսինքն կպետականացնեին։ Չկա այդպիսի ծրագիր։
Ուրեմն, «գողացված կոպեկը» չի վերաբերում հանքարդյունաբերությանը։
Ապա նաև, ընդունում են կենսաթոշակային այն օրենքը, որը 40 տարով քաղաքացիների գումարները տալիս է մասնավոր մարդկանց պտտացնելու, այլ դիսկուրսով ասած՝ տալիս է գողանալու նրանց աշխատավարձի տոկոսները։
Այսպսիով, բոլոր կողմերից նայելով Փաշինյանի համար սեփականաշնորհումը գողացված կոպեկ չի։
Բացենք Կառավարության որոշումները, ժամանակ առ ժամանակ որևէ խոշոր ձեռնարկության հարկային արտոնություններ են տալիս։ Լավ են անում, թե վատ՝ տնտեսագետները, գաղափարական հակառակորդները կարող են բանավիճել, բայց մի բան անժխտելի է, քանի որ դրանք տրվում են հիմնականում Հայաստանում հարստացած անձանց, ուրեմն նրանց ունեցվածքը չի այն «գողացված կոպեկը»։
Էլ ի՞նչը կարող է լինել «գողացված կոպեկը»։ Գուցե բյուջեի մսխո՞ւմը։ Եթե այո, ապա ո՞ր թվից սկսած և ինչպե՞ս պետք է որոշեն, թե ով ինչքան է մսխել։ Կարծեմ 30 միլիոն դոլարը, որ կառավարությունը վերադարձրել է, հենց բյուջեից տարվածն է։ Եվս մի այդքան կամ հինգ անգամ այդքան գումար էլ վերադարձնեն, շատ լավ է, իսկ հետո՞։
Իսկ եթե նոր իշխանությունները գաղափարախոսական տարբերություն չունեն նախկինների հետ(Հայաստանի անկախության տարիների բոլոր իշխանություններն էլ դավանել են տնտեսության նորազատական սկզբունքներին՝ սեփականաշնորհում, մրցակցություն, տրանսնացիոնալ կապիտալի ներգրավում և այլն), ապա գուցե «գողացված կոպեկ» վերադարձնելը ուղղված է սեփականության վերաբաշխմա՞նը, ինչպես նկատում են որոշ քաղաքագետներ։ Դեռևս փաստեր չկան։
Քանի չեն բացատրել, թե այդ «կոպեկը» որն է, ուրեմն առայժմ հիմնվելով 100 օրվա կառավարության գործունեության և վարչապետի գաղափարախոսության վրա, կարող ենք եզրակացություն անել.
Փաշինանը որոշեց 100 օրվա հանրահավաք անել այն բանից հետո, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատման հարցը օդից կախված էր, օգոստոսի 12֊ին նա հայտարարեց հանրահավաքի մասին, օգոստոսի 13֊ին Քոչարյանն ազատ արձակվեց։
Վարչապետ Փաշինյանի «Գողացված կոպեկի» ու նաև շատ բարձր պաշտոնյայի եղբոր 30միլիոն դոլար բանկային գումարի մասին հայտարարությունը մանիպուլիացիա է խաղալու համար մասսաների զգացմունքերի հետ, որ ամբոխավար ճանապարհով լուծի իր առջև դրված այժմ գլխավոր խնդիրը՝ Ռոբերտ Քոչարյանի չեզոքացումը՝ կալանավորում, ապա նաև մինչև վերջ վարկաբեկում։
Օգոստոսի 16֊ին Երկիր մեդիային Քոչարյանի տված հարցազրույցից պարզ դարձավ, որ Փաշինյանը չի կարողացել նրա վրա կոռուպցիայի գործ բացել, ու մարտի մեկի սարքովի գործն է բացել։ Բայց այնքան սարքովի է, որ փոշի դարձավ հասարակության աչքի առաջ, մանավանդ, երբ վերաքննիչ դատարանը կալանքից ազատեց Քոչարյանին, ազատեց Սահմանադրության՝ նախագահի անձեռնմխելիության հոդվածով, այն Սահմանդրության, որով ինքը՝ Փաշինանը վարչապետ է դարձել։
Սակայն Փաշինյանը կյանքի նպատակ է դարձրել իր ուզածին հասնել. նախ հայկական հեղափոխության հունվեյբինները գրոհելով խափանեցին Քոչարյանի ասուլիսը, ապա նետվեցին դատախազություն պահանջելու վճռաբեկ բողոք, ապա սկսեցին ստորագրություն հավաքել Քոչարյանին ազատած դատավոր Ազարյանին հեռացնելու համար։
Նրանց ագրեսիվ գոռոցներն «Ռոբերտ մարդասպան», այնպես ահաբեկիչ էին, որ նույնիսկ Երկիր մեդիայի աշխատակիցներն էին չորացել, երբ Քոչարյանը մտել է իրենց ստուդիա(հարցազրույց վարողը ասաց՝ «դժվար հարցազրույց է, անգամ աշխատակիցները, որ տեղեկացան տարբեր մթնոլորտի մեջ են», իսկ երկու շաբաթ առաջ նույն Երկիր մեդիան հանգիստ մթնոլորտում հարցազրույց էր վարում Քոչարայանի հետ)։
Դատախազությունը բողոքարկելու է վերաքննիչի վճիռը, առջևում վճռաբեկ դատարանի նիստն է,բայց դեռ պարզ չի հունվեյբինների տեռորից նույնքան ահաբեկվե՞լ է դատական համակարգը։ Ուրեմն գործի է դրվում ծանր հրետանին, Նիկոլ Փաշինանը մասսաներ է հավաքում միակ թիրախ ունենալով Քոչարյանին, ու «ժողովրդից գողացված» փողերը հետ բերելու խոսքերով տաքացնում մարդկանց , որ մատւցի իր մյուս հայտարարությունները, որ մարտի մեկը բացահայտված է, ու մարտի մեկի ամբողջ արյունը գրի մի մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի վրա, և ապա ամենագլխավորը՝ դատարաններին ստիպի, որ իր իրականացրած դատավճռի տակ ստորագրեն, կալանավորեն նրան, ում վրա ինքը գրել է արյունը։
Եվ այն ինչ նախորդ իշխանությունները գաղտնի էին անում՝ դատավորներին ինչ-որ բաներ թելադրում կաբինետներից, Փաշինյանը հրապարակային արեց, հրապարակից սպառնաց դատավորներին՝ դատարանների անկախությունը վերացնելուն, դատարաններին իր կամքը թելադրելուն մասնակից դարձնելով հարյուր հազար հոգու, հայտարարելով՝ դատավորներ «խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ», այսինքն՝ տեսեք, եթե Քոչարյանին չկալանավորեք, այս մասսաներով կտրորեմ ձեզ։
Կաբինետի զանգը սպառնում էր դատավորին կորցնել պաշտոնը, հրապարակի տեռորը սպառնալիք է դատավորի անվտանգությանը(գուցե նաև կյանքին, մամուլի ասուլիսը խափանող երիտասարդները պատրաստ էին հոշոտել անվտանգության աշխատակիցներին, եթե նրանք հանկարծ թույլ չտային ներխուժել սրահ)։ Ուրեմն, կվախենան ոչ միայն դատավորները, «խելքները գլուխները» պիտի հավաքեն նրանք, ովքեր կասկածում են «ժողովրդի կամքին»։ Վտանգավոր է չհամաձայնվելը. «Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք», ասաց Փաշինյանը։
Սա ամենաահավորն է, ավելի ահավոր քան նախագահականից դատավորներին կաբինետային զանգերը, սա ճանապարհն է դեպի ֆաշիզմ, բացեք կադրերը Ֆյուրերի առաջ ձեռքերը վեր տնկած մասսաների։
Մի շարք մտավորականներ են արձանագրում ժամանակակից աշխարհում ֆաշիզմի դրսևորումները, որոնցից մեկն այն է երբ ժողովրդի միասնության անունից իր ուզածն է անում պաշտելի առաջնորդը։
Ո՞վ կկանխի այս վտանգը, առաջադեմ մտավորականությո՞ւնը, բայց նա հրճավանքի մեջ է` տեսնելով, թե ինչպես է առաջնորդը իր կամքին ենթարկեցնում զանգվածը, նա հեշտանքով արձագանքում է առաջնորդի նետած խաբեությանը՝ ուղիղ դեմոկրատիա, ի՞նչ ուղիղ դեմոկրատիա, երբ անհատը որոշումը ընդունում է, իսկ զանգվածը ինքնախաբեությամբ համաձայնվում թե ինքն է այն ընդունել, որ ավերում է ուղիղ դեմոկրատիայի տեսլականը։
Այլ խոսք չի լսվելու, ամեն քննադատական խոսք խեղդելու է հեղափոխությունը։
Միակ հույսը ժամանականերն են, մեր ժամանակները, ուր կան գործոններ, որոնք կարող են զսպել կամ մեղմել այս դեսպոտիզմը։
[…] մտցնել (Փաշինյանը օգոստոսի 17֊ի ելույթում խոսեց անցումային արդարադատության անցնելու անհրաժեշտության …, իսկ մի օր առաջ ՀԱԿ֊ը հայտարարություն տարածեց, թե […]
[…] մտցնել (Փաշինյանը օգոստոսի 17֊ի ելույթում խոսեց անցումային արդարադատության անցնելու անհրաժեշտության …, իսկ մի օր առաջ ՀԱԿ֊ը հայտարարություն տարածեց, թե […]
[…] մտցնել (Փաշինյանը օգոստոսի 17֊ի ելույթում խոսեց անցումային արդարադատության անցնելու անհրաժեշտության …, իսկ մի օր առաջ ՀԱԿ֊ը հայտարարություն տարածեց, թե […]