Ես տեսա սենյակն ու պատերը նրա բարձրացած այսպես Բրեժնևի թվերից

Կամ նրանից առաջ ու նրանցից առաջ որ կառուցել էին երևի էս տունը

Հայերը կամ թուրքերը որ ապրում էին էս քաղաքում կամ եզդիները որ ապրում են

Մի քանի փողոց այն կողմ նրանք խոսում են մի լեզվով որ ես չգիտեմ

Ես երբեք չեմ լսել նրանց այդ լեզուն

Կիրառելիս ու պատն այդ տեքստ էր։

Անցա կտրեցի ծովեր բազմազան ու տեսա մարդկանց ագաթից էլ սև

Ու փրփուրներից ադրիատիկի սպիտակ ես տեսա

Ցնցող մարմիններ ու հագուստները նրբորեն կարված թանկարժեք

Նրանց ետևում խցկած ցավը վիետնամցի կնոջ

Կանացի շապիկի վրա «այո, ֆեմինիստ եմ»։

Ամենն այդ տեքստ էր։ Եւ ես թերթեցի

Բացահայտելու որ ճամփաներով Սարյան փողոցով իջնող ծառուղու

Ծառերը շարված փարթամ ու սիրուն ուր փթթում է դառն ուրիշության ծիլը

Տեքստեր են ամեն տնկված խորությամբ համատեքստերում ու ջրված առատ

Տըրամասությամբ

Խոսույթով կամ ի՞նչ

Իմանամ թե որ ժամն էր գիշերվա երբ որ ես կյանքիս

Կեսին տարաժամ շեղվեցի ես ճիշտ ճամփից շեղվեցի

Ու հայտնվեցի անտառում մի մութ այգում մի տխմար

Եւ ես նայեցի տերևները այդ որ պսակում էին սաղարթախիտ

Ու բարձրու էշ սեքվոյաների սաղարթի նման

Աղաչանքների փունջն իմ ահա պարուրող տավղող Դավիթ Հրաշալին

Ու երգը նրանց ու բաբախումը նրանց ջլերի իրարից միտվող

Քաղցր ու ահամ լխտիկ հեղուկը կյանքի

Որ տեսե՛ք

Դա ևս տեքստ էր։

Եւ ես հասկացա հանկարծ հասկացա որ ամեն բան որ ասում եմ այժմ ու արածս ամեն բան

Ամեն բան որ ինձ շրջապատում է

Տեքստ է և ես ուզեցա իմանալ սակայն կա՞ ինչ որ բան տեքստերից անդին կամ ես կա՞մ

Առանց տեքստերի հսկա կապոցի ճնշման, որտև արդեն զգում եմ

Թե ոնց ողնաշարս այնքան տեքստային

Կոտրվում է ծանր մեջբերումների, որոնք իրենց մեջ իրենք տեքստեր են,

Ու այդ կոտրումը ինքը տեքստ է՝ տեքստի մեջ տեքստը հավիտյան փակող։

Ու ես ուզեցա գրել սիրուն տեքստ, թե պատմեմ ինչքան բաներ իմացա,

Տեքստ գրեմ տեքստում ու տեքստի մասին

Ու չստացվեց, ու չստացվելն էլ ինքնին մի տեքստ էր

Որ բազմաթիվ է իրականության

Մեջ միաբերան դասախոսացող Պոնժի գրքերի

Տողերում ու դրանց տակերով ձգվող թելերով կապվող

Longtemps je me suis couché de bonne heure։

Ա՛խ

Ինչպե՞ս ապրեմ այսպես տեքստելով այսպես լեզվելով լեզուն այս անժամ

Տրված ինձ մահվան երախին կանգնած ժամանակումս

Եւ դա էլ տեքստ է ամեն բան որ մենք ձգտում ենք ասել

Մեռնելու մասին, չարի, բանակի

Իիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի  իիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի

Եւ ցանկությունն իսկ դրանց ետևում արդեն իսկ տեքստ է։

Ուզեցա փորել փորձել ու որձել the pecularities

Which arise when you understand a text.

And that was a text.

Եւ դա էլ տեքստ էր։

Ու պայթած այս մեծ քրքրատումից, ճղվելուց ու սև փրթումից փքուն փորոտիքի կարմիր

Ես ըմպեցի այդ առանձին հնարավորությունը, ես կարծես թե գրեթե մոտեցա

Մինչև մեկը փողոցի ծայրից չգոռաց․

—խնամի՜։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.