Վերջին վանդակաճաղ դուռը բացվեց, և Գառնիկը՝ Բիձեն, ուղեկցող ոստիկանին ետևում թողնելով, դուրս եկավ գաղութի բակ, որտեղ ամենագնաց ջիփերի և գազելների մոտ մարդկանց խմբեր էին կանգնած: Չնայած նախատոնական այդ օրը գաղութում կալանավորների հետ տեսակցությունը արգելված էր, բանտարկյալների հարազատները եկել էին` հուսալով, թե կկարողանան համոզել կամ կաշառել ոստիկաններին, բայց նրանք անդրդվելի էին: Մոտ մեկ ամիս առաջ գաղութի տարածք մեծ քանակությամբ թմրանյութ էր ներմուծվել, ինչը լրատվամիջոցների բերանն էր ընկել: Այդ աղմուկ հանած պատմությունից հետո գաղութի պետը փոխվել էր` ավելի բարձր, բայց պակաս շահավետ պաշտոնի էր նշանակվել, իսկ նոր պետի նշանակվելու հետ զարտուղի ճանապարհներով տեսակցության մտնելը գրեթե անհնար էր դարձել: Կալանավորների մոտ տեսակցության եկածները` հասկանալով, որ անհնար է ներս մտնել, ոստիկանների հետ բանակցում էին` իրենց հետ բերած ահռելի քանակությամբ սնունդը ներս մտցնելու հաշվով:
Բիձեն ազատվելու կապակցությամբ նվեր ստացած անֆիլտր ծխախոտի տուփից մի սիգարետ հանեց ու վառելով սկսեց հաճույքով ներս քաշել թանձր ծուխը: Երեք տարվա բանտարկումից հետո ազատության մեջ ծխվող առաջին ծխախոտը նա որոշեց վայելել՝ միտքը չծանրաբեռնել ու ծխելու գործողությունը այլ գործողության հետ չհամատեղել: Երկնքից թափվող ձյան խոշոր փաթիլներից ծխախոտի գլանակը բռի մեջ պաշտպանելով` Բիձեն ծխեց այնքան, մինչև զգաց, որ մատները վառվում են: Ծխախոտի կրակը ձյան վրա հանգցնելով ու մնացորդը աղբամանի մեջ նետելով` քայլեց դեպի դարպասը:
– Մի կողմ քաշվի, չես տենո՞ւմ` անցնում ենք,- իր ետևից լսեց Բիձեն, երբ դարպասի մոտ էր հասել:
Դարպասը այնքան լայն էր, որ դրանով հանգիստ կարող էին երկու մեքենա անցնել, բայց Բիձուն չզարմացրեց ու չվրդովեցրեց նրանց պահանջը: Գիտեր` գաղութի ներքին օրենքները դրսում էլ են գործում: Բիձեն մի կողմ քաշվեց, և ինքնավստահ տեսքով երկու ջահելները, որ գաղութում ընդամենը «ճուտ» էին եղել` սրա-նրա համար էին վազվզել, «լավ տղա» խաղալով անցան դարպասը ու քայլեցին դեպի քիչ հեռու կանգնած, մգեցված ապակիներով ճերմակ «Նիվան» , որի բաց դռան մոտ կանգնած նրանց էր սպասում մի ուրիշ ջահել` նույն փուչ ինքնավստահությամբ:
Բիձեն անհագ շնչում էր սառը, թարմ օդը, զգում էր, թե ձյան սառը փաթիլները ինչպես են հալվում իր տաք ճաղատին, և թվում էր՝ իր մտքերն էլ են թարմանում` ազատվելով գաղութի նեխահոտից: Ներքևում, ճանապարհի երկու կողմում փռված ձյան ճերմակ ծածկույթը և նույնիսկ ջահելների ճերմակ «դորջարը» նրան հիշեցնում և մտովի տեղափոխում էին ընդհանուր բարաքից անջատված, կացարանի իրենց սպիտակ սավաններով վարագուրված մասնաբաժինը, և այդ համեմատության մեջ դրսի աշխարհը ավելի մաքուր, ավելի անաղարտ էր թվում: Ինչքան նա հեռանում էր գաղութից, այնքան դրսի աշխարհը ավելի հրապուրիչ էր թվում, և ազատ արձակմանը նախորդած օրերի վախերն ու մտածմունքները ետևում էին մնում, ինչպես ետևում էր մնացել ձյան ճերմակ ծածկույթի միջից վեր բարձրացող գաղութի սև ու մռայլ շենքը:
Մգեցված ապակիներով սպիտակ «դորջարը» անցավ Բիձու կողքով` ցեխախառը ձյուն շփելով նրա կոշիկներին ու տաբատին: Մեքենայի կատաղի արագությունը անհամբեր շտապողականությամբ վարակեց նրան, և Բիձեն արագացրեց քայլերը: Մոտ հարյուր մետր այդ արագությամբ քայլելուց հետո Բիձեն աստիճանաբար վերադարձավ նախորդ ռիթմին և ավելի դանդաղացրեց քայլքը. այդ արագությամբ դեպի անորոշություն գնալ նրան հիմարություն թվաց:
Նախ երաժշտության ձայնը լսվեց, իսկ հետո սև, գաղութի վերջին պետի պես մռայլ ու հսկայամարմին ջիփը անցավ կողքով, կտրուկ արգելակեց ու ետ ընթանալով կանգնեց նրա մոտ: Մգեցված ապակիները իջան, և Բիձեն տեսավ երիտասարդ վարորդի սափրած գլուխն ու ճարպոտ դեմքը:
– Նստի,- ասաց վարորդը:
– Իրավունք չունեմ:
– Նստի, այ մարդ,- վարորդը կարծեց, թե իրեն քաղաքացիական հագուստով ոստիկանի տեղ է դրել:
Վարորդի դեմքը, ինչպես և դուրս պրծած լուսարձակներով ջիփի մռութը դուր չեկավ Գառնիկին, բայց նա նստեց մեքենան: Նստեց, որովհետև վաղ թե ուշ ստիպված էր շփվել դրսի աշխարհի հետ, և ինչքան շուտ լինեին այդ շփումները, այնքան շուտ նա կհասկանար, թե ինչպես պիտի իրեն պահի:
-Նոր ե՞ս ազատվել, հորոխպեր,- պատկառանքով հարցրեց վարորդը:
Բիձեն գլխով դրական պատասխան տվեց, ու անմիջապես հետևեց հաջորդ հարցը, որի նպատակը ընդհանուր ծանոթություն գտնելն էր:
– Ո՞ր բարաքում ես եղել:
Մի պահ Բիձեն երկմտեց, բայց երեք տարվա ընթացքում գաղութի ներքին օրենքները այնպես էին արմատավորվել նրա մեջ, որ չկարողացավ ստել:
-Գյոթնոցում:
Վարորդի շփոթմունքը ավելի մեծ էր, քան բարկությունը, և մի քանի վայրկյան նա ուղղակի չգիտեր, թե որն է այդ իրավիճակում ճիշտ պահելաձևը, թե ինչ պետք է անի, որ իր գլխին խոսակցության թեմա չդառնա: Նա կտրուկ արգելակեց մեքենան, գրպանից հանեց գազով ատրճանակը և հայհոյելով, սպառնալով կրակել-սպանել` հրամայեց իջնել մեքենայից: Երբ Բիձեն արդեն շրջվել ու դուռր բացել էր, վարորդը ատրճանակի բռնակով հարվածեց նրա ճաղատին: Բիձեն գլուխը բռնելով գոռաց ու մեքենայից դուրս թռավ, փռվեց ձյան վրա:
Վարորդը այնպես պոկվեց տեղից, և մեքենան այնպիսի արագությամբ վարեց, ասես նրա ետևից չարքեր էին ընկել: Մի կիլոմետրի չափ հեռանալուց հետո նա գրպանից հանեց բջջային հեռախոսը և հեռախոսի անվանացանկում գտավ մոտիկ ընկերոջ համարը: Ուզում էր նրան պատմել գլխին եկածը, բայց մտափոխվեց` իրեն ծաղրուծանակի առարկա կդարձնեին, ոմանք հնարավոր է հրաժարվեին իր մեքենան նստել: Գաղութի համակեցության ներքին օրենքները, որ գաղութի պատերից այն կողմ էլ իշխանություն ունեին, նա վատ գիտեր և անորոշությունը ստիպեց լռել:
Բիձեն բարձրացավ: Գլխի պատռվածքից առատորեն արյուն էր հոսում, և նա գետնից ձյուն վերցնելով սեղմեց պատռվածքի վրա: Ձյունը անմիջապես կարմրեց ու տաք արյան հետ շփումից հալվելով` հոսեց ցած: Բիձեն կռացավ, ավելի մեծ շերտ հավաքեց, սեղմելով, զանգվածը խտացնելով, քարացած ձյունը դրեց վերքին ու քայլեց:
Թևաթափ անող տխրությամբ լցվեց նրա հոգին, բայց ոչ թե վարորդի հետ պատահած միջադեպի պատճառով, այլ որովհետև տասը–տասնհինգ մետր հեռավորության վրա տեսավ իր հողամասը, որի ցանկապատը քանդված էր, ծառերի մեծ մասը կտրված էին, իսկ մյուսներն էլ չորացել էին:
Այդ հողամասի պատճառով էր Գառնիկը հայտնվել գաղութում, ապա «գյոթնոց» ընկել ու կորցրել տունը, իսկ ավել ճիշտ` հողամասում աճող կանեփի: Երբ նա եկավ ու չափարապատեց այդ խոպան հողակտորը, կանեփի բույսերը արդեն կային: Գառնիկը արմատախիլ արեց դրանք, բայց հաջորդ տարի դրանք ավելի առատ բուսնեցին, և նա հաշտվեց այն մտքի հետ, որ իր հողամասում կանեփ է աճելու: Շուտով նրան սկսեցին այցելել թաղի պլանքաշները: Բիձեն չէր վաճառում ու ինքն էլ «ուռող» չէր, բայց չորացնում, մանրացնում էր կանեփի բույսը և պատրաստի էր հյուրասիրում. ինչո՞ւ թափել կամ փչացնել այն, ինչի կարիքը ուրիշ մեկը ունի:
Բիձեն գողական` հանցագործ աշխարհից հեռու կանգնած մարդ էր, բայց հարգում էր հանցագործ կյանքը ու այդ կյանքով ապրող մարդկանց: Չէր կարող բացատրել, թե ինչն է այդ հարգանքի պատճառը, բայց այն թաղում, որտեղ ինքն էր ապրում, այդպես էր ընդունված: Սովետական տարիներին ոստիկանական պետության պայմաններում գործող այդ մարդիկ վախ ու հարգանք էին տարածել, և այն տարածվել էր նաև Բիձու վրա:
Երեք տարի առաջ այդ օրը նա որոշեց այդ տարվա կանեփի բերքից մնացած պլանը «գրեֆ» անել գաղութին: Նախորդ երկու տարիներին թաղի ջահելները մեծ քանակությամբ «պլան» էին վերցրել նրանից նույն նպատակով` դատապարտյալներին ուրախ նոր տարի պարգևելու համար: Այդ տարի Գառնիկը որոշեց անձամբ տանել, որպեսզի ուրիշները իր ունեցվածքով լավամարդ չդառնան: Երբ ջահելները նորից եկան նրա մոտ, Գառնիկը մերժեց. «Հարսի ոռով փեսին լավություն ե՞ք անում, ես կտանեմ»:
Գառնիկին բռնեցին հենց գաղութի պատի մոտ, պլաստիկ շշի մեջ լցված «պլանը» պատի մյուս կողմը նետելու ժամանակ: Բռնեցին, երեք տարվա ազատազրկման դատապարտեցին և բերեցին նույն գաղութը:
Եթե «ճշտով» առաջնորդվեին` գաղութում Գառնիկին պիտի լավ աչքով նայեին, որովհետև նեղության մեջ գտնվող կալանավորներին օգնելու պատճառով էր նստել, և նրա արարքը համընդհանուր հարգանքի պիտի արժանանար: Բայց գաղութում լավագույն ժամանակներ չէին. ամիսը մեկ գաղութը նայողներ էին փոխվում, փոքրիկ «թավշյա հեղաշրջումներ» էին լինում, «ղումար» չէր ֆռռում, «գրեֆներ» չկային, և «օբշագը»` գաղութի բյուջեն, աղետալի չափերի էր հասել:
Բիձեն ճարպիկ ու ճկուն մարդ չէր, ներսի օրենքներից քիչ բան էր հասկանում և այդ խառը ժամանակներում իր տեղը չգտավ: Նա քնում էր բարաքի հիմնական մասի ամենավերջում, ամենավերջին շարքում, անլվա «պորճերի»` փնթիների, մի քանի սիգարետով վազվզող «ճտերի», ու «կամազների»`ուրիշների բեռները տանող-բերողների հարևանությամբ: Նրա տեղերից այն կողմ արդեն սպիտակ սավաններով քողարկված գյոթնոցն էր: Անտերության մատնված ու արհամարհված Գառնիկը, որին անմիջապես Բիձա մականունով կնքեցին, ինքնամփոփ ու մռայլ էր դարձել: Նրա մոտ տեսակցության եկողներ չկային, դրսից սնունդ չէր ստանում, իսկ արժանապատվությունը և տարիքը թույլ չէին տալիս, որ սրա-նրա համար վազվզի: Բիձեն բավարարվում էր գաղութի «բալանդով»` սև հացով ու շոգեխաշած ցորենով: Հիսունվեց տարվա մոլի ծխող լինելով՝ նա նույնիսկ ծխելը թարգեց, որովհետև ամաչում էր անընդհատ ծխախոտ խնդրել:
Բիձու վիրավորված հոգում ընդվզում էր հասունանում, խոցված արժանապատվությունը, մինչ բանտարկությունը ունեցած պատկերացումները, որտեղ գողականները խիստ, բայց արդարադատ մարդիկ էին, և բանտարկվելուց հետո տեսածը խորը հիասթափություն էին առաջացնում:
Երբ Բիձեն գյոթի հետ հաց կերավ ու բարաքի հիմնական մասից տեղափոխվեց գյոթնոց , գաղութում մտածեցին, որ «ստամոքսի»` սովի պատճառով է այդ քայլին դիմել։ Բիձեն բացատրություն չուզեց տալ: Նա չէր փոշմանել իր արարքի համար, բայց եթե նույնիսկ զղջար, անօգուտ էր լինելու. գյոթնոցից վերադարձի ճանապարհ չկար:
Սահմանված արարողակարգով` առնանդամը նրա հետույքին կպցնելով՝ գյոթերի բրիգադիրը «փչացրեց» Բիձուն, ու այդ պահից նա «լիիրավ» գյոթ էր։ Բիձեն արագ հարմարվեց նոր միջավայրին ու պայմաններին, սկսեց շփվել գյոթնոցի մյուս բնակիչների հետ: Գյոթնոցում բոլորը հավասար իրավիճակում էին, նույն իրավունքներն ու պարտականություններն ունեին, և կարևոր չէր, թե ով էին եղել նախկինում, ինչ գործով էր զբաղվել: Եթե դրսում «գյոթ» բառը օգտագործվում է սեռական կողմնորոշման իմաստով կամ որպես մարդկային որակների բնորոշիչ, գաղութում «գյոթը» որոշակի կաստայի ներկայացուցիչ է, և կարևոր չէ` նա սեռական կողմնորոշման, մարդկային հատկանիշների, թե մեկ այլ պատճառով է գյոթնոց ընկել:
Գյոթերն են կատարում գաղութի բաղնիքի ու զուգարանի, բարաքի միջանցքների մաքրման բոլոր աշխատանքները: Գյոթերն են թափում կալանավորների մոտ կուտակված ամբողջ աղբը: Եթե ինչ-որ հարիֆ չիմանալով շփման մեջ է մտնում գյոթի հետ, գյոթը պարտավոր է տեղեկացնել, թե ով է ինքը, հակառակ դեպքում դաժանորեն կպատժվի: Եթե նեղ միջանցքով դեմ-դիմաց քայլում են «հարիֆը» և գյոթը, գյոթը պիտի մի կողմ քաշվի ու ճանապարհ տա հարիֆին: Քրեական օրենսգրքի նույն հոդվածով դատապարտված մյուս կաստաներին պատկանող կալանավորները հնարավորություն ունեն ժամանակից շուտ ազատվել, իսկ գյոթերը` ոչ: Գյոթերը գաղութում անհրաժեշտություն են, նրանց ոչ բավարար քանակի դեպքում գաղութի վարչակազմի մոտ մաքրման աշխատանքների հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանան: Այդ պատճառով նույնիսկ ամենակարգապահ գյոթերը, կաշառքի նույն չափը տալով, չեն կարող ժամանակից շուտ ազատվել:
Բիձու գյոթնոց ընկնելուց մեկ ամիս անց նրա որդին, որ նույնիսկ մոր թաղմանը չէր եկել Հայաստան, Ռուսաստանից եկավ, վաճառեց Բիձու տունը, որի փաստացի սեփականատերն էր (սեփականաշնորհման ժամանակ Գառնիկն ու կինը իրենց մինուճար որդու անունով էին ձևակերպել տունը), և տան վաճառքից ստացած գումարը իր հետ բերածի վրա դնելով` շահավետ առաջարկ արեց գաղութը նայողներին: Նա հիսուն հազար դոլար առաջարկեց այն բանի դիմաց, որ հոր վրայից «գյոթի բազառը» հանեն: Թեև Բիձեն և նրա որդին լավ փոխհարաբերությունների մեջ չէին և շուրջ տասը տարի իրար չէին տեսել, որդին չէր կարող թույլ տալ, որ իր հայրը այդ կարգավիճակում մնա: Նա Մոսկվայում «գողական գնացող» տղերքի հետ համատեղ գործեր ուներ և չէր ուզում խայտառակ լինել:
Գաղութին այդ փողը օդ ու ջրի պես պետք էր, և այդ հարցին լուծում տալու համար գաղութի խաղասենյակում հավաք կազմակերպվեց: Նրանք, ովքեր գայթակղվել էին առաջարկվող գումարով և ընդունելի էին համարում Բիձու որդու աննախադեպ առաջարկը, հիշեցին Բիձու գաղութ ընկնելու հանգամանքները, սակայն, ի վերջո, Բիձու վրայից «գյոթի բազառը» չհանեցին: Դրանից հետո Գառնիկի որդին վերջնականապես հրաժարվեց հորից ու թռավ Մոսկվա, իսկ Գառնիկն իր ամբողջ պատժաժամկետը անցկացրեց գյոթնոցում՝ զրկվելով ժամանակից շուտ դուրս գալու հնարավորությունից:
Բիձեն քայլելով հասավ քաղաքի ծայրամասում գտնվող ավանին: Իրիկնանում էր, իրար կողք շարված տների պատուհաններից շատերը լուսավորված էին: Հողամասից մինչև ավանի առաջին տներն ընկնող ճանապարհը դիտմամբ դանդաղ էր քայլել, որպեսզի մութն ընկնելու հետ տեղ հասնի. այդ դեպքում հավանականությունը, որ իրեն կտեսնեն, կճանաչեն, ավելի քիչ էր: Ծանոթ, թաց, դարուփոս ճանապարհով քայլեց դեպի փողոցը, որի վրա գտնվում էր տունը: «Երկու ընտրություն ա եղել,-մտածեց Բիձեն,- փողոցը չեն ասֆալտապատել»:
Խաչմերուկին կանգնած էր իր նախկին ընկերը` Վալոդը, որի հետ հաճախ ամռանը նարդի ու շախմատ էին խաղում, իսկ ձմռան երկար երեկոներին վառարանի մոտ նստած զրուցում ինչ-որ: Երեք տարվա ընթացքում Վալոդը բավականին ծերացել էր, փոխվել: Մտածեց, որ ինքն էլ ահագին փոխված կլինի, և հնարավոր է՝ Վալոդը չճանաչի իրեն: Բիձեն, նախկին ընկերոջը չնայելով, արագացրեց քայլերը և անցավ նրա կողքով: Մի քանի քայլից լսեց ընկերոջ ձայնը.
-Կանգնի հլա, դու ե՞ս:
Բիձեն կանգնեց` անհույս սպասումով, որ ընկերոջ հաջորդ հարցը գաղութում անցկացրած ժամանակի մասին չի լինի:
-Արա, էդ ճիշտ ա՞ որ…
Բիձեն շարունակեց քայլել և կանգ առավ իր տան առջև: Տան դիմացի ճանապարհը հարթ ու ասֆալտապատ էր, ձյունը մաքրված էր ու լցրած ճանապարհի երկու կողմերում:
Մի քանի տարի առաջ տնկված մատղաշ շիվերը բարձրացել, ճյուղավորվել էին, և հիմա նրանց ոչ մի ցուրտ ու երաշտ չէր կարող չորացնել. նրանք պատրաստ էին ինքնուրույն կյանքի: Ցանկապատը ներկված էր, բակը մաքրված էր ձյունից ու կարգի բերված: Տան առջև մանկական խաղահրապարակ էր սարքված, կարմիր մանր ավազի վրա տեղադրված ինքնաշեն ճոճանակը քամուց տատանվում էր, և ճոճանակի մոտ պպզած երեխան, ձեռնոցներով պաշտպանված իր թույլ ձեռքերի մեջ խաղալիք գոգաթին աշախատացնելով, առանց խանդավառության քանդում էր ցրտից սառած ու իրար կպած ավազը:
Բակի լույսը և տան լույսերը վառված էին, և ներկված, նորոգված պատուհանի ապակու միջով երևում էին խոհանոցի սեղանի մոտ նստած երիտասարդ տղամարդը և սեղանին ափսեներ դնող կինը, որի շարժումներում Բիձեն տեսնում էր այդ կնոջ` ընտանիքի հանդեպ ունեցած նվիրումն ու սերը: Տղամարդը ինչ-որ բան ասաց, և կինը ծիծաղեց, գլխով բացասական պատասխան տվեց և նայեց նրան ջերմ ու կամակոր հայացքով: Կնոջ խոհուն, սև աչքերը և երկար, առողջ մազերը փայլում էին խոհանոցի պայծառ լույսի տակ և հաճելի վերհուշ էին արթնացնում. նա նման էր իր կնոջը, այդ տարիքում կնոջ մազերն էլ էին փայլում, և աչքերում նույն փայլն էր առկայծում, երբ ժպտում էր: Բիձուն նույնիսկ թվաց, թե տղամարդն էլ իրեն է նման:
Կինը անցավ միջանցքով, դուռը բացելով` ձայն տվեց ավազի վրա պպզած երեխային, և երեխան մոր ձայնը լսելով` վեր կացավ ու վազեց դեպի մայրը: Սովորաբար մութն ընկնելուն պես ծնողները նրան տուն էին կանչում, և նա համառում, ուզում էր մի քիչ էլ խաղալ, բայց այդ օրը ծնողները թողեցին սրտի ուզածի չափ խաղա, և մինչ հայրն ու մայրը խոհանոցում գործ էին անում ու վայելում միմյանց ներկայությունը, երեխան հասցրել էր կարոտել ծնողների հոգատարությունը և սպասում էր, թե երբ կհիշեն իրեն: Նրա ձեռքերն ու ոտքերը սառել էին, բայց ինքնակամ, առանց մոր կամ հոր կանչի տուն վերադառնալը նրան անբնական էր թվում, ինչպես որ Բիձու համար անբնական էր կանգնել իր տան առջև անտունի կարգավիճակում:
Տղան վազեց դեպի մայրը, գրկեց մոր ոտքերը և հուզված, ամեն պահ արտասվելու պատրաստ ասաց.
-Մամ, ինչո՞ւ շուտ չէիր կանչում:
Մայրը կարճ ծիծաղեց, ապա պպզելով գրկեց երեխային ու համբուրեց սառած այտը:
-Ուրեմն, մինչև քեզ չկանչեն, տուն չես մտնի, հա՞:
-Հա,- խոստովանեց տղան:
Մայրը փակեց տան դուռը և անջատեց բակի լույսը: Ապա հանեց երեխայի ձեռնոցները, գլխարկը, բաճկոնը: Քիչ անց նրանք արդեն նստած էին խոհանոցի սեղանի շուրջը: Բիձեն հմայված հետևում էր այդ գեղեցիկ ընտանիքի ընթրիքին, թե ինչպես են ծնողները քնքշությամբ նայում իրենց զավակի` պատառաքաղից օգտվելու փորձերին, ինչպես են ծիծաղում, երբ նա հոգնելով բարկացած մի կողմ է դնում պատառաքաղը և ձեռքով է վերցնում կարտոֆիլի տապական, ինչպես է մայրը հոգատարությամբ տապակած մսի նոր կտորներ դնում նրանց ափսեների մեջ, հյութ լցնում կիսատված բաժակներում: Մի ժամանակ իր ընտանիքն էլ էր այդպես համերաշխ, մինչև որդին մեծացավ, անվերադարձ Ռուսաստան մեկնեց, իսկ կինը մահացավ՝ աչքը որդու ճանապարհին:
Բիձեն տան մոտ էր եկել, որովհետև կարոտել էր իր տունը և որովհետև կարծում էր, որ իր հին իրերից ինչ-որ բան պահպանված կլինի` կնոջ ու իր լուսանկարներով ընտանեկան ալբոմը, ինչ-որ բան հագուստից և այլն, բայց հիմա Բիձեն ափսոսում էր կտրել նոր տերերին իրենց առօրյա երջանկությունից և իր կարիքներով խուժել նրանց կյանք: Նա ուրախ էր, որ իր տունը լավ ընտանիքի է բաժին հասել. գուցե նրանց հաջողվի անել այն, ինչ չէր հաջողվել իրեն` կառուցել համերաշխ ընտանիք, որտեղ սերն ու հարգանքը պահպանվում են, տարիների ընթացքում չեն կորչում:
Տնից մինչև ավանի հակառակ ծայրում գտնվող գերեզմանոցը կես ժամվա ոտքի ճանապարհ էր, բայց Բիձու անշտապ քայլերով ժամուկես տևեց. ինչո՞ւ շտապել, միևնույնն է, կինը ոչ մի տեղ չէր գնա այնտեղից, և երբ էլ տեղ հասներ, հանդիպումը կայանալու էր: Բիձու ոտնաձայների վրա գերեզմանոցի պահակը՝ մոտավորապես նույն տարիքի մի ծերունի, դուրս եկավ պահակատնից` տեսնելու, թե ով է եկողը: Գիշերը իրենց հանգուցյալ հարազատներին այցի եկող հարբած տղամարդիկ երբեմն պատահում էին, բայց ավելի հաճախ գերեզմանների մետաղյա ցանկապատերի գողերն էին գալիս: Հենց նախորդ օրը պահակը մի անչափահաս պատանու էր բռնել գողության վրա, խղճացել էր, ոստիկանության ձեռքը չէր հանձնել: Բաց էր թողել, ուղղվելու հնարավորություն էր տվել, բայց նա լավ գիտեր այդ հանդուգն ջահելներին. սովորաբար նրանք նորից էին փորձում իրենց բախտը, և այդ ժամանակ պահակը այլևս չէր ներում գողերին:
Բիձեն գողի տեսք չուներ. գողն այդպես դանդաղ, գլխահակ ու մտամոլոր չի քայլի: Իսկ երբ մոտիկից տեսավ նրան, ճանաչեց` երեք-չորս տարի առաջ մահացած կնոջ ամուսինն էր, որ վաղուց չէր երևացել գերեզմանոցում:
-Բարև,- ասաց պահակը,- ուղեկցե՞մ, թե՞ կգտնես:
-Կգտնեմ,-պատասխանեց Բիձեն,- աստծու բարին:
– Քո բացակայության ժամանակ տիրություն եմ արել,- ասաց պահակը՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու անթաքույց ակնկալիքով:
– Շնորհակալ եմ,- ասաց Բիձեն,- բայց ներող կլինես, չեմ կարող վարձահատույց լինել:
– Ի՞նչ ես ասում, ես հո դրա համար չեմ…, – անկեղծորեն նեղացավ պահակը. նա խնամում էր անտեր թողնված գերեզմանները, և երբ տերերը հայտնվում էին, տեղեկացնում էր իր աշխատանքի մասին` հուսալով, որ վարձահատույց կլինեն, բաց դա չէր նշանակում, թե հենց սկզբից ֆինանսական ակնկալիք է ունեցել, պարզապես նա մենակ մարդ էր և կուզենար, որ երբ մեռնի, ինչ-որ օտար մեկը երբեմն հոգ տանի իր գերեզմանի մասին, որպեսզի իրենից մոլախոտով ծածկված մի կտոր չմնա, որի վրայով բոլորը կանցնեն-կդառնան, այլ երևա, որ այդտեղ մարդ է պառկած:
Թեև գերեզմանոցում մեռյալ մթություն էր, Բիձեն հեշտությամբ գտավ կնոջ հանգստարանը: Կնոջ հուղարկավորումից հետո, մինչև բանտարկվելը նա գրեթե ամեն օր գալիս էր գերեզմանոց, երբեմն նույնիսկ ուտելիք էր բերում և ճաշում գերեզմանոցում. երեսունհինգ տարվա համատեղ հացկերույթից հետո դժվար էր վարժվել մենակ հաց ուտելուն:
Կնոջ գերեզմանը ցանկապատված չէր, մահվանից հետո որդու ուղարկած փողը միայն թաղման և գերեզմանաքարի պատրաստման ծախսին էր բավարարել: Բիձեն հույս ուներ, որ որդին տան վաճառքից ստացված փողով սարքած կլինի, բայց որդին ոչինչ չէր արել, ով գիտի` գերեզման չէր էլ եկել:
Բիձեն նստեց գերեզմանաթմբից քիչ հեռու ընկած քարի վրա և, գրպանից ծխախոտ հանելով, վառեց: Նա ամաչում էր, որ երկարատև բացակայությունից հետո առաջին հանդիպումն էր, ու ինքն առանց ծաղիկների ու խունկի էր եկել: Խոսակցությունը չէր ստացվում:
– Բաց թողեցին,- անուրախ ասաց Բիձեն,- ո՞նց ես, այստեղ, առանց ինձ:
Մոտ մեկ ժամ Բիձեն նստած մնաց գերեզմանի մոտ ընկած սառը քարի վրա: Նրա ձեռքերն ու ոտքերը, հետույքն ու ճաղատը սառել էին: Մութ գիշերվա գերեզմանային լռությունը մարմինը և հոգին հակում էին քնի, և Բիձու մեջ կնոջ կողքին հավերժորեն պառկելու, հանգստանալու ցանկություն էր առաջնում, բայց նա դեռ անելիքներ ուներ. պետք է գերեզմանը ցանկապատեր, իր գերեզմանաքարի պատրաստման ու թաղման ծախսը հայթայթեր: Իր համար չէր մտահոգվում, որովհետև այն կարգավիճակը, որ կամովին ընտրել էր, նրան դուրս էր դնում հասարակական կարծիքից կախված լինելու վիճակից: Մտահոգվում էր, որ կնոջ գերեզմանը ցանկապատված լինի, որ կողքին պառկած ամուսինը քիչ թե շատ շնորհքով թաղվի. կնոջ կողքին թաղվելուն արժանանալու համար նա պետք է հաղթահարեր այդ փորձությունը, ցույց տար իր տղամարդկությունը:
Բիձեն ձեռքերը և ճակատը շփելով քայլում էր: Աստիճանաբար արագացնում էր քայլերը, որպեսզի տաքացնի հոգնատանջ ու քնի կարոտ մարմինը. ազատ արձակվելու սպասումն ու անորոշ ապագայի հանդեպ ունեցած վախերը չէին թողել, որ նախորդ գիշեր քնի, և հիմա քնապակաս մարմինը պակաս դիմացկուն էր ցրտի հանդեպ:
Պահակը, որ մարդակարոտ էր, օրեր շարունակ միայն հանգուցյալների հետ էր շփվում, պահակատան բաց դռնից հորդացող լույսի ու տաքության մեջ կանգնած սպասում էր` ինքնավստահ կեցվածքով, այնպես, ինչպես տանտերը կդիմավորի հյուրին իր տան առջև կանգնած:
– Ներս արի, տաքացիր,- առարկություն չհանդուրժող ձայնով ասաց նա, երբ Բիձեն հավասարվեց նրան:
Բիձեն անխոս քայլեց դեպի պահակատունը, որի բաց դռնից նրան էր հասնում չափից ավել թթված թթվի կծվահոտը, իսկ դռան դիմաց նրա երեսին խփեց սենյակից եկող տաքությունը:
Փոքրիկ սենյակում, որտեղ ապրում և աշխատում էր ծերուկը, մի թախտ էր դրված, դիմացը` փոքր սեղան, իսկ սեղանի վրա` հաց, թթու, օղի և օղու բաժակներ: Օղին բացված էր, բայց վրայից խմված չէր:
-Նստիր,- ասաց հյուրընկալ ծերուկը,- խմելու հետ ո՞նց ես:
-Մի ժամանակ լավ էի,- պատասխանեց Բիձեն՝ թախտին նստելով ու մտմտալով՝ արժե՞ արդյոք ասել ծերուկին, թե որտեղ է անցկացրել բանտարկությունը:
-Իսկ ես նոր եմ սկսել,- ասաց պահակը,- էն օրվանից, ինչ պահակ եմ աշխատում:
-Հեշտ չի հանգուցյալների հետ…
-Չէ,- ընդհատեց պահակը, – հանգուցյալների հետ հեշտ է, ողջերի հետ է դժվար: Դու ճիշտ չհասկացար` ես մեռելներից չեմ վախենում, ուղղակի ափսոսս գալիս է, որ գերեզմանաթմբերի մոտ թողած խմիչքը թափեմ:
Ծերուկը լցրեց բաժակները` առանց ոգևորության, շտապողականության կամ ձեռքերի դողի, ինչը վկայում էր, որ իսկապես հարբեցող չի և միայն ափսոսանքից դրդված է խմում: Բիձեն այնպիսի զգացողություն ուներ, որ չարաշահում է պահակի բարեսրտությունն ու հյուրընկալությունը և խղճի խայթ էր զգում, որ չէր զգուշացրել նրան, թե ով է ինքը:
– Կներես, ես չպետք է ընդունեի քո առաջարկը,- ասաց Բիձեն` տեղից բարձրանալով,-դու չգիտես, թե ով եմ ես: Եթե իմանաս, ինձ հետ հացի չես նստի:
-Նստիր,- ասաց ծերուկը,- ինձ համար նշանակություն չունի: Նստիր: Ես այս հանրակացարանի բնակիչների մասին ամեն ինչ գիտեմ և նրանց հարազատների մասին էլ:
Պահակը իսկապես գիտեր բոլոր նոր թաղված հանգուցյալներին, ինչպես ինքն էր ասում` հանրակացարանի բնակիչներին, գիտեր, թե ինչ հարազատներ ունեն նրանք, ում գերեզմանին ով է այցելում և ինչ հաճախականությամբ: Գիտեր նաև Բիձու պատմությունը, որ լսել էր նրա հարևաններից, երբ նրանց հարցրել էր, թե ինչու այլևս չի այցելում կնոջ գերեզմանին:
Մի քանի բաժակ օղուց հետո հաճելի ջերմություն տարածվեց Բիձու մարմնով, գլուխը թմրեց , խառնիխուռն մտքերը, որ ողջ օրը հանգիստ չէին տալիս նրան, հօդս ցնդեցին: Նա զգաց, թե ինչպես են իր կոպերը փակվում, բայց չդիմադրեց և թողեց, որ քունը հաղթի հոգնած մարմնին:
Առավոտյան իրեն գտավ թախտի վրա պառկած և ծածկոցով ծածկված: Պահակը ննջում էր էլեկտրական ջեռուցիչի կողքին՝ աթոռակի վրա նստած: Բիձեն բարձրացավ թախտից, հագավ բաճկոնը և անխոս դուրս եկավ պահակատնից, որպեսզի չխանգարի պահակի հանգիստը և որպեսզի չհանդիպի նրան, որովհետև չէր կարողանալու խոսքեր գտնել իր երախտագիտությունը հայտնելու համար:
Բարակ բաճկոնի մեջ կուչ եկած Բիձեն քայլում էր դատարկ փողոցների սառցակալած ճանապարհով և մտածում էր իր հետագա անելիքների մասին: Պետք էր անձնագիր հանել, որ կարողանա թոշակ ստանալ, և պետք էր ինչ-որ տեղ աշխատանքի ընդունվել: Բայց տոնական օրեր էին, և մինչև ամսի 13-ը հազիվ թե անձնագրային բաժինը բաց լիներ:
Բիձեն քայլերն ուղղեց դեպի իր նախկին տունը. հույս ուներ, որ անձնագիրը գտնված կլինի, ու նոր տանտերը պահած կլինի այն: Նրա ձերբակալության ժամանակ անձնագիրը մոտը չէր, և երբ ոստիկանները պահանջեցին, Բիձեն գլուխն ազատելու համար ասաց, թե կորցրել է: Նրան այդպես էլ առանց անձնագրի դատեցին ու բանտարկեցին:
Ներկված ու վերանորոգված դարպասի մոտ տաքանալու նպատակով տեղում քայլելով` նա սպասում էր, մինչև տնից մարդ դուրս կգա, և ինքը կկարողանա իրեն հետաքրքրող հարցերը տալ: Չէր ուզում խանգարել նրանց հանգիստն ու քունը դռան զանգով, որ նոր էր տեղադրված և իրենց ժամանակ չկար: Հիշեց, որ կինը պարբերաբար խնդրում էր իրեն զանգ տեղադրել, ինքը խոստանում էր անել, բայց ականջի հետև էր գցում: Իսկ հիմա իր նախկին տանը նախանձով ու ուրախությամբ էր նայում: Այն, ինչ երեսուն տարում ինքը չէր կարողացել անել, տան նոր տերը երեք տարուց պակաս ժամանակում արել էր:
Բավական ժամանակ անցավ, մինչ տան դուռը բացվեց, և տղամարդը դուրս եկավ ու, գործնական շատապողականությամբ բանալիների խրձի մեջ ավտոտնակի բանալին փնտրելով, քայլեց դեպի ավտոտնակը: Միայն ավտոտնակի դռները բացելուց հետո նկատեց Բիձուն և հարցական նայեց նրան:
-Բարի լույս,- ասաց Բիձեն:
-Բարի լույս, ինչո՞վ կարող եմ օգնել:
-Ես ճանաչում էի էս տան նախկին տերերին,- ասաց Բիձեն:
-Հա, երեք տարի է, ինչ այս տունը գնել եմ:
-Գիտեմ, տան նախկին տերը իմ ընկերն էր: Հիմա նա չկա, ուզում եմ նրա իրերից ինչ-որ հիշատակ վերցնել: Նրա հագուստներից կամ ընտանեկան լուսանկարներից:
– Ցավում եմ, բայց ոչինչ չի մնացել, միայն կահույքից ինչ-որ բաներ և մեկ էլ` աման-չաման: Մենք տունը կահույքով գնեցինք, ու թեև տանտերն ասաց, որ մնացած իրերը իրեն պետք չեն, բայց մենք չթափեցինք, դրեցինք նկուղում, որ գա վերցնի: Մի ամիս առաջ եթե գայիք, դրանք նկուղում դրված կլինեին, բայց ինձ նկուղի տարածքը պետք էր, և ստիպված աղբատար մեքենա վարձեցի ու թափեցի ամբողջը:
-Ափսոս,- ասաց Բիձեն,- մի ամիս առաջ ես այստեղ չէի:
Բիձեն քայլում էր հարազատ թաղամասի սառցակալած փողոցներով և մտածում, թե որտեղ պիտի քնի, և ինչպես պիտի ապրի մինչև աշխատանք գտնելը: Գրպանում 5000 դրամ ուներ, որ գաղութի իրենց մասնաբաժնի տղաներն էին հավաքել ու նվիրել, և անֆիլտր ծխախոտի տուփի մեջ մի քանի գլանակ: Կբավարարի՞ այդ գումարը մինչև տոնական օրերի վերջը, մինչև անձնագրային բաժնի բացվելը, անձնագիր հանելը ու աշխատանք գտնելը: Նա շտապում էր դուրս գալ մի ժամանակ հարազատ, իսկ հիմա թշնամական թաղամասից, որտեղ բոլորը գիտեին, թե որտեղ է անցկացրել բանտարկության տարիները: Պետք էր շտապ հեռանալ այդտեղից և այնպիսի թաղամաս գնալ, որտեղ ոչ ոք չէր ճանաչի իրեն. ազատության մեջ անցկացրած առաջին րոպեներին` սև ջիփի վարորդի հետ հանդիպումից հետո հասկացել էր, որ պետք է գաղտնի պահի բանտարկության տարիները, որպեսզի չծանրացնի իր` առանց այդ էլ ծանր վիճակը:
Երբ հասավ քաղաքի կենտրոնական մասը, արդեն իրիկնանում էր: Կենտրոնը զարդարված էր տոնական լույսերով, խանութների ու սուպերմարկետների մոտ դեռևս շարունակվում էր տոնական առևտրի եռուզեռը: Մեքենաների անվերջանալի հոսքը, տուն շտապող անհամբեր վարորդների զիլ ազդանշանները, տարիքն առած անցորդների մտախոհ դեմքերը, երիտասարդների ու մանուկների ուրախ ու գոհ ժպիտները հոգսաշատ տոնի վաղանցուկ զգացողություն էին հաղորդում նրան: Ուրիշի մտահոգություններ` մինչև ժամը 12-ը ամեն ինչ չհասցնելու մտավախությունը, վարկով արված առևտրի կամ այդ տարվա ամանորյա սեղանի պակասության պատճառով առաջացած նեղսրտածությունը և ուրախությունները` նոր տարվա հետ կապած հույսերն ու սպասումները, երջանիկ անգիտության մեջ ապրող երեխաների ամանորյա հեքիաթը փոխանցվում էին նրան, և կյանքը հնարավոր էր թվում:
Վաղուց նա չէր եղել քաղաքի կենտրոնում: Թոշակի անցնելուց հետո կյանքն անցել էր իրենց ծայրամասային գորշ թաղամասում, տնից հողամաս, հողամասից տուն ճանապարհին: Սուպերմարկետների, բրենդային խանութների փայլուն ցուցանակների ու Հյուսիսային պողոտայի մասին էլ միայն հեռուստացույցից գիտեր: Եվ հիմա բաց թողածը տեսնելու անհագուրդ ցանկությամբ քայլում էր այնքան, մինչև ոտքերը հոգնում էին: Այդ ժամանակ նստում էր փողոցում տեղադրված նստարանների վրա և շունչ առնելուց հետո շարունակում քայլքը:
Հանրապետության հրապարակում տոնական համերգը սկսվել էր, և երաժշտության ձայնը իր կողմը գրավեց Բիձուն: Նա նստեց հրապարակի մոտակայքում դրված նստարաններից մեկին և սկսեց հետևել համերգին ու հրապարակ եկած բնակչությանը: Մինչև լուսաբաց նա այլևս տեղից չշարժվեց, լսեց հանրահայտ երգիչների ելույթները ու հանրապետության նախագահի ամանօրյա ուղերձը, որ հեռարձակվում էր հրապարակում տեղադրված մեծ էկրանից, տեսավ շքեղ հրավառությունը, հանդիսատեսների ցրվելը, հարբած Ձմեռ պապի ու Ձյունանուշի և պարսիկ զբոսաշրջիկների ծեծկռտուքը, տեսավ ոստիկանական մեքենան, որ պտտվում էր դատարկ հրապարակով, և որի բարձրախոսից ամենայն հավանականությամբ խմած ոստիկանը հայհոյախառը բառապաշարով անիծում էր իր բախտը, որ հենց իրեն է բաժին հասել նոր տարվա օրով հերթապահություն իրականացնել:
Նա նստարանի վրա մեկնվեց ու քնեց ուշ գիշերին, երբ լուսաբացին մեկ-երկու ժամ էր մնացել: Առավոտյան նրան արթնացրեց Գոքորը` անթրաշ և անլվա, մաշված, կեղտոտ ջինսե տաբատով ու բաճկոնով տղամարդը: Նրա ձեռքին օղու փոքր շիշ էր:
-Վեր կաց,- բզում էր նա Բիձուն,- էս օրով մենակ խմել չի լինում:
Բիձեն թեև մրսած էր, բայց խմելու ցանկություն չուներ, ավելի հաճույքով ինչ-որ բան կուտեր, բայց չուզեց անտունի ի սրտե արված առաջարկը մերժել: Նա վերցրեց իրեն մեկնված օղու շիշը ու մի փոքր կում անելով այն վերադարձրեց Գոքորին, որի տարիքը դժվար էր որոշել:
– Գնանք իմ տուն,- առաջարկեց Գոքորը:
Բիձեն տեղ չուներ գնալու և համաձայնեց:
Գոքորի տունը վթարային, կիսով չափ քանդված շինության նկուղային հարկն էր: Այդ շինությունը ենթակա էր քանդման, և դրա տեղում էլիտար բարձրահարկ շենք պիտի կառուցվեր, որտեղ պետք է ապրեին հաջողակ մարդիկ, որոնք աշխատանք ու եկամուտ ունեին: Շինարարությունը, սակայն, եղանակային պայմանների, թե ֆինանսների անբավարարության պատճառով դադարեցված էր, շինտեխնիկան դուրս էր բերվել տարածքից: Նկուղային հարկում, որտեղ ապրում էր Գոքորը, տարաբնույթ ապրանքների կույտեր կային: Մանկական սայլակներ, դատարկ ճամպրուկներ, տարբեր չափսերի աթոռներ, մի սև-սպիտակ էկրանով հեռուստացույց և հեռուստացույցի առջև դրված բազկաթոռ, սովետական արտադրության ձայնարկիչներ, որոնցից միայն մեկն էր աշխատում, բազմաթիվ ամսագրեր ու գրքեր, ապակյա տարաներ, շշեր, մետաղյա ջարդոն` էլեկտրալարեր, ալյումինե ու պղնձյա ամաններ և այլն:
Բիձեն մնաց Գոքորի մոտ, և նրա տունը իր տունն էլ դարձավ: Նրանք գրեթե չէին շփվում, հազվադեպ էին միասին հաց ուտում, բայց մեկի գոյությունը մյուսի համար հենարան էր: Մի երեկո, երբ մի քանի բաժակ օղի էին խմել ու պառկել քնելու, Գոքորը անկեղծացավ. «Քեզանից առաջ այստեղ Սևոն էր ապրում, նրան գիշերով գնդակահարեցին սանիտարական վարչության տղաները»: Բիձեն երախտապարտ էր Գոքորին նրա բարեսրտության համար, բայց անտեր-անտուն շան կարգավիճակը, որին որդեգրում են ու ապահովում սնունդով, նրա արժանապատվությունը խոցում էր. դա այն չէր, հանուն ինչի շարունակում էր իր ողորմելի կյանքը: Այդ զրույցի հաջորդ առավոտյան նա կրկին գնաց իր նախկին տան թաղամասի ոստիկանության անձնագրային բաժանմունքը: Նա արդեն մի քանի անգամ եղել էր այնտեղ, սենյակից սենյակ էր անցել, բայց գործը գլուխ բերել չէր հաջողվել:
Մոտ երկու ժամ սպասեց անձնագրային բաժնի պետի դռան մոտ: Երբ պետը ժամանակ գտավ նրան ընդունելու համար, Բիձեն կամաց թակեց դուռը և անվստահ քայլերով մտավ նրա սենյակ:
-Բարև ձեզ, կարելի՞ է,- ասաց Բիձեն ցածրաձայն:
Պետը հիսունն անց կին էր` մանկամարդ պոռնիկի շպարով: Նա մի կարճ հայացք գցեց Բիձու վրա և, հայացքը սեղանին դրված թղթերին հառելով, դեմքի դժգոհ արտահայտությամբ, որ իրեն ինչ-որ բոմժ կտրել է պետական կարևոր գործերից, ասաց.
-Ասա:
– Ես նոր եմ գաղութից դուրս եկել, անձնագիրս կորցրել եմ մինչև նստելը: Հիմա ինձ անձնագիր չեն տալիս:
-Գնացեք առաջին սենյակը, կասեն, թե ինչ փաստաթղթեր ա պետք:
-Գնացել եմ,- ասաց Բիձեն,- ձեր մոտ են ուղարկել:
Բաժնի պետը հայացքը բարձրացրեց, կասկածով ու զզվանքով լի հայացքով նայեց Բիձուն, ապա վերցնելով հեռախոսի ընկալուչը` լսափողի մեջ ասաց.
-Ռուզան, անցի իմ մոտ,- ապա ընկալուչը ցած դնելով` ավելացրեց,- հիմա կտեսնենք:
Մի քանի վայրկյան անց ներս մտավ անձնագրային բաժնի աշխատող աղջիկը, որի մոտ Բիձեն մի քանի անգամ արդեն եղել էր:
-Ի՞նչ խնդիր կա սրա անձնագրի հետ կապված,- հարցրեց պետը:
– Ռոմելլա Միքեյելովնա,- հարգալից ձայնով խոսեց աղջիկը՝ երկարացնելով «Ռոմելլա» բառը,- անձնագիրը կորցրել ա, ոչ գրանցում ունի, ոչ թաղապետարանից թուղթ ունի, ոչ տնային գրքույկ…
Աղջիկը ուզում էր շարունակել թվարկումը, բայց բաժնի պետը ընդհատեց.
-Լավ, ազատ ես,- ասաց բաժնի պետը աղջկան, ապա դարձավ դեպի Բիձեն,- մինչև համապատասխան փաստաթղթերը չներկայացնես, չենք կարող անձնագրավորել:
Բիձեն դուրս եկավ սենյակից. պետի հետ վիճելը, ինչ-որ բան բացատրելը անիմաստ էր, ինչպես որ անիմաստ ու անարդյունք էր եղել նրա ենթակաների հետ խոսելը:
Բիձեն աստիճանաբար վարժվեց անտունի կարգավիճակին և սկսեց զբաղվել այն գործով, ինչով Գոքորն էր զբաղվում: Նա գիշերները մետաղյա ջարդոն ու ապակե շշեր էր հավաքում աղբամաններից: Իսկ ցերեկները աշխատանք գտնելու հույսով գնում էր «ֆայլաբազար», բայց նրան շատ հազվադեպ էին աշխատանք վստահում: Նա շինարարական աշխատանքների վարպետ չէր, իսկ որպես բանվորական ուժ տանում էին երիտասարդներին: Նրան փոքր վարձով վերցնում էին հիմնականում կեղտոտ գործերի համար` աղբը թափելու կամ պայթած կոյուղագծերի կեղտաջրերը դատարկելու համար: Բայց մի օր պատահեց այնպես, որ աշխատանք գտնելու համար «ֆայլաբազար» եկած նորեկը, ով նրա հետ նույն ժամանակահատվածում նստել էր գաղութում, ճանաչեց նրան:
-Տղերք, էսի գյոթ ա,- ասաց երիտասարդը ու հայհոյելով մոտեցավ, ոտքով հարվածեց,- նույն գաղութում ենք նստել:
«Ֆայլաբազարում» կանգնողներից մի քանիսը միացան երիտասարդին ու սկսեցին ոտքերով հարվածել ծերուկին, որը «գյոթ» լինելով` համարձակվել էր իրենց հետ նույն տեղում կանգնել, հաց ուտել: Բիձեն չէր պաշտպանվում և անձայն տանում էր հարվածների պատճառած ցավը: Ծեծն ավարտվեց միայն այն ժամանակ, երբ քիչ այն կողմ, ծեծին չմասնակցող տղամարդկանց խմբի մոտ թանկարժեք մեքենա կանգնեց: Բոլորը մոռացան Բիձուն և շտապեցին դեպի մեքենայից իջած գնդլիկ տղամարդը, որը վստահաբար ինչ-որ աշխատանք էր առաջարկում և սակարկում էր վարձի շուրջ:
Երբ բոլորը հեռացան, Բիձեն բարձրացավ ընկած տեղից, թափ տվեց կեղտոտ շորերի վրայի փոշին, ձեռքի ափով սրբեց պատռված շրթունքից հոսող արյունը և քայլեց: Այդ օրվանից հետո Բիձեն այլևս «Ֆայլաբազարում» չերևաց, և նրա միակ աշխատանքը դարձավ աղբամանները քրքրելը:
Այդ գիշեր Գոքորը չվերադարձավ կացարան: Ուշ գիշերին Բիձեն դուրս եկավ կացարանից և փնտրեց նրան բոլոր այն վայրերում, որտեղ նա կարող էր լինել, ոտքի տակ տվեց քաղաքի կետնրոնական մասը, բայց ոչ մի տեղ չգտավ Գոքորին: Հույս ուներ, որ այն ընթացքում, ինչ ինքը փնտրում էր նրան, Գոքորը վերադարձած կլինի կացարան, բայց Գոքորը չկար: Կացարանում նրա իրերն էին, նրա յուրահատուկ գարշահոտը, որ գալիս էր հագուստի վրայից, և կուտակած ինչքի կույտերը: Հիշեց` մի օր, երբ պառկել էին քնելու, Գոքորն ասել էր. «Էս հարստությունս քեզ եմ ժառանգում, քոռուփուչ չանես ունեցվածքս»: Հաջորդ օրը Բիձեն մոտակա կրպակից գնեց բոլոր օրաթերթերը և ծայրից ծայր կարդաց բոլորը` Գոքորի մասին ինչ-որ տեղեկություն ստանալու սպասումով, բայց նրա անհետացումը լրատվական իրադարձություն չէր դարձել:
Բիձեն կիսաքանդ շենքի նկուղում ապրեց մինչև մայիս: Այնուհետև ստիպված էր հեռանալ կացարանից, որովհետև շենքի քանդման աշխատանքները շարունակվեցին: Մի առավոտ նա քնից վեր թռավ ուժեղ աղմուկից: Շենքը ցնցվում էր, ճաք տված առաստաղից փոշի էր թափվում: Սկզբում մտածեց, որ երկրաշարժ է, բայց, երբ ականջին հասան վերամբարձ կռունկի և աշխատող բանվորների ձայները, հասկացավ, որ ձմռան ընթացքում դադարեցված շինարարական աշխատանքներն են շարունակվում: Բրեզենտե պարկի մեջ արագ լցրեց Գոքորի և իր կուտակած մետաղյա ջարդոնը, պայուսակի մեջ տեղավորեց հավաքված շշերի մի մասը, վերցրեց դոշակի տակ պահված խնայողությունները և դուրս եկավ շենքի նկուղից:
Նա հեռվից տեսավ, թե ինչպես շենքը հիմնովին քանդվեց և փլատակների տակ մնաց, փոշիացավ Գոքորի ունեցվածքը, որ ինքը պարտավորվել էր պահել-պահպանել: Աննահանջ տխրություն իջավ նրա հոգուն, և ներսում մի բան կծկվեց կորստի ցավից ու ափսոսանքից: Սեփական տան կորուստը այսպես չէր վշտացրել նրան, որքան քանդված շինության կորուստը, որտեղ բնավորվել էին ինքն ու Գոքորը:
Մետաղյա ջարդոնը և ապակյա շշերը ընդունման կետերում հանձնելուց հետո նա նստեց այգու նստարանին և ստացված եկամուտը իր խնայողությունների վրա դնելով` հաշվեց փողը: Տասնվեց հազար չորսհարյուր քսան դրամ: Սա նրա հինգ ամսվա խնայողությունն էր, որ հավաքել էր «ֆայլաբազարում» պատահած կեղտոտ աշխատանքով և աղբամաններում քուջուջ անելով: Կնոջ գերեզմանը ցանկապատելու և իր գերեզմանաքարը պատվիրելու համար շատ ավելին էր պետք: Հիմա, երբ այլևս չէր կարող «ֆայլաբազար» գնալ, երբ կացարան չուներ, փող հայթայթելն ավելի էր դժվարացել, իսկ անհրաժեշտ գումարը հավաքելն արդեն անիրականանալի էր: Բիձեն մտածում էր, որ անհրաժեշտ գումարը հավաքելու համար պետք է ժամանակավորապես արտագաղթի, խոպան գնա` վերադառնալու և կնոջ կողքին հանգչելու պայմանով: Պետք էր այնպիսի վայր գնալ, որտեղ իրեն չէին ճանաչում, չգիտեին գաղութում անցկացրած ժամանակահատվածի մասին: Ամենահնարավոր տարբերակը Ռուսաստանն էր, որտեղ գուցե որդուն էլ կարողանար գտնել և, արժանապատվությունը մի կողմ թողնելով, խնդրել, որ անհրաժեշտ գումարը տրամադրի:
Մեկ շաբաթից ավել Բիձեն քնեց Հրազդանի կիրճում կամ այգու նստարանների վրա: Ամբողջ այդ ժամանակահատվածում նա փորձում էր ելքեր գտնել ստեղծված իրավիճակից, բայց ոչ մի օգտակար միտք գլխում չէր ծնվում: Անձնագրային բաժին գնալը արդյունք չէր տա` անտուն և անգրանցում մարդը այնտեղ ոչ մեկին պետք չէր, իսկ առանց անձնագրի չէր կարող երկրից դուրս գնալ: Տասը օր անց Բիձուն թվաց, թե գտել է ելքը:
Ամբողջ օրը Բիձեն նստած էր Հանրապետության հրապարակից սկսվող պուրակում դրված նստարանին` դատախազության շենքի մերձակայքում, կառավարության շենքից քիչ հեռու: Դեմքին անտարբեր հոգնություն կար. նա հոգնել էր կարեկից սրտի սպասումից: Նրա ձեռքերը անճարակ կախվել էին ցած, իսկ ոտքերը ժանգոտ, ծուռումուռ մեխերով մեխված էին տախտակի երկու կտորներին, որ թռցրել էր իր նախկին կացարանի շինհրապարակից: Նա ուզում էր ուշադրություն գրավել, պահանջել, որ իրեն անձնագիր տան, բայց անցորդների մեծ մասը անտարբեր անցնում էր նրա կողքով, ասես ինքը անտեսանելի է, ասես գոյություն չունի. մի մասը՝ ծաղրում ու ծիծաղում, մյուսները շտապ քայլերով հեռանում էին` փախչելով սարսափելի իրականությունից, չցանկանալով հավատալ տեսածին: Բիձեն համոզվել էր, որ մարդկանց աչքերը և հոգիները սովորել են թշվառությանը, իսկ մի մասն էլ հեռու է փախչում, ասես ինքը վարակ է, կարող է իրենց էլ վարակել, բայց չէր կարծում, թե նրանց հոգիներն այնքան են կարծրացել, որ կարող են չնկատել հուսահատության եզրին հասած և ինքնավնասման ծայրահեղ քայլին դիմելու պատրաստ մարդուն:
Ազատության մեջ անցկացրած ժամանակահատվածում Բիձեն նորից էր բացահայտում աշխարհը, որում այդքան տարի ապրել էր ու չէր ճանաչել: Բայց չէր չարանում մարդկանց վրա, որոնց զգալի մասը ապրում էր այն սահմանագծին, որից այն կողմ կարող էր հայտնվել իր կարգավիճակում: Դրա պատճառով էին նրանք չտեսնելու տալիս թշվառությունը, դրա պատճառով էին հեռու փախչում իրենից, ասես դրանով փորձում էին ապահովագրվել, հեռացնել, վանել իրենց սպառնացող թշվառությունը:
Գաղութում շատ դեպքեր էին լինում, երբ մարդիկ ինչ-ինչ պատճառներով անժամկետ հացադուլ էին հայտարարում, կտրում էին մատները, կարում աչքերը կամ բերանը, բայց նրանց հուսահատ արարքը համարժեք ուշադրության չէր արժանանում: Բիձեն կարծում էր, թե դրսում ուրիշ վերաբերմունք կլինի, բայց դրսի աշխարհը ավելի անհոգի էր, քան գաղութինը:
Գաղութից ազատվելու առաջին իսկ օրը մտածել էր վերադարձի մասին, բայց դրա համար նա պետք է ինչ-որ հանցանք գործեր, ինչ-որ մեկին վնասեր: Քանի անգամ խանութների ցուցափեղկերի մոտով անցնելիս ցանկություն էր առաջացել ջարդել ցուցափեղկերից մեկը և վերադառնալ գաղութ, որտեղ գնալու համար անձնագիր պետք չի, որտեղ սնունդ ու կացարան են տալիս, որ մարդը կարողանա գոյությունը քարշ տալ: Վերադարձի միտքը հանգիստ չէր տալիս նրան, բայց Բիձեն ամեն անգամ վանում էր այն իրենից. նա հանցագործ չէր և չէր համակերպվում այն մտքի հետ, որ կարող է ինչ-որ մեկին վնասել: Բացի այդ, գաղութ վերադառնալու ցանկությունը նրան եսամոլություն էր թվում և դավաճանություն կնոջ հիշատակի առջև:
Մթնում էր, քաղաքի լույսերը վառվում էին շլացուցիչ պայծառությամբ, և նկատված լինելու հավանականությունը զրոյանում էր: Բիձեն տախտակներին գամված սպասում էր:
Հոյակապ գործ էր: Մեր ժամանակների մասին՝ ՛՛Կորեական Դելիկատեսի՛՛, ՛՛Սաշայի՛՛, ՛՛Համլետի հոր ուրվականի՛՛, ՛՛Նախագահի՛՛ ու շենգավիթյան շարքի գիծը շարունակող: Հույս ունենանք մոտ ժամանակներում Համբարձում Համբարձումյանի պատմվածքները վերջապես մի գրքով լույս կտեսնեն:
Ինչը դրդեց Բիձուն ընդհանուր բարաքից գյոթնոց գնար… էնտեղ ավելի արդար էի՞ն…
[…] Ծիտ» վեպին զուգահեռ է Համբարձում Համբարձումյանի «Գյոթնոցի բիձեն» պատմվածքը, որ պատմում է բանտում անձեռնմխելիների […]