Մերկ մարմիններ

Վաղ 1990-ականներին գերմանացի փիլիսոփա Դիետեր Հոֆման-Ակստելմը գրել էր, որ ոչ մի այլ պատկեր ավելի լավ չի կարող բնորոշել աշխարհը, քան սահմանային կետում անձնագիր ստուգող ոստիկանը: Եթե այսօրվա աշխարհը ներկայացվեր մեկ տեսարանում, ավելի քան երկու տասնամյակ անց, ապա անկասկած դա կլիներ բեռնատարի թափքում արկղերի ու բեռների արանքում խցկված մարմինների պատկերը:

Աշխարհի հարուստ հատվածը աղքատ հատվածից բաժանող սահմանը նկարելու համար օգտագործվում է ռենտգեն ապարատ: Այն անտեսանելին տեսանելի է դարձնում և երևան է հանում առանց փաստաթղթերի մարդկանց` նրանց, որ ապրում են սահմանի սխալ կողմում. անփաստաթուղթ, անթուղթ մարդիկ, այսպես կոչված` անօրինականներին, կամ, ավելի ճիշտ՝ անօրինականացվածներին:

Կարող ենք կարծել, թե անօրինական միգրանտը հար և նման է այլ ճամփորդների, և եղած-չեղած միակ տարբերությունը թուղթ ունեցողի և չունեցողի միջև ընդամենը մի թղթի կտոր է: Ռենտգեն ճառագայթները ցույց են տալիս սպիտակամորթ մարդու մարմինն ու նրա մութ, կասկածելի ծագումը: Մարդկային կերպարը պատկերվում է ոչ միայն առանց հագուստի, այլ նաև` առանց իր քաղաքական իրավունքների: Ապաքաղաքականացված կերպար, որ մարմնավորում է այն, ինչ իտալացի փիլիսոփա Ջորջիո Ահամբենը անվանել է հոմո սակեռ՝ ապաքաղաքականացված կյանք, մերկ կյանք: Կյանք, որ զուրկ է բոլոր քաղաքական իրավունքներից և, հետևաբար, հարմար է զոհաբերելու համար: Ըստ Կառլ Շմիդտի քաղաքական տեսության՝ ժամանակակից պետության կոնցեպտը ավելի վաղ շրջանի աստվածաբանական հղացքների աշխարհիկացված տարբերակն է: Պետությունը զոհաբերություններ է պահանջում ճիշտ այնպես, ինչպես անցյալում Աստված էր դա անում: Եթե նախկինում գործ ունեինք անհավատների հետ, ապա այսօր նրանք անօրինական միգրանտներն են: Սահմանը հատողներին զոհաբերելը ազգ-պետության զինանոցի բաղկացուցիչ մասն է և նրա ինքնիշխանության ճանաչումն ու ընդունումը:

Զոհաբերվող արարածների վերածված անփաստաթուղթ ճամփորդները պակաս մարդ են: Սահմանը հատողների կենդանակերպացումը լավագույնս ընդգծում է նրանց խոցելիությունը: Այս դաշտում գործածվող եզրաբանությունը լի է կենդանիների անուններով, որ նույնացվում են անփաստաթուղթ ճամփորդների հետ: Զրկված լինելով սահմանը հատելու իրավունքից որպես մարդկային էակներ` անփաստաթուղթ ճամփորդները տեղափոխվում են կամ որպես ապրանք, կամ էլ` որպես կենդանի:

2015 թ. օգոստոսի վերջերին Ավստրիայի ավտոճանապարհներից մեկում հայտնաբերվեց 71 դիակ մի բեռնատարի թափքի մեջ: 71 մարմին մի կերպ խցկել էին հավի միս արտադրող «Հիզա» ձեռնարկությանը պատկանող փոքրիկ բեռնատարի մեջ: Թափքի երկու կողմերում փակցված են հավերի նկարներ, ինչպես նաև գրված է ձեռնարկության կարգախոսը՝ «Ազնիվ հավ»: Ազատ տեղաշարժվելու նրանց իրավունքը կյանքի կոչվեց միայն այն ժամանակ, երբ նրանք հրաժարվեցին իրենց մարդկային կերպարից և վերափոխվեցին սննդի: Անփաստաթուղթ ճամփորդների ապրանքայնացումը՝ որպես հերթական ծախու ապրանք բազում այլ ապրանքների շարքում, որպես վաճառասեղանին դրվող կենդանու մարմին, երևան է հանում ներկայիս աշխարհի կապիտալիստական և ռասիստական բիրտ կերպարը: Մարդկային մարմինները դարձել են փոխանակման խորհրդանիշ (որպես աշխատուժ՝ արտադրելու համար, որպես սեքս աշխատող՝ հաճույք պատճառելու համար, որպես պարզապես մարմին՝ իր օրգանները տրամադրելու համար), որոնք ծպտվել են մեկ այլ բանի տակ, օրինակ՝ «ազնիվ հավերի»: Հատկանշական է, որ stowaway (անտոմս ուղևոր) եզրը, որ նշում է մարդկանց, ովքեր թաքնվել են ավտոմեքենայում, որպեսզի առանց թույլտվության կարողանան ճամփորդել, պատմական գործածության մեջ վերաբերել է առարկաներին, մասնավորապես՝ մթերքի:

«Արվեստագետն ու քարը» արվեստի երկարատև նախագիծը, որի հեղինակներն էին Մատեո Գիդին և Ջուլիանա Ռակոն, քննում էր ապրանքների և մարդկանց (ան)շարժունակությունը ներկայիս աշխարհում: Արվեստագետները պարզապես հետևում են ինչ-որ առարկայի (7 խորանարդ մետր և 25 տոննա կշռով քար) և մարդու շարժմանը (Իբրահիմ Ջավաբրեհ, պաղեստինցի արվեստագետ), երկուսն էլ Արևմտյան Ափի հարավում գտնվող Առուբ փախստականների ճամբարից էին և ուղևորվում էին Իսպանիա: Մինչ 2015-ի սեպտեմբերի սկզբին քարը հասավ Բարսելոնա, արվեստագետը դեռ մնում էր իր հարկադրված անշարժության մեջ: Նախագիծը բացահայտում է մեր ժամանակների մի ակնառու պարադոքս, որ ընթացիկ գլոբալ ֆինանսական վիճակը առաջացնում է շարժողականության մի տեսակ (ապրանքի և կապիտալի) և միևնույն ժամանակ անօրինականացնում շարժման մեկ այլ տեսակ (միգրանտներ):

Շարժման աշխարհում միգրանտները պետք է անշարժ լինեն: Մինչ տեղաշարժման արտոնյալ իրավունքներ ունեցողները անցնում են սահմանները հաղթական, ասես, գլոբալիզմի և կոսմոպոլիտիզմի ոգով արված մի պատկառելի գործողություն, նրանք, որ չունեն թղթեր, դա անում են` իրենք իրենց անտեսանելի դարձնելով, դառնալով մի ինչ-որ ուրիշ բան կամ ընդհանրապես տեսանելի չլինելով: Առաջին խումբը հարմարավետ տեղավորված է նավասենյակներում, մինչ մյուս խումբը թաքնվում է բեռնատարներում, գնացքների տակ կամ ինքնաթիռների անվախցերում: Նրանք շարժվում են մթության մեջ և ստվերներում: Նրանք ոչ թե դարպասներով են անցնում, այլ ճեղքերով: Նրանք ոչ թե հատում են սահմանը, այլ մագլցում են պատերի վրայով, սողում են փշալարերի տակով: Անըմբռնելի լարում կա միգրանտների, որ ստիպված են անտեսանելի դառնալ սահմանը հատելու համար, և սահմանի տեսանելիության միջև, որն իրենից ներկայացնում է օրենքն ու պետության ինքնիշխանությունը:

Ճակատագրի հեգնանքով անփաստաթուղթ զբոսաշրջիկները աշխարհին տեսանելի են դառնում միայն, երբ մեռնում են: Մահն է, որ նրանց մյուսների ուշադրությանն է արժանացնում: Նրանց անկենդան մարմինների պատկերը` Եվրոպայի ափերում, խեղդված տղամարդկանց, կանանց, ահել ու ջահել՝ փոքրիկ կոնտեյներներում, սա է, որ նրանց տեսանելիություն է հաղորդում, որն իրենք չունեին, քանի ողջ էին:

2013 թ. նոյեմբերին մոտ 350 միգրանտներ խեղդվեցին, երբ նրանց նավակը խորտակվեց Լամպեդուսայի ափերի մոտ: Իտալիայի վարչապետը հայտարարեց, որ բոլոր մահացածներին կշնորհվի Իտալիայի քաղաքացիություն: Միևնույն ժամանակ հանրային դատախազը մեղադրում էր 114 փրկված չափահասների «անօրինական» միգրացիայի մեջ, ինչը նշանակում էր 5000 եվրո տուգանք և արտաքսում: Մահը որակավորում է որակավորում չանցածներին: Երեք տարեկան Ալան Քուրդին, որ քուրդ-սիրիացի փախստական էր և խեղդվել էր Միջերկրական ծովում 2015 թ. սեպտեմբերին, մեկ այլ վառ օրինակ է: Նրա կերպարը շուտով ներկայիս փախստականների ճգնաժամի այլաբանությունը դարձավ: Պատկերը, որում երեխան ծովափին կուչ է եկել սաղմի դիրքում, velcro* կոշիկներով և մուգ կիսատաբատով, դեմքով գետնին, սարսռեցրեց ամբողջ մարդկությանը, ում համար Ալանը անտեսանելի էր եղել: Այժմ նրա անկենդան մարմնի լուսանկարները, որոնք անմիջապես սփռվեցին աշխարհով մեկ, դարձել են խորհրդանիշն այն մարդկանց, որ տառապում են փաստաթուղթ չունենալու պատճառով: Իսկ Կանադայի իշխանությունները, որ մերժել էին նրա ընտանիքի ապաստարանի դիմումը, Ալանի հորը` ընտանիքից միակ ողջ մնացածին, բնակության իրավունք են առաջարկել: Մահը որակավորում է որակավորում չանցած ողջերին:

Առանց փաստաթղթի զբոսաշրջիկներին նկարագրելու բառապաշարը լի է նրանց «որակավորում չանցնելը» մատնանշող տերմիններով՝ ան-փաստաթուղթ, թղթազուրկ, ան-պետություն, ան-անձնագիր: Այդ «ան» նախածանցն ու less (զուրկ) վերջածանցը, որ օգտագործվում են արտոնություններից զուրկ կատեգորիաների համար (ներառելով նաև անտուն ու գործազուրկ մարդկանց), նշում են ինչ-որ բանի պակասը՝ որակավորման պակասը, որակի պակասը: Մի կտոր թղթի պակասը պարզապես դառնում է պակասն այն որակավորման, որն անհրաժեշտ է համայնքի անդամ դառնալու համար: Վերը նկարագրված ռենտգենյան լուսանկարին նայելիս տեսանելի է դառնում, որ միգրանտ եզրը (փախստականներն ու ապաստարան փնտրողները ներառյալ) այլևս գոյական չէ: Այն մարդկանց կատեգորիա է, ովքեր ոչ ավելին են, քան իրենց մերկ մարմինները:

Երբ 2015 թ. սեպտեմբերի սկզբներին գրում էի այս տողերը, մի տեսահոլովակ էր շրջանառվում համացանցում: Այն ցույց էր տալիս մի խումբ մարդկանց՝ անփաստաթուղթ ճամփորդների, որ փորձում էին ոտքով անցնել Հունաստան-Մակենդոնիա սահմանը: Սահմանապահները նրանց հանդեպ կոպիտ են վարվում: Մի սիրիացի միջին տարիքի տղամարդ նայում է տեսախցիկին ու ասում.

«Ինչո՞ւ… ինչո՞ւ: Սիրիայում պատերազմ, ինչո՞ւ… Սահմանները փակ, ինչո՞ւ… Ինչո՞ւ: Ւնչո՞ւ»:

Ամենուր սարսափելի տեսարաններ տեսնելով՝ նա գլուխը շրջում է, տեսնում տղամարդկանց, կանանց, ահել ու ջահել, որ ոտքով անցնում են մայրցամաքներ, որ փախել են իրենց երկրից ավերիչ պատերազմի պատճառով ու հիմա էլ դեմ են առել ԵՄ ռազմականացված սահմանին, նա ուզում է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել: Նրա «ինչու»-ն ոչ միայն անհանգստություն է, ոչ միայն զգացական ռեակցիա Սիրիայում իր տեսած սարսափելի տեսարաններին և եվրոպական սահմաններին, այլ նաև նշանակալի քաղաքական, ինչպես նաև մարդաբանական հարցադրում: Նրա «ինչու»-ն պատմականացվել է: Եվ ոգեկոչում է ուրիշ «ինչու»-ներ` արդիականացնելով հիշողություններն ուրիշ աղետներից, ուրիշ իրավազուրկների, ճամփին մնացած ուրիշ անհայրենիք մարդկանց, ուրիշ ճամբարներից, ուրիշ սահմաններից, ուրիշ պարտություններից:

Ամեն դեպքում այս մարմինները, որոնց վրայից հանել են իրավունքները, ողջ թե մեռած, անփաստաթուղթ ճամփորդները շարունակում են բացահայտել ներկայիս սահմանային ռեժիմի սխալները: Քանի դեռ նրանք շարունակում են անցնել այն տեղերով, որտեղով իրենց անցնել չի կարելի, նրանք ցույց են տալիս ներկայիս սահմանային տրամաբանությունը` պահպանելու պետության անկարողությունը: Միլիոնավոր մարմիններ, որոնք պետք է անշարժ մնային, տեղում, ոչ թե տեղահան, խրված, ոչ թե ճանապարհին, այնտեղ, ոչ թե այստեղ, շարունակում են ամեն տարի ապօրինի հատել սահմանները: Մարմիններ, որոնք հրաժարվում են ճանաչել կամ հարգել սահմանները` ցույց տալով, որ ազատ տեղաշարժն իրականում հնարավոր է, և հորիզոնին պատկերում են այն աշխարհի ուտոպիան, ուր սահմաններ չկան:

***

Արդյոք առանց սահմանների աշխարհն ուտոպիստակա՞ն է

Ովքեր չեն շարժվում, չեն նկատում իրենց շղթաները:

Ռոզա Լյուքսեմբուրգ

Ուտոպիան երևակայական ապագա է: Այն արդար է և ճիշտ կազմակերպված: Ուտոպիայի կարիքը փախուստն է ներկա ժամանակից՝ դիստոպիական ժամանակից, որը հեռու է իդեալական հասարակությունից: Սակայն դիստոպիան ուտոպիայի հականիշը չէ: Դիստոպիան նույն ուտոպիան է, որը սխալ է գործում. իրավիճակ, որտեղ ուտոպիստական գաղափարները հասանելի և գործածելի են միայն մարդկանց որոշակի խմբի համար: Սա էլ հենց շարժունակության դեպքն է: Ազատ շարժունակությունն արդեն իսկ գոյություն ունի, բայց միայն մարդկանց մի փոքրիկ կատեգորիայի համար, որ վայելում են ազատ շարժվելու հնարավորությունը, մինչդեռ մարդկանց մեծամասնությունը մնում է սահմանների ներսում և դրանց արանքում: Ներկայիս իրավիճակը դիստոպիական է 45 միլիոն հարկադիր տեղահանված մարդկանց համար, որոնք պիտակվել և դասակարգվել են որպես փախստականներ, ապաստան փնտրողներ, ներքին տեղահանված մարդիկ, անհայրենիքներ: Մեր ժամանակներում առանց փաստաթղթի ճամփորդներին, այսպես կոչված` անօրինական ներգաղթողներին, անօրինական ձևակերպված անձանց սպասվում է մի մութ ու սարսափելի անախորժություն: Այս դիստոպիան մեր ժամանակակից աշխարհն է՝ կառուցված տեսանելի և անտեսանելի սահմանների վրա:

Սահմաններն ու տեղաշարժվելու սահմանափակումները չեն դադարեցրել կամ նվազեցրել մարդկանց տեղաշարժն ու գաղթը: Սահմանները չեն դադարեցնում շարժը սահմաններից անդին, սակայն դրանք գաղթողների համար շատ ձևերով շատ ավելի թանկ են դարձնում այն: Տեղաշարժման կարգավորումները գործում են ըստ սոցիալական դասակարգման, որը ներառում է սեռական, գենդերային, ռասայական և դասակարգային անհավասարություններ:

Առանց փաստաթղթերի ճամփորդները վճարում են սահմանային վերահսկման գինը ոչ միայն գումարով, այլ նաև իրենց կյանքի գնով: Քանի որ օդային ճանապարհով առանց փաստաթղթերի սահման անցնելը գրեթե անհնար է դարձել, մարդկանց մաքսանենգները օգտվում են ծովային և ցամաքային ճանապարհներից: Ամենաշատը վերահսկվող սահմանային գոտիները շրջանցելու համար մաքսանենգների ուղիները տեղափոխվել են դեպի ավելի վտանգավոր և անհասանելի մասեր: Ամենահասանելի սահմանային գոտիները փակելը նշանակում է, որ «աշխարհագրությունը կանի գործի մնացած մասը»: Եվ հենց այդպես էլ լինում է:

Հարուստների աշխարհի և աղքատների աշխարհի միջև եղած սահմանները դարձել են մահվան ցուցահանդես: Միջինում օրական 2-3 մարդ է զոհվում եվրոպական սահմաններին, սա թիվ է, որը վերցրած է փաստագրված դեպքերից: Ապրանքները, սակայն, կարող են ազատ տեղաշարժվել: Զարմանալի չէ, որ առանց փաստաթղթերի ճամփորդները թաքնվում են բեռնատարներում և կոնտեյներում, ապրանքների հետ, ավելի ճիշտ՝ որպես ապրանք, որպեսզի կարողանան անցնել սահմանը: Սահմանները ստիպողական անշարժություն են պարտադրում անցանկալի միգրանտներին: Նրանց տեղավորում են ճամբարներում՝ փախստականների ճամբարներում, տրանզիտ ճամբարներում, կալանավորների ճամբարներում: Ժամանակավոր ճամբարները մշտական են դառնում: Փախստականությունը դառնում է երկարաժամկետ: Առանց փաստաթղթի ապրելը՝ մինչև կյանքի վերջ:

Այս ազգ-պետություն համակարգում բոլոր մարդիկ, ենթադրվում է, որ պետք է պատկանեն ինչ-որ պետության: Սա նաև նշվում է Մարդու իրավունքների ուտոպիստական հռչակագրի 15-րդ հոդվածում՝ բոլորն ունեն ազգության իրավունք: Այս հռչակագիրը, սակայն, լռում է էմիգրանտներին ազգություն շնորհելու պետությունների պարտավորությունների մասին: Այսպիսով, Մարդու իրավունքների հռչակագիրը դրա կարիքն ունեցող անհայրենիք մարդկանց առաջարկում է հնարավոր, սակայն անհասանելի իրավունքներ: Ազգ-պետություն համակարգից դուրս տեղ չկա մարդկության համար՝ մարդու համար, որ օրինական և քաղաքական կարգավիճակներից այն կողմ է:

Անհայրենիքի մշտական վիճակը, գոյատևելը որպես պարզապես մարդ արարած անհամատեղելի է ազգ-պետություն համակարգի հասկացության հետ: Անհայրենիք լինելը դիտվում է որպես ժամանակավոր կարգավիճակ, թեև սերունդներ կարող են այդ կարգավիճակով ապրել: Այդ կարգերից դուրս անձինք, անհայրենիքները, կազմում են հասարակության «մնացորդը»: Միայն այս ազգ-պետություն համակարգում մարդկության դասակարգման այս համընդհանուր ձևը (քաղաքացիության տեսանկյունից) կարող է արդյունքում ունենալ հետևյալ ազդեցությունը` ըստ Հաննա Արենդտի՝ «տան և քաղաքական կարգավիճակի կորուստը նույնականացվում է համայն մարդկությունից աքսորվելու հետ»:

Սահմաններն օգտագործում են պետությունները, որպեսզի միգրանտներին բացառման, խտրականության և շահագործման ենթարկեն: Սահմաններն օրինականացնում են պետության խտրական իշխանության գործածումը փախստականների, անփաստաթուղթ ճամփորդների և քաղաքացիություն չունեցող միգրանտների հանդեպ: Սահմանների միջոցով նույնիսկ հնարավոր է քաղաքացիություն ունեցող անձանց դարձնել իբր-թե-քաղաքացի, որոնց իրավունքները կարող են կասեցվել, մերժվել, հետաձգվել և չընդունվել իրենց կրոնի, էթնիկ պատկանելության, մաշկի գույնի կամ դասի պատճառով:

Շվեդական REVA նախագիծը դրա վառ օրինակն է: Նախագիծը գործում էր որպես ներքին սահմանային վերահսկողություն Ստոկհոլմի մետրոյի կայարաններում՝ անփաստաթուղթ ուղևորներին ձերբակալելու նպատակով: Այսպես կոչված` անօրինական միգրանտի ռասայականացված կերպարը բազմաթիվ շվեդների (ովքեր ծնվել են Շվեդիայում կամ ապրում են այնտեղ արդեն երկար տարիներ) հիշեցրեց, որ պետությունն իրենց դեռևս չի ընդունում որպես Շվեդիայի իսկական քաղաքացիների: Սահմանները ոչ միայն մարդու, այլև քաղաքացու իրավունքներն են ոտնահարում: Մեկ այլ օրինակ է ռումինացիների արտաքսումը ԵՄ երկրներից, չնայած նրանք նույնպես ԵՄ քաղաքացիներ են հանդիսանում և ունեն իրավունք գտնվելու մեկ այլ ԵՄ երկրում մինչև երեք ամիս: Ռումինացիների արտաքսումը տարբերվում է ԵՄ այլ քաղաքացիների արտաքսումից: Նրանց տեղաշարժն անցանկալի է իրենց էթնոսի և դասակարգման պատճառով: Նրանց տեղաշարժը նման է խառնամբոխի տեղաշարժին: Ինչպես Պոպուդոպոլոսն (Popudopoulos) է ցույց տալիս, շարժունակություն եզրը վերաբերում է ոչ միայն շարժմանը, այլ նաև հասարակ մարդկանց, աշխատավորներին: Ամբոխին: Սահմանները աշխատավորների և ամբոխի շարժը հսկելու գործիքներ են (the mobility of the mob): Սահմանները գործատուներին իշխանություն են տալիս աշխատավորների հանդեպ, քանի որ սահմանները կապիտալիստական արտադրանքի մի տեսակն են: Սահմաններն արտադրում են «լավ աշխատողների»: Որոշ երկրներում, օրինակ՝ Դուբայում, միգրանտ աշխատողների անձնագրերը պահվում են գործատուների մոտ, որոնցով նրանք միգրանտներին զրկում են տեղաշարժվելու հնարավորությունից: Նրանց տեղավորում են աշխատանքային ճամբարներում, քաղաքից դուրս: Նրանց չի թույլատրվում փոխել գործը: Եթե աշխատողը լքի իր գործատիրոջը կամ, այսպես կոչված, հովանավորին, նա անմիջապես դառնում է փախստական կամ օրինազանց: «Փնտրվում է» կարգի հետախուզական հայտարարություններ են հայտնվում օրաթերթերում` «փախուստի դիմած» աշխատողների լուսանկարներով: Վիզան երկարացնելու համար միգրանտ աշխատողները պետք է «աշխատանքային լավ նկարագիր» ունենան: Սահմանները նաև «լավ կանայք» են արտադրում, հլու մարմնավաճառներ և խառնամբոխի այլ անդամներ (Anderson et al 2009):

Այս ամբողջ սահմանային խառնաշփոթը օտարերկրացիների համար է, նրանց, որ երբևէ չեն դադարում լինել օտարերկրացի` անկախ այն բանից, թե որքան երկար են բնակվել համապատասխան երկրում, սևամորթների, նախկինում՝ հրեաների, հիմա՝ մուսուլմանների, ռումինացիների և մյուսների, ու բնավ էական չէ, թե ինչքանով են նրանք ինտեգրվել հասարակությանը: Ինչպես ասել է Էտիեն Բալիբարը, սահմանները դարձել են անտեսանելի, դրանք ամենուր են և ոչ մի տեղ: Այսպիսով, անցանկալի մարդիկ չեն արտաքսվում սահմանի կողմից, նրանք ստիպողաբար հենց սահման են դառնում: Հարցն այն չէ, թե ինչ և որտեղ է սահմանը, այլ թե՝ ով է սահմանը:

Սահմանները չեն սահմանափակում տեղաշարժը, դրանք սահմանափակում են իրավունքները: Խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ սահմանները: Սահմանները խտրականություն են դնում: Սահմանները սպանում են: Սահմանները սոցիալական անհավասարություն և գլոբալ անարդարություն են պահպանում և վերարտադրում:

Աշխարհն առանց սահմանների հնարավոր է: Մարդիկ ազատ տեղաշարժվում էին երկար ժամանակ, մինչև դա սկսեց խարանվել և քրեականացվեց: Մինչև այժմ էլ ազատ տեղաշարժվում են նրանք, որ չեն ճանաչում կամ չեն հարգում սահմանները՝ անփաստաթուղթ ճամփորդները: Սահմանի նման անցումը, որը տեղի է ունենում ամեն տարի հարյուր հազարավոր մարդկանց կողմից, ցույց է տալիս, որ ազատ տեղաշարժը հնարավոր է: Եվ մենք պետք է հիշենք, որ միակ տարբերությունը նրանց միջև, ովքեր ունեն փաստաթղթեր, և նրանց, ովքեր դրանք չունեն, հենց այդ թղթի կտորն է միայն:

Ուտոպիստական է միայն հաջողված և արդյունավետ սահմանային վերահսկման գաղափարը: Մեր աշխարհի արտաքին տեսքը, որի յուրաքանչյուր մաս կապված է մյուսին ճանապարհների, լարերի, օդային ուղիների և անձնական կապերի միջոցով, մեզ հուշում է, որ անիրական է սահմանափակել նրանց տեղաշարժը, որ պատրաստ են դա անել: Անիրական է նաև հավատը, թե մենք կարող ենք պահպանել ներկայիս սահմանային վերահսկողությունն ու պաշտպանել ու հարգել մարդու և քաղաքացու իրավունքները: Արմատական փոփոխությունների շնորհիվ տեղի ունենալիք արդյունքների մասին մտածելու փոխարեն` մենք երկարացնում ենք տեղահանվածների դիստոպիական իրավիճակը մարդասիրական նորարարությունների միջոցով՝ ստեղծում ենք Եվրոպայից հեռու ավելի մեծ ու ավելի բարեկեցիկ ճամբարներ փախստականների համար, դրամաշնորհներ տրամադրում մարդկանց ապաստարաններին, մի քիչ ավելի շատ փող ենք տալիս ՄԱԿ-ի ՓԳՀ-ին:

Արմատական փոփոխությունը չի նշանակում բացել սահմանները, այլ՝ մերժել սահմանների գաղափարն ինքնին: Բաց սահմանները մի օր կրկին կարող են փակվել: Բաց սահմանները ընտրում են և խտրական են: Դրանք մուտքի իրավունք են տալիս նրանց, որ ավելի օգտակար և առավել արդյունավետ են: Սահմանները օտարերկրացիների արժեքը չափելու գործիք են:

Արմատական փոփոխությունը, ի տարբերություն բաց սահմանների քաղաքականության (ինչպիսի ռոմանտիկ կոսմոպոլիտիզմ), ամբողջովին մերժում է տան և հայրենիքի գաղափարը: Հենց անտունությունից է ծնվում և հնարավոր դառնում իսկական հյուրասիրությունը: Անտունությունը նշանակում է որևէ տեղ չընկալել որպես տուն: Միայն այդ վիճակում է, որ մարդկությունը կարող է դադարել տեղայնացված լինել, ազգ-պետությանը հատուկ ժանտախտը կարող է անհետանալ և մարդկանց մասին արմատ գցելու «բուսաբանական» մտածելակերպը, անհատների ու տարածքի միջև անքնին կապը կարող է վերանալ: Անտունությունը նշանակում է ապատարածքայնություն, ընդհատություն, փոփոխականություն և դադարներ, որը ազգային ինքնության բուսաբանական կերպարի լրիվ հակապատկերն է: Անտունությունը, որպես հարացույց, որպես աշխարհում գտնվելու մի ձև, որպես կենսակերպ, որպես էթնիկ և էսթետիկ նորմատիվություն, բաց է անում դռներն ու դիմացինին ընդունում` ինչպես որ նա կա, այլ ոչ թե ինչպես կուզենար, որ լինի:

«Իսկ ո՞րն է այլընտրանքը», սա է այն հարցը, որը սովորաբար տալիս են՝ փոփոխության հնարավորությունները պիտակավորելու համար: Չափազանց կարևոր է ստեղծել նոր հնարավորություններ հարցերի և քաղաքական տեսլականների համար, ինչպես նաև քննադատական մտքի: Անտունության գաղափարը, առանց սահմանների աշխարհը ոգևորիչ տեսլականն է ավելի լավ ապագայի, քան այն, ինչը սպասում է մեզ այժմ:

հեղինակի փախստականի փաստաթուղթը

————-

*Velcro Shoes – այլաբանորեն` հարմարավետություն և ֆիզիկական գրավչություն ապահովող կոշիկ:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.