Գրությունը հրապարակվել է tert.am֊ում՝ 2014֊ի օգոստոսի 18֊ին Վիոլետ Գրիգորյանի սյունյակում, սակայն այն այժմ կայքում չկա, tert.am֊ի նոր տնօրինությունը կայքից ջնջեց Վիոլետ Գրիգորյանի ամբողջ սյունյակը, որտեղ հեղինակը 7-8 տարի նյութեր էր հրապարակում։ Անցյալ տարի դուրս եկավ Լարս ֆոն Տրերի նոր ֆիլմը «Տունը, որը կառուցել է Ջեկը», որի առիթով ինքնագիրը կրկին հրապարակում է Վիոլետի գրությունը, հարստացնելու համար նոր ֆիլմի շուրջ ծավալված խոսակցությունը։   

Ինքնագիր

*

Վերջապես նայեցի ֆոն Տրիերի «Նիմֆոմանիակը» (). խորհրդանշական փակագծերում դրեք ձեր ցանկացած թարգմանությունը` «հեշտամոլ», «տարփագար», «տռփամոլ», միայն թե` առանց «մոլուցքի», «գար» արմատի «ցավ, հիվանդություն» իմաստները մեղմելու: Ֆիլմի հերոսուհին հոգեվերլուծաբանի մոտ մերժում է առաջարկված պոլիտկոռեկտ տարբերակը` «սեռական կախում ունեցող», ու պնդում է` «ես նիմֆոմանիակ եմ»:

«Նիմֆոմանիակը» վտանգավոր ֆիլմ է, բայց վտանգը բոլորովին էլ արգելքի ու գրաքննության կոչ անողների գանած «պոռնո» տեսարանների մեջ չի, որ իրականում բնավ ցանկահարույց չեն, ավելին` նույնիսկ ցանկամարույց են, քանի որ ավելի շուտ ասես դիդակտիկ նյութ լինեն սեռականության կլինիկական հետազոտության լաբորատորիայում:

«Նիմֆոմանիակը» վտանգավոր է, քանի որ սեքսը զրկում է սիրո ալիբիից, առհասարակ, բոլոր ալիբիներից, այսինքն` սեքս` ինքն իր համար, ինքնին, ինքնանպատակ: Ինչպես բնությունը, ծառերն ու դրանց տերևները, որ ֆիլմի հերոսուհուն ցույց է տալիս նրա հայրը, և ինչպես հոր մահը` արդեն անգիտակից, սեփական արտաթորանքի մեջ պրծնող մարմին` այսինքն` կենսաբանություն, անատոմիա:

Բայց սա քիչ կլիներ ու պարզունակ ֆոն Տրիերի դեպքում: Հեղինակը հարցի տակ է դնում նաև այս հայացքը. Ամեն անգամ, երբ Ֆիլմի հերոսուհի Ջոն, Շեհրեզադեի պես, իրեն ապաստան տված մարդուն` Սելիգմանին իր կյանքը պատմելիս խոստանում է, որ հաջորդ դրվագն ավելի ցնցող է լինելու` հապացույց իր սահմանախախտ մեղսագործ էության, Սելիգմանը որևէ ինտելեկտուալ համեմատությամբ` կրոնական, մաթեմատիկական, փիլիսոփայական, արվեստի ու երաժշտության, անգամ ձկնորսության, տեղավորում է Ջոյի ներկայացրածը մարդ արարածի պարագծում: Ոչինչ նրան չի ցնցում, չէ՞ որ նա ինտելեկտուալ է, գիտակ ու բանիմաց:

Այսպես Ջոն քայլ առ քայլ ներկայացնում է իր «խոստովանահորը» այն, ինչ առաջին հայացքից մեր վերաբերմունքը բացառող ինքնին սեքս էր թվում, բայց պարզվում է, որ տակը ավելի շուտ դրա գաղափարն է, սկզբունքը, հանուն որի երիտասարդ Ջոն հեռանում է իր համախոհ աղջիկների ակումբից, որ ի հակադրումն Mea culpa-յի, հռչակում են` Mea Vulva, mea maxima vulva (vulva-ն հեշտոցն է)` խոստանալով ոչ մի տղամարդու հետ երկրորդ անգամ չքնել: Հեռանում է, երբ աղջիկներից մեկը խոստովանում է, որ նույն տղայի հետ էլի է քնել ու դա բացատրում է զգացմունքներով: Սե՞ր- ոչ մի դեպքում, Ջոն արհամարհանքով լքում է ակումբը:

Սկսում է տղամարդկանց, ավելի ճիշտ` առնանդամների շքերթը նրա կյանքում, բայց մեկ էլ ու… նա մերժում է մեկին` Ջերոմին` նախկին մեխանիկին, ում արհեստանոցում տարիներ առաջ խնդրել էր զրկել իրեն կուսությունից, ու դա արվել էր հենց մեխանիկորեն` 3 և 5 շարժումներով: Հայտնվում է սերը, այդպես ֆիլմի վերջաբանում հայտնվում է նաև ընկերությունը Սելիգմանի հետ, երկու զգացական հարաբերություն, որոնք մերժում է Ջոն, բայց կա նաև տարբերություն դրանց միջև:

Սերը «հաղթում» է, Ջոն ամուսնանում է Ջերոմի հետ, բայց կորցնում է սեռական զգայականությունը, ու հենց այդ պահին հղիանում է, նրանք երեխա են ունենում,: Ինչպես «Ալիքները կտրելով» ֆիլմում է հաշմված ամուսինը կնոջն առաջարկում քնել ուրիշ տղամարդկանց հետ, այնպես էլ Ջերոմն է Ջոյին նույնն առաջարկում: Բայց եթե առաջինում դա զոհաբերություն էր ամուսնու համար, որպեսզի նա կյանքի ազդակներ ստանա ու ապաքինվի, այստեղ հանվում է նաև զոհաբերության ալիբին, զոհաբերություն` առանց հանունի՞, զուտ, մաքուր իմաստով զոհաբերությո՞ւն: Բայց կարծես զոհաբերություն չկա, չնայած կա զոհ` սադո-մազոխիստական մահակի դաժան հարվածների տակ իր զգայականությունը վերագտնել փորձող Ջոն: Իսկ գուցե հենց դա՞ է մաքուր իմաստով զոհաբերությունը, երբ զրկված է վեհացնող իմաստից:

Ջոն քնում է բազմաթիվ տղամարդկանց հետ` ստեղծելով պոլիֆոնիկ սեքսի իր ֆուգան (Սելիգմանի երաժշտական հուշումով)` տղամարդկանց բազմաձայն կատարումով կրկնելով նույն թեման: Նա ճանաչում է «մեղքը», բայց ոչ որպես կրոնական ըմբռնում. մեկ տարեկան որդու աչքերից իրեն է նայում հասարակական կարգը, բարոյականությունը, որ կրոնի կարիք չունի մարդու սեռականությունը վանդակելու համար: Ջոն անցնում է ամեն ինչի վրայով, ուրիշների ամուսիններին կարո՞ղ է կապել, այո՛, պատասխանում է իր շեֆուհուն: Այդպիսի մի կին էլ իր երեք որդիներով ներխուժում է Ջոյի տուն` որպես հասարակական պարսավանք` իր քայքայված ընտանիքի համար: Մեր ժամանակներում արդեն տերտերներն ու կրոնական դոգմաները չեն, որ մեղադրանք են հնչեցնում, ամուսնուց լքված կինն է, որ իր տղաներին մտցնում է Ջոյի ննջարան ու ցույց տալիս «մեղքի» անկողինը, որն իրենց զրկել է հորից:

Ջոն խախտում է հասարակական դրվածքը, հանրային օրենքը: Բնականաբար այս ամենից հետո հայտնվում է նաև հենց քրեական օրինախախտ բանդայում, ֆոն Տրիերը հետևողական է: Ջոն դառնում է պարտապաններից տանջանքներով փող հավաքող բրիգադի միակ կին անդամը: Բայց ի տարբերություն տղամարդկանց պարզունակ ֆիզիկական տանջանքների` նա բանեցնում է հոգեկան տանջանքի «գործիքներ»: Այդպես մի անգամ հերթական զոհին տանջում է` նրա համար էլ անսպասելի բացահայտելով նրա պեդոֆիլությունը: Բայց հետո զոհին մինետ է անում` որպես ներողություն, որպես հատուցում էդ բացահայտման ծանր լուծի` «երևի նրա համար, որ հասկացա` ինքն էլ ինձ նման մենակ է»: Համերաշխության ժեստ մի այլ օրինախախտ հոգու հանդեպ:

Ջոն դատապարտում է մեր ժամանակակից, իբրև թե դեմոկրատիայի, պոլիտկոռեկտության, իրականում` երեսպաշտության աշխարհը: Երբ օգտագործում է «նեգր» բառը, Սելեգմանը դիտողություն է անում` պոլիտկոռեկտ չի, Ջոն պատասխանում է` ամեն անգամ, որ մի բառի վրա արգելք է դրվում, մի աղյուս է հանվում դեմոկրատիայի շենքից: Սելիգմանը դրանից հետո ինքն էլ է մի կերպ ասում` նեգր:

Ընտանիքի, սպառողական սիրո ու անգամ մայրական սիրո, ամեն, ամեն ինչ դեմ ընդվզումը` հեշտոցի կամքի անունից, ազատություններ հռչակած աշխարհից դուրս մղված սեքսի անունից, ձմռանը տերևներից մերկացած ու տգեղ համարվող ծառերի անունից: Օրինախախտ կին, որ մերկանում է ոչ միայն մարմնով, այլ հոգով` ցույց տալով իր ցանկություններն ու իր հավատարմությունը դրանց` չվախենալով տգեղ երևալուց: Հռչակման ու հանձնառման խիզախությամբ: Բայց եթե այդ ամենը տղամարդն աներ, ընդամենը թեթև կատակների առիթ կտար,- ֆեմինիզմն է խոսում Սելիգմանի բերանով:

Բայց դա էլ է քիչ ֆոն Տրիերի համար. ֆեմինիզմը չի լուծում խնդիրները: Ջոյի սեռական ազատությունը հանգեցնում է հենց սեռականի անհնարինությունը, դատապարտվածությանը, վերքի վերածվելուն: Մենակություն` որպես հատուցում կյանքի մեծ ախորժակի` «իմ միակ մեղքն էր, որ ես ավելին էի ուզում մայրամուտից»: Կյանքից ուզենալ շատ ավելին, քան կյանքն է` չի կարող անպատիժ մնալ: Կան նաև ուրիշ կամքեր ու ցանկություններ: Նա գնում է սպանելու իր միակ սիրուն` նախկին ամուսնուն, որ կապվել է Ջոյի հովանավորած պատանի հոմանուհու հետ, ատրճանակը չի կրակում (Սելիգմանը կբացատրի, որ նա ենթագիտակցորեն չի քաշել ավտոմատ լծակը, որ չսպանի), իսկ ամուսինը` բացառիկ սերը, նրան դաժանորեն ծեծում-գցում է ցեխոտ փողոցում, նրա աչքի առաջ ջահել աղջկա վրա կատարում այն մեխանիկական 3 ու 5 շարժումները, որով ժամանակին իր կուսությունն էր վերցրել, ապա այդ աղջիկը, որ հովանավորյալ եղած ժամանակ քնքշորեն լիզել էր կնոջ վերքերը, գալիս ու հենց նոր Ջոյի սիրելու առնանդամից ազատված հեշտոցով միզում է նրա երեսին: Ավելի դաժան դժվար է պատկերացնել:

Ֆիլմը երկխոսություն է Ջոյի ու Սելիգմանի միջև` կույս, ապասեքսուալ տղամարդու, ինչպես ինքն է իրեն բնութագրում: Հրաշալի միջոց` անմասնակից, դիստանցված լաբորատոր զննման համար: Բայց այս երկյակը կարող է նաև տարբեր ու մետաֆորիկ իմաստներով «խոսել»: Ասենք` կնոջ ու տղամարդու տարբերության, հաղորդակցման խզումների, տարբեր լեզուների ու աշխարհների մասին: Կամ` որպես արևմուտքի ու արևելքի երկվություն, ինչպես բացատրում է Սելիգմանը` արևմտյան կաթոլիկ ու արևելյան ուղղափառ եկեղեցիների տարբերակմամբ` առաջինը` տանջանք, երկրորդը` բերկրանք:

Բայց ինձ ամենաշատը դուր է գալիս մի ուրիշ իմաստ. Սելիգմանը մենք ենք` հանդիսատեսը, Ջոն արվեստն է` հենց այս ֆիլմը, որին արձագանքում ենք մենք` մեր ինտելեկտուալ, գիտակ ու բանիմաց միջամտություններով` Ֆիբոնաչիի թվերով, ոսկե հատման մասին գիտելիքներով, երբեմն կասկածելով, երբեմն` ըմբռնումով, տեղ-տեղ իմաստակելով: Եվ որ ամենակարևորն է` մեր արվեստաբանությամբ` ոսկե հատման ու, առհասարակ, գեղագիտական օրենքների վկայակոչմամբ այն դեպքում, երբ կինը` արվեստը, խոսում է կյանքի ամենակարևոր բաների մասին` գուցե կցկտուր, գուցե ցաքուցրիվ, առանց ամփոփիչ բանաձևման, խառնիխուռն, փնթի, կիսատ-պռատ, ինչպես հենց կյանքն է, իսկ տղամարդը` արվեստաբանությունը, համաչափություն, ներդաշնակություն, գեղեցկություն, արվեստի կանոններն է փնտրում ու տեղավորում «կնոջ» պատմության մեջ: Կին-արվեստը կյանքի ճշմարտություններից է խոսում, տղամարդ-արվեստաբանությունը` գրքերի, կանոնների ու օրենքների:

Եվ ուրեմն վերջաբանում, ապասեռական տղամարդը բարի գիշեր ասելուց հետո վերադառնում է կնոջ հետ քնելու, քանի որ կինը` արվեստը, նրա մեջ կյանքի զգայականություն ու կրքեր է արթնացրել, իսկ կինը մերժում է: Ինչի՞, ախր էնքան տղամարդկանց հետ ես քնել,- զարմանում է Սելիգմանը` ճիշտ ինչպես Ջերոմը: Տղամարդիկ` սիրած, թե ընկեր, երբեք չեն հասկանում ()-ի կամքը, թե ինչպես կարող է շատ ուրիշների հետ քնող կինը մեկին մերժել, որովհետև չգիտեն, որ անգամ ինքնին սեքսը տարբեր բան է կնոջ ու տղամարդու համար:

Ու արդեն խավար էկրանից լսվում է քաշքշուկի, ապա կրակոցի ձայն: Դե եթե հրացան կա, պիտի կրակի. այ չեխովյան էս կանոնը պահպանում է ֆոն Տրիերը` իրոնիկ ինքնանդրադարձով:

Ֆիլմը սպանում է իր հանդիսատեսին:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.