Բժիշկը՝ գլուխը կախ այնպես զարմացած է նայում տեղեկանքին, որ սպասում եմ՝ շուտով կասի՝ շնորհավորում եմ, դուք հղի եք, շուտով ուռուցքիկ եք ունենալու:
«Կյանքի նկատմամբ անտարբերությունը կարող է դառնալ քաղցկեղի պատճառ․ հետազոտություն», այս վերնագրով լուրը տեսա Ֆեյսբուքում։ Քանի դեռ բժշկական ապահովագրություն ունեի, ասացի՝գնամ ստուգվեմ, տեսնեմ՝ հո քաղցկեղ չի սկսվել մոտս:
Հիվանդանոցում բժիշկներն ինձ ծափողջյուններով դիմավորեցին։ Պարզվեց այդ հաստատության 1991-րդ խնամառուն էի, իսկ իրենց տնօրենը այդ թվին է ծնվել։ Բայց ինձնից հետո մուտք գործող անձը նույնպես ծափողջյունների արժնացավ։ Ընտրեցի ամենագեղեցիկ բուժքրոջը ու հարցրի՝ բա 1992-րդին ինչո՞ւ եք այսպես դիմավորում։ Ասաց, որ ինքը խնամառու չի, իրենց տնօրենի թիկնապահն է, նրա շնորհիվ է տնօրենի անվտանգությունը ապահով։
– Ձեր տնօրենի թիկնապահը կին է և կո՞ւյր, – հարցրի։
– Ուզո՞ւմ եք ասել, որ կույրը, որը նաև կին է, չի՞ կարող թիկնապահ լինել։
– Ես եկել եմ ընդհանուր ստուգման, որտե՞ղ պտի գնամ։
– Սպասեք, շուտով ձեզ կկանչեն։
Կանչեցին: Հերթով բոլոր սենյակներն անցա. արյուն վերցրին, թոքերս նկարեցին, որովայնս նայեցին, կոկորդս զննեցին, հետանցքս մեծացրին, անդամս շոյեցին, սիրտս լսեցին ու ուղարկեցին կյանքի և ապրելակերպի անհամատեղելիության բաժին:
Բժիշկը ուումնասիրում է հետազոտության արդյունքները, իսկ ես սենյակի պատերն եմ զննում։ Ժամացույցը։ Մեջը նկար է, յոթանասունականների տիպ է, երկար դեղին մազերը փոթորկվում են, ձեռքում էլեկտրակիթառն է, որ ժամացույցի սլաքներն են, ժամանակը արձանագրել է այն պահը, երբ կիթառի կոթը իջել է հատակին իսկ մարմինը վեր է բարձրացել։
– Ի՞նչ գանգատներ ունեք,- հայացքը տեղեկանքիցս առանց կտրելու, հարցնում է բժիշկը:
– Էս ո՞վ ա էս նկարում,- հայացքս նկարից առանց թեքելու հարցնում եմ:
– Ես եմ: Այն ժամանակ երիտասարդ էի, դեռ հավակնություն չունեի: Ի դեպ, ձեր արյան անալիզներն էլ են ցույց տալիս, որ հավակնութուն չունեք: Տեսեք,- թուղթը թեքում է դիմացս,- ձեր ԱՄԲ-ն 0-ից ցածր է, իսկ նորման 30-նն է, քանի որ արդեն 30 եք:
– Բա հիմա ի՞նչ պիտի անեմ:
– Եթե հիվանդը չի ուզում բուժվել, բժշկությունն անզոր է: Ամեն դեպքում մի քիչ քայլելը չէր խանգարի: Վճարեք 10 հազար դրամ դրամարկղում:
– Բայց ես ապահովագրություն ունեմ:
– Ապահովագրությունը միայն հիվանդություն չհայտնաբերելու դեպքում է գործում: Ցտեսություն:
Ինքնագործ դրամարկղի մեջ դրեցի 10 հազարը, քաշեց, և մյուս անցքից ստացականը ցցվեց: Կողքը՝ ռազմական քողարկիչ գույներով ներկված մի ուրիշ դրամարկղ էր, վրան գրված. «Ձեր նվիրատվությունը, ձեր պաշտպանությունն է: Տվեք հազար, որ չդառնաք թուրքի բազառ»: Հանգը ռիթմի մեջ գցեց սիրտս, և 20 հազար դրամ մտցրի, ստացականը առա ու հիվանդանոցից դուրս եկա:
Ես զգում էի որ զրկանքի մեջ եմ, բայց չէի հասկանում թե ինչից է։ Վերջը պարզվեց, ախտորոշվեցի, ճիշտ ինչպես թմրամոլն է թմարնյութի բացակյությունից զրկանքի մեջ ընկնում, այնպես էլ ես եմ ընկել հավակնության բացակայության զրկանքը։ Լոմկա։
Ընկճված քայլում եմ, երևի նույնիսկ եթե քաղցկեղ հատնաբերեին, այսպես ծանր չէի տանի: Լավ է, միջազգային լայն ճանաչում ունեցող ընկերս կանչել էր իր փորձին խաշ ուտելու։ Հույսս էն էր որ նա կարևոր խորհուրդ կտա։
Տաքսի եմ կանգնեցնում: Վարորդը՝ լայնեզր գլխարկով, ծխամորճը՝ բերանը, մորուքը՝ ալյա փոխվարչապետ, պատմում է, որ հեղափոխության օրերին այնքան էր ոգևորվել, որ կնոջ հետ առանց պահպանակ սեքս արեց, որ երեխա ունենան:
– Ծնվե՞ց,- հարցնում եմ:
– Չէ, տարա աբորտ անել տվեցի:
– Խի՞:
– Մինիմալ էր:
– Այսի՞նքն:
– Տղա էր:
– Տղուն աբորտ կանե՞ն:
– Ազգին աղջիկ ա պետք, որ բեմից խոսա, տղա առանց էն էլ շատ կա:
– Ազգի՞ն, թե՞ ժողովրդին:
– Հա, ճիշտ ա, ժողովրդին, հըլը խառնում եմ, չեմ հարմարվել իրավիճակին: Հիմա ժողովուրդն ա չէ՞ որոշողը: Չես հավատա, բայց Էսօր, հորս արև, երևի մի 10 անգամ որոշում եմ կայացրել:
– Ի՞նչ որոշում:
– Զիջել եմ:
– Բա մինչև էս խի՞ չէիր զիջում:
– Հավակնություն չունեի, ցավդ տանեմ: Հեղափոխությունը սաղ փոխեց:
Զգում եմ մեքենայի հետևից ծուխ է գալիս: Շրջվեմ, տեսնեմ ինչ-որ մարդիկ արաբական հագուստով նարգիլե են ծխում: Նայում եմ վարորդին, ասում է.
– Հեղափոխության արդյունքն ա: Ներդրումներ են անում տաքսուս մեջ:
– Կուզե՞ս, սաղ վախտ հեղափոխություն լինի,- հարցնում եմ:
– Դե հեղափոխությունը հըլը չի պրծել:
– Իսկ կուզե՞ս կնգադ մեջ պրծնի հեղափոխությունը:
– Այսի՞նքն:
– Դե հեղափոխությունը ժողովուրդն ա չէ՞ անում: Ստեղ պահի իջնեմ: Մինիմալ ա բռնել աբո՞րտ ես անում, թե՞ տամ:
– Չէի վերցնի, բայց էսօր 23:23-ին, տեղ պիտի գնամ: Նենց, որ տուր:
– Մի հատ էլ որոշում կայացնեիր, զիջեիր էլի:
Միջազգային լայն ճանաչում ունեցող ընկերոջս մոտ վաղուց չէի եղել: Մարդը գործերով էր զբաղված, չէի ուզում խանգարել: Այն էլ, լավ է, մի քանի օր առաջ զանգեց՝ ասաց՝ նոր ներկայացում է պատրաստում խաշի մասին, արի փորձը նայի:
Բեմում 6-7 սեղաններ են, ընկերս քաշում է իր սեղանի մոտ։ Մատուցողը խաշը բերում է, աղն ու սխտորը լցնում եմ, խառնում, լավաշ փրթում, դուխս հավաքում ու ասում եմ․
– Լսի, Շառլ, ամ, ըհըհ (կոկորդս եմ մարքում), բիցիա չունեմ։
– Յա, հես ա, մատուցողին ասեմ, բերի։
– Պիցա չեմ ասում, ամբիցիա եմ ասում, հավակնութուն։
– Այսի՞նքն, ո՞նց հավակնություն չունես։ Չունես, բեմից իջի։
– Արա կատակ չեմ անում։ Լուրջ եմ ասում։ Էս բեղերս էլ մտնում են խաշի մեջ։
– Ապեր, դու սենց շարունակես ինքնասպան էլ կլինես։ Համ էլ խաշը թրաշով ուտելը սրբապղծություն ա, հազար ասինք թրաշվի։
– Արա, ասում եմ՝ հավակնություն չունեմ, ո՞նց եմ ինքնասպան լինելու, ինչի՞ համար։ Ու վաբշե, թրաշով չեմ ուտում, գդալով եմ ուտում։
– Խի ինքնասպան լինելու համար պե՞տք ա հավակնութուն։
– Բա առանց դրա իմաստը ո՞րն ա։ Չէ, դե, ինչ ինքնասպան։ Ես դաժե փողոցն եմ արագ անցնում, որ ավտոյի տակ չընկնեմ։ Բուսակեր եմ դառել, որ երկար ապրեմ։ Ոչ ծխում եմ, ոչ խմում։
– Ո՞նց ես փողոցն արագ անցնում։ Էն օրը կարմիրի տակով չանցա՞ր, շոֆերը ֆռաց մեր քրֆեց քեզ, բռնինք լավը քունինք։
– Հա, բայց արագ էի անցնում չէ՞, չասի կարմիրի տակով չեմ անցնում։
– Բա, որ բուսակեր ես, ի՞նչ մի խաշ ես ուտում։
– Դե, որ մերժեի, կնեղանայիր։ Հիմա մերժելու համար նեղանում են:
– Հիմա, մի բաժակ չես գցելու հե՞տս։
– Դե խաշն, առանց արաղ, նույնն ա, ոնց որ Թավշյա հեղափոխությունն առանց ժողովրդի վարչապետ։
– Դե մի հատ էլ տու ծխեմ, իմը մոռացել եմ մաշնի մեջ։
Ծխախոտս փոխանցում եմ, վառում եմ, սպասում եմ մի ղուլափ տա ու ասում եմ․
– Ապե, լավ, ի՞նչ խորհուրդ կտաս, ի՞նչ անեմ։
– Դու քո սաղ տաղանդը խմիչքին տվիր, ապեր։ Ես քեզ զգուշացնում էի, քանի՞ անգամ եմ զգուշացրել,- բողկը կծում, բխկում է,- իսկ հիմա լրջով ավելի լավ ա ինքնասպան լինես, կուզե՞ս մի 10 աման խաշ կեր, համով-համով կմեռնես։
– Աղը քիչ եմ արել։ Է հա, բայց դու էլ, որ էդ ասում էիր, վեչնի խմած էիր։ Էդ ո՞նց էղավ դու ունես հավակնություններ, ես չունեմ։ Համ էլ տաղանդ չէիր ասում, հանճար էիր ասում։
– Կակռազ, աղն էլ շատ արա, որ հողդ աղի լինի, դառնաս երկրի աղը։
– Արա, դե ասում եմ հավակնութուն չունեմ, դու ասում ես՝ դառի երկրի աղը։
– Լավ, ազիզ, նայի, եթե ինքնասպան չես լինում, հոգեբանի գնա։
– Արա, դե ինչ հոգեբանի գնամ, յանըմ շատ գոհ էի, որ բոքսի գնացի, մի հատ էլ՝ հոգեբանի։
Ընկերս ձեռը լավաշախառը հանում է ամանի մեջից, դադար է տալիս, գլուխը բարձրացնում, թեք ինձ է նայում, ուզում է հասկանա, թե ինչ ասացի։ Երկար դադարից հետո ասում է․
– Դու դեբի՞լ ես։ Չեմ ասում գնա հոգեբան պարապի, ասում եմ գնա հոգեբանի մոտ։ Խոր-հըր-դա-տվու-թյան։ Բոքսի իրոք չպիտի գնայիր, էրևում ա ընդե գլխիդ էնքան են խփել համ ուղեղդ կորցրիր, համ հավակնություններդ։ Ապե լավ, էդ արագ քաշի գլուխդ, ես գործեր ունեմ։ Էսօր 23։23-ին էլ հանդիպում պիտի վարեմ։
– Հա, բայց հըլը էրկու գդալ բան եմ կերել։
– Էդ ինչ կարևոր ա, դու մեկ ա հավակնություն չունես, դավայ-դավայ։ Հոպլո՜,- կանչում ա մատուցողին,- հաշիվը գրի վրես, գաստրոլների գնամ, գամ, կտամ,- նորից թեքվում ա իմ կողմ,- մոռացա ասեմ, Մայամի գաստրոլների եմ։ Նենց թույն ռուս պցեր կան,- մտները կպցում տանում բերանին,- մուահ,- պաչում ա,- Ֆու, արա, էս խաշից մատներս կպնում են իրար։ Հոպլո՜, մի հատ էլ թաց անձեռոցիկ։ Տո, լավ է, մի բեր, ժամանակ չկա, որտև ոնց որ ասել ա Թումաննը՝ ժամանակը ոսկի ա, իսկ ամուլսարը՝ հանք։ Լավն ա չէ՞, ես եմ հորինել։
– Բա ասում ես՝ Թումանյաննա ասել։
– Հա, Թումանյանն ա ասել, բայց ես եմ հորինել՝ մայրս թումանյանագետ ա, չգիտեի՞ր, ինքն է ինձ թույլ տվել Թումանյան հորինել։
Բեմից իջնում ենք: Ընկերս վիզս համբուրելով՝ հաջող է անում, ձեռս այցեքարտ է դնում, նստում է բեթմենի իր մեքենան ու արտագաղթում:
Նորից անփոփոխ, կրկին ընկճված քայլում եմ: Գրպանիցս հանում եմ ընկերոջս տված այցեքարտը: Հոգեբանի այցեքարտ է՝ «Սուրբ Մարիամ հոգածին մասնագետը կօգնի ձեզ դառնալ սուրբ հոգի»: Չեմ կարողանում հասցեն տեսնել, աղմուկը շեղում է: Հայացքս այցեքարտից բարձրացնում եմ, խաչմերուկի մեջտեղում 4-5 հոգով ինչ-որ բանի են հարվածում։ Մոտեցա, տեսնեմ ինչ է. ոչ մի բանի էլ չեն հարվածում, օդին են անկապ խփում ու հայհոյում:
– Ի՞նչ եք անում։
– Գոմիկ ենք տփում, միացի։
– Ի՞նչ իմացաք, որ գոմիկ ա:
– Որտև խաչմերուկի մեջտեղն ենք տփում:
– Ինչի՞ համար եք տփում։
– Սադրանք ա արել։
֊ Ի՞նչ ա սադրել։
– Գոմիկ ա։
– Բա ինչի՞ եք տփում։
– էրեխեքը տեսնում են: Գոմիկ ա, միացի։
– Բա ի՞նչ ա արել։
– Քարոզչություն: Գոմիկ ա։
Նախանձեցի տղաներին։ Հալալ է, կյանքի նպատակ ունեն, հավակնություններ ունեն։ Նաև երևի լավ են ծեծում, որ ծեծվելիքը չկա, ոնց որ ժամանակին Երևանի փղերին վռնդեցին, թեև փիղ չկար, բայց չկա, որովհետև լավ են վռնդել:
– Ներող, տղեք, ես հավակնություն չունեմ, չեմ կարա միանամ։
– Դու էլ ես գոմի՞կ։
– Չէ, ասի հավակնություն չունեմ։
Նորից եմ նայում այցեքարտին: Ամեն դեպքում որոշում եմ գնալ հոգեբանի մոտ, մանավանդ, որ խաչմերուկից հեռու չի, ընդամենը մի կիլոմետր քայլել է պետք, բժիշկն ասել էր, վատ չի լինի, եթե քայլեմ:
Հոգեբանը գոգնոցով, երեխան գիրկը դուռը բացեց։ Մի սենյականոց բնակարան է, պատերին ու առաստաղին՝ ճաքեր, գաջը տեղ-տեղ թափված։
– Համեցեք-համեցեք, արագացրեք, ճաշս հես ա կթափի, ասում է։
Երեխան սկսում է զռալ։
-Քանի՞ տարեկան է ձեր երեխան,- հարցնում եմ։
– 30,- ծծակը բերանից հանում է,- վույ, ազիզ ջան, գարեջուրդ պրծավ, հես ա նորը լցնեմ։
Բորշչի ուժեղ հոտ եմ առնում, հարցնում եմ․
– Ինչո՞ւ է ձեր տնից բորշչի հոտ գալիս։
– Երեկ բորչշ եմ սարքել։
– Բա այսօր ինչո՞ւ է գալիս։
– Որտովհետև այսօր էլ եմ բորչշ սարքում։
Ու վազելով մոտենում ճենճոտ գազօջախին։ Երեխան նորից է զռոցը գցում․
– Վայ, վայ, խոսքով ընկա մոռացա, հես ա, հես ա։
Ծծակի մեջ լցնովի գարեջուր է լցնում, դնում երեխայի բերանը․ «Դե, խմի, բալես, անուշ արա»։ Ու սկսում է բորշչը խառնել։ Մի քանի րոպե այսպես ձեռքերս գրպանս՝ կանգնած եմ, ինքը բորշչն է խառնում ։ Մեկ էլ թեքվում է, ինձ է տեսնում, վեր է թռնում․
-Վախ, վախացրիք։ Մոռացել էի, որ եկել եք։ Պառկեք այն լեժանկային ու սկսեք։
Թեքվում եմ, տեսնում՝ իրոք բացովի մահճակալ կա, ներս մտնելուց չէի նկատել։ Բացում, պառկում եմ։ Առաստաղից ջուր է կաթում ուղիղ ճակատիս։
– Ձեր առաստաղից ջուր է կաթում,- ասում եմ։
– Հա, դա վերևի հարկի աբիժնիկն է։ Սաբոտաժ է անում։ Իմ խնամառուս էր։ Ամուսիններ էին։ եկան մոտս, խորհուրդ տվեցի բաժանվեն, ինքն էլ վրեժ է լուծում։ Բայց պետք է կրողնալ ամեն երևույթից դրական բան քաղել, սա եմ ես ասում իմ խնամառուներին, և ուրեմն, ես էլ պետք է հետևեմ այդ խորհրդին, խնամառուին պառկեցնում եմ ուղիղ այնտեղ ուր նրա ճակատին կկաթա կաթիլը։ Դա նրան բացում է։
– Ինչի՞ խորհուրդ տվեցիք բաժանվեն։
– Յա, բա պարզ չէ՞, որ ես լինեմ հետը։
– Բա հիմա իրա հե՞տ եք։
– Այո, այո, մենք միասին ենք մեծացնում այս երեխային։
– Բա, ինչո՞ւ է հիմա ջուր լցնում ձեզ վրա, եթե իրար հետ եք ու երեխա ունեք։
Ծիծաղում է։
– Իրա հետ, նկատի ունեմ՝ կնոջ հետ եմ, ոչ թե ամուսնու։ Այդ Y քրոմոսոնները, բանի պետք չեն, մենակ երեխա ունենալու համար են, բայց ինչու ունենալ երեխա, եթե կարելի է ուրիշի ունեցածը ունենալ։ Դուք էլ եք չէ՞ այդ Y-ներից։
– Ես այլ հարցով եմ եկել ձեզ մոտ։ Ես հավակնություններ չունեմ։
– Համ Y եք, համ հավակնություններ չունե՞ք։ Այ, քեզ հետաքրքիր դեպք։ Սա պետք է կնոջս պատմեմ։ Սա նշանակում է, որ մոտենում է X-երի հաղթանակը։
Հիշեցի մաթեմատիկայիս դասերը՝ կոորդինատական համակարգը բաղկացած է X և Y առանցքներից։ Հորիզոնականը՝ X-ն, ուղղահայցը՝ Y-ը։ X-ը միշտ Y-ի տակ պառկած է եղել, հայրիշխանությունը Y-ի ուղղահայաց դիրքն է։ Բայց հետո հայտնվում է Z առանցքը ու ամեն ինչ տակնուվրա անում։ Իսկ Y-ի ու X-ի մեջ ինչե՜ր էին լինում մինչ այդ, էլ վերևից ներքև պարաբոլաներ, էլ իրար վրա հիպերբոլաներ, էլ սինուսոիդներ ու կոսինուսոիդներ, ճիշտ է մեկ-մեկ մոնոտոն էր լինում, մեկ-մեկ՝ կրիտիկական կետերով, բայց պարաբոլը, որ ճիշտ նկարեիր՝ X-ում, Y-ում անվերջ կաճեր։ Հետո աճում-աճում ՝ մեկ էլ հավակնոտ, հանդուգն Z-ը հայտնվում է ու ասում՝ սիրելիներս, կյանքն իրականում եռաչափ է։
Հոգեբանի ձեռի հեռախոսը զանգեց, մի ձեռքում երեխան գիրկը, մյուսով սառնարանի վրայից հեռախոսը վերցրեց, դրեց ականջին, ուսով պահեց, ձեռքը ազատեց ու գդալը առավ սկսեց բորշչը խառնել։
– Պատկերացնո՞ւմ ես, հավակնություն չունի։ Հա, հա, հաստատ Y է։ Ո՞նց, թե ինչ գիտեմ։ Մտած-չմտած բորշչի հոտից է խոսում։ Լեժանկային պառկած ինչ-որ մաթեմատիկական բաներից է մտածում: Վռնդե՞մ։ Հա, կյանքս, ես էլ եմ տենց մտածում։ Հիմա, հասկանամ, ոնց ցրեմ, որ չնեղանա: Հակահեղափոխական նախկինդ նորից ջուր է կաթացնում, լավ է գոնե Y-ի վրա է կաթում: Չէի սպասում, որ էդ աստիճան անասուն է: Ո՞նց, թե ոնց իմացա, եթե Y է, ուրեմն անասուն է, պարզ չի՞։ Եղավ, սիրունս, չեմ մոռացել, ժամը 23։23-ին։
Ձեռքից բաց է թողնում գդալը, երեխային դնում է հատակին, հեռախոսը հանում է ուսի և ականջի արանքից, թեքվում է դեպի ինձ, մատը պարզում է դռան կողմը ու բղավում․
– Հել, ռադդ քաշի հենց հիմա ստեղից, այ անասուն։
Վեր եմ թռնում, հետևիցս մահճակալը զնգոցով փակվում է։ Գցվում եմ դռանը, ու դուրս նետվում։ Հետևիցս լսում եմ հոգեբանի ձայնը․
– Լավ ստացվեց։ Կարծես, թե չնեղացավ:
Այո, կարծես թե չնեղացա։
Ինչ անել, անորոշ քայլում եմ, ընկճվածությունը սեղմում է ինձ: Թու՛, ոտքս ընկնում է կղկղանքիմեջ, շան կղկղա՞նք է: Չէ, կարծես մարդու է:
– Ի՞նչ ես կանգնել, նայում, թուղթ տուր:
Կողքս մեկը պպզած է: Թուղթ եմ ման գալիս, գրպանիցս գտնում եմ հոգեբանի այցեքարտը, տալիս եմ: Վերցնում է, քիթն է մաքրում, գցում: Կղում է, հետո մեկ մետր տեղափոխվում, ու նորից է կղում:
– Ի՞նչ ես անում,- հարցնում եմ:
– Ի՞նչ ես կարծում ինչ եմ անում: Հըլը ուշադիր նայի ոռիս, հըլը խորը հոտ քաշի: Ոնց որ ի՞նչ լինի:
– Դե, հա, քաքում ես:
– Որտե՞ղ եմ քաքում:
– Ասֆալտին:
– Ասֆալտին չեմ քաքում, էէէ, ասֆալտին քաքս եմ փռում:
– Ինչի՞ համար, կարո՞ղ ա դու էլ հավակնություն չունե՞ս:
– Աշխարհի վրա քաքողը հավակնություն չունենա՞, ազիզ:
– Անունդ ի՞նչ ա:
– Նարեկացի:
– Ֆեյսբուքում գրանցված անունդ չէ, անձնագրով:
– Անձնագիր չունեմ, ինքնությունս հաստատող փաստաթուղթը միան Ֆեյսբուքի էջս է: Ըըըը,- տնքում է, ու, պըլըտ, մեկ հատ էլ կղ ընկնում աշխարհի վրա: Կրկին մեկ մետր լոնք է գցում ու կրկին պպզում:
– Վաղո՞ւց ես էս գործին:
– Վովայի վախտերով:
– Վովան ո՞վ ա:
– Էն փիղը, որ գազանանոցից փախավ, խփին:
– Խի՞ խփին:
– Որտև անունը Վովա էր: Ես էլ դրանից նեղվա, սկսեցի ասֆալտի վրա քաք փռել:
– Լսի, իսկ ես էլ հավակնություն չունեմ, ինչո՞վ կարաս օգնես:
– Արի կողքս նստի քաքի, օգնում ա:
Գոտիս արձակում եմ, շալվարս իջացնում, պպզում եմ կողքը: Ջանում եմ, ջանում եմ, չի գալիս:
– Աչքիս շատ ես քայլել, գնա մի քիչ հանգստացի, նորից կգաս, կփորձես: Բայց իրոք, դու քաքի մեջ ես հաաաա, մարդ էլ էդքան զոռի, վերջում պարզվի հավակնություն չունի:
Տեսնում է, որ ընկճվում եմ, մխիթարում է.
– Լավ, անուղեղ, մի նեղվի: Արի քեզ Ֆեյսբուքում մի հատ խումբ ավելացնեմ, հավակնություն չունեցողների անվանական խումբն ա, իրար հետ կիսվեք, լայքվեք, կարող ա դաժե բախտդ բերի գտնես քո հավակնոտակցին: Մերսի հետո կասես, երբ հեղափոխությունը տապալվի:
– Մերսի: Բայց ես հեռախոս չունեմ, որ Ֆեյսբուք մտնեմ:
– Բա ըտից սկսի: Դու փաստորեն, կոնկրետ քաքի մեջ ես: Լավ, էս իմ հեռախոսը վերցրու ու հեռացի, ես պիտի մինչև 23:23-ը հասցնեմ մինչև Գյումրի քաքեմ:
Հեռախոսը վերցնում եմ ու հեռանում: Բացում եմ, չի բացվում, գաղտնաբառն եմ մոռացել հարցնեմ: Գլուխս վերև եմ բարձրացնում, որ փորձեմ գուշակել, տեսնում եմ «Ինքնիշխան» գործակալության լայն պատշգամբում լրագրողները՝ ձայնագրիչները ձեռքները ինչ-որ կրակի վրայով են թռնում: Մի քիչ երկար որ նայում եմ, ինձ նկատում են ու կանչում:
– Արի, միացի,- ասում է բոյով լրագրողը։
– Ի՞նչ եք անում: Էսօր տրնդե՞զ ա:
– Ըհը: Չես իմացե՞լ, անցյալն էլ առաջվանը չի, բռնել են: Մենք էլ համ լուսբանում ենք, համ տոնում ենք:
– Բա էս ի՞նչ եք վառել, որ հոտ չի գալիս:
– Մենք չենք վառել, ինքնահրկիզվել ա: Արի, միացի:
– Ներող էղեք, ես հավակնություն չունեմ, չեմ կարա ոչ տոնեմ, ոչ լուսաբանեմ: Բայց կարա՞ք ինձ օգնեք, էս հեռախոսի գաղտնաբառն իմանամ:
– Լավ սխմի կբացվի, հիմա էլ գաղտնիքներ, գաղտնի բառեր չեն լինելու։
– Հա, լավ սեղմում եմ, բայց գրում է՝ թավշաբառը ասեք։
– Հա, լավ, ուրեմն, դու հաջողացրել ես հեղափոխական սերնդի խելախոս ձեռքբերել։ Ուրեմն, տես, մի կեղծ թիվ գրի, կբացի: Մերսի էլ հետո կասես, երբ հեղափոխությունը հաղթի:
– Մերսի, շատ:
Նորից մաթեմիս դասերն եմ հիշում: Քառակուսի արմատի տակի թվերը եթե բացասական են, կեղծ են: Կեղծ թվերը, կեղծ լուրերի պես են. սովորում, սովորում ես գիտես, թե չկան, բայց հետո իրականությունն ընդլայնվում է ու առաջանում են իրենք: Ուրեմն թավշաբառը պիտի կեղծ լուր լինի, գրում եմ՝ այսուհետ իշխանությունը պատկանում է ժողովրդին, չի բացում, ուրեմն ճիշտ է, գրում եմ՝ իշխանությունը չի պատկանում ժողովրդին, էլի չի բացում, գրում եմ՝ իշխանությունը պատկանում է, էլի չի բացում, գրում եմ՝ իշխանությունը չի պատկանում: Բացում է:
Ֆեյսբուքի հավակնություն չունեցողների անվանական խմբում ցուցահանդես է: Արվեստագետները ներկայացնում են իրենց այն գործերը, որոնք չեն ցուցադրել հավակնություն չունենալու պատճառով։
Մեկում, արվեստագետը ցուցադրել է իր չծնված երեխայի սոնոգրֆիան։ Գործի անունն է՝ արդիականացման հրաժարում։ Նկարագարությունում գրված է. «Արվեստագետի և նրա գործի հարաբերությունը անհամատեղելի է ժամանակի փոփոխությունների հետ: Նոր կյանք տալն այլևս անհնարին է, երբ դադարում է գործել կյանք տալու նախկին դրդապատճառները»:
Մյուսում կիսակտրված ձեռք է: Գործի անունն է՝ անհաղթահարելի ցավ: Նկարագրությունից հասկանում ես, որ արվեստագետը ձեռքը կտրել է տիրող աշխարհակարգին դիմադրելու համար, սակայն աշխատանքը կիսատ է մնացել, քանի որ հեղափոխությունը վրա է հասել ու, փոխվել է աշխարհակարգը:
Մյուսը՝ կրկնվող շարժապատկերում հսկա լճի մեջ են գցվում արվեստագետները ու մխրճված մնում: Գործի անունն է՝ «Ո՞վ կա»: Նկարագրությունն էլ է նույնը՝ «Ո՞վ կա»:
Խմբում հարցում կա՝ արդյո՞ք հեղափոխությունը կօգնի, որ վերականգնվեն հավակնությունները: 100%-ը այո է պատասխանել: Մեկը, մեկնաբանություն է թողել, որ այս հեղափոխությունը կամքախթան է, որ ժամանակակից արվեստագետները երեխա ունենան: Հարց գրեցի թե ինչպիսի՞ կամքախթան է։ Անմիջապես պատասխանեց ՝ «դուխ տվող»:
Ես էլ կուզեի գործ դնել խմբում: Մտածեցի-մտածեցի, ոչ մի բան մտքովս չանցավ: Նյարդայնացա, հեռախոսը գցեցի գետնին, ոտքերով սկսեցի ջարդել: Երկու ոստիկան մոտեցան: Հարցրին, թե ինչ եմ անում։ Ասացի՝ քաքլանի հեռախոսն եմ կոտրում: Ի՞նչ գործ ունի քաքլանի հեռախոսը մոտդ։ Որ իմացավ հավակնություն չունեմ, տվեց:
Սկսեցին բերման ենթարկել:
– Ի՞նչ հիմքով եք բերման ենթարկում:
– Հասարակական վայրում հավակնություններ չունենալու հիմքով:
Քանի որ սա կյանքումս առաջին անգամն էր, որ բերման ենթարկվելուց ոստիկանները հիմնավոր հիմք ներկայացրին, այլևս չդիմադրեցի. տղաները հավակնոտ են, պատշաճ են կատարում իրենց գործը, թող տանեն:
Ոստիկանների հետ մեքենայով լուռ գնում ենք: Այսքան ապահով վաղուց ինձ չէի զգացել: Բայց դեռ ընկճված եմ, մտածում եմ, հավակնություն չունենալու տեղը գոնե ցմահ դատապարտված լինեի: Լռությունը կոտրվում է, երբ ոստիկաններից մեկը հարցնում է.
– Ո՞ր բաժին ես ուզում գնանք:
– Իմ ուզելո՞վ է:
– Իհարկե, իրավիճակ է փոխվել,- ասում է ու ապտակում է ինքն իրեն,- մենակ, թե արագ ասա, մենք 23:23 տեղ ունենք գնալու:
– Տարեք, ինձ էնտեղ, որտեղ 23:23 բոլորդ գնում եք:
Հարցական նայում է դեմքիս, իբր թե` էս տեղը չես բերում ում հետ ես խոսում: Բայց երևի հիշում է, որ ինքն արդեն ժողովրդի պաշտպանն է, ասում է.
– Լավ, բայց չփոշմանես:
Մնացած ճանապարհը լուռ ենք գնում: Գլուխս դնում եմ պատուհանին, դուրս եմ նայում: Վատ եղանակ չէ, իսկը քայլելու եղանակ է, բայց զրկանքի մեջ եմ: Գոնե հավակնություն չունենալու տեղը թմրամոլ լինեի թմրանյութ չունենալուց զրկանքի մեջ ընկնեի: Հիմա ես ի՞նչ եմ, հավակնոտ, ով հավակնություն չունի՞ և զրկանքի մեջ է հայտնվե՞լ, լոմկվե՞լ է։ Չէ, հավակնոտը երևի նորմայից ավել հավակնություն ունեցողն է, այսիքն պաթոլոգիա՞ է, ուր է, բժիշկը նորմալ բացատրում է որ հասկանամ։ Իսկ նորմալ մարդը պիտի նորմայի մեջ ունենա դրանից, իմը չկա, զրո, ու ոչ մի դեղ չեն տալիս, ոչ մի բուժում չեն նշնակում որ էդ անտերը գոնե նորմայի մեջ լինի։
Փողոցի երթևեկության աջ կողմով հղիներ են, շատ են, հղիների ամբոխ , արագ քայլում են, շտապում են հիվանդանոց, որ ծննդաբերեն։ Ձախ կողմով ծննդաբերած կանայք են վազում՝ նորածինները գրկները՝ ճմռթած, կապտավուն երեխաներ, պորտերը կախ հետևներից ասֆալտին քարշ են գալիս, էնքան արագ են իրենց դուրս նետել հիվանդանոցից որ պորտն էլ չեն կտրել:
– Արթնացի, հասել ենք, – ոստիկանը մեղմորեն տպտպացնում է ուսիս:
Փաստորեն քնել էի: Բայց վստահ եմ, որ երեխաների տեսիլքը երազ չէր:
– Հաց կուտե՞ս մինչև իջնենք:
Իյա, ոստիկանը հաց տվո՞ղ է, իրավիճա՞կ է փոխվել:
– Հա կուտեմ:
– Հաց չկա, իջիր:
Իջնում եմ, ընկնում երկար հերթի մեջ, որը տանում է դեպի այն նույն հիվանդանոցը, որտեղ ինձ ախտորոշեցին անհավակնոտ: Շենքի ճակատին մեծ գրված է՝ Հավակնոտ Հայաստան։ Խնամառուները կարմիր գորգի վրայով իրար չզիջելով, հերթ չտալով, հրելով, իրար վրայով քայլելով, առաջ են գնում։ Մուտքից հեռու շենքի անկյունում մի հոգի՝ լուռ կանգնած է։ Մոտենում եմ, Իսրայել Հորովիցն է, նա, որ երևակայական գծի մոտ գոյացած հերթի մասին պիես է գրել, այն պիեսը ուր մարդիկ չգիտեն անգամ թե ինչի համար են հերթ կանգնել, բայց իրենց ճղում են, որ հերթից առաջ ընկնեն: Ասում եմ․
-Պարոն Հորովից, բարև ձեզ։ Դուք ինչո՞ւ առաջ չեք գնում։
– Բարեւ։ Ինչպես կրնամ առաջ երթալ, երբ փառասիրության փափաք մը չունիմ։
Կանգնում եմ կողքը, վրայովս վազելով գալիս անցնում են։ Ընկճվում ու լռվում եմ։ Քսաներեք անց քսաներեք է, երազանք պահելու ժամ է, պահում եմ՝ կանգ առ ակնթարթ: Մեկ էլ մի աղջիկ հերթից պոկվում, գալիս գրկում է, ապա թևս է մտնում ու սկսում է քաշել: Պինդ կանգնած եմ մնում, որ չտրվեմ փառասիրություններին: Թևիցս դուրս է գալիս, հասնում է մուտքի մոտ, թեքվում, ասում է՝ հետո գլխիս չսարքես, թե թևդ եմ մտել, ու հետ-հետ գնալով՝ մտնում է ներս:
-Պարոն Հորովից, որ հավակնոտ չեք, կարելի՞ է ձեզ Իսո ասել։
– Ինչ կուզես ասա։
-Իսո, դու ինչո՞ւ հավակնություն չունես:
Տխուր քմծիծաղ է տալիս, ընկճված նայում է դեմքիս.
– Գրելն այն է ինչ ձուն ջարդես գետնին, սպասես, որ էփի կամ էլ ունիտազի մեջ կարթ գցես ու սպասես որ ձուկը խփի։
Հասկացող հայացքով նայում եմ իրան ու այլևս ընկճված չեմ:
– Քեզ էլ են հիվանդանոցում ասել, որ հավակնություններ չունե՞ս,֊հարցնում եմ։
-Չէ, ես չեմ գրում, որ ինձ էլ հիվանդանոցում ասեն: Շատը դրանից եմ վախենում. հանկարծ նստեմ գրելու, ինքս ինձ ախտորոշում տամ: Ես ոչ ընկերոջս մոտ եմ գնում, ոչ հոգեբանի, ոչ էլ քայլում եմ դրսերը, վախերս շատ են, վախենում եմ վախերս հաստատվեն: Գծի մասին պիեսս գրելուց հետո, երբ հասկացա որ անկարող եմ կառավարել ստեղծածս հերթն, ավելի վախեցա:
Երբ մաթեմատիկայի խնդիրը լուծում էի, էլ երկար ժամանակ չէի ուզում նոր խնդիր լուծել, վախենում էի նոր հարցերի առաջացումից, վախենում էի, որ այլևս պատասխան չեմ կարող գտնել:
– Բա մեր վերջն ի՞նչ ա լինելու:
-Խույ եգո, է, այ ախպեր: Ոնց քարշ գալով էկել ենք, նենց քարշ գալով էլ երևի կգնանք:
Կրկին ընկճվածությունս վերադարձավ, թվում էր, թե ոսկորներս ճաքում, ճեղքվում, կոտրվում են: Անհագ ցանկություն առաջացավ հիվանդանոց մտնելու: Թևանցուկ արեցի Իսրայել Հորովիցին, որպեսզի միասին քարշ գանք դեպի Հավակնոտ Հայաստան: Ոսկորներս փխրվում են, ուժ չունեմ, Իսոն է սկսում ինձ քաշել։ Մի քիչ ուժս տեղն է գալիս, ես եմ Իսոյին քարշ տալիս, ինքն՝ ինձ:
Մտնում ենք ներս՝ մուտքի դիմաց լայն սրահում երկայնքով նորձևության պոդիում է դրված, ձախից մոդելները բարձրանում, աջով իջնում են՝ տաքսու վարորդը, հոքեբանը, գոմիկ ծեծողները, լրագրողները, բժիշկները, ոստիկանները, արվեստագետները: Ըհը, քաքլանն էլ է արդեն էն ծերից իջնում է:
Ուզում եմ Իսոյին ասեմ՝ մենք էլ բարձրանանք պոդիում, բայց չկա։ Ո՞ւր կորավ։
Հայացքով փնտրում եմ, էն հեռվում Իսոն՝ բարձրախոսը ձեռքը խոսում է, չէ, բայց Իսոն չի, միջազգային ճանաչում ունեցող ընկերս է, թե՞ Իսոն է, բարձարխոսով ձայնը տարածվում է. «Սիրելի, հեղափոխականներ, հակահեղափոխականներ և չհեղափոխականներ, կոռումպացվածներ ու ազգային անվտանգություններ, նախկիններ և ներկաներ, սևեր և բազմագույններ, աջեր ու ավելի աջեր, հյուսիսայիններ և արևմտյաններ, խաղաղասերներ և ռազմատենչներ, հայախոսներ և հայագիրներ, և, իհարկե, մեր անկրկնելի գարշահոտ քաքլաններ, եկեք ձեռքերը վեր պարզենք ու ծափողջույններով դիմավորենք հիվանդանոցի տնօրենին, ում մենք պարտական ենք մեզ հավակնություններ շնորհելու համար»:
Ձեռքերը՝ վեր բոլորը ծափահարում են, և առաստաղից բացված անցքից ճոպաններով հարթակին կանգնած ՝ լայնեզր գլխարկով, ծխամորճը՝ բերանը, կույր թիկնապահի ձեռքը բռնած իջնում է Նա: Հասնում է հատակին, գլխարկի մակագրությունը երևում է՝ Անկախ Հայաստան։ Ու թեև ժպտում է, բայց զգացվում է, որ սպառվում է արդեն, զրկանքի եզրին է։ Մի խոսքով, լոմկվում է։ Բարձրախոսը վերցնում է Իսոյի ձեռքից ու ասում.
– Կեցցե՜մ, որ դեռ գալիս եմ։ Բոլորիդ այնքան շատ եմ սիրում, որ ձեզ բաժանեցի հավակնություններերս, այնքան կարեկից եղա ձեզ, որ ոչ մեկին աչքաթող չարեցի, յուրաքանչյուրիդ մի կտոր տվեցի, ու ես մնացի առանց հավակնության: Արարե՛ք, արարվե՛րք, արարե՛լք:
Ճակատին արվեստագետ JR֊ի նկարազարդումը Էլլիս կղզու լքված հիվանդանոցի շենքում