23 տարի բանտախցում գտնվող Մհեր Ենոքյանի  պամտվածքը 1֊ին անգամ հրապարկվել էր Ինքնագրի բլոգում 2009 թվին, և քանի որ բլոգը վերացել է, այժմ Ինքնագիրը կրկին նույնությամբ հրապարկում է այն(առանց խմբագրման, քանի որ այն ժամանակ հնարավոր չէր Ենոքյանի հետ կապվել և որոշ բառեր ճշտել) Հաաստանի վարչապետի կողմից վաղակետ ազատվելու նրա դիմումը մերժելու առիթով։

Մհեր Ենոքյանը 1996 թվին 21 տարեկանում մահապատժի է դատապարտվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու մեղադրանքով, 2003 թ.  երբ քրեական օրենսգրքից հանվել է մահապատիժը, նա բոլոր 43 մահապատժի դատապարտվածների հետ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան և մյուս 43 մահվան դատապարտվածներին ներում է շնորհել և ապա դատավճիռը փոխարինել ցմահ ազատազրկամամբ։

Մեկ այլ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի հետ նա բանտից երկու անգամ փախել է՝ 1֊ին անգամ 2004֊ին Գորիսի բանտից, 2֊րդ անգամ 2009֊ին Նուբարաշենի բանտեից։ Երկու անգամ էլ բռնվել են։ Երկրորդ բռնվելուց հետո Մհեր Ենոքյանը ինքնասպանության փորձ է արել, դանակով ինքն իրեն հարվածել է, և  բժիշկներն են նրա կյանքը փրկել։

Սողոմոն Քոչարյանը մահացավ 2015֊ին, ծանր հիվանդության շնորհիվ ներում ստանալուց երկու շաբաթ անց հիվանդանոցում։

Մհեր Ենոքյանի գործում  իրավապաշտպան Հայաստանի Հելսնկյան կոմիտեն մի շարք իրավախատումներ է գտել(տես՝ «Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով. Հելսինկյան կոմիտե»

Այս պատմվածքը ցմահ ազատազրկվածների նկատմամբ հետաքրքրություն է առաջացնում լրագրող Զարուհի Մեջլումյանի մոտ, ու նա սկսում է հետաքննել նրանցից շատերի գործերը, ընթացքում կապվում է Մհեր Ենոքյանի հետ և ամուսնանում, իսկ Ենոքյանն էլ այդ կապի շնորհիվ ապրելու իմաստ է ձեռք բերում՝՝ ընդունվում և ավարտում է Սլավոնական համալսարանի իրավաբանության բաժինը, գրում և հրատարակում է  6 գիրք(մինչ 2֊րդ փախուստը գրել էր ռուսերեն վեպ՝ Ваш мир, որ անտիպ է), թղթակցում է hetq.am թերթին, պայքարում է իր գործի վերաբացման համար (նաև ուզել էր դիմել Եվրոպական մարդու իրավունքների դատարան, սակայն փաստաբանը տապելել էր դիմումը պահանջված ժակետում չուղարկելով)։

Անցյալ տարի Ներման հարցերի հանձնաժողովը Մհեր Ենոքյանի ներման դիմումին դրական եզրակացություն էր տվել և փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն սպանված Աղաջանովի հարզատները և նախկին իշխանություններին հարող շրջանաները բողոքի ալիք բարձրացրին, ցանցում տարածեցին սպանված Իոսիֆի դիակի, ոստիկանության բաժնում Ենոքյանի ինքնախոստովանական բառերի կադրերը(Ենոքյանի այդ խոսքը չի մտել քրեական գործի մեջ, ամբողջ գործի ընթացքում նա իրեն մեղավոր չի ճանաչել)։ Նաև բողոքի ցույց արեցին Կառավարության դիմաց, որը ստիպեց Փաշինանին մերժել դիմումը։

Ցմահ դատապարտյալների հոգևոր հովիվ Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանը այս բողոքի ալիքի վերաբերյալ ասաց..

«Էս խնդիրը հանենք հրապարա՞կ: Հրապարակ հանեցին Քրիստոսի դատավարությունը, է ի՞նչ որոշվեց։ Դատավորն ասում էր՝ անմեղ է այս մարդը, ամբոխը պահանջեց, որ խաչվի եւ ի վերջո խաչվեց։ Խնդիրը միայն ներման մեջ չէ, եթե միայն ներման հարց լինի, ապա ներում են մարդուն, որ մի բան է արել եւ պատիժ չի կրել եւ մենք իրեն պիտի ներենք, բայց չմոռանանք 20 տարի, 23, 25 տարի դրանք պատժաչափեր են, որոնք մարդիկ արդեն կրել են»։

Ինքնագիր

Իրական պատմություն

Շուտով լույսը կբացվի: Եվս մի երկու ժամ և երկինքը, լուսավորվելով արևի առաջին ճառագայթներով, կամաց-կամաց կդառնա բաց կապույտ: Ես ինչ-որ սարի գագաթին եմ, պառկած մեջքիս վրա բավական սառը, մի քիչ խոնավ հողին և նայում եմ աստղերով լի գիշերային երկնքին: Բավական հոգնած եմ և միևնույն ժամանակ թարմ, ձախ ուսս սկսում է ցավալ` ենթադրում եմ, որ վնասված տեղը արյունահոսում է, սպորտային կոշիկներիս մեջ ջուր է լցվում և ընդհանրապես գրեթե մինչև գոտկատեղ շորերս թրջված են` առուների և ինչ-որ ճահիճների միջով անցնելուց, քրտնած եմ և հասկանում եմ, որ շուտով կսկսեմ սառել: Չեմ ցանկանում շարժվել, այսպես պառկած կնայեմ երկնքին` մինչև աստղերը ամբողջովին կանհետանան արևի ճառագայթների մեջ: Ես երջանիկ եմ: Սիրտս արագ է խփում, ուրախությունից շնչում եմ դանդաղ բայց շատ խորը` կարծես չեմ կարողանում հագենալ այս սառը մաքուր օդով` ինչպես ծարավ մարդն ուզում է ջուր խմել:

Ազգությամբ ես հայ եմ, ծնվել և մեծացել եմ Երևանում: Ինչքան եմ սիրում իմ հարազատ քաղաքը: Տարիներ առաջ, երբ ինձ տանում էին «գերեզման», ասացին. «ուշադիր նայիր քո սիրելի քաղաքի փողոցներին, մարդկանց. վերջին անգամ ես տեսնում»: Եվ ես ուշադիր, թախիծը սրտումս և թաքուն արցունքները աչքերիս, սլացող մեքենայի պատուհանից նայում էի գիշերային Երևանին, մեր քաղաքի մարդկանց և ինքս ինձ ասում. «վաղ թե ուշ դու նորից ման կգաս քո հարազատ և սիրելի Երևանի փողոցներով: Անպայման: Երդվում եմ»:

Այն ժամանակ ես 20 տարեկան էի: Ինձ սպանեցին…. բայց չնայած դրան տարիներ անց ես կատարեցի իմ խոստումը…. Ես նորից ազատ և երջանիկ մարդ էի: Ափսոս որ քիչ տևեց…. սակայն մյուս կողմից էլ, շնորհակալ եմ Աստծուց ամեն ժամի, ամեն րոպեի, ակնթարթի համար:

Անկեղծ ասեմ` հարություն առնելուց հետո ամեն մի պահ մի ամբողջ կյանք է:

Ինչպես հարազատ մայրդ, սիրածդ աղջիկը, այդպես էլ այս քաղաքը, մի անտեսանելի ուժ է տալիս մարդուն, երբ «գիտակցում է», որ դու իրեն անկեղծ սիրում ես: Նա պատրաստ է ներել նույնիսկ ամենածանր մեղքերը` ինչպես յուրաքանչյուր սիրող էակ: Միևնույն ժամանակ նա կարող է բարկանալ և վրեժխնդիր լինել, եթե հանկարծ չարացած մարդիկ աչք փակեն նրա հոգու գեղեցկության վրա և անհույս փորձեն այլանդակել այն…

Գրեթե անհավանակն էր թվում, բայց այդ ուժը օգնեց նույնիսկ երկրորդ անգամ հարություն առնել: Երևանի ծայրամասերից մեկում կա գերեզմանոց, աղբանոց և ևս մի կլորավուն տեսքով յուրահատուկ «գերեզման»: Հարազատները ծաղիկների փոխարեն սնունդ և հագուստ են բերում:

Ժամեր առաջ այդ զարհուրելի և մութ տեղից դուրս պրծա և առանց հետ նայելու, շնչակտուր վազում էի ամայի տեղերով, ճահիճների և ծակծկող թփերի միջով, քարերի վրայով: Միակ ուղեցույցը հեռվում վառվող կարմիր լույսերն էին հեռուստաաշտարակի գագաթին: Արդեն ամբողջովին մութ էր, երբ ճղճղված շորերով, համարյա ուժասպառ հասա Նոր Նորքի զանգված: Միանգամից չկոմնորոշվեցի, թե կոնկրետ որ զանգվածն է: Ճիշտ է, հինգ մատիս պես գիտեմ այս կողմերը, բայց դեռ հեռվից երևացող մագլցող լույսերով մեծ աստղը անծանոթ էր: Երբ շենքերի արանքներով մի քանի փողոց անցնելով մոտեցա` տեսա, որ ինչ-որ սուպերմարկետ է: Փորձեք պատկերացնել, թե ինչ զգացողություններ կառաջանան սառը լռության միջից վերակենդանացած մարդու մոտ, որը ընկել է գույների, լույսերի և զանազան ձայների աշխարհ: Կողքովս անցնում են մարդիկ, մեքենաներ և ես ցանկանում եմ նայել բոլորի աչքերին, կանգնել ինչ որ փողոցի մեջտեղում, կամ հրապարակում և գոռալ. «Ես մարդասպան չեմ»: Բայց չի կարելի, ես պետք է շտապեմ, արդեն բոլոր համապատասխան կառույցները ման են գալիս ինձ և ամենայն հավանականությամբ, հայտնաբերելու դեպքում` կրակ կբացեն և կսպանեն: Փորձելով թաքցնել հետաքրքրասիրությունս` նայում եմ յուրաքանչյուր անցորդի դեմքին, մանավանդ աղջիկներին, կանանց… Չէ՞ որ այնտեղ տեսնում ես միևնույն մեռելային դեմքերը, իսկ այստեղ բոլորը լավն են, հաճելի, բոլորը և ամեն ինչ նոր են…

Միանգամից չես կարողանում հասկանալ` քնի՞ց ես արթնացել և իրականությո՞ւն է կողքիդ, թե՞ հակառակը` երազ ես տեսնում: «Արթնացա», երբ նկատեցի, որ դիմացից մոտեցող երիտասարդ կինը ուշադիր նայում է մեկ երեսիս, մեկ կրծքիս: Գլուխս իջեցրեցի և տեսա, որ սվիտրս երկու տեղից պատառոտված է: Հետո նայեցի ոտքերիս, պարզ զգացվում էր, որ շալվարս ամբողջովին թաց է ճահճաջրերից: Անկախ ինձանից ծիծաղեցի: Բարձր ծիծաղեցի: Կինը հավասարվեց ինձ և առանց կանգ առնելու ոտքից-գլուխ նայեց: Երևի մտածեց կամ բոմժ եմ, կամ խելագար:

-Բարի երեկո ձեզ, – ուրախ-ուրախ ասացի ես: Նա հետաքրքիր ժպտաց և նույնպես բարի երեկո ցանկացավ: Այդ ժամանակ անցորդներից մի քանիսը շրջվեցին և նայեցին ինձ վրա: Շտապեցի, անցա փողոցը, փոքր այգի էր, մարդ չկար, փաթաթվեցի մի ծառի և համբուրեցի մի քանի դեռ կանաչ մնացած տերևներ, պառկեցի կանաչ խոտերի վրա և ամբողջ սրտով բարձր ծիծաղում էի և չէի կարողանում ինձ զսպել: Ես իրոք երջանիկ էի:

Նկատեցի, որ մոտենում է մի կին իր փոքրիկ աղջկա հետ, և վերջապես զսպեցի ծիծաղս, կանգնեցի ոտքի և ուշադիր նայեցի երեխային: Վերջին անգամ, այսքան մոտիկից հինգ տարի առաջ էի այսչափ փոքրիկ մարդուկ տեսել: Քայլերս արագացրեցի, պետք է շտապել: Չհաշված մի որոշակի հատված, համարյա ամբողջ ճանապարհը, սպորտային պայուսակը ուսիս, ոտքով շարժվել եմ Երևանից հեռու, դեպի Գառնի:

Ես արդեն բավական ուժեղ դողում էի, ատամներս իրար չեի կարողանում սեղմել, մեջքս սառել էր: Լուսանում էր, բայց աստղերը դեռ երևում էին: Կտրուկ շարժումով վեր կացա, հայացքս կտրեցի երկնքից և նայեցի շուրջ բոլորս: Հեռվում, բայց շատ պարզ երևում էր Գառնու հեթանոսական տաճարը:

Երբ արևն ամբողջությամբ երևաց հորիզոնում, ես արագ հանվեցի և ոտքից գլուխ մերկ, կանգնած սարի գագաթին, նայում էի արևին և ժպտում: Ես նորից ծնվեցի:

Դժվար է բառերով նկարագրել այդ զգացմունքները, բայց փորձում եմ: Ինչ ապրումներ կունենար նորածինը մոր արգանդից դուրս գալուց անմիջապես հետո, եթե ունենար «գիտակցություն»… Կվախենա՞ր թե՞ կհիանար, չգիտեմ, բայց հաստատ կզարմանար: Ես զարմացած էի, որ ամեն ինչ ստացվեց: Ես նորից ազատ եմ: Ես նորից ծնվեցի: Եվ դա նման է առաջին սիրո զգացմունքներին: Այդպես մերկ կանգնած սարի գագաթին և դիմավորելով նոր կյանքի առաջին արևածագը` կարծես առաջին անգամ մերկ մարմնով հպվում ես աղջկա մերկ մարմնին:

Մի իրականության մեջ գոյություն ունի մյուսը: մեկը աստվածային, իսկ մյուսը… Չէր բացառվում, որ ուղղաթիռներով որոնումներ սկսեին Երևանից դուրս, ամայի վայրերում: Արագ հագնվեցի, կրակ վառեցի, սուրճ պատրաստեցի, նստեցի մի քարի և դանդաղ ըմպելով սուրճը նայում էի հեթանոսական տաճարին:

Ինձ կնքել են Գեղարդի վանքում, հաջորդ լուսաբացը դիմովորեցի հենց այնտեղ: Մոմ վառեցի, աղոթեցի: Հետո լիաթոք շնչելով ազատության օդը` հիանում էի կողքիս տեսարաններով: Մի միտք հանգիստ չէր տալիս: Բայց սրա մասին այս պատմության վերջում կասեմ:

Մեքենայով հակառակ ուղղությամբ շարժվեցի` դեպի Երևան: Ճանապարհին երկու տեղ ոստիկաններ կային, կանգեցնում էին Երևանից եկող բոլոր մեքենաները և ստուգում: Ընդհանրապես Երևանից դուրս տանող բոլոր ճանապարհները հսկողության տակ էին: Ով կմտածեր, որ ոչ թե Երևանից եմ փախնում այլ հակառակը քաղաք եմ գալիս…

Երեկոյան Օպերայի(Ազատության) հրապարակում էի: Երաժշտության ներքո, չմուշկները ոտքերիս փորձում էի սահել սառույցի վրա: Նորից այդ անզսպելի ուրախ ծիծաղը պոռթկում էր դուրս, և ես մի կողմից վախենում էի խելագարի տպավորություն թողնել, իսկ մյուս կողմից թաքնվելու փոխարեն եկել եմ այստեղ` քաղաքի կենտրոն և սահում էի բոլորի աչքի առաջ, երեխաների և պատանիների մեջ: Չէ՞ որ ոստիկանները, ազգային անվտանգության աշխատողները կարող էին և այստեղ լինել. ոչ միայն կարող էին, այլ հաստատ կային, նրանք ամեն տեղ էլ կան: Մյուս կողմից էլ այդպես «թաքնվելը» հաճախ ավելի արդյունավետ է լինում, միայն չափի մեջ. իսկ կկարողանա՞մ ես ապրել չափի մեջ, կկարողանա՞մ ինքս ինձ սահման գծել, երբ ես ջարդում և փշրում եմ բոլոր սահմանները… այս պահին ես դրա մասին չէի մտածում, ուղղակի ինձ մի պահ, կարապների մեջ պատկերացրեցի, ինչպես պատկերացնում էի երեխա ժամանակ, երբ ժամերով նստում էի Կարապի լճի մոտ և նայում… Պատկերացրեցի և նորից սկսեցի բարձր ծիծաղել: Պետք է հեռանալ այստեղից, համը դուրս կգա…

Ավելի ուշ ժամի «Կոմիտասի» պողոտայով էի անցնում, մի մարդ մոտեցավ, մոտ 45 տարեկան, կոկիկ հագնված.

-Բարի իրիկուն ախպեր ջան, քեզ մի մեծ խնդրանք ունեմ:

-Բարի իրիկուն, ինչ կա, ինչով կարամ օգնեմ,- ասացի ես և միանգամից մտածեցի, որ սա հաստատ «աշխատող ա» ու ճանաչել ա դեմքս, քանի օր ա հեռուստացույցով ցույց են տալիս ու պարգևատրում խոստանում… Նայում եմ կողքերս` ուզում եմ տեսնեմ մյուսները որտե՞ղ են թաքնված:

-Ես քո ցավը տանեմ, երևանցի տղա եմ, բայց ամանչում եմ թե ինչ օրն եմ ընկել: Ոչ ալկաշ եմ, ոչ բոմժ , ուղղակի ձեռս կոպեկ փող չկա, ախչիկ թոռանս սրտով սմետան ա անցել, արի միասին մտնենք էն խանութը, դու քո ձեռով մի սմետան առ, տանեմ տուն` թոռս ուտի:

Հազիվ ինձ զսպեցի որ աչքերս արցունքներով չլցվեն: Լուռ դրամապանակս հանեցի, 5 հազար դրամ տվեցի: Սկսեց շնորհակալության խոսքեր ասել, բայց ես «Աստված քո հետ » ասելով` շտապեցի հեռանալ:

Արդեն մի քանի օր է վարձով բնակարանում եմ մնում, կենտրոնից ոչ հեռու: Գիշերվա ժամը մեկն է արդեն, քունս չի տանում, բայց պետք է քնել, քանի որ վաղը մի քանի կարևոր գործ կա անելու. կեղծ անձնագիր է պետք ձեռք բերել և այլն…

Մոտենալով շենքին որտեղ վարձով էի մնում` զգացի որ ինչ-որ բան էն չի: Այդ ժամին շատ տարօրինակ էր երկու անձի կանգնած լինելը շքամուտքի մոտ, իսկ մի քանի մետրի վրա էլ սպիտակ նիվա էր կանգնած, մգեցված ապակիներով: Միգուցե սխալվեցի, բայց բնազդս ասաց, որ պետք է հեռանալ այդտեղից:

Համապատասխան ծառայությունները արդեն վաղուց գիտեին իմ բոլոր հարազատների, բարեկամնների, ընկերների հասցեները, հեռախոսի համարները, այնպես որ ոչ մեկի օգնությանը այս անգամ դիմել չեի կարող: Երեք օր անցկացրել եմ փողոցներում. մոտ մեկ ժամ փորձել եմ ննջել Մոսկվա կինոթատրոնի դահլիճում, իբր ֆիլմ դիտելուց, սնվում էի սրճարաններում, բարերում, փոքր ռեստորաններում և հնարավորինս երկար էի նստում այդ վայրերում, որ համ ոտքերս հանգստանան անընդհատ քայլելուց, համ էլ աննկատ փորձում էի ննջել:

Չորրորդ գիշերը արդեն անհնար էր այդպես անքուն մնալը:

Իմ միակ և անչափ հարազատ ընկերուհիս արդեն 15 տարի է Գերմանիայում է , ընտանիքի հետ գնաց Հայաստանից 1995թվին, երբ միասին սովորում էինք Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի երկրորդ կուրսում: Իսկ մեկ տարի անց ինձ մահվան դատապարտեցին: Այս տարիների ընթացքում միշտ իրար շատ ջերմ նամակներ էինք գրում, նա ինձ հետաքրքիր և գեղեցիկ հուշանվերներ էր ուղարկում, CD ռոմանտիկ երաժշտություններով: Երբ երկու տարի առաջ ես կարողացա «Գերեզմանում» ձեռք բերել բջջային հեռախոս և զանգահարեցի Գերմանիա, չեք պատկերացնի ինչ երջանկության պահեր էինք ապրում իրար ձայն լսելով` ես այստեղ Երևանում, նա այնտեղ Բեռլինում: Իսկ փախուստիցս երկու ամիս առաջ նա առաջին անգամ եկել էր Հայաստան և այցելեց ինձ «Գերեզմանում»: Հրաժեշտ տալուց , երբ համբյուրվում էինք, ես ասացի, որ մինչև տարվա վերջ անպայման կփախնեմ այստեղից:

Չորրորդ անքուն գիշերն էր: Զանգահարեցի Բեռլին: Բավական երկար խոսելուց հետո, մի հարց տվեցի, Դիանկա ջան, գիտե՞ս որ առանց քեզ իմ երջանկությունը լիարժեք չի , բայց խնդրում եմ քեզ, որ թույլատրես մինչև մեր հանդիպումը գոնե մեկ, մեկ անգամ փողոցային ախչիկների հետ լինեմ….

Նա սկսեց բարձր ծիծաղել հետո բավական երկար լռություն տիրեց. «իհարկե թույլատրում եմ: Նույնիսկ ուշացնում ես, արդեն քանի օր է անցել….»:

Դե երկու օր սարերում ու անտառներում էի, իսկ հետո… Տաքսիով շարժվեցի դեպի Ջրվեժ, համարյա քաղաքից դուրս բազմաթիվ փոքր ու մեծ հյուրանոցներ են, որ այն ժամանակ չկային: Հյուրանոցներից մեկում համար վերցրեցի, ընթրիք պատվիրեցի: Բավական երկար կանգնած էի տաք ջրի տակ, հետո հագնվեցի, սեղանը արդեն պատրաստ էր երկու անձի համար: Դուռը թակեց և ներս մտավ սպասուհին.
-Կներեք, դուք երևի լողանում էիք, երբ բերեցի ձեր պատվիրածը, ուրիշ ինչ կցանկանաք:

Չգիտեմ էլ ինչպես ասել…

-Ձեր մոտ աղջիկների հնարավորություն կա՞…. հասկանում եք ինչ նկատի ունեմ:

-Սովորաբար մեր այցելուները իրենց հետ են բերում ձեր ասած աղջ…, պոռնիկներին , մեր մոտ նման ծառայություններ չկան:

Այդ սպասուհին, թե մատուցողուհին, չգիտեմ, մոտ 30 տարեկան հաճելի արտաքինով կին էր, բայց ինչ որ ակցենտով էր խոսում: Նա ինչ որ բան էր ուզում ասել, բայց լուռ նայում էր ուղիղ աչքերիս մեջ և ոնց որ չէր պատրաստվում հեռանալ, ես նրան տվեցի 2 հազար դրամ և ասացի, որ շատ ափսոս գիշերը առանց կնոջ պետք է անցկացնեմ:

-Ինչո՞ւ եք պոռնիկներին այդպիսի քնքուշ բառերով անվանում` կին, ախչիկներ,- չգիտես ինչու այս սպասուհին չէր ցանկանում հեռանալ:

Մտածեցի որ 2 հազարը քիչ էր և ասացի.

-Ես վաղուց Հայաստանում չեմ եղել, միգուցե ավել պետք է տամ ձեզ:

-Չէ, ինչ էք ասում չայևոյը նորմալ է , դուք նույնիսկ առանց սենյակը նայելու վճարեցիք մեկ օրվա համար և երկու անձի ընթրիքի համար,- մի քիչ տարօրինակ և զարմացած ժպիտով հարցրեց նա:

-Իսկ ինչ կա զարմանալու:

-Դե, ադմինիստրատորն էլ զարմացավ, որ առանց մեքենայի, ոտքով եկաք, ամբողջ օրվա համար վերցրեցիք…- նա ժպտալով շարունակում էր նայել ուղիղ աչքերիս մեջ:

Ես մտածված տաքսին մոտ 100 մետր հեռու կանգնացրեցի, որ վարորդը չիմնա կոնկրետ որտեղ եմ գնում: Ամեն ինչ պարզ էր: Նման մոթելներում գալիս են 1-2 ժամով և աղջիկների հետ: Ես դա գիտեի, բայց մտածում էի, թե այստեղ կլինեն աղջիկներ և հետո էլ մինչև առավոտ մնալ և քնել այդքան էլ տարօրինակ չի թվա: Հյուրանոցի բակ մտնող մեքենաների ձայներ լսվեցին: «Պարզ է, ադմինիստրատորը կասկածել է, թե ով եմ ես և զանգահարել է ոստիկանություն, սա էլ ժամանակ է ձգում»,- մտածեցի ես: Ճիշտ ժամանակին բջջայինիս զանգը լսվեց. միայն մի մարդ գիտեր իմ համարը: Կարճ խոսալուց հետո Լիզային ասացի (այդ անունով էր նա ներկայացել) .

-Անսպասելի փոփոխություններ, ես պետք է շտապ գնամ,- վերցրեցի պայուսակս և մոտեցա դռանը: Լիզան բռնեց իմ ձեռքը դռան բռնակի վրա և ասաց.

-Ճիշտն ասած իմ աշխատանքային ժամը արդեն ավարտվում է և ես կմնամ ձեր հետ ամբողջ գիշեր:

-Հարցը դրանում չի, ես իրոք շտապ պետք է տեղ գնամ, բարի գիշեր Լիզա:

-Շատ ափսոս, բարի գիշեր, իսկ վճարած գումարը…

-Ես արդեն աստիճաններով իջել էի և շտապ հեռացա այդ փոքրիկ, բայց բավական հետաքրքիր կառուցված հյուրանոցի տարածքից:

Նորից տաքսի վերցրեցի: Կրկեսի մոտ գնալը վտանգավոր էր երկու տեսակետից` էտ աղջիկերքից շատերը համագործակցում են ոստիկանների հետ: Տաքսու վարորդը գիտեր ինչ, կամ ավելի ճիշտ ում եմ ման գալիս գիշերային Երևանում: Կոմիտասի վրա էինք նայում, մի քանիսը կային, բայց ճաշակովս չէին, տաքսիստը առաջարկեց, Լենինգրադյանի կողմ գնանք: Բաղրամյանի մոտ էինք, ասացի, որ շրջվենք, նորից Կոմիտասով բարձրանանք:

Նկատեցի մի սիրունիկ աղջկա, հազիվ մի 20 տարեկան լիներ, բայց հագուկապից, կանգնած տեղից հասկանալի էր, որ աշխատանքի է դուրս եկել: Շենքերի արանքից մի սև ջիպ դուրս եկավ և կանգնեց այդ աղջկա կողքին:

-Չհասցրինք,- ասաց տաքսու վարորդը:

-Կանգնացրա ըստեղ, տենանք, կարող ա չգնա հետները,- ասացի ես և իջնելով մեքենայից` մոտեցա էտ ջիպին:

-Ախչի արի նստի, փողդ կտանք, մի վախի, նստի երկու բառ խոսանք,- ասում էին ջիպի միջից: Աղջիկը վախենալով ու կասկածանքով, բայց նստեց մեքենան: Ես դեռ սպասում էի: Երևի մի երկու րոպե անցավ, դուռը կտրուկ բացվեց, աղջիկը դուրս թռավ մեքենայից, երեսին ապտակի կարմիր հետքն էր երևում:

-Ապուշի մեկը,- գոռաց աղջիկը և փորձեց փախնել, բայց ջիպից դուրս եկած մի 30 տարեկան տղան, ամբողջովին սև հագնված, հասցրեց բռնել ձեռքից: Ես մոտեցա.

-Բարի իրիկուն տղերք:

-Ինչ կա ապեր,- հարցրեց ջիպից դուրս եկածը:

-Թե չի ուզում հետներտ գա` հո զոռով չի:

-Էս ով ա արա,- աղջկա ձեռքը թողնելով` մոտեցավ ինձ:

-Որ սով լիներ, ջիպով ման չէիր գա,- ասացի ես և տեսա, որ մեքենայից ևս երկուսը դուրս եկան: Էլի մոտ 30 տարեկան տղեք էին: Վարորդի տեղից իջնողը ճիճուի տեսք ուներ, մոտեցավ աղջկան ապտակողին, ամբողջովին սև հագնվածին, ու ասաց.

-Ախպերս, էսի,- իմ վրա ցույց տվեց,- իրա գլխին փորձանք ա ման գալիս:

Մեքենայի մյուս կողմից իջնողն էլ, առանց մոտենալու, բարձր ասաց.

-Արա, շառտ քաշի գնա ստից:

Ամեն դեպքում ձեռս տարա գրպանս…

-Եթե ընկերուհին,-ցույց տվեցի աղջկա վրա,- ասի, որ իմ միջամտության կարիքը չունի, ուրեմն հարց չկա, շուռ կգամ ու կգնամ:

Ընկերուհին նայեց ինձ, բայց բան չասեց:

-Դե ուրեմն բարի գիշեր ձեզ, -ասի ես ու շրջվեցի, որ գնամ:

-Թե, ես քո հետ կգամ,- ասեց ընկերուհին և մոտեցավ ինձ:

Սրանց «շեֆը» էլի կոպիտ բռնեց աղջկա ձեռքը.

-Ոչ մի տեղ էլ չես գնա, նստի ավտոն:

-Թող ձեռս, -բարձր գոռաց աղջիկը,- ասի` ես մինետ չեմ անում ու վաբշե ձեր փողը ձեզ լինի, չեմ ուզում ձեր հետ գամ:

Նա իր փոքրիկ պայուսակից հանեց 100 դոլար և շպրտեց «շեֆի» վրա: Զգացի որ հես ա ապտակելու է աղջկան:

-Ձեռ չբարձրացնես,- ասացի ես` նայելով դրա աչքերի մեջ: Ճիճվաձև երիտասարդը մոտեցավ ինձ.

-Ապեր արի կողի անցնենք, Էրկու բառ կա ասելու:

-Ստեղ ասա,- մի քայլ հետ գնալով` ասացի ես:

– Չե արի մի քիչ կողի,- սա մի հինգ մետր հեռու գնաց: Մոտիկացա:

-Ի՞նչ կա:

– Ախպեր ջան, դու պռոստո չես ջոգում ինչ մոմենտա ստեղ:

-Ի՞նչ կա չջոգելու,- հարցրեցի ես:

-Մեր լավ ախպերը,- աչքերով ցույց ա տալիս սև հագնված «շեֆի» վրա,- եքա սռոկ նստած տղա ա, նոր ա հելել, հետն էլ հիմա դոզի տակ ա: Արի դու քո ճամփով գնա, իզուր գլուխդ ցավի տակ մի դիր, քեզ պռոբլեմ պե՞տք ա:

-Էտ լավ ախպորդ անունը ոնց ա,- հարցրեցի ես:

-Ձևո, մեկին փոքր ժամանակ լավ ձևել էր, դրա համար:

Մոտեցա էդ Ձևոյին.

– Ձևո, էրկու բառ արի առանձին խոսանք:

-Ասա:

-Էս աղջիկը իմ հետ ա ուզում գա, արի էս օրն էլ թող իմ օրը լինի, քեզանից պակաս տանջված տղա չեմ….

-Ձև չկա, էս քածը նստելու ա ավտո, մեր հետ գա:

Իմ իրավիճակում գտնվող մարդու համար ճիշտ կլիներ թողնել հեռանալ, բայց ես որոշեցի սրան ասել, թե ով եմ…

Մի պահ սա քարացած մնաց տեղը ու ուշադիր նայում էր վրես.

-Հա էլի, դու ես,- հետո շշուկով ավելացրեց,- ախպերս, էս աղջկան վեկալ գնա, բայց հանկարծ դրան չասես ով ես, էս հետիններս էլ թող չիմանան: Ուրիշ ինչով կարամ օգտակար լինեմ քեզ:

– Կարա՞ս զենք ճարես, փողը կտամ:

– Ի՞նչ ա պետք:

Ուզում էի ասել` յուրաքանչյուր ատրճանակ էլ կլինի, բայց ասեցի.

-Լյուբոյ պիստալետ էլ կլինի, մի 1000 դոլարի սահմաններում:

Ուշադիր նայեց վրաս ու հարցրեց.

-Ուզում ես քեզ ընդեղ ուղարկողին խփե՞ս:

-Չէ, ես մարդ խփող չեմ, ուղղակի ինքնապաշտպանության համար կարող ա պետք գա: Իմ ուզածը հանգիստ, նորմալ ապրելն ա, ուրիշ ոչինչ:

Իրականում, օրեր անց պետք է Վրաստանի սահմանը անցնեի ու չէր խանգարի ձեռքումս մի զենք ունենալը. գիշերով անտառներով անցնելուց կարող է գազաններից պաշտպանվելու կարիք լինի:

Անիի հետ, նստած տաքսու հետևի նստարանին, նրա ձեռքը ձեռքերիս մեջ սեղմած, գնում էինք դեպի «Օֆուռո» ճապոնական սաունան:

Չէ, զենքի պահով ես էտ Ձևոյի հետ հանդիպման չեմ գնա: Քանի՜ դրա նման գողական, «լավ» տղերք եմ տեսել, որ ընկնում են այնտեղ ու կուռկուռի ձագ են դառնում: Դուրսը երկու կոպեկի համար մարդ են սպանում, իսկ իրանց ազատության համար փախուստի անուն հենց լսում են` վախից ծնկները թուլանում են: Քանի՜ դրանց նման «լավ» տղեք եմ տեսել, որ ունևոր գոմիկների հետ սեղան են նստում` ինչ է փորները լցնեն ու նմանների հնարավորությունները օգտագործեն և հակառակը` իսկական լավ տղեքին, որ իրանց «ճիշտ» հասկացողություններով չեն ապրում, կամ ունևոր չեն` գործ տվողի, կամ նույնիսկ գոմիկի պիտակ են կպցնում: Մեկը կար, սենց ասեց «Պալաժենի» էր նայում «գերեզմանոցում», «աբշակի» համար փող էր հավաքում «մահացածներից», բայց կեսը իրա պագոնավոր(ուսադիր կրող) շեֆին էր տալիս, կեսն էլ երակների մեջ էր լցնում: Փախուստի մասին էլ մի բառ լսեր` միանգամից զեկուցում էր:

Ճիշտ է բոլորի մասին չի խոսքը, բայց քիչ չեն այնտեղ էտ գործ տվող ու գոմիկ «լավ» տղերքը: Իրականում սրանք «Գերեզմանից» դուրս գալու ցանկություն էլ չունեն, քանի որ եթե ոչ գիտակցաբար, ապա ենթագիտակցորեն իրենք իրենց էլ են պատժում: Իմանալով, որ մեղավոր են իրենց արածների համար` ընդունում են պատիժը: Իսկ ի՞նչ անի նա, ով չի կարող համակերպվել նման պատժի հետ, զուտ այն պատճառով, որ մեղք չի գործել:

Ի՞նչ անի նա, ում մեջ մարդուն չի կարողանում սպանել այն համակարգը, որ հանդես է գալիս հասարակության անունից: Մարմինը սպանելով` չեն կարողանում հոգին սպանել:

Չեմ ցանկանում վատ և տհաճ բաների մասին մտածել, փողի մասին էլ չեմ ցանկանում լսել: Անիին տալիս եմ իր ուզած գումարից էլ շատ, միայն թե փողից չխոսի, ապահովիչի անուն չտա… Առանց դրա…Գրկում եմ սիրում եմ այս շատ երիտասարդ կնոջը, համբյուրում եմ շրթունքները:

Արթնացա հյուրանոցում, արդեն կեսօր էր, Անին կողքս էր պարկած, իսկ ես մտածում էի Դիանկայի մասին: Բեռլինում դեռ ժամը 9-ն է, նա դեռ քնած կլինի, ուշ է սիրում արթնանալ:

Սուրբ Սարգիս եկեղեցի մտա. 5 տարի առաջ այս նույն վիճակում, այստեղ նստած Աստծո հետ էի խոսում: Նորապսակներ մտան եկեղեցի իրենց հարազատների հետ: Մնացի եկեղեցում ամբողջ արարողության ընթացքում: Այդ օրը, համարյա մինչև գիշերվա 12-ը Պրոսպեկտով բարձրանում էի մինչև Մատենադարան, հետո իջնում` հասնում ձկան խանութի մոտ, կամ եկեղեցու մոտ կանգնում` նայում ձորը, ստադիոնի կողմը, կոնյակի-գինու գործարանի կողմը:

Մնացած օրերին հաճախ Աբովյանով էի ման գալիս, Հրապարակում էի շրջում, իջնում կինո «Ռոսիայի» մոտ. կներեք հիմա արդեն Այրարատ տոնավաճառ, եթե չեմ սխալվում: Երբ հոգնում էի, «Կոմայգում» էի նստում, ականջակալներով, Կլայդերմանի երաժշտությունը լսելով` նայում էի անցնող զույգերին:

Շուտով երազս պետք է վերջանար, բայց ես չգիտեի դրա մասին: Եվ մի 10 օր և ես կհայտնվեի Աֆրիկայի մայրցամաքում: Հա, հա մի զարմացեք: Իհարկե ցանկալի էր Եվրոպան կամ ԱՄՆ-ն, բայց Աֆրիկայում կան քաղաքակրթությունից հեռու վայրեր, որտեղ ապահով կլինեի, սակայն դա, անկասկած, ժամանակավոր էր լինելու:

Այնտեղ Երևանը ու հայ աղջիկներին միայն երազումս կտեսենի, ինչպես և հիմա….Ախր շատ լավն են մեր հայուհիները, նույնիսկ տաբատներով, չնայած, որ շրջազգեստն ավելի կանացի է:

Մի պահ պատկերացրեցի, որ Երևանում մարդ չկա, ուղղակի դատարկ քաղաքն է մնացել: Չէ էն չի: Բայց դե եթե մեկը մյուսի նկատմամբ անտարբեր լինի` կստացվի, որ մարդ չի մնացել….Նույն դատարկությունը կդառնա էլի…. մյուս կողմից էլ, եթե երևանցիները քաղաքում չլինեին` դա էլ էն չի…. նկատի ունեմ` մարդիկ կան, բայց քաղաքն արդեն չկա…

Լավ, երևակայությունս մի կողմ դնեմ ու հիանամ թե Երևանով, թե իր բնակիչներով, քանի դեռ երազս չի ավարտվել:

Խանջյանով դուրս եկա Ամիրյան: Շատ եմ սիրում Ամիրյանով անցնել, բայց այ քեզ բան` քաղաքի կենտրոնում էլ «Գել ու շուն» կա…. հասնում են մարդու վրա, որ հոշոտեն…. ի՞նչ վատ բան եմ արել, ման եմ գալիս էլի իմ հարազատ քաղաքում: Հիշեցի երկրորդ գիշերը սարերում: Մութ գիշեր էր, քնելու մասին խոսք լինել չէր կարող: Պայուսակիցս մի կտոր բան հանեցի որ ուտեմ: Մեկ էլ հանկարծ 4 հատ մեծ շներ հայտնվեցին, կատաղած աչքերով նայում էին վրաս ու գռմռում: Ամեն մեկի դեմը մի կտոր իմ ուտելիքից գցեցի: Եղածը մի բան չէր, միանգամից կուլ տվեցին, բայց կանգնած էլի նայում էին ձեռքիս: Հանգիստ սկսեցի հացս ուտել: Սրանք շրջվեցին ու գնացին: Մտածեցի, որ էս կատաղած շները, որոշ երկու ոտանի արարածներից էլ խելացի են գիտեն, որ մարդուց վերջինը վերցնել չի կարելի: Հանգիստ թողեք էլի էս ժողովրդին:

Քաղաքն էլ հանգիստ թողեք: Երևանը մի սիրուն ծաղիկ ա: ինչքան էլ ծաղկամանը զարդարեք , թանկարժեք քարեր կպցնեք` մեկ ա կարևորը ծաղիկն ա: Ծաղիկի մեջ կյանք կա, իսկ ամենաթանկարժեք քարը` մեկ ա քար ա մնում: Ինձ էլ թողեք` հանգիստ գնամ, ծնողներիս, եղբորս գրկեմ, համբյուրեմ, սիրածս ախչկան , բոլոր հարազատներիս, ընկերներիս: Ինձ որ սպանեք` ո՞վ ա շահում:

Թե՞ Եվրոպաները պետք ա ստիպեն, որ մարդ դառնաք, քաղաքակիրթ լինեք…. Մեզ, մեր տան մեջ սովորոցնում են թե ոնց ապրենք: Է՜, ճիշտ են անում: Ցավում եմ, բայց դե որ ճիշտն ու սխալը իրարից չէք տարբերում… տո արի ու մի ասա. լավ էլ տարբերում եք, ուղղակի, կներեք, բայց պետք ա ասեմ` ձեզ էշի տեղ եք դրել: Նեղանում եք նեղացեք: Ձեր գործն ա: Ես կորցնելու բան չունեմ:

Երբ «գերեզմանում» էի կաթողիկոսին մի նամակ գրեցի: Քահանա այցելեց ինձ ու ասաց. «Մինչև քո մոտ գալը, գնացի նրա մոտ ով որ քեզ այստեղ է ուղարկել` մահվան դուռը, բայց զրույց տեղի չունեցավ, նա հենց ինձ տեսավ քահանայի հագուստով, ասաց՜ ես ոչ Աստծուն եմ հավատում, ոչ էլ եկեղեցուն»: Դե դա իրա իրավունքն ա, մենք իրան բան չենք կարող ասել: Իսկ եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում (և այլն…): Մենք քեզ չենք կարող օգնել, որ «Գերեզմանից» դուրս գաս»:

Դե էտ անհավատ մարդասպանը շուտով հասարակություն կվերադառնա, իսկ իմ երազս նորից վերջացավ, այս անգամ Ամիրյանի վրա: Շատ ափսոս: Լավ երազ էր:

Երկու խոսքով էլ այն մտքի մասին, որ ինձ հանգիստ չէր տալիս Գեղարդում, վանքի մոտ: Անշունչ տեղից, ոտքով եկա հասա մինչև «Հեթանոսական քաղաքակրթություն»: «Մերկ» և «քաղցած» էի: Հետո արդեն մեքենայով շարժվեցի դեպի «քրիստոնեական քաղաքակրթություն»: «Հագնված» և «կուշտ» էի: Այստեղ է վերջանում մեր` մարդկանց քաղաքակրթությունը: Առայժմ այստեղ ճանապարհը ավարտվում է …

Բայց մարդիկ միշտ էլ իրենք են իրենց ձեռքերով նոր ճանապարհներ կառուցում….. Պետք է շարունակենք ճանապարհը…. դա է միակ ուղին, որ երբեք այլևս հետ չվերադառնանք…

Ճակտաին Նուբարաշենի բանտի ցմահների հարկը, լուս. Իննա Մխիթարյանի

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.